Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Երազների առեղծվածային աշխարհում

Երազների առեղծվածային աշխարհում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,304 կտտոց

Հայկը հաճախ էր երկար, հետաքրքիր ու խճճված երազներ տեսնում: Դրանք ամեն անգամ ոնց որ մի հետաքրքիր արկածային ֆիլմ լինեին և քուն մտնելով` նա միշտ ակնկալում էր, որ կրկին մի հետաքրքիր պատմություն կտեսնի: Սակայն վերջին ժամանակներում նա սկսել էր սարսափ-երազներ տեսնել, որոնք նրան անհանգստացնում էին, քանի որ կրկնվում էին ամեն գիշեր, իսկ արթնանալուց հետո կրծքավանդակում նույն տհաճ զգացողությունն էին թողնում:

Ի՞նչ են իրենցից ներկայացնում մեր երազները, ինչպե՞ս են դրանք առաջանում, ինչպե՞ս են հարաբերակցվում մեր հոգեվիճակի, տրամադրության հետ, ի՞նչ կապ ունեն դրանք մեր ապագայի և անցյալի հետ: Այս հարցերը հուզել են մարդկությանը դեռ շատ վաղուց, սակայն դրանց համար սպառիչ պատասխաններ չունենք անգամ այսօր:

Անտիկ ժամանակներում համարվում էր, որ քնած ժամանակ մարդու հոգին դուրս է գալիս մարմնից և ճանապարհորդում, իսկ երազները հենց նրա հիշողություններն են իր արկածների մասին: Հայտնի է, որ Հին Հռոմում կայսրի երազները քննարկվում էին սենատում, քանի որ համարվում էին աստվածների կողմից ուղարկված ծանուցում:

Համարվում էր, որ երազները ունակ են կանգուշակել ապագան, այս հարցը մինչև օրս էլ վեճերի առարկա է: Սակայն հին հավատալիքների վրա հիմնված քննարկումների կենտրոնում լինելուց բացի, երազները ուսումնասիրվում են ամենատարբեր հոգեբանական դպրոցների կողմից: Հոգեվերլուծության հիմնադիր, ավստրիացի հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը առաջիններից էր, ով անդրադարձավ երազների գիտական մեկնաբանությանը: Նա համարում էր, որ երազները սիմվոլների տեսքով արտացոլում են մեր անգիտակցական ապրումները, մղումները, ցանկությունները և ասում էր, որ երազները թագավորական ուղի են դեպի անգիտակցական:

Ըստ երազների հոգեվերլուծական մեկնության` ամեն առարկա կամ երևույթ իրենից որոշակի հստակ սիմվոլ է ներկայացնում, որը բոլոր մարդկանց համար ունի գրեթե միևնույն նշանակությունը՝ աննշան անհատական տարբերություններով: Եվ  անգիտակցականի բովանդակությանը հասնելու համար պետք է վերլուծել հենց դրանք:

Տունը սեփական անձի, մարմնի և հոգու սիմվոլն է, հետևաբար պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպիսի տուն եք երազում տեսնում և ինչպես եք ձեզ զգում, երբ ներսում եք գտնվում: Ատամները նույնպես երազներում հաճախ հանդիպող սիմվոլ են: Եթե երազում ձեզ մոտ հեռացնում կամ թափվում են ատամները, դա կարող է նշանակել վախ մահվանից, ծերությունից, շփոթվածություն, կենսական էներգիայի կորուստ, պասիվություն: Մերկությունը կարող է մեկնաբանվել որպես անպաշտպանության ու խոցելիության նշան: Ընկնելը մատնանշում է որոշակի խնդրի առկայություն և ինչքան բարձր տեղից եք դուք ընկնում, այնքան այդ խնդիրն ավելի արտահայտված է: Ուշացումը (տրասնպորտի ցանկացած տեսակից) սիմվոլիզացնում է կյանքում ինչ-որ բան բաց թողնելը, անիմաստ վատնված ժամանակը, կորցրած հնարավորությունը: Հետապնդումը, անկախ` ձեր հետևից են ընկած, թե դուք եք հետապնդում, որևէ նպատակի ձգտման սիմվոլ է:

Վերլուծական հոգեբանության հիմնադիրր, հոգեբույժ Կարլ Գյուստավ Յունգը, ով նույնպես շատ հետաքրքրված էր երազների մեկնաբանությամբ, գտնում է, որ երազների սիմվոլները ավելի անհատական են և երազ տեսնողն ինքը պետք է բացահայտի իր համար դրանց նշանակությունը: Դա կարելի է անել անգամ ինքնուրույն՝ վերլուծելով երազում նշանակալի դեր ունեցող ամեն մի երևույթը կամ իրը, որոնք կարող են որոշակի ասոցիացիաներ, հիշողություններ կամ զգայություններ առաջ բերել: Ի՞նչ է այն խորհրդանշում ձեր համար, ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել այդ երևույթին, ի՞նչ ապրումներ է այն առաջ բերում, ի՞նչ եք հիշում այն տեսնելուց: Պետք է հետևել դրանց, և երբ հասնեք տրամաբանական ու ավարտուն պատկերի, կարող եք գտնել նաև երազի ասելիքն ու իմաստը:

Հոգեբանները խորհուրդ են տալիս հնարավորինս գրի առնել երազները: Մի կողմից՝ դա օգնում է դրանք չմոռանալ և վերլուծել, մյուս կողմից՝ եթե գրի առնեք նաև վերլուծությունները, ապա ունենում եք յուրօրինակ օրագիր, որը պատմում  է ձեր  ապրումների, հոգեվիճակի, ներքին կոնֆլիկտների մասին: Այն կարող է պետք գալ, եթե որոշակի տիպի երազներ սկսեն կրկնվել որոշ ժամանակ անց, այդ դեպքում դուք կիմանաք, որ ունեք այնպիսի խնդիր, որի նմանն արդեն ունեցել եք և կիմանաք, թե ինչպես հաղթահարել:

Այնպես որ, գույնզգույն երազներ ձեզ 🙂


4 Comments

  1. Arpine says:

    Շատ հետաքրքիր նյութ էր, շնորհակալություն: Շատ ժամանակ այնպես է պատահում, որ գիշերը ահավոր շատ ես տպավորվում երազից, բայց առավոտյան ոչ մի բան չես կարողանում հիշել,ինչքան էլ տանջվում ես, իմ մոտ այդպես լինում է: Արմինե ջան իսկ ինչ կասեք քնելու դիրքի մասին, գուցե մի նյութ էլ դրա մասին գրեք, հետաքրքիր կլինի: Սա ուղղակի առաջարկ է 😉

    Like

  2. ALINA says:

    isk ete sarsapeli erazenq tesnom u da krknvum e.kaseq xndrem da inchi hetevanqe/???????

    Like

    • Կրկնվող սարսափ երազների հիմնական նշանակությունը այն է, որ ինչ-որ խնդիր կա գիտակցվող կամ չգիտակցվող, ինչ-որ ծանր դեպք է տեղի ունեցել, որը մինչև վերջ չի “մարսվել”, կամ ծանր սթրես ես տարել, կամ ինչ-որ բան է քեզ հուզում: Տարբեր պատճառներ կարող է ունենալ, դա կարելի է բացահայտել երազի բովանդակության հետ աշխատելով՝ վերլուծելով ամեն մի էլեմենտը, ամեն “կերպարը”, պարզելով թե դա քո համար ինչ է նշանակում, ինչ ասոցիացիաներ է առաջացնում, ապա այդ ամենը միավորելով իրար և ի մի բերելով: Ամեն դեպքում այդ երազները քեզ իրականում հուզող խդնրի մասին ահազանգ են, եթե հատկապես այդ զարթնելով մնում ես այդ երազի կամ դրանից առաջացած վատ զգացումների ու հույզերի տպավորության տակ:

      Like

Leave a comment