Ես նոր եմ հաճախում ավագ դպրոց, ու, թեպետ, դեռևս մեծ հետաքրքրությամբ եմ գնում, բայց արդեն զգացել եմ դրա «դառը» համը:
-Ժողովուրդ, մի քիչ էլ առաջ գնացեք, չեմ տեղավորվում:
-Ա´յ, մարդ, պրծե´ք, դուռը չի փակվում:
-Մի քիչ էլ խտացեք ու վերջ, ըհըն, ոտքս տեղավորեցի:
-Ա՜յ, մեջքս ջարդեց դուռը:
- Է՜, զահլես գնաց, արդեն քշում եմ,- չի համբերում վարորդը:
Այս արտահայտություններն եմ լսում ամեն առավոտ ժամը 8:30-ին: Քանի որ առավոտյան` այս ժամին և´ մարդիկ են գնում աշխատանքի, և´ երեխաները դպրոց, այդ պատճառով 8:30-ի ավտոբուսի մեջ նույնիսկ ասեղ գցելու տեղ չի լինում:
Ու որ ամեն երեկո հիշում եմ, թե ոնց եմ առավոտները հասնելու դպրոց` նախնտրում եմ մնալ տանը և ոչ մի ավագ դպրոց էլ չգնալ:
Ջրհողեր թաղամասից եկող աշակերտներս ստիպված ենք լինում գոնե մեկ ոտքի տեղ ճարել, որպեսզի չուշանանք դասից, իսկ ոտքով գնալ էլ չի լինում, դպրոցը այդքան էլ մոտիկ չէ, և մենք դասից ուշանում ենք, ավտոբուսներն էլ աշխատում են կես ժամը մեկ:
Ես առաջին տարին է, որ գնում եմ ավագ դպրոց ու արդեն հոգնում եմ այդ ավտոբուսից, իսկ ի՞նչ ասեն այն աշակերտները, ովքեր գրեթե երեք տարի է, ինչ օգտվում են այդ «սարսափ» հիշեցնող ավտոբուսից:
Տառապանքները մի փոքր թեթևացան, երբ պարզեցինք, որ այդ ավտոբուսից հետո գալիս է մեկ այլ ավտոբուս, որը նախատեսված է Վանաձոր երթևեկելու համար: Այդ վարորդը մի փոքր գթասրտություն է անում և վերցնում է աշակերտներին ու ոմանց, ովքեր չէին տեղավորվել առաջին ավտոբուսի մեջ:
Սակայն վերջերս մարդիկ օգտվեցին այդ առիթից և այնտեղ նույնպես սկսվեց մարդկանց բթվածության պրոցեսը, բայց այդքան ահավոր չէ, ինչքան առաջին ավտոբուսում: Ուստի աշակերտներով նախնտրում ենք գնալ երկրորդով. «Չեղածից լավ է»:
Բայց շաբաթ օրերը նախնտրում եմ չհիշել, որովհետև ուղղակի մղձավանջային է: Քանի որ այդ օրը Վանաձոր գնացող ավտոբուսը չի աշխատում, արդեն ինքներդ էլ կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում ավտոբուսի ներսում: Մեր քաղաքապետարանը միչև հիմա չհասկացավ, որ պետք է վարձի ավտոբուս հատուկ աշակերտների համար, որ մենք էլ մարդավայել ձևով հասնենք ավագ դպրոց:
Տեսնենք կգա՞ արդյոք այդ օրը, թե՞ մի քանի սերունդ էլ պետք է կրի այս տառապանքները:






Oct 07, 2011 @ 15:11:08
Oct 07, 2011 @ 15:14:01