Home » Նախկին դպրոցականի պատմություն

Category Archives: Նախկին դպրոցականի պատմություն

Հոգևոր ինքնակենսագրություն կամ մի քրիստոնյա ընտանիքի ժամանակագրություն

մանկական հուշերԵս ծնվել եմ այն ժամանակ, երբ պատմական հեգեմոնիաներից մեկն ընկավ` իր ժողովրդին թողնելով ոչ այլ ինչ, քան հետագա կյանքի անհայտությունը:

Դրան նախորդած մեծ երկրաշարժն էլ ծնողներիս ու իմ տունը փոխարինել էր ժամանակավոր մի հյուղակով. մանկությանս վաղ տարիներն էլ անցան էներգիայի բացակայության ու խավարի մեջ, որ պատուհասեց Հայաստանին ղարաբաղյան պատերազմի պատճառով: Ծնողներս էլ աշխատում էին, ու հայրիկիս հորաքույրը, ով երկրաշարժի ժամանակ նույնպես կորցրել էր իր տունը` դարձել էր դայակս:

Ես լավ եմ հիշում մեր երեք սենյականոց «պալատներում» վերուվար անող նրա լղար ուրվապատկերը, որ ինձ համար կտրտած սոխ ու աղ էր պատրաստում, ինչն ըստ նրա` ծայրահեղ առողջարար պիտի լիներ: Նա միշտ հագնում էր բաց գույնի շրջազգեստներ, որոնք սովորաբար քսվում էին հատակին, ու միշտ ոսկեգույն էր ներկում մազերը` փաթաթելով դրանք հին լրագրերից կտրտված բիգուդիներով: Եվ քանի որ բավարար հասակ չունեի նրա ձեռքին հասնելու համար` միշտ ճանկում էի նրա շրջազգեստի փեշն, ու երբ միասին այդպես զբոսնում էինք փողոցներով` երկու գնչուհիներ էինք հիշեցնում մշտապես: (more…)

Թաթի բանալիների բազմաֆունկցիոնալ տրցակի արկածները ֆիզիկայի ժամին

Մեր դպրոցի ահուսարսափն էր Թաթը` Թադևոսյան Երվանդը, դպրոցի հավերժական տնօրենը. ծերացող բայց առույգ… Ցից-ցից ու հպարտորեն էր քայլում միջանցքներում… դանդաղ ու պատկառանքով: Նույն պատկառանքով էլ ծեծում էր ավագ դասարանների տղաներին: Ավելի ճիշտ ծեծելն սկսում էր պատկառանքով, բայց հետո ոգևորվելով լրբանում էր աներևակայելի աստիճան, և այդ պահին ձեռքն ընկած ամեն բան կարող էր գործի դրվել իբրև պատժի գործիք: Առավել հաճախ ձեռքն էր ընկնում, կամ ավելի ճիշտ է ասել` ձեռքից երբեք չէր բացակայում բանալիների հսկայական տրցակը, կամ ավելի ճիշտ` հսկայական բանալիների հսկայական տրցակը, որն իր զգալի քաշով արդեն իսկ մեծացնում էր հարվածի ուժը, իսկ մատների արանքից դուրս ցցված մեկ կամ երկու մեծ բանալիներն այդ ամբողջ ուժը կենտրոնացնում էին մեկ կետի վրա. հաճախ` ուժի կիրառման այդ կետը զոհի գլուխն էր…

Շատ հին` մի երեսուն տարի առաջվա պատմություն է այս պատմությունը: Այն ժամանակ դեռ դպրոցների տնօրենները սարսափելի խիստ էին ու… սարսափելի, և ընդհանուր առմամբ, դասավանդում էին հիմնականում ամենաբարձր դասարանցիներին, որ վերջիններս իրենց չափից դուրս մեծացած ու արտոնյալ չպատկերացնեին:

Դուք, իհարկե, արդեն կռահեցիք, որ Թաթը ֆիզիկա էր դասավանում, դրա համար էլ գերազանց էր տիրապետում թե՛ իր պահվածքին, թե՛ իր հարվածների տեխնիկային: Նա ֆիզիկա էր դասավադնում ամենաբարձր դասարաններին, իսկ դա այն ժամանակ նշանակում էր, որ հանդիպումները ամենօրյա էին:  Գլուխ պահելը` դաս սովորելու իմաստով, իհարկե, նրա մոտ բացառվում էր, որովհետև ըստ իր սովորության` նա ամեն օր կարող էր դաս հարցնել նույն աշակերտներին, ովքեր ըստ նրա` ավելի թույլ էին, իսկ նրանք, ովքեր լավ գիտեին առարկան ամբողջ քառորդի ընթացքում մեկ կամ երկու անգամ դաս պատմեին-չպատմեին, Թաթը` դասարան մտնելով, արդեն հստակ գիտեր, թե ով և ինչքան է սովորել օրվա նյութը և որքանով է պատրաստ այդ պահին պատասխանել: (more…)

Ծեծն անհրաժեշտ է «մարդ» դառնալու համար. դասղեկիս մանկավարժական գործունեությունից

Չբացահայտված փաստ. հայոց լեզվիս դասատուին մեղադրում էին աշակերտ գայթակղելու մեջ
Մովսիսյանի մասին լսել էինք, որ նրան ուրիշ դպրոցից հեռացրել են` ծեծի հետ կապված ինչ-որ պատմության պատճառով: Շատ տարիներ հետո, երբ դպրոցն ու համալսարանն ավարտել և ուրիշ դպրոցում դաս էի տալիս, իմացա, որ Մովսիսյանը` նախքան մեր դպրոց գալը, դասավանդել է հենց այդ դպրոցում: Այդ դպրոցում իմացա, որ աղջիկ երեխայի է ծեծել:

Աշակերտուհու ծնողները բողոքել էին, և նրան դպրոցից հանել էին: Այս պատմությունը նա մեզանից ծածուկ պահում էր, մինչդեռ, երբ արդեն մեր դասղեկն էր ու օրը մեկ տեսակի պահանջներ էր մեզ ներկայացնում, պատմում էր, որ նախկին դպրոցում, որտեղ դասավանդել է, մի դասարանի դասղեկ է եղել, որոնց հետ ընկերոջ պես է եղել, ու որոնց հետ ավարտելուց հետո էլ շարունակում է հանդիպել: Այդ դասարանի անդամներից մի քանիսի հետ էլ շատ տարիներ հետո առիթ եղավ շատ պատահաբար ծանոթանալու: Երբ հարցուփորձ արեցի, ասացին, որ, երբ Մովսիսյանն իրենց դասավանդում էր` աշակերտների ու դասատուի  տարիքային տարբերությունը եղել է 5 տարի, այդ պատճառով էլ հետներն ընկերական է եղել: (more…)

Կեղծ բաներ չեմ սիրում, դասատուիս չթողեցի, որ ինձ պաչի

Կենսաբի Մանուկյանի հետ մեր ջրերն էն գլխից տենց էլ մի առվով չգնացին: Վատ մասնագետ չէր, բայց ես չհարմարվեցի հետը: Սիրում էի այդ առարկան ու տանն էլ սովորում էի: Բայց որ դաս էր հարցնում` մեռնելու աստիճան չէի ուզում,բայց ստիպված էի լինում, որ հանկարծ մամային դպրոց չկանչեր:

Սպիտակ մաշկով, 50-ին մոտ կին էր, բայց իրեն նենց էր պահում, ոնց որ մի 90 տարեկան փնթփնթան պառավ լիներ: Մանուկյանին տանել չէի կարողանում: Էնքան չաղ էր, էնքան չաղ, որ վիզը չէր երևում. ոնց որ մարմնի վրա միայն գլուխ լիներ, մազերն էլ` տղամարդի նման խուզած:  Որ դպրոցով մեկ քայլում էր, հատակը դխդխկում էր:

Ով ինչ աներ-չաներ ես էի մեղավոր: Ճիշտ է` ես էլ նենց սուսիկ- փուսիկներից չէի, բայց այդ կարգի վատը չէի, ոնց որ ինքն էր ինձ ներկայացնում: (more…)

Առանց կաշառքի ստացած մեդալս

Կարծեմ դասղեկս տեղեկացրեց: Արդեն լավ չեմ հիշում: Եթե տենց էր, ուրեմն կյանքում արած միակ լավ գործն էր: Ինչևէ: Նոր տարուց կարճ ժամանակ անց իմացա, որ երկրաչափությունս «4» էր դրել: Զարմանալի չէ: Ամբողջ կիսամյակ էղած-չեղած երկու գնահատական ունեի: Մեկը ստուգողականի «4»-ն էր, մեկն էլ ընթացիկ «5», բայց դե գիտեի, որ ստուգողականը հազար անգամ ավելի կարևոր էր:

Ճարեցի մաթեմի դասատուիս համարն ու զանգեցի.

-Ընկեր Խոջոյան, ես ուզում եմ մեդալի գնալ:

Օր նշանակեց, որ գնամ նորից պատասխանեմ: (more…)

Մերժվածը

Դպրոցն արդեն երկու տարի էր, ինչ ավարտել էի: Բայց մի օր այցելեցի հարազատ դպրոց, զարմիկիս պատճառով. խելքին փչել էր կարատե ուսումնասիրել, ես ու ընկերս էլ նրան ուղեկցեցինք իմ ծանոթ սենսեյի մոտ, որի խմբակը գործում էր մեր դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում:

Ֆիզկուլտուրայի դահլիճից քիչ այն կողմ` միջանցքում, տասներորդցի տղաներ էին հավաքվել ու տաքացած ինչ-որ բան էին քննարկում: Բարևեցինք. բոլորին էլ ճանաչում էինք, մեր «ութերն» էին: Զարմիկիս բարեհաջող հանձնեցինք սենսեյին ու միջանցքում կանգնած սպասում էինք: Իսկ նախկին «ութեր»` ներկա տասներորդցիները, չէին հանդարտվում:

- Ապե, սաղ ճշտել եմ, վերի թաղցի Ստյոպն էր դրա հետ էղել, հետո էլ պաս էր տվել ախպերությանը, – ծանր-ծանր սկսեց Սամոն: (more…)

Կնոպկեն դրեցի անգլի դասատուի աթոռին…

Մեր դասատուներից ամենաշատը տանել չէի կարողանում անգլի Հովհաննիսյանին, որովհետև շատ զզվելի ու փնթի կին էր: Թարսի պես ես էլ նստում էի առաջին նստարանին ու ամեն անգամ, երբ մտնում էր դասարան` նենց էր ասում «գուդ ավթենյու», որ սաղ երեսս թքոտվում էր:

Ու մի օր, երբ վերջնականապես հոգնեցի գլուխս այս ու այն կողմ թափահարելուց, որ նրա լպրծուն թուքը դեմքիս չլողզվի`տեղիցս հելա ու գնացի վերջը նստելու: (more…)

Երբ սխալ երթուղային ես նստում…

Կանգառից մինչև հոգեբուժարան տասը րոպեի ճանապարհ է: Սիրում եմ երթուղայինից իջնելուն պես ռադիոն միացնել, ալիքները խառնել, լավ երգ գտնել ու դրա տակ քայլել դեպի հոգեբուժարան: Դա ամենալավ ճանապարհն է մտածելու համար:

Քանի որ էս վերջերս Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» գիրքը մեծ տեմպերով եմ կարդում, ապա տրամաբանական է, որ ճանապարհին մտածելու նյութս հենց վեպում տեղի ունեցող իրադարձություններն են:

Գրքի հերոս Ջեք Բըրնսն իր ողջ կյանքի ընթացքում կապ է պահպանում իր երրորդ դասարանի ուսուցչուհու հետ՝ ընթացքում «Միսս Ուըրց» դիմելաձևից անցնելով «Քերոլայնի»: Մտածում եմ. «Կարո՞ղ եմ երբևէ իմ ուսուցիչներից կամ դասախոսներից որևէ մեկին ինչ-որ ժամանակ սկսել անունով դիմել, եթե ի սկզբանե այդպես չի եղել»:

(more…)

Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 810 other followers

%d bloggers like this: