Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Սիամանթոն, դասատուի թուքն ու ոտքիս հարվածը

Սիամանթոն, դասատուի թուքն ու ոտքիս հարվածը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Ես անտանելի գերազանցիկ էի: Շատ հեռու գերազանցիկի այն ընկալումից, համաձայն որի` գերազանցիկը սուսուփուս նստում է առաջին նստարանին, տնայինները միշտ կատարած, ու անկախ ամեն ինչից բերանը չի բացում, այլ ուսուցչի ցանկացած խոսքի վրա ճղվելով ձեռք է բարձրացնում, իսկ ստուգողականների ժամանակ ձախ ձեռքով ծածկում տետրը, որպեսզի կողքի նստողը չարտագրի:

Ուրիշ խոսքով` հրեշտակ չէի, ու դա ահավոր խանգարում էր դասատուներին, որովհետև նրանց համար օրենք էր, որ դասը խանգարող աշակերտը պետք է ծույլիկ լինի, իսկ գերազանցիկը… էլ չասեմ, հա՞…

Իմ սիրած առարկաների, իսկ ավելի ճիշտ՝ սիրածս ուսուցիչների դասերին, բերանս փակ էի պահում և ուշադիր լսում, պատրաստ էի պատասխանել նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ դասարանը հրաժարվում էր: Լրիվ հակապատկերն էի զզվելի դասատուների ժամերին: Լավագույն դեպքում տետրիս վերջին էջը կբացեի, ծաղրանկարներ կանեի ու հումորային ոտանավորներ կգրեի, իսկ վատագույն դեպքում` վերջին նստարանին հարմարված, ծույլիկագույն տղաներին թղթե գնդիկներով, երբեմն էլ աթոռներով, կխփեի: Այդ պահերին միայն մի բանով էի տարբերվում նրանցից. «2-ով» չէին կարող սպառնալ, որովհետև սովորաբար դասը սովորած էի լինում:

Դասատուներս գժվել էին ձեռքս: Մի անգամ չի պատահել, երբ Բարսեղյանը՝ հայերենի դասատուս, մաթեմատիկայի ժամին մտել է դասարան ու շոկ ապրել՝ տեսնելով իմ հեզ ու խոնարհ պահվածքը: Աչքերին չհավատալով հարցրել է, թե արդյո՞ք միշտ եմ էդպիսին: Իսկ մաթեմատիկայի ուսուցիչը, շատ լավ իմանալով, թե իր և մի երկու ուրիշ դասերից դուրս ինչ վայրենի գազան եմ, իբր միամիտ պատասխանել է. «Հա, իսկ ի՞նչ կա որ»:

Բարսեղյանի հետ խնդիրներս չեմ հիշում, թե երբվանից են սկսվել, բայց մինչև հինգերորդ դասարան, երբ նա մեզ սկսեց դասավանդել, աղջկա՝ Լուսինեի ներվերն էի ուտում: Հատկապես այն ժամանակ, երբ իմ մանկական ուղեղը հասկացավ, որ «տունկ» բառի մեջ «ունկն» ամենևին էլ վերջածանց չէ: Դրանից հետո սկսեցի ավելի մեծ եռանդով դասերը խանգարել:

Բայց ամիսներ անց ընկեր Լուսինեն անհետ կորավ, ու նրան փոխարինելու եկավ Բարսեղյանը, որի մասին գրելու էի. «Մի ուսուցիչ՝ մեծ պոզերով», որի կոշիկներից դուրս եկող «02» թերթի վրա ամբողջ դասարանով ծիծաղում էինք, որն ինչ-որ բան բացատրելիս պարտադիր մեջտեղի մատը տնկում էր, ու նրան լսելու փոխարեն քթներիս տակ ծիծաղում էինք, որովհետև բարձրաձայն ծիծաղելն արգելվում էր:

Իսկ ես նրան դասերին համարձակվում էի ավելին անել, քան ընդամենը ծիծաղելն էր: Օրինակ, մի անգամ գրատախտակին գրելիս աջ ձեռքս հոգնեց, սկսեցի ձախով գրել: Նրան թվաց, թե ձեռ եմ առնում, չնայած ձեռագիրս նույնքան ընթեռնելի էր, որքան ձախով գրելիս: Դպրոցով մեկ սկանդալ սարքեց: Այդ մասին հետագայում մաթեմատիկայի ուսուցչուհիս կասեր. «Բայց կարծեմ ձախով գրելն արգելված չէ»:

Բարսեղյանի հետ հարաբերություններս իրենց լարվածության գագաթնակետին հասան այն օրը, երբ հանձնարարել էր, որ Սիամանթո անգիր սովորենք: Մեր դասարանն աչքի չէր ընկնում տնայինները կատարելու պատրաստակամությամբ, իսկ երբ բանը հասնում էր Սիամանթոյի նման բարդ հեղինակներին, միակ հույսը գերազանցիկներն էին լինում:  Բայց այդ օրը մենք էլ պատրաստ չէինք, ու Բարսեղյանը չէր կարող բաց թողնել ինձ «2» դնելու բացառիկ հնարավորությունը:

Դրեց:  Ու միայն ինձ: Դա բավական չէր, դեռ օրագիրս էլ պահանջեց, իսկ ես սովորաբար օրագիրս տալիս էի միայն «5» ստանալիս: Վիրավորված, որ ամբողջ դասարանի պատրաստ չլինելը հաշվի չառավ, միայն ինձ «2» դրեց, դեռ մի բան էլ օրագիր ուզեց, պայուսակիցս հանեցի այն ու արհամարհանքով շպրտեցի սեղանին: Կատաղեց: Ուզեց խփել:

Մեր տղաների նման խելոք չէի կանգնում, սպասում, թե երբ պիտի ծեծ ուտեմ: Երբ ուսուցիչներիցս մեկը փորձում էր ձեռք բարձրացնել, անմիջապես փախչում էի: Պատահել է՝ օղորմածիկ անգլերենի դասատուիս ամբողջ դասարանով մեկ վազացրել եմ հետևիցս, ու այդպես էլ չի հասել: Իսկ Բարսեղյանն ավելի հեշտ լուծում գտավ:

Տեսնելով, որ ես արդեն հեռու եմ, ինչքան ուժ ուներ, թքեց: Չհասավ: Մի քանի քայլ առաջ արեց, նորից փորձեց: Այդ ընթացքում մոտեցել էի դռանը: Երկրորդ վրիպումից հետո հասկանալով, որ եթե մնամ ներսում, հաստատ կլղոզվեմ նրա թքերով, դասարանից ինքնակամ դուրս եկա:

Բայց Բարսեղյանն էդքան հեշտ չէր պրծնելու ձեռքիցս: Մեր դասարանի դռան վերին մասն ապակեպատ էր: Կանգնելով տակը ու թռիչքներ գործելով՝ գլխարկս թափահարում էի ապակու առաջ, որ դասը խանգարեմ: Մինչև զանգի հնչելը դասարանից որևէ անհանգստության նշան չնկատվեց, բայց երբ դասը վերջացավ, Բարսեղյանն արագ դուրս եկավ, ու մինչ կհասցնեի ուշքի գալ, մատյանով ուժեղ գլխիս խփեց: Եթե մուլտֆիլմից լինեի, հաստատ գլխավերևումս ծիտիկներ կպտտվեին, ու աչքերս կգնային-կգային: Բայց ամեն դեպքում ինչ-որ կայծեր ու զայրույթի պոռթկում հիշում եմ, որովհետև ոտքով հարվածեցի ուսուցչին ու փախա: Հետագայում էրեխեքը կհիշեին՝ խփեցիր Բարսեղյանի ուղիղ ոտքերի արանքը, կծիծաղեին, բայց այդ իրադարձությունն ինքն իրենով ահավոր էր, որովհետև շարունակվեց իմ հիստերիայով, որը փորձում էր հանգստացնել օղորմածիկ անգլերենի դասատուս, որին դժբախտություն էր վիճակվել նաև դասղեկս լինել ու որի մասին նույնիսկ մահվանից հետո որևէ լավ խոսք չասացի:

Հիստերիան հասավ տուն, ու մինչ տնօրինությունը կփորձեր ծնող կանչել, մայրս արդեն խառնվել էր իրար՝ փորձելով ուսուցչին գործից հանել տալ, բայց այդպես էլ չկարողանալով, որովհետև Բարսեղյանն ինչ-որ մեջք ուներ, ինչպես դպրոցներում աշխատող յուրաքանչյուր անհաջող ուսուցիչ:

Ինձ հանգստացնելու համար ուսմասվարն ասում էր, որ Բարսեղյանի հետ խնդիր ունեցող առաջին մարդը չեմ, սակայն մյուսներն ավարտելուց հետո սկսել են սիրել նրան, տեսնելիս էլ փաթաթվում-պաչում են: Չէի հավատում, որ տարիներ անց կարող էի վերաբերմունքս փոխել: Չէի սխալվում, որովհետև հետագայում նրան տեսնելիս, երբ առաջ էր գալիս, որ պաչ-պռոշտի անի, մի քանի քայլ հետ էի գնում՝ ասես վախենալով, որ պիտի օգտվի փոքր հեռավորությունից ու լպրծուն թուքը հասցնի ինձ:

Իսկ Սիամանթոյի պատմության հաջորդ օրը բացատրում էր բարդ համադասական նախադասությունը և օրինակ բերում. «Երեկ Բյուրակնը օրագիրը շպրտեց սեղանիս, ես թքեցի նրա վրա, ոտքերիս տակ գցեցի, և մենք մի լավ հռհռացինք»:

Բյուրակն Իշխանյան

Advertisements

3 Comments

  1. Անի says:

    Դա իրո՞ք դպրոց է եղել… Ուսուցչուհին թքի, աշակերտն էլ նրան ոտքով հարվածի???

    Like

  2. […] ու հայերենի դասատուս էին (վերջինիս մասին մանրամասն այստեղ): Ինչքա՜ն են ինձ տնօրենի մոտ քարշ տվել վատ վարքիս […]

    Like

  3. […] այդ ուղղությամբ, որովհետև աշակերտի վրա թքող ուսուցիչը չէր պատժվում, խուլիգան աշակերտներին նախատող չկար, ու սովորելը չէր […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: