Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Գաբրիել Գարսիա Մարկես.«Երկնագույն շան աչքերը»

Գաբրիել Գարսիա Մարկես.«Երկնագույն շան աչքերը»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան: Այո-այո, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, հենց հատում եմ երազների սորուն սահմանը, որ կանգնած է քնի ու արթուն վիճակի միջև:

Ես գտա սիգարետներն ու ծխեցի, հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով հավասարակշռությունս hետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց օղակներով:

Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.

– Երկնագույն շան աչքերը:

Ու նա տխուր պատասխանեց.

– Այո: Հիմա մենք երբեք դա չենք մոռանա:

Նա դուրս եկավ լամպի լուսավոր օղակից ու կրկնեց.

– Երկնագույն շան աչքերը: Ես գրել եմ դա ամենուրեք:

Նա շրջվեց ու քայլեց զարդասեղանի ուղղությամբ: Հայելու մեծ լուսնի մեջ հայտնվեց նրա դեմքը. դեմքի անդրադարձումը, տեսողական պատկերը, կրկնակը, որը պատրաստ էր լուծվել լամպի թրթռացող լույսի մեջ: Սառած մոխրի գույնի աչքերը տխուր նայեցին ինձ ու խոնարհվեցին, նա բացեց շպարի սադափե տուփն ու վրձինով կպավ քթին ու ճակատին:

– Ես այնքան եմ վախենում,- ասաց նա,- որ այս սենյակը մեկ ուրիշին էլ երազում կերևա, ու նա այստեղ ամեն ինչ կխառնի:

Նա չխկացրեց տուփի կողպեքը, վեր կացավ ու վերադարձավ լամպի մոտ:

– Դու երբեք չե՞ս մրսում,- հարցրեց նա:

– Երբեմն պատահում է,- պատասխանեցի ես:

Նա սառած ձեռքերը տարածեց լամպի վրա, ու մատների ստվերն ընկավ դեմքի վրա:

– Կարծում եմ, կհիվանդանամ,- բողոքեց նա,- դու սառցե քաղաքում ես ապրում:

Կերոսինե լամպը նրա մաշկը պղնձա-կարմրավուն ու փայլուն էր դարձնում:

– Դու բրոնզե մաշկ ունես,- ասացի ես,- երբեմն ինձ թվում է, թե իրական կյանքում դու պետք է բրոնզե արձանիկ լինես որևէ թանգարանի անկյունում:

– Ոչ,- ասաց նա,- բայց երբեմն ինձ էլ թվում է, թե մետաղից եմ՝ երբ քնում եմ ձախ կողքիս վրա ու սիրտս կրծքումս խուլ բաբախում է:

– Ես միշտ ցանկացել եմ լսել, ինչպես է բաբախում քո սիրտը:

– Եթե մենք հանդիպենք իրականում, դու կկարողանաս ականջդ դնել կրծքիս ու լսել:

– Եթե հանդիպենք իրականում…

Նա ձեռքերը դրեց ապակե կափարիչին ու մրմնջաց.

– «Երկնագույն շան աչքերը»: Ես ամենուր կրկնում եմ այդ բառերը:

«Երկնագույն շան աչքերը»: Այդ արտահայտության միջոցով էր նա փնտրում ինձ իրական կյանքում, դա ասես գաղտնաբառ լիներ, որով մենք կճանաչեինք իրար: Նա քայլում էր փողոցներով ու, ասես ի միջի այլոց, կրկնում. «Երկնագույն շան աչքերը»: Ռեստորաններում պատվերներ կատարելիս նա շշնջում էր երիտասարդ մատուցողներին. «Երկնագույն շան աչքերը»: Ու քրտնած ապակիների վրա, հյուրանոցների ու կառամատույցների պատուհաններին նա մատով գրում էր. «Երկնագույն շան աչքերը»: Մարդիկ միայն չհականալով ուսերն էին թոթվում, իսկ մատուցողները քաղաքավարի անտարբերությամբ խոնարհվում էին: Մի անգամ դեղատանը նրան երազներից ծանոթ բույր դիպավ, ու նա ասաց դեղագործին.

– Մի երիտասարդ կա, որին ես տեսնում եմ երազներում: Նա միշտ կրկնում է «երկնագույն շան աչքերը»: Միգուցե դուք ճանաչու՞մ եք նրան:

Դեղագործն ի պատասխան արհամարհական ծիծաղեց ու քայլեց դեպի վաճառասեղանի մյուս ծայրը: Իսկ նա նայում էր դեղատան հախճասալիկե նոր հատակին, ու ծանոթ բույրն անդադար տանջում էր նրան: Չդիմանալով, նա ծնկի իջավ ու շրթներկով գրեց սպիտակ սալիկների վրա. «երկնագույն շան աչքերը»: Դեղավաճառը նետվեց նրա կողմը.

– Սենյորիտա, դուք փչացրեցիք իմ հատակը: Վերցրե՛ք փալասն ու հենց հիմա սրբե՛ք:

Ու նա ողջ երեկոն սողաց ծնկների վրա՝ տառերը ջնջելով ու արցունքների միջից կրկնելով.

– Երկնագույն շան աչքերը: Երկնագույն շան աչքերը:

Իսկ դռների մոտ մրթմրթում էին պարապ մարդիկ, ովքեր խելագարին նայելու էին հավաքվել:

Նա լռեց, իսկ ես այդպես էլ նստած մնացի՝ աթոռի վրա ճոճվելով:

– Ամեն առավոտ,- ասացի ես,- փորձում եմ հիշել արտահայտությունը, որով պետք է գտնեմ քեզ: Երազում թվում է, թե ես այն լավ եմ մտապահել, բայց հենց արթնանում եմ, ոչ մի բառ չեմ կարողանում հիշել:

– Բայց ախր դու ի՛նքդ ես այն հորինել:

– Այո: Իմ միտքը հենց այդ բառերն եկան, որովհետև դու մոխրագույն աչքեր ունես: Բայց ցերեկով ես նույնիսկ դեմքդ չեմ կարողանում հիշել:

Նա հուսահատության մեջ մատները սեղմեց.

– Ախ, եթե գոնե քաղաքիս անունն իմանայինք:

Նրա շրթունքների եզրերին դառնության ծալքեր առաջացան:

– Ես ուզում եմ դիպչել քեզ,- ասացի ես:

Նա հայացքը բարձրացրեց, ու կրակի լեզվակները պարեցին նրա բիբերի մեջ:

– Դու դա դեռ երբեք չես ասել,- նկատեց նա:

– Իսկ հիմա ասում եմ:

Նա աչքերը խոնարհեց ու սիգարետ խնդրեց:

– Ինչու՞,- կրկնեց նա,- ես ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել իմ քաղաքի անունը:

– Իսկ ես՝  պահած բառերը,- ասացի ես:

Նա տխուր ժպտաց.

– Այս սենյակն ինձ երազում երևում է նույն կերպ, ինչպես և քեզ:

Ես վեր կացա ու ուղղվեցի դեպի լամպը, իսկ նա վախեցած նահանջեց՝ վախենալով, որ պատահաբար կանցնեմ մեր արանքով անցնող անտեսանելի գծից: Վերցնելով իմ մեկնած սիգարետը, նա թեքվեց դեպի լամպի կրակը:

– Իսկ աշխարհի մի քաղաքի պատերը գրոտված են «երկնագույն շան աչքերը» բառերով,- ասացի ես:- Եթե ես հիշեմ այդ բառերը, առավոտյան կմեկնեմ ողջ աշխարհով քեզ փնտրելու:

Նրա դեմքը լուսավորվեց սիգարետի կարմրավուն կրակով, նա խորը քաշեց ծուխն ու սիգարետը բարակ մատների արանքում պտտելով ասաց.

– Փառք աստծո: Կարծես թե սկսեցի տաքանալ,- ու երգեցիկ մրմնջաց, ասես կրկնելով գրող վրձնի հետևից.

– Ես… սկսում եմ…,- նա մատները շարժեց, ասես թղթի անտեսանելի թերթիկն իմ կարդալուն զուգահեռ գլանաձև փաթաթելով,- տաքանալ…- թղթի կտորը վերջացավ ու ընկավ հատակին՝ ճմռթված, փոքրիկ, մոխրի փոշու վերածվելով:
– Դա լավ է,- ասացի ես:- Ես միշտ սարսափում եմ, երբ դու սառում ես:

Հենց այսպես էլ մենք հանդիպում ենք իրար, արդեն մի քանի տարի է: Երբեմն այն պահին, երբ մենք գտնում ենք իրար երազների լաբիրինթոսում, ինչ-որ մեկն այնտեղ՝ դրսում, հատակին գդալ է գցում, ու մենք արթնանում ենք: Քիչ-քիչ մենք հաշտվեցինք տխուր ճշմարտության հետ. մեր բարեկամությունը կախման մեջ է գտնվում շատ երկրային բաներից: Ինչ-որ գդալը լուսաբացին կարող է վերջ դնել մեր կարճ հանդիպմանը:

Նա կանգնած է լամպի ետևում ու նայում է ինձ: Նայում է նույն կերպ, ինչպես առաջին գիշերը, երբ ես քնիս կեսից ուշքի եկա լամպով ու հայելով տարօրինակ սենյակում ու իմ առաջ տեսա մոխրագույն աչքերով աղջկան: Ես հարցրեցի.

– Ո՞վ եք դուք:

Իսկ նա ասաց.

– Չեմ հիշում…

– Բայց մենք, կարծում եմ, արդեն հանդիպել ենք, այդպես չի՞:

– Միգուցե: Դուք կարող էիք ինձ երևալ երազում, հենց այս սենյակում:

– Ճի՛շտ է,- ասացի ես,- ես ձեզ երազում եմ տեսել:

– Ինչքան զվարճալի է,- ժպտաց նա,- ուրեմն, մենք հանդիպում ենք երազներու՞մ:

Նա քաշեց ծուխը՝ կենտրոնացած նայելով սիգարետի կրակին: Ու ինձ նորից թվաց, թե նա պղնձից է, բայց ոչ թե սառն ու պինդ, այլ ջերմ ու փափուկ:

– Ես ուզում եմ դիպչել քեզ,- կրկնեցի ես:

– Դու ամեն ինչ կկործանես,- վախեցավ նա,- հպումը մեզ կարթնացնի, ու մենք էլ չենք հանդիպի:

– Դժվար թե,- ասացի ես,- պետք է միայն գլուխը դնել բարձի վրա, ու մենք նորից կհանդիպենք:

Ես ձեռքս մեկնեցի, բայց նա չշարժվեց:

– Դու ամեն ինչ կկործանես,- շշնջաց նա,- եթե գիծը խախտես ու լամպի մյուս կողմն անցնես, մենք աշխարհի տարբեր կողմեր շպրտված կարթնանանք:

– Ու ցանկացած դեպքում,- պնդեցի ես:

Բայց նա միայն թարթիչներն իջեցրեց.

– Այս հանդիպումները մեր վերջին հնարավորությունն են: Ախր դու առավոտյան ոչինչ չես հիշում:

Ու ես նահանջեցի: Իսկ նա ձեռքերը դրեց լամպի վրա ու բողոքեց.

– Ես երբեք չեմ կարողանում քնել մեր հանդիպումներից հետո: Արթնանում եմ գիշերվա կեսին ու այլևս աչքս էլ չեմ կարողանում կպցնել՝ բարձը դեմքս է այրում, ու ես «երկնագույն շան աչքերը» արտահայտությունն եմ անընդհատ կրկնում:

– Լույսը շուտով կբացվի,- նկատեցի ես,- վերջին անգամ ժամը երկուսին եմ արթնացել, ու դրանից շատ ժամանակ է անցել:

Ես մոտեցա դռանն ու բռնակը ձեռքս առա:

– Զգիույշ եղիր,- ասաց նա,- դռան մյուս կողմում ծանր երազներն են ապրում:

– Որտեղի՞ց գիտես:

– Վերջերս ես դուրս եկա ու դժվարությամբ վերադարձա: Իսկ արթնանալուց հետո նկատեցի, որ սրտիս վրա եմ պառկած:

Բայց ես, միևնույն է, դուռը մի փոքր բացեցի: Փեղկը ենթարկվեց, ու թույլ քամին դրսից բերրի հողի ու հերկի հոտ բերեց: Ես շրջվեցի նրա կողմն ու ասացի.

– Այստեղ միջանցք չկա: Ես դաշտի հոտ եմ զգում:

– Դռան մյուս կողմում,- ասաց նա,- մի կին է քնած, որը երազում դաշտ է տեսնում: Նա միշտ երազում էր գյուղում ապրել, բայց այդպես էլ երբեք չկարողացավ դուրս գալ քաղաքից:

Դռան ետևում լույս էր բացվում, ու մարդիկ ամենուրեք սկսել էին արթնանալ:

– Հավանաբար ինձ արդեն սպասում են նախաճաշի սեղանի մոտ,- ասացի ես:

Դաշտից փչող քամին թուլացավ, իսկ հետո հանգավ: Նրա փոխարեն հնչեց անկողնում մյուս կողքի վրա շուռ եկած քնածի հանդարտ շնչառությունը: Քամին լռեց, նրա հետ մահացան նաև բույրերը:

– Վաղը մենք անպայման կճանաչենք իրար,- ասացի ես,- ես կփնտրեմ կնոջն, ով «երկնագույն շան աչքերն» է գրում պատերի վրա:

Նա տխուր ժպտաց ու ձեռքերը դրեց լամպի սառող կափարիչի վրա.

– Դու ցերեկը ոչինչ չես հիշում:

Նրա տխուր ուրվագիծն արդեն սկսել էր հալվել աղջամուղջի լույսի մեջ:

– Դու զարմանալի մարդ ես,- ասաց նա,- դու երազներդ երբեք չես հիշում:
1950 թ.

Թարգմանեց Բ.Պողոսյանը

Advertisements

4 Comments

  1. Հաճելի անակնկալ էր՝ թարգմանչին չեք մոռացել))) շնորհակալություն:

    Like

  2. Siranush says:

    Բարև. Շատ հետաքրքիր պատմություն է, շնորհակալություն թարգմանելու համար:
    Ղարիբյան Սիրանուշ http://www.mskh.am

    Like

  3. admin Հեղինակային իրավունքների խնդիր չկա, ի վերջո ես չեմ գրել պատմվածքը)))
    Siranush Խնդրեմ) ես իմ թարգմանություններն ու այլ աշխատանքները պարբերաբար տեղադրում եմ այստեղ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: