Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Խորխե Լուիս Բորխես. «Աստվածաբանները»

Խորխե Լուիս Բորխես. «Աստվածաբանները»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Ավերելով այգին, պղծելով շատրվանները և բեմերը, հեծյալ հոները ներխուժեցին մենաստանի գրադարան, պատառոտեցին իրենց անհասկանալի գրքերը և նզովքներով այրեցին դրանք, երևի վախենալով, որ բառերն ամփոփում են հայհոյանքներ իրենց Աստծուն՝ կեռ երկաթե թրին: Այրվեցին կրկնագրերը և օրենսգրքերը, սակայն խարույկի ներսում, մոխրի մեջ, գրեթե անվնաս մնաց «Civitas Dei»՝ «Աստծո քաղաքի» տասներկուերորդ գիրքը, որտեղ պատգամվում էր, որ Պլատոնը Աթենքում ուսուցանում էր, իբր դարերի վերջում ամեն ինչ կվերածնվի իր նախնական տեսքով, և ինքը կլինի այստեղ՝ Աթենքում, նույն այս լսարանի առաջ և կրկին կուսուցանի իր նախկին ուսմունքը: Բնագրին, որը խնայել էր կրակը, վերաբերում էին հատուկ ակնածանքով, և նրանք, ովքեր կարդացել էին այն հեռավոր այդ նահանգում, մոռացել էին մտածել այն մասին, որ հեղինակը նշել էր այդ ուսմունքի մասին, որպեսզի ավելի հիմնովին այն հերքվի: Մեկ դար անց Ավրելիանոսը՝ Աքվիլեայի կոադյուտորը իմացավ, որ Դանուբի ափերին վերջերս առաջացած մոնոտոնների կամ անուլյարների աղանդը հավատում է, որ պատմությունը շրջան է և չկա ոչինչ, որ չի եղել նախկինում և գոյություն չի ունենա ապագայում: Լեռնային շրջաններում Անիվը և Օձը փոխարինեցին Խաչին:

Վախը համակեց բոլորին, սակայն մխիթարություն ծառայեց լուրն այն մասին, որ Հովհաննես Պաննոնացին, որը հայտնի էր դարձել Աստծո յոթերորդ պիտույքի մասին իր աշխատությամբ, պատրաստվում է ոչնչացնել զազրելի հերձվածողներին:

Ավրելիանոսին այս լուրերը տխրեցրին, նամանավանդ վերջինը: Նա գիտեր, որ աստվածաբանական շրջանակներում ցանկացած նոր միտք արտաբերելը վտանգավոր է, սակայն հետո եզրակացրեց, որ շրջանաձև ժամանակի մասին տեսությունը չափազանց անսովոր է, չափազանց զարմանալի և այդ պատճառով վտանգն այստեղ այնքան էլ մեծ չէ: Զգուշանալ պետք է այն աղանդներից, որոնց կարող են շփոթել ուղղափառության հետ: Համենայն դեպս, նրան տհաճություն պատճառեց Հովհաննես Պաննոնացու գրեթե հանդուգն միջամտությունը: Երկու տարի առաջ այս մարդը «De septima affectione Dei sive de aeternitate»` «Աստծո յոթերորդ սիրո կամ հավերժության մասին» լայնածավալ շարադրանքը գրելիս ներխուժել էր Ավրելիանոսի ասպարեզ, իսկ այժմ, կարծես թե ժամանակի խնդիրը նրա իմացությանը հասկանալի էր, նա պատրաստվում է ճշմարիտ ուղու վրա դնել անուլյարներին, միգուցե Պրոկրուստոսի փաստարկներով, ավելի սարսափելի հակաթույնով, քան հենց Օձի թույնը:

Այդ գիշեր Ավրելիանոսը, թերթելով Պլուտարքոսի հին երկխոսությունը օրակուլների անկման մասին, քսանիններորդ գլխում հայտնաբերեց ծաղր ստոիկների նկատմամբ, ինչը ենթադրում էր աշխարհների անվերջանալի բազմության գոյություն՝ անհաշիվ արևներով, լուսիններով, Ապոլլոններով, Դիանաներով և Պոսեյդոններով: Իր հայտնաբերած տողերը Ավրելիանոսը համարեց երջանիկ նախախնամություն. նա որոշեց առաջ անցնել Հովհաննես Պաննոնացուց և ոչնչացնել Անիվը պաշտող հերետիկոսներին:

Երբեմն տղամարդը նվաճում է կնոջ սիրտը, որպեսզի մոռանա նրա մասին, որպեսզի այլևս չմտածի նրա մասին: Այդպես էլ Ավրելիանոսն էր ցանկանում առաջ անցնել Հովհաննես Պաննոնացուց, որպեսզի ազատվեր անբարյացկամությունից, որ տածում էր նրա նկատմամբ, սակայն ոչ նրա հանդեպ չարիք գործելու համար: Հենց աշխատանքը շարադրանքի վրա, սիլլոգիզմների կառուցումը և թունոտ հարձակումներ մտածելը, բոլոր այդ «nego», «autem» և «nequamquam» բառերը չափավորում էին գրգռվածությունը, օգնում էին մոռանալ անբարյացկամության մասին:

Նա շարադրում էր երկար, խրթին նախադասություններ, որոնցում առկա վանկերը ասես քամահրանք էին արտահայտում: Անբարեհնչությունը նա իր զենքը դարձրեց: Կանխազգալով, որ Հովհաննես Պաննոնացին ջախջախելու է աննուլյարներին հանդիսավոր մարգարեական տոնով, Ավրելիանոսը, նմանությունից խուսափելով, ընտրեց ծաղրանքի տոնը: Ավգուստինոսը գրել էր, որ Հիսուսը ուղիղ ճանապարհ է, որը փրկում է մեզ լաբիրինթոսի ոլորաններից, որոնցում անաստվածներն են վխտում:

Ավրելիանոսը, որպես ջանասեր սան, համեմատեց դրանք Իկսիոնոսի, Պրոմեթևսի լյարդի, Սիզիփոսի, երկու արեգակ տեսած թեբեյան արքայի, կակազության, սկյուռի, հայելիների, արձագանքի, նորիայի մոլլաների և երկեղջյուր սիլլոգիզմների հետ:
Հեթանոսական առասպելները դեռ ապրում էին՝ իջեցված ոճաբանական զարդարանքների մակարդակի: Յուրաքանչյուր գրադարանի տիրոջ նման, Ավրելիանոսը մեղավորություն էր զգում, որ չգիտի բոլորը. այդ հակասական զգացումը նրան դրդեց օգտագործել շատ գրքեր, որոնք ասես կշտամբանք էին թաքցրել իրենց մեջ անուշադրության համար: Այդպես նա կարողացավ մի հատված արտագրել Օրիգենեսի «De principiis»՝ «Սկիզբների մասին» գրքից, որը ժխտում էր այն միտքը, իբր Հուդա Իսկարիովտացին կրկին կդավաճանի Աստծուն, իսկ Պողոսը Երուսաղեմում կրկին ականատես կլինի Ստեփանոսի նահատակմանը, մի հատված էլ վերցրեց Ցիցերոնի «Academica priora»՝ «Առաջին ակադեմիկոսներից», որտեղ ծաղրի են ենթարկվում մարդիկ, որոնք կարծում էին, իբր թե այն ժամին, երբ նա զրուցում է Լուկուլլոսի հետ, այլ Լուկուլլոսների և Ցիցերոնների անվերջ բազմություն ասում է նույն բանը մեր աշխարհին նման անհաշիվ այլ աշխարհներում:

Ի լրումն դրան, Ավրելիանոսը մոնոտոնների վրա թափեց Պլուտարքոսի արդեն նշված աշխատությունը և իր վրդովմունքն այն պատճառով, որ իբր թե հեթանոսի վրա lumen naturae՝ բնության լույսն ավելի է ազդել, քան Աստծո խոսքը:

Այս աշխատանքը նրանից խլեց տաս օր, տասներորդ օրը նրան հանձնեցին Հովհաննես Պաննոնացու հեղինակած հերքման թարգմանությունը: Այն ծիծաղելիորեն կարճ էր. Ավրելիանոսը նայեց դրան արհամարհանքով, այնուհետև վախով: Առաջին մասը ներառում էր հրեաներին ուղղված Պատգամի իններորդ գլուխն ավարտող տողերի մեկնությունը, որտեղ ասվում էր, որ Հիսուսը աշխարհի արարումից սկսած իրեն բազում անգամ չի զոհաբերել, այլ արել է դա մի անգամ դարերի վերջում: Երկրորդ մասում ներկայացված էր բիբլիական հիշեցումը հեթանոսների անիմաստ բազմախոսության մասին (Մատթեոս VI, 7) և այն հատվածը Պլինոսի իններորդ գլխից, որտեղ ասվում է, որ ողջ աշխարհում հնարավոր չէ գտնել միանման երկու դեմք: Նման կերպ էլ արտահայտվում էր Հովհաննես Պաննոնացին, ասելով, որ հնարավոր չէ գտնել երկու միանման հոգի, և ամենաստոր մեղսագործն անգամ այնքան թանկարժեք է, որքան արյունը, որը Հիսուս Քրիստոսը թափել է նրա համար: Մեկ մարդու արարքը, պնդում էր նա, ավելի կշիռ ունի, քան բոլոր ինը երկինքները, և ենթադրել, որ նա կարող է կորչել և հետո նորից հայտնվել, նշանակում է աչք ծակող թեթևամտություն արտահայտել: Ժամանակը չի վերականգնում մեր կորցրածը. հավերժությունն այն պահպանում է դրախտային երանության և դժոխային կրակի համար:

Աշխատությունը գրված էր պարզ և համապարփակ, թվում էր, այն գրված է ոչ թե կոնկրետ մարդու կողմից, այլ «ամենայն մարդու» կամ, գուցե ողջ մարդկության կողմից:

Ավրելիանոսը ստորացման սուր, գրեթե մարմնական զգացում ապրեց: Նա ցանկացավ ոչնչացնել կամ ձևափոխել իր աշխատությունը, սակայն հետո, առաջնորդվելով զայրացկոտ ազնվությամբ, նա ուղարկեց այն Հռոմ, առանց մի տառ իսկ փոխելու: Մի քանի ամիս անց, երբ հավաքվեց Պերգամումի ժողովը, մոնոտոնների մոլորությունները հերքումը, ինչպես և սպասվում էր, հանձնարարվեց Հովհաննես Պաննոնացուն. նրա հերքման գիտական, զուսպ տոնը բավարար թվաց, որպեսզի հերձվածող Էվֆորբիոսին դատապարտեն այրման: «Սա արդեն եղել է և նորից կլինի, – ասաց Էվֆորբիոսը, – դուք ոչ թե խարույկ եք վառում, այլ հրո լաբիրինթոս: Եթե այստեղ միանային բոլոր խարույկները, որոնց վրա բարձրացրել են ինձ, դրանք չէին տեղավորվի երկրի վրա և հրեշտակները կկուրանային. այս խոսքերն էլ ես ասել եմ բազմիցս»:  Հետո նա սկսեց ճչալ, քանի որ կրակը հասավ նրան:

Անիվը գահավիժեց՝ Խաչից հաղթված, սակայն Ավրելիանոսը և Հովհաննեսը շարունակեցին իրենց գաղտնի պատերազմը: Նրանք երկուսն էլ կռվում էին նույն գործի համար, երկուսն էլ տենչում էին նույն պարգևը, պատերազմում էին նույն թշնամու դեմ, սակայն Ավրելիանոսը չէր կարող գրել մի բառ անգամ, որի հետևում թաքնված չլիներ Հովհաննեսին գերազանցելու կույր միտումը: Նրա տանջանքները մնում էին անտեսանելի, եթե ձեռագրերն ինձ չեն խաբում, «ուրիշի» անունը ոչ մի անգամ չի հայտնվում Ավրելիանոսի բազում հատորներում, որոնք հավաքված են Մինոսի «Հայրաբանության» մեջ: Հովհաննեսի շարադրանքներից մեզ են հասել ընդամենը քսան բառ: Նրանք երկուսն էլ հավանություն չէին տալիս Կոնստանդնուպոլսի երկրորդ ժողովի հռչակած բանադրանքներին, երկուսն էլ դատապարտում էին արիոսականներին, որոնք մերժում էին Որդու աստվածային էությունը, երկուսն էլ հաստատում էին Կոսմայի «Քրիստոնեական տեղագրության» ուղղափառությունը, ինչն ուսուցանում էր, որ Երկիրը, հրեական խորանի նման, քառանկյան ձև ունի: Ի դժբախտություն, Երկրի բոլոր չորս կողմերում հայտնվեց այլ, արագ տարածվող աղանդ: Ծնունդ առնելով Եգիպտոսում կամ Ասիայում (վկայությունները այստեղ հակասական են, քանզի Բուսսեն չի ցանկանում ընդունել Գարնակի փաստարկները), այն վարակեց արևելյան գավառները և հիմնեց իր մեհյանները Մակեդոնիայում, Կարթագենում և Տրիրում: Թվում էր, թե այն մոլեգնում է ամենուր, ասում էին, թե Բրիտանական եպիսկոպոսությունում բոլոր խաչեկությունները գլխիվայր են կախել, իսկ Կեսարիայում Աստծո պատկերը փոխարինել են հայելիով: Նոր հերձվածողների խորհրդանշաններն էին հայելին և օբոլը:

Պատմությանը նրանք հայտնի են տարբեր անուններով՝ սպեկուլյարներ, աբիսմալներ, կայենիտներ, սակայն համընդունելի էր ՙհիստրիոններ՚ անվանումը, որը տրվել էր Ավրելիանոսի կողմից և որը հանդգնաբար ընդունվել էր նրանց կողմից: Փռյուգիայում նրանց անվանում էին սիմուլյակրեր, նույն կերպ էին անվանում և Դարդանիայում, Հովհաննես Դամասկոսցին անվանեց նրանց ՙձևեր՚, սակայն հարկ է նշել, որ այս անվանումը չի ընդունվել Էրֆորդի կողմից: Չկա մի աստվածաբան, որը զարհուրանքով չհիշի նրանց գազանային սովորությունները: Շատ հիստրիոններ ճգնավորներ էին, ոմանք Օրիգենեսի նման վնասում էին իրենց, ոմանք ապրում էին գետնի տակ, ապականոցներում, ոմանք կուրացնում էին իրենց, իսկ նաբուգոդոնոսորները Նիտրիայից «ցլերի նման խոտ էին որոճում և նրանց մազերն աճում էին, ինչպես արծիվներինը»:  Մարմինը մեռցնելուց և ինքնախարազանումից զատ նրանք հաճախ դիմում էին հանցագործության, որոշ համայնքներում ծաղկում էր ապրում գողությունը, մյուսներում՝ մարդասպանությունը, այլ համայնքներում՝ արվամոլությունը, արյունապղծությունը և անասնապղծությունը:

Նրանք բոլորն էլ աստվածուրացներ էին, անարգում էին ոչ միայն քրիստոնեական Աստծուն, այլև իրենց դիցարանի խորհրդավոր կուռքերին: Նրանք շարադրում էին սուրբ գրքեր, որոնց կորուստն են ողբում գիտնականները: Սեր Թոմաս Բրաունը գրել էր 1658 թվականին. «Ժամանակը ոչնչացրել է հիստրիոնական ամբարտավան Ավետարանները, սակայն ոչ Անարգանքները, որոնց ենթարկվեց նրանց Սրբապղծությունը»: Էրֆորդը գտնում էր, որ հենց այդ «անարգանքներն» են կորուսյալ ավետարանները: Սա անհասկանալի կթվա, եթե չիմանաս հիստերիոնների տիեզերագիտությունը:

Անթափանց գրքերում ասված է. այն, ինչ կա ներքևում, նման է նրան, ինչ կա վերևում, իսկ այն, ինչ կա վերևում, նման է նրան, ինչ կա ներքևում, «Զոհարում» ասվում է, որ ստորին աշխարհը վերին աշխարհի արտացոլումն է: Հիստրիոնները հիմնավորում էին իրենց ուսումնքն այդ մտքի այլասերման վրա: Նրանք մեջբերում էին Մատթեոսին՝ «և թող մեզ զպարտիցս մեր, որպես և մենք թողուք մերոց պարտապանաց» (Մատթեոս VI, 12) և «արքայությունն երկնային ուժով է առնվում» (Մատթեոս XI, 12), ի ապացույց առ այն, որ Երկիրը ազդում է Երկնքի վրա, ապա մեջբերում էին Կորնթացիներին ուղղված պատգամից. «Այժմ մենք տեսնում ենք կարծես փայլատ ապակու միջով» (Կորնթացիներին XIII,12) ի ապացույց առ այն, որ ամենայն տեսանելին սուտ է: Հավանական է, որ մոնոտոնների ազդեցության տակ նրանք ենթադրում էին, որ յուրաքանչյուր մարդ երկու մարդ է և նրանցից իրականը նա է, ով գտնվում է երկնքում: Նրանք նաև ենթադրում էին, որ մեր արարքները անպայմանորեն հակառակն են արտացոլվում, այսինքն, եթե մենք արթուն ենք, ապա նա՝ մյուսը, քնած է, եթե մենք մեղանչում ենք, մյուսը ճգնում է, եթե գողանում ենք, նա ազնիվ է: Մահից հետո մենք կմիանանք նրան և նա կլինենք: Այս ուսմունքի պատառիկներ հանդիպում են Բլուայի մոտ: Այլ հիստրիոններ կարծում էին, որ կգա աշխարհի վերջը, երբ կավարտվեն իրենց հնարավորությունները, և քանի որ կրկնություններ լինել չեն կարող, հավատացյալը պիտի բացառի, այսինքն, կատարի ամենաստոր արարքները, որպեսզի դրանք չարատավորեն իր ապագան և արագացվի Հիսուսի արքայության գալուստը: Այս դրույթը ժխտում էին մնացյալ աղանդները, որոնք պնդում էին, որ յուրաքանչյուր մարդու մեջ պիտի իրականանա ողջ աշխարհի պատմությունը: Մեծամասնությանը, ինչպիսին Պյութագորասն է, վիճակված է անցնել շատ վերամարմնավորումների միջով, մինչև ազատություն ստանալը, այլոք՝ պրոթեիկները «մի կյանքի ընթացքում առյուծներ են եղել, վիշապներ, վարազներ, ջուր և ծառ»:

Դեմոսթենեսը տեղեկացնում է ցեխով մաքրվելու մասին, որոնց ենթարկում էին օրփեոսյան կաճառների օծյալներին. պրոթեիկներն էլ փնտրում էին չարով մաքրագործվելու ուղին: Ինչպես և Կարպոկրատոսը, նրանք ենթադրում էին, որ ոչ ոք դուրս չի գա բանտից, մինչև չտա վերջին գրոշը (Ղուկաս XII,59), և սովորաբար խրախուսում էին ապաշխարողներին մեկ այլ խոսքով. «Ես եկել եմ նրա համար, որ կյանք ունենաք և ունենաք շատ» (Հովհաննես XII,10): Նրանք նաև ասում էին, որ չարագործ չլինելը սատանայական հպարտություն է… Բազում առասպելաբանություններ են հորինել հիստրիոնները. ոմանք ճգնավորության կոչ էին անում, մյուսները՝ այլասերվածության, և բոլորն էլ սահմռկեցուցիչ էին մտքի համար: Թեոպոմպոսը՝ հիստրիոնը Բերենիկից, հերքում էր բոլոր առասպելները, նա պպնդում էր, որ ամեն մի մարդ օրգան է, որը արարվել է աստծո կողմից աշխարհը զգալու համար:

Ավրելիանոսի առաջնորդության հերձվածողները պատկանում էին նրանց թվին, ովքեր հայտարարում էին, որ ժամանակի մեջ կրկնություններ չեն լինում, ոչ թե նրանց, ովքեր պնդում էին, որ յուրաքանչյուր արարք արտացոլվում է երկնքում: Այս տարբերությունն անսովոր էր, և Ավրելիանոսը նշեց դրա մասին հռոմեական իշխանություններին ուղղված զեկույցում: Պրելատը , որին նա ուղարկեց այդ զեկույցը, կայսրուհու հոգեհայրն էր. բոլորը գիտեին, որ նրա դժվարին պաշտոնը համակցված է աստվածաբանության «առօրյա ուրախություններին» հաղորդակից լինելու արգելքով: Սակայն պրելատի քարտուղարը՝ Հովհաննես Պաննոնացու նախկին ընկերը, ներկայումս էլ նրա հետ թշնամացած, ուներ աղանդների մանրախույզ ուսումնասիրողի համբավ. Ավրելիանոսը զեկույցին ավելացրեց հիստրիոնական հերձվածի մասին շարադրանքները, որոնք գտել էր Ջենովայի և Աքվիլեայի փոքր մենաստաններում: Մի քանի պարբերություն գրելով, նա պատրաստվեց շարադրել սարսափազդու տեսությունն այն մասին, որ չկան երկու միանման ակնթարթներ և այստեղ նրա փետուրը կանգ առավ: Նա չեր կարողանում գտնել ստույգ ձևակերպումը: Նոր հերձվածի խրատները՝ ՙՈւզու՞մ ես տեսնել այն, ինչ մարդկային աչքերը չեն տեսել: Նայիր լուսնին: Ուզու՞մ ես լսել այն, ինչ մարդկային ականջները չեն լսել: Ունկնդրիր թռչունների ձայնը: Ուզու՞մ ես շոշափել այն, ինչ չեն շոշափել մարդկային ձեռքերը: Ձեռք տուր հողին: Իրավ եմ ասում, Աստված դեռ չի ստեղծել երկիրը՚, չափից դուրս փքված և փոխաբերական էին վերապատմելու համար: Եվ հանկարծ նրա մտքում առաջացավ քսան բառից կազմված մի նախադասություն: Նա ուրախացած գրանցեց այն, և իսկույն ևեթ նրան խոցեց կասկածը, որ այդ ձևակերպումն իրենը չէ: Մյուս օրը նա հիշեց, որ կարդացել էր այն շատ տարիներ առաջ «Adversus annulares»՝ («Անուլյարների դեմ») աշխատության մեջ, որի հեղինակն էր Հովհաննես Պաննոնացին: Նա ստուգեց այդ միտքը, այո, դա այնտեղից էր վերցված: Ավրելիանոսին տիրեցին տանջալից մտորումները: Փոխել կամ ջնջել այդ բառերը կնշանակեր թուլացնել արտահայտչականությունը, եթե թողներ դրանք, իրեն ատելի մարդուց արտագրություն կլիներ, իսկ աղբյուրը նշելը՝ մատնություն: Նա աղերսեց երկնքին: Հաջորդ օրվա երեկոյան նրա պահպանիչ հրեշտակը թելադրեց նրան փոխզիջումային լուծումը: Ավրելիանոսը պահպանեց այն բառերը, սակայն հետևյալ առաջաբանով. «Այն, ինչի մասին այժմ բարբաջում են հերձվածողները մեր հավատը սասանելու նպատակով, ասել է մեր դարի ոմն գիտուն այր, ավելի շատ անմտությունից դրդված, քան մեղավորությունից»: Հետո կատարվեց այն, ինչից նա վախենում էր, ինչին սպասում էր, ինչը հնարավոր չէր կանխարգելել:

Ավրելիանոսը ստիպված էր ասել, թե ով էր այդ մարդը: Հովհաննես Պաննոնացին մեղադրվեց հերձվածին հարելու մեջ:
Չորս ամիս հետո Ավենտինից մի դարբին, հիստիրոնների կեղծ հավաստումներով խաբված, իր մանուկ որդու ուսերին հսկայական երկաթե գունդ դրեց, որպեսզի նրա կրկնակը վեր թռչի: Երեխան մահացավ: Սարսափը, որն առաջացրել էր այս հանցագործությունը, ստիպեց Հովհաննեսի դատավորներին անբեկանելի խստասրտություն դրսևորել: Նա չէր ցանկանում հրաժարվել իր խոսքերից և կրկնում էր, որ իր մտքի հերքումը տանում է մոնոտոնների մահաբեր հերձվածին: Նա չէր հասկանում, կամ չէր ցանկանում հասկանալ, որ մոնոտոնների մասին խոսելն անիմաստ է, նրանց մասին վաղուց արդեն մոռացել են: Ծերունական համառությամբ նա իր նախկին բանավիճական աշխատությունից փայլուն հատվածներ էր ներկայացնում, սակայն դատավորները նույնիսկ չէին լսում այն, ինչով նախկինում զմայլված էին: Հովհաննեսը պիտի պաշտպանվեր իրեն առաջադրված հիստրիոնության մեղադրանքից, սակայն նա ապացուցում էր, որ միտքը, որի համար իրեն մեղադրում են, զուտ ուղղափառ է: Նա վիճում էր մարդկանց հետ, որոնց որոշումից էր կախված իր ճակատագիրը, և թույլ տվեց մեծագույն մի սխալ. նա վիճում էր փայլուն և ծաղրանքով: Հոկտեմբերի քսանվեցին, երեք օր և գիշեր տևած քննարկումից հետո նրան դատապարտեցին խարույկի վրա մահվան:

Ավրելիանոսը ներկա էր մահապատժին. հրաժարվել՝ նշանակում էր իրեն մեղավոր ճանաչել: Մահապատժի վայրը բլուր էր, որի կանաչ գագաթին կանգնած էր հողում խորը թաղված սյունը՝ շրջապատված ցախի շեղջերով: Պաշտոնյան ընթերցեց դատարանի որոշումը: Կեսօրյան արևի շողերի տակ ընկած էր Հովհաննես Պաննոնացին՝ դեմքը փոշեթաթախ, գազանի նման ոռնալով: Նա ճանկռտում էր հողը, փորձելով բռնվել, սակայն դահիճները բռնեցին նրան, մերկացրին և վերջապես կապեցին սյանը: Նրա գլխին դրեցին ծծմբի մեջ թաթախված ծղոտե պսակ, կրծքից կախեցին «Adversus annulares» չարաբաստիկ գրքի մի օրինակ: Նախորդ գիշերն անձրև էր եկել և ցախը վատ էր այրվում: Հովհաննես Պաննոնացին աղոթում էր հունարեն, այնուհետև անծանոթ լեզվով: Խարույկի բոցերը արդեն պարուրում էին նրան, երբ Ավրելիանոսը որոշեց բարձրացնել աչքերը: Բոցի լեզուները մի ակնթարթ կանգ առան. Ավրելիանոսը առաջին և վերջին անգամ տեսավ ատելի մարդու դեմքը: Այն նրան ինչ որ մեկին էր հիշեցնում, սակայն նա չէր կարողանում հիշել, թե ում: Հետո կրակն ամեն ինչ ծածկեց, դատապարտվածը սկսեց գոռալ և թվում էր, թե գոռում է ինքը՝ խարույկը:

Պլուտարքոսն ասում էր, որ Հուլիոս Կեսարը ողբում էր Պոմպեոսի մահը: Ավրելիանոսը չողբաց Հովհաննեսի մահը, սակայն այժմ հասկանում էր, թե ինչ է զգում անբուժելի հիվանդությունից բուժված մարդը, որը նրա կյանքի մաս էր դարձել: Աքվիլեայում, Եփեսոսում նա երկար տարիներ անց կացրեց: Նա մղվում էր դեպի կայսրության անհյուրընկալ սահմանները, խուլ ճահիճները և ճգնավորական անապատները, որպեսզի միայնությունը օգներ իրեն հասնել նետված վիճակին: Մի անգամ, մավրիտանական վրանի մեջ, առյուծի մռնչյունից դղրդացող գիշերը, նա մտքում արտասանում էր խրթին մեղադրանքը, որ առաջադրել էին Հովհաննես Պաննոնացուն և արդեն որերորդ անգամ համաձայնվում էր դատավճռի հետ: Սակայն արդարացնել իր ճղճիմ մատնությունը ավելի դժվար էր: Ռուս ադ Դիրում նա արտասանեց այժմ արդեն անհամատեղելի խոսքերը. «Կանթեղների կանթեղ, այրված ուրացողի մարմնում»:  Հիբերնիայում, անտառներով շրջապատված մենաստանի խցում, երբ գիշերը մոտենում էր արևածագին, նա հանկարծ լսեց անձրևի ձայնը: Նա հիշեց այն գիշերը Հռոմում, երբ նա այնքան հանկարծակի լսեց կաթիլների տարափի աղմուկը: Կեսօրին կայծակն այրեց ծառերը և Ավրելիանոսը կարողացավ մահանալ նույն մահով, ինչ որ Հովհաննեսը:

Այս պատմության վերջաբանը կարելի է պատմել միայն փոխաբերություններով, քանզի այն տեղի է ունենում երկնային արքայությունում, ուր ժամանակ գոյություն չունի: Միգուցե, պետք էր ասել, որ Ավրելիանոսը զրուցում էր Աստծո հետ և Աստված այնքան քիչ էր հետաքրքրվում կրոնական վեճերով, որ նրան Հովհաննես Պաննոնացու հետ էր շփոթել: Սակայն դա կնշանակեր ակնարկ առ շփոթության հնարավորություն աստվածային մտքում: Ճիշտ կլիներ ասել այլ կերպ. դրախտում Ավրելիանոսն իմացավ, որ անքննելի Աստծո համար ինքը և Հովհաննես Պաննոնացին՝ ուղղափառը և հերձվածողը, ատողը և նա, որին ատում էին, մեղադրողը և մեղադրյալը նույն անձն էին:

Թարգմանեց Պավել Ճաղարյանը:


1 Comment

  1. Հ. Մ. says:

    Ո?վ է այս Պավել Ճաղարյանը, որ թեկուզ ռուսերենից այսքան հրաշալի թարգմանություն է արել

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: