Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Միջնակարգ դպրոց:

Մոտավորապես յոթերորդ դասարան:

Գուցե վե՞ցերորդ. չեմ հիշում:

Դրսում ամպամած էր: Դրսում ամեն ինչ ամպամած էր:

Ակտիվ, անհնազանդ, գերազանցիկներով լիքը մի դասարան:

Այդ օրվա մեջ մի տեսակ լրջություն կար: Կար լիարժեք պատանեկություն, աշխույժ, ծիծաղ, արկածախնդրություն… բայց այդ ամենի մեջ ինչ որ լրջություն կար:

Դասամիջոցի աղմուկ, դասի անկաշկանդ զսպվածություն, բայց ամեն մեկի ներսում, ինչ որ տեղ, հոգու պատանեկան հեռուներում` լռություն կար:

Մտամոլոր, անհաղորդ, ռոդենական մի լռություն…

Դասն ընթանում էր սովորականի նման:

Շշուկներ կային, երբեմն ծածուկ իրար փոխանցվող գրություններ կային, նախորդ օրը սեղանին արված նկարչության սխալների ուղղում կար` դարձյալ ծածուկ, պարբերաբար բռնկվող բանավեճեր կային, մեկին տրված հարցին համախառը պատասխանելու միտում կար, մրցակցություն կար… մի քիչ:

Փոխօգնություն կար: Օգնություն չստանալու դեպքում դասընկերուհուց նեղանալ կար:

Ուսուցչուհի կար, ով նկատողություն էր անում բոլորովին չվիրավորելով և առանց հոգեբանական բռնության:

Դասամիջոցի կարոտ, նորից սանձարձակվելու ցանկություն: Զանգի սպասում, խաղի սպասում, անհոգանալու սպասում:

Բուֆետ չկար:

Դա այն տարին էր, երբ աշակերտները զուգարանում միայն միզում էին:

Դա այն սերունդն էր, որի շրջանում հազվադեպ էր «Պոնչո» մականունը:

Դա ցամաքող այտերի և օրեցօր խոշորացող աչքերի, ամենախոշոր աչքերի սերունդն էր` ԻՄ Սերունդը…

Դուռը թակեցին:

Դասն ընդհատվեց: Ներս մտան երկու հոգի, որոնցից մեկն ուսուցչական անձնակազմից էր, իսկ մյուսն անծանոթ մի տղամարդ` եվրոպական արտաքինով:

Հենց սկզբից ևեթ, աշակերտները սկսեցին ուշադիր զննել նիհարակազմ, միջահասակ, ճաղատ, բեղավոր ու ակնոցավոր անծանոթին: Սպիտակ վերնաշապիկով էր, որը կարծես թե ճմրթված էր, սակայն հասկանում եմ, որ չէր կարող ճմրթված լինել, պարզապես ինձանում նա տպավորվել էր  ամբողջովին ճմրթված (տղամարդու մեր իդեալը ֆիդային էր):

Նրա բարակ վզից կարմիր, բարակ ժապավենով կախված մի անվանաքարտ կար: Տպավորիչ էր:

Ներս մտածները ներողություն խնդրեցին դասն ընդհատելու համար, ապա առաջացան: Նրանց ձեռքերում թերթով փաթաթված չորաբլիթներ կային:

Բլիթնե՜ր…

Ասացին, որ բլիթներն արտասահմանյան այսինչ կազմակերպության կողմից օգնություն է մեր երկրի սոված աշակերտներին, քանի որ դրսում բարեգործները գիտեն, որ երեխաները մեր երկրում ուսանում են կիսաքաղց…

Դասարանը ցնցվեց անակնկալի եկած:

Առաջին անգամ սովն իբրև վիճակ ստամոքսում նրանք զգացին որպես պիտակ իրենց ճակատին…

Առաջին անգամ նրանց մերկացրին իրարու առաջ և որակեցին հրապարակավ… «սոված մանուկներ»…

Առաջին անգամ նրանց խղճացին… ճանաչեցին խեղճ… մարդիկ, ովքեր իրենց իսկի չէին էլ ճանաչում…

Առաջին անգամ նրանք հասկացան, որ դրսում բարեգործները չգիտեն, որ իրենք պատրաստ են դիմանալ այնքան, մինչև վերջին հագարացին…

Մինչև վերջին հագարացին…

Մինչև վերջին կես հագարացին…

Բարակ վզով անծանոթը մեծ ակնոցների միջից ժպտում էր բարեկամաբար ու նրա շեկ բեղերից անհոգություն էր ծորում:

Իսկ Սերունդս, պատմության դասագրքի խորքերից նայում էր բլիթային այդ ժպիտին ու պատրաստ էր ամեն ինչ տալու, միայն թե չպատմագրվի այդ օրը:

Ինչով կուզի թող լցվի հերթական էջը պատմության, միայն թե ոչ… բլիթներով:

Հյուրերը բաժանեցին բլիթները, յուրաքանչյուրին` երկուական: Դասավորում էին սեղանի կենտրոնից աջ ու ձախ, ամեն մեկի բաժինն իր առջև դնելով:

Հետո նորից ներողություն խնդրեցին դասն ընդհատելու համար ու հեռացան:

Ամոթ… Հիշում եմ ամոթ… Անպատվություն եմ հիշում: Բլիթներով ականապատված սովետական սեղանների ամպամած գորշությունն եմ հիշում…

Ուսուցչուհին նայում էր աշակերտներին, նայում էր առանց մի բառ ասելու:

Դասարանը նստած էր զգաստ: Հավաք, որպես երբեք չէր եղել: Ոչ ոք չէր նայում իրեն բաժին հասած օգնությանը: Ոչ ոք չէր նայում ուսուցչուհուն: Նրանք չէին նայում միմյանց:

Քար լռություն էր: Բոլորը նայում էին գրատախտակի սևին, բայց դրան էլ ոչ ոք չէր նայում:

Բոլորը նստած էին բարակ այտերի տակից ծնոտները սեղմած, կարծես ատամներով պահելիս լինեին այն աներևույթ անհասկանալին, որն իրավունք չունեին կորցնելու, և որը մի օր, պիտի որ պետք գար:

Ուսուցչուհին նայում էր աշակերտների խոցված աչքերին ու փորձում էր հասկանալ նրանց դեռահաս վարքագիծը:

Փորձում էր ըմբռնել, թե որտեղի՞ց այս դեղնակտուց չարաճճիներին այսքան հասուն հպարտություն:

Եվ որքանո՞վ էր այդ ամենը խելամիտ, կիսաքաղց ճստոներ:

Ո՞վ էր այդքան հիմնավոր ձեր ատամի տակ դրել արժանապատվության նշխարհը:

Բլիթնե՜ր…

Առաջին անգամ սովն իբրև վիճակ ստամոքսում, զգացվեց որպես պիտակ նրանց հպարտ ճակատներին…

Առաջին անգամ և ցմահ…

-Դասը շարունակում ենք,- վերջապես ասաց ուսուցչուհին,- բլիթները կուտեք դասամիջոցին:

Փորձում էր ինչ որ կերպ մթնոլորտը փոխել` ոչինչ չէր ստացվում: Քար լռություն էր, քար անտարբերություն:

Վերջապես զանգը հնչեց: Դասամիջոց: Բոլորն, առանց խոսք անգամ փոխանակելու դուրս եկան դասարանից:

Դասարանում մնացին սեղանները… ու բլիթներ…

Դասամիջոցը չեմ հիշում:

Հաջորդ դասին, մեկ այլ ուսուցչուհի զարմանքով հետաքրքրվեց, թե ինչու՞ աշակերտները բլիթները չեն կերել:

Ոչ ոք չպատասխանեց:

Ապա ուսուցչուհին հանձնարարեց բլիթները վերցնել սեղաններից: Ոչ ոք տեղից չշարժվեց:

Ուսուցչուհին չպնդեց: Նրան հայտնի էր համարձակ այդ դասարանի համառությունը:

Ընթացքում մոտենում էր այս կամ այն աշակերտին, ծածուկ հարցնում էր, թե ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվում: Ոչ ոք չպատասխանեց նրա դատարկ հարցերին: Ոչ ոք չէր էլ կարող բացատրել…

Դասն անցավ անտարբեր և իմիջայլոց: Անսիրտ, ձևական մի դաս…

Վիրավորանքը հետզհետե մարում էր, քաղցը` գնալով սաստկանում: Բլիթներն աչքով էին անում, ինչպես կասեր գրականության ուսուցչուհին: Ուսումնական օրվա վերջին դասն էր:

Զանգը հնչեց…

Վերջին անգամ այդ դասարանի աշակերտները միասին կլինեն իրենց ավարտական երեկոյին, որից հետո այլևս երբեք միասին չեն հավաքվի:

Այդ դասարանի ավելի քան կեսը կընդունվեն բարձրագույն ուսումնական հաստատություններ, որն այդ ժամանակների համար կլինի ռեկորդային ցուցանիշ:

Նկարագրված դեպքերից տասնվեց տարի անց նրանց մեծ մասը կայուն աշխատանք որոնելու մեջ կլինի: Իսկ մյուսներից համարյա ոչ ոք աշխատելիս չի լինի իր մասնագիտությամբ:

Հենց այդ ժամանակ էլ երկրիս ղեկավարներն ու մեծանուն գործարարներն ամեն պատեհ և անպատեհ առիթով աչքի կընկնեն հրապարակային բարեգործությամբ ու խեղճերին օգնություն տրամադրելով:

Իսկ բլիթները դեռ այնտեղ են, տիկնա՛յք և պարոնա՛յք, աշակերտական սեղանների վրա…

Դրանցից և ոչ մեկին կիսաքաղց մեր մատները այդպես էլ չդիպան:

Հայկ Մանասյան

27.05.09.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: