Անահիտը դպրոցից հետո փակվում էր տանը, դուրս չէր գալիս ու ոչ ոքի հետ չէր շփվում, բացի մայրիկից, տատիկից, ում հետ ապրում էր և իրենց հարևանուհի Անիից։
Դասերի ժամանակ էլ նստում էր հետևի շարքում ու լուռումունջ էր: Նա Անիից բացի ուրիշ ընկերուհիներ չուներ: Անահիտն ամաչում էր իր արտաքինից և համարում էր, որ տգեղ է և գեր։
Երբ Անին փորձում էր նրան համոզել, որ տանից դուրս գա զբոսնելու՝ Անահիտը հրաժարվում էր՝ պատճառաբանելով, որ չի սիրում զբոսնել։ Իրականում նա մտածում էր, որ շրջապատի երեխաները ծիծաղում են իր արտաքինի վրա:
Նա համարում էր, որ բնությունը իր հետ չար կատակ է խաղացել՝ ստեղծելով անհրապույր, տգեղ ու գեր ու չէր փորձում սեփական նախաձեռնությամբ ուղղել այդ իրավիճակը։
Երբ Անահիտը ավարտեց դպրոցն ու մտավ կյանք՝ նրա ինքնագնահատականը կամաց-կամաց փոխվեց: Հետագայում նա ծիծաղելով էր հիշում այդ ամենը՝ գիտակցելով, որ դա ընդամենը բարդույթ է՝ կապված անցումային տարիքի հետ:
Անցումային համարվում է 12-17 տարեկան տարիքը, իսկ այդ տարիքի երեխաներն անվանվում են դեռահասներ: Այդ շրջանում տեղի են ունենում նշանակալի հոգեկան և ֆիզիկական փոփոխություններ, որոնց հետևանքով շատ դեռահասների մոտ առաջանում են բարդույթներ։
Տարիքին բնորոշ բարդույթներից մեկն այն է, որ նրանք հաճախ են կենտրոնանում այնպիսի ֆիզիկական առանձնահատկությունների վրա, ինչպիսին են ավելորդ քաշը, մեծ թվացող քիթը, երկար ձեռքերն ու ոտքերը, վատ մաշկը։ Հաճախ նրանց դուր չի գալիս իրենց ողջ կազմվածքը, նեղվում են դրա պատճառով ու մտահոգվում։
Երբեմն իրական ֆիզիկական թերությունների դեմ պայքարելու ու դրանք շտկելու փոխարեն՝ նրանք ընկնում են հիասթափության մեջ և ձեռք են բերում շատ ցածր ինքնագնահատական։
Իրականում, այդ բոլոր բարդույթներն անհիմն են, քանի որ եթե մի բանի վրա երկար կենտրոնանաս՝ անպայման մի թերություն կգտնես։ Ոչ ոք կատարյալ չէ: Բացի այդ արտաքինը այդքան կարևոր չէ, ինչքան թվում է։ Բազմաթիվ օրինակներ կան, երբ մեծ հաջողության են հասել այնպիսի մարդիկ, որոնց արտաքինը հեռու է կատարելությունից, օրինակ Մհեր Մկրտչյանը` մեր շատ սիրելի Ֆրունզիկը: Նա Հայաստանում և նախկին Սովետմիությունում ամենասիրված և ճանաչված դերասաններից է։