Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Երբ սխալ երթուղային ես նստում…

Երբ սխալ երթուղային ես նստում…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Կանգառից մինչև հոգեբուժարան տասը րոպեի ճանապարհ է: Սիրում եմ երթուղայինից իջնելուն պես ռադիոն միացնել, ալիքները խառնել, լավ երգ գտնել ու դրա տակ քայլել դեպի հոգեբուժարան: Դա ամենալավ ճանապարհն է մտածելու համար:

Քանի որ էս վերջերս Ջոն Իրվինգի «Մինչև քեզ գտնեմ» գիրքը մեծ տեմպերով եմ կարդում, ապա տրամաբանական է, որ ճանապարհին մտածելու նյութս հենց վեպում տեղի ունեցող իրադարձություններն են:

Գրքի հերոս Ջեք Բըրնսն իր ողջ կյանքի ընթացքում կապ է պահպանում իր երրորդ դասարանի ուսուցչուհու հետ՝ ընթացքում «Միսս Ուըրց» դիմելաձևից անցնելով «Քերոլայնի»: Մտածում եմ. «Կարո՞ղ եմ երբևէ իմ ուսուցիչներից կամ դասախոսներից որևէ մեկին ինչ-որ ժամանակ սկսել անունով դիմել, եթե ի սկզբանե այդպես չի եղել»:

Մեկ էլ որտեղից որտեղ 109-ն է գալիս: Սա մի յուրահատուկ երթուղային է, որովհետև մեր փողոցով էլ է անցնում, բայց, որքան էլ զարմանալի լինի, կյանքիս մեջ ընդամենը մի անգամ եմ դրանով Նորք բարձրացել, որովհետև այնքան հազվադեպ է գալիս, որ երթուղային փոխելով ավելի շուտ ես հասնում, քան 109-ին սպասելով: Իսկ Նորքից իջնելիս ընդհանրապես չեմ նստել. չի եկել:

Էսօր հիշեցի, որ 109-ը կինո «Ռոսիա» էլ է գնում, համ էլ մեջը լիքը նստելու տեղ կար: Կանգնեցրի: Ճանապարհին կարդում եմ երթուղին, տեսնում եմ՝ «Տաշիրով» է գնում, հետևաբար կինո «Ռոսիա» էնքան էլ չի հասնում: Ջղայնանում եմ, բայց որոշում եկեղեցու մոտ իջնել, ոտքով գնալ:

Աստիճաններով բարձրանում եմ, որ մյուս կողմից իջնեմ: Մեկ էլ ներքևում տեսնում եմ մի ծանոթ կնոջ ու մի քանի վայրկյանում իջնում այն ներքևը, որտեղից հենց նոր էի բարձրացել: Անընդհատ գրկախառնվում ենք, խոսում, գրկախառնվում, խոսում… Ընդհանրապես չէր փոխվել, չէր ծերացել: Անգամ նույն հագուստով էր, որով մեր դասարան էր մտնում:

Սանրվածքն էլ նույնն էր, մազերը նույն գույնի էին: Ինձ էլ ասում է.

– Չես փոխվել:

Ասես վերջին անգամ երեկ էինք հանդիպել: Հետո նկատում է.

– Մազերդ կտրել ես:

Ի՜նչ հետաքրքիր է. մարդիկ ինձ միշտ երկար մազերով են հիշում, չնայած իմ ամբողջ կյանքը՝ սկսած վեց տարեկանից, երկար ու կարճ մազերի հերթագայում է եղել:

Իմ կենսաբանության ուսուցչուհին էր՝ ընկեր Յոլչյանը: Նա և էլի մի երկուսը այն քչերից էին, որոնց շնորհիվ դպրոցը հաճույքով էի հիշում: Իսկ 100-ամյակի նկարահանումների ժամանակ նստեցի տեսախցիկի առաջ ու առանց խղճի խայթ զգալու մոտավորապես այսպես արտահայտվեցի. «Հիշում եմ՝ բազմաթիվ ուսուցիչներ դեմ էին, որ գնամ մեդալի, բայց կային մի քանիսը, ովքեր ինձ քաջալերում էին… Հիշում եմ Աղաջանյանի դասերը, երբ ուսումնասիրում էինք բջիջը: Այն ժամանակ չէի կարողանում պատկերացնել, որ մարդը բաղկացած է բազմաթիվ էդպիսի մասնիկներից: Հիշում եմ Յոլչյանին… Եթե նա չլիներ, գուցե կենսաբանությունն էդքան չսիրեի, բժշկական չդիմեի»: Կարծեմ մաթեմատիկայի Խոջոյանի անունն էլ եմ հիշատակել: Ոնց որ դիտմամբ արտասանել եմ այնպիսի ուսուցիչների անուններ, որոնցից մեկը մահացել է, իսկ երկուսը հեռացել են դպրոցից: Ու դրա ցուցադրությանը պիտի ներկա գտնվեին նրանք, ովքեր դեռ աշխատում էին դպրոցում, ինձ դաս էին տվել, բայց որոնց անունները հիշել նույնիսկ չէի ուզում:

– Ընկեր Յոլչյան, գիտեք, վերջերս Ձեզ հաճախ եմ հիշում,- ասացի հերթական գրկախառնությունից հետո, բայց կարծեմ ստեցի, որովհետև ես միշտ եմ նրան հիշում ու մտածում՝ որտեղ է: Վերջին անգամ էսպես պատահաբար կարծեմ երկրորդ-երրորդ կուրսում էի տեսել:

– Էրեխեքի հետ կապ ունե՞ս,- հարցնում է:

– Չէ, ոչ մեկի,- պատասխանում եմ,- հա, մենակ Գայանեի հետ մեկ-մեկ շփվում եմ, էն էլ հիմա Կանադայում ա:

– Գայանեն ո՞վ էր:

Զարմանում եմ, որ չի հիշում:

– Գերազանցիկ էր, մեր դասարանից էր: Չե՞ք հիշում:

– Չէ, դու ու՞մ դասարանից էիր… Խաչատրյանի՞:

– Չէ, Անիկի,- արհամարհանքով պատասխանում եմ, չնայած ասում են՝ մահացածի հետևից չի կարելի վատը խոսել: Ուղղակի իմ այդքան խոցելի տարիքում դասղեկս էնքան հակամանկավարժական վերաբերմունք էր ցույց տվել իմ նկատմամբ, որ մինչև հիմա էդ ամեն ինչը հիշելիս մի տեսակ լարվածություն է առաջանում: Իհարկե, վերջում տնօրենից սկսած, գողական ֆիզկուլտի ուսուցչուհով վերջացրած բոլորին մանթո գցեցի՝ ավարտական քննություններս փայլուն հանձնելով, առանց մի կոպեկ կաշառք տալու մեդալ ստանալով ու ԵՊԲՀ անվճար ընդունվելով:

Մեր տնօրենից խոսեցինք: Յոլչյանն էլ նրան չէր սիրում: Պատմեցի, թե ոնց էր ավարտելուց հետո քծնում: Լռեցի, թե ինչ ստերի էր դիմում, որպեսզի այնպես անի, որ մեդալի չգնամ:

Հիշեցի մորս ու տատիկիս մղած բոլոր պատերազմները, իմ կողքին կանգնած ուսուցիչներիս:

– Քո նամակները պահել եմ:

Նամակներ… նամակներ… «ներ» չեմ հիշում: Հիշում եմ, որ վերջին դասին մի թղթի վրա ինչ-որ հրաժեշտի խոսք գրեցի, գուցե նամակ: Ինքն էլ իմ տետրը վերջին անգամ ստուգել, ստորագրել էր, վերջում էլ իր կողմից մի բան գրել, որը ես էլ մինչև հիմա պահում եմ:

Աշակերտներից քչերն էին սիրում նրան, բայց նա էլ քչերին էր սիրում: Եղել է՝ ձմռանը դասարանից ոչ ոք դասի չի եկել, բացի ինձնից: Ինձ հետ մենակ նստել, դաս է արել: Ուրիշ դեպքերում ես էլ կթողեի-կթռնեի, բայց կենսաբանությունը չեմ կարող նկարագրել, թե ինչպես էի սիրում, հատկապես 9-րդ դասարանում: Պատահել է՝ ամբողջ դասարանում միայն իմ կիսամյակն է «5» դրել: 7-րդ դասարանում էլ դասը պատմում էր, հետևից վեր էի կենում, նոր դասը պատմում, էդքան ուշադիր էի լսում: 8-րդում, որ Փարիզ էի գնացել, երկու շաբաթ դասերից բացակայել էի, բայց մենակ կենսաբանության ու մաթեմի դասերն էնտեղ սովորում էի: Ո՜նց ուրախացավ, երբ վերադարձիս հաջորդ օրը կանգնեցի, դաս պատասխանեցի: Բա՛,  երբ 10-րդում կենսաբանության քաղաքային օլիմպիադայի դիպլոմս հասավ դպրոց, տարա նրան ցույց տալու, ո՜նց հուզվեց: Հետո ո՜նց էդ դիպլոմը ձեռքին մտավ տնօրենի մոտ, որ ասի. «ո՞նց սենց էրեխուն չես թողնում մեդալի գնա»: Ու ոնց մեր դասարանի Սյուզիի գրած քյառթու բանաստեղծություններն արհամարհեցի, Արայի խնդրանքով Յոլչյանի համար նոր տեքստ գրեցի, որը նա ասաց բեմի վրա: Թեև Արայի շուրթերից էին հնչում, բայց դրանք հենց էն խոսքերն էին, որոնք ես կասեի նրան: Էն ժամանակ, չգիտեմ ինչու, որոշել էի, որ իմ ամենասիրելի ուսուցիչներից ոչ մեկի տեքստը ես չեմ ասելու, բայց բոլորինը ես էի գրել՝ փրկելով նրանց Սյուզիի քյառթու, ոչինչ չասող զեղումներից:

Էսօր, երբ տեսա նրան, զգացի, որ կարիք ունեի մի էդքան սիրելի մարդու հանդիպելու ու գրկելու. դա ինձ մի քանի ամիս կբավականացնի:

Եթե 22-ը 109-ից առաջ գար…

Բյուրակն Իշխանյան,  02.04.2010

Advertisements

2 Comments

  1. Amalia says:

    Byuuuuuuuuuuuuur……iiiiiinc sirun es grel!!!!! erevi iran vor tesnei hima yes el hamarya ko chap azdvei!!

    Like

  2. […] որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր դպրոցում […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: