Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Աղքատությունը ոտնահարում է երեխաների կրթության իրավունքը

Աղքատությունը ոտնահարում է երեխաների կրթության իրավունքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Սրբուհին ու Լիլիթը քույրեր էին, սակայն երբեք միասին դպրոց չէին գնում: Նրանց ընտանիքը ծայրահեղ աղքատ վիճակում էր ապրում, և քույրերին ծնողները հագուստով և գրենական պիտույքներով ապահովել չէին կարողանում:

Քույրերը դասերը պատրաստում էին հարևանի երեխաների դասագրքերով, իսկ դպրոց գնալու համար երկուսով մեկ հագուստ ունեին (տանը քույրերը հագնում էին բազմիցս պատռված ու  կարկատած շորեր): Այդ պատճառով էլ հերթափոխով էին դպրոց գնում` մի օր Սրբուհին, մի օր` Լիլիթը:

Դպրոցում, սակայն, քույրերին լավ չէին ընդունում. հասակակիցները, համադասարանցիները ծաղրում էին նրանց, պիտակներ կպցնում հնամաշ հագուստի և հողաթափերի  պատճառով:

Լիլիթը չդիմացավ ծաղր ու ծանակին և 5-րդ դասարանից այլևս դպրոց չգնաց: Սրբուհու սովորելու ձգտումը, սակայն, մեծ էր, ու նա միջավայրի
ճնշումներին դիմացավ մինչև հիմնական դպրոցն ավարտեց  ու վկայական ստացավ: Նա, սակայն, մեկուսացված էր բոլորից, ոչ մեկի հետ չէր շփվում, դասարանում էլ նրա ներկայությունը կարծես ոչ ոք չէր նկատում:

Սրբուհին և Լիլիթը, ինչպես և մյուս բոլոր երեխաները, անկախ սոցիալական դրությունից, սեռից, ազգությունից և ռասայից, ունեն կրթություն ստանալու իրավունք: Դա ամրագրված է թե´ միջազգային, թե´ ՀՀ օրենքներով. «Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք»:

Երեխայի կրթության իրավունքն ապահովելու համար Հայաստանում  միջնակարգ կրթությունն անվճար է:

Պետական համապատասխան մարմիններն էլ պարտավոր են ստեղծել  անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսևորման, տաղանդի, մտավոր և ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական և մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ և այլն:

Փաստացիորեն Լիլիթի և Սրբուհու կրթության իրավունքի իրականացման համար կային պայմաններ` բնակավայրին մոտ դպրոց և անվճար կրթություն: Այս դեպքում երեխաների կրթության իրավունքի խախտման պատճառ էր նրանց ընտանիքի սոցիալապես անապահով դրությունը:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, աշխարհի զարգացող երկրներում՝ գյուղական բնակավայրերում երեխաների 30 տոկոսը, իսկ քաղաքներում` 18 տոկոսը զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից:

Հայաստանում դպրոցահասակ երեխաների 10 տոկոսը սոցիալական  խնդիրների պատճառներով դպրոց չի հաճախում:  Դպրոց ընդունվողների մոտ 25 տոկոսն էլ չի հասնում բարձր դասարաններ:

Հայաստանը, ինչպես և աշխարհի շատ երկրներ, պարտավորվել է քայլեր ձեռնարկել` կրթության իրավունքը բոլորին հասանելի դարձնելու համար: Այդ իրավունքի ապահովման հիմնական միջոցներից է բնակչության սոցիալական դրության բարելավումը և պայքարը ծայրահեղ աղքատության դեմ:

Advertisements

15 Comments

  1. arpushka says:

    Կարծում եմ դա իսկապես խնդիր է,բայց կցանկանամ նշել,որ Հռոմում մեծ ճանաչում գտած պրոերեսիոս Պրույր Հայկազն էլ էր նախքան իր փառքը,քույրերի նման ապրում:Նա տանից դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ ընկերը տանն էր լինում,քանի որ նրանք երկուսով ունեին մեկ վերարկու,բայց դա նրան չխանգարեց, որ նա սովորի և հետագայում փայլի ողջ Հռոմում:Նա ապրում էր նկուղում, սակայն ուներ մեծ կամքի ուժ: Խորհուրդ կտայի նույնն էլ Լիլիթին

    Like

    • Լավ օրինակ է Արփուշկա ջան, բայց բացառիկ։ Սովորաբար մարդիկ մինչև իրենց հիմնական պահանջմունքները չբավարարեն (ուտել, խմել, քնել, շփվել, սիրել), չեն կարող վեհ գործերով զբաղվել՝ սովորել, մտածել, փիլիսոփայել։ Սա առաջին անգամ նկատել է ամերիկացի հոգեբան Մասլոուն ու դրա հիման վրա կառուցել մի սխեմա, բուրգ, որը անվանում են Մասլուի պահանջմունքների բուրգ։ Դրա հիմքում ընկած են բազային, կենսաբանական պահանջմունքները, ապա սոցիալական՝ շփվել, պաշտպանված լինել։ Ամենաբարձրում էին գտնվում արդեն ստեղծագործելու, սովորելու, արարելու պահանջմունքները։ Եվ քանի դեռ բավարարված չեն հիմքում գտնվողները, մարդ չի զգում վերինների անհրաժեշտությունը։
      Իհարկե Մասլուն ընդունում էր, որ կան բացառիկ մարդիկ, հենց քո բերած օրիանակով, ովքեր խախտում են բուրգի օրենքը և անտեսում են հիմնային պահանջմունքները։ Բայց նրանք հազվադեպ են հանդիպում։

      Like

    • Չնայած ես ավելի շատ համաձայն եմ քո հետ ու կարելի է ամեն ինչին այլ տեսանկյունից նայել ու ամեն անհաջողությունից, դժբախտությունից լավը, օգտակարը քաղել։ Ու շատ մեծ մարդիկ կան, ովքեր սկսել են հենց վատ սոցիալական կյանքով, բայց մասամբ հենց դրա շնորհիվ էլ առաջ են գնացել։ Մտածելակերպի ու աշխարհայացքի հարց է։

      Like

  2. ArEv Ka says:

    Ճիշտ է Լիլիթը դրանից իրեն շատ վատ էր զգում, և 5-րդ դասարանից էլ դպրոց չէր գնում, բայց դա իսկապես շատ սխալ է, որովհետև երեխան պետք է դպրոց գնա, որպեսզի ուսում ստանա: Պետք է նա նույնպես վարվեր Սրբուհու նման, և ուղղակի արհամարհեր նրանց, և շարունակեր ուսումը:

    Like

  3. arpushka says:

    Համաձայն եմ Արմինե ջան,իսկապես բոլոր տնտեսակարգերում էր կարևորվել է պահանջմունքները և շատ տեղին ես նշում Մասլոուի պահանջմունքների բուրգը,որտեղ նա առանձնացրել է 5 կարևոր մարդկային պահանջմունքները,իմիջայլոց ես ապագա տնտեսագետ եմ:Իրոք կան բացառիկ մարդիկ,ովքեր ունեն մեծ կամքի ուժ,կա մարդկանց մեկ այլ տեսակ էլ, ովքեր նույնիսկ փառքի հացնելիս էլ մնում են նույնը:Հենց իմ օրինակում Պարույր Հայկազնը դրանցից մեկն էր,նրա աշակերտը Հուլիանոս կայսրն էր,նա ուներ փառք,պատիվ,հարստություն,բայց իր աղքատիկ պայմաններից չէր հրաժարվում,ուղղակի նկուղից բարձրացել էր վերևի հարկ:Այ թեկուզ մեծերի օրինակին հետևելով կարելի է ուժ հավաքել և դրսևորել մեծ կամքի ուժ

    Like

    • Օ՜, տնտեսագետնե՞րդ էլ եք Մասլոու անցնում։ Ինչ լավ է ։)))
      Միշտ ուրախանում եմ, որ մարդիկ հոգեբանորեն կրթված են լինում։
      Բայց օրինակ որոշ հոգեբան-գիտնականներ ասում են, որ կամքի ուժ գոյություն չունի։ Դա ուղղակի դրդապատճառների, մոտիվացիայի առկայությունն է, մոտիվացիա ունես անում ես, չէ՝ չես անի 😉 Այսինքն իրավիճակից ու արժեքային համակարգից է կախված՝ եթե քո համար իսկապես նշանակություն ունի, ապա կհասնես դրան։ Այս առումով երևի ճիշտ է այն խոսքը, թե ամեն մարդ արժանի է այն ամենին, ինչ ունի։

      Like

  4. Շուշաննա says:

    Գիտեք ես լրագրող եմ, բայց ես էլ եմ Մասլոուից տեղյակ: Իսկ նմանատիպ խնդիրների լավ եմ ծանոթ, ես Գյումրիում եմ ապրում ու հավատացեք, իմ քաղաքում նման դեպքերը զարմանալի չեն… Ընդհանրապես, սոցիալական խնդիրները շատ են մեր երկրում, ուղղակի մենք բարձրաձայնելուց բացի այլ բան չենք կարող անել: Ուրախ եմ, որ գոնե անդրադարձ կա, առավել ուրախ եմ, որ արձագանքողներ կան….

    Like

  5. Իհարկե, մեր իրականությունում առկա նման խնդիրները բարձրաձայնելը և հանրային քննարկման առարկա դարձնելը կարևոր է, քանի որ միայն այդպես է հնարավոր լուծումներ գտնել, ինչպես նաև փոխել հասարակական գիտակցությունը: Բացի այն, որ պետական մակարդակով խնդիրը լուծման կարիք ունի, հանրությունն էլ պետք է փոխի իր վերաբերմունքը: Կարծում եմ, Լիլիթը կկարողանար շարունակել կրթությունը, եթթ հասակակիցները նրան ծաղրուծանակի առարկա չդարձնեին: Դեռ մանուկ հասակից երեխաներին պետք է սովորեցնել, որ մարդիկ հավասար են` անկախ արտաքինից, հագուստից, սոցիալական դրությունից, կարևորը մարդկային հատկանիշներն են:

    Like

  6. arpushka says:

    Իհարկե անցնում ենք Մասլոու:Գիտեք այդքան էլ համաձայն չեմ,որ կամքի ուժ գոյություն չունի:Բայց կարծում եմ, ինչը մեզ համար շատ կարևոր է լինում,մենք այդտեղ ավելի ուժեղ կամք ենք ցուցաբերում: Մարդուն շատ հեշտ է կառավարել իր մոտիվների օգնությամբ:Յուրաքանչյուրս էլ շատ ժամանակ կարևորում ենք մեր սեփական շահերը:Այդպես չեք կարծում?

    Like

    • Կամքի մասին չգիտեմ, դա շա՜տ խոր խնդիր է հոգեբանության և փիլիսոփայության մեջ, շատ տեսություններ կան, որոնք սակայն այդպես էլ մնում են տեսության կարգավիճակով։ Հետաքրքիր թեմա է, իրոք։

      Հա, իհարկե, յուրաքանչյուրի շահերը առաջնային են իր համար և դա նորմալ է։ Բնությունից է այդպես դրված և դա գոյության պայքարում հաղթելու առաջին պայմանն է։ Բայց այ, եթե ինչ-որ մեկին կարողանում են մանիպուլացնել իր պահանջմունքերի իմացության հիման վրա, ուրեմն ինքը այդքան էլ լավ չի ճանաչում իր շահերը, այդպե՞ս չէ 😉

      Բայց շատ անգամ մենք կարծում ենք թե գիտենք դիմացինին, բայց իրականում պարզվում է, որ ուղղակի պատկերացումներ էինք կազմել նրա մասին որոշակի սակավաթիվ տվյալներից ելնելով ու կարծում ենք, թե կարող ենք ղեկավարել նրան։ Բայց մարդիկ շա՜տ ավելի անկանխատեսելի են, քան թվում է։ Այնքան շատ ներքին ու արտաքին գործոններ են պայմանավորում մարդու վարքը, որ դժվար է, եթե ոչ անհնար, դրանք բոլորը հաշվի առնել ու ասել, թե ինչ կանի նա։

      Like

  7. arpushka says:

    Կարծում եմ մեր երկրում նման խնդիրներ են առաջանում մեր ազգի հոգեկերտվածքից և զարգացվածության մակարդակից,մեր հասարակությունում միշտ էլ առանձնացվել են հարուստները և աղքատները դեռ շատ վաղուց, և դա իրոք խնդիր է

    Like

    • Խորհուրդ կտամ ընդհանրապես մարդուն կամ որոշ խմբերին բնորոշ հատկանիշները չվերագրել ազգին, այսպես միայն խեղաթյուրվում է ազգային նկարագիրը և «աչքը շինելու փոխարեն ունքն էլ ենք հանում»: Հարուստ-աղքատ տարբերակումը և դասակարգային խնդիրը առկա է ողջ աշխարհում` մարդկության գոյության սկզբից:
      Պարզապես ամեն ծնող իր երեխային դաստիարակելիս պետք է նրա մեջ արմատավորի մարդկանց հավասարության գաղափարը, կամ երբ նկատում է, որ իր երեխան ծաղրում է որևէ երեխայի միայն հագուստի, կամ արտաքինի համար, պետք է բացատրի, որ նման բան անթույլատրելի է: Նույնիսկ առանց բացատրությունների` եթե ծնողն իրեն արժանավայել պահի, զավակը կընդօրինակի նրա վարքը:

      Like

  8. arpushka says:

    Համաձայն եմ ձեր հետ Հայկուհի ջան,ամբողջ աշխարհում էլ այս խնդիրը կա,բայց կարծում եմ մեր մոտ արդեն արմատացել է:Սակայն ինձ թվում է ոչ մի բանն էլ անհնարին չէ,ժամանակի ընթացքում այս հարցն էլ կլուծվի:Հենց մեկը եկեք հիշենք, թե տարիներ առաջ ինչ ձև էին հալածում սևամորթներին,միայն նրա համար,որ իրենց մաշկի գույնը սև է:Անձամբ ես շատ եմ սիրում սևամորթներին 🙂

    Like

    • Իսկ ինչու սպասել, որ ժամանակ անցնի: Հենց այս ամենի իմասնտն այն է, որ յուրաքանչյուրս գիտակցի խնդիրը և իրենից սկսի փոփոխությունը: Եթե ամեն մեկս մյուսներին ընդունենք որպես մեզ հավասար մարդիկ, որոնք ունեն այն բոլոր իրավունքները, ինչ մենք, արդեն իսկ տեղաշարժ կլինի: Խոսելու և սպասելու փոխարեն հարկավոր է գործել:

      Like

  9. […] շարունակությունը այստեղ ՏպելԴիտվել է 1 անգամ: […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: