Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Հայնրիխ Բյոլ. «Իմ թանկ ոտքը»

Հայնրիխ Բյոլ. «Իմ թանկ ոտքը»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Հիմա նրանք ինձ հնարավորություն են տվել: Նրանք ինձ հաշվառման են վերցրել: Ես պիտի ներկայանայի աշխատանքային գրասենյակ և ես ներկայացա գրասենյակ: Պաշտոնավայրում նրանք շատ սիրալիր էին: Վերցրեցին իմ հաշվառման քարտը և ասացին. «Հըմ»: Ես էլ ասացի «հըմ»:

– Ո՞ր ոտքն է,- հարցրեց պաշտոնյան:

– Աջ:

– Ամբողջությա՞մբ:

– Ամբողջությամբ:

– Հըմ,- նորից արեց նա: Հետո սկսեց քրքրել տարբեր թղթեր: Ես կարող էի նստել:

Վերջապես մարդը գտավ մի թերթիկ, որն, ըստ երևույթին, ճիշտ իր ուզածն էր: Ասաց.

– Կարծում եմ, Ձեզ համար ինչ-որ բան կճարվի: Մի լավ գործ: Դուք հնարավորություն կունենաք նստած տեղը աշխատել: Կոշիկ մաքրող, հանրապետության հրապարակի հասարակական զուգարաններից մեկում: Ինչպե՞ս է:

– Ես չեմ կարող կոշիկ մաքրել, ես արդեն վատ մաքրողի համբավ ունեմ:

– Դուք կարող եք սովորել,- ասաց նա:- Մարդը կարող է ամեն ինչ սովորել: Գերմանացին ամեն ինչ կարող է: Ցանկության դեպքում դուք կարող եք անվճար դասընթացների մասնակցել:

– Հըմ,- արեցի ես:

– Բարի՞, ուրեմն:

– Ոչ,- ասացի,- ես չեմ ուզում: Ես ավելի բարձր ռոճիկ եմ ուզում:

– Դուք խելքներդ թռցրել եք,- մեղմ ու բարեկամաբար հանդիմանեց նա:

– Ես խելքս չեմ թռցրել, ոչ մեկը չի կարող ետ բերել իմ ոտքը, ես այլևս չեմ կարող սիգարեթ վաճառել, հիմա արդեն դա ինձ համար դժվար է:

Մարդը ետ ընկավ աթոռին և խոր հոգոց հանեց:

– Սիրելիդ իմ,- սկսեց նա,- ձեր ոտքը խելքից դուրս թանկ ոտք է: Տեսնում եմ` քսանինը տարեկան եք, առողջ սիրտ ունեք, առհասարակ կատարյալ առողջ եք, ոտքից գլուխ: Կապրեք յոթանասուն տարի: Խնդրեմ, հաշվեք, ամսական յոթանասուն մարկ, տարվա մեջ` տասներկու անգամ, ուրեմն` քառասունմեկ անգամ տասներկու անգամ յոթանասուն: Հաշվեք խնդրեմ, տոկոսները հանած: Մի կարծեք, թե ձեր ոտքը միակն է: Դուք ինքներդ նույնպես միակը չեք, ով հավանաբար դեռ երկար կապրի: Եվ այդ ամենով հանդերձ` ռոճիկը բարձրացնե՞լ: Ներող կլինեք, բայց դուք խելքներդ թռցրել եք:

– Պարոնս,- ասացի ես, իր նման ետ ընկա աթոռին և խոր հոգոց հանեցի,- կարծում եմ, որ դուք իմ ոտքը խիստ թերագնահատում եք: Իմ ոտքը շատ ավելի թանկ է: Շատ-շատ թանկ ոտք է: Ոչ միայն իմ սիրտն է կատարյալ առողջ, այլև, դժբախտաբար, գլուխս: Մի րոպե լսեք:

– Ժամանակ չունեմ:

– Լսեք մի րոպե,- ասացի ես,- նույն ինքը` իմ ոտքը շատ-շատերի կյանք է փրկել, այդ մարդիկ այսօր լավ ռոճիկ են ստանում:
Ահա թե բանն ինչպես եղավ: Բոլորովին մենակ պառկել էի առջևի գծում մի տեղ և հսկում էի, թե երբ նրանք կգային, որպեսզի մերոնք ճիշտ ժամանակին կարողանային հեռանալ: Հետին գծում շտաբները կազմ-պատրաստ սպասում էին. նրանք չէին ուզում ոչ շուտ, ոչ էլ ուշ հեռանալ:

Սկզբում երկու հոգով էինք, բայց նրան սպանեցին, նա էլ ոչինչ չարժեր: Ճիշտ է, ամուսնացած էր, բայց կինը ողջ է և ի վիճակի է աշխատելու. այնպես որ դուք վախենալու կարիք չունեք, նա ուրեմն սարսափելի էժան էր: Ընդամենը չորս շաբաթվա զինվոր էր և մի փոստային բացիկից ու զինվորի մի կտոր հացից ավելին չարժեր: Այնքան ազնիվ ու քաջ էր, որ առնվազն իրեն սպանել տվեց: Լավ, ուրեմն, մենակ պառկել էի այնտեղ և վախենում էի, և ցուրտ էր, ես էլ էի ուզում հեռանալ, այո, և այն է` ուզում էի հեռանալ, երբ մեկ էլ…

– Ես ժամանակ չունեմ,- ասաց մարդը և սկսեց փնտրել մատիտը:

– Ոչ, լսեք մինչև վերջ,- ասացի,- ամենահետաքրքիրը հիմա է: Հենց որ ուզում էի հեռանալ` ոտքիս այս պատմությունը եկավ գլխիս: Եվ որովհետև, ինչ խոսք, այդպես ընկած պիտի մնայի, մտածեցի ինքս ինձ` հիմա դու կարող ես արդեն ազդանշան տալ, և ես ազդանշան տվեցի, և նրանք բոլորը արանքը ճղեցին, հերթով, ըստ կարգի, նախ զորամասը, հետո գունդը, հետո գումարտակը և մնացածները` իրար ետևից, շարեշար: Տխմար պատմություն. նրանք մոռացան ինձ հետները վերցնել, պատկերացնո՞ւմ եք: Այնպես էին շտապում: Իսկապես որ տխմար պատմություն. թե որ ոտքս չկորցնեի, բոլորն էլ կմեռնեին` գեներալը, գնդապետը, մայորը` հերթով, ըստ կարգի, և դուք հիմա ստիպված չէիք լինի նրանց ռոճիկ տալ: Դե հիմա ինքներդ հաշվեք, թե ինչ արժե իմ ոտքը: Գեներալը հիսուներկու տարեկան է, գնդապետը` քառասունութ, մայորը` հիսուն, բոլորն էլ ոտքից գլուխ առողջ, առողջ սիրտ, առողջ գլուխ, իրենց զինվորական կենցաղն էլ վրադիր` կապրեն առնվազն ութսուն տարի, Հինդենբուրգի չափ: Դե, խնդրեմ, հաշվեք. հարյուր յոթանասուն անգամ տասներկու անգամ երեսուն, միջինը վերցնենք թեկուզ երեսուն, այո՞: Իմ ոտքը դարձել է խելքից դուրս թանկ, մեկը ամենաթանկ ոտքերից, որ ես կարող եմ երբևէ երևակայել, հասկանու՞մ եք:

– Չէ, դուք խելքներդ թռցրել եք,- ասաց մարդը:

– Ոչ,- պատասխանեցի,- ես խելքս չեմ թռցրել: Ափսոս, որ սիրտս գլխիս պես առողջ է, ափսոս, որ ոտքս կորցնելուց գոնե մեկ րոպե առաջ ինքս էլ չսպանվեցի: Մենք շատ փող խնայած կլինեինք:

– Հիմա ինչ, ուզու՞մ եք այս տեղը,- հարցրեց մարդը:

– Ոչ,- ասացի ես և դուրս եկա:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: