Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մի փունջ իմ դպրոցական կյանքից

Մի փունջ իմ դպրոցական կյանքից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Դպրոցի մասին, որտեղ սովորել ու ավարտել եմ` բազմաթիվ հուշեր ունեմ, որոնք հետս տանում եմ, ու որոնց մասին պատրաստվում եմ այստեղ կիսվել բոլորի հետ:

Դա մի սովորական երկհարկանի տիպիկ սովետական դպրոց էր, որոնցից ուղիղ 12 հատ կային մեր քաղաքում: Թաղամասը, որտեղ բնակվում էր իմ ընտանիքը, քաղաքի նորակառույց թաղամասերից էր. մեր շենքի հետևում դաշտ էր: Տարիների ընթացքում բարձրացան մնացած շենքերը, իսկ սովետի փլուզման հետ ծլեցին նաև կցորդ պատշգամբները, որոնք փչացնում էին շենքի արտաքին տեսքն ու մթնեցնում տան սենյակները:

Մեր դպրոցն էլ մեր թաղամասի պես նոր էր ու քաղաքի ամենաերիտասարդը: Ես խառը հիշողություններ ունեմ իմ դպրոցական տարիների հետ կապված, այնտեղ սեր կա և ատելություն, ծեծ, կշտամբանք, կրթություն, գիտելիք, թշնամանք, գնահատականի կռիվ, նվերի փող…

Դա բարեկարգ դպրոց էր, որը մեր տանից գտնվում էր ուղիղ հինգ րոպե ոտքի հեռավորության վրա. մեր տան պատշգամբից դպրոցի բակն ու շենքը երևում էր:

Դպրոցի առաջին հարկի երկար միջանցքը տախտակյա էր` ներկված, կարծես թե մուգ շագանակագույնով: Այդ փաղփաղուն  հատակը մաքրությունից շողում էր, ու շքամուտքի դիմաց, որն իրենից ներկայացնում էր երկու բարակ ապակյա դուռ, միշտ կանգնած էին մեր դպրոցի հավաքարարները, որոնք կարծես կեղտի թշնամիները լինեին: Նրանց ձեռքում միշտ հատակը փայլեցնելու համար երկար փայտ կար, որի ստորին ծայրին ծանր գործվածքից հին շոր էր ամրացված. դրանցով նրանք հատակին մաստիկա էին քսում կամ սալյարկա, ու դրանից հատակը միշտ փայլում էր:

Ես հիշում եմ, որ տարրական դասարաններում մեզնից պահանջում էին դպրոց բերել տան հողաթափեր և դպրոց մտնելուն պես` հենց մուտքի մոտ, մենք հանում էին մեր կոշիկներն ու հագնում տան հողաթափերը: Այդ սովորույթը հետագայում անհայտ պատճառներով վերացվեց, որովհետև այդ հիշողությունը կապված է տարրական դասարանների հետ: Ես հիշում եմ մեր դասարանի երեխաների ոտնամանները, որոնք խնամքով շարված էին դասարանի` դռանը հարող պատի երկայնքով: Այնտեղ էր նաև իմ տարրականի ուսուցչուհի Մելիքյանի բաց շագանակագույն կիսաբարձրակրունկ ամառային կոշիկները, որոնք, երբեմն, դասամիջոցներին հանդգնում էինք հագնել դասարանի աղջիկներով ու անել նրա տնազը:

Դպրոցի առաջին հարկի երկար միջանցքում հաստափոր փայտյա տակառներով ֆիկուսներ կային, որոնք բարձր դասարաններում, երբ արդեն զգացվում էր սովետի փլուզման առաջին նախանշանները, անհետացան` անհայտ ուղղությամբ: Դրանք շատ լավ հիշում եմ. կարծես երեք հատ էին ու դրված` երկար միջանցքի վերջավորություններում կամ առաջինից երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ:

Առաջին հարկում երկու տեղ նաև ցայտաղբյուր կար: Հենց դպրոցի շենքի ներսում ու առաջին հարկի երկար միջանցքում:  Դրանցից միշտ ջուր էր գալիս ու երկար դասամիջոցներին միշտ հերթ էր լինում: Ցայտաղբյուրները, որոնք դադարեցին գործել ճիշտ այն նույն սկզբունքով, որի հետևանքով անհետացան ֆիկուսները, ստանդարտ ուղղանկյուն, բաց մոխրագույն բազալտե ցայտաղբյուրներ էին, որոնցից մի հատը գտնվում էր ճիշտ շքամուտքի, իսկ մյուսը ետնամուտքի մոտ, որտեղից բացվող դուռը տանում էր դպրոցի բակ, ու որտեղ կանգնած յասամանի հսկայական ծառից մի անգամ ընկերուհուս հետ յասաման գողացանք:

Դպրոցը հսկայական բակ ուներ, որի հետնամասում ծիրանի ծառներ, իսկ երկու մուտքերի դիմաց ու բակը փողոցից անջատող բարձր ցանցի երկայնքով ծաղկանոցներ կային, որտեղ աճող բազմապիսի ծաղիկներից հիշում եմ բալագույն գագաթով մի ծաղիկ, որ կոչում էինք աքլորակատար: Այդ ծաղկանոցների ճակատագիրը դասավորվեց նույն կերպ, ինչպես ֆիկուսներինն ու ցայտաղբյուրներինը:

Ասում են, որ մեր դպրոցը քաղաքի լավագույն դպրոցներից մեկն էր: Իհարկե` ոչ լավագույնը: Ամենալավը ռուսական դպրոցն էր, որի տնօրենը Գալինան էր, ով բոլորին «դռռցնում էր»:

Մեր դպրոցի տնօրենի մականունը Դոդ էր: Այդ մասին գիտեին բոլորը, այդ թվում` ինքը: Ու ոչ մեկն էլ չէր ասում. «Գրիգորյանը էկավ»:

Դոդը: Դրանով ամեն ինչ ասված էր:

շարունակությունն այստեղ


4 Comments

  1. Արևկա says:

    Շատ լավ հուշեր ունեք ձեր դպրոցից, բայց ինչ արած հիմա ժամանակները փոխվել են, ու դպրոցն էլ է փոխվել, հիմա դպրոցներում խստությունն էլ է վերացել, հարգանք չկա ուսուցիչների ու աշակերտների միջև: Աննա ջան իսկ հետաքրքիր էր անցնում ձեր դասերը?

    Like

    • Ոչ բոլոր դասերն էր հետաքրքիր, ես բոլոր դասերի մասին կգրեմ: Ամենահետաքրքիրն անցնում էր գրականության ու հայոց լեզվի դասը:

      Like

  2. Արևկա says:

    Հա պարզա Աննա ջան, ճիշտն ասած մեր մոտ էլ են գրականության ու հայոց լեզվի դասերը հետաքրքիր անցնում:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: