Մի օր ես հիասթափվեցի ֆուտբոլից, ու դա եղավ երեք տարի առաջ:
Ես ֆուտբոլի մեծ երկրպագու էի ու շատ էի սիրում ֆուտբոլ: Նայում էի ֆուտբոլային բոլոր հանդիպումները, հավաքում էի սիրելի ֆուտբոլիստների նկարները: Մի խոսքով ֆուտբոլի մեծ երկրպագու էի: Շատ անգամ ես ու դասընկերս` Վահրամը, վիճում էինք:
-Քո էդ Ռեալն ի՞նչ ա որ: Ոնց որ դանդաղացրած ըլեն: Իսկ իմ Բարսելոնա՞ն, տեսնում ես ոնց ա միշտ կրում,- ասում էր նա:
-Իմ Բարսելոնա՜ն, իմ Բարսելոնա՜ն, տո վաբշե ինչ ա իրանից ներկայացնում քո Բարսելոնան: Իրանց մասին շատ մեծ կարծիք ունեն: Ռեալը էղել ա ու կմնա աշխարհի ուժեղագույն թիմը,- պատասխանում էի ես:
Թեև այնքան էլ լավ չէի խաղում ֆուտբոլ, բայց քանի որ շատ էի սիրում այդ խաղը, միշտ համոզում էի մեր ֆուզկուլտուրայի ուսուցչին` ընկեր Օքրոյանին, որ դասարանով ֆուտբոլ խաղանք: Շատ հաճախ էինք խաղում, և ես արդեն սկսել էի մեծ սիրով խաղալ և ինձ մոտ կամաց ստացվում էր:
Գարնանային մի գեղեցիկ օր էր: Մեծ սիրով դպրոց էի գնում, քանի որ այդ օրը ֆիզկուլտուրա ունեինք: Ուրախությունս ավելի կրկնապատկվեց, երբ ընկեր Օքրոյանը մտավ դասարան ու հայտարարեց, որ մենք պիտի ֆուտբոլ խաղանք մեզանից մեկ տարով փոքր դասարանի աշակերտների հետ:
…Խաղն սկսվեց: Ես կիսապաշտպան էի և շատ ճիշտ կատարում էի իմ պարտականությունները: Մենք էինք հաղթում, բայց… Այդ դասարանի տղաները սկսեցին վիրավորել մեր դասարանի աղջիկներին, և մեր տղաները շտապեցին պաշտպանել մեզ: Բավականին լուրջ վեճ ծագեց, և ընկեր Օքրոյանը որոշեց պատժել մեզ: Թեև մենք պատմեցինք, որ մեղավորը նրանք էին, բայց նա, այնուամենայնիվ, որոշեց մեր դասարանին պատժել, որովհետև այդ դասարանում էին սովորում մեր տնօրենի երեխաները:
Զանգը հնչեց և բոլոր աշակերտները բակ դուրս եկան, իսկ ընկեր Օքրոյանը որպես պատիժ պարտադրեց մեզ կքած բարձրանալ աստիճաններով: Կողքից բոլորը ծիծաղում էին…
Դրանից հետո տարիներ են անցել ու հիմա էլ երբեմն հիշում ենք այդ դեպքը, բայց միայն ծիծաղով: Ժամանակը ստիպեց մեզ մոռանալ ամեն ինչ: Բայց ամենազարմանալին այն է, որ մենք` ի դեմս ընկեր Օքրոյանի, ձեռք ենք բերել վստահելի և հավատարիմ ընկերոջ: Շատ անգամ զրուցում ենք իրար հետ, կատակում, պատմում մեր կյանքից դրվագներ: Մի խոսքով` հիմա նա մեր ամենասիրելի ուսուցիչներից մեկն է:
Բայց ամենաբացասական երևույթն իր հետքն է թողնում, և սա էլ բացառություն չէր:
Ընկեր Օքրոյանի այդ քայլից հետո ես դադարեցի այդչափ սիրել ֆուտբոլը: Ճիշտ է, այսօր էլ երբեմն նայում եմ տարբեր հանդիպումներ, էլի Ռեալի ֆանատն եմ, բայց… Էլ չկա երբեմնի եռանդը: Ֆուտբոլի հանդեպ իմ սերը մարեց ընդամենը մի քանի րոպեում: