Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մեր դպրոցի տնօրենի մականունը Դոդ էր

Մեր դպրոցի տնօրենի մականունը Դոդ էր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

սկիզբը կարդալ այստեղ

Նա միջահասակ և պատկառազդու արտաքինով մարդ էր, որի ներկայությունից դողում էր ամբողջ դպրոցը: Ես չգիտեմ, թե երբ, որտեղ և ինչ հանգամանքներում էր ծնվել Դոդ մականունը, սակայն վերջին աշակերտն էլ գիտեր, որ նա դոդ չէ:

Այն տարիներին, երբ ես սովորում էի, դասերի ընթացքում ամբողջ դպրոցում քար լռություն էր և օձն իր պորտով, հավքն իր թևքով իրավունք չուներ երևալու միջանցքներում:

Ես բախտ ունեցա դպրոցն ավարտել նրա տնօրինության օրոք: Անկասկած, նա խելացի մարդ էր, և շատ շուտ կանխազգալով վերաձևավորված նախկին կայսրության վախճանի գալուստը` լքեց Հայաստանը, քանի որ հստակ հասկացել էր. «Շահին մորթում են, կամ շահն է մորթում»:

Մեր ուսումնական տարվա շրջանավարտները վերջին սերունդն էին, որոնց ավարտական վինետկայի մեջ տնօրենի տեղում Դոդն էր: Նրան հաջորդեց մեր ուսմասվարը, որն այդպես էլ չկարողացավ նվաճել ոչ աշակերտության, և ոչ էլ կոլեկտիվի հարգանքը: Նրան քծնում էին:

Դոդը, ուրեմն, շատ ափսոս, որ ինձ դաս չտվեց: Նա մաթեմատիկայի ուսուցիչ էր և ըստ գործող կարգի` ունենում էր մեկ կամ երկու դասարան: Որպես կանոն` դասղեկություն չէր անում: Ասում էին, որ նա նաև լավ մասնագետ էր, ինչին չեմ կասկածում: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել ընդամենը մասնակցել դասերից հետո կազմակերպված ինչ-որ մաթեմատիկայի խմբակի պարապմունքների, որի ժամերին վախից քարացած նստում էի, ու, երբ գրատախտակից մոտենում էր դեպի ինձ` սարսափած պլշվում էի դեմքին ու ակամայից ֆիքսվում մեծ քթի վրա բսնած մազմզուկներին:

Դոդը մի անգամ, ուրեմն, չռփեց մեր դասարանի Յափունջին: Յափունջը կողքիս նստողն էր: Ազգանունը Յափունջյան էր, դրանից էլ անունը դրել էինք Յափունջ: Էն ժամանակ պարտադիր զույգերով էին նստեցնում աշակերտներին ու ոչ մեկն էլ իրավունք չուներ նստած տեղը փոխեր: Ո՞վ ռիսկ ուներ նման բան անելու:

Դեպքը, ուրեմն, կատարվեց Դոդի ընդունարանում, բայց տենց էլ չհասկացանք, թե` ինչու: Կարծես թե բերքահավաքի փողի համար էր: Լավ չեմ հիշում: Բերքահավաքի մասին առանձին գրառում կանեմ, բայց ասեմ, որ Յափունջը, ուրեմն, մանր-մունր ու արագաշարժ տղա էր, շատախոս, բերանբաց, աշխույժ ու մարդամոտ: Մենք դասարանի մի խմբով կանգնած էինք Դոդի ընդունարանում, երբ նա դուրս եկավ իր կաբինետից: Նա ինչ-որ բան ասաց, որին Յափունջը պատասխան տվեց: Դոդը ստեղ Յափունջին չռփեց: Դա լայնաբերան, շռնդալից ապտակ էր` հասցված խեղճ Յափունջի այտին, որից մնացած հետքից կարմրեց դասարանցուս դեմքը: Յափունջի ձայնը տեղում կտրվեց, և նա տեղում պապանձվեց: Նրա հետ էլ մենք` բոլորս: Որևէ մեկի դուխը երբեք էլ չէր հերիքի Դոդի ներկայությամբ ծպտուն հանել:

Բայց չեմ տեսել կամ լսել, որ նա աշակերտ ծեծեր այն իմաստով, ինչ իմաստով որ ընկալվում է ծեծը: Ծեծում էին մեր դասղեկն ու պատմության դասատուն, որոնց մասին նույնպես կգրեմ: Դոդը ուղղակի էնպիսի դիրք ուներ, որ գործը ծեծելուն չէր հասնում. շատ-շատ մի ապտակ: Թե չէ էդ առումով չեմ կարող ասել, թե ծեծին դեմ էր: Ընդհանրապես, էն տարիներին, երբ ես սովորում էի, ծեծը նորմալ երևույթ էր դպրոցական համակարգում, և բոլոր աշակերտներն էլ հոգեբանորեն պատրաստ էին, որ իրենց կարող են ծեծել:

Ուղղակի էստեղ պետք է հստակեցում մտցնել. քանի որ դպրոցը սովորելու և կրթություն ստանալու համար էր, աշակերտներից սպասվում էր օրինակելի վարք ու դասերի յուրացում, և, եթե աշակերտը չէր սովորում կամ չէր հնազանդվում ուսուցչին, ծեծը կիրառվում էր որպես պատժի միջոց, այսինքն լավ սովորող աշակերտներին չէին ծեծում: Իմ մաթեմատիկայի ուսուցչուհին, որին չափազանց շատ սիրում էի, տնային աշխատանքները չկատարող աշակերտներին ծեծում էր, ընդ որում չափազանց տարածված էր ապտակը` որպես աշակերտի անձը նսեմացնելու միջոցով ազդեցություն նրա վրա:

Դոդը, սակայն, մի անգամ թևիցս քաշելով ինձ բրդեց, որի համար սկզբից լեղաճաք էի եղել, հետո էլ` վիրավորվել. ես դասարանի ավագն էի ու գերազանցիկը, ու, ընդհանրապես, մենք` ընտանիքով, այդ թաղամասում հայտնի էինք նրանով, որ բոլոր երեխաներս էլ գեր-գերազանցիկ էինք ու դրանից ինձ առանձնապես հպարտ էի զգում, ու քիթս ցից էր:

Դոդի օրոք դասից փախնելը քաջագործություն էր, ու դա չլսված-չտեսնված մի բան կարող էր լինել, որը, սակայն, մենք դասարանով արեցինք: Իհարկե, դա էն լավագույն տարիներին չէր: Մենք տասներորդ դասարան էինք, և նախկին կարգերը հոգին ավանդելու վրա էին ու դրա ազդեցությունն արդեն զգացվում էր նաև դպրոցում. շենքը դադարել էր նորմալ ջեռուցվել, նախկին զգոնությունը թուլացել էր, և մենք որոշեցինք հենց էնպես, ուղակի հավեսի համար փախնել, երևի նաև նրա համար, որ հետո ասենք` Դոդի ժամանակով դասից փախել ենք:

Չեմ կարող ասել, թե դա ինչ-որ հետաքրքիր մի բան էր կամ թե ինչ արեցինք փախնելուց հետո: Այդ օրերին դպրոցն արդեն անկանոն էր, ու այդ փախուստն ինչ-որ արտասովոր մի իրադարձություն էլ չէր, կարծես թե վերջին մի երկու ժամից` ինչ-որ սուտի-մուտի առարկաներից, ինչպիսին էին ինֆորմատիկան կամ էդ կարգի բաները, դուրս եկանք ու ցրվեցինք տներով:

Հարցն էն էր, որ դրա պատասխանատվությունն իմ վրա ընկավ, քանի որ ես դասարանի ավագն էի: Հաջորդ օրը Դոդը մտավ մեր դասարան ու բացատրություն պահանջեց: Բոլորս ոտքի վրա էինք. ո՞վ իրավունք ուներ նրա ներկայությամբ նստեր:

Նա ինձնից հարցրեց, թե ինչու էինք դասից փախել, որին ի պատասխան` հանպատրաստից  ինչ-որ բան հորինեցի, քանի որ չէինք էլ մտածել, թե Դոդը դրա հետևից կգա:

Ամենահետաքրքիրն էն էր, որ նա ինձ մեղադրեց խաբեբայության մեջ, և այդ խոսքերը մինչև հիմա հնչում են ականջներիս մեջ.

-Տասներորդ դասարանի աղջիկ ես և չես ամաչում ` ստում ես,- ասաց նա ինձ: ԻՆՁ, որ երբեք սուտ չէի խոսում, բայց հո՞ Լուսնից չէի ընկել, շատ լավ էլ գիտեի, որ սուտ խոսում են բոլորը: Դպրոցում սուտ խոսելն էնպիսի տարածված միջոց էր, ոնց որ ամեն օր հաց ուտելը, ու դա անում էին բոլորը: Իմ համար ուղղակի վիրավորական էր, որ ինձ մեղադրել էին մի բանում, որն արել էի դասարանի համար: Ինքս միշտ աշխատել եմ իմ վարքն էնպես կազմակերպել, որ խաբելու առիթ չլինի:

Դոդը նույն տոնի մեջ ինչ-որ բաներ ասեց, որոնք գլուխս կախ լսեցի, ու դրանով գործը փակվեց:

Դոդի հետ կապված վերջին հիշողությունը, որ ունեմ էն էր, որ մեդալի համար կանչեցին կաբինետ: Ոչ մեկի համար էլ նորություն չէր, որ ոսկե մեդալը փողով է, ու դա նույնիսկ քննարկման հարց չէր: Ավագ եղբայրս, որը դպրոցի լավագույն աշակերտներից էր, եթե ոչ լավագույնը, և որի նկարը նախկին մի քանի շրջանավարտների հետ միասին փակցված էր դպրոցի լավագույն շրջանավարտների պատվավոր հուշատախտակին, բնականաբար, մեդալ չստացավ, քանի որ նրա տարիներին ոսկե մեդալը 1500 ռուբլի էր. դա առանձին պատմություն է կապված իմ հայոց լեզվի ուսուցչուհու հետ, որին պաշտում էի:

Այն տարիներին գոյություն չուներ դպրոցականի իրավունք կամ ընդհանրապես իրավունք հասկացությունը: Այդպես էր ու վերջ: Որևէ մեկի մտքով էլ չէր անցնում ինչ-որ տեղ բողոքել կամ անհամաձայնություն հայտնել ինչ-որ հարցի շուրջ: Եթե անգամ վստահ էիր ուժերիդ վրա: Քո փոխարեն որոշված էր: Օրինակ, իմ փոխարեն որոշված էր նաև, որ չեմ գնալու բանասիրական, քանի որ ծնողներս վստահ էին, որ 100 տեղի դիմաց 600 դիմորդի պայմաններում չեմ ստանա անցողիկ գնահատական ու չեմ ընդունվի: Ու իմ մտքով ոչ միայն չէր անցնում քննարկել այլ տարբերակ, այլև այդ տարբերակն իմ համար գործնականում գոյություն չուներ: Բանասիրական և հումանիտար այլ ֆակուլտետներում ընդունվելու համար շրջանառվում էր մինչև 15 հազար ռուբլու կարգի մաղարիչի մասին խոսակցություններ, իսկ իմ ծնողներն այդ հնարավորությունը չունեին:

Ըստ այդմ, երբ Դոդը ինձ ու մեր զուգահեռի երկու գերազանցիկներին կանչեց իր կաբինետ, ես տեղում ասեցի, որ մեդալ չեմ ուզում:

Հայոց լեզվիս դասատու մասին:


2 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: