Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Ժիլբեր Սեսբրոն. «Ապրիր ինձ համար, մեռիր ինձ հետ»

Ժիլբեր Սեսբրոն. «Ապրիր ինձ համար, մեռիր ինձ հետ»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Այն տարիքում, երբ երեխաները սովորաբար տանջամահ են անում միջատներին, Տրիստանը նրանց պատսպարում, գուրգուրում, պաշտպանում էր իր հասակակիցների ոտնձգություններից, սիրով ու հոգատարությամբ հետևում նրանց շարժումներին: Այդ փոքրիկ էակների հանդեպ ունեցած անսահման քնքշությունը նրա մոտ այն զգացողությունն էր առաջացնում, որ ինքը վերաբնակվել է նրանց մարմիններում, որ նրանց բեղիկները, շոշափուկներն ու թևիկները իրենն են: Եվ նա պահում էր շունչը, իր մարդկային օտար շունչը` այդ անմեղ արարածներին չխրտնեցնելու համար:

Այն տարիքում, երբ երեխաները սովորաբար բնավեր են անում թռչուններին` չար խաղի առարկա դարձնելով այն, ինչ Աստծո ստեղծած այդ էակների համար կյանքի ու մահու խնդիր էր, Տրիստանը խուսափում էր իր հասակակիցներից, մեկուսանում անտառներում ծառերի վրա մագլցելու համար (ոտաբոբիկ, որպեսզի նրանց կեղևը չվնասի) և ժամերով մնում էր ճյուղերի արանքում կծկված`  հիացմունքով հետևելով թռչունների ճախրանքին:  

Այն տարիքում, երբ երեխաները սովորաբար կարմրամորթների և կովբոյների մասին գրքեր են կարդում կամ այլ դաժան պատմություններ, որոնցում արդարությունը վրեժխնդրության կերպարանքով է հանդես գալիս, Տրիստանը ոգևորությամբ կլանում էր բնագիտական գրքեր, որոնք պատմում էին կենդանիների ու բույսերի սովորությունների մասին: Բայց այդ գրքերում անգամ քիչ բան կար, որ նա արդեն չիմանար իր լուռ ու համբերատար դիտարկումների շնորհիվ:

Ու մի օր, երբ նա ծառի գագաթի ճյուղերից մեկին հարմարված` գորովանքով ինչ-որ թռչնի բույն էր ուսումնասիրում, նկատեց, որ իր տակի ճյուղը ջարդվել է, և որ ինքը վաղուց ցած ընկած պիտի լիներ, բայց մնացել էր օդում, ասես փետուրից էլ թեթև էր: Այդ գերբնական երևույթը շատ չզարմացրեց Տրիստանին: Նրան միայն մարդիկ էին իրենց բնական արարքներով զարմացնում:

Նույն օրը կեսօրից հետո, այն պահին, երբ կլանված հետևում էր արևի թափանցիկ շողերի մեջ վեր ու վար սուրացող արտույտի գեղեցիկ պտույտներին, ամբողջ հոգով տրված այդ հմայքին, շրթներին մի մեղեդի, որն ըստ երևույթին ազատ թռիչքի երանության մարդկային վերարտադրությունն էր, Տրիստանը զգաց, որ գետնից կտրվել է, լողում է օդի մեջ…. նա ճախրում էր:

Այդ օրվանից, եթե չհաշվենք իր վրա իջած շնորհը, ավելի ճիշտ` երկնային պարգևը մարդկանցից թաքցնելու հոգսը, Տրիստանի երջանկությունը լիակատար էր: Իր հոգեմոտ էակների հանդեպ ինքնամոռաց սիրո զորությամբ նա կարողացավ ապրել նրանց կյանքով, անցնել արգելված սահմանագիծը և թափանցել երկնքի բնակիչների գոյության գաղտնարնները:

Սիրո զորությամբ… Ափսոս, որ նա դա հասկացավ շատ լուրջ մի զգուշացումից հետո միայն:

Սովորականի պես ճախրում էր ճնճղուկների ետևից, երբ չգիտես որտեղից մարդկային մի հարց առաջացավ ուղեղում. «Հետաքրքիր է, ճնճղուկի միսն ինչու չեն ուտում»: Մտքում արդեն համտեսում էր թռչնի փափուկ մասերը, երբ զգաց, որ խելակորույս արագությամբ գահավիժում է ներքև: Հրաշքը դադարել էր` մարդիկ չեն թռչում: Տրիստանը այդպես էլ կջախջախվեր հողին զարկվելով, բայց Աստված խնայեց նրան, և նա ընկավ ծովի ալիքների մեջ, առանց մարմնական վնասվածքների: Սակայն այդքանն էլ բավական էր, որ նա հասկանար իրեն տրված դասը, որը թվում էր, միշտ պիտի հիշեր:

Այդ օրվանից նրա գերբնական կարողությունը որակափոխվեց: Ջուրը դարձավ նրա հարազատ տարերքը, ծովի կենդանիներն էին հիմա նրան հոգեհարազատ: Ջրի տակ աջ ու ձախ սուրացող ձկների ետևից լողալով զվարճանում էր Տրիստանը, երբ մի օր էլ հանդիպեց մի խեցգետնի, որի հանդեպ լցվեց անսահման քնքշությամբ:

«Դու, որին ոչ ոք չի սիրում,- մտածում էր նա,- այնքան մեղմ ես, նուրբ ու բարի: Կոպիտ պատյանդ խաբկանք է, ես դա գիտեմ ու քեզ երբեք չեմ լքի»: Երբ Տրիստանը ջրից դուրս եկավ, բոլորը կարծել էին, թե խեղդվել է, այնքան երկար էր մնացել ծավի հորձանուտում: Նա իր ուշացումը բացատրեց գիտակցության ժամանակավոր կորստով, բայց ներքուստ տագնապեց. «Հարկավոր է այստեղ զգույշ լինել»:
Ծովի ափին հեքիաթային կյանքով երկար ապրեց Տրիստանը: Որոնում էր մեկուսի ծովածոցեր, սուզվում նոր բարեկամներ գտնելու, որոնք իրենց կենսատու շունչը նրան էին նվիրում, հենց զգում էին, որ իրոք սիրում է, նվիրված է իրենց:

Բայց դժբախտաբար նա արդեն մոռացել էր ճնճղուկի դասը, և ահա թե ինչ պատահեց: Խաղաղ առավոտ էր, երբ ծովի խորքերում հայտնաբերեց խորտակված մի նավ: Այս անգամ նրան ջրի տակ մնալու համար շունչ էին տալիս նավի մեջ մնացած ջրահեղձները, քանի դեռ Տրիստանը ապրում էր նրանց ապրածով…

«Ահա նավապետի խուցը, ամենամեծն է, ուրեմն նա այս աստիճաններով էր բարձրանում իր կամրջակը… Երկար մնում էր կանգնած` զննելով գիշերվա մթությունը, տեսնելով ծովի վրա իր հարազատների տեսիլքները…»:

Բայց հանկարծ նա նկատեց մամռակալած կողմնացույցի վրա նշված տարեթիվը` 1713… «Ահ,- մտածեց թեթևամտորեն,- սրանք բոլորն էլ վաղուց մեռած են…»:

«Վաղուց մեռած», կարծես դա որևէ նշանակություն ունի, կարծես մեռած, թե կենդանի մարդ, թե անասուն` Աստծո բոլոր արարածները մեկ ընդհանուր ամբողջություն չեն, անսահման ու անվերջ:

Կենդանի թե մեռած` ծովի հատակում, օդում, թե գետնի վրա, մի՞թե մենք չենք ապրում միմյանց շնչով, մի՞թե նույն սիրտը չի կյանք տալիս խոտերի մեջ կորած միջատին, օդի մեջ ճախրող արտույտին կամ երեխային, որ զմայլվում է նրանցով:

«Վաղուց մեռած…»:

Շնչասպառ, հանկարծ դատարկված թոքերով Տրիստանը փորձեց վեր լողալ: Բայց ինքնամոռաց սերը նրան շատ խորն էր տարել, և ծովը տիրեց նրա անշնչացած մարմնին:

Բավական ժամանակ անց, երբ ծովը նրա այլանդակված մարմինը ափ նետեց, առաջին մարդը, որ նրան հայտնաբերեց, արտաբերեց այն անարդար բառերը, որոնք Տրիստանի ոգին լսեց` առանց կարողանալու գոչել ճշմարտությունը` լսեց, թե ինչպես այդ մարդը, իր մերձավորն ու եղբայրը ասաց անտարբեր. «Վաղուց մեռած է…»:

Թարգմանությունը Լ. Մկրյանի

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: