Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Չբացահայտված փաստ. հայոց լեզվիս դասատուին մեղադրում էին աշակերտ գայթակղելու մեջ

Չբացահայտված փաստ. հայոց լեզվիս դասատուին մեղադրում էին աշակերտ գայթակղելու մեջ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Մեր դպրոցի տնօրենի մականունը Դոդ էր

Միանշանակ է, որ հայոց լեզվի իմացությամբ պարտական եմ իմ հայոց լեզվի ուսուցչուհուն: Էդ առումով դժգոհելու պատճառ չունեմ: Ես պատկանում էի այնպիսի աշակերտների թվին, որոնք սովորում են այն դեպքում, երբ դասատուն պահանջում է: Կան չէ՞ այնպիսի աշակերտներ, որոնք անկախ ամեն ինչից սովորում են: Ես`չէ: Եթե դասատուն պահանջկոտ էր ու խիստ` ես նրանից կքամեի վերջին գիտելիքները,  հակառակ դեպքում` մի կերպ քարշ էի տալիս դասը, քանի որ գերազանցիկ էի ու պետք էր, որ ինչ-որ բաներ պատասխանեի:

Էդ առումով լրիվ բոբիկ եմ աշխարհագրությունից, որն իմ համար ամենահետաքրքիր դասերից մեկն էր, բայց այդ դասերը դաս չէին, այլ դասղեկի ժամ: Դասղեկիս տանել չեմ կարողանում.  հիմա նրան դրսում տեսնելիս գլուխս թեքում և չեմ բարևում: Նրա բարոյական նկարագրին կնվիրեմ առանձին գրառում: Բոբիկ եմ նաև քիմիայից, որի դասին ամեն ինչ անում էինք, բացի քիմիայից:

Ես պաշտում էի Մելքոնյանին: Նրա նման գեղեցիկ կին երբեք չեմ տեսել: Մելքոնյանը դպրոցի հայոց լեզվի լավագույն մասնագետներից էր ու ինձ բախտ վիճակվեց երեք տարի սովորել նրա դասարանում: Ու թեպետ նա դպրոցից դուրս  եկավ մեր թաղամասում թնդացող մի պատմության հետևանքով, որ նա, իբր, գայթակղել է տասներորդ դասարանի մի տղայի, սակայն դա որևէ կերպ չազդեց նրա նկատմամբ ունեցածս վերաբերմունքի վրա:

Տարրականից հետո, երբ տեսնում էինք միայն մեր տարրականի ու ռուսերենի դասատուին` Մելքոնյանի ներկայությունն իմ համար հայտնություն էր: Բայց հանգամանքները դասավորվել էին այնպես, որ ինձ պետք է դասավանդեր Կարապետյանը, որը դպրոցում և թաղամասում հայտնի էր որպես ակնհայտ վատ վարքի տեր կին ու մանկավարժության հետ կապ չունեցող ուսուցչուհի. նա խմում ու ծխում էր ու խմած վիճակով էլ դասի էր գալիս: Մի տղա ուներ, որի հայրը չգիտեինք ով է: Սակայն Կարապետյանը բարձրագույն կրթություն ուներ, և ըստ ամենայնի, տիրապետում էր առարկային, այդ պատճառով դպրոցից հանելու որևէ հիմք Դոդը չուներ: Ես առիթ ունեցա շատ հետո, երբ Մելքոնյանն ինձ վստահում էր բարձր դասարանի ստուգողականի տետրերը ստուգել` ականատեսը լինել այն ուղղագրական սխալների օվկիանոսի, որոնք անում էին Կարապետյանից հետո Մելքոնյանին անցած դասարանի աշակերտները: Դա նկարագրելու չէ: Կարապետյանը մեռավ մոտ ութ տարի առաջ, և նրա հարևանուհին ինձ պատմեց, որ նա մահացել է տանը` մենակ ու այդ մասին իմացվել է հաջորդ օրը. նրա որդու մասին ոչ մի տեղեկություն չկար:

Այն ժամանակներում դեռևս ընդունված մշակույթ կար, թե այսինչ դասարանը լավն է, այնինչը` վատը, ու դա հիմնականում որոշվում էր տարրականի դասատուից: Առաջին դասարանում ծնողները ձգտում էին իրենց երեխաներին ընդունել տալ այն դասատուների դասարան, ովքեր լավը լինելու համարում ունեին: Իմ ծնողները երբեք նման բան չէին մտածել ու պարզվում է, որ այպես ասած «լավ» դասատուի մոտ գնացել էին այդ տարվա «լավ» ծնողների երեխաները: Ու քանի որ այդ դասարանը համարվում է լավը, դրան հետո ավելի ուշադրություն են դարձնում ու հատկացնում են դպրոցի լավագույն դասատուներին: Չորրորդ դասարանում պարզ դարձավ, որ իմ դասարանը երեք զուգահեռ դասարաններից ամենավատն էր ու մեզ հայոց լեզու պետք է դասավանդեր Կարապետյանը:

Մայրս, որը դպրոցն ավարտել է արծաթե մեդալով, բայց չի կարողացել բարձրագույն կրթություն ստանա, շատ էր կարևորում իր զավակների կրթության հարցը, ու նա գնաց Դոդի մոտ: Թաղամասում մեզ բոլորը շատ լավ ճանաչում էին, իսկ ինձանից առաջ մեր դպրոցում սովորում էին իմ գերազանցիկ եղբայրները, ու որևէ մեկի համար վիճարկելու չէր մորս բողոքը առ այն, որ նրա համար կարևոր է դստեր լավ դասատուի հարցը:

Մայրս Դոդի մոտ առաջ էր քաշել Կարապետյանի հարցը, ու նա ասել էր, որ չի կարող Կարապետյանին ժամ չտալ, իսկ մնացած երկու դասարանների դասատուներն արդեն ընտրված էին: Բայց Դոդը ընդառաջ գնալով մորս պահանջին, փոխել էր իմ դասարանը, ու ես հայտնվեցի ուրիշ դասարանում: Պետք է ասեմ, որ այն տարիներին դասարան փոխելն այդքան էլ հեշտ բան չէր: Ավելացնեմ նաև, որ մայրս այդ նույն տարվա մեջ Դոդի մոտ երկրորդ անգամ գնաց պահանջ ներկայացնելու. ուրիշ առիթով:

Իմ դասարանը փոխեցին, ու ես հայտնվեցի լրիվ նոր միջավայրում: Այդ դասարանում գերազանցիկ չկար, բայց դրա փոխարեն սովորողների միջին մակարդակն ավելի բարձր էր, քան զուգահեռում, որը համարվում էր լավ դասարան. այնտեղ երկու գերազանցիկ կային, բայց դրա փոխարեն հարվածայիններ գրեթե չկային. հիմնականում միջակ` երեքի վրա նստած երեխաներ էին: Իմ նախկին դասարանը մնաց առանց գերազանցիկ, այդ դասարանը ութում ցրեցին երկու դասարանների վրա և իմ նախկին համադասարանցիներից որոշները նորից դարձան դասարանցի:

Մելքոնյանը, փաստորեն մտավ դասարան, ու ես ծանոթացա մի դասատուի հետ, ով դասավանդել էր ավագ եղբորս ու նրա տարեկանը իններորդ դասարանում չորս փակել, որպեսզի մեդալ չստանա:

Երբ նա կարդաց ազգանունս` հարցրեց. «Հարությունի քույրի՞կն ես»:

-Այո,- պատասխանեցի ես, որի գլխին մեկ զույգ բարձր կապված պոչիկներ կային` վրան հսկա սպիտակ ժապավեններ, ու որի հայացքը լի էր հիացմունքով առ այդ դասատուն:

-Եղբորդ կասես` ինձանից չնեղանա,- ասաց Մելքոնյանը, որը դրանից ոչ պակաս տասը տարի հետո ինձ հիշելու էր որպես Հարությունի քույրիկ:

Մելքոնյանն, անշուշտ, հմայիչ կին էր: Այդ ժպիտը երբեք չեմ մոռանա: Նա փարթամ մարմնաձևերով ու բարձրահասակ կին էր, որի ներկայությունը ժպիտով էր լցնում միջավայրը: Երբեք նրան չեմ տեսել անխնամ արտաքինով: Մելքոնյանի արտաքինը անբասիր խնամված էր, սակայն դեմքի վրա չկար որևէ ավելորդ շտրիխ կամ գռեհիկ գունավորում. ամեն ինչ չափի մեջ էր ու  ներդաշնակ. թույլ սնգույրն ու շրթներկը, սև մատիտի բարակ գիծը, որը մեղմ եզերում էր նրա կոպերի վերին ստվերաներկը, մազերը, որոնք միշտ հավաքված էին ու միշտ նույն ձևի մեջ: Դա գանգրահեր, մուգ գազարագույնի ու շագանակագույնի խառնվածքի գույն  էր, որի նմանը երբեք չեմ տեսել: Ասում էին, որ Մելքոնյանի գլխին կեղծամ էր դրված, քանի որ ոչ մեկս ի վիճակի չէինք պատկերացնել, թե ինչպես կարելի էր գլխի վրա հավաքել մազերի այդպիսի կոմբինացիա:  Գագաթից դեպի ճակատային հատվածն ընկած կողմում էլ մի մազակալ էր խրված, որպիսին կարելի էր տեսնել միայն ֆիլմերում, և այդ մազակալն անգամ տարիների հետ չէր փոխում ոչ դիրքը, ոչ էլ` տեղը: Մազերի այդ ձևը հնարավոր չէ նկարագրել, դա պետք էր միայն տեսնել:  Զարմանալին այն էր, որ այդ կոմբինացիան երբեք էլ չէր փոխվում և ոչ ոք նրան չի տեսել մազերի ուրիշ սանրվածքով, այդ պատճառով էլ ենթադրում էինք, որ կեղծամ է:

Մելքոնյանը նաև գեղեցիկ հագնվում էր: Ես անգիր գիտեի նրա բոլոր շորերը, ինչպես նաև այն, թե որ շորի հետ` ինչ կոշիկ է հագնում: Նրա բոլոր շորերն էլ արտակարգ սիրուն էին ու արտաքինի հետ ստեղծում էին անխախտ ներդաշնակության զգացողություն: Հատկապես հիշում եմ մուգ շագականակագույն թավշյա շրջազգեստն ու կոստյումը, որոնք այնքան էլ չէի սիրում, բայց դա նրա սիրելի շորերից էր: Իմ սիրած շորը բաց ճահճագույնի հետզհետե մգացող երանգախաղով մի զգեստ էր, որը կատարելապես ընդգծում էր նրա մարմնի բոլոր կորությունները` ցուցադրելով, հատկապես բարակ մեջքն ու երկար, ճերմակ պարանոցը:  Ես այնքան շատ էի ասել այդ շորի մասին, որ նա խոստացավ դա փոքրացնել ու սարքել իմ վրա: Իհարկե, դա կատակ էր, բայց ես ամենայն անկեղծությամբ, երկար ժամանակ սպասում էի, որ մի օր Մելքոնյանն այդ շորը տալու էր ինձ: Արտաքինին և շորերին նա, անշուշտ, մեծ ուշադրություն էր դարձնում, և դա երևում էր նաև նրանից, որ նա ձգտում էր բոլոր շորերն ու կոշիկները ինչ-որ ձևի մեջ հարմարեցնել իրար` թե՛ ձևով, և թե՛ գույնով: Դա ցայտուն ընդգծվեց մի անգամ, երբ ձմեռային մի գեղեցիկ օր Մելքոնյանը դասարան մտավ` հագին ճերմակ վերարկու և ճերմակ երկարաճիտ կոշիկներ: Ամբողջ դասարանը հիացմունքից քարացած էր:

-Մի հատ կապույտ գլխարկ էլ որ դնեիք` կդառնայիք մածունի շիշ,- կատակեցի ես, և քանի որ նրա սիրելի աշակերտն էի` կարող էի ինձ նման կատակներ թույլ տալ: Այն տարիներին մածունը խանութներում վաճառվում էր երկար ապակյա շշերով, որոնք փակվում էին մուգ կապույտ բարակ ֆոլգայե կափարիչով:

-Կոմպլիմենտ անել չգիտես,- պատասխանեց Մելքոնյանը,- իսկ իմ տասներորդցիներն ասացին, որ ձյունանուշի եմ նման:

Ես Մելքոնյանին համեմատում էի Դ” Արտանյանի միջի միլեդիի հետ: Նա իրապես էլ Մարգարիտա Տերեխովային նման էր: Քթի նույն կառուցվածքն ու դեմքի խորամանկ ժպիտը:

Մելքոնյանի դասերն իմ համար ամենահետաքրքիրն էին ու բովանդակալիցը: Նա շատ խիստ դասատու էր և կարողանում էր դասարանը պահել. սովորեցնելու ձիրք ուներ, իսկ քանի որ նաև հմայիչ կին էր` բոլոր աշակերտները նրան սիրում էին ու դասին պատրաստ էին լինում `ըստ կարողությունների չափի:

Նա աշակերտներին չէր ծեծում, և դրա կարիքը բնավ չկար: Բոլորն էլ Մելքոնյանի դասերին լուռ էին ու հետևում էին նրան:

Եթե անգամ նա երեխաներին վիրավորում էր, դա անում էր շատ կիրթ, բայց ուներ մի շատ սիրելի արտահայտություն, որը ասում էր մեծ հաճույքով:

-Չնայած դա ռուսերեն է, բայց շատ հրաշալի հնչողություն ունի ու շատ եմ սիրում,- ասում էր նա,- տուպոյ:

«Տուպոյ». դա միակ կոպիտ բառն էր, որ նա ասում էր աշակերտներին: Ընդ որում հայոց լեզվի նկատմամբ չափազանց նախանձախնդիր վերաբերմունք ուներ, և ես կուրորեն նրան կրկնօրինակելով, խորացել էի հայոց լեզվի մեջ` գրականության մեջ հանդիպածս չգործածվող բառեր էի դուրս գրում ու նրա դասաժամերին հարցակոխ անում:

Մի անգամ սակայն նա մատների ծայրով հարվածեց գլխիս, որի համար լաց եղա: Նրա դասին ինչ-որ մեկն էր եկել ու ինչ-որ հարցի մասին երկար խոսում էին: Առիթից օգտվելով էլ ամբողջ դասարանը բզզում էր, ես էլ սնդիկ էի ու անհանգիստ երեխա, աջ ու ձախ թեքվում, ասում-խոսում էի, ու համ էլ նստած էի ուղիղ դասատուի սեղանի դիմաց, նա էլ կողքս կանգնած խոսում էր: Երբ դասարանի աղմուկը դարձավ անկառավարելի` Մելքոնյանը ջղայնացավ ու խփեց ինձ: Վիրավորանքից արցունքները ցայտեցին աչքերիցս. նա հասկացավ, որ լաց եմ լինում ոչ թե ցավից, այլ վիրավորանքից: Դասամիջոցին մոտեցավ ինձ ու ինչ-որ բաներ ասաց, բայց ես նրանից չէի կարող հիմնավորապես վիրավորվել:

***

Չորրորդ դասարանի վերջում ես այնպես լավ քերականություն գիտեի, որ նա վստահում էր ինձ ստուգել բարձր դասարանի թելադրությունները: Ես դրանից անչափ հպարտանում էի: Ինձ զգում էի դասատուի վիճակի մեջ:

Տետրերը ստուգում էի դասի ժամանակ` նրա տված կարմիր գրիչով, ու լուսանցքներում էլ  նշում էի սխալները, սկզբից միայն նշված սխալներով էի տալիս, հետո երբ իմացա թե քանի սխալի համար ինչ են գնահատում, արդեն գնահատականներ էի դնում, որը չէր արգելում: Թույլ չէր տալիս ստուգել միայն շարադրությունները, քանի որ այնտեղ ոճական առանձնահատկությունները հաշվի առնելու խնդիր կար:

Երբ վեցերորդ դասարան էինք, նա մի անգամ մի տղայի էր ուղարկել իմ հետևից, որը հենց եղել էր Կարապետյանի դասարանից.  դա իններորդ դասարան էր: Մելքոնյանը ինձ ներկայացրեց դասարանի առաջ ու ասաց, որ վերլուծեմ գրատախտակին գրված բարդ ստորադասական նախադասությունը: Այդ դասարանում ոչ մի լավ սովորող էլ չէր կարողացել դա անել: Ես վերլուծեցի:

Թելադրությունները ստուգելիս երբեմն կողմնապահություն էի անում և ինձ դուր եկած աշակերտների սխալները կապույտ գրիչով ուղղում էի, որ շատ ցածր չստանային: Մի անգամ Մելքոնյանը բռնեց գործի վրա ու ջղայնացավ, բայց ես շատ խնդրեցի, որ թողնի շարունակեմ ստուգել, որովհետև դուրս գալիս էր:

Ամառ էր, թե գարնան վերջը, բայց լավ հիշում եմ այդ օրը, երբ թաղում մեծ աղմուկ էր բարձրացել, որ Մելքոնյանին դպրոցից հանում են: Ես ու ընկերուհիս նրա կաբինետում դասարան էինք մաքրում: Չեմ հիշում, թե մեր դասարանի որ աղջիկն էր հետս, բայց նա ասաց, որ Մելքոնյանին «բռնել են» իր դասարանի Արսենի հետ:  Ես կարկամած էի ու ոչինչ չէի հասկանում: Դա վեցերորդ դասարանի վերջն էր, յոթերորդից մեզ դաս տվեց Սաֆարյանը:

Արսենը, որին շատ լավ հիշում եմ, իր դասղեկ դասարանից էր, և այդ տարի նրանք ավարտել էին: Մենք սովորում էին վեցերորդ դասարանում, իսկ այդ տարին Արսենենց դասարանն արդեն ավարտել էր, այսինքն Արսենն այլևս դպրոցական չէր:

Նա այտերին մի թեթև կարմրություն  ունեցող գեղեցկադեմ երիտասարդ էր` բարձրահասակ, նիհար, բոցկլտուն աչքերով ու գրավիչ շարժուձևով: Նրան բազմաթիվ անգամներ հանդիպել էի Մելքոնյանի դասարանում, քանի որ ինձ նրա կաբինետից հանել չէր լինում, իսկ ինքն էլ այդ դասարանի դասղեկն էր: Այն ժամանակ ուսուցիչներն իրենց դասարաններն ունեին և ոչ թե ուսուցիչներին էին գնում աշակերտների մոտ` այլ աշակերտները ուսուցիչների կաբինետ:

Երբ Արսենենք ավարտել էին, մի անգամ  նրան դրսում տեսա, և նա ինձ չբարևեց: Ես եկա ու Մելքոնյանին ասացի, որ Արսենն ինձ չէր բարևել: Նա քմծիծաղ տվեց ու ասաց, մյուս անգամ տեսնելուց անպայման մոտենամ ու ասեմ, որ Մելքոնյանն իրեն բարևում է: Նրան հետո, իհարկե, չտեսա, որ փոխանցեմ Մելքոնյանի բարևները, սակայն սա հիշում եմ, որպեսզի հասկանամ, եթե Մելքոնյանն իր հետ հանդիպում էր, ինչո՞ւ ինձ հետ պիտի բարևներ փոխանցեր:

Դեպքը, որովհետև կատարվել էր հենց այդ տարի: Արսենի` դպրոցն ավարտելուց հետո: Նոր ուսումնական տարում մեզ դասավանդեց ուրիշ ուսուցիչ, որից նույնպես շատ գոհ եմ, որովհետև Մելքոնյանի դրած քերականության հիմքի վրա Սաֆարյանը զարգացրեց գրավոր խոսքիս ունակությունները: Որևէ բան, սակայն Մելքոնյանի մասին ճշտել չհաջողվեց:

Դպրոցում նա մոտ էր միայն Այվազյան ազգանունով քիմիայի լաբորանտուհու հետ, ով նույնպես գեղեցիկ էր, բայց նույնպես դպրոցական ուսուցչական կոլեկտիվում չէր շփվում ոչ ոքի հետ: Մելքոնյանին իր կաբինետից դուրս կարելի էր տեսնել միայն  քիմիայի կաբինետում: Նրանք դպրոցի գեղեցիկ ուսուցչուհիներն էին, ու այս տարիների հեռվից նայելով, միանշանակ է այն, որ նրանց նախանձում էին:  Այվազյանը դասատու չէր, նա լաբորանտ էր, ու այդ տարիներին դեռ չէր ամուսնացել: Նրա հետևից կոնյակի գույնի մազերով մի երիտասարդ էր գալիս, ով` հետո իմացանք, դարձել էր նրա ամուսինը: Այդ մասին իմացա շատ տարիներ հետո, երբ համալսարանն ավարտել և ուրիշ դպրոցում դաս էի տալիս: Պարզվեց, որ կոնյակի գույնի մազերով այդ երիտասարդը այդ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհիներից մեկի եղբոր  մտերիմ ընկերն էր: Այդ ուսուցչուհու հետ մտերիմ էի և տարբեր առիթների շատ էի լինում նրանց տանը: Այվազյանի կյանքը հաջող չէր դասավորվել, բայց դրա մեղավորն ինքն էր, կարող եմ ասել: Կոնյակի գույնի մազերով երիտասարդը հրաշալի անձնավորություն էր, իսկ Այվազյանը, պարզվեց, ահավոր խանդոտ էր:  Նա խանդում էր ամուսնուն ամեն մի աննշան առիթով և դրանից սարքում սկանդալ: Այդ խանդը նրան շատ արագ տարավ գերեզման. նա մահացավ` հետևից թողնելով մի փոքրիկ աղջիկ, որին խնամում է չամուսնացած քույրը: Կոնյակի գույնի մազերով երիտասարդին մի քանի տարին մեկ անգամ տեսնում եմ փողոցներում` կիսախմած վիճակում: Մի անգամ նա անկեղծացավ, որ այնքան էր հոգնել կնոջից, որ իր համար մեկ էր նրա մահը:

Ինձ համար հանելուկ էր մնացել Մելքոնյանի ու Արսենի պատմությունը: Արսենին շատ տարիներ հետո մի անգամ տեսա: Ինչպես հասկացա` քաղաքից չէր գնացել, ուղղակի առիթ չի եղել փողոցում տեսնելու: Այդ անգամ նրան տեսա մեր թաղի շինարարական ապրանքներ վաճառող խանութի շեմին կանգնած: Ինչ-որ բան էր անհրաժեշտ. մտել էի խանութ: Արսենը խանութի շեմին կանգնած բարձրաձայն խոսում էր:

Նայեցի դեմքին: Ժամանակն, անկասկած, իր գործն արել էր: Նախկին բոցլկտուն աչքերով երիտասարդը չէր այլևս, որ գայթակղել թե, դասատուն էր նրան գայթակղել…

Ժամանակից շուտ հոգնած հայացք ուներ ու կիսակքած մեջք. երևում էր, որ կյանքն ինչպես պետք է դեմքը ցույց է տվել նրան: Նայեցի ձեռքերին: Մաշվել ու կորցրել էին  երիտասարդ ամրությունը: Ալ կարմիրի թեթև երանգն այտերին, գեղեցկադեմ Արսենը դարձել էր մի սովորական գավառացի, որն ապրում էր այս քաղաքում, ինչպես բոլորը, և չէին իրականացել պայծառ ապագայի ձգտող նրա հույսերը:

***

Մելքոնյանին վեցերորդ դասարանից հետո տեսել եմ երեք անգամ: Մի անգամ քաղաքային տրանսպորտի մեջ` դեռևս դպրոցական տարիքում: Նա ինչպես միշտ հմայիչ ժպտաց, շոյեց գլուխս ու տոմսս վերցնելով, իջավ: Այդ ժամանակ դեռևս չունեի այն համարձակությունը, որ կյանքից խոսեի: Մյուս անգամ նրան տեսա հայերենի օլիմպիադաներից մեկի ժամանակ. մոտեցավ, նորից ժպտաց, հուշեց պատկառանք բառի հոմանիշը` ակնածանք, ու գնաց:

Արդեն դպրոցում դասատու էի, և մեր խմբով երեկոները դուրս էինք գալիս զբոսնելու: Ընկերուհիս ընկեր ուներ, որի ընկերները մեզ էին միանում և միասին ժամանակ էինք անցկացնում զբոսայգում: Ինչքան էի զարմանալու հետո, երբ պարզելու էի, որ այդ տղաներից մեկը Մելքոնյանի որդին է:  Մելքոնյանը երկու որդի ուներ, որոնցից մեկը մեր տարիքի էր, մյուսը` երկու տարի մեծ: Նրանք երկուսն էլ մեր դպրոցում չէին սովորել:

Շատ պատահաբար իմացա, որ դպրոցի դիմաց գտնվող շենքում, որտեղ դասավանդում էի, գտնվում էր Մելքոնյանի բնակարանը: Դա վերջին զանգի օրերին էր: Իմացա տան համարն ու զանգահարեցի:

-Ձեր նախկին աշակերտուհիներից է, ուզում եմ գալ Ձեզ այցելության,- ասացի խոսափողի մեջ` հույս չունենալով, որ կհիշի ու չսխալվեցի:

-Ինչ հարց կա,- չորեց Մելքոնյանը,- ով է:

-Հարությունի քույրիկը,- ասացի:

-Մուրադյան Հարությունի՞,- հարցրեց:

-Այո,- պատասխանեցի:

Ինձ մի փունջ հրաշալի մեխակ էին բերել, որն էլ վերցրեցի ու գնացի նրանց տուն: Դուռը բացեց ինքը:

Մելքոնյանը մազաչափ անգամ չէր փոխվել: Նույն հմայիչ ժպիտն ու գրավիչ արտաքինը: Բայց խոսակցությունը չէր կպնում: Մենք բաժանվել էինք վեցերորդ դասարանից, և այն ժամանակ ես դեռևս խմոր էի: Մելքոնյանի հետ մեր դպրոցից մնացել էր մեզանից երեք տարի բարձր մի աշակերտուհի, որը տզի պեա կպել էր նրան ու պոկ չէր եկել: Նրանք շատ մոտ էին, և այդ ընկերությունը շարունակվել էր: Մենք մի փոքր խոսեցինք դեսից-դենից, հետո տուն եկավ նրա ամուսինը: Նա հաղթանդամ ու քրտնաթոր դեմքով մարդ էր, որի համար իր կինը սրբության սրբոց էր:

Պարզվեց, ես դասավանդում եմ այդ ցեղի բազմաթիվ անդամներից մեկին, որը դպրոցի ամենավատ աշակերտներից էր: Բայց այդ օրվանից հետո դրական էի տրամադրվել Նազարեթի նկատմամբ, ով սկսել էր խելոք պահել իմ դասերին, ու վերջին զանգին նույնիսկ ինձ մի փունջ վարդ էր բերել. չլսված ու չտեսնված արարք նրա նման աշակերտի կողմից:

Հետո, երբ հետաքրքրվեցի նրանցով, իմացա, որ Մելքոնյանը հարս էր գնացել նրանց տուն, և նրա ամուսինը ձեռքը դրել է վրան, երբ ինքը դեռ դպրոցը նոր էր ավարտել: Ասում են, որ այդ ժամանակ Մելքոնյանը հրեշտակի պես գեղեցիկ է եղել, իսկ ամուսինը պաշտում էր կնոջը: Պատմում էին, որ Մելքոնյանը դավաճանել է ամուսնուն, սակայն ամուսինը չի ցանկացել լքել նրան: Շատ բան հայտնի էլ չէր, որովհետև այդ խոսակցությունների ժամանակ եղածի վրա տասն էլ ավելացնում և պատմությունն ուռճացնում էին:

Այդ ժամանակ էր, որ մտերմացա ֆիզիկայիս ուսուցչուհու հետ, ու ժամանակ առ ժամանակ գնում էի նրանց տուն: Այդ կինը ակնհայտ ատելությամբ էր խոսում Մելքոնյանի մասին: Ինձ հայտնի է դրա պատճառը. նա տգեղ կին էր, որի հետ չէր ամուսնացել նրա կողքի նստող դասընկերն այն բանից հետո, երբ ամբողջ դպրոցը խոսում էր այն մասին, որ նրանք պետք է  ամուսնանային: Այդ մասին ինձ պատմել է ինքը` ֆիզիկայիս ուսուցչուհին: Ես լավ էի հիշում նրա դասերն ու վերաբերմունքը այն աշակերտուհիների նկատմամբ, ովքեր հետևում էին իրենց արտաքինին կամ տղաներն ուշադիր էին նրանց նկատմամբ: Նա տանել չէր կարողանում այդպիսի աշակերտուհիներին, և այդ վերաբերմունքն ակնհայտորեն ցուցադրում էր:

Մելքոնյանի մասին խոսելիս նա արհամարհանքով ցցում էր ստորին շուրթն ու ատելությունից ձղաձգված կոկորդի երակներով ցնցվում.

-Ի՞նչ էր ուզում սովորեցնել տղային(նկատի ունի Արսենին), աչքե՞րն էր բացում:

Այդ խոսակցություններից ինձ համար պարզ էր միայն այն, որ, այնուամենայնիվ, ամենայն հավանականությամբ, Մելքոնյանի ու Արսենի մեջ ինչ-որ բան եղել է: Չգիտեմ, ով կամ ինչն էր պատճառը, որ պատմությունը հրապարակայնացվել է. Արսենի անփորձությունը, ճակատագրի հեգնանքը, թե ինչ-որ ուրիշ մի բան: Բայց ակնհայտ էր, որ Մելքոնյանին սիրում էին նրա աշակերտներն ու ամուսինը, և չէին սիրում կանայք, որոնք էլ ով գիտի` մի բանի վրա երկուսն էլ ավելացրել ու տարածել էին ով գիտի` եղած թե չեղած բանը:

շարունակելի

Advertisements

4 Comments

  1. G says:

    կոմենտները որ չեն երևում լավ չի. Ի՞նչ է գրած: ուզում եմ ասեմ՝ դու սրանից կարող ես դպրոցական էպոսիկ ստեղծել, գրես գրես նյութը հետո դարձնես էպոսիկ)
    էդպիսին դեռ հայերեն չկա:

    Like

    • admin says:

      Լավ չհասկացա, որ քոմենթները չեն երևում՞՞ Ամեն ինչ երևում է: Էպոսիկի մասին կմտածեմ))

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: