Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Օրասիո Կիրոգա. «Պատմվածքի հմուտ լեզուն»

Օրասիո Կիրոգա. «Պատմվածքի հմուտ լեզուն»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,453 կտտոց

Այս նույն սյունակներում, որ մի անգամ մանկության այն ընկերներս էին խնդրել գրել, ովքեր ցանկանում էին պատմվածքներ գրել առանց այն անքակտելի դժվարությունների, որ սովորական բան են պատմվածքի պատումի համար, ես մի քանի կանոններ և հնարքներ գրեցի, որոնք բավարար չափով մեկ անգամ չէ, որ ծառայել էին ինձ, կասկածեցի, թե կարող էին դրանք իսկապես օգտակար լինել մանկության այդ ընկերներիս համար:

Լռությունից ոգեշնչված,- գրականության մեջ լռությունը միշտ էլ ոգեշնչող է,- որի մեջ ընկել էր գործի վերաբերյալ իմ տարրական անգիտակությունը, լրացրեցի այն մի շարք նոր արդյունավետ ու համոզիչ հնարքներով, համոզված, որ գրելու արվեստի անթիվ հավակնորդներից գոնե մեկը պիտի որ խավարի մեջ երևելի մի պատմվածք հղանալիս լինի:

Ժամանակ անցավ: Մինչև հիմա չգիտեմ, թե իմ գրական կանոնները մի բանի ծառայեցի՞ն արդյոք: Մի շարք հնարքներ, որոնք ավելի շատ հակվածությամբ էին գրվել, քան հանդիսավորությամբ, «Վարպետ պատմվածագրի ձեռնարկ» ընդհանուր վերնագիրն էին կրում:

Այսօր ինձ նորից են խնդրում, բայց այս անգամ շատ ավելի լուրջ, քան ուղղակի լավ տրամադրվածությամբ: Նախ և առաջ ինձնից պատմվածքի վերաբերյալ կայուն և հստակ հայտարարություններ են պահանջում: Այնուհետև արդյունավետ մի բանաձև՝ խուսափելու համար պատմվածքներն արդեն հնացած ձևով գրելուց, որ այնքան խղճուկ հաջողությամբ կլանեց մեր նախորդ ժամանակը:

Ինչպես երևում է, որքան անհոգ և հուսալի էր վարպետ պատմվածագրի հնարքներ հրապարակելու իմ դրությունը, այնքան անկայուն է իմ ներկա վիճակը: Ինչ ես գիտեի պատմվածքի մասին, սխալ էր: Գործի վերաբերյալ իմ աներկբա իմացությունը, փոքրիշատե պարզ իմ փոքրիկ խորամանկություններն ինձ միայն ծառայել են մերկ ու վախվորած մանկան նման ոտքի վրա կանգնելու պատմվածքի մի նոր հմուտ լեզվի սխրագործությունների առջև, որ մեզ պետք է սնի:

«Նոր հմուտ լեզու…»: Ես չեմ առաջինն այսպես արտահայտել նորընծա կանոնները: Նրանց հետ խաղի մեջ է ոչ թե մեր հին գեղագիտությունը, այլ մի նոր նոմենկլատուրա: Որպեսզի կողմնորոշվենք, թե ինչպես գտնենք այն, ավելի օգտակար բան չկա, քան հիշել, թե երեկվա գրականությունը, տասը դար առաջվա գրականությունը և քաղաքակրթության առաջին թոթովանքների գրականությունը ինչ էին հասկանում պատմվածքի տակ:

Գրական պատմվածքը,- ասում է այդ գրականությունը,- բաղկացած է նույն միահյուսված տարրերից, ինչից և բանավոր պատմվածքը և վերջինիս նման շարադրանքն է բավականին հետաքրքիր մի պատմության, նաև բավականաչափ կարճ, որպեսզի կլանի մեր ողջ ուշադրությունը

Սակայն պարտադիր չէ,- ասում է մեզ այդ հմուտ լեզուն,- որ հակառակ թեման սկիզբ, միջնամաս և ավարտ ունեցող պատմություն ներկայացնի: Անավարտ մի դրվագը, մի միջադեպը, մի հասարակ հուզիչ, մտային կամ հոգեկան իրավիճակը լի ու լի տարրերի են տիրապետում, որպեսզի դրանցով պատմվածք ստեղծվի:

Գուցե որոշ դարաշրջաններում պատմությունն ամբողջությամբ, ինչը և կարող ենք սյուժե անվանել, անբաժան է եղել պատմվածքից:

«Խղճու՜կ սյուժե»,- ասում էին,- «Խղճու՜կ պատմվածք»: Ավելի ուշ, հասարակ մի հոգեվիճակի համառոտ, դինամիկ և խորաթափանց պատմությամբ ժանրի մեծ վարպետները անմահ պատմվածքներ ստեղծեցին:

Պատմվածքում թեմայի և մեթոդների անսահման տարածության մեջ երկու հատկանիշներ միշտ են պահանջվել. իր տպավորություններն առանց հապաղելու և աշխուժորեն հաղորդելու կարողություն՝ հեղինակի մեջ, պատումի անկաշկանդություն, էներգիա և համառոտություն՝ ստեղծագործության մեջ:

Այնքան յուրահատուկ են այս հատկանիշները, որ մարդկության վաղ ժամանակներից ի վեր, և գրականության ամենախորը ցնցումների միջով անցնելով, պատմվածքի ըմբռնումը չի փոխվել: Երբ մյուս ժանրերի ըմբռնումը փոփոխություն էր կրում ըստ տվյալ պահի մոդայի, պատմվածքն իր ողջ բնույթով մնաց կայուն: Եվ քանի դեռ արտահայտման մեր նախընտրելի միջոցը մարդկային լեզուն լինի, մարդը միշտ պատմելու է, որովհետև պատմվածքն է պատմելու բնական, նորմալ և անփոխարինելի ձևը:

Ծավալվելով մինչև վեպ, պատմվածքը կարող է տուժել իր կառուցվածքի մեջ: Սեղմված լինելով իր դինամիկ համառոտության մեջ՝ պատմվածքը չի կարող այլ բան լինել, քան այն, ինչ բոլորս՝ գիտակ թե անգետ, հասկանում ենք դրա տակ:

Չինական և պարսկական, հունա-հռոմեական, արաբական Հազար ու մի գիշերի, իտալական Վերածննդի, Պեռռոյի, Հոֆմանի, Պոյի, Մերիմեի, Բրեթ Հարթի, Վեգայի, Չեխովի, Մոպասանի, Քիպլինգի պատմվածքները բոլորը միևնույն բանն են իրենց կատարման մեջ: Կարող են տարբերվել մեկը մյուսից ինչպես արևն ու լուսինը: Սակայն ըմբռնումը, պատմելու համարձակությունը, լարվածությունը, համառոտությունը նույնն են բոլոր տարիքի բոլոր պատմվածագիրների մոտ:

Նրանք բոլորն առավելագույնս են տիրապետում նյութի մեջ արագ մտնելու հատկությանը: Անհնարին է այլ բառ կիրառել նրանց դեպքում, քան «Էությունը, էությունը…», ինչով և գանահարվում է վատ պատմողը: Պատմվածագիրը, ով «ոչինչ չի ասում», ով ժամանակ է խլում մեզնից, ով ինքն է ժամանակ կորցնում անհարկի երկարաբանություններով, կարող է մեկ այլ տեղ կոչում փնտրել իր համար: Այդ մարդը պատմվածագիր չի ծնվել:

Իսկ եթե այդ երկարաբանությունները, ավելորդաբանություններն ու նրբագույն պաճուճանքներն իրենց մեջ մեծագույն գեղեցկության տարրե՞ր ունեն: Եթե նրանք առանձին, շատ ավելի շատ, քան խեղդված պատմվածքն ինքը, արվեստի բարձրագույն գո՞րծ են ներկայացնում:

Շնորհավորանքներս,- պատասխանում է հմուտ լեզուն: Բայց դրանք պատմվածք չեն հանդիսանում: Այդ սքանչելի երկարաբանությունները կարող են փայլել որևէ հոդվածում, ֆանտազիայում, պատկերում, էսսեում, և վստահաբար նաև վեպում: Պատմվածքում դրանք տեղ չունեն, ոչ էլ կարող են իրենք իրենցով պատմվածք կազմել:

Քանի դեռ մի նոր հմուտ լեզու չի ստեղծվել, – եզրահանգում է մեր ծերուկը, – էպիկական պոեզիայի նոր ձևերով, պատմվածքը կա և կմնա այն, ինչ հասկացել ենք դրա տակ բոլորս՝ մեծ թե փոքր, ահել թե ջահել, ողջ թե մեռած: Ապագա նոր ժանրն իր բնութագրերով և երկրպագուներով կարող է ավելի բարձրակարգ լինել մարդ արարածին այրող պատմելու վաղեմի և կայուն տենչից, բայց եկեք այլ անուն փնտրենք դրա համար:

Ահա սա է խնդիրը: Ավանդական հմուտ լեզվի բերանով ահա այսպիսի պատասխան է տրվում ինձ առաջադրված հարցերին:
Իսկ ինչ վերաբերում է ինձ, պատմվածքն ընկալելու իմ անօգուտ մոլուցքին, անկեղծ ասած կարծում եմ, որ արդեն ուշ է դրանից ազատվելու համար: Բայց կանեմ, որքան որ խելքս գլխիս լինի, որպեսզի ավելի վատ չընկալեմ այն:

Թարգմանեց Կարինե Չոբանյանը


2 Comments

  1. G says:

    առաջին անգամ եմ հանդիպում այս գրողին այն բանից հետո երբ մանուկ տարիքում կարդում էի նրա Անակոնդա ժողովածուն. հորս սիրած գրողներից էր. մինչև հիմա չեմ մոռանում նրա մի պատմվածքը, հսկա սարդի թե արյուն ծծող ինչ որ այլ հսկա միջատի մասին՝ մի կնոջ բարձի մեջ. դա Կաֆկայի, Էդգար Պոյի, Կոնան Դոյլի հավասարազոր խառնուրդ էր և մի բան էլ ավելին. երնե՜կ էն ժամանակներին՝ երբ կարդում էի ինչ գիրք պատահի, ու թվում էր՝ պատմվածքի գիրք կարդալուց ավելի կարևոր անելիք այս կյանքում չկա. բայց ուրախ եմ որ այս գրողը դեռ հայտնի է ինչ որ մեկին

    Like

  2. admin says:

    ինձ հետաքրքրեց պատմվածք գրելու մասին նրա դատողությունները, որի հետ համաձայն եմ))

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: