Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Առանց կաշառքի ստացած մեդալս

Առանց կաշառքի ստացած մեդալս

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Կարծեմ դասղեկս տեղեկացրեց: Արդեն լավ չեմ հիշում: Եթե տենց էր, ուրեմն կյանքում արած միակ լավ գործն էր: Ինչևէ: Նոր տարուց կարճ ժամանակ անց իմացա, որ երկրաչափությունս «4» էր դրել: Զարմանալի չէ: Ամբողջ կիսամյակ էղած-չեղած երկու գնահատական ունեի: Մեկը ստուգողականի «4»-ն էր, մեկն էլ ընթացիկ «5», բայց դե գիտեի, որ ստուգողականը հազար անգամ ավելի կարևոր էր:

Ճարեցի մաթեմի դասատուիս համարն ու զանգեցի.

-Ընկեր Խոջոյան, ես ուզում եմ մեդալի գնալ:

Օր նշանակեց, որ գնամ նորից պատասխանեմ:

Մեր մաթեմի դասատուն էն սովորականներից չէր: Եթե «5» ես ուզում, ուրեմն պիտի կարողանաս աստղանիշներով խնդիրներ լուծել: Մի քանիսը տվեց: Լուծածիցս գոհ չէր: Բայց «5» դրեց: Ասաց.

-Ես գիտեմ քո ընդունակությունները, նենց որ դնում եմ: Հույս ունեմ՝ կհասցնես:

Հետո փոշմանեցի. ի՞նչ մեդալ, ի՞նչ բան: Ավելի լավ ա խախանդ ապրեմ, իմ ֆիզիկա-կենսաբը պարապեմ, անվճար ընդունվեմ:

Չգիտեմ ոնց էղավ, որ մամաս միտքը փոխեց: Կարծեմ ֆիզիկայի կրկնուսույցս խորհուրդ տվեց: Որ իմացավ մեդալի թեկնածու եմ, ասաց՝ կարելի ա փորձել. «Մի քննությունով ընդունվելը լավ բան ա»:

Ու սկսվեց կռիվ-ղալմաղալը, ներվային վիճակները, մամայիս խառնվելը:

Չեմ հիշում՝ ոնց էղավ, որ մամաս տնօրենին տեսավ: Կամ ծնողական ժողով էր, կամ էլ մեդալի թեկնածուների ծնողներին հատուկ կանչել էին հրաժարվելու: Որ մամաս սկսեց պնդել, թե գնալու եմ մեդալի, տնօրենը վրա տվեց.

-Բա ինքը երկրաչափություն չգիտի:

Չգիտեմ՝ մամաս ինչ ասեց, որ սա էլ շարունակեց.

-Ինքը ոչ թե «4»-ի ու «5»-ի, այլ «3»-ի ու «4»-ի արանքում ա:

-Ո՞նց թե:

Ու ստեղ մամաս գնում, մաթեմի դասատուին գտնում ու հարցնում ա, թե ճի՞շտ ա տնօրենի ասածը: Խոջոյանը շշմում ա, թե՝ «5»-ից քիչ ա պակաս, ի՞նչ «3»-ի մասին ա խոսքը:

Տնօրենը նոր բան ա գտնում:

-Ինքը պատմություն էլ չգիտի:

Էդ ավելի խնդալու էր, որովհետև յոթերորդ դասարանից սկսած պատմությունից ընդհանրապես «4» չէի ստացել: Ճիշտ ա՝ էդ ոչ թե իմ, այլ դասատուի շնորհքն էր, որովհետև պետք էր լուրջ ջանքեր թափել նրանից ցածր ստանալու համար, բայց դե տնօրենը դրանից հաստատ չէր կարող ենթադրել, որ ես պատմություն չգիտեմ:

Ղալմաղալին խառնվում է նաև փոխտնօրենը, որը նոր էր եկել մեր դպրոց ու մեր դասարանին ռուսերեն էր դասավանդում: Մի օր կանգնում, ինձ ասում ա, թե մեդալի պետք ա գնան մենակ տաղանդավոր էրեխեքը: Էդ նույնը կրկնում ա նաև ծնողական ժողովի ժամանակ, որին ներկա ա լինում տատս, ինքն էլ բռնում ու ասում ա.

-Իմ թոռնիկը տաղանդավոր է:

Իսկ էդ նույն ռուսերենի դասատուն քծնում էր ատեստատ առնող մի աղջկա, որի գոյության մասին լրիվ պատահաբար իմացանք մատյանը քրքրելիս ու լրացուցիչ անուն հայտնաբերելիս: Շուխուռ դրեցինք, թե՝ էս ո՞վ ա, որ էկել ա մեր դասարան, մենք չենք տեսնում իրեն: Տենց մի քանի անգամ դասի էկավ, մի էրկու անգամ էլ պատասխանեց, ու ռուսերենի դասատուն էլ կեղծ հիացմունքը դեմքին «5»-եր շարեց:

Տեսավ, որ տաղանդի հարցը չի անցնում, նույն փոխտնօրենը մի օր կպավ թե.

-Ռուսերենը չես կարողանա հանձնել:

Աչքիս մեծ հույսեր էր փայփայում:

-Բայց ես անգլերեն եմ հանձնելու:

-Դե չգիտեմ՝ անգլերեն ոնց գիտես:

Նենց կուզեի դասղեկիս ինադու ռուսերենի գնալ. գիտեի, որ կարող եմ: Մեր դպրոցն էնքան անճար էր, որ ինձ ռուսերենի օլիմպիադայի էլ էր ուղարկել: Ասում են՝ դպրոցական փուլն անցել էի, դրա համար, բայց խնդալս գալիս էր:

Հետո դասարանցիներս սկսեցին նամյոկ-բանով համոզել, որ չգնամ: Իսկ կյաժացրած մազերով, գողական ֆիզկուլտի դասատուն, որի բերանում միշտ գլխիս չափ ծամոն կար, կպել էր թե՝ դասարանցիներիդ մասին չե՞ս մտածում:

Պարզվում ա՝ եթե մեդալի գնայի, մեր դպրոց ավարտական քննություններին մարդ-մուրդ էր գալու ու մեր դասարանի թափթփուկներին չէին կարողանալու պլստացնել:

Իսկ ինչու՞ պիտի իրենց մասին մտածեի: Առանց էդ էլ ութ տարի էդ դպրոցում տառապել էի մեր դասարանի մտավոր հետամնացների կամ ուղղակի դանակով դասի եկող խուլիգանների պատճառով:

Որպես գերազանցիկի ինձ նստեցնում էին վատ սովորող տղաների կողքին: Նրանցից մեկը դասի ժամանակ պուպուլի հետ խաղում էր: Բողոքեցի, թե՝ խանգարում ա, ուրիշի կողքը նստեցրին: Սա էլ րոպեն մեկ բզում ու ժամը ցույց տալով, հարցնում էր.

-Նայի, ժամը էս ա: Զանգը ե՞րբ կտա:

Իսկ տասներորդ դասարանում լրիվ գազանանոց էին դարձրել: Մտնում էի դասարան, մեկ էլ ոռնոցները դնում էին: Վերջը էն աստիճանի հասավ, որ մամաս էկավ դպրոց: Ինքն էլ մտավ, էլի ոռնոցը միացավ: Մի առանձին շուխուռի թեմա էլ դա դարձավ: Մամաս ուզում էր գործերս վերցնել, ուրիշ դպրոց տանել, բայց տնօրենը չթողեց:

Ուրեմն հանուն նրա, որ համադասարանցիներս դպրոցն ավարտեն, պիտի հրաժարվեի՞ մեդալից: Հանուն դրա ավարտեին էն մարդիկ, որոնց ութից պիտի դուրս հանեին ու երևի որպես գլխաքանակ էին պահել, որ ստիպված չլինեն մի դասարան կրճատել, հետևաբար պետությունից ավելի քիչ փող ստանալ:

Մեդալի գնալ-չգնալուս պատմությունն էնքան էր ծավալվել, որ դրա մասին ամբողջ դպրոցն իր ողջ մանկավարժական կոլեկտիվով գիտեր:

Մի օր կենսաբի դասատուս խնդրեց, որ օլիմպիադայի դիպլոմները բերեմ:

-Ինչի՞ համար,- հարցրի:

Չասաց: Բայց որ նրան շատ էի, տարա: Հետո իմացա, որ դիպլոմներս վերցրել, մտել էր տնօրենի մոտ ու հետը կռիվ արել, թե սենց էրեխուն ո՞նց չեք թողնում մեդալի գնալ:

Էդ տեսակ պաշտպաններ քիչ ունեի: Մեկ էլ մաթեմիս դասատուն էր, որ ասում էր՝ մաթեմի հետ խնդիր չունեմ, լավ ա լինելու: Մյուսներն ավելի շատ ձգտում էին չեզոք դիրք բռնել կամ էլ համոզել, որ չգնամ:

Վերջը տնօրենը հասկացավ, որ անզոր էր: Մանավանդ որ անունս էլ նախարարություն էր ուղարկելր, էլ ոչինչ անել չէր կարող:

Կենտրոնացված քննություններից ստացա անհրաժեշտ գնահատականները: Ընթացքում նախարար փոխվեց: Երևի էդ էր պատճառը, որ բանավորների ժամանակ ոչ ոք չեկավ ստուգելու, ու բոլոր թափթփուկներն էլ ավարտեցին: Ավելի շատ տառապեցի պատմության ու գրականության ձեռքին, քան մաթեմի ու հայերենի, որ հանձնել էի դպրոցից հեռու, անծանոթ միջավայրում:

Մեդալը ստանալուց հետո ռուսերենի դասատուս.

-Ապրես, ես համոզվեցի, որ տաղանդավոր ես:

Տնօրենն անընդհատ կողքս էր ֆռռում: Ասում են՝ իմ ավարտելուց հետո, ով մտնում էր դպրոց, հպարտությամբ ասում էր՝ մենք էս տարի մեդալակիր ենք ունեցել: Մեկը լիներ, ասեր՝ վերջին տասը տարում առաջին անգամ:

Տարիներ անց ինձ կանչեցին դպրոց նկարահանվելու 100-ամյակին նվիրված տեսանյութում: Ինձ հետ էին նաև բազմաթիվ անվանի շրջանավարտներ, որոնք հիշում էին իրենց ուսուցիչներին ու պատմություններ պատմում: Հենց նստեցի տեսախցիկի առաջ, պատմեցի, թե ոնց ամբողջ դպրոցը հետևիցս ընկած` չէր թողնում մեդալի գնամ, հետո մյուսների նման առանձնացրի սիրելի ուսուցիչներիս ազգանունները՝ Աղաջանյան, Յոլչյան, Խոջոյան, Սվազյան: Նրանցից առաջինը մահացել էր մեր ավարտելուց մի ամիս առաջ, իսկ վերջին երեքն այլևս մեր դպրոցում չէին աշխատում:

100-ամյակի միջոցառմանը չգնացի. փոխտնօրենը համարս փնտրել է, որ հրավիրի, համադասարանցիներս նենգաբար չեն տվել, ասել են՝ քաղաքում չի:

Էլ չիմացա. էկրանին երևացի՞, թե՞ ոչ:

Բյուրակն Իշխանյան

Advertisements

6 Comments

  1. AnanaAM says:

    Դու հրաշք ես Բյուրակն ջան, որ դիմացել ու հասել ես նպատակիդ: Կարծում եմ` մեդալդ ծառայել է նպատակին: Ինքս, մեր տնօրենի հետ խոսելուց հետո, առանց երկար բարակ մտածելու` հրաժարվեցի. ասում էին ընդունելությանը չի օգնի, իսկ ինձ համար գերակա էր ԲՈՒՀը: Հիմա փոշմանում եմ…

    Like

  2. ԳԱԼԱ says:

    Հետաքրքիր պատմւթյուն էր : Կարևորը այն է որ ինքդ ես ստացել այդ մեդալը, ոչ թե կաշառքով ու առանց ծանոթի: ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ

    Like

  3. Շնորհակալ եմ 🙂

    AnanaAM, իսկ ինձ բուհ ընդունվելուց շաաատ օգնեց մեդալը. ընդամենը մի քննություն, և ի տարբերություն մյուս դիմորդների ավելի քան մի ամիս արձակուրդ:

    Like

  4. […] Վերջին զանգից հետո քննությունները սկսվեցին: Քրտնելով, մեջտեղից ճղվելով, իսկ մինչ այդ նաև դպրոցի տնօրինության ու լիքը դասատուների դեմ կռիվ տալով կարողացա առանց կաշառքի-բանի մեդալով ավարտել: Հետո պիտի տնօրենը գլուխ գովեր, թե էդ տարի դպրոցում մեդալակիր է եղել: Մոռացել էր, թե ոնց էր մերոնց կանչում, համոզում, որ հրաժարվենք, մամայիս ստից ասում էր, թե պատմությունից վատ եմ, մաթեմն էլ ոչ թե «չորսի» ու «հինգի», այլ «երեքի» ու «չորսի» խնդիր է եղել (տասներորդի առաջին կիսամյակում երկրաչափությունս քիչ էր մնում՝ «չորս» լիներ, բայց հետո խնդիրներ լուծեցի, «հինգ» դրեց): Էդ պատմությունների մեջ մեկ էլ նույն ֆիզկուլտի դասատուին եմ հիշում, որ ասում էր՝ հրաժարվի, թե չէ հանձնաժողով կգա դպրոց, դասարանցիներդ չեն կարողանա ավարտել: Լավ էր, չէ՞: Տասը տարի շարունակ էդ նույն դասարանցիները մի կերպ քարշ են եկել առանց մատը մատին խփելու, իսկ ես սովորել եմ, հետո էլ հանուն նրանց պիտի հրաժարվեի (մեդալի պատմությունն ավելի մանրամասն այստեղ): […]

    Like

  5. […] որ դրանից կարճ ժամանակ առաջ ամեն կերպ ուզում էր ինձ մեդալից հետ պահել` պնդելով, որ իմ ռուսերենն էդքան չի ձգի, որ […]

    Like

  6. […] որովհետև աշակերտի վրա թքող ուսուցիչը չէր պատժվում, խուլիգան աշակերտներին նախատող չկար, ու սովորելը չէր ողջունվում: Կար գողական ֆիզկուլտի […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: