Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Ծեծն անհրաժեշտ է «մարդ» դառնալու համար. դասղեկիս մանկավարժական գործունեությունից

Ծեծն անհրաժեշտ է «մարդ» դառնալու համար. դասղեկիս մանկավարժական գործունեությունից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Չբացահայտված փաստ. հայոց լեզվիս դասատուին մեղադրում էին աշակերտ գայթակղելու մեջ
Մովսիսյանի մասին լսել էինք, որ նրան ուրիշ դպրոցից հեռացրել են` ծեծի հետ կապված ինչ-որ պատմության պատճառով: Շատ տարիներ հետո, երբ դպրոցն ու համալսարանն ավարտել և ուրիշ դպրոցում դաս էի տալիս, իմացա, որ Մովսիսյանը` նախքան մեր դպրոց գալը, դասավանդել է հենց այդ դպրոցում: Այդ դպրոցում իմացա, որ աղջիկ երեխայի է ծեծել:

Աշակերտուհու ծնողները բողոքել էին, և նրան դպրոցից հանել էին: Այս պատմությունը նա մեզանից ծածուկ պահում էր, մինչդեռ, երբ արդեն մեր դասղեկն էր ու օրը մեկ տեսակի պահանջներ էր մեզ ներկայացնում, պատմում էր, որ նախկին դպրոցում, որտեղ դասավանդել է, մի դասարանի դասղեկ է եղել, որոնց հետ ընկերոջ պես է եղել, ու որոնց հետ ավարտելուց հետո էլ շարունակում է հանդիպել: Այդ դասարանի անդամներից մի քանիսի հետ էլ շատ տարիներ հետո առիթ եղավ շատ պատահաբար ծանոթանալու: Երբ հարցուփորձ արեցի, ասացին, որ, երբ Մովսիսյանն իրենց դասավանդում էր` աշակերտների ու դասատուի  տարիքային տարբերությունը եղել է 5 տարի, այդ պատճառով էլ հետներն ընկերական է եղել:

«Դե ավարտելուց հետո էլ` յոլա ենք տանում էլի»,- քմծիծաղով ասաց դասղեկիս նախկին դասղեկ դասարանի աշակերտը, որն այդ ժամանակ արդեն պատկառելի մարդ էր ու քաղաքում ինչ-որ նշանակություն ունեցող պաշտոնյա:

Աշխարհագրությունից բոբիկ եմ, բայց տարրական դասարանից սկսած` բերանս բաց փախցնում էին այն պատառիկները, որ եղբայրս պատմում էր իրենց աշխարհագրության դասից: Իրենց դասատուն Դանղյանն էր` արդեն օղորմածիկը, որը հոյակապ դասատու լինելուց բացի` նաև լավ ուսմասվար էր: Նա դասերին զարմանահրաշ պատմություններ էր պատմում իր արկածներից` կապված այս կամ այն երկրամասի հետ, հատկապես ջունգլիներից, ու թեպետ, եղբայրս ասում էր, որ դրանք հեքիաթներ են, բայց նա շատ լավ աշխարհագրություն էր սովորեցնում, ու ես երազում էի, որ Դանղյանը մեզ դաս տա:

Դպրոցում երկու աշխարհագրության դասատու կային, որից մեկին էլ բախտ վիճակվեց դառնալ իմ դասղեկը: Երբ չորրորդ դասարան էինք, մեր դասղեկը մի անգլերենի դասատու էր` Մարտիրոսյանը, որը անգլերենի փոխարեն պատմում էր աղջիկների կյանքը, իսկ երբ դրանք վերջանում էին` քննարկում էինք դասարանին վերաբերվող հարցեր: Մարտիրոսյանը մեզանից հրաժարվեց և ճիշտ էլ արեց: Քանի որ հասկացել էր, որ դասղեկ լինելը պարտականություն է, իսկ ինքը պատասխանատվություն կրել չէր սիրում: Նա դպրոցի այն դասատուներից էր, որ ծայրահեղ զուգվում-զարդարվում էր:

Այն տարիներին դեռ` նա մազերը ներկերով շեկացնում էր ու դեղնածամ, կարճ կտրած  մազեր ուներ, իսկ դեմքը ծայրահեղ պուդրայած էր: Մարտիրոսյանը միշտ բարձրակրունկ էր հագնում, ու, երևի լավ չկարողանալով կամ չիմանալով ճիշտ քայլել` մեջքը կորացած էր քայլում: Նրան կուզիկ մեջքով եմ հիշում ու ծայրահեղ խնամված արտաքինով` ոտքից գլուխ պուդրայված-օսլայված տիկին, արտաքինը մոդայի վերջին ճիչով զմռսած, երբ ամեն ինչ այն աստիճան մանրակրկտորեն է մտածված, որ բնականը մի կողմ է մղվում ու դրանից արհեստականության թունդ հոտ է փչում: Մի տեսակ նրբագուլպաներ(կալգոտկա) էր հագնում, որոնք մեր մոտ տարածվեցին, երբ ես արդեն դպրոցն ավարտել էի: Ամուսինը կարծես ինչ-որ լավ գործի էր, ու ինքն էլ չգիտես որտեղից էր ճարում սովետի ժամանակ չճարվող արտասահմանյան ծագման շորեր: Դա մի նրբագուլպա էր, որի մեկ ոտքի վրա` օլոքի հատվածում, շղթայատիպ հյուսվածք կար, նման  ապարանջաններին, ինչպես որ հիմա աղջիկները կրում են ոտքերին: Երբ առաջին անգամ տեսանք` աղջիկներով մտածեցինք, որ Մարտիրոսյանի գուլպայից հատ է գնացել, և նա էլ կարել է: Հետո այդ վարկածը չդիմացավ փորձությանը, որովհետև երբեք իրեն չէինք տեսել հատ գնացած զուգագուլպայով: Հասկացանք, որ նորաձև զուգագուլպա է, մանավանդ որ այդ ապարանջանաձև հյուսվածքի կարերում ոսկեգույն-արծաթագույն թելիկներ կային:

Մի խոսքով Մարիտիրոսյանը հրաժարվեց մեզնից, քանի որ իրեն` բացի իր պաճուճանքից ու աղջիկներին մարդի տալու հոգսից զատ` ոչինչ չէր հետաքրքրում, և ես հարգում եմ իր այդ որոշումը: Մարդը գիտակցեց, որ դասղեկ լինելը մեծարանքից զատ` պարտականություններ է ենթադրում, ինչին ինքը պատրաստ չէր: Այդքանն էլ հերիք էր, որ անգլերենիս հիմքը վատ դրվեց, որի ազդեցությունը մինչ օրս առկա է:

Երբ դեռ Մովսիսյանը չէր ստանձնել մեր դասղեկությունը, լսել էինք, որ դաժան դասատու է, ծեծում է երեխաներին և դաս անելու փոխարեն` տարաբնույթ հարցեր է քննարկում: Բարձր դասարանի աշակերտներն ասում էին, որ գնահատական նշանակելու ժամանակ` աշակերտներին հրամայում է բուռները բացել և քմծիծաղ տալով հարցնում, թե ինչ գնահատական է ուզում, որ բուռը դնի:

Դասղեկիս մասին ավելի ցնցող բան իմացա այն ժամանակ, երբ մեր դասղեկությունը ստանձնելուց հետո` դասարան մտավ, բացեց մատյանն ու սկսեց ծանոթանալ մեր անուն ազգանուններին:

Նա տնտղեց մեր բոլորի ազգուտակն ու հայտնաբերեց, որ մորս դասարանից է եղել: Մովսիսյանը տեղում ակնածանքով լցվեց իմ հանդեպ, քանի որ մայրս եղել է իրենց դասարանի գերազանցիկն ու շատ աշխատասեր, ուշիմ, ջանասեր ու ամեն հարցում աչքի ընկնող աշակերտուհի է եղել:  Նա ինձ անմիջապես կարգեց դասարանի ավագ, քանի որ ավագը ես չէի: Դա եղել էր այն  պատճառով, որ ես ուրիշ դասարանից էի եկել, իսկ այստեղ արդեն հաստատված իշխանություն-բան կար:) ու Մարտիրոսյանը ավագ նշանակել էր այդ իշխանություն-բանը գրաված ուրիշ մի աղջկա, որը հարվածային էր:  Երբ իմացավ, որ գերազանցիկ եմ` ինձ մխիթարեց, իբր ոչինչ, բայց իմ հոգը չէր:  Այդ աղջիկը որևէ կերպ ընդդիմություն չկազմակերպեց 🙂  երբ Մովսիսյանը ինձ ավագ նշանակեց:

Երբ եկա տուն և մորս հարցրեցի, թե արդյո՞ք Մովսիսյանն իրենց դասարանից է եղել, նա հաստատեց: Ավելին: Մայրս ասաց, որ Մովսիսյանն իրենց հետ չի ավարտել դպրոցը, քանի որ վատ սովորելու պատճառով մի տարի մնացել է նույն դասարանում: Ես ցնցված էի:

Լուրը տարածեցի մեր դասարանով, մենք աղջիկներով քննարկեցինք, բայց դա այդպես էլ մնաց մնաց մեր մեջ: Ամենից հետաքրքրիրն այն էր, որ Մովսիսյանը, փաստորեն, դրա համար չէր ամաչում: Եթե ամաչեր` չէր ասի, որ մորս դասարանից է եղել, որ մենք էլ իմանայիք, թե ծույլիկության պատճառով մի տարի մնացել է նույն դասարանում: Չնայած հետո միևնույն է` մայրս կիմանար, բայց դե:

Սա էլ մեր դասղեկն ու աշխարհագրության դասատուն: Մինչև հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ոնց դպրոցում վատ սովորող աշակերտը կարող է դասատու դառնալ: Թեպետ այն ժամանակ կարգերը խիստ էին ու բարձրագույն կրթություն չունեցողը չէր կարող դպրոցում դասավանդել, բայց Մովսիսյանը, փաստորեն, մի դասարան մնալով հանդերձ, ընդունվել էր բարձրագույն`ով գիտի ինչ ձևերով, և բարձրագույնի դիպլոմ ուներ:

Մովսիսյանը շատ վատ դասղեկ էր, քանի որ նրա միակ հոգսն այն էր, որ մենք իրեն մեծարեինք, կարծես թե բեղավոր ու կապույտ, մանր աչքերը դեմքին շարած ու կատաղած դեմքով այդ բարձրահասակ մարդը երկնային շնորհ էր, որ մեզ բաժին էր հանել նախախնամությունը:

Նա գրեթե դաս չէր պարապում, և հիմնականում դասերի ժամին մենք քննարկում էինք դասարանի հետ կապված հարցեր, թեպետ մենք օր և ժամ ունեինք նշանակած, որ կոչվում էր դասղեկի ժամ:  Դաս չբացատրելը դեռ մի կողմ. նա շատ դաժան մարդ էր ու ծեծում էր երեխաներին, ճիշտ է տղաներին, բայց դա նշանակություն չունի: Աղջիկներին էլ տղաների առաջ պախարակում ու վատ խոսքեր էր ասում:

Մի անգամ, շատ լավ հիշում եմ, իրեն դրել էր մաքրասիրության մարտիրոսի տեղ ու աղջիկների գլխին ճառ էր կարդում, թե պետք է մաքուր կոշիկներով ու մաքուր շորերով գալ դասի, ընդ որում տղաների ներկայությամբ: Նա բոլոր աղջիկներին շարեց գրատախտակի մոտ, որպեսզի տեսներ, թե մաքուր են արդյո՞ք նրանց երկարաճիտ կոշիկները (սապոգները): Իմ սապոգները ցեխոտ էին, և ես ալարում էի շատ ժամանակ մաքրել, քանի որ մեր տանից դպրոց տանող ճանապարհը ասֆալտված չէր ու հողաշերտ ու ցեխաջրով լի փոսերով անցնելուց հետո դժվար էր մաքուր սապոգ ունենալը: Բացի այդ ես էլ հանգիստ չէի քայլում, այլ վազում էի ու ոտքերիս տակը չէի նայում, հետո կոշիկ մաքրելը իմ ամենաչսիրած գործն էր: Մի խոսքով նա մեզ բոլորիս վիրավորեց, որ մենք կեղտոտ կոշիկներով ենք դպրոց եկել ու դրանից վիրավորվեցի: Ավելի ճիշտ իր նկատմամբ երբևէ որևէ լավ միտք չեմ ունեցել, չէի սիրում ու սիրելու էլ չէր:

Ես ավելի ցնցված էի բերքահավաքի ժամանակ կատարված մի դեպքից, երբ նա մեր դասարանի ամենալավ աղջիկներից մեկի վրա գոռալուց անվանեց «լիրբ ու ագառկա»:  Ես չգիտեի, թե ինչ էր կատարվել, միայն հասա այն պահին, երբ գոռում էր: Նա շատ արագ հունից դուրս էր գալիս, երբ մեկը փորձում էր իրեն հակաճառել կամ չհամաձայնվել, կամ ավելի ճիշտ չհիանալ իր խորաթափանց ու ազդեցիկ մտքի գոհարներով: Անմիջապես գործի էր դնում դասատուի բերանին ոչ վայել բառապաշարը. «եզի վաստակ, անասուն, կով, ոչխար» և այլն, ապա, եթե դա չէր ազդում, դաժանորեն ծեծում էր: Մովսիսյանը ձեռքի լայն ափ ուներ ու հաղթանդամ տղամարդ էր: Ձեռքի անդադար հարվածներ էր տեղում տղաների դեմքին` աղջիկների ներկայությամբ, իսկ հաճախ էլ ծեծում էր աշխարհագրության ցուցափայտով:

Մի անգամ մեծ դասամիջոցին, երբ զանգը տալու վրա էր և աբողջ դասարանը մեղվի փեթակի պես բզզում էր, մեր դասարանի Հայկը տեսավ, որ նա գալիս է ու գոռաց, թե «Մոսը գալիս ա»: Դա էր, որ լսեց. «Մոսը»: Կարծես թե իր պես ասել էինք եզի վաստակ: Նա կատաղած աչքերով թռավ Հայկի դեմքին ու ցուցափայտով հարվածներ տեղաց մեջքին, թե դու ո՞վ լինես, ասես Մոսը:

Հայկը մեր դասարանի ամենալավ և խոստումնալից ապագա ունեցող տղաներից էր, նրա մայրը դպրոցում դասատու էր աշխատում, հայրնէլ` նկարիչ էր: Նա չարաճճի տղա էր ու ամբողջ օրը խուլիգանություն էր անում, թեպետ աղջիկների սիրելին էր: Երբ դպրոցն ավարտեցինք, մի անգամ դասարանով հավաքվել էինք, որի ժամանակ միամիտ հիշվեց Մովսիսյանի ծեծելու պատմություններից: Նույն Հայկը սեղանի վրա` Մովսիսյանի ներկայությամբ (ի դեպ, դա եղել է միակ դեպքը, որ դասարնով հավաքվել ենք) ասաց, որ դա էլ էր պետք, որ «մարդ դառնար»: Դա այն տարիների հոգեբանությունն էր: Ծեծը օրինաչափ երևույթ էր: Դպրոցում սովորական էր համարվում, որ դասատուն պետք է ծեծի ու վիրավորի աշակերտին: Սակայն երբևէ չեմ պատկերացրել, թե ինչ-որ մեկը կարող է հարգել կամ առավել ևս սիրել մեկ ուրիշ անձի, երբ նա վիրավորում ու նսեմացնում է իր արժանապատվությունը, ավելին, բռնություն  է գործադրում` օգտագործելով իր դիրքն ու իշխանությունը:

Մովսիսյանը նաև ցածր ու դասատուի դիրքին ոչ վայել մտքեր ուներ: Մենք մի քանի աղջիկներով իրար հետ մոտ էինք և իրար ծնունդներին գնում էինք: Մեր դասարանի տղաներից մեկը իմացել և դասղեկի ժամին քննարկում էր այդ հարցը, թե ինչու տղաներից էլ չէինք հրավիրում: Մովսիսյանը, երբ դա իմացավ, իրեն հուզեց ոչ թե այն, որ ամբողջ դասարանին չենք հրավիրում, այլ որ իրեն չենք հրավիրում: Չեմ էլ հասկանում դա ի՞նչ պարտադրանք է: Ինչո՞ւ պետք է ամբողջ դասարանին հրավիրեինք: Միգուցե մարդը հնարավորություն չունի այդքան մեծ սեղան գցելու, կամ դա ուզելով չէ՞:

Մովսիսյանը կատաղեց ու հսկայական խոսակցություն ծավալվեց, որ ժամանակ միտք էր պտտեցնում, որ իրեն պետք է հարգենք և հրավիրենք մեր ծնունդներին, դա չի նշանակում, որ ինքը` «փորը սապնած», (այդպես էր ասում քաղցած լինելուն), սպասում է, թե երբ ենք ծնունդ անելու, որ հրավիրենք իրեն հաց ուտելու: Այս խոսկացության վերջը եղավ այն, որ մեր դասարանի Արմինեն, որի հայրը միլիցիոներ էր, իսկ մայրը` խանութի գործակատար, որը նշանակում էր, որ իրենք հարուստ էին, իր ծնունդին հրավիրեց Մովսիսյանին և, իհարկե, այդ մի խումբ աղջիկներին: Մովսիսյանը եկավ ու բնավ չմտահոգվեց, որ ծնունդին ամբողջ դասարանը ներկա չէ: Նա եկավ, նստեց սեղանի գլխին ու «սապնած փորը» լցրեց Արմինեենց տան պատշգամբում պատրաստված խորովածով ու անանասի պահածոյացված հյութով, որն այն տարիների համար չլսված-չտեսնված  ու չճարվող սեղանի զարդ էր համարվում:

Սակայն Մովսիսյանի վատ դասղեկ լինելու ամենավատ եզրն այն է, որ բոլոր այդ հինգ տարիների ընթացքում, որ նա անընդմեջ եղավ մեր դասղեկը, և, նա չփոխվեց, և մեր ավարտական վինետկայի մեջ որպես դասղեկ դրված է նրա նկարը, այն էր, որ բոլոր այդ տարիների ընթացքում նա մեզ ոչ մի անգամ ոչ մի տեղ էքսկուրսիայի չտարավ: Դասերը վերջանալուն պես մենք մոռանում էինք դպրոցը և հիշում սեպտեմբերի 1-ին: Շատ դասարաններ էին հունիսի սկզբին գնում այս ու այնտեղ, Գառնի-Գեղարդ, Բյուրական կամ էլի շատ ուրիշ տեղեր: Պիջոյանը, որ մեր պատմության դասատուն էր, որը ավելի դաժան էր ծեծում երեխաներին ու Մովսիսյանի հետ էլ շատ մոտ էր, իր դասղեկ դասարանին ամեն տեղ արձակուրդներին տանում էր: Մի անգամ խոսակցություն եղավ, որ ուզում ենք գնանք Լոռի` թեման առանց ծավալվելու փակվեց: Նույնիսկ տարրական դասարանի դասվարը, երբ այդ տարիքի 30 երեխաների համար մեծ պատասխանատվություն է դպրոցից դուրս էքսկուրսիա տանելը, մի անգամ մեզ տարել է Զվարթնոց տաճարի ավերակներ, մի անգամ էլ Սարդարապատի հուշահամալիր:

Օրերս էր, որ Ալավերդիի շրջակայքի վանական համալիրները պտտվելու համար եղա Հաղպատում, Սանահինում, Ախթալայում և այլուր: Ես բազմաթիվ ավտոբուսներ տեսա դպրոցականներով ու դասատուներով լի, որոնք եկել էին էքսկուրսիա` դիտելու հայոց հինավուրց եկեղեցական ճարտարապետությունը: Ես շատ ուրախացա, որ այդ ավանդույթը չի մահացել, որ թեկուզ ես դպրոցի ժամանակ չեմ գնացել, բայց հիմա դպրոցներում երեխաների համար դասատուները դա անում են: Կյանքը շատ բարդ բան է, երբեք չես իմանա, թե հետագայում ինչպես կդասավորվի այն: Թեպետ Հայաստանը փոքր երկիր է, սակայն ոչ ոք չգիտի, թե հետագայում հնարավորություն կունենա արդյո՞ք այցելել մեր երկրի գեղատեսիլ վայրերը: Բացի այդ դպրոցական միջավայրից դուրս կազմակերպված այդ էքսկուրսիաները` ճանաչողական բնույթից զատ, ամրացնում են երեխաների միջև ընկերական կապերն ու հիմք ստեղծում նրանց հետագա շարունակության համար, իսկ դասղեկը համարվում է այդ կապի կիր ու շաղախ անողը:

Մեր դասարանով մենք ոչ մի կերպ կապված չենք իրար հետ, ճիշտ է մերոնցից շատերը այստեղ չեն, որոշները ամուսանցել են ուրիշ  քաղաքներ, սակայն ես իմանում եմ, որ տարին կամ երկու տարին մեկ անգամ նրանք գալիս են, բացի այդ քաղաքում էլ կան մնացած դասարանցիներ, սակայն որևէ մեկի մտքով էլ չի անցնում հավաքվել:

Մեր դասղեկը ևս քաղաքից չի հեռացել: Դպրոցն ավարտելուց հետո նա առիթ է ունեցել ևս մեկ դասարանի դասղեկը լինելու: Քանի որ նա չափազանց մեծ նշանակություն էր տալիս «փորը չսապնած» թողնելու մտքերին, արագորեն ստանձնել էր քաղաքապետի որդու դասարանի դասղեկությունը: Դրանից հետո, ասում են դպրոցից դուրս էր եկել և շուկայում միս էր վաճառում:

Նրան, երբեմն տեսնում եմ քաղաքում: Գլուխս շուռ եմ տալիս և չեմ բարևում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: