Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Էռնեստ Հեմինգուեյ. «Ծերունին կամրջի մոտ»

Էռնեստ Հեմինգուեյ. «Ծերունին կամրջի մոտ»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Պողպատյա շրջանակով ակնոցով և շատ փոշոտ շորերով մի ծերունի նստած էր ճամփեզրին: Գետի լայնքով մի նավակամուրջ կար, որի վրայով անցնում էին սայլեր, բեռնատար ավտոմեքենաներ, տղամարդիկ, կանայք ու երեխաներ: Ջորիներով լծված սայլերը, որոնց անվաճաղերից հրում էին զինվորները, կամրջի ծայրին երերալով բարձրանում էին ուղղաբերձ ափը: Բեռնատար ավտոմեքենաներն այդ հատվածում դժվարությամբ և ամեն ինչ տրորելով առաջ էին անցնում, իսկ գյուղացիները դանդաղորեն քայլում էին` մինչև կոճերը փոշու մեջ խրված: Բայց ծերունին նստել մնացել էր այնտեղ: Նա չափազանց հոգնած էր ճանապարհը շարունակելու համար:

Իմ գործը կամուրջն անցնելն էր, այն կողմի կամրջագլխի ամրությունը հետազոտելը և պարզելը, թե մինչև ուր է առաջացել թշնամին: Ես դա արեցի և վերադարձա կամրջի մոտ: Այժմ արդեն այնքան շատ սայլեր չկային, և շատ քիչ մարդ էր ոտքի վրա մնացել, բայց ծերունին դեռ այնտեղ էր: 

– Որտեղի՞ց ես գալիս,- հարցրեցի ես նրան:

– Սան Կառլոսից,- ասաց նա ու ժպտաց:

Դա իր հայրենի քաղաքն էր, և այդ նրան հաճույք պատճառեց անվանել այն, ու նա ժպտաց:

– Ես կենդանիներ էի պահում,- բացատրեց նա:

– Օ՜,- արտաբերեցի՝ լավ չհասկանալով:

– Այո՛,- ասաց նա,- հասկանո՞ւմ եք, ես ապրում էի կենդանիներ պահելով: Ես վերջինն էի, որ թողեցի Սան Կառլոս քաղաքը:

Նա ո՛չ հովվի էր նման, ո՛չ էլ նախրապանի: Ես նայեցի նրա սև ու փոշոտ շորերին, փոշուց սպիտակած դեմքին, պողպատյա շրջանակով ակնոցին ու ասացի.

– Ի՞նչ կենդանիներ էին:

– Տարբեր,- ասաց ու թափահարեց գլուխը:- Ես ստիպված էի նրանց թողնել:

Դիտում էի Էբրոյի՝ աֆրիկյան տեղանքի նմանվող ճյուղաբերանը և ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել մինչև թշնամիների հայտնվելը ու անընդհատ ականջ էի դնում առաջին այն ձայներին, որոնք կլինեին ընդհարում կոչվող այդ մշտապես խորհրդավոր իրադարձության ազդանշանը: Իսկ ծերունին դեռ նստած էր այնտեղ:

– Ի՞նչ կենդանիներ,- հարցրի:

– Բոլորը միասին երեքն էին,- բացատրեց նա,- երկու այծ ու մի կատու: Նաև չորս զույգ աղավնի կար:

– Եվ դու ստիպված էիր թողնե՞լ նրանց,- հարցրի:

– Այո՛, հրետանու պատճառով: Հրետանու պատճառով կապիտանն ինձ կարգադրեց գնալ:

– Իսկ ընտանիք չունե՞ս,- հարցրի ես՝ նայելով կամրջի մյուս ծայրին, որտեղ վերջին մի քանի սայլեր հաղթահարում էին գետափի թեքությունը:

– Ո՛չ,- ասաց նա,- արդեն ասացի` միայն կենդանիներ: Կատվի հետ, իհարկե, ամեն ինչ լավ կլինի: Կատուն իր գլխի ճարը կտեսնի, բայց չեմ կարողանում պատկերացնել, թե ինչ կլինեն մյուսները:

– Ի՞նչ քաղաքական հայացքներ ունես,- հարցրի:

– Ես քաղաքականություն չունեմ,- ասաց նա:- Ես յոթանասունվեց տարեկան եմ: Արդեն տասներկու կիլոմետր քայլել եմ ու կարծում եմ, որ հիմա չեմ կարող առաջ շարժվել:

– Սա կանգ առնելու համար լավ տեղ չէ,- ասացի ես:- Եթե հասցնես, վերևում, ճանապարհի վրա բեռնատարներ կան:

– Մի քիչ կսպասեմ,- ասաց նա,- ու հետո կգնամ: Ո՞ւր են գնում բեռնատարները:

– Դեպի Բարսելոն,- ասացի նրան:

– Այդ կողմերում ոչ մեկին չեմ ճանաչում,- ասաց նա,- բայց շա՛տ շնորհակալություն: Կրկին շատ շնորհակալություն:

Նա ինձ նայեց անօգնական ու հոգնած տեսքով և հետո ինչ-որ մեկին իր վշտին հաղորդակից դարձնելու համար ասաց. «Կատվի հետ ոչինչ չի լինի, համոզված եմ: Կարիք չկա անհանգստանալու կատվի համար: Բայց մյուսները…. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կլինի մյուսներին»:

– Դե, նրանք էլ հավանաբար բարեհաջող դուրս կպրծնեն:

– Այդպե՞ս ես կարծում:

– Իսկ ինչո՞ւ ոչ,- ասացի՝ դիտելով դիմացի ափը, որտեղ արդեն սայլեր չկային:

– Բայց նրանք հրետանու տակ ի՞նչ կանեն, երբ ինձ կարգադրեցին հեռանալ հրետանու պատճառով:

– Դու աղավնիների վանդակը բա՞ց ես թողել,- հարցրի ես:

– Այո՛:

– Ուրեմն նրանք կթռչեն:

-Այո՛, անշուշտ նրանք կթռչեն, բայց մյուսները … Ավելի լավ է, չմտածեմ մյուսների մասին,- ասաց նա:

– Միգուցե գնայիր, եթե հանգստացել ես,- պնդեցի ես:- Վեր կաց և փորձիր քայլել:

– Շնորհակալություն,- ասաց նա և ոտքի կանգնեց, երերաց ու նորից նստեց փոշու մեջ:- Ես կենդանիներ էի պահում,- վհատորեն ասաց նա, բայց արդեն ոչ ինձ:- Ես կենդանիներ էի պահում:

Նրան ոչինչ չէր կարելի անել: Զատկի կիրակի էր, և ֆաշիստներն առաջանում էին դեպի Էբրո գետը: Այնպիսի մռայլ ու ցածր ամպերով պատված օր էր, որ նրանց ինքնաթիռներն օդ չէին բարձրացել: Դա և այն փաստը, որ կատուները կարողանում են իրենց գլխի ճարը տեսնել, միակ մխիթարությունն էր, որ այդ ծերունին երբևէ կարող էր ունենալ:

Թարգմանեց Յուրա Գանջալյանը

Էռնեստ Հեմինգուեյ (1899-1961)- ամերիկացի գրող, արժանացել է Նոբելյան մրցանակի 1954թ.: Հեմինգուեյը մեծապես ազդել է 20-րդ դարի գրականութան վրա:


1 Comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: