Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Թաթի բանալիների բազմաֆունկցիոնալ տրցակի արկածները ֆիզիկայի ժամին

Թաթի բանալիների բազմաֆունկցիոնալ տրցակի արկածները ֆիզիկայի ժամին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Մեր դպրոցի ահուսարսափն էր Թաթը` Թադևոսյան Երվանդը, դպրոցի հավերժական տնօրենը. ծերացող բայց առույգ… Ցից-ցից ու հպարտորեն էր քայլում միջանցքներում… դանդաղ ու պատկառանքով: Նույն պատկառանքով էլ ծեծում էր ավագ դասարանների տղաներին: Ավելի ճիշտ ծեծելն սկսում էր պատկառանքով, բայց հետո ոգևորվելով լրբանում էր աներևակայելի աստիճան, և այդ պահին ձեռքն ընկած ամեն բան կարող էր գործի դրվել իբրև պատժի գործիք: Առավել հաճախ ձեռքն էր ընկնում, կամ ավելի ճիշտ է ասել` ձեռքից երբեք չէր բացակայում բանալիների հսկայական տրցակը, կամ ավելի ճիշտ` հսկայական բանալիների հսկայական տրցակը, որն իր զգալի քաշով արդեն իսկ մեծացնում էր հարվածի ուժը, իսկ մատների արանքից դուրս ցցված մեկ կամ երկու մեծ բանալիներն այդ ամբողջ ուժը կենտրոնացնում էին մեկ կետի վրա. հաճախ` ուժի կիրառման այդ կետը զոհի գլուխն էր…

Շատ հին` մի երեսուն տարի առաջվա պատմություն է այս պատմությունը: Այն ժամանակ դեռ դպրոցների տնօրենները սարսափելի խիստ էին ու… սարսափելի, և ընդհանուր առմամբ, դասավանդում էին հիմնականում ամենաբարձր դասարանցիներին, որ վերջիններս իրենց չափից դուրս մեծացած ու արտոնյալ չպատկերացնեին:

Դուք, իհարկե, արդեն կռահեցիք, որ Թաթը ֆիզիկա էր դասավանում, դրա համար էլ գերազանց էր տիրապետում թե՛ իր պահվածքին, թե՛ իր հարվածների տեխնիկային: Նա ֆիզիկա էր դասավադնում ամենաբարձր դասարաններին, իսկ դա այն ժամանակ նշանակում էր, որ հանդիպումները ամենօրյա էին:  Գլուխ պահելը` դաս սովորելու իմաստով, իհարկե, նրա մոտ բացառվում էր, որովհետև ըստ իր սովորության` նա ամեն օր կարող էր դաս հարցնել նույն աշակերտներին, ովքեր ըստ նրա` ավելի թույլ էին, իսկ նրանք, ովքեր լավ գիտեին առարկան ամբողջ քառորդի ընթացքում մեկ կամ երկու անգամ դաս պատմեին-չպատմեին, Թաթը` դասարան մտնելով, արդեն հստակ գիտեր, թե ով և ինչքան է սովորել օրվա նյութը և որքանով է պատրաստ այդ պահին պատասխանել:

Դաս հարցնելիս` նա թևերը կրծքի վրա ծալած անցնում էր նստարանների արանքով, բացարձակապես չնայելով դասարանին. անցնելով մի-քանի քայլ կարող էր առանց շրջվելու մատների արանքից ցցված ամենամեծ բանալին ուղղել-սրա կամ նրա վրա, իսկ դա նշանակում էր` առաջ դեպի գրատախտակ: Ընդհանրապես, բանալիների այդ տրցակը Թաթի համար մեկ այլ կարևոր գործառույթ էլ ուներ. իր բոլոր օրինակները նա զարմանալիորեն հաջողացնում էր ցուցադրել այդ բանալիների վրա… Դրանք պահի տակ` մազական խողովակներից կարող էին վերածվել մինչև կիսա ու գերհաղորդիչների ու անգամ ջրածնային զենքի… Ջրածնային զենքի պարագայում, օրինակ` առաջինը պայթում էր չափերով ավելի փոքր բանալին և դետոնացնում ավելի մեծի պայթյունը… և այլն…

Դպրոցն ուներ երկու մասնաշենք, որ դասավորված էին նույն ուղղի վրա ու միանում էին իրար լայն ու երկար միջանցքով` այնպես, որ հին մասնաշենքի միջանցքի մի ծայրից կարելի էր հանգիստ հետախուզել և մասնաշենքերը միացնող անցումը և նոր մասնաշենքի ողջ միջանցքը: Մի մասնաշենքի ծայրից մինչև մյուս մասնաշենքի հակառակ ծայրը հարյուր մետրից ավելի ճանապարհ էր. մեզ` աշակերտներիս, համար գուցե ոչ զգալի, իսկ իր յոթանասունականները թևակոխող Թաթի համար` բավականին քայլելու ճանապարհ, քանի որ նրա առանձնասենյակը հին մասնաշենքի երկրորդ հարկում էր, իսկ ֆիզիկայի լաբորատորիան նոր մասնաշենքի` երկրորդում: Թաթը այս հարցում գտել էր ապրելու հեշտ ձևը` նա բարձր դասարանցիների ֆիզիկայի ժամերը գցել էր վեցերորդ-յոթերորդ ժամերին, երբ առաջին` ցածր դասարանցիների մասնաշենքը հիմնականում դատարկ էր լինում, ու իր ծուլանալը մեզ մեծ մասնաշենքի ցրտից պաշտպանելով հիմնավորելով ` դասերն անցկացնում էր իր առանձնասենյակի կողքի դատարկ դասասենյակներում:

Եվ քանի որ այդ դասասենյակները նախատեսված էին ցածր դասարանցիների համար, հասկանալի է, որ այնտեղ դրված նստարանները շատ փոքր էին մեզ` տասներորդցիներիս համար: Մենք հազիվ էինք տեղավորվում այդ պստլիկ նստարանների վրա, կամ ավելի ճիշտ կլիներ ասել` դրանց մեջ: Դասական ոճով կառուցված այդ հին նստարանները ամուր գրկում էին մեր ոտքերն ու շատ անգամ` վեր կենալիս ետ ուառաջ անում մեզ հետ:

Թաթն այդ օրն ինչ-որ բան էր պատմում ռեակտիվ շարժման մասին, ոգևորված գնում-գալիս էր առաջին շարքի առջևով, ուր մեր համադասարանցի Խչոյի ոտքերը նստարանի մեջ տեղ չանելով` վերջապես նստարանից դուրս էին պրծել` վրա տված թմբիրը փոքր-ինչ հանգստացնելու հույսով:

-Գազերը դուրս են գալիս հրթիռի հետևից ու տի-զե-րա-նավը  թըռ-չում է առ-ռաջ…

Մեծ բանալին աջ ձեռքի մատների արանքից դուրս հանելով ու ձախ ձեռքով դրա հետևից պոկվող գազերի շարժումը իմիտացնելով պատմում էր Թաթը, մեկ էլ` մի տեսակ գլորվեց, աջ ու ձախ ընկավ ու հավասարակշռությունը հազիվ պահելով ու «Չոր-ցած ոտ-քեր…» բղավելով հրթիռ արտահայտող բանալին իջեցրեց առաջին շարքում մեն-մենակ մի նստարան զբաղեցրած Խչոյի գլխին.. «Քաշի՛ր ոտքերդ… Ոտքի կանգնի՛ր…»:

Խչոն մի կերպ ոտքերը հավաքեց ու փորձեց ոտքի կանգնել: Աշակերտական սև նստարանը սև նժույգի նման նրա կանգնելու հետ ծառս եղավ, մի պահ բարձրացավ, իսկ հետո` հենարանից պոկվելով ոտքերը դնելու համար նախատեսված տախտակի սուր կողմով գիլյոտինի նման սրընթաց իջավ ուղիղ… Թա-թի… ոտ-նա-թա-թե-րին…

Այս տեսարանը մի պահ միայն ապշած ու հիացած դիտելուց հետո մենք` ծիծաղներս հազիվ զսպելով մի կերպ ազատեցինք Թաթի ոտնաթաթերն ու հետո` նստարանի մեջ խճճված Խչոյին… Այնուհետև, լուռ ու ցավակցական հայացքներով շարունակեցինք դիտել, թե ինչպես է Խչոն կաղող Թաթի չընդմիջվող հարվածների ու հրմշտոցների ներքո հնազանդ ուղղվում դեպի տնօրենի առանձնասենյակը…

Այդ օրվանից սկսած` մեր ֆիզիկայի դասաժամերն այլևս կրտսեր դասարանցիների դասասենյակներում չէին անցնում…

Հաբեթ Մուրադյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: