Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Մարկես. «Մեր ֆանտաստիկ իրականությունը»

Մարկես. «Մեր ֆանտաստիկ իրականությունը»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,291 կտտոց

Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանի երկրներում արվեստագետներին գրեթե ոչինչ հարկ չի լինում հորինելու: Նրանց կացության դժվարությունը կայանում է հակառակ պարագայում. ինչպե՞ս անել, որ իրենց պատկերած իրականությանը հավատան: Եվ այսպես եղել է միշտ: Մեր պատմության ամենասկզբից մեր գրականության մեջ չկան գրողներ, որոնց ավելի քիչ են հավատացել, բայց որոնք այնպես ձգտել են լինել ճշմարտացի, որքան Վեստ Ինդիայի նվաճման ժամանակագրության հեղինակները: Քրիստափոր Կոլումբոսի օրագիրը գրական այդ ժանրի հնագույն ներկայացուցիչն է: Սկսենք նրանից, որ մենք բացարձակապես համոզված չենք, թե իսկապես նրանք գոյություն ունեցել են, որքանով որ մեզ է հասել պադրե Լաս Կասասի գրչին պատկանող նրանց մեկնակերպը, որը հաստատել է, թե դրանք ընդօրինակներ են իրեն հայտնի բնօրինակից: Համենայն դեպս, ըստ այս վարկածի, նվազ համոզիչ են մատուցվում շշմեցուցիչ հրաշքները, որոնք Կոլումբոսը ստիպված էր գրանցել, որպեսզի համոզի կաթոլիկ պետերին իր հայտնագործության նշանակության հարցում: Կոլումբոսն ասում է, որ մարդիկ, որոնք դուրս են եկել դիմավորելու իրեն 1492 թվի հոկտեմբերի 12-ին, մորեմերկ էին:

Մյուս ժամանակագիրները նույնպես հաստատում են, որ Կարիբյան ավազանի բնիկները, որոնք դեռ իրենց անվտանգ էին զգում քրիստոնեական բարոյականությունից, զբոսնում էին մերկանդամ, ինչը բոլորովին բնական բան էր արևադարձայինների համար: Չնայած դրան, Կոլումբոսի կողմից Բարսելոնի արքայական պալատ բերված «նմուշները» հագել էին նկարազարդված արմավենու տերևներ և փետուրներ, մանյակներ` շինված արտասովոր կենդանիների ատամներից ու մագիլներից: Սա, թվում է, շատ պարզ բացատրություն ունի: …

Կոլումբոսի առաջին ճանապարհորդությունը, նրա հույսերին հակառակ, ավարտվեց տնտեսական կրախով: Նա ոչ միայն չգտավ թագուհուն խոստացած ոսկին, այլ նաև կորցրեց իր նավերի մեծ մասը, նա չկարողացավ բերել հսկայական արժեք ունեցող իր հայտնագործության ոչ մի ապացույց, և ընդհանրապես` ոչինչ, որ կարողանար արդարացնել այդքան երկար ու թանկ ճամփորդությունը:

Էլդորադոյի մասին լեգենդը ամենագեղեցիկը, զարմանալին ու վճռականն էր մեր պատմության համար: Այդ երևակայական երկրի որոնումների ժամանակ կոնկիսադոր Գոնգալու Խիմենես դե Կեսադան նվաճեց համարյա կեսը նրա, ինչն այսօր հանդիսանում է Կոլումբիան, իսկ Ֆրանսիսկո դե Օրելյանան հայտնագործեց Ամազոնը: Ինչն առավել ֆանտաստիկ է, նա հայտնագործեց գետը` նավարկելով վերին հոսանքից դեպի գետաբերանը, մի ուղղությամբ, որը հակառակ է այն ձևին, որով սովորաբար հայտնագործվել են բոլոր գետերը: Սակայն Էլդորադոն հանելուկ կմնա բոլոր ժամանակների համար: Ճիշտ այդպես էլ ոչ ոք կարծես թե ոչինչ և երբեք չի իմանա այն տասնմեկ հազար գուանակոների մասին, որոնք` յուրաքանչյուրը 100 ֆունտ ոսկու բեռով, մի անգամ ուղարկվել էին Կուսկոյից, որպեսզի վճարեն ոմն Ատուալպե կառավարչի տուրքը, բայց այդպես էլ չժամանեցին նշանակված կայանը: Կոնկիսադորների նմանատիպ դյուրահավատությունը ամբողջովին բացատրելի է, եթե հիշենք այդ դարում թագավորող մետաֆիզիկական տենդը և գրական ջերմախտը, որոնցով համակված էին ասպետական վեպերը: Գուցե միայն դրանով են բացատրելի Ալվարո Նունեսա Կաբես դը Վակի արտասովոր արկածները, որոնց նպատակը ավելի ազնիվ ու պոետական էր, քան Էլդորադոյի ոսկին: Նրա արշավախումբը որոնում էր հավերժական երիտասարդության աղբյուրը:

… Ամենալուրջ խնդիրներից մեկը, որը գրականության առաջ դնում է մեր անսահման իրականությունը, բառերի անհամապատասխանությունն է: Երբ մենք խոսում ենք գետի մասին, եվրոպացի ընթերցողը ունակ չէ պատկերացնել ավելի ահռելի գետ Դանուբից բացի, որի երկարությունը 2850 կմ է: Նրա համար դժվար է պատկերացնել Ամազոնի ռեալությունը (որի երկարությունը ավելի քան 7000 կմ է), մինչև այն չնկարագրվի: Երբ մենք գրում ենք «ամպրոպ» բառը, եվրոպացիները պատկերացնում են ամպրոպն ու կայծակը, բայց նրանց համար դժվար է երևակայել, թե ինչ երևույթ մենք նկատի ունենք: Նույնը կատարվում է «անձրև» բառի հետ: Անդերում, ֆրանսիացի Ժավյե Մարիմիրի վկայությամբ, հորդառատ անձրևները անդադար թափվում են 5 ամիս: «Նրանք, ովքեր չեն տեսել այդպիսի ամպրոպներ,- գրում է նա,- չեն կարող պատկերացնել դրանց կատաղիությունը: Անթիվ ժամեր դրանց հաջորդում են կայծակները, և մթնոլորտը դողում է անվերջ որոտներից, որոնց արձագանքում են անհամար լեռները»: Դժվար է սա համարել վարպետորեն արված նկարագրություն, բայց բավարար է, որ ամենաթերահավատ եվրոպացին ցնցվի ահից:

Որպեսզի լիովին պատկերացվի մեր իրականության ողջ անսահմանությունը, մենք ստիպված պետք է ստեղծենք նոր բառեր: Դրա անհրաժեշտությունը հավաստում են անթիվ օրինակներ: Հոլանդացի ճանապարհորդ Ֆ.Վ. Ապ դե Գրաֆֆը, ով այս հարյուրամյակի սկզբին հետազոտել է Ամազոնի գետաբերանը, գրել է, որ գտել է այնպիսի տաք աղբյուրներ, որոնց մեջ իջեցված ձուն եփվում է ընդամենը 5 րոպեում և, որ որոշ տեղերում բավական է ամբողջ ձայնով ասել ինչ-որ բան, որ հեղեղ սկսվի:

Ինչ-որ տեղ Կարիբյան ավազանի կոլումբիական ծովափին ես հանդիպեցի մի մարդու, ով անձայն աղոթում էր կովի առաջ: Կենդանու ականջներում որդեր կային: Երբ նա ավարտեց աղոթքը, ես տեսա, թե ինչպես կովի ականջներից թափվեցին սատկած որդերը: Այդ մարդը հավաստիացնում էր, որ ինքը կարող է նմանատիպ կուրսեր անցկացնել տարածության վրա ևս, դրա համար բավական է նկարագրել կենդանուն և տեղը, որտեղ գտնվում է այն:

1902 թվականի մայիսի 8-ին արթնացավ Մարտինիկեի Պելե հրաբուխը: Այն մի քանի րոպեում ավերեց Սենտ Պիեռ նավահանգիստը` լավայի տակ թաղելով քաղաքի 30 հազար բնակիչների, բացառությամբ մեկի` Լյուդգար Սիլվարիսի, որն այդ քաղաքի միակ բանտարկյալն էր: Նրան փրկեցին բանտախցի ամուր պատերը, որոնք կառուցվել էին այնպես, որ նա չկարողանա փախչել:

Ինձ անհրաժեշտ կլինեն բազմաթիվ հատորներ Մեքսիկայի անհավանական իրականությունը նկարագրելու համար: Ես արդեն 20 տարի է` ապրում եմ այստեղ, և մինչև այժմ բազմաթիվ ժամեր եմ անցկացնում` դիտելով սափորում թռչկոտող ունդերին: Դրական ռացիոնալիստներն ինձ ասացին, որ ունդերի այսպիսի մոբիլությունը բացատրվում է նրանով, որ դրանց մեջ բնակություն են հաստատել կենդանի թրթուրները: Հրաշքն այն չէ, որ ունդերը շարժվում են և ոչ էլ այն, որ նրանց մեջ թրթուրներ կան, այլ այն, որ թրթուրները հատկապես տեղավորվել են ունդերի մեջ, որպեսզի կարողանան թռչկոտել:

Աներևակայելի իրականությունը իր առավելագույն հզորությանն է հասնում Կարիբյան կղզիների վրա: Այստեղ նախնական տարրերին` պարզունակ միֆերին և մոգերի հավատալիքներին միահյուսվել են մշակույթների այնքան առատ շերտեր: Այս ամենը միաձուլվել է մոգական միասնության մեջ, որի գեղարվեստական առատությունը պարզապես անսպառ է: Միաժամանակ խառնուրդը հաջող կերպով համեմված է աֆրիկյան հզորությամբ և զայրույթով: Աշխարհների այս խաչմերուկում կոփվել է անսահման ազատության զգացումը, առանց աստծո և օրենքի ռեալությունը, որտեղ ցանկացածը և ամեն մեկը ենթադրում է, թե ինքը կարող է անել ամեն ինչ: Գողերը հանկարծ իրենց արքաներ են կարծում, վռնդվածները` ծովակալներ, իսկ կուրտիզանուհիները`  նահանգապետի կին: Եվ հակառակը:

Ես ծնվել և մեծացել եմ Կարիբյան ծովափին: Ես գիտեմ այս աշխարհը, յուրաքանչյուր երկիրը, յուրաքանչյուր կղզին, և ահա, թե ինչն է ամենից շատ հիասթափեցրել ինձ. ինձ հետ չպատահեց ոչինչ, որ ավելի սարսափելի լիներ իրականությունից, ոչ էլ ես կարողացա այդպիսի մի բան հորինել: Առավելագույնը, ինչին ես ընդունակ էի, փոխել իրականությունը բանաստեղծական միջոցներով, և այնուամենայնիվ, իմ գրքերից ոչ մեկում չկա մի տող, որը չհաստատվի փաստերով: Իրականությունը փոխելու իմ փորձերից մեկը խոզի պոչն է, որ այդքան անհանգստություն պատճառեց Բուենդիանների ընտանիքին «Հարյուր տարվա մենություն» գրքում:

Ես կարող էի հորինել ցանկացած բան, սակայն ինձ թվում էր, թե նորածնի համար հորինած խոզի պոչը ամենաքիչը կհամընկնի իրականության հետ: Սակայն հենց որ վեպը հայտնի դարձավ երկու Ամերիկաների տարբեր մասերում, սկսեցին երևան գալ պոչ կրողների խոստովանությունները: Բարանկիլեում մի երիտասարդ հայտարարեց այդ մասին թերթով: Նրա հայտարարությունն այս առիթով ավելի զարմանալի էր, քան ինքը` պոչիկը: Նա ծնվել է պոչիկով, բայց երբեք չի ցուցադրել այն ոչ ոքի, քանի դեռ չի կարդացել «Հարյուր տարվա մենությունը»:

«Ես չէի ցանկանում այդ մասին ոչ մեկի պատմել, որովհետև ամաչում էի,- ասել է նա:- Բայց հիմա վեպը կարդալուց և ընթերցողներին լսելուց հետո հասկացա, որ պոչը կատարելապես բնական բան է»:

Շատ չանցած` մի ընթերցող ինձ ուղարկեց թերթի կտրվածք, որտեղ խոսվում էր սեուլցի մի աղջկա մասին, ով նույնպես ծնվել էր պոչիկով, բայց վեպում իմ արած ենթադրությանը հակառակ, աղջկա պոչիկը կտրել էին, և նա կենդանի էր մնացել:

«Նահապետ աշուն»-ի նախապատրաստական փուլը ամենաբարդն էր իմ գրական փորձում: Համարյա 10 տարի ես կարդացի ամեն բան, ինչ կարողացա գտնել լատինամերիկյան բռնապետների և հատկապես նրանց մասին, ովքեր իշխել են Կարիբյան ավազանում, որպեսզի գիրքը որքան հնարավոր է քիչ հիշեցներ կյանքը: Սակայն յուրաքանչյուր քայլը հիասթափություն եղավ:

Վենեսուելական բռնապետ Խուան Վիսեատե Գոնեսն օժտված էր այնպիսի ինտուիցիայով, որը չեզոքացնում էր ցանկացած մոգական շնորհ: Հայիթյան բռնապետ դոկտոր Դյուվալյեն արտաքսեց երկրից բոլոր սև շներին, որովհետև նրա թշնամիներից մեկը, փորձելով փրկվել հետապնդումից, դիմակավորվեց սև շան մորթով: Մեր Անտոնիո Լոպես դե Սանտանան թաղեց սեփական ոտքը` թաղման արարողությունն ուղեկցելով ճոխ մեծարանքներով: Լոպե Ագիրրեի կտրված ձեռքը գետը նետեցին, և ով տեսնում էր այն, սարսափից դողում էր` ենթադրելով, թե ձեռքը դեռ ի վիճակի է թափակարել դաշույնը: Անաստասիո Սոմոսա Գարսիան ուներ գազանանոց` թեթև ցանցով բաժանված վանդակներով: Վանդակի մի մասում վայրի գազաններն էին, իսկ մյուսում` Սամոսայի քաղաքական հակառակորդը: Մաքսիմիլիան Էռնանդո Մարտինեսը (սալվադորյան բռնապետ-աստվածաբան) հրամայեց փողոցային բոլոր լապտերներին կարմիր թղթե թասակներ հագցնել, որպեսզի հաղթահարվի կարմրուկի համաճարակը: Նա օգտագործում էր ճոճանակ, որը պահում էր ուտելիքների վրա ճաշելուց առաջ, որպեսզի որոշի` թունավորվա՞ծ է, թե՞ ոչ: Մորասանի արձանը, որ մինչ օրս էլ կանգնած է Տեգուսիգալաեում, իրականում մարշալ Նեինն է: Երբ պաշտոնական անձիք ժամանեցին Լոնդոն, որպեսզի պատվիրեն անհրաժեշտ արձանը, եկան այն եզրակացության, որ ավելի էժան է գնել պահեստում մոռացված արդեն պատրաստի արձանը, քան պատվիրել Մորասանինը…


Leave a comment