Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Ետ տուր իմ արևը

Ետ տուր իմ արևը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

«Ես ոչինչ նկատի չունեմ, բայց ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է». Վիլյամ  Սարոյան

 

…Կիսամութը կամաց-կամաց պարուրում էր աշխարհը, աներևույթ մի ձեռք սև, քնքուշ շղարշով վարագուրում էր օդը, ասես ինչ-որ անվարժ նկարիչ կապտասև ներկ էր թափում բոլորիս պատկանող, իսկ ավելի ճիշտ` ոչ մեկիս չպատկանող «կյանք» կոչվող այս կտավի վրա…Եվ միայն մոմագույն լուսինը` զերծ մնալով սկսնակ նկարչի անվարժ վրձնից` հանդարտ լողում էր վեր: Սովորականի պես հին ընկուզենու հաստ կոճղերի վրա գիշերվա թագուհին փնտրում էր երկու ստվեր…Սակայն այս անգամ լուսինն այնտեղ լոկ մի մենավոր ստվեր նկատեց, որ դողում էր  ամբողջ մարմնով: Ստվերներից մեկն ուշանում էր:

Մենավոր ստվերը, որ իրականում մի դեռատի աղջիկ էր, անհանգիստ շուրջն էր նայում. սպասում էր: Եվս մեկ ժամ…Ուրեմն չի գա: Աղջիկը գրպանից հանեց մի ծրար, դրեց կոճղին, տխուր ժպտաց, հայացքն ուղղեց երկնակամարում իշխող միայնակ գեղեցկուհուն` ասես հրաժեշտ տալով ու հեռացավ…

Անցան ժամեր: Նա եկավ. ուշացող ստվերը: Անտարբեր նայեց կոճղին, հետո սպիտակ ինչ-որ բան նկատեց` ծրարը: Վերցրեց, բացեց, սակայն մութը թույլ չտվեց տեսնել, թե ինչ է գրված: Վերադարձավ տուն, լուսինը` նրա հետ, ասես հետևում էր նրան: Տղան վառեց լույսը, նայեց ծրարին, ձեռագիրն ու հասկացավ, որ նամակ է նրանից` Նարեից:

Նամակն սկսվում էր այսպես. «Սիրելիս, քեզ խաբել են: Իմ անմեղության ապացույցն այստեղ է` ծրարի մեջ: Եթե իմանայիր, թե որքա՛ն վատ ես վարվել…Ինչու՞  չէիր հավատում ինձ, ի´նձ` քո փոքրիկ արևին: Չ՞է որ ես անմեղ էի…»:

Տղան դողացող ձեռքերով հանեց ապացույցերը… Աստվա~ծ իմ, ինչպե՞ս կարող էր հավատալ բամբասող լեզուներին` իր սիրած աղջկան հավատալու փոխարեն: Նա` իր փոքրիկ հրաշքը, իր քնքուշ արևը անմեղ էր, լույսի պես մաքուր…

Շարունակեց ընթերցել և հանկարծ հեծկլտոցի նման մի խուլ հառաչանք դուրս թռավ շուրթերից…Նարեն նամակում հրաժեշտ էր տալիս իրեն: Աղջիկը գրել էր. «Ես զգում եմ, որ երբեք չեմ կարողանա քեզ ներել  ինձ չհավատալու համար, ապրածս տառապանքների, ցավի, անքուն գիշերներիս ու արցունքներիս համար:

Մենք կորցրեցինք իրար այն վայրկյանին, երբ քո սրտում բույն դրեց կասկածը,կասկածը, որ ես…(ամաչում եմ նույնիսկ այդ բառերը գրել):

Մենք այլևս երբեք միասին չենք լինի, և ես իմ ապրելը շարունակելու մեջ իմաստ չեմ տեսնում…Երբ դու կարդաս այս տողերը, ես այլևս չեմ լինի: Խնդրում եմ` քեզ մեղավոր չզգաս իմ մահվան համար: Չնայած դու վիրավորել ես ինձ, այնքա~ն ցավ ես պատճառել, բայց ես այնքան եմ քեզ սիրում, որ չեմ ուզում երբևէ վատ զգաս իմ ու իմ մահվան պատճառով: Հավատա, ես քեզ չեմ ատում, ես ընդունակ չեղա ատելու, այնքան շատ սեր կա իմ սրտում, որ ատելության համար այնտեղ արդեն տեղ չկա…Հայկ, իմացիր, որ մինչև սրտիս վերջին զարկը, մինչև իմ այս դաժան, դժբախտ կյանքի տխուր երաժշտության ակորդը կսիրեմ, կպաշտեմ քեզ…»:

Տղան մի քանի վայրկյան անշարժ էր, չէր հասկանում, թե ինչ է կատարվում, հետո սկսեց վազել, վազել, վազել…

Ճանապարհն  ինքն իրեն նրան Նարեենց տուն էր տանում: Մտքում անընդհատ կրկնում էր նույնը. «Աստվա´ծ իմ, աղաչում եմ, հնարավորություն տուր ուղղել սխալս, միայն թե` չուշանամ»:

Հասավ, բնազդաբար բացեց դուռը, մտավ Նարեի սենյակ: Աղջիկն անշարժ ընկած էր հատակին: Շուրթերը կապտած էին, աչքերը` կիսաբաց:

-Նարե~,- ինքնամոռաց ճչաց նա,- Նար ջան, վե´ր կաց, Նարե´…

Նա գրկել էր աղջկա գլուխն ու սառած, գունատ դեմքին անդադար համբույրներ էր տեղում արցունքների հետ:

-Կներես ինձ, Նար ջան: Խնդրում եմ, մի բա´ն ասա, բա´ց շուրթերդ…Ասա, որ ատում ես ինձ, միայն թե` խոսի~ր…Այդպես մի վարվիր ինձ հետ, մի´ լքիր ինձ, արևս…Ես քեզ աշխարհում ամեն ինչից շատ եմ սիրում: Ներիր  ինձ քեզ չհավատալու համար, ասածս բոլոր կոպիտ խոսքերի համար…

Տղան փորձեց գետնից բարձրացնել աղջկան, երբ հանկարծ զգաց աղջկա զարկերը` շատ հեռու, շատ թույլ, բայց` թը´կ, թը´կ, թը´կ…

 * * *

 Ժամանակը լռել, քարացել էր հիվանդանոցի սառը, անկյանք միջանցքի պատերի ներսում: Անորոշությունն ու սպասման երկյուղը կախվել էին օդից, ծանրացել: Գլուխն առած ափերի մեջ, աչքերն անզորությունից հառած մի կետի` Հայկն սպասում էր Նարեի վիրահատության ավարտին: Ինքն էլ չգիտեր, թե որքան ժամանակ է այդ դիրքում նստած սպասում: Տղան կորցրել էր ժամանակի զգացողությունը, ժամանակն ինքն էր դուրս թողել նրան իր հավերժական շրջապտույտից. միայն տեսնում էր, որ լուսնին վաղուց փոխարինել է արևը…

Ցավի հետ մեկտեղ` հիշողությունների քամին ներխուժել էր տղայի ներաշխարհ` անգթորեն փշրելով, ջարդելով հոգու ապակին` ապակու կտորտանքները հատ-հատ խրելով սիրտը:

Հիշում էր առաջին հանդիպումը Նարեի հետ: Այնքան պայծառ էր նա, այնքան լուսավոր, որ դեռ աղջկա անունը չիմացած` մտքի մեջ արդեն նրան անուն էր դրել` Արև…

Միանգամից գերվեց, տարվեց տասնյոթամյա աղջկա անկեղծ, շիտակ բնավորությամբ, քնքշությամբ, սև աչքերով, կոկոն վարդ շուրթերով: Իսկ հետո` առաջին ժամադրությունը, սիրո առաջին խոստովանությունը…

Հիշում էր` ձմեռային միգամած երեկո էր: Լուռ քայլում էին, խոսում, ճչում էր միայն լռությունը: Երկուսն էլ վախենում էին առաջինը խախտել, խաթարել գիշերային լռության քաղցր մեղեդին: Հայկն զգում էր, թե ինչպես է Նարեն դողում ու գիտեր, որ միայն ցուրտը չէ աղջկա զսպված դողի պատճառը:

Նարեն հուզմունքից անվերջ նայում էր վեր` անաստղ երկնքին, իսկ ինքը` նրա հայացքի ուղղությամբ: Ինչու՞, երբ հարկավոր է լինում ասել աշխարհի ամենաքնքուշ խոսքերը, շուրթերդ  անկախ քեզանից հեգնում են` սեփական զգացմունքներդ քողարկելու փորձ անելով:

– Ի~նչ աստղալից երկինք է, չէ՞ Նար…

– Իսկ քո աստղը ո՞րն է, ցույց կտա՞ս,- հետ չմնաց Նարեն:

-Ի՞մը,- անակնկալի եկավ,- Գիտե՞ս, Նար, իմը երկնքում չի, այլ…,- ինքն էլ չհասկացավ, թե ինչպես բռնեց Նարեի փոքրիկ, սպիտակ ձեռքը,- այլ այստե´ղ, կողքիս:- Մութը ճեղքելով` փորձեց նայել աղջկա աչքերի մեջ,- Նարե´, դու ես իմ աստղը, իմ արևը, իմ լույսը…Ես սիրում եմ քեզ, լսու՞մ ես…

Լսում էր: Փոխադարձաբար լսում էին միմյանց սրտի զարկերը: Մութ էր, բայց Հայկը տեսնում էր աղջկա աչքերից հոսող արցունքները: Ինչո՞ւ էր լալիս այդ փոքրիկ խենթուկը, ինչո՞ւ էր արցունքով ողողում իր սիրո արշալույսը:

Այդ հրաշք աղջիկը մտավ իր կյանք , գունավորեց, իմաստավորեց  այն: Ճակատագիրն աներևույթ շղթայով միացրեց նրանց սրտերը: Այնքան, այնքան երջանիկ էին նրանք, մինչև…Ա~խ, ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս կասկածեց այդ հրեշտակի անմեղությանը: Չէ՞ որ այդքան ժամանակ սիրում էին իրար, բայց մեկ անգամ, գե՛թ մեկ անգամ, Նարեն թույլ չտվեց համբուրել իրեն: Հիշում էր Նարեի կուսական, մշտաժպիտ շուրթերը, որոնցից ինքն անգթորեն, անդառնալիորեն ջնջել է ժպիտը: Իր փոքրիկ Նարեն իրեն էր նվիրել իր սիրտը, իր կյանքը, իր արևը ու հիմա` հենց իր պատճառով մարում է իր արևի սիրտը, կյանքը, արևը…

***

Հիվանդասենյակի բացվող դռան աղմուկը սթափեցրեց տղային, ցավող ատամի նման միանգամից՝ արյունելով դուրս քաշեց հիշողությունների միջից:

Բժի՛շկ,-վեր ցատկելով արտասանեց Հայկը՝ փորձելով տարեց բժշկի դեմքին գտնել հւսադրող ինչ-որ բան,սակայն…

-Ցավում եմ, բայց Նարեն չը…

Մնացածն արդեն  չլսեց: Թվաց՝ աշխարհը արևազրկվեց, խավարեց միանգամից: Ոչ մի խոսք, ոչ մի ճիչ, հեծկլտանք, անմարդկային ոչ մի մռնչյուն չհորդաց տղայի շուրթերից: Լուռ, փլվող տաճարի պես դանդաղ ծնկեց, անշարժացավ: Ոչ ոք չհամարձակվեց մոտենալ նրան. թողեցին մենակ իր ցավի, իր մենակության հետ: Երկար ժամանակ անշարժ էր, ոչինչ  չէր խոսում, միայն լայնացած, անիմաստ աչքերով նայում էր պատուհանից ներս սողոսկած ու հատակին գաղտնի հանգրվանած արևի շողերին: Ինչ-որ անհասկանալի, տարօրինակ շարժումեր էր անում,  ասես փորձում էր գրկել արևի շողերը՝ մերթընդմերթ կծկվելով:

-Մրսում եմ… Արև եմ ուզում, իմ արևն եմ ուզում: Ու՞ր է…Չկա~,- արտասանում էր փոքրիկ երեխայի նման հևալով, հեծկլտալով,- իմ արևը չկա, որ ինձ տաքացնի… Առանց քեզ մրսում եմ, արևս, որտե՞ղ ես…

Հետո կանգնեց, սարսափած նայեց շուրջն ու սկսեց վազել…

***

Օրեր անց հարազատները Հայկին գտան ոչ հեռու մի գյուղում: Նա ցնորվել էր: Ցնորվել էր սիրած աղջկան կորցնելուց, մեղքի զգացումից: Գյուղացիները պատմում էին, որ խելագարը ցերեկները հանգիստ էր, բայց անընդհատ ինչ-որ արևից էր խոսում, նայում էր արևին ու երկա~ր- երկա~ր խոսում: Միայն լիալուսին գիշերներին խառնվում էր ցնորված միտքը, վախենում էր լուսից: Սարսափահար աչքերով նայում էր դեղնավուն լուսնե գնդին ու վազում, փախչում: Խնդրում, պահանջում էր լուսնին, որ չհետևի իրեն, չգա իր հետևից. արդյո՞ք նրա հիվանդ մտքի ալիքներում արթնանում էր այն ահավոր գիշերվա հիշողությունը, երբ ինքը շտապում էր՝ փրկելու Նարեի կյանքը, ու լիալուսինն ակնդետ հետևում էր իրեն:

Բայց ամենից շատ իր սեփական արտացոլանքից էր վախենում: Ասես ատում էր հայելու մեջ երևացող այդ մարդուն: Այդ օրերին նրան իր տանը պահած գյուղացին պատմում էր, որ հայելու կողքով անցնելիս մի անգամ Հայկը տեսել էր իր դեմքը, սարսափել, կատաղել, բռունցքով ջարդել հայելին՝ գոռալով.

-Դու սպանեցիր իմ արևին, դո՛ւ՝ գազան: Քո՛ պատճառով իմ արևն էլ չկա, էլ չի շողում, չի~ ժպտում…Սև ամպերը ծածկել են նրան, մա՛հը, սև մահը գրկել է իմ արևին: Չե՛մ ուզում քեզ տեսնել, մարդասպա՛ն, արևասպա՛ն…

Ընդամենը քսան օր Հայկը դիմացավ հոգեբուժարանում: Արևոտ մի օր բակում զբոսնելիս Հայկը փախավ: Չփախավ` պարզապես վազեց, վազեց դեպի արևը:

Դժբախտ այդ տղան գրկել էր իր արևը հոգեբուժարանից քիչ հեռու գտնվող լճակի ջրե հայելու մեջ.  տեսել էր վերջալույսի արևի արտացոլանքն այնտեղ ու նետվել լճակ՝ իր արևին փրկելու համար. գտնելու, վերադարձնելու իր արևը…

Անհասկանալի է, թե ում էին ուղղված վերիջին բառերը, որ դուրս եկան դժբախտ խելագարի բերանից՝ ինքն իրե՞ն, լճակի՞ն, Աստծու՞ն, թե՞ ճակատագրին… Վերջին խոսքերը՝  ցնորված մտքի վերջին ճիչերը դողացող թևերով թռան տղայի շութերից, բեկվեցին օդում, սուզվեցին ջրի մեջ, ծփացին դժբախտ շառաչով և դեռ երկար լսվեց նրանց արձագանքը. «Ե~տ, ետ տուր իմ արևը…»:

Նարինե Վարդանյան,  Ներքին Կարմիր Աղբյուրի հիմնական դպրոց, 11-րդ դասարան

Advertisements

4 Comments

  1. Arpine says:

    Շատ հետաքրքիր պատմություն էր,իսկապես շատ հավանեցի:Ափսոս վերջաբանը տխուր էր 😦

    Like

  2. Anna says:

    Շատ լավ էր գրված, մանավանդ եթե հաշվի առնենք, որ հեղինակը 11-րդ դասարանի աշակերտուհի է… Իսկապես հուզիչ էր…

    Like

  3. […] Ետ տուր իմ արևը, Նարինե Վարդանյան, Տավուշի մարզ, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ […]

    Like

  4. G'Belle says:

    Շաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատ լավն էր! Շաաաաաաաաաաաաաաաաաաաաատ…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: