Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Շուշի

Շուշի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Մայիսյան արևը չարաճճի խաղ էր սկսել փոքրիկ այգու ծաղկած ու տեղ-տեղ կանաչ փոշու բարակ շերտով պատած ծառերի հետ: Ոսկեհեր արևն անվերջ համբույրներ էր տեղում խաղողի թփերի վրա ու ասես այդ համբույրներից էր, որ ամաչկոտորեն վարդագունել էին դեղձենիները:

Մի դեռատի հայուհի՝  սևաչյա ու թխահեր, նստած էր քնքշաբույր, վարդագույն ծաղիկներով պճնված դեղձենու տակ: Աղջիկն իր ձեռքում բռնել էր փայտե մի փոքրիկ տուփ: Նա տուփից հանեց նամակի ծրար հիշեցնող խունացած թղթեր ու սկսեց ընթերցել: Արդեն երևի հազարերորդ անգամ  էր ընթերցում հոր՝ տասնութ տարի առաջ գրած նամակները: Աղջիկն իր որդիական ողջ սիրով ու գորովով էր սիրում ու կարդում հորը, թեև երբեք չէր տեսել նրան: Երբ հայրը զոհվեց, ինքը նույնիսկ չէր ծնվել:

Արցախից ուղարկած իր նամակներում հայրը շատ էր գրում Շուշիի ազատագրման բաղձալի օրվա մասին: Ի՞նչ իմաստ, որ իր զոհվելուց ժամեր անց Շուշին պիտի ազատագրվեր: Նամակներից մեկում հայրը կնոջը գրել էր. «Աննա, սիրելի՛ս, ես գիտեմ, որ մեր հաղթանակը մոտ է, բայց նաև գիտեմ, որ մենք՝  հաղթանակ կերտողներս չէ, որ պետք է վայելենք այն: Մեր կռիվը մեզ համար չէ, այլ իմ փոքրիկ բալիկի, որ դեռ չի ծնվել: Ես արդեն սիրում եմ փոքրիկ հրաշքին, փափագում եմ այն օրը, երբ կգրկեմ ու կհամբուրեմ երեխայիս: Շատ կուզեի, որ տղա լիներ, բայց հանկարծ նրան իմ անունով չկոչես: Ուզում եմ բալիկիս անունը Շուշի լինի»:

Երկու խոշոր արցունքի կաթիլ ընկան թղթի վրա. աղջիկն ակամայից իրեն մեղավոր զգաց այդ արցունքների համար. չէ՞ որ ինքն իրավունք չունի թույլ լինել, ինքը պետք է ուժեղ լինի՝ իր ուժեղ-ուժեղ հայրիկի նման, չէ՞ որ ինքն ազատամարտիկի դուստր է:

-Շուշա~ն, – մայրն էր կանչում:

Գալիս եմ, մայրի՛կ,- ապա քնքուշ ձայնի մեջ խիստ տոն դնելով՝ դարձավ մորը,- Ոչ թե Շուշան, այլ Շուշի՛, մա՛մ, չէ՞ որ հայրիկն իմ անունը Շուշի է դրել, -աղջկա ձայնը հպարտությամբ դողաց:

Նա մեղմորեն սկսեց հավաքել հոր նամակներն ու մեկիկ-մեկիկ դարսել արկղիկի մեջ, որի հատակին՝ անձնագրի փոքրիկ լուսանկարից աղջկան էր ժպտում մի երիտասարդ տղամարդ՝  Շուշիի հայրը:

Հայրի՛կ, ես այնքան հպարտ եմ, որ քո աղջիկն եմ, հպարտ եմ, որ ծնունդն եմ քո կերտած, քո արյան գնով վաստակած հաղթանակի: Վաղը կուրսով գնալու ենք Շուշի. այնպե~ս եմ ուզում լինել այնտեղ, ուզում եմ լինել այն վայրում, որտեղ վերջին անգամ եղել ես դու… Ուզում եմ նայել այն երկնքին, որին դու՛ ես նայել վերջին անգամ, այն հորիզոնին, որի հետ խաչաձևվել է քո հայացքը…

Մեջքի հետևում ինչ-որ մեկի շնչառությունն զգալով՝ աղջիկը կտրվեց իրեն պաշարած մտքերից՝ հոր հետ մտովի զրուցելուց: Չհասցրեց շրջվել, երբ այդ ինչ-որ մեկն անսահման քնքշանքով փակեց աչքերը: Շուշին թույլ ճչաց ու սկսեց շոշափել նրա ձեռքերը: Թվաց, որ ճանաչում է դրանք. շրջվեց` Տիգրանն էր,  իր մանկության ընկերը: Նա դեռ շարունակում էր իր ափերի մեջ պահել Շուշիի սպիտակ, նուրբ մատները: Աղջիկը չհասկացավ, թե  ինչու շփոթվեց ու աննկատ ձեռքերը դուրս քաշեց նրա ձեռքերի միջից: Առաջին անգամն էր, որ Շուշին շփոթվում էր Տիգրանի ներկայությունից: Դեռ երկար, շա~տ  երկար պիտի զգա Տիգրանի ձեռքերի այրող հպումն իր ձեռքերի վրա:

-Վախեցրի՞,- մեղավոր ժպտաց Տիգրանը:

-Մի քիչ,- Շուշին փորձեց վանել իրեն պաշարած անակնկալ շփոթմունքը: – Մտքերի մեջ էի : Վաղը  գնալու ենք Շուշի, գալու ես, չէ՞:

-Վաղը զինակոչ է: Ես վաղվանից զինվոր եմ:

-Ինչպե՞ս,- տարակուսական շշնջաց աղջիկը,- ինչու՞ չէիր ասել:

-Վաղը գնում եք Շուշի, հա՞,- Տիգրանի ձայնի մեջ դառը ափսոսանք էր զգացվում:

-Գուցե չգնա՞մ:

Չե, Շուշ, ես գիտեմ, որ քո երազանքն էր լինել Շուշիում: Դուք հանգիստ գնացեք:  Շուշ, մի բան էի ուզում ասել…,- Տիգրանի ձայը թեթև դողաց, հետո հանդիպելով աղջկա հարացական հայացքին՝ միանգամից փոխեց տոնը,- Լավ, երբ երեկոյան հավաքվենք, կասեմ:

Նայեց, շուրթերին՝ հեռավոր ժպիտ հիշեցնող մի թեթև ծամածռանք ու դժկամ քայլերով հեռացավ:

Չգիտես ինչու` մի պահ Շուշին ամբողջ էությամբ ուզում էր գոռալ նրա հետևից, կանչել,  ձայնել, սակայն ոչ մի հնչյուն դուրս չեկավ աղջկա շուրթերից, ասես այդ կանչը խեղդվեց աղջկա կոկորդում: Զգաց, որ բարձրաձայն չի կարողանում արտասանել Տիգրանի անունը, միաժամանակ զգաց, որ այդ անունը մնաց իր ներսում՝ շա~տ-շա~տ խորը…

Լռեց: Իսկ նա գնաց:

Ինչու՞ տխրեց այսպես, ու՞ր կորավ վաղվա փոքրիկ էքսկուրսիայի մեծ ոգևորությունը: Այնպես էր ուզում, որ Տիգրանը նույնպես գնար իրենց հետ:   Նա երբեք իրեն հարց չէր տվել, թե ո՞վ է Տիգրանն իր համար: Մանկությունից միասին էին մեծացել, նույն դպրոցում, նույն դասարանում էին սովորել, հետո միասին ընդունվել էին Բժշկական համալսարան: Ճակատագիրը շատ բաներով էր կապել նրանց իրար: Առաջին հերթին իրար կապված էին հենց ճակատագրով` որբի՛ ճակատագրով: Տիգրանը նույնպես հայր չուներ: Երբ փոքր էին, Շուշին հաճախ էր հարցնում մորը, թե որտե՞ղ է Տիգրանի հայրիկը: Փոքրիկ Շուշին գիտեր, որ Տիգրանի հայրիկը չի զոհվել իր հայրիկի նման. եթե մահացած լիներ, նրա լուսանկարն էլ սև շրջանակի մեջ առնված ու Տիգրանենց տան պատին փակցված կլիներ, Տիգրանի մայրն էլ իր մայրիկի նման երկար կնայեր լուսանկարին ու թաքուն լաց կլիներ: Բայց Տիգրանենց տանը նման լուսանկար չկար, ու փոքրիկ Շուշին շատ էր զարմանում` հապա ու՞ր է Տիգրանի հայրիկը: Ինչպե՞ս կարող էր վեց-յոթ տարեկան աղջնակի փոքրիկ գլխում տեղավորել այն միտքը, որ մարդ կարող է հայրիկ չունենալ, իսկ այդ հայրիկը ողջ-առողջ ապրի մի ուրիշ վայրում:

Փոքր ժամանակ Շուշին սիրում էր ամենքին պատմել իր հայրիկի մասին, պատմել այն ամենը, ինչ լսել էր տատիկից: Իսկ երբ մեծացավ ու հասկացավ, թե ինչու է Տիգրանը խոցվում, տխրում, երբ ինքը հպարտանում է իր հայրիկով, դադարեց Տիգրանի մոտ խոսել: Առանց ավելորդ բառերի, անխոս հասկանում էին իրար, զգում միմյանց վիշտն ու տխրությունը: Այդպես միասին կողք կողքի մեծացան: Եվ ահա՛, վաղը Տիգրանին տանում են բանակ, հայո՛ց բանակ: Հոգու խորքում Շուշին հպարտ էր, բայց նաև ինչ-որ տեղ, սրտի ինչ-որ անկյունում մի փոքրիկ վախ կար` հեռավորության, իրարից հեռու լինելու տխուր հեռանկարի գաղտնի վախը:

Շուշին խուսափում էր անուն տալ իրեն համակած այդ զգացողությանը, բայց սիրտը, մատնիչ սիրտն անհանգիստ թրթռում էր` անհամբեր դողով սպասում երեկոյան ընկերներով հավաքվելուն:

Հավաքվեցին Տիգրանենց տանը, պարեցին, ուրախացան: Ամեն ինչ շատ լավ էր, մի պահ նույնիսկ մոռացել էին Տիգրանի բանակ գնալու մասին: Տիգրանը վերջում ինչպես միշտ Շուշիին տուն ուղեկցեց, թեև շատ մոտ էին ապրում իրար: Ողջ ճանապարհին խոսում էին, խոսում էին ամեն ինչից, բացի գլխավորից: Տիգրանը ոչինչ չասաց, Շուշին էլ չփորձեց հիշեցնել, որ իրեն ինչ-որ  բան պիտի ասեր: Իսկ ամբողջ գիշեր քնել չկարողացավ. ի՞նչ պիտի ասեր, ինչու՞ չասաց: Բայց ախր ի՞նչ էր ինքն սպասում, ի՞նչ: Անիմաստ հույսեր էին, կայծեր, որ իզու՛ր, իզու~ր են զարթնել: Չպիտի իրեն սին հույսերով, երազներով սներ: Փոքրիկ այդ հեքիաթն ինքն էր հորինել ու հավատացել էր իր հորինվածքին: Հիմա ինչպե՞ս, ինչպե՞ս սպանի իր մեջ ծնունդ առածը: Ո՛չ, ոչինչ չկա, չկա~…Մնացին միայն անքուն գիշերվա մտորումներն ու տաք արցունքները` բարձի վրա, որոնք տեսնել կարող էր միայն մայրը:

***

Տիգրանի բանակ մեկնելուց ամիսներ էին անցել: Շուշին խնդրել էր Տիգրանի մայրիկին, որ իրեն տա Տիգրանի գրքերից Պարույր Սևակի առաջին հատորը: Այնքա~ն բան էր հիշեցնում այդ գիրքն աղջկան: Մեկ տարի առաջ ամռանը համարյա ամեն երեկո միասին` միմյանց համար Սևակ էին կարդում, քննարկում, ապրում հանճարեղ բանաստեղծի ստեղծագործություններով:

Հիմա փորձում էր միայնակ ընթերցել, գոնե այդ փոքրիկ հուշերի օգնությամբ փորձում էր լցնել Տիգրանի բացակայությունից առաջացած դատարկությունը:

Սովորության համաձայն` աղջիկը փնտրում էր երկուսի ամենասիրելի` «Անջատում» բանաստեղծությունը: Բացեց:  Գրքի այդ էջից մի թերթ սահեց, ընկավ գետնին: Վերցրեց. Տիգրանի ձեռագիրն էր: Թղթի վերևում ամսաթիվ կար գրված` Տիգրանի բանակ մեկնելու նախորդ օրվա ամսաթիվը: Աչքերով արագ-արագ մի  քանի բառ կարդաց ու զգաց, որ ձեռքերը դողում են: Տիգրանը գրել էր. «Կարծում ես հե՞շտ է նայել աչքերիդ ու լռել: Ու չասել, չճչալ, որ սիրում եմ, սիրում եմ խենթի պես, որ դու՛, միայն դու ես կյանքիս իմաստը, որ միայն քեզանով ու քեզ համար եմ ապրում:  Դու միշտ կողքիս ես, ինձ շատ մոտ, բայց ես իրավունք չունեմ ձեռքիդ հպվելու, իրավունք չունեմ ափերիս մեջ առնել փոքրիկ գլուխդ ու ժպտացող աչուկներիդ մեջ նայելով շշնջալ, որ սիրում եմ քեզ, որ իմ երջանկությունն ես, իմ լույսը: Ես իրավունք չունեմ, չէ՞ որ ես…չէ՞ որ մենք ընկերներ ենք, պարզապես ընկերներ: Մենք այնքան լավ ենք իրար ճանաչում, փոխադարձաբար գիտենք միմյանց գաղտնիքները, բայց դու չգիտես իմ ամենամեծ գաղտնիքը` սերս քո նկատմամբ:

Մի՞թե չես նկատել, որ ամեն անգամ իմ սիրային նոր արկածը քեզ պատմելուց հետո երբեք չեմ սպասում քո խորհուրդներին, որոնք դու այնքա~ն սիրով պատրաստ ես տալ: Մի՞թե չես նկատել, որ այդ պահերին քո դեմքը ողողող ներողամիտ ժպիտներն ինձ շատ մեծ ցավ են պատճառում. այնպես կուզեի խանդեիր, նեղվեիր, բայց դու…: Քեզ համար հեշտ է լսել ինձ, հեշտ է խորհուրդ տալ: Այն պահից սկսած, ինչ հասկացա, որ չեմ կարողանում լսել քեզ, երբ խոսում ես ուրիշի մասին, որ խանդ կոչվող սարսափելի դևը ներսից կրծում է սրտիս, որ անհանգստությունից քիչ է մնում գժվեմ, երբ նամակներիս կամ զանգերիս չես պատասխանում, այն պահից, ինչ հասկացա, որ դու ինձ համար ավելին ես, քան ուղղակի ընկեր, երևի հազար անգամ, որոշել եմ հավաքել համարձակությունս ու վերջապես ասել քեզ զգացմունքներիս մասին, բայց վախը, անտանելի միտքը, որ կարող եմ ընդմիշտ կորցնել քե՛զ՝, քե՛զ` իմ ամենալավ ընկերոջը, թույլ չի տվել ինձ խոսել… Ես այսօր էլ փորձեցի ասել, բայց կրկին չկարողացա: Լռեցի, որպեսզի պահպանեմ գեթ մեր ընկերությունը, լռեցի, իսկ շուրթերիս փոխարեն սիրտս անվերջ ճչում էր. «Սիրում եմ քեզ, իմ անգին Շուշի, սիրում եմ…»:

***

Օդը ծանրացել էր վառոդի, հրազենի ու ծխի անախորժ բույրերից: Չարագուշակ, մահաթույր մութը կամաց-կամաց հետ էր քաշվում` իր տեղը զիջելով նոր-նոր արթնացող արևին: Ամեն ինչ ժամեր առաջ ավարտված փոխհրաձգությունն էր հիշեցնում` տեղ-տեղ խոցված դաշտը, զինվորական ծածկված հագուստները, վառոդի հոտը, փրկարար ջոկատի մեքենան:

-Վիրավորներ կա՞ն,- ժամանակավոր զինվորական հոսպիտալի դիմաց նստած զինվորներին հարցրեց անհանգիստ, ասես անվերջ ինչ-որ բան փնտրող սև, խոշոր աչքերով երիտասարդ բուժքույրը:

-Երկուսը,- տարօրինակորեն անտարբեր պատասխանեց թխամաշկ, լեռնցու խրոխտ դեմքով լեյտենանտը,- եկեք իմ հետևից:

Բուժքույրը լեյտենանտի ուղեկցությամբ մտավ կիսավեր շինության շատ թե քիչ կարգի բերված սենյակերից մեկը: Անկյունում` երկաթյա մահճակալին պառկած էր նուրբ դիմագծերով մի պատանի: Տղան վիրավոր էր ոտքից: Ընկերները զինվորական համազգեստի կտորներով բավական անշնորք վիրակապ էին դրել: Երիտասարդ բուժքույրը սրտացավ քրոջ նման չոքեց մահճակալի մոտ, սկսեց մշակել վերքը, փոխել վիրակապը` իր մարմարյա մատների միջոցով քնքշանք ու ջորմություն փոխանցելով: Մինչ նա վիրակապում էր, նրան ուղեկցած լեյտենանտը դարձավ զինվորներից մեկին.

-Լևո՛ն, կանչիր կրտսեր սերժանտ Հովհաննիսյանին,- ապա սկսեց բողոքել,- ուսից վիրավոր է, բայց տեղը հանգիստ նստել չգիտի:

Լեյտենանտը չէր կարող նկատել, թե ինչպես միանգամից լարվեց  բուժքրոջ լսողությունը` Հովհաննիսյան ազգանունը լսելով…

Դուռն աղմուկով բացվեց կրնկի վրա. ներս մտավ հաղթանդամ, բարձրահասակ մի զինվոր: Դռնից սենյակ թափանցող լույսը սկզբում թույլ չտվեց բուժքրոջը տեսնել զինվորի դեմքը: Զինվորը մեկ քայլ էլ առաջ եկավ:

-Շուշի~…

-Տիգրա՛ն…

Ներկա գտնվող զինվորների զարմացած հայացքների ներքո գրկախառնվեցին ճերմակ խալաթով բուժքույրն ու ուսից վիրավոր կրտսեր սերժանտը: Տիգրանն աղջկան մի թևով իր կրծքին էր սեղմում, հեռացնում, կրկին նայում, ասես չհավատալով, որ դա Շուշին է, անվերջ հարցերի տարափ էր տեղում: Շուշին փորձում էր պատասխանել նրան, միաժամանակ ինքն էլ զարմանում էր, թե որքան է փոխվել Տիգրանը: Ավելի թիկնեղ ու առնական էր դարձել, դեմքը մգացել էր, խստացել: Բայց այսպես` զինվորական այս հագուստով  Տիգրանը նրան ավելի հարազատ էր թվում: Հասկացավ. Տիգրանն իրեն այդ պահին իր հայրիկին, իր հերոս հայրիկին էր հիշեցնում: Չզգաց, թե ինչպես շուրթերն անկախ իրենից շշնջացին.

-Ես գտա քեզ, գտա~, Տիգրան… Հերոսս, քաջս, այնքա՛ն եմ սպասել այս օրվան: Ես պետք է քեզ ասեի, որ դու… ինձ համար…որ ես էլ… ,-հուզմունքը թույլ չտվեց աղջկան շարունակել: Տիգրանը  սկզբում զարմացած, հետո սիրագորով ժպտալով նայեց աղջկան.

-Դու գիտեի՞ր,- հարցրեց նա:

Նրանց հայացքներն անխոս գտան իրար, ձուլվեցին մի կարճ ակնթարթ ու այդ կարճ ակնթարթում երկար խոսեցին իրար հետ, պատմեցին իրար այն լուռ սիրո մասին, որ իրարից թաքուն այսքան ժամանակ զգացել են միմյանց նկատմամբ, ներողություն խնդրեցին ու ներեցին այն տառապանքների համար, որ իրարից անկախ պատճառել են միմյանց:

Տիգրանին թվում էր, որ իր գրկում է սեղմել մի ողջ աշխարհ, ի՛ր աշխարհը:  Նա իր խոշոր, կոշտացած ափով շոյում էր աղջկա երկար վարսերն ու անվերջ կրկնում.

Շուշի~, իմ հրաշք Շուշի…

Նարինե Վարդանյան, Ներքին Կարմիր Աղբյուրի հիմնական դպրոց, 11-րդ դասարան

Advertisements

4 Comments

  1. Լորետա says:

    Շատ գեղեցիկ , հուզիչ և մեկ շնչով ընթերցվող պատմվածք էր:

    Like

  2. […] Շուշի, Նարինե Վարդանյան, Տավուշի մարզ, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ […]

    Like

  3. Anna says:

    Իրական պատմություն է, իրական հերչոսներով, համենայն դեպս ինձ այդպես է համոզում…

    Like

  4. […] Վարդանյանի «Շուշի», Տավուշի շրջանի Ներքին Կարմիր աղբյուր […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: