Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Փրկություն կյանքի գնով

Փրկություն կյանքի գնով

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Ես ծանր էի շնչում, չնայած շնչառական ապարատը լավ էր աշխատում՝  թոքերս սպունգի նման ագահորեն կլանում էին մղվող օդը: Իսկ մտքով ես շատ հեռու էի: Այստեղ զարմանալու ոչինչ չկար. մեկ ամիս նկուղային կյանքից հետո հայտնվել ազատության մեջ և շնչել մաքուր թթվածին՝  դա զարմանալի երևույթ էր թոքերիս համար:

Էյֆորիա՞…

Սկզբում բացեցի մեկ աչքս, հետո՝ մյուսը ու շտապ փակեցի: Արևի ճառագայթները կարծես սուրի պես ծակեցին աչքերս՝ թույլ չտալով տեսնել պայծառ  լույսը, որի կարիքն այդքան ունեի:

Շուրջ բոլորս լռություն էր: Բազմաթիվ կորուստներից հետո նոր էի հասկանում կյանքի գինը: Ավելի ճիշտ կլիներ ասել, որ կյանքն է անգին, անգին է մանկական անմեղությունը: Բայց դե պետք է զսպես զգացմունքներդ, չէ՞ որ դու մարտիկ ես, կյանքի մարտիկ… պայքարի մարտիկ…

Ուսերիս վրա զգացի իմ բախտակից ընկերոջս ձեռքի ուժը.

-Վերադարձի՛ր, չի՛ կարելի տեղում մնալ:

Դա Մարկն էր: Ցանկացած իրավիճակում նա կարողանում էր իր մեջ ուժ գտնել պայքարը շարունակելու համար, և այդ ուժը անկողմնակալորեն փոխանցում էր բոլորին: Նա էր, որ կարողացավ մեզ բոլորիս դուրս բերել նկուղից: Նրա շնորհիվ էր, որ մենք հիմա կենդանի ենք, շնչում ենք ու փորձում ենք գտնել մեր կորցրածը:

Մենք ազատություն էինք տենչում: Մենք լույս էինք երազում…

Ես վերջապես բացեցի աչքերս, ու առաջինը ու՞մ տեսա՝ սպիտակ խալաթը հագին Մարկին:

Ես աղոտ եմ հիշում մեր ազատության  առաջին րոպեները: Մեզ՝ կիսակենդանի մարդկային էակներիս վերցրեցին ու տարան: Ո՞վ, ո՞ւր… Հիշողությանս մեջ տպավորվել են միայն բազմաթիվ մարդկային ձայներ: Սառը օդից շնչահեղձ էի լինում: Դատարկություն …. Ու ոչինչ…

***

-Ի՞նչ ես անում, հո հիմար չե՛ս, – աղոտ լսվեց Մարկի խռպոտ ձայնը: Միակ ձայնն էր, որ ինձ զգաստացնում էր, կյանքի ուժ էր տալիս: Ձայնի խռպոտությունից ձգացվում էր, որ նա էլ է հազիվ խոսում: Ես զարմանքով և հիացմունքով լեցուն դժվարությամբ որսում էի նրա ամեն մի բառը, որ անպայման կատարեմ, սակայն զգում էի, որ ուժ չունեմ:

Փոքրիկ Դերրին, որ հինգ տարեկան էլ չկար, նկուղում, ուր միայն մոմի աղոտ լույսն էր առկայծում, անընդհատ լալիս էր, ոչինչ չէր ուտում, միայն մայրիկին էր կանչում: Հետո մի կերպ մերվեց իրավիճակի հետ: Բոլորս լավ հասկանում էինք, որ նրա դեղնությունը ամենևին էլ վախից չէր: Դերրին լուրջ հիվանդ էր:

Փախուստի ժամանակ Դերրիին գրկած տանում էր Անդրեն.

-Մա՜րկ, Մա՜րկ, Դերրիի բերանից արյուն է գալիս:

Անտառում մեր յոթ հոգանոց խումբը մի բռունցք էր. ոչ ոք ոչ մի ավելորդ շարժում կամ ավելորդ զգացմունքայնություն չէր ցուցաբերում և խիզախորեն ընդունում էր ճակատագրի պատրաստած անակնկալները: Մենք ոչինչ չունեինք  կորցնելու:

Օ՜, ո՛չ: Մենք կորցնում էինք մեր կրտսեր ընկերոջը: Այդ ժամ մենք հասկացանք կյանքի գինը: Կյանքը նման է ակնթարթի՝  կար ու… չկա:

Դերրիի բերանից սկսեց կարմիր փրփուր հոսել: Նա աչքերը լայն բացեց ու այդպես սառեց նրա մանկական հայացքը, որ դեռ չէր հասցրել օգտվել իրեն հասանելի բարիքներից: Դերրիի մկանները թուլացան…

-Ալի՛ն, գնա՛ ճյուղեր հավաքի: Լսու՞մ ես: Արագացրո՛ւ, – այս բառերը էլի էի լսել:

Այո՜, Դերրիի՜ն… Մենք հողին հանձնեցինք նրա մարմինը, այնտեղ՝ անտառում… հենց այնպես: Ոչ ոք ոչինչ չասաց: Օ՜, Աստված իմ, տեղը չեմ հիշում, շատ էր մութ ու շուրջբոլորը ծառ, ծառ, ծառ: Հոգնել էինք այդ ծառներից…

-Մենք կորցնում ենք նրան: Արա՛գ, բոլորդ դու՛րս հիվանդասենյակից, – բղավեց բժիշկը:

-Նա իմ ձայնը պետք է լսի, ու, որ կրկին աչքերը բացի, ինձ պետք է տեսնի, – ասաց Մարկը:

… Ու կրկին ծառեր, ճյուղեր, տերևներ, թռչունների ծլվլոց, մեքենաների աղմկային երթևեկություն:

Դերրի՜ն… Նա մեր խմբի ամենափոքրն էր: Նրան ոչ ոք չէր սիրում անդադար նվնվոցի պատճառով: Գրեթե ոչինչ չէր ուտում, չէր խմում, եթե ուտելիք համարեինք այն հացի փշրանքները, որից անհասկանալի հոտ էր գալիս, կամ թե այն տակառի հեղուկը, որը այդպես էլ երբեք չփոխվեց: Դերրիին խնամք էր պետք, բայց մենք մեզ չէինք կարողանում պահել:

Անտառում առաջին անգամ տեսանք նրա աչքերի գույնը՝ կապույտ էին, որոնք, կարծես իրենց մեջ էին արտացոլում անամպ երկինքը, անվերջ երազները, մանկական սերը… Նրա մանկական մարմինը հանգիստ առավ:

– … Շների ձայն է գալիս, մեզ հասնում են, արա՛գ, քիչ է մնացել, մեքենաների աղմուկը ավել մոտ է,- արագացնում էր Մարկը: Չենք հասել այստեղ, որ այսպես հանձնվե՛ք, այդ ժամ մեզնից ոչ ոք կենդանի չի՛ մնա:

Որքան ուժ կար այդ պատանու մեջ: Տեսնես, ի՞նչ արյուն է հոսում նրա երակնեով…

… Միայն արևին չնայե՛ս, աչքերդ կցավեն,- Մարկն էր խորհուրդ տվողը: Ինձ նայի, տե՛ս, ես եմ ու բժիշկները, քեզ հիմա կբուժենք:

Քմծիծաղի մի կարճ ալիք անցավ դեմքիս վրայով: Ես քամի զգացի…

Գլխակորույս վազում էինք: Այլևս չէինք զգում մեր հյուծված մարմինների ցավն ու ծանր տնքոցը, չէինք տեսնում մեր ոտքերից հոսող արյունը, չէ՞որ առանց կոշիկ էինք: Անտառային թթվածնով հագեցած օդը կարծես խանգարում էր մեզ և շնչահեղձ էինք լինում:

Սրտիս հատվածում ինչ-որ սուր ցավ զգացի: Կրակոցների տարափ էր: Կրակում էին մեր հետևից: Ես ընկա՞…

-Հանգի՜ստ, հանգի՜ստ, – գլխավերևումս մի քանի բժիշկներ էին կանգնած, ու ամբողջովին սպիտակ հագած Մարկը: Մի պահ ես նրան հրեշտակի նմանեցրի:

Ես նայում էի շուրջս հավաքվածներին, բայց այնպես հոգնած էի, որ խոսելս չէր գալիս, իսկ մարմինս ցավից լալիս էր ու քնել էր ուզում: Գիտակցությունս պայքարում էր կյանքի համար: Այն իրական աշխարհ էր վերադարձել:

-Հիմա նրան լրիվ հանգիստ է պետք, – կրկին բժիշկի ձայնն էր:

Կարծես իմ հրամանատարից վերցրել էին հրամաններ արձակելու էստաֆետան: Այսինքն փոխվել էին մարտական դաշտերը, փոխվել էին նաև հրամանատարները:

… Մա՜րկ, – հազիվ լսելի կանչեցի ես:

… Ես ուժ չունեի բղավելու, համ էլ ուժգին ցավ էի զգում թիկունքում: Բոլորը թաքնվել էին ծառների հետևում ու միայն շների հաչոցն էր գալիս: Մոտենում էին… Այսքան կա՞րճ էր տևելու մեր ազատությունը: Այդ պահին մի գերբնական ուժ կարծես մեզ հրում էր դեպի առաջ, դեպի լույս, դեպի կյանք…

Բժիշկները ինչ-որ գործիքներով աչքերս էին ստուգում, ինձ անծանոթ բառերով ինչ-որ կարճ ռեպլիկներ էին փոխանակում: Շնչառական ապարատը սկսում էր անհարմարություններ պատճառել ինձ: Գլուխս այնքան ծանր էր, որ չէի կարողանում շարժել, իսկ ձեռքերիս այնքան լարեր էին կպցրած, որ կարելի էր մտածել դրանք էին իմ ձեռքերը…

-Ալի՛ն, վե՛ր, – մազերս շոյելով հանգիստ խոսում էր Մարկը, պետք է գնանք, քիչ է մնացել, մենք արդեն ճամփեզրին ենք: Դու և ես ենք մնացել: Վե՜ր, առա՜ջ…

Ու կրկին կրակոցների տարափը խառնվեց շների հաչոցներին ու մեքենաներին: Ես չեմ հիշում, որ քայլում էի: Ինձ տանում էին:

Ցրտում էր: Ես չէի հասկանում.  մթնշա՞ղ էր, թե՞ վաղ առավոտ, միայն ձայներ, ձայներ էին ու շան հաչոցներ: Այն ինչ կատարվում էր գլխումս, չէի հասկանում, միայն արդեն կրակոցները դադարել էր և անծանոթ դեմքերի շփոթահար հայացքներ…

-Մա՜րկ, – հազիվ լսելի կանչեցի ու կիսաբաց աչքերով փնտրում էի իմ փրկչին:

Ինձ ոչ ոք ոչինչ չպատասխանեց: Չպատասխանեցին նաև հաջորդ մի քանի օրերին: Ես չհասկացա ինչու նա այլևս չէր գալիս:

Հիմա իմ կողքին էին իմ հարազատները, իմ մտերիմները, բայց ես շարունակում էի անընդհատ հարց ու փորձ անել Մարկից և մյուս փրկվածներից: Իմ բոլոր հարցադրումներին միշտ լսում էի նույն պատասխանը. «Քեզ անհանգստանալ չի կարելի, կլավանաս, ամեն ինչ կիմանաս»: Ես մտածեցի, որ Մարկն էլ է երևի ծանր, իսկ եթե նա է ծանր, ապա այն օրերին ո՞վ էր իմ կողքին կանգնած, ո՞վ էր իմ ձեռքը բռնում, ո՞վ էր ինձ քաջալերում…

***

Այսօր բոլորս քաղաքային գերեզմանատուն ենք գնում: Հինգս ենք: Այո՛, Դուք ճիշտ կռահեցիք՝ Մարկը մեզ հետ չէր այս կյանքում: Փոքրիկ Դերրիի ծնողները երեխայի դիակը անտառից տեղափոխել էին գերեզմանատուն, և նրա կողքին պետք է հողին հանձնվեր Մարկը:

Սիրտս սկսեց կրկին արագ բաբախել ու մի պահ ինձ թվաց, որ տեսնում եմ նրան՝ կապուտաչյա այդ տասյոթամյա պատանյակին.

-Քեզ պինդ պահի՛ր…

-Հանուն Հոր և Որդու,և Սուրբ Հոգու, Ամե՛ն, – ավարտեց տեր հայրը:

Հանուն մե՛ր փրկչի, – միաբերան ավետեցինք:

Ինչպես հետո ինձ պատմեցին իմ բախտակից ընկերները, առանց որոնց ես իմ այսօրվա կյանքը չեմ պատկերացնում,  Մարկը մահացել էր հիվանդանոցում հենց այն օրը, երբ ես ուշքի էի եկել: Նրան կծոտել էին մեր հետևից վազող շները, երբ իրենով ծածկել էր իմ վիրավոր մարմինը:

Այսպիսի հավերժություն…

Տաթև Դերզյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոց, 11-րդ դասարան 


15 Comments

  1. Anahit says:

    Շատ հետաքրքիր հարց ես բարձրացրել, Տաթև ջան, ընկերասիրություն կյանքի գնով:
    Կեցցես…………
    Անահիտ Աղամալյան
    Մեղրի, Սյունիք

    Like

  2. marine says:

    Մի գեղեցիկ տխուր պատմություն, բայց իրական պատմություն ընկերասիրության մասին:
    Մարինե
    Երևան

    Like

  3. Melanie says:

    Այո, սա էլ այլ մակարդակ է:
    Անհամբեր կսպասեմ քո հաջորդ պատմվածքին: Երևում է դու ունես լայն մտահորիզոն;
    Մելանի

    Like

    • Tatev says:

      Մելանի ջան, եթե չես հասցրել տեսնես այս մրցույթի մասնակիցների շորթ էջը, ապա տեղեկացնեմ, որ իմ գրվածներից էլի կան: Կարդա, դրանք: Քո կարծիքը և մյուսների կարծիքը ինձ համար շատ կարևոր են, քանի որ, եթե միայն ինձ համար գրեի, չէի մասնակցի մրցույթին:

      Like

  4. Elen says:

    Շնորհակալ եմ, նման գեղեցիկ պատմության համար:
    Էլեն Հ.

    Like

  5. Ani says:

    Տխուր, բայց ուսուցողական դաս` բոլորիս համար:
    Անի Հովսեփյան

    Like

  6. Aram says:

    Շնորհակալություն Տաթև ջան
    Շատ արդի թեմա է և գրված է նոր ոգով, առանց այևայլ մանրամասնությունների

    Like

    • Tatev says:

      Մանրամասնությունները երկարացնում և ծանրացնում էին նյութը: Ես սիրում եմ մի շնչով սկսել և մի շնչով ավարտել թե գրածս, թե կարդացածս:
      Շնորհակալ եմ, որ նկատել էիր, Արամ ջան

      Like

  7. Arpi says:

    Տաթ ջան, դու շատ լավ ընկեր ես, իսկ քո գրածն էլ ընկերասիրության վառ ապացույցն է:
    Մենք ուղարկում ենք մեր գովեստի բառերը քեզ.
    Ապրեեեեես, ընկերը նա է, ով կարող է կյանքը զոհել հանուն ընկերոջ…

    Արփի և ընկերներ /12 հոգի/
    Երևանի 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան

    P.S. Երեխաներ քվեարկեք ձեր ընկերոջ պատմվածքների օգտին, թողեք մեկնաբանություններ:
    ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

    Like

  8. Ruzan says:

    Խոր էր մտահահաղացումը

    Like

  9. Aram Gevorgyan says:

    Հենց սա էլ իսկական սիրային պատմություն էր: Բա ասում էիր չեմ սիրահարվել?……….

    Like

  10. Vahan says:

    Ընդունիր շնորհավորանքներս
    Քո անծանոթ ընկեր

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: