Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Բաց դուռը

Բաց դուռը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Մի՛ արա: Ես ինքս կկոտրեմ իմ, քո, մեր …

Չեմ խելագարվել, բայց  հոգնել եմ ինձ քո մեջ փնտրելուց, քեզ` իմ մեջ ապաստան տալուց:

Խելագար չեմ, բայց խելագարվում եմ, երբ մղձավանջը այցի է գալիս: Երբեք չեմ սիրել հյուր ընդունելու անիմաստ պարտականությունը: Հիմա կասեք դա պարտականություն չէ` ուզում ես ընդունի, ուզում ես` ոչ: Բայց արդյո՞ք նույն բանը կասեք այն դեպքում, երբ հյուրը գալիս է առանց զանգելու, ներս է մտնում` առանց դուռը թակելու, հյուրասիրվում է` բացելով քո սեփական սառնարանի դուռը:

Դուռը փակելու սովորություն չունեմ. դա հարևաններին վստահելու կամ շատ սիրելու արդյունք չէ: Դա արտաքին աշխարհի հետ կապող ինչ-որ բան է: Եղածը մի դուռ է` երկաթե, փայտե կամ ասենք մեկ այլ բանից պատրաստված, բայց այդ անիմաստ դուռը կապում է դուրսը և ավելի դուրսը: Բացի այդ կա մեկ այլ ավելի կարևոր դուռ. այն պատրաստված չէ երկաթից, փայտից կամ մեկ այլ բանից, բայց կապում է ներսը և դուրսը:

Դրսում արտաքին աշխարհն է, բայց թե ինչ է ներսում` գիտի միայն տան տերը: Միշտ մտածել եմ, որ ուրիշի ներքին աշխարհում հայտնվելը անհնարին բան է. երևի ճիշտ եմ մտածել:

27 տարի է, ինչ ապրում եմ այս սեփական տանը: Իրականում շատ հասարակ տուն է, սովորական հարևաններով շրջապատված: Չնայած սովորական ասվածը շատ մեղմ է հնչում: Երբեք չեմ կարողացել հասկանալ հարևաններիս մտածելակերպը: Բոլոր տղամարդիկ միշտ մեքենաների տակ են. ավելի շատ մեքենան վերանորոգում են, քան վարում: Կանայք էլ գրեթե միշտ խալաթներով բակում ավել են անում: Խալաթի առաքելությունը փոխվել է: Մեր փողոցում այն ավել անելու համազգեստ է դարձել: Երեխաները գրեթե միշտ գոռում են, հազվադեպ` խաղում: Մինչև 12 տարեկան երեխաները  խոսում են իրենց  օրվա մասը դարձած սերիալներից, մանկապարտեզում կամ դպրոցում իրենց հավանած աղջիկներից ու տղաներից:

Իրականում ականջ չեմ դնում նրանց խոսակցություններին, բայց պատահաբար  լսում եմ` փողոց իջնելիս, կամ բակում կանգնած` ծխելիս: Հազվադեպ եմ ծխում, բայց որ ծխում եմ` երկար է տևում. նման բամբասանքի, որ ծնվում է այն երկու երիտասարդների խոսակցության ժամանակ, ովքեր միշտ զարմացել են` ինչպես են մարդիկ կարողանում բամբասել:

12 տարեկանից մեծ աղջիկներն ու տղաները կամ պարան են ցատկում կամ հավաքվում են ինչ-որ մեկի բակում ու կատարում իրենց պարտականությունը` կեղևազրկել ու կեղևազրկել. երբ կեղև չի լինում իրենց չեն զրկում ուրիշներին քննադատելու հաճույքից: Դա պարապության կամ անգործության արդյունք չէ. դա աշխատանք է, որն անել բոլորին չէ որ հաջողվում է. բարձրագույն կրթություն ու աշխատանքային փորձ է հարկավոր:

Սա` ավելի դուրսը, իսկ հիմա խոսեմ դրսի մասին. տունս շատ հասարակ է. 3 սենյակ ու մեկ պատշգամբ: Կահավորանքը ժամանակակից է, բայց սենյակումս ունեմ շատ հին ժամացույց ու հայելի: Կարծեմ երկուսն էլ տատիկիս են պատկանել: Տատիկիս չեմ տեսել, բայց ասում են տարօրինակ կին է եղել` ամբողջ օրը նստել է հայելու դիմաց ու հաշվել ժամացույցի տկտկոցները. 60 րոպեն լրանալուն պես կամ ժպտացել է կամ դեմքի մռայլ արտահայտություն ընդունել: Գեղեցիկ կին է եղել, բայց քչերին է հաջողվել տեսնել նրա գեղեցկությունը: Տեսնողներն ասում են, որ սիրել է փայտե զարդեր կրել: Հարևանի տղաներից մեկը զարդեր է պատրաստել նրա համար, իսկ դրա դիմաց ստացել տատիկիս պատմությունները լսելու հնարավորություն: Ոչ մի պատմություն չի ունեցել ավարտ. ահա ինչն է ստիպել այդ երիտասարդ տղային զարդեր պատրաստել ու սպասել հաջորդ պատմությանը: Պատմությունները իրար հետ կապ չեն ունեցել, բայց ունեցել են մի հերոս` մի աղջիկ, ով չուներ կատու:
Թե ինչ պատմություններ են եղել ու ինչպես են ազդել այդ երիտասարդի վրա` հայտնի չէ:

Ասում են տատիկս մահացել է երիտասարդ` սրտի կաթվածից, բայց դա դեռ հարց է, ինչպես է կոչվում այն հիվանդությունը, երբ մարդ մահանում է ժամացույցի վերջին թակոցի ժամանակ: Ժամացույցի միապաղաղ, բայց հավասարակշիռ թակոցը հավերժ չէ.  մի օր կանգ է առնում. մեկ, երկու, երեք… մեկ, մեկ, մեկ…

Հիմա այդ ժամացույցը կախված է հենց այդ հայելու վերևում, բայց ոչ ձայն է հանում, ոչ էլ ժամն է ցույց տալիս: Միշտ չէի հասկանում այդ հայելու և ժամացույցի խորհրդավորությունը: Ամեն առավոտ նայում էի հայելու մեջ, սանրում մազերս, թեթևակի ժպտում` գոհ այդ օրվա հագուստիցս ու գնում աշխատանքի:

Աշխատանքից միշտ ուշ էի վերադառնում. գործարանը, որտեղ աշխատում եմ որպես մենեջեր, տանիցս հեռու է, բայց միշտ նախընտրում եմ ոտքով տուն գալ:

Հիմար սովորություն ունեի. ճանապարհին մի քար էի գտնում ու ոտքով հարվածելով բերում մինչև տուն: Դա դեռ ամենը չի. առաջին հարվածից առաջ ինչ-որ մեկի մասին էի մտածում ու համոզված էի լինում, որ ում  մասին մտածեմ ու հարվածեմ քարին` մինչև տուն հասնելը կտեսնեմ նրան: Մի անգամ ստացվել էր ու մեկ տարի շարունակ խաբում էի ինձ: Խաբել չեմ սիրում, բայց ինչ կյանք, երբ հավատում ես նրան, ինչ կա, վախենում նրանից` ինչ դուրս է իրականությունից: Երբ խաբում ես ինքդ քեզ` իրականության սահմանը չի փոխվում` փոխվում է քո դիրքը այդ գծի նկատմամբ:

Այդ օրը սովորականից ուշ վերադարձա տուն: Մութ էր, բայց ես կրկին մի քար գտա, որ սովորականից ավելի մեծ էր: Այդ օրն աշխատավարձ էի ստացել: Զարմանում եմ համբերությանս վրա` մեկ ամիս աշխատում եմ մեկ օրվա համար, մեկ տարի աշխատում եմ ամառային 3-շաբաթյա հանգստի համար: Երբ ստանում եմ աշխատավարձս, չեմ մտածում` ինչի վրա եմ ծախսելու, մտածում եմ` ինչ եմ անելու հաջորդ աշխատավարձս:

Նոր էի ստացել աշխատավարձս ու այնքան խորն էի տարված հաշվարկներով, որ մոռացա հարվածելուց առաջ ինչ-որ մեկի մասին մտածել:

Չորրորդ հարվածից հետո քարս հայտնվեց ջրափոսում: Այնքան ուժեղ ընկավ ջրափոսի մեջ, որ ջուրը տատանվեց ու ավելի պղտոր դարձավ: Մոտեցա այդ կեղտոտ անձրևաջրով լի փոսին: Մի պահ կանգ առա ու փորձեցի վերականգնել ջրում արտացոլվող պատկերս: Ջուրն անձրևի մաքուր ջուր էր, փոսը` սովորական ցեխով լի:

Իսկ հիմա իմ ոտքերի տակ կեղտոտ ջրափոս էր, որում դժվարանում էի գտնել իմ սեփական պատկերը: Կանգնեցի այնքան` մինչև ջուրը հանգստացավ: Քարս այլևս չհանեցի այդ ջրափոսից:

Ջրափոսում փնտրում էի քարը, բայց գտա ինձ. դա ես չէի, դա իմ աղավաղված պատկերն էր. այդ ժամանակ այդպես էի մտածում:

Հասա տուն ու վերջապես հոգնածություն զգացի: Քնել էի ուզում: Թեյով բաժակը ձեռքիս մտա իմ սենյակ: Բաժակը դրեցի սեղանին ու ձեռքիցս հանեցի ժամացույցը:

Երբ ուզում էի վերցնել բաժակս, նորից տեսա ինձ, բայց այս անգամ այնպիսին, ինչպիսին կամ` սև մազերով, շագանակագույն աչքերով, հոգնածությունից գունաթափ դեմքով, իմ ամենօրյա աշխատանքային հագուստով ու ինչպես միշտ` կիսաքանդ փողկապով: Հիշեցի ջրափոսի պատկերն ու նստեցի հայելու դիմաց: Մի քանի րոպե ուշադիր նայելուց հետո հիշողություններս սկսեցին գլխումս իրար խառնվել: Երբեք անցյալիս կամ ապագայիս մասին չէի մտածել, երբեք չէի հատել օրվա սահմանագիծը:

Մղձավանջը եկել էր առանց նախապես զանգելու, ներս էր մտել` առանց դուռը թակելու, հյուրասիրվել էր` բացելով իմ սեփական սառնարանը: Տարօրինակ զգացողություն ունեցա: Հայելում արտացոլված պատկերն անում էր այն, ինչ ես էի անում, բայց դա ես չէի. պատկերն ավելի մաքուր էր ու պարզ: Ուշադիր նայեցի դիմացինիս աչքերին: Դրանք ունեին նույն գույնը, ինչ իմն էր, բայց չունեին խորություն, չունեին անցյալ, դրանք ինձանից բացի ոչինչ չէին տեսել` ակամա ժպտացի: «Ես ավելին եմ տեսել». ներսում ինչ-որ ձայն ասաց:

Նայեցի դիմացինիս բերանին (այդպես էլ նրան «ես» ասել չսովորեցի), որը շարժվում էր միայն այն ժամանակ, երբ իմն էր շարժվում: Նա ինձանից բացի ուրիշ ոչ ոքի հետ չէր խոսել ու չի կարող խոսել: Նա ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լռում էր, որովհետև իմ բերանը չէր շարժվում. ես բարկացա ու դեմքս մռայլվեց: Գուցե ուզում էր ինչ-որ բան ասել, ինչ-որ բան նախազգուշացնել, բայց… նա կարծես փորձում էր ինձ ջղայնացնել:

Նայեցի հայացքին. ոչինչ չասող հայացք, գունաթափ դեմք: Ինձ նման էր, բայց միայն ինձ էր նայում, այնպես էր նայում կարծես մանկուց ճանաչում է ինձ: Ես նայում էի նրան, բայց շատ նայելուց հետո կորցնում էի ինձ` փնտրելով նրա մեջ: Հանկարծ ներսում դատարկություն զգացի. կարծես տան տերը գնացել էր խանութ կամ երկար արձակուրդ էր վերցրել: Երբ ետ վերադառնա, գուցե գտնի ուրիշին` պառկած իր բազմոցի վրա, գուցե գտնի բանալին այնտեղ, ուր թողել էր գնալուց առաջ` պատուհանի գոքին դրված ծաղկամանի տակ:

Առավոտյան արթնացա սովորականից ուշ: Անկողնում չէի: Հայացքս բարձրացրեցի ու տեսա հայելին. գլուխս սեղանին դրած քնել էի…

Ոչինչ չէի հիշում. միայն երկու աղոտ պատկեր կար հիշողությանս մեջ` պղտոր ու մաքուր: Դրանցից ոչ ոք ես չէի, բայց դրանք իմ ներսում էին, այնտեղ, ուր ոչ ոք չի կարող մտնել…

Դա շատ բարդ էր իրականություն լինելու համար, բայց այնքան ճիշտ` չհավատալու համար: Նորից նայեցի հայելուն… այս անգամ դիմացինս ժպտաց:

Ես չդիմացա ու բղավեցի.

-Մի ՛արա, ես ինքս, ես ինքս կկոտրեմ քեզ, ինձ, մեզ…

Խառնեցի, կորցրեցի ինձ , դիմացինից հետո անվանեցի «մեզ», բայց դա «մենք» չէինք: Դա ես էի` սահմանից դուրս, ներս, առաջ, հետո…

Վերցրեցի հայելին ու հարվածեցի գետնին, փշուրներ… Ոչինչ չզգացի, ներսումս ոչինչ չկատարվեց, ես ինձ չկորցրեցի: Այն ինչ ներսումդ է` չի կոտրվում, այն ինչ դրսում է հեռու է ավելի դրսից:

Մղձավանջը չէր եկել: Ես ինքս էի նրան տվել իմ հասցեն:

Այն անկոչ հյուր չէ, այն գալիս է, երբ մենք զգում ենք նրա կարիքը, երբ հոգնում ենք, չենք հավատում, կարծում ենք, որ խելագարվել ենք:

Գալիս է առանց նախապես զանգելու, որ չանհանգստացնի քեզ, մտնում է առանց դուռը թակելու, որ չարթնացնի քեզ, հյուրասիրվում է` բացելով քո սեփական սառնարանը, որ նրան չտաս այն, ինչ նախատեսել ես, այլ այն` ինչ ունես…

Մանե Գևորգյան, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, 12-րդ դասարան

Advertisements

5 Comments

  1. Հիանալի էր… շատ խորն ու իմաստալից..!!

    Like

  2. Չաուշ says:

    Ձեր պատմվածքը նման է ինքնակենսագրականի : Դուք այդ ամենը զգացել եք ?

    Like

  3. […] մրցանակը` «Ուլիսեսը» շնորհվեց Մանե Գևորգյանի «Բաց դուռը» պատմվածքի համար, Մխիթար Սեբաստացի […]

    Like

  4. Mane says:

    Zgacel em shat baner, baic amen inch che vor aprel em

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: