Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Ծեր ձիու պատմությունը

Ծեր ձիու պատմությունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

-Սելլի՛, ինչու՞ ես միայնակ նստել այստեղ, ե՛կ մեզ հետ խաղալու:

-Չեմ ուզում խաղալ, Սի՛րիուս: Մի՛ խանգարիր ինձ:

-Իսկ ի՞նչ ես անում:

-Երազում եմ…

-Սելեստիա  նշանակում է. «եկել եմ աստղերից»: Զարմանալի չէ, որ այդքան երազկոտ ես:  Իսկ կասե՞ս,  թե ինչի մասին ես երազում, եթե իհարկե գաղտնիք չէ:

-Գաղտնիք չէ, սակայն մի քիչ երկար պատմություն է, ուզու՞մ ես լսել:

-Ուզում եմ, –  գրեթե միաձայն բղավեցին Սիրիուսն ու նրա խաղընկերները` տեղավորվելով Սելեստիայի կողքին:

Կար ժամանակ, երբ երկրագունդը ամբողջովին ծածկված էր ծովերով և կուսական բնությամբ: Իրենց համար հատկացված վայրերում ապրում էին առասպելական և սովորական կենդանիները: Սակայն Օլիմպոսի աստվածներին չէր գոհացնում այդ կենդանական աշխարհը, և նրանք որոշում են ստեղծել մեկ այլ ժողովրդի` մարդկանց, որոնք իրենց տեսքով ու մտքով նման կլինեին աստվածներին: Օլիմպոսի բնակիչներից մեկը ` Պեգասը, որոշում է ինքն էլ իր նմանությամբ ժողովուրդ ստեղծել: Ու քանի որ Պեգասը բոլոր աստվածների սիրելին էր, Պեգասի խնդրանքը չի մերժվում: Սակայն աստվածները մի պայման են դնում. քանի որ մարդիկ չեն կարողանում ճախրել աստվածների պես, Պեգասի ժողովուրդը նույնպես թևեր չպիտի ունենար: Պեգասը, արարելով իրեն նման կենդանիների, չի գոհանում նրանց տեսքով և որոշում է նրանց մի զարդ նվիրել` ճակատին շողշողացող եղջյուրը:

Օլիմպոսի աստվածներին հիացնում է Պեգասի ստեղծագործությունը , և նրանք այս չքնաղ արարածներին անվանում են Միաեղջյուր` ի պատիվ նրանց բաշի և պոչի գույնին համապատասխանող չքնաղ եղջյուրի:

-Սելլի՛, բայց այս պատմությունը մեզ մեր տատիկներն ու պապիկներն էին պատմում,- զարմացած բացականչեց Էլլան` թափահարելով նազելի վարդագույն եղջյուրը:

-Իրոք մենք մեր ուսուցիչներից ու ծնողներից լսել ենք, որ Պեգասը մեր արարիչն է, սակայն դա ի՞նչ կապ ունի քո երազանքի հետ,- շարունակեց մյուսը:

-Դե՛, Սելլին էլ երևի սպասում է այստեղ, որ Պեգասին տեսնի: Սելլի՛, եթե իրոք ուզում ես հանդիպել Պեգասին, ապա մի՛ սպասիր Պիրենայի աղբյուրի մոտ,  բարձրացի՛ր Հելիկոն լեռան գագաթ և սպասի՛ր Հիպպոկրենա աղբյուրի մոտ: Ըստ ավանդության, Պեգասը ծնվել է Հելիկոն լեռան գագաթին, իսկ աղբյուրն էլ գոյացել է, երբ նա գլխով քարին է հարվածել: Նույնիսկ մուսաներն են այդ աղբյուրից ջուր խմում: Այնպես որ, եթե Պեգասը հյուր չգա, ապա ինը մուսաներից գոնե մեկի հետ կհասցնես ծանոթանալ, – քմծիծաղով ավելացրեց Սիրիուսը:

-Սի՛ր, ես ոչ միայն  կտեսնեմ Պեգասին , այլև նա կսիրի ինձ և իր հետ երկինք կտանի:

-Սելլի՛, վերջ տուր: Մենք նույնիսկ չգիտենք Պեգասը գոյություն ունեցել է, թե ոչ:

-Ես գիտեմ, որ Պեգասը գոյություն ունի, – Սելլիին օգնության եկավ վառ երկնագույն բաշով ու գեղեցիկ աչքերով մի փոքրիկ,-  պապիկս մի ընկեր ունի մարդկային ցեղից, ով  պատմել է,  թե ինչպես իր պապը` Բելլերոֆոն անունով մի երիտասարդ հենց այս աղբյուրի մոտ այնքան է սպասել Պեգասին , մինչ վերջինս ցած է իջել և միասին ճախրել են չար վիշապին հաղթելու:

-Դե՜,  ավելի հավանական է, որ  Պեգասը  մարդուն կօգնի հաղթել չար  վիշապին, քան սովորական միաեղջյուրին Օլիմպոս կտանի, – շարունակեց համառորեն Սելլիին ծաղրել Սիրիուսը:

Սելեստիան արդեն չէր լսում Սիրիուսի ձայնը. նա արցունքն աչքերին արշավում էր լեռն ի վեր` փախչելով Սիրիուսից և բոլոր-բոլոր միաեղջյուրներից:

***

Ինչ հեռացել էր իր ընկերներից, երբեք ցած չէր իջել: Խմում էր Հիպպոկրենա աղբյուրի անմահական ջուրը, ուտում երփներանգ ծաղիկները, վազվզում և ննջում զմրուխտյա խոտերում: Նրան հետ բերելու համար Հելիկոն էին բարձրացել և՛ հարազատները, և՛ ընկերները, սակայն Սելեստիան միշտ թաքնվում էր միայն իրեն հայտնի անձավներում: Իսկ անծանոթներից այնքան էլ չէր խորշում: Բազմաթիվ միաեղջյուրներ էին հաղթահարել Հելիկոնը , որպեսզի արժանանան լեռնային գեղեցկուհու սիրուն: Նույնիսկ հպարտ կենտավրոսներ ու ինքնագոհ գրիֆֆոններ էին եկել նրա եղջյուրը խնդրելու, սակայն Սելեստիան բոլորին մերժել էր` ասելով թե այստեղ սպասելու է այնքան ժամանակ, մինչև կա՛մ ձյունաճերմակ Պեգասը, կա՛մ մահվան աստված, սաթի պես սև թևավոր ֆեստրալը կգա իր հետևից: Տեսնելով Սելեստիայի վերաբերմունքը և՛ հարազատներն ու ընկերները, և՛ նրա եղջյուրը խնդրողները արդեն  դադարում էին հաղթահարել Հելիկոնի բարձունքը և այցելել նրան:

Բայց Սելլին ամենևին էլ դժգոհ չէր, ոչ էլ միայնակ. Հիպպոկրենա աղբյուրի միջից  միշտ իրեն էր հետևում խոշոր սադափե աչքերով, կաթնագույն նրբիրան մարմնով, ոսկեթել բաշով և պոչով և… և, ցավոք սրտի, ոչ թե զույգ չքնաղ թևերով, այլ լոկ մի հիասքանչ ոսկե եղջյուրով  չքնաղ կերպարանքը: Գեղեցկուհի միաեղջյուրը միշտ հրճվում էր իր գեղեցիկ արտացոլմամբ և էլ ավելի համոզվում, որ եթե Պեգասն իրեն տեսնի, ապա անտարբեր չի անցնի:

Գիտե՞ս, առասպելական Նարցիսը հենց այս աղբյուրի մոտ սիրահարվեց ինքն իր արտացոլմանը: Միթե՞ մի բազմամյա մենությունը հպարտ Սելեստիային մոռացնել է տվել Պեգասին և դարձրել Նարցիս:

Իրենով զմայլվելով` Սելեստիան չէր նկատել, որ ինչ-որ մեկը մոտեցել է իրեն: Եթե հյուրը ադամանդափայլ եղջյուրի փոխարեն ճերմակ թևեր ունենար, ապա կարելի էր կարծել , որ հենց ինքը` Պեգասն է եկել:

-Սիրիու՜ս… Ո՞ր քամիներն են քեզ այստեղ բերել:

-Ես արդեն Սիրիուս չեմ, այլ Կախարդական Անտառների Տիրակալ Նորին Մեծություն Ադամանդափայլ Սիրիուս Առաջին:

-Դու արդեն թագավո՞ր ես: Իսկ ու՞ր են ծնողներդ:

-Մի տարի առաջ հայրս մեկնեց վիշապների դեմ պատերազմելու և զոհվեց կռվում: Մի ամիս առաջ էլ վշտից մայր վախճանվեց:

-Ցավակցում եմ Սի՛ր, բայց ես ինչո՞վ կարող եմ օգնել:

-Դե ՛, չափահաս դառնալուց հետո ես պետք է երեք լիալուսնի ընթացքում հարսնացու գտնեմ, որպեսզի օծվեմ թագավոր և ստանձնեմ հորս գահն ու տիտղոսները: Երկու օր արդեն անց եմ կացրել քեզ փնտրելով, այսօր արդեն երրորդ լիալուսինն է լինելու: Արի՛ գնանք, քանի դեռ ուշ չէ:

-Ես ճանաչում էի մանուկ Սիրիուսին` զվարթ, չարաճճի, խելացի, կամակոր արքայազնին, որը միշտ ծաղրում էր ինձ ու իմ զգացմունքները: Իսկ դու անծանո՛թ ես ինձ, արքա՛:

-Սելեստիա՛, իսկ դու ինձ համար ամենահարազատ էակն ես: Եսսիրել եմ առաջին հայացքից ու սիրում եմ մինչ այժմ: Արի՛ ինձ հետ և կդառնաս Կախարդական Անտառների և իմ թագուհին: Այստե՛ղ թող առասպելներն ու լեգենդները և արի ինձ հետ:

Պատասխան չկար… Սելեստիան ծնկի էր եկել աղբյուրի մոտ և լուռ արտասվում էր:

-Ինձ քե՛զ հետ տար, Սի՛ր, չեմ ուզում քո դժբախտության պատճառը լինել,- հեկեկալով հազիվհազ արտաբերեց Սելին:

-Չէ՛, Սելլի՛, ես հույս ունեի, որ դու այստեղ ապրելով թևաթափ կլինես ու մոռացության կմատնես Պեգասին: Սակայն հասկացա, որ դու իրոք սիրում ես առասպելական աստծուն, ուստի ես մենակ հետ կգնամ: Ինձ առաջին պատահած աղջկան հարսնացու կդարձնեմ, որպեսզի թագավորությունս չանցնի ուրիշի ձեռքը:

-Բարին ընդ քեզ, սիրելի՛ Սիրիուս: Դու հրաշալի երիտասարդ ես դարձել ու համոզված եմ, որ կդառնաս Կախարդական Անտառների ամենալավ թագավորը:

Այս խոսքերն ասելով Սելեստիան խոնարհվեց արքայի առաջ և մեղմաքայլ հեռացավ:

-Ցտեսու՜թյուն , Սելե՜ստիա…

-Մնաս բարո՜վ, Սի՜րիուս…

Եվ Սիրիուսը գլխիկոր սկսեց իջնել սարն ի վար: Պետք էր շտապել, որպեսզի մինչ երեկո հարսնացու գտներ և հասներ կեսգիշերին տեղի ունեցող արարողությանը:

-Բարի օ՛ր , միաեղջյուրների՛ արքա:

-Բա ՛րև,-  աչքերը բարձրացնելով ասաց Սիրիուսը:

Նրա դիմաց կանգնած էր երկար եթերային զգեստ հագած մի կին: Նրա սև գանգուրները ջրվեժի պես  թափվում էին մեջքին, իսկ գեղեցիկ կանաչ աչքերը ժպտում էին խիտ արտևանունքների ներքո:

-Սիրիու՛ս, ես Ագանիպպեն եմ, այն մուսան , որը կյանք է տվել Պեգասին:

-Նմա՞ն եմ խեղկատակի:

-Ես լրիվ լուրջ եմ խոսում: Ես գիտեմ, որ ամբողջ կյանքիդ միակ սիրելին` Սելեստիան սպասում է Պեգասին: Բայց տղաս հոգնել է ծառայությունից, անվերջ թռիչքներից և որոշել է այլևս չլքել օլիմպոսյան խաղաղությունը: Իսկ ես հալիկոնյան իմ ապաստարանից հետևելով ձեզ`  որոշեցի օգնել և՛ քեզ, և՛ Սելեստիային:

-Ինչպե՞ս կարող ես օգնել մեզ:

Դու ինձ տալիս ես քո եղջյուրը,իսկ ես քեզ տալիս եմ թևեր: Հետո դու դառնում ես «Պեգաս» և գրավում ես Սելլիի սիրտը: Դե՜, եթե ցանկանում եք,  ես էլ դառնում եմ ձեր կնքամայրը: Ի՞նչ կասես:

-Հիանալի է, կարո՞ղ ենք հենց անել այդ ամենը:

-Իհարկե՛, ծնկի՛ արի  ու փակի՛ր աչքերդ:

Ծնկաչոք արքան զգում էր մուսայի մեղմ հպումները և լսում նրա տարօրինակ կախարդանքները: Սիրտն ինչ-որ վատ բան էր կանխագուշակում, բայց մյուս կողմից էլ վստահ էր, որ ստանալով թևերը, կարող է վերջապես ամուսնանալ Սելեստիայի հետ:

-Ա՜խ, – բացականչեց Սիրիուսը` սուր ցավ զգալով նախ գլխում, ապա սրտի մոտ:

-Դիմացի՛ր միաեղջյուրների արքա ու ոչ մի դեպքում աչքերդ մի՛ բացիր: Հիշի՛ր, որ այս ամենը քո սիրո համար է և քեզ ավելի լավ կզգաս:

-Փաստորեն, սերը ոչ միայն կուրացնում է, այլև չի թողնում զգալ մարմնական ցավը: Սելեստիայի մասին մտածելիս ես միանգամից ինձ ավելի լավ եմ զգում:

-Աճիճի աճիճի հա հու հա..

-Աճիճի աճիճի զիմ պոմ պա…

-Հա հու հա, զիմ պոմ պա…

-Սիրիու՛ս, դե բացի՛ր աչքերդ հիմա:

-Ագանիպպե՛, ես պիտի հավերժ ծնկի գամ քո առաջ,- հիացած բացականչեց Սիրիուսը` զմայվելով իր վեհ կերպարանքով: Ճերմակ թևերը նրան անչափ գեղեցկացնում էին, ու չնայած իր ճերմակ ճակատին ադամանդե եղջյուրի փոխարեն մի արծաթագույն աստղաձև սպի էր մնացել, սակայն Սելեստիան, իր Սելեստիան թևավոր Պեգասին էր սպասում , ոչ թե միաեղջյուրի:

-Ինչպե՞ս հատուցեմ քո բարությունը, ո՛վ մուսա:

-Ես կցանկանայի որպես նվեր վերցնել քո արքայական եղջյուրը:

-Իհարկե՛, վերցրու՛, թևավոր Սիրիուսի ինչի՞ն է պետք եղջյուրը: Էլ ոչ մի նվեր չե՞ս ցանկանում:

-Դե , եթե դեմ չես, կարող եմ զբաղվել քո հարսանիքի հարցերով, մինչ դու բերես քո գեղեցկուհուն: Վստահ եղի՛ր, որ ժողովուրդդ ապահով ձեռքերում կլինի: Իսկ եթե ուշանաք և չհասցնեք մինչև լիալուսին, ես խորամանկ եմ, մի բան կմտածեմ:

-Դու ուղղակի հրաշք ես, բարի՛ Ագանիպպե: Գնա՛ թագավորություն, իսկ ես թռչեմ իմ ոսկեբաշ գեղեցկուհու մոտ:

-Ցտեսությու՜ն ,Սիրիու՛ս…

Սիրիուսը ճախրում էր դեպի Հելիկոնի գագաթը: Նրա գլուխը պտտվում էր, սակայն ավելի շատ սիրուց և երջանկությունից, քան թռիչքից ու կախարդանքներից:

-Սելեստիա՜,  ես այստեղ եմ սիրելի՛ս:

-Կրկին ինչ-որ հիպպոգրի՞ֆ կամ հարպիա՞ է այստեղ թռչում,- լսվեց Սելիի քնքուշ, բայց դժգոհ ձայնը:

-Ոչ մի նման բան, անուշի՛կս: Եթե բարի գտնվես ու շրջվես, ապա կտեսնես թե ով է:

-Ձայնդ շատ ծանոթ է, գիտե՞ս,- պատասխանեց Սելեստիան `  այդպես էլ չշրջվելով դեպի ձայնը:

-Դե՛, ինչ, եթե դու չես գալիս, ապա ինքս կգամ,- ասաց Սիրիուսը` վայրէջք կատարելով ուղիղ Սելեստիայի դիմաց:

-Ես չեմ հավատում իմ աչքերին: Սա երազ է, ես գիտեմ… Ամեն գիշեր դու գալիս ես աղբյուրի մոտ, սակայն երբ ես մոտենում եմ, անհետանում ես:  Զարմանալի է, բայց առաջին անգամ եմ լսում քո ձայնը, բայց այն ինձ այնքա՜ն քաղցր ու հարազատ է թվում: Բայց ես չեմ մոտենա քեզ: Ուզում եմ քիչ ավել զմայվեմ: Գիտե՛մ, հենց մոտենամ, անէանալու ես, չքվելու…

-Սելլի՛, փոքրի՛կս, ես իրական եմ:

Սելեստիան մոտենում էր դանդաղորեն ու վախվորած, իսկ Սիրիուսը` զվարթորեն ոստոտալով: Երկուսն էլ դեռ մանկուց այս ակնթարթն էին փափագում. Սելեստիան իր Պեգասին էր սպասում, իսկ Սիրիուսը Սելեստիայի սիրո մասին էր երազում:

Փաստորեն, երազանքները իրականանում են… Ընդամենը մի փոքրիկ խաբկանք, սակայն առանց դրա Սիրիուսը չէր կարող շոյել Սելեստիային, իսկ վերջինս չէր կարող այդքան երջանիկ լինել:

-Ես քե՛զ սիրում եմ , Պեգա՛ս: Ես հավատում էի , որ դու կգաս:

-Ես էլ քեզ եմ սիրում, Սելեստիա՛: Եվ ես եկա, որ հավերժ քեզ հետ լինեմ:

-Ինձ հետ լինե՞ս, իսկ ես հուսով էի, որ կտանես ինձ: Ես այլևս չեմ կարողանում ապրել այստեղ: Ամեն քար, ամեն թուփ ու ծաղիկ ինձ ծանոթ է: Էլ չեմ կարողանում ապրել քո ծննդավայր Հելիկոնի գագաթին:

-Ավելի լավ, արի՛ իջնենք Միաեղջյուրների Թագավորություն և ապրենք այնտեղ: Նրանց արքան հեռացել է, և մենք կարող ենք թագավորել Միաեղջյուրների անտառում:

-Իսկ ու՞ր է Սիրիուսը:

-Գնացել է պանդխտության, բախտ որոնելու: Ասում են, որ իր սիրելիի մերժումից հետո չի ցանկանում լսել ո՛չ գահի, ո՛չ տիտղոսների մասին:

-Խե՜ղճ տղա, նա այնքա՜ն լավն էր: Գիտե՞ս Պեգաս, դու մի քիչ նման ես Սիրիուսին:

-Սելլի՛, թագավորները համարվում են աստվածների շառավիղ, իսկ Սիրիուսը ազնվարյուն թագավոր էր: Դե՛ ինչ, գնացի՞նք ներքև:

-Գնացինք… Սակայն ես այնպես էի ուզում գոնե մեկ անգամ լինել վերևում… Պե՛գ, սիրելի՛ս, դու աստված ես չէ՞:

-Իհարկե՛,- փոքր ինչ շփոթվելով` ասաց Սիրիուսը:

-Դե՛, եթե աստված ես,  ուրեմն ամեն ինչ կարող ես, չէ՞:

-Իհարկե՛:

-Եթե ամեն ինչ կարող ես, ուրեմն կարող ես նաև ինձ թևեր տալ, չէ՞:

-Իհարկե՛,- պատասխանեց Պեգասը` արդեն լրջորեն հուզված:

-Դե ուրեմն, ու՞մ ես սպասում,- ծիծաղեց Սելեստիան,- Օլիմպոսից ինձ համար մի զույգ ոսկեգույն թևեր կբերե՞ս: Մենք կարող ենք մի քիչ ճախրել կապույտ երկնքում, ապա իջնել Միաեղջյուրների Արքայություն ու թագավորել այնտեղ:

-Լա՛վ,Սելլի՛, ես հենց հիմա կճախրեմ քո թևերի ետևից: Իսկ եթե աստվածները մերժե՞ն իմ խնդրանքը:

-Առանց թևերի չվերադառնաս,- չարաճճիորեն կատակեց Սելեստիան:

Սիրիուսը փարվեց Սելեստիային և հեռացավ: Ու, բնականաբար թռավ ոչ թե Օլիմպոս, այլ Միաեղջյուրներ Արքայություն` բարի Ագանիպպեին գտնելու:

Զարմանալի է, բայց բացատում դեռ ոչ ոք չկար` չնայած կեսգիշերն արդեն մոտենում էր:

-Ագանի՜պպե, Ագանի՜պպե, որտե՞ղ ես:

Ոչ մի պատասխան: Սիրիուսը վայրէջք կատարեց և սկսեց ավելի բարձր կանչել.

-Ագանի՜պպե, ու՞ր ես մեր սիրո չքնաղ մուսա:

-Մուսա՞,- անտառը լցվեց վայրի ու սարսափեցնող ծիծաղով,- Որտե՞ղ ես մուսա տեսել:

-Այսօր Ագանիպպեն` Հելիկոնում բնակվող մուսաներից մեկը իմ եղջյուրի փոխարեն ինձ թևեր տվեց: Հիմա իրեն եմ փնտրում:

-Իսկ ինչու՞ ես համոզված, որ հենց Ագանիպպեին ես տեսել,- հարցրեց ձայնը:

-Դե ՜,ինքն այդպես ներկայացավ:

-Բայց ի՜նչ հիմար են այս միաեղջյուրները:

Ծառերի միջից դուրս եկավ հենց Ագանիպպեն, սակայն գեղեցիկ ժպիտի փոխարեն նրա աչքերում վհուկային սարսռեցնող ծիծաղ էր խաղում:

-Ես ամենևին էլ Ագանիպպեն չեմ: Ես Հեկադեն եմ` սև մոգության ու կախարդության աստվածուհին:

-Եթե դու վհուկ ես, ապա ինչու՞ օգնեցիր ինձ:

-Որ ասում եմ այս միաեղջյուրները ամենահիմար ու միամիտ կենդանիներն են, ոչ ոք ինձ չի հավատում: Ես ամենևին էլ չեմ օգնել քեզ:

-Իսկ թևե՞րը, որ տվեցիր ինձ:

-Դրա փոխարեն դու ինձ նվիրեցիր քո ադամանդե եղջյուրը, ինչպես նաև թույլատրեցիր, որ այսօր ղեկավարեմ քո հարսանիքի պատրաստությունը և քո ժողովրդին` մինչև վերադարձդ:

Դե եթե նաև ավելացնենք, որ կախարդանքի ընթացքում ես հասցրել էի նաև վերցնել քո երկնագույն արյունից. եթե հիշում ես, մի պահ սրտիդ շրջակայքում սուր ցավ զգացիր  և պոկել մի քանի արծաթե մազ քո բաշից, ապա նույնիսկ քո նման հիմար միաեղջյուրը կարող է հասկանալ, որ…

-Որ ես ինքնակամ հանձնել եմ իմ տիտղոսն ու թագավորությունը:

-Եվ քո ժողովրդին… Այժմ աստվածները չեն կարող ինձ ոտնձգության մեջ մեղադրել: Հենց ինքը Կախարդական Անտառների Տիրակալ Նորին Մեծություն Ադամանդափայլ Սիրիուս Առաջինն է ինձ թույլատրել ղեկավարել իր ժողովրդին:

-Ու՞ր են իմ միաեղջյուրները:

-Արի՛ իմ ետևից և քո աչքով կտեսնես:

Ավելի լավ էր Սիրիուսը կուրանար, որ չտեսներ ու խլանար, որ չլսեր ու անզգայանար, որ չզգար: Իր վեհապանծ ու ազատասեր միաեղջյուրների շողշողուն եղջյուրները կտրված էին. նրանց ճակատին կային լոկ աստղաձև դրոշմներ: Կտրված էին նաև մետաքսափայլ պոչերն ու բաշերը: Եվ դա դեռ չարյաց փոքրագույնն էր: Նրբիրան միաեղջյուրները աշխատում էին մարդկանց համար, աշխատում էին կեղտոտված և փոշոտ: Ոմանց վրա էլ ինչ-որ տարօրինակ սարքեր էին հագցրել և նստել ճկուն մեջքին: Մոլորակի ամենաազատասեր և ուրախ կենդանիները ստրուկ էին դարձել հենց իր` «արքա» Սիրիուսի պատճառով:

-Էլ հետ դարձ չկա՛, Սիրիու՛ս:  Վայելի՛ր քո թևերը, սերը և  անմահությունը…

Վհուկային ծիծաղը կրկին ողողեց անտառը:

***

Շատ դարեր ու տարիներ են անցել այս օրերից: Հիմա մարդիկ այլևս չեն հավատում ո՛չ աստվածներին, ո՛չ միաեղջյուրներին, ո՛չ առավել ևս Պեգասին: Սակայն մենք ` միաեղջյուրների դժբախտ շառավիղներս մինչ այժմ էլ գոյություն ունենք և  շարունակում ենք հնազանդորեն ծառայել մարդկանց: Այժմ մեզանից շատ քչերն իրենց ճակատը զարդարող  աստղ ունեն և երևի նույնիսկ չգիտեն, որ այդ աստղը մի սպի է, որ մնացել է դեռ այն հին ու բարի ժամանակներից, երբ մեր նախնիները` ազատատենչ ու վեհ միաեղջյուրները զրկվեցին իրենց եղջյուրներից,- վերջացրեց պապիկը ` հպարտորեն բարձրացնելով աստղ ունեցող իր  ճերմակ գլուխը:

-Պապի՛կ, իսկ ի՞նչ եղավ Սիրիուսի հետ,- հարցրեց անհամբեր Աշխետը:

Ասում են , որ Սիրիուսը մինչ այժմ աստվածների կացարանն է փնտրում, որպեսզի աստվածներից իր ժողովրդի համար ազատություն և իր Սելեստիայի համար թևեր խնդրի:

Սակայն երբեք ոչ մի օտարական Օլիմպոսի դարպասներից ներս չի մտել, ուստի արդեն մի քանի դար է, ինչ Սիրիուսը գիշեր-ցերեկ թափառում է երկնքում:

-Իսկ ինչու՞ չի վերադառնում Սելեստիայի մոտ,- մտահոգվեց Սևուկը:

Դե՜, հիշու՞մ ես, Սելեստիան կատակեց, որ Սիրիուսը առանց թևերի չվերադառնա: Դե խեղճն էլ վախենում է առանց զույգ ոսկեփետուր թևերի Հելիկոն թռչել և կրկին մերժում ստանալ Սելլիի կողմից:

-Իսկ Սելեստիան ո՞ղջ է,- հարցրեց ձյունաճերմակ Աստղիկը, որ պապիկից ժառանգել էր ճակատի աստղը:

Ասում են, որ Սելեստիան անվերջ արտասվում է իր անվերադարձ հեռացած սիրո համար: Արդեն անքան է արտասվել, որ Հիպպոկրենայի աղբյուրից քիչ այն կողմ զարմանալիորեն աղի լիճ է գոյացել:

Երևի Սելեստիան շա՜տ է զղջում, որ բաց թողեց «Պեգասին»: Հիմարիկ Սելլին նույնիսկ չգիտի, որ ինքը միակ միաեղջյուրն է, որ իր ճակատին եղջյուր է կրում:  Իսկ եթե նա ողջ ճշմարտությունն իմանար, ապա այնքան լաց կլիներ, որ շատ մեծ օվկիանոս կառաջանար, և Կախարդական Անտառները ջրի տակ կանցնեին,- համարյա լացակումած եզրակացրեց Աստղիկը:

Պապիկն ինչ-որ բան էր ուզում պատասխանել, երբ Սևուկը բացականչեց.

-Նայե՜ք, Սիրիուսը ճախրում է երկնքում:

Բոլորը արագորեն բարձրացրեցին իրենց գլուխները, սակայն Սևուկի ցույց տված տեղում միայն մի պայծառ աստղ տեսան:

-Հիմարի՛կ, զգացվում է , որ նախնիներդ միաեղջյուր են եղել: Սա ուղղակի աստղ է, ոչ թե Սիրիուսը,- քմծիծաղեց Աշխետը:

-Պապի՛կ, իսկ ի՞նչպես են անվանում այս գեղեցիկ ու փայլուն  աստղը,- հետաքրքրվեց Աստղիկը:

Սա գիշերային երկնքի ամենապայծառ աստղն է ` Սիրիուսը…

Դավթյան Ռուբինա, Երևան, թիվ 105 ավագ դպրոց, 16 տարեկան

Advertisements

5 Comments

  1. […] էր նաև հատուկ մրցանակ, որը ստացավ Ռուբինա Գևորգյանը` «Ծեր ձիու պատմությունը» պատմվածքի համար, Երևան, թիվ 105 […]

    Like

  2. […] էր նաև հատուկ մրցանակ, որը ստացավ Ռուբինա Դավթյանը` «Ծեր ձիու պատմությունը» պատմվածքի համար, Երևան, թիվ 105 […]

    Like

  3. Marine says:

    hetaqrqir er

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: