Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Ճակատագրի խաղը

Ճակատագրի խաղը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Կյանքը դաժան է, բայց  նաև արդար… սա կյանքի հիմնական օրենքներից է: Այս օրենքի մասին շատ եմ մտածել, խորհել, փորձել եմ հասկանալ, թե ինչու է այդպես, ինչու երբեմն չես կարող անել այնպես, ինչպես ուզում ես, ունենալ այն, ինչ ուզում ես, լինել նա, ով ուզում ես.. և այդպես էլ չեմ հասկացել: Դա մի առեղծված է, որի լուծումը գիտի միայն Աստված: Հասարակ մահկանացուն, ինչքան էլ խելացի կամ զորեղ լինի, անկարող է հասկանալ այս կյանքի օրենքները:

Օրենքները նույնն են բոլորի համար, բայց ամեն մեկի համար կա այդ օրենքի առանձին մաս: Ամեն երկրում այդ օրենքը տարբեր ձևով է արտահայտվում: Պետք է միայն համակերպվել դրա հետ, հաշտվել կյանքի պատրաստած փորձությունների ու անակնկալների հետ, չփորձել դիմադրել ճակատագրին, քանզի անկարող ես բան փոխել:

Դրա ականատեսը եղա մի քանի օր առաջ: Տանը նստած էի. թեյ էի խմում ու վայելում ամառային հանդարտ երեկոն, նայում էի լուսնին ու երազում: Լռություն էր տիրում շրջակայքում: Կարծես թե բոլորը մի պահ մոռացել էին իրենց հոգսերը: Բայց մի պահ այդ լռությունը տարօրինակ թվաց: Կարծես թե ինչ-որ բան էր նախապատրաստվում:

Բայց մի պահ փորձեցի կտրվել այդ ամենից, երազում էի, մտածում, ապագայի մասին ծրագրեր մշակում: Փորձում էի ինձ պատկերացնել այլ աշխարհում, որտեղ չկան տարբերություններ մարդկանց միջև, որտեղ բոլորը երջանիկ են: Դա նման էր երազի, միայն մեկ տարբերությամբ՝ քնած չէի ու զգում էի, թե ինչ է կատարվում շուրջբոլորս:

Հանկարծ ինչ-որ բան ջարդվեց: Մի քիչ վախեցա, քանի որ այդ անդորրի մեջ նման ձայն լսելը, համաձայնեք, վախեցնող է: Բայց հանկարծ պայթյունի ձայն եկավ: Արդեն հասկացա, որ դա իմ երևակայության արդյունքը չէ, այլ, իրոք, ինչ-որ բան այն չէ: Թեյս, որն արդեն սառել էր, թողեցի սեղանին ու վեր թռա տեղիցս՝ եղածը տեսնելու հետաքրքրությանը չդիմանալով: Վազեցի տան մյուս սենյակը, որտեղ արդեն հավաքվել էին ընտանիքիս անդամներն ու պատուհանից դիտում էին մի ահավոր տեսարան:

Ու հանկարծ ինչ տեսնեմ.. հրդե՜հ: Իսկ ձայնը, որ լսել էի, պատուհանի ապակու պայթյունի ձայնն էր: Հրդեհը վախեցնող էր, զարհուրելի: Տունը ամբողջությամբ կրակի մեջ էր: Ծխի ամպը այնքան մեծ էր, որ հետզհետե ծածկում էր շենքը, ու արդեն քիչ բան էր տեսանելի: Մարդիկ ամեն կողմից աղաղակում էին, որոշ կանայք, չդիմանալով տեսածին, սկսեցին անգամ լաց լինել: Տունը այրվում էր,  և ոչ ոք չէր կարող օգնել, հանգցնել կրակը: Վերևից հարևանները փորձում էին դույլերով ջուր լցնել, բայց դա նման էր պարսատիկով պատերազմ գնալուն: Դա արդեն անօգնականության ու հուսահատության արդյունք էր: Կրակը տարածվում ու տարածվում էր: Ես, կանգնած պատուհանի առաջ, սարսափած դիտում էի այդ ահավոր տեսարանն ու ակամայից մտքիս մի բան եկավ: Մտածում էի, թե ինչքան դաժան է կյանքը, թե ինչու պետք է հասարակ բնակչի տունը այրվի, իսկ ոչ ոք օգնության չգա: Մտածում էի, թե ինչու է ճակատագիրը այդքան անգութ ոմանց հանդեպ: Չէ՞ որ մարդը ամբողջ կյանքում աշխատել ու քրտինք էր թափել այդ տան համար:

Եվ հանկարծ հրշեջ մեքենայի ազդանշանը ստիպեց ինձ սթափվել ու ավելի մեծ հետաքրքրությամբ դիտել տեղի ունեցողը: Արդեն ծուխը այնքան շատ էր, որ ոչ մի բան չէր երևում: Բայց քանի որ հետաքրքրությունը խեղդում էր, ստիպում էր ինձ ավելի մեծ ուշադրությամբ հետևել դեպքերին, դուրս վազեցի, գնացի շենքի մոտ: Չորս կողմից լացի ձայն էր լսվում, շենքի մուտքից դուրս էին վազում այն բնակիչները, ում տունը նույնպես ծխով էր պատվել: Հրշեջները պատրաստում էին բոլոր անհրաժեշտ պարագաները, բայց առաջին հերթին փորձում էին պարզել, թե ով է մնացել տանը: Երբ նրանք փորձեցին հավաքվածներից պարզել , հանկարծ լռություն տիրեց: Ոչ ոք չգիտեր: Կարծես թե ամեն ինչ հակառակ լիներ: Եվ հանկարծ մեկը, չգիտես որտեղից դուրս գալով, ասաց.

-Տանը միայն մի տարեց կին կա, ով հազիվ է շարժվում: Վախենում եմ….

Սա ասելով՝ նա սկսեց լացել ու վազեց այն կողմ: Հրշեջները գործի անցան: Հապաղելու ժամանակ չկար: Մի քանիսը մտան շենք: Մի կողմից մութը, մյուս կողմից ծուխը կուրացնում էին նրանց: Բայց քաջ հայորդիները առաջ էին գնում, ցանկանում էին փրկել խեղճ կնոջը, ով դառնում էր ճակատագրի զոհը: Իսկ ես, կանգնած բակում, ամեն կողմից մի բան լսում էի:

Իհարկե, բոլոր կողմերից լսվում էր չար մարդկանց բամբասանքը: Նրանք, ովքեր քսան րոպե առաջ կեղծավորի պես կոկորդիլոսի արտասուք էին թափում, հիմա կանգնած քչփչում ու բամբասում էին:

-Տեսնես ինչքա՞ն կդիմանա,- ասաց մեկը:

-Դե ծեր կին է, դժվար շատ դիմանա,- շարունակեց մեկ ուրիշը:

-Թե ասա շուտ մեռնի գոնե, շատ չտանջվի,- նորից կամաց ասաց առաջինը.

– Այ կնիկ կամաց, կլսեն, ամոթ է,- ասաց ինչ որ մեկը կողքից, ով, հավանաբար, խոսողի ամուսինն էր:

– Լավ տեսնես ինչո՞վ, ինչպե՞ս են թաղելու, ախր ոչ մեկ չունի էս կնիկը, ոչ հարազատ, ոչ բարեկամ,- ասաց Նվարդ անունով մի կին, ով, կարծես, փորձում էր իր չունևորությունը գովազդել:

– Ախր…..

Զզվելի էր, ուղղակի նողկալի: Էլ չէի ուզում լսել այդ զառանցանքը: Կարծես թե ոչ մեկին չէր հետաքրքրում մարդկային ճակատագիրը: Մեկին հետաքրքրում էր, թե ինչքան է տարածվելու կրակը, մյուսին՝ թե տանը ինչ արժողության իրեր կան: Սա զարմացնում էր ինձ: Մի՞թե բոլորը այդքան անտարբեր են, մի՞թե ոչ ոքի չի հետաքրքրում այդ կնոջ առողջությունը, մի՞թե ոչ ոք չի անհանգստանում իրենց կյանքը վտանգող հրշեջների համար, մի՞թե բոլորը արդեն իսկ մտածում են, թե երբ են հողին հանձնելու խեղճ կնոջ մարմինը, այն մարմինը, որը դեռևս պայքարում էր: Մի՞թե այսքան դաժան կարող է լինել կյանքը:

Եվ, այս ամենից հիասթափված, գնացի ու նստեցի առաջին պատահած  քարին ու սկսեցի նորից խորհել: Նորից սկսեցի մտածել ճակատագրի արդարության, մարդկային փոխհարաբերությունների ու կյանքի օրենքների մասին: Տեսնելով կատարվողը ու զգալով իմ անկարողությունը, լսելով բոլոր չարախոսությունները՝ չար մարդկանց բարի քողի հետևից լսվող բամբասանքները, մտնելով տանտիրուհու իրավիճակի մեջ՝ հասկանում էի, որ բնության ու Աստծու դեմ անկարող ես: Անկարող ես փոխել այն, ինչը սահմանված է ի սկզբանե, այն, ինչը եկել է դարերի խորքից, այն, ինչը մարդիկ անվանում են ճակատագիր, այն, ինչով մարդիկ ծնվում են, ինչի համար ապրում ու ինչի քմահաճույքով մեռնում: Մի պահ մտածում էի, որ բոլոր մարդիկ են չար, որ բոլորին ավելի շատ հետաքրքրում է իրենց ստամոքսը լցնելն ու գրպանները հաստացնելը, քան  մարդկային կյանքի մասին մտածելն ու այն փրկելը: Բայց մյուս կողմից աչքիս առաջ էին գալիս հրշեջների հայացքները, որոնք կարծես թե արտացոլում էին այն տանջանքները, որ կրել են մարդիկ, աչքիս առաջ էին գալիս նրանց խորաթափանց աչքերը, որոնք շատ բաներ են տեսել, այն ձեռքերը, որոնք շատերի կյանք են փրկել, այն ջանքերը, որոնք գործադրվել են, բայց երբեմն անօգուտ են եղել:  Եվ մինչդեռ  խորասուզվել էի իմ մտքերի մեջ ու արդեն չէի էլ հասկանում, թե ինչքան եմ խորանում, աղաղակները շատացան: Ոմանց մոտ դրանք առաջացան ուրախությունից, ոմանց մոտ՝ զարմանքից, ոմանց մոտ էլ հույսի նշույլ տեսնելուց: Տեղիցս վեր թռա, վազեցի մարդկանց խմբի մոտ ու փորձեցի պարզել՝ ինչ է եղել: Եվ հանկարծ բոլոր կողմերից լսեցի նույն բառերը.«Հրդեհը մարվել է»: Կարծես թե ամեն ինչ գնում էր դեպի լավը: Կարծես թե հաջողվելու էր փրկել ևս մեկի կյանքը: Կարծես թե ճակատագիրը որոշել էր փոխել իր որոշումը: Բայց սա կանխատեսում էր լոկ, իսկ կանխատեսումները հազվադեպ են իրականանում:

-Այստեղ մի կին կա, շտապեք, օգնեք… շտապ օգնությու՜ն կանչեք,- լսվում էր շենքի ներսից:

-Վերջ, արի, մենք կորցրեցինք նրան, կխեղդվես, դուրս արի,- փորձեց հուսահատ ընկերոջը հետ կանչել մյուս հրշեջը:

Հանկարծ շենքից դուրս եկավ հրշեջներից մեկ ուրիշը, որի դեղին հագուստը սևացել էր նույնքան, որքան վարդագույն տուֆից կառուցված շենքը, նրա աչքերը վառվում էին հուզմունքից, այնպես, ինչպես մի քանի րոպե առաջ վառվում էր մեկի ճակատագիրը: Բոլորը վազեցին դեպի այդ հրշեջը՝ որևէ հետքրքիր լուր լսելու համար: Մի քիչ տխուր ձայնով ու հոգնածությունից գունատված դեմքով նա սկսեց.

-Հրդեհը գրեթե մարված է, ծուխը չի թողնում աշխատել: Ներսում միայն մեկ մարդ կար… մի ծեր ու անօգնական կին…

-Իսկ ուր է նա,- բղավեցին ամեն կողմից՝ կարծես թե չուզենալով հավատալ, որ կինը մահացել է ու սպասելով հրաշքի:

-Նա, նա… չդիմացավ:

Եվ հազիվ դուրս պրծնելով մարդկանց ամբոխից հրշեջը մոտեցավ ժամանած ոստիկաններին, որ հաշվետվություն տար: Միևնույն ժամանակ մարդիկ սկսեցին ավելի մեծ թափով լաց լինել կամ բամբասել: Բայց, ցավոք սրտի, ավելի լավ կլիներ տեսնել ավելի շատ լացողների, քան բամբասողների։ Լացում էին մի քանիսը, ովքեր, հավանաբար, մահացողի մոտ մարդկանցից էին:

Ախր ինչքա՜ն դաժան է կյանքը: Հիմա կասեք նաև անարդար.. Բայց ոչ, կհակառակվեմ ձեզ, կյանքը երբեք անարդար չի լինում:

-Ինչպե՞ս,- կհակաճառեք ու կասեք, թե մարդը վառվել է իր իսկ տանը, ինչն է սրա արդար: Մի գուցե իրավացի կլինեք, բայց… Եթե մարդ մահացել է այդպես, այդ տարիքում, ուրեմն այդպես էր նրա ճակատագիրը, այդպես կամեցավ Աստված: Իսկ այն մարդիկ, ում նա վստահել էր, ում հետ հաց էր կիսել, ում իրեն իսկական հարևան ու հարազատ էր համարել, հիմա կանգնած բամբասում են ու ասում մարդու գլխում չտեղավորվող բաներ: Արդեն հաշվում էին մեռած մարդու կրած վնասները, հաշվում էին թաղման ծախսերը: Զզվելի ու նողկալի էր: Բայց սա է կյանքը, ամենուրեք միայն գոյության պայքար է, բնության անակնկալներին դիմակայելու պայքար: Բայց եկեք պայքարենք ճիշտ կանոններով, եկեք մտածենք ոչ միայն մեր «ԵՍ»-ի մասին, հաշվի առնենք նաև «ՄԵՆՔ»-ը: Չէ՞ որ մենակ մարդը ոչ մեկին պետք չէ: Ժողովուրդը լավ խոսք ունի.«Մարդ մարդով է մարդ»: Չէ՞ որ եթե մենակ մնաս այս աշխարհում, ապրես ինքդ քեզ համար, ոչ թե ուրիշի, սիրես միայն ինքդ քեզ, ոչ թե դիմացինիդ, նույնպես դժբախտ կլինես ու թերի: Մարդկային անտարբերությունը պետք է արմատահան անել, բայց դա նույնն է, ինչ երեք հարյուր տարեկան կաղնին արմատահան անես: Բայց կյանքի օրենքներից է նաև այն, որ անհնարին բան չկա: Բայց ավաղ, սա հասկանում են քչերը, իսկ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր:

Եվ, նորից վերադառնալով իրական կյանք, թողնելով երազանքների ու մեծ նպատակների փոքր հարթակը, շարունակում ենք կյանքը: Մեկ շաբաթ հետո ոչ ոք չի էլ հիշի, որ այդ տանը ծեր կին էր ապրում, որի կյանքի վերջին րոպեն անցավ խավարի, ծխի ու անկարողության ուղեկցությամբ: Ոչ ոք չի էլ մտածի, որ մի օր կարող է նույն ճակատագրին արժանանալ ու մնալ միայնակ կյանքի թոհուբոհում: Ամեն մեկը շարունակում է գոյության կռիվը, շարունակում է ապրել «ես»-ով, մինչդեռ կյանքն արդար է բոլորի հանդեպ: Ամեն մեկս էլ մի օր կմեռնենք,և կյանքը արդարացիորեն կտա մեր դատավճիռը, մեկի համար այն կլինի հանգիստ մահ, քանի որ նա ժամանակին մտածել է ուրիշի մասին, լացել նրա համար, մեկն էլ կմեռնի ծանր հիվանդությունից, չարչարանքներով, քանի որ ժամանակին կանգնած բամբասում էր, մտածում միայն, թե ինչպես արագ տարածի վատ լուրը քաղաքում: Կյանքը արդար է բոլորի հանդեպ, այնպես որ պետք է ապրել այնպես, որ բնությունը գթա քեզ:

Սերունդներ են փոխվելու, բայց կյանքի օրենքները երբեք չեն փոխվի:   Այդ օրենքները երբեմն դաժան են, բայց մշտապես՝ արդար: Ճակատագիրը խաղ է, փոխվում են միայն խաղացողները, բայց խաղի կանոնները միշտ նույնն են մնում:

 Գևորգ Լոռեցյան, Գյումրի, հենակետային վարժարանի 12-րդ դասարան

 

Advertisements

6 Comments

  1. Կյանքի-մահվան էկսիզստենցիալ խնդիրնը դեռահասության տարիքում իմաստավորելու հետաքրքիր փորձ է, թերևս խնդիրը լիովին բացված չէ և պատասխանները մշուշոտ են և անորոշ, բայց դուրս եկավ՝ ինքը փորձը: Քանզի խնդիրը ինքը շատ խորն է և հարցադրումն արդեն մեծ ձեռքբերում է:

    Like

  2. Arpine says:

    Շատ տխուր պատմություն էր: Ապրե´ս, շատ խորն ես մտածում, բայց երբեմն դա խանգարում է կյանքի բնականոն ընթացքին 😦

    Like

  3. Շնորհակալ եմ լավ խոսքերի համար..

    Like

  4. սկբի երկու-երեք տողն եմ կարդացել, բայց էտ ել հերքի էր Գև ջան , պարապ լինեմ կկարդամ , ապրես , սկիզբը հետաքրքիր էր ու տխուր

    Like

  5. Ապրես Գև ջան: Լավն էր !

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: