Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Մոտ ընկեր

Մոտ ընկեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Մի օր հուսահատված քայլում  էի պուրակով. կյանքը կրկին հարված էր տվել ինձ: Եվ հանկարծ գտա մի տետր` անձրևից  ու  արևից գույնը կորցրած: Վերցրի այն, նստեցի մոտակա նստարանի վրա և փորձեցի կարդալ: Չնայած տառերն լավ չէին երևում, բայց ես ճիգ ու ջանք թափելով, կարդացի այն:

«Ասում են`կյանքը կարուսել է, և դա ճիշտ է: Այնպես, ինչպես վճարում ես գումար և նստում  կարուսել, այդպես էլ գործում ես քայլեր, որոնց  հետևանքների համար պետք է պատասխան տաս, սակայն միշտ չէ, որ այդ  հետևանքները լինում են ցանկալի: Այդ դեպքում դու ոչ մի կերպ չես կարող կարուսելը ընթացքի մեջ կանգնեցնել և երբեք էլ չես կարող այն շարժել, երբ դադարում է պտտվել` քեզ թողնելով կյանքի հորձանուտում:

Ես նույնպես այդպես էի մտածում, երբ իմ կյանքի կարուսելն էլ կանգնեց ու ոտքը մի կոշիկի մեջ դնելով`հարկադրված քայլերի դրդեց:

Պատահեց այնպես, որ օրերից մի օր ես հանդիպեցի մի անձնավորության, որը ինձ միանգամից գրավեց: Երբեք չէի  զգացել այդպիսի զգացմունք, որ թևեր է տալիս, թույլ տալիս   թռչել իր երկնքում. սիրո երկինք, որի վրա միայն սիրո արտացոլումն է: Ես սիրահարվել էի, և նա նույնպես այդ զգացմունքն էր տածում իմ հանդեպ: Նա իմ առաջին սերն էր`անմեղ ու անարատ: Ես երջանիկ էի, քանի որ կողքս այն մարդն էր, ում սիրում էի, առանց որի չէի կարող ապրել: Կարծես ամբողջ աշխարհի խինդն ու ծիծաղը, երջանկությունն ու ուրախությունը ինձ նվիրեցին, և ես չհրաժարվեցի: Ես ավելի երջանիկ էի, քանի որ գտել էի իմ  առաջին ու միակ սիրուն: Առաջինն ու միակը…Միշտ էլ կարծել եմ, որ կյանքում սիրում են  մի անգամ և ընդմիշտ, բայց երբ դեմ ես առնում կյանքի խոշոր այսբերգներին, սկսում ես ավելի սառը դատել:

Ցավոք, երկու տարի անց նա թողեց ինձ և գտավ իր համար մի նոր սեր: Սիրեց մեկին, ում ես հարազատ էի համարում: Այն մարդը, որը ինձ հետ է մեծացել, խաղացել ինձ  հետ: Այո մանկության ընկերուհիս, այն մարդը, որը մանուկ  ժամանակ ինձ համար քույր է եղել: Հենց  դա էր ամենավիրավորականը:Իսկ ես միայնակ մնացի կոտրված սրտիս ու հիշողություններիս հետ: Այնքան դժվար էր ապրել ու հասկանալ, որ այն մարդը, որին սիրում ես, քեզ փոխում է ուրիշի հետ: Կարծես տիկնիկ լինեի. «տերս» արդեն մեծացել է ու էլ ժամանակ չունի ինձ համար, այդ իսկ պատճառով բաժանվում է ինձնից, այնինչ ես ոչ մի կերպ չեմ ցանկանում կտրվել նրանից: Նա միշտ կողքիդ է, միշտ քո սրտում, շուրջդ ամեն ինչ նրան է հիշեցնում: Բայց դրանք միայն հիշողություններ են, հիշողություններ, որոնք միայն  քոնն են… Ես ծանր էի տանում մեր բաժանումը, և ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ, եթե չլիներ մոտ ընկերս: Նա, ով կարողացավ ինձ ուշքի բերել այդ մութ խավարից: Հաճախ նա ինձ ասում էր.

-Հիմար ես, իսկական հիմար: Դու հիմա փակված ես տանը, իսկ նա, ում համար անդադար լացում ես, այժմ անմեղ ժպիտով նայում է ուրիշին ու շոյում նրա վարսերը: Ուշքի´ արի, պետք չէ ապրել հիշողություններով, դու դրանով ինքդ քեզ ես ցավ պատճառում:

Եվ նա ճիշտ էր: Հետևելով նրա խորհուրդներին`ես մոռացա առաջին սերս`չկոցնելով երկրորդին գտնելու հույսը: Չար  պատահականությամբ նա 3 ամիս անց ավտովթարից  մահացավ, իսկ մանկության ընկերուհիս կորցրեց և՛ նրան, և՛ ինձ: Որոշ ժամանակ անց ես նորից սիրեցի կյանքը, սկսեցի ապրել, փնտրել իսկական կեսիս, որը, իրոք, կսիրեր ինձ և ցավ չէր պատճառի: Բայց ինչքան էլ որ հասունացել էի, սակայն նույն կույրն էի մնացել, և չէի նկատում, որ այն մարդը, որ իրոք սիրում է ինձ` միշտ եղել է կողքիս: Հենց նա ինձ հետ կանգնեցրեց կործանման ճանապարհից և նորից ապրելու ուժ տվեց: Երևի ես եսասեր էի. նրանից խորհուրդ էի հարցնում այն հարցերի մասին, որոնք մինչև հոգու խորքը վիրավորում էին նրան: Դրանք վերաբերում էին այն սիրուն, որը ես փորձում էի գտնել: Նա հաճախ այնպիսի բաներ էր ասում, որոնք կարող էր ասել միայն սիրահարված մարդը: Բայց ես երբեք չէի կարող նույնիսկ ենթադրել, մինչև իմ աչքերը չբացեին: Շատերն էին նկատել դա և ինձ հաճախ էին ասում, որ մենք իրար շատ սիրող զույգ ենք, իսկ ես ամեն անգամ դա հերքում էի`պատճառաբանելով, որ դա հնարավոր բան չէ, և մենք միայն լավ ընկերներ ենք:

Սակայն եկավ ժամանակ, երբ մենք նույնպես հասկացանք, որ միմյանց համար ենք ստեղծված: Մի անասելի երանություն էի զգում, երբ նա բռնում էր ձեռքս, քայլում էինք բաց երկնքի տակ, աստղերը, ճրագների պես վառվելով, լուսավորում էին մեր ճանապարհը, իսկ անձրևի խոշոր կաթիլները կարծես շշնջում էին սիրո խոսքեր, որոնք պետք է արտասանվեին սիրելիիս շուրթերից: Հաճախ տրվում էինք բնության ներդաշնակությանը և վայելում այն, ինչ կարող էր երջանկացնել մեզ: Գիշեր, երկինք, աստղեր, ծով, ավազ, խարույկ…ահա թե ինչ էր անհրաժեշտ մեզ երկուսիս:

Ռոմանտիկ ու քաղցր  պահերի հետ լինում էին նաև դժվարություններ: Կռվում էինք, ասում, որ էլ իրար հետ չենք խոսի, բայց կարոտին չդիմանալով` նորից հաշտվում էինք: Հենց այդ վեճերն ու հաշտության պահերն էին, որ մեզ կապեցին իրար: Ես միշտ էլ ծանր եմ տարել այդ վեճերը, իսկ նա, ինչպես թվում էր, այդքան էլ չէր ազդվում մեր վեճերից: Սակայն դա այդպես չէր, նա նույնպես ցավում էր դրա համար, սակայն ինքնասիրությունը թույլ չէր տալիս խոստովանել այն: Ես տանել չէի կարողանում մեր վեճերը, սակայն պաշտում էի հաշտության պահերը, որոնք լի էին զգացմունքներով, հույզերով ու ապրումներով: Խնդրում էի, որ այլևս չվիճի ինձ հետ և ինքս էլ խոսք տալիս, բայց չէր ստացվում: Ասում են` մարդիկ շատ սիրելուց  են վիճում, միգուցե հենց այդպես է: Երբեմն էլ խնդրում էի գրկել ինձ և ասել, որ ամեն  ինչ  լավ է լինելու: Միայն նա էր կարողանում դժվար րոպեներին հանգստացնել, սփոփել ինձ, քանի որ միայն նրան էի հավատում: Երբևէ չեմ կասկածել, թե նա նույնպես կարող է թողնել ինձ, որովհետև զգում էի, որ նախորդ անգամ շտապել  եմ, այդ  պատճառով հիասթափություն  եմ ունեցել: Ես շատ երջանիկ էի, քանի որ կողքիս ունեի նրան, նա իմ կյանքի իմաստն էր և իմ կյանքը սահմանափակվում էր նրանով: Ես ոչ մեկին թույլ չէի տալիս ներխուժել իմ աշխարհ, առավել ևս նրանը:

Երբեմն մեզ երեխաների պես էինք պահում: Մի անգամ`անձրևի ժամանակ, ձեռք ձեռքի տվեցինք և սկսեցինք երգել ու վազել փողոցով: Շատերին թվում էր`մենք գժեր ենք, բայց դա մեզ քիչ էր հետաքրքրում:

Մի օր էլ երկար խոսակցության ժամանակ, երբ ինձ դուր չեկավ նրա ասածը, որոշեցի կատակել նրա սխալ լինելու վերաբերյալ և ասացի.

-Դու հիմար ես:

Նա էլ պատասխանեց.

-Միգուցե հիմար  եմ, բայց քեզ պես գիժ չեմ:

Որոշ ժամանակ անց մենք որոշեցինք  ամուսնանալ: Երբեք չեմ մոռանա այդ օրը, ես հասկանում էի, որ մենք այլևս անբաժանելի ենք, եթե հասել ենք այդ քայլին, ուրեմն այլևս հետ դարձի մասին չենք մտածի: Մենք բաժանման համար շատ հարմար պահեր ենք ունեցել, բայց նույնիսկ դրանց դեմ կանգ չառանք:

Արդեն երրորդ տարին է, ինչ մենք միասին ենք, բայց արդեն ոչ միայն  երկուսով, այլ չորսով. անցած տարի ես ունեցա իմ զույգ հրեշտակներին, որոնք համալրեցին մեր երջանիկ ընտանիքը:

Ահա կյանքի ևս մեկ օրենք. երբեք մի հուսահատվիր, պայքարիր մինչև վերջ, սակայն մի մոռացիր շուրջդ նայել, քանի որ այն, ինչ դու փորձում ես գտնել հեռվում, կարող ես գտնել քո կողքին:

Ես թողնում եմ իմ այս հուշատետրը բախտի քմահաճույքին: Միգուցե ինչ-որ  մեկը, կարդալով իմ պատմությունը, չգործի սխալներ, որոնք գործեցի ես»:

———————————–

Եվ վերջում մակագրված էր  ՍԱՌԱ  ՇԵՅԶԻՆԳԵՐ:

Իմ մեջ մեծ հետաքրքրություն առաջացավ այդ պատմության նկատմամբ: Սկսեցի  հետաքրքրվել այդ  պատմությամբ և շատ չանցած գտա այդ կնոջը, քանի որ շատ էի ցանկանում իմանալ, թե ինչով ավարտվեց սիրո այս գեղեցիկ պատմությունը: Երկար փնտրտուքներից հետո ես գտա նրա տվյալները և շտապեցի իմանալ ամենը: Նշված հասցեն   գտնվում էր հարևան քաղաքում, բայց ես չզլացա: Դժվարությունները հաղթահարելով` վերջապես հասա այնտեղ, գտա այն տունը, որտեղ ապրում էին նրանք: Բայց ես մեծ   զարմանք ապրեցի, երբ ինձ ասացին, որ նրանք մահացել են: Ինձ ընդունեց  մի   բարեհամբույր երիտասարդ` Արչի  անունով, որը Սառայի և Բրաունի(այդպես էրՍառայի  ամուսնու անունը) թոռն էր: Նա սկսեց պատմել.

-Նրանք իրար շատ էին սիրում և ամբողջ կյանքում քարոզում էին, որ իսկական սերը ոչ մի  արգելքի առջև կանգ չի առնում: Ես ինքս էլ նրանց շատ էի սիրում և հպարտանում նրանցով: Այդ պատմությունը շատ կարևոր դաս է և՛ ինձ, և՛ բոլորի համար, և ես շատ զգուշությամբ եմ   ընկերներ ընտրում: Այս պատմությունը ոչ պակաս գեղեցիկ ավարտ ունեցավ: Օրերից մի օր   նրանք որոշեցին գնալ զբոսնելու և այլևս չվերադարձան: Երբ մենք գնացինք նրանց   փնտրելու, տեսանք, որ ձեռք ձեռքի բռնած պառկած են ծառի տակ: Նրանք արդեն ծեր էին և միգուցե նրանց սիրտը չդիմացավ այդ մեծ սիրուն: Միևնույն է նրանք առանց մեկմեկու չէին ապրի նույնիսկ մեկ օր:

Այս պատմությունը ինձ շատ հուզեց: Ես մի քանի օր չէի կարողանում ուշքի գալ այդ   տպավորություններից, սակայն ես ստացա մի զանգ, որը և´ զարմացրեց ինձ, և´ ուրախացրեց: Վերցրեցի  հեռախոսը,սկզբում չճանաչեցի խոսակցիս, այնուհետև հիշեցի նրան. Արչին էր: Երևի սրտիս խորքում զգում էի, որ կզանգի: Այդ գեղեցիկ խոսակցությունից հետո հեռախոսի ամեն զանգը ինձ սթափեցնում էր, վազում էի`հույս  ունենալով, որ այդ նա  է: Սրտի թրթիռով էի սպասում զանգերին, որոնք սկսեցին կրկնվել ու ավելի հաճախանալ: Ես դրանից ինձ միայն երջանիկ էի զգում:

Մենք  ընտելացանք իրար և դարձանք լավ ընկերներ…

Էլլադա Հայրապետյան, Սյունիքի մարզ, Գորիս, թիվ 4 ավագ դպրոց, 12-րդ բնագիտական դասարան


2 Comments

  1. Լիանա says:

    Գեղեցիկ սիրային պատմություն էր…Ապրես

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: