Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Հրեշտակներն անուն չունեն

Հրեշտակներն անուն չունեն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Ամեն ինչ սկսվեց այն օրից, երբ մեր դասարան տեղափոխվեց նա: Նա, որովհետև, երբ ուսուցիչը ներկայացնում էր նրան,  անունը լսելու փոխարեն մենք գռեհկաբար ծիծաղում էինք.

-Լսի´ր, իսկ և իսկ խոզու՜կ է,- առաջինը բարձրաձայն արտահայտվեց դասարանի հեղինակություն ունեցող աշակերտը, ում ասածից հետո անպատճառ պետք է հետևեր ծիծաղ կամ նման ռեպլիկների շարք: Կարծես մրցույթ լիներ, թե ում ասածը ավելի դիպուկ կլիներ և վիրավորական:

Պետք է ասեմ, որ նորեկը իրոք շատ էր նման խոզուկի: Վարդագույն դեմքով այդ կարճահասակ տղան, կրում էր իրեն նման կլոր ու հաստ ապակիներով անշուք ակնոցներ, իսկ բաճկոնի կոճակները տղայի գիրության պատճառով տեղից ուզում էին պրծնել, տաբատն էլ վրան մի թիզ կարճ էր: Այնպիսի տպավորություն էր, որ տղայի մայրը դիտմամբ էր այդպես հագցրել որդուն, որ ծիծաղի առարկա դառնար: Մեզ էլ ոչինչ չէր մնում, քան կատարել տղայի մոր «խնդրանքը»:

Եվ այսպես նա եկավ մեր դասարան: Ուսումնական տարվա ավարտին մնում էր երկու ամիս: Թեպետ դասարանի մեծամասնությունը տղաներ էին, բայց դա չէր խանգարում, որ մենք լինեինք դպրոցի ամենալավ սովորող դասարանը: Ուսուցիչները շատ գոհ էին:

Նա, գլուխը դմփդմփացնելով, եկավ նստեց կողքիս ազատ աթոռին, պայուսակից հանեց մի քրքրված դասագիրք, պատառոտված տետր ու էլի ինչ-որ նախնադարյան իրեր, ձեռքերը դրեց սեղանին ու համակ ուշադրությամբ սկսեց հետևել դասին: Այդ պահին ես ծիծաղս չկարողացա զսպել, և, որպեսզի հերթական տպավորությունը թողնեի մեր դասարանի «առաջնորդի», վրա սկսեցի ինձնից դուրս հիմարություններ ասել, որոնք արժանացան իրենց նման հիմար ծիծաղի պոռթկումի: Սակայն այստեղ էլ իրավիճակը «խոզուկի» դաշնակիցը չէր, խե՜ղճ տղան նստած տեղից ցանկացավ շրջվել ու աթոռի վրայից վայր ընկավ: Ընկավ ինչպես մի փափուկ խաղալիք… Կողքից նայողի համար այն տպավորությունը ստեղծվեց, որ գերբնական ուժերն անպայման ցանականում են այդ տղային հասցնել անպետքության վերջին կետին:

Մի կերպ դասն ավարտվեց, ու դասարանի մնացած աշակերտները արագ խմբվեցին իմ, ավելի ճիշտ մեր սեղանի շուրջ: Անիմաստ հարցերի տարափ էր, որի նպատակն էր էլ ավելի նսեմացնել նրան: Սակայն նա անվրդով հայացքով, հանգիստ ձայնով պատասխանում էր ու միաժամանակ ինչ-որ խզբզանքներ անում իր պատառոտված տետրում:

Խե՜ղճ  «խոզու´կ», սկսվեցին քո դաժան օրերը…

Նա երբեք ձեռք չէր բարձրացնում, ինքնակամ դաս չէր պատասխանում, որն ընդունված երևույթ էր մեր դասարանում: Իսկ երբ պատասխանում էր, ոչինչ չէր հասկացվում. քթի տակ մի երկու նախադասություն էր բարբաջում ու նստում էր տեղը` ճանապարհին ընկնելով որևէ մեկի ոտքի վրա: Ուսուցիչները գերադասում էին նրան գրատախտակի մոտ չկանչել… Մեր դասարանում չլսված բան էր ցածր գնահատական ստանալը, իսկ նա ստանում էր ու ամենևին էլ չէր վրդովվում: Նա անտարբեր էր ամեն ինչի հանդեպ:  Միակ գործը, որ անում էր սիրով և պարտաճանաչությամբ` դա տետրում խզբզելն էր: Այդ տետրը մեր ձեռքն արդեն ընկել էր և, ոչինչ չհասկանալուց հետո, մեր համար ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում:

… Ֆիզկուլտուրայի դասեր: Ո՞վ չի սիրել կամ չի սիրում այդ դասերը: Դասեր, որոնց ընթացքում կարողանում ես ազատվել հավաքված ողջ էներգիայիցդ: Սպորտային տենդը համակում է և տանում այլ հարթություն, ուր արտաքին աշխարհը մուտք չունի:

Ֆիզկուլտուրայի ժամերին մենք ավելի անհամբեր էինք սպասում: Դրանք արդարացնում էին մեր բոլոր սպասելիքները: Մեր նորեկը ցուցադրում էր իր հերթական անկարողությունը. «այծիկի» վրայով թռնելը նրա համար նշանակում էր  «այծիկի» վրա նստել, թռիչք բարձրության ձողը, որն իրեն համար ամենացածր մակարդակին էր դրվում, բռնում էր ու գնդակի նման ընկնում, իսկ պարան բարձրանալը նշանակում էր բռնել այն ու այդպես մնալ այնքան միչև կհոգնեին ձեռքերը ու նորից կընկներ: Նա այքան շատ էր ընկնում, որ մենք էլ ետ չմնացինք և հորինեցինք  «ապտակվել գետնին» արտահայտությունը: «Ապտակումներն» անթիվ էին, ծիծաղը` երկարատև …

Փորձությունները շարունակվում էին: Նա մեր փափուկ խաղալիքն էր, որն ընկնում էր, բայց չէր կոտրվում: Մենք որոշել էինք ինչ գնով էլ լինի, թե´ հոգեկան, թե´ ֆիզիկական վնաս պատճառել նրան:  Բայց մեր «խոզուկը» մնում էր անդրդվելի: Նրա արցունքները ոչ ոք չէր տեսել, նրա բարձր ձայնը ոչ ոք չէր լսել, նրա խնդրանքներին ոչ ոք չէր արժանացել: Նա շարունակում էր նույն բնույթով ապրել ու չէր պատրաստվում փոխվել կամ փոխել որևէ բան: Նրա ծնողները երբեք դպրոց չէին գալիս, չէին բողոքում, մեր ծնողներին չէին զանգում: Մենք էլ անպատժելի էինք ու շարունակում էինք մեր անհամությունները, որոնց մասին ես չէի ցանկանա պատմել, բայց դուք հեշտությամբ գլխի կարող եք ընկնել կամ ձեր վառ երևակայությամբ պատկերացնել այդ իրավիճակները…

Մոտենում էր ծննդյանս օրը: Ես ողջ դասարանին հրավիրել էի: Ու հիմա ստիպված պետք է հրավիրեի նաև նրան, քանի որ չէի կարող ընկերներիս զրկել մեկ անգամ ևս կուշտ փորով ծիծաղելու հնարավորությունից: Չէի նախանձում «խոզուկին»: Սրտիս խորքում չէի ցանկանում, որ նա ընդուներ հրավերս ու գար: Այս օրերի ընթացքում, որ նա իմ կողքին էր նստել, ես մի այնպիսի զգացում ունեի, որը չէի հասկանում: Ավելի ճիշտ հասկանում էի, բայց չէի ցանկանում ընդունել, քանի որ մեկ վայրկյանում ես էլ կդառայի դասարանի ծիծաղի առարկան, կկորցնեի այն աննշան հեղինակությունը, որը ստեղծել էի: Այդ ամենը հասկանալով, ես ամենաշատն էի վիրավորում նրան: Զգացմունքներս փակի տակ էին, բայց այնպես էին ցանկանում ազատություն ստանալ…

Նա եկավ: Ուշացումով, բայց եկավ… Ես արդեն փչել էի ծննդյանս տորթի մոմերը և պատրաստվում էինք համտեսել թխվածքը: Սակայն ստամոքսում հայտնվելու փոխարեն, այն գնդիկների տեսքով հայտնվեց նրա դեմքին … Սա վերջն էր ինձ համար: Ես շատ էի սպասել ծննդյանս օրվան: Տորթս պատրաստվել էր հատուկ պատվերով, այն ամբողջովին ֆուտբոլի դաշտ էր իր խաղացողներով և բավականին թանկ արժեր …

Շարունակվում էր տորթագնդիկներով խաղը, որն ուներ միայն մեկ ուղղություն` «խոզուկի» դեմքը: Իսկ այդ հիմարը հանգիստ կանգնել էր ու անձայն ընդունում էր հարվածները: Ես չդիմացա ու, որպեսզի չբարկանայի ու չփչացնեի հարաբերություններս դասարանցիներիս հետ, գնացի սենյակս:

Ես շատ էի սիրում լսել դասական երաժշտություն, բայց այդ մասին խոսել չէի սիրում: Միացրեցի երաժշտությունն ու սկսեցի թերթել դրոշմանիշներիս հավաքածուն…

-Ինչու՞ առանձնացար,- հանկարծ լսեցի «խոզուկի» ծվծվան ձայնը:

-Քեզ ի՞նչ: Չէ՞ր լինի, որ չգայիր, հարամ չանեիր,- ողջ ջղայնությունս թափեցի տորթախառն դեմքով այդ մարդուկի վրա:

-Ե՞ս եմ մեղավոր:

-Բա էլ ո՞վ: Մինչև քո գալը ամեն ինչ լավ էր ու հանգիստ:

Լռություն տիրեց, որն ինձ երկար թվաց.

-Ո՞նց ես կարողանում դիմանալ: Ինչո՞ւ ես դիմանում: Մի հատ պատասխան տու´ր: Դժվա՞ր է: Հեշտ է պատասխանե՞լ, թե՞ դիմանալ: Չես կարողանու՞մ, գնա´ սպորտի,- խախտեցի լռությունը ու հարձակվեցի խեղճի վրա:

-Իսկ չե՞ս մտածում, որ չեմ ուզում,- հանգիստ պատասխանեց նա:

-Երկրագնդի վրա չկա մի մարդ, որը կարողանա իր հասցեին ուղղված վիրավորանքները հանգիստ կուլ տալ ու ոչինչ չձեռնարկել:

-Դու ճիշտ ես` մի մարդ: Բայց ես մարդ չեմ, ես հրեշտակ եմ,- իրեն հատուկ հանգստությամբ ասաց «խոզուկը»:

-Գոնե խելքին մոտ բան հորինեի՜ր, հրեշտակ ջա՜ն: Հ ր ե շ տ ա ՜ա՜ա՜կ…

Նորից լռություն տիրեց: Ես լուրջ չընդունեցի նրա բառերը:

– Դե ապացուցի՛ր,- ինձ թվաց` այս բառերից հետո ուշքի կգա: Բայց` ո՛չ, «հրեշտակային» մոլուցքը շարունակվում էր:

-Մի՛ ծիծաղիր, չնայած առանց դրա դուք չեք կարողանում: Ես իսկական հրեշտակ եմ: Իմ աշխարհում տարիքով ես փոքր եմ, դրա համար էլ ինձ միշտ դպրոցներ են ուղարկում: Մենք ուզում ենք փոխել ձեզ…

-Իսկ մեր ի՞նչը փոխել,- չթողեցի, որ միտքը շարունակեր:- Մի՞գուցե մենք չենք ցանկանում: Մեզ հարցրե՞լ եք: Անձամբ ես չեմ ուզում փոխվել, ինձ այսպես ձեռք է տալիս: Մենք բոլորս իրար նման ենք, մի քիչ ավել կամ մի քիչ պակաս, բայց իրար նման ենք: Մեզ միայն խաղաղություն է պետք, մնացած ամեն ինչը լավ է,- արագ– արագ փիլիսոփայում էի` կարծելով այդ բառերից հետո նա այլևս իր «հրեշտակությունից» չի խոսի:

-Դու ինքդ քեզ դուր չես գալիս: Եթե համաձայն լինեիր, կմնայիր սենյակում ու կշարունակեիր ընկերներիդ հետ վրաս ծիծաղելը: Բայց, ո՛չ, դու հեռացար: Դու առանձնացար: Դու սկսում ես մեկուսանալ: Դու փակել ես քո իսկական «եսը» հեռու վանդակում ու համառորեն չես բաց թողնում: Այսօր այն կոտրեց փականները: Թո՛ղ դուրս գա:

Ես չէի սպասում, որ նա այսպես կարող էր ինձ պատասխանել: Նա ասում էր այն, ինչը ես վաղուց զգում էր, բայց համառորեն չէի ուզում ընդունել:

-Լսի´ր, ես տրամադրություն չունեմ ու քո հիմար հեքիաթները պահի՛ր մեկ ուրիշին կպատմես,- ասելով մոտեցա դռանը,- գնա´, խնդրում եմ, ես մենակ եմ ուզում մնալ:

-Մի քանի րոպեից ես գնալու եմ ու այլևս ինձ չեք տեսնի:

Այդ պահին ես չընկալեցի նրա բառերի ողջ լրջությունը: Ես միայն մտածում էի, որ ուզում եմ մենակ մնալ:

Երբ մենք փոխում ենք մեկին, հեռանում ենք: Հիմա իմ ժամանակը եկել է: Դու արդեն պատրաստ ես: Մի´ արա այն, ինչը քո դուրը չի գալիս: Կարողացի´ր ընդունել քո սխալները: Հարգի՛ր քեզ ու մի՛ թող, որ քեզնից թույլերին ոտնակոխ անեն քեզ: Դու դա կարող ես: Դու ուժեղ ես: Հավատա´ քեզ…

Մենք դասարանցիներով հավաքվում էինք դպրոցի անկյունում ու նոր միասին ներս մտնում: Այս անգամ ես դա չարեցի. վազելով մտա դասարան, ուզում էի «խոզուկին» տեսնել: Ես կարծում էի, որ երազում էր եղել մեր խոսակցությունը: Բայց ուսուցիչը հաղորդեց, որ նա հեռացել է…

… Ես չէի ծիծաղում: Ամեն կերպ ջանում էի հիշել նրա անունը:

-Հրեշտակներն անուն չունեն,- ականջիս շշնջաց նա,- տեսա՜ր, որ դու փոխվել ես:

-Փոխի՛ր քո ընկերներին, դու կարող ես: Մի´ զրկիր նրանց այդ հնարավորությունից…

 Տաթև Դերզյան, Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան


Advertisements

15 Comments

  1. Ani says:

    Ես` կարդալիս, անհամբերությամբ սպասում էի պատմվածքի ավարտին: Այն արդարացրեց իմ հույսերը;
    Հոյակապ է…
    Ափսոս, որ նման դեպքեր առկա են այսօր:
    Անի Հովսեփյան

    Like

  2. Anahit says:

    Տխուր պատմություն, հուսադրող ավարտով:
    Ավաղ, սա մեր իրականությունը:
    Հուսադրող հանգուցալուծում ես տվել պատմվածքիդ, Տաթև ջան:
    Անահիտ Աղամալյան
    Սյուիք

    Like

  3. […] Հրեշտակներն անուն չունեն, Տաթև Դերզյան, Երևան […]

    Like

  4. Ashot says:

    Մեր դասարանում էլ նման դեպք եղել: Ինչ արած, սա մեր իրականության մութ անկյուններից է, որը գնալով ընդլայնում է իր շրջանակները:

    Like

    • Tatev says:

      Ես մի քանի դպրոց եմ փոխել և իմ կաշվի վրա եմ զգացել աշակերտների անտարբերմունքն ու արհամարանքը նորեկի համդեպ: Ես շատ ջանք եմ գործադրել, որպեսզի բոլորի ապացուցեի իմ “ես” լինելը: Որոշ տեղերում դա ստացվել է, իսկ …

      Like

  5. Tatev says:

    Սիրելի ընթերցողներ, երբ կարդում եք, մեկնաբանությունների թողեք նաև, եթե հնարավոր է

    Like

    • Arpi says:

      Տաթ ջան, դու ինձնից լավ գիտես, որ մեկնաբանություն գրելն էլ արվեստ է և անընդհատ գովել հեղինակին ու նրա գրվածը անհնար է: Իսկ շատերն էլ չեն ուզում, որ իրենց անունը արծարծվի որևէ էջում: Չնայած այս մրցույթի կանոնն այդ է պահանջում: Մեր գովեստի խոսքերը դու լսում ես դպրոցում, կարդում ես նաև քեզ ուղարկված հաղորդագրություններում:Ինձ են փոխանցել կատարելու այդ միսիան և ես գրում եմ 12 հոգու անունից:
      Ինչ վերաբերում է քո հրեշտակին, ապա այս պատմվածքը շատ նման է բոլոր դպրոցականների դասարաններում կատարվածին: Սրանից օրինակ պետք է առնել և երևի այլ կայքերում էլ կամ դպրոցներում էլ սա պետք է կարդացվի ու քննարկվի: Նման պատմվածքներ պետք է շատ գրվեն, իսկ մենք խոստանում ենք փոխվել:

      Արփի
      Արևանի 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան
      12 հոգու անունից

      Like

      • Tatev says:

        “Արփի և ընկերներ” այսպես եմ ձեզ դիմելու արդեն, շնորհակալ եմ մեկնաբանությունների համար: Ես ինքս մտածում էի քո տողերի մասին և ակամա գիտակցեցի, որ իրոք դժվար է հանգամանալից մեկնաբանություն գրելը. չես ուզում վիրավորել ընկերոջդ, այդ իսկ պատճառով միշտ գրվում են նույն բառերը:
        Ինչ վերաբերում է պատմվածքի նույնություններ գտնելուն, ապա ասեմ, որ սա է մեր իրականությունը, որը պետք է մի քիչ բարի դարձնենք:

        Like

  6. Ruzan says:

    Իրոք որ դու ճիշտ ես, ես երբեք չեմ լսել, որ հրեշտակներն անուն ունենային: Վերնագիրը նյութը շատ համահունչ էին:

    Like

  7. Tatev says:

    Երբ կաշվիդ վրա ես զգում դա ունենում է այլ բնութագիր:

    Like

  8. Aram Gevorgyan says:

    Պատմվածքդ ու նրան գեղեցկացնող նկարդը շատ օրիգինալ են:
    Ապրեք

    Like

  9. Vahan says:

    Խե՜ղճ «հեղինակնե´ր», սկսվեցին ձեր դաժան օրերը

    Like

  10. Husik says:

    Ափսոս, որ այս պատմության նման իրավիչակները առկա են մեր օրերում: Իսկ դրա վերջը կլինի?

    Like

  11. NAIRA says:

    Ես չէի ասի, որ սա կրոնական բնույթի պատմություն է և շարժում է իմ դիմային միմիկան` ծիծաղի տեսքով

    Like

  12. […] Դերզյանի «Հրեշտակներն անուն չունեն» , Երևան, թիվ 112 […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: