Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Պատուհանից այն կողմ

Պատուհանից այն կողմ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,290 կտտոց

Մեկին ամեն ինչ, իսկ մյուսին ոչինչ…Ես այն մեկն էի, որն ուներ ամեն ինչ`  տուն, կարողություն, ընտանիք, շրջապատ, մի խոսքով ամենը, ինչ երջանիկ է դարձնում մարդուն:  Ահա, ես էլ երջանիկ էի:  Ծնվել էի ոչ այնքան հարուստ ընտանիքում, ստացել էի լավ կրթություն, ճանապարհորդել, ներկա եղել այնպիսի խնջույքների, որոնց սովորաբար ներկա էին լինում բարձրաշխարհիկ անձինք: Բարձրաշխարհիկ հասարակություն, որը հեռու էր հոգևոր արժեքներից: Ցավոք, ես էլ էի այդպիսին:

Մեր ընտանիքը երբևէ եղել է ժամանակի հայտնի, հարգված և հարուստ տոհմերից մեկի ժառանգը, սակայն տարիների ընթացքում հայտնվել էինք ծանր իրավիճակում և սնանկացել: Մենք կորցրինք համարյա ամեն ինչ, բացի մի հսկա տանից, սակայն դա էլ ստիպված վաճառեցինք: Գիտեք`  դժվար է բաժանվել ճոխությունից (այդպես էի մտածում դեռ այն ժամանակ), փափուկ անկողինը փոխարինել խոտի դեզ հիշեցնող մահճակալով, ոսկե սպասքը փոխարինել հասարակ ճենապակով… Չափազանց դժվար էր, չնայած ես դա այդքան էլ չէի ընդունում:

Վաճառքից առաջացած գումարով գնեցինք մեկ այլ տուն`  սակայն ավելի փոքր և ոչ այնքան շքեղ և տեղափոխվեցինք այնտեղ:

Փոխվեցին պայմանները, բայց չփոխվեց ծնողներիս հպարտությունը: Այո՛, նրանք այլևս հարուստ չէին, բայց չէին ցանկանում հասարակության համար խոսակցության առիթ դառնալ: Այդ պատճառով ես`  որպես նրանց միակ ժառանգ, ներկա էի լինում բոլոր խնջույքներին, որոնք կազմակերպում էին «հարուստները»: Ահա այսպես անցան ամիսներ, որոնք երկարաձգվել չէին կարող, գլորվում էին դանդաղ`  իրենց ետևում թողնելով անցյալի անորոշ գծապատկերը:

Մի օր էլ հայրս մոտեցավ ինձ և ասաց.

-Մարի՛, աղջի՛կս, ճանաչու՞մ ես լորդ Գրեգորին:

-Այո՛, հայրի՛կ, օրեր առաջ կոմսուհի Ադելայի պարահանդեսի ժամանակ ծանոթացանք: Նա շատ համակրելի երիտասարդ է և գտնվում է բոլոր օրիորդների ուշադրության կենտրոնում:

-Այդ արդեն բավականին լավ է, որ դու էլ ես նրան համակրում:

-Հայրի՛կ, կներեք հանդգնության համար, իսկ ինչո՞ւ եք այդպիսի հարցեր տալիս:

-Աղջի՛կս, երեկ ես պատահաբար հանդիպեցի նրա հորը և իմացա, որ մտադրություն ունեն քո ձեռքը խնդրելու: Այնպես, որ պատրաստ եղիր նոր կյանք սկսելու:

Չնայած նրանք իմ կարծիքը չէին հարցրել, սակայն ես ուրախ էի ճակատագրի «թանկագին» նվերի համար: Ես արդեն ունեի հարուստ փեսացու, ինչը կարող էր իմ առջև բացել երանության դռները: Նա դարձավ իմ կուռքը, իմ երազների արքայազնը:

Ճիշտէ`  նա արքայազն էր, բայց ես ամենևին է լարքայադուստր չէի, չնայած ունեի միայն ինձ հատուկ գեղեցկություն:

Շատ չտևեց այդ սպասողական վիճակը.  շաբաթներ անց մենք նշանվեցինք, ապա` ամուսնացանք: Այո՛, ես երջանիկ էի:

Այդ ժամանակ իմ մեջ գլուխ էր բարձրացրել կանացի գոռոզությունը.  դա միգուցե հարուստ լինելուց էր: Ահա ես ոտք դրեցի մի նոր կյանք, որը լիքն էր սնափառությամբ, ոսկու փայլով, փողի բույրով, կեղծությամբ և շողոքորթությամբ: Ես էլ դարձա դրա «անբաժանելի» մասնիկը: Այլևս չէի կարող հեռու ապրել այդ ճոխությունից. առանց դրա կյանքս անիմաստ էր:

Այսինքն ինձ էլ կարելի է հասկանալ (ես ինքս եմ փորձում ինձ հույս տալ). ամուսինս միշտ զբաղված էր լինում իր գործերով, ես էլ ստիպված էի զբաղվել ինչ-որ բանով, և ես ընտրեցի զվարճանքը:

Երեք տարի անց ունեցա առաջնեկիս` անմեղ հրեշտակիս: Չնայած դրան` չէր կարելի ինձ մայր կոչել: Մայր չի կարող կոչվել նա, ով չի զգացել, թե ինչ է մանկան օրորոցի մոտ անքուն նստելը, նրա համար հեքիաթ պատմելը, սիրելն ու փայփայելը: Չէ՞որ ես հարուստ էի, իսկ տունը լի էր աղախիններով, բացի այդ էլ, ես փափուկ բարձերի մեջ էի մեծացել և սովոր չէի ինձնից բացի ինչ-որ մեկի մասին մտածել:

Չգիտեմ` ճակատագիրը միայն իմ կյանքի հետ է սիրում արտասովոր խաղեր խաղալ, թե` ոչ, բայց միայն այն է հաստատ, որ իմ կյանքում այդ խաղերը տարաբնույթ էին ու հաճախ կրկնվող: Եվ ահա մի օր ամուսինս թողեց այս աշխարհը. Նա հայտնվել էր ձիերի սմբակների տակ, երբ փորձում էր հանդարտեցնել նրանց: Իսկ ես հայտնվել էի մի ծանր իրավիճակում, որից ամեն կերպ փորձում էի դուրս գալ: Այրի էի, որը ապրում էր ամուսնու տանը, եղբոր ու նրա կնոջ հետ: Նրանք երբեք էլ հետս ջերմ չէին եղել, մանավանդ Սալին` ամուսնուս եղբոր կինը: Նա այնքան էլ գեղեցիկ չէր  և հասարակության կողմից սիրված, ինչքան ես, սակայն նրա հայրը տասնապատիկ անգամ հարուստ էր, քան ամուսնուս ընտանիքը:

Առաջացավ հակամարտություն իմ և նրա միջև: Իհարկե, հաղթանակը նրա ձեռքերում էր, և ես ստիպված էի թողնել այդ տունը` հրաժեշտ տալով փառավոր կյանքիս:

Փողոցն ամայի էր, միայն քամին էր վազում: Շատ բան չկար շրջապատում` մի քանի տներ, պուրակ, մերկ ծառի բեր ու գետնին թափված տերևներ:

Ամայի պուրակով ոչ ոք չէր համարձակվում քայլել, որովհետև քամին թափանցում էր մարմնիդ խորքն ու ստիպում ցրտից դողալ: Այդ պատկերն անշարժ կլիներ, եթե քամին չթափեր տերևները: Ո՛չ, սա ամենը չէ: Պուրակի արահետով քայլում էին երկու հոգի` մի այրի ու մի որբուկ: Հուշիկ քայլերով մոտեցան նստարանին:

-Մարի՛ կարո՞ղ եմ այստեղ նստել:

-Աղջի՛կս, ինձ Մարի մի՛ ասա. ես քո մայրն եմ:

-Մայրի՜կ, մամա՜,  մա՜, – ուրախ գոռում էր նա, – մա՛մ, կարո՞ղ եմ նստել:

-Այո՛, թանկագի՛նս, բայց սպասիր թիկնոցով ծածկեմ. շատ ցուրտ է:

Այս դժվար պահերին հասկացել էի այն, ինչ վաղուց պետք է հասկանայի. կյանքում նյութականը կարևոր չէ, դա չէ, որ մնայուն է: Ես տխուր էի ամբողջ հոգով, միայն զավակիս «մամ» բառն էր ինձ ջերմացնում: Ես միայն այդ ժամ հասկացա, որ ես մայր եմ, ես նաև զգացի այդ բառի զորությունը: Բայց արդեն ուշ էր, և ես նրա հետ փողոցում էի: Այլևս չէի կարող տանել ամունուս ընտանիքի նվաստացումները, իսկ ընտանիքս չէր կարող ընդունել ինձ, քանի որ այդ էին պահանջում ժամանակի չգրված օրենքները:  Միակ մարդը, որը ինձ օգնության ձեռք մեկնեց, եղավ աղջկաս` Լիլիի դայակը, որը միայն հանուն Լիլիի մեզ ժամանակավոր ապաստան տվեց: Սկզբում շատ դժվար էր, քանի որ ես ոչինչ չէի կարող անել, միայն պարահանդեսի ժամանակ լավ զրուցակից կարող էի լինել, իսկ պարահանդեսներն այլև սանցյալում էին և ոչնչով չէին կարող օգտակար լինել:

Ձմեռն էլ եկավ ու անցավ, և ես որոշեցի այլևս ուրիշի աշխատածով չապրել: Հաճախ զարմանում եմ, թե ինչպես այն մարդը, որին ամենևին էլ ուշադրություն չէի դարձնում, կարող էր այդքան գթասիրտ լինել և օգնության ձեռք մեկնել մեզ: Սակայն այն է փաստ, որ բարին դեռևս կա և ոմանց կարող է փոխել: Գարնանային մի գեղեցիկ օր վաճառեցի վերջին զարդս, որ մնացելէր որպես հիշողություն, գնեցի Փարիզ տանող շոգենավի երկու տոմս և Լիլիիհետ գնացինքայնտեղ: Գիտեի, որ դժվար կլինի, բայց այսպես ավելի դժվարէր: Մանկությանս ընկերուհին այնտեղ էր և խոստացել էր, որ ինչ-որ բանով կօգնի ինձ: Ես երախտապարտ եմ նրան, քանի որ առանց նրա չէի ունենալ այն, ինչ ունեմ այժմ:

Ես ու Լիլին ապրում էինք նրա տրամադրած տանը, որը ընդամենը մի փոքրիկ սենյակ էր, սակայն բավարարում էր մեզ: Սկզբում աման էի լվանում և հատակ մաքրում, հետո սովորեցի հագուստ արդուկել: Աշխատում էի օր ու գիշեր, որպեսզի կարողանամ մի բանի հասնել: Լիլին էլ ժամանակի ընթացքում մեծանում էր և ավելի գեղեցկանում: Ես էլ նրան սովորեցնում էի այն, ինչ ժամանակին ինձ սովորեցրել էին իմ ուսուցիչները: Նա շատ էր սիրում գրքեր կարդալ և ստեղծագործել: Գրում էր, ջնջում, նորից գրում-ջնջում, բայց ինձ երբեք չէր թույլատրում կարդալ դրանք:

Անցան տարիներ: Ժամանակն իր կնիքն էր դրել: Ես այլևս առաջվա պես ճկուն, գեղեցիկ չէի, աչքերս այլևս չէին փայլում, ճակատիս կնճիռներ էին հայտնվել, իսկ մազերս էլ քիչ-քիչ ճերմակում էին: Բայց ես երջանիկ էի, քանի որ այդ երջանկությունը իմ սեփական ձեռքերով էի վաստակել, ոչ թե ճակատագրից նվեր ստացել: Լիլին արդեն մեծացել, հմայիչ ու գեղեցիկ օրիորդ էր դարձել, որը գրավում էր շատերի ուշադրությունը:

Մի օր վազելով տուն մտավ, փաթաթվեց ինձ ու ասաց.

-Մա՛, ստացվեց, ես կարողացա դա անել:

-Ի՞նչը, սիրելի՛ս:

-Մայրի՛կ, հիշու՞մ ես, որ գիրք էի գրել և հանձնել հրատարակչությանը:

-Այո՛, իհարկե, դու շատ ոգևորությամբ էիր խոսում այդ գրքի մասին:

-Մայրի՛կ, այդ գիրքը շատ են հավանել: Ահա, առաջին օրինակը քեզ համար եմ բերել:

-Ուրախ եմ քո հաջողությունների համար, չէ՞ որ դրանք նաև իմն են:

Երեկոյան սկսեցի կարդալ: Այնքան ծանոթ էր այդ գիրքը ինձ, ամեն մի բառը, ամեն մի տողը ինձ ինչ-որ բան էր հիշեցնում: Հետո սկսեցի հասկանալ, որ դա իմ կյանքի պատմությունն է: Արցունքներս այլևս չէին հնազանդվում ինձ և սկսեցին անձրևի պես թափվել ցած: Կանչեցի Լիլիին և անխոս փաթաթվեցի նրան: Բառերն անզոր էին ինչ-որ բանով օգնել:

Այդ գիրքը շատ բեկումնային եղավ թե՛ Լիլիի, թե՛ շատերի համար: Սկսեցին տպագրել թերթերում  և մեծարել Լիլիին: Նա իրոք մեծ վարպետությամբ կարողանում էր արցունքներ կորզել կարդացողի աչքերից`  նրան պարգևելով հուզումնառատ պահեր:

Նա արդեն ուներ ամեն ինչ, սակայն դրանք չէին նրան երջանկացնում, այլ այն, որ ես նրա կողքին էի:

——————————————-

Մի օր մենք վերադարձանք և տեսանք շողոքորթ դեմքեր, որոնք մի ժամանակ մեզ չէին ցանկանում նույնիսկ տեսնել, սակայն դրանք մնացին պատուհանից այն կողմ և երբեք ներս չմտան:

Էլլադա Հայրապետյան, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, թիվ 4 ավագ դպրոց,12-րդ բնագիտական դասարան


5 Comments

  1. […] Պատուհանից այն կողմ, Էլլադա Հայրապետյան, Գորիս […]

    Like

  2. […] Պատուհանից այն կողմ, Էլլադա Հայրապետյան, Գորիս […]

    Like

  3. Sirik says:

    karcum em nyut@ @ndorinakum e

    Like

  4. Էլլադա says:

    Կարող եմ իմանալ,որ նյութին է կրկնօրինակո՞ւմ

    Like

  5. […] Հայրապետյանի « Պատուհանից այն կողմ» , Գորիս, թիվ 4 ավագ […]

    Like

Leave a comment