Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Անսպասելի արկած

Անսպասելի արկած

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,290 կտտոց

Մորս մանկության հուշատետրից

 

 Անցյալ դարի 70-ական թվականների վերջն էր: Ինչպես կոմունիստական ժամանակաշրջանում քաղաքացիներից շատերը, մենք նույնպես որոշեցինք ամառային արձակուրդներն անցկացնել Սև ծովի ափին: Եղբայրս ու ես ցնծության մեջ էինք. առաջին անգամ ծով պետք է տեսնեինք, պատկերացնու՞մ եք մեր ուրախության աստիճանը:

Հայրիկս արդեն գնել էր գնացքի տոմսերը: Գիտեինք մեկնման օրն ու ժամը: Գնալու էինք Սուխումի:

Համաձայն հայկական ազգային բարի ավանդույթի` մեկնումից առաջ բոլոր ազգականները եկել էին բարի ճանապարհ մաղթելու, իսկ հարևանները կազմակերպել էին հաճելի անակնկալ՝ ավանդական ճաշկերույթը նրանցից մեկի տանն էր: Ափսոս, որ այսօր չի պահպանվել այդ անմիջական շփումը՝ բարեկամ-հարևան:

Եվ այսպես, եկավ մեկնման օրը: Վաղ առավոտյան հորեղբայրս եկավ իր նոր գնած ՎԱԶ-01 մեքենայով, որպեսզի մեզ հասցնի կայարան: Ճամպրուկները հազիվ տեղավորեցինք բեռնախցում, մայրս այնքան հագուստ էր վերցրել եղանակի անակնկալներին պատրաստ լինելու համար, որ կարելի էր արձակուրդները երկարացնել մինչև ուշ աշուն:

Հասանք կայարան: Շատ եմ սիրում կայարանի յուրահատուկ օդը ու ինչպե՜ս եմ կարոտում այդ օդը հիմա:

– Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն: Շարժվում է «Երևան-Սոչի» գնացքը: Խնդրում ենք մեկնողներին զբաղեցնել իրենց տեղերը,- հաղորդեցին բարձրախոսով, որին անմիջապես հաջորդեց գնացքի սուր ազդանշանը: Դանդաղ, բայց իրենց գործին քաջատեղյակ մեքենավարները ընթացքի մեջ գցեցին շոգեքարշը:շ

-Սա մեր գնացքը չէ՞ր,- հարցրեց մայրս:

-Չէ´, մերը «Երևան-Մոսկվան» է:

-Ուշադրությու՜ն, ուշադրությու՜ն: «Երևան-Մոսկվա» մեկնող գնացքը կշարժվի ժամը 11.30-ին երկրորդ գծից,- կրկին լսվեց բարձրախոսով խոսող կնոջ հրամայական ձայնը:

-Տեսա՛ր, դեռ կես ժամ էլ ունենք,- փնթփնթաց հայրս:- Քեզ որ ասում էի այսքան շուտ չգա՞նք: Միշտ քո այդ ժամանակից շուտ գալը:

-Դե, ոչինչ,- խեղճ-խեղճ պատասխանեց մայրս:- Երեխաները պաղպաղակ կուտեն, կզբոսնեն կայարանով ու չենք նկատի, ինչպես կանցնի ժամանակը:

Կայարանը մարդաշատ էր: Ես ու եղբայրս հորեղբորս հետ գնացինք պաղպաղակ ուտելու, իսկ ծնողներս մնացին ճամպրուկների մոտ:

Մոտեցավ մեկնման ժամը: Գնացքը մոտեցավ կառամատույցին: Մեկնողները սկսեցին հանգիստ, առանց հրմշտոցի բարձրանալ վագոնները և զբաղեցնել իրենց տեղերը: Մենք էլ մոտեցանք մեր հինգերորդ վագոնին: Տոմսերը հայրս հանեց ու…

-Կներե՛ք, ընկե´ր, սա Ձեր գնացքը չէ, «Երևան-Սոչին» կես ժամ է ինչ մեկնել է,-զարմացած ասաց վագոնի ուղեկցորդուհին:

-Հա՛ էլի,- զարմացած տոմսերն էր արագ ուսումնասիրում հորեղբայրս, փոխանակ գնացք նստեիք, հանգիստ զբոսնում էիք: Ա՜յ մարդ, չէիր տեսել, թե ի՞նչ էր գրված տոմսերի վրա: Հիմա ի՞նչ ենք անելու:

-Մենք էլ ծով չե՞նք գնում,- արցունքները հազիվ զսպելով հարցրեց եղբայրս:

-Գնում ենք,- հաստատակամ ասաց հայրս:- Կես ժամ առաջ մեկնած գնացքը որտե՞ղ հասած կլինի,- հարցրեց ուղեկցորդուհուն:

-Մի տաս-տասնիհինգ րոպեից կհասնի Հրազդան:

Այդ բառերը բավական էին հորեղբորս համար.

-Արա՛գ, իմ ետևից,- ու ճամպրուկները բռնած վազեց դեպի մեքենան: Մենք էլ շուտ ուշքի եկանք ու հասկացանք, որ խեղճ մարդն ուզում է մեզ հասցնել Հրազդան:

Երևանի ոչ այնքան փոքր կայարանն ավելի փոքրիկ թվաց մեզ, որովհետև գերմարդկային արագությամբ բոլորս դուրս թռանք այնտեղից ու դեռ չէինք հասցրել մեքենայի դռները փակել, հորեղբայրս միացրեց շարժիչն ու ստիպեց մեքենային արագ թափք հավաքել:

Սլանում էինք 100 կմ/ժ արագությամբ: Մեր բախտից ոչ մի ոստիկան չկար ճանապարհներին: Կարծես մեքենան հասկանում էր իր առջև դրված խնդրի կարևորությունն ու իր ուժերից վերն էր անում: Քար լռություն էր: Հայրս, որ ծխելու սովորություն չուներ, հիմա սիգարետը սիգարետի ետևից էր վառում: Մայրս այնպես ուժեղ էր գրկել ինձ ու եղբորս, որ մենք միասին դարձել էինք մի ամբողջություն:

Մեքենան սլանում էր, ընկնում էր փոսերը, դուրս էր գալիս ու էլի էր սլանում: Ես զարմանում էի հորեղբորս վրա, որ այսպես անզգույշ էր վարում: Այդպիսին նրան չէի տեսել, որ նոր մեքենայի հետ այսքան անսիրտ վարվեր:

Երևանը վաղուց հեռվում էր մնացել: Մենք ժամացույցին չէինք հետևում, բայց թվում էր, թե ժամանակը կանգ է առել, ու մնացել է այս արագ ընթացքը:

-Քիչ մնաց, հասնում ենք,- լռությունը խախտեց հայրս:- Ժամը քանի՞սն է:

-Չասե՛ք,- չթողեց հորեղբայրս:- Եթե հանկարծ Հրազդան չհասցնեմ, կհասցնեմ Լենինական:

-Աստծու սիրուն,- այս ամբողջ ընթացքում խիզախությունը բուռն առավ մայրս,- մենք կփոխենք տոմսերը:

-Դե՜ դա կթողնենք վերջում, կամ այդպես պետք է վարվեիք Երևանում,- ասաց հորեղբայրս:

-Հասա՜նք, արագ դուրս մեքենայից եկեք ու վազե՛ք դեպի կառամատույցի կողմը, ես կբերեմ ճամպրուկները, միայն դուք հասեք գնացքին և հնարավորինս խնդրեք մի քիչ սպասեն,- մեքենան դեռ չկանգնեցրած հրամայեց հորեղբայրս:

Մեքենան դեռ ընթացքի մեջ էր, երբ հայրս դուռը բացեց: Չասեմ, թե ինչպես ընկավ այդ մարմնեղ մարդը, բայց մենք ապշահար նայում էինք թե ինչ արագությամբ նա ընկած տեղից բարձրացավ ու վազեց…

Ահա Հրազդանի կայարանը. մեկնող կամ դիմավորող չկար: Կառամատույցում միայն տեխնիկական աշխատողներն էին:

-«Երևան-Սոչին», «Երևան-Սոչին»,- չէր կարողանում միտքն ավարտել հայրս:

-Ուշանում է,- իր գործը շարունակելով քթի տակ փնթփնթաց աշխատողներից մեկը:

-Ուշանու՞մ է, մենք ճիշտ հասկացա՞նք, «Երևան-Սոչին» ուշանու՞մ է,- ականջներին չէր հավատում մայրս ու անձամբ էր ուզում լսել:

-Հրե՜ն, ընկերուհի, նայե՛ք, հեռվում երևում է…

Մենք էլ չէինք լսում, քանի որ բոլորս շրջվեցինք դեպի հորեղբայրս: Նա այնպես էր վազում ճամպրուկները ձեռքին, որ մենք ծիծաղից ընկանք.

-Ուշացե՞լ ենք: Դրա  համա՞ր եք ծիծաղում: Լավ շուտ մեքենա նստե՛ք, գնում ենք Լենինական,- խեղճ մարդն արագ շրջվեց, որ կրկին վազի դեպի մեքենան…

Գնացքը տաս րոպե ուշանում էր: Մենք բարեհաջող գրավեցինք մեր տեղերը ու այնպես ջերմագին հրաժեշտ տվեցինք հորեղբորս, որ հիմա չեմ կարողանում ճիշտ նկարագրել զգացմունքներս:

Լավ հանգստացանք, չնայած հանգստյան վայրում ունեցանք բազմաթիվ արկածներ:

Վերադարձին հորեղբայրս մեզ չդիմավորեց: Երբ հասանք տուն` նոր տեղեկացանք, որ ետ դարձի ճանապարհին նա վթարի էր ենթարկվել ու հիմա գտնվում էր հիվանդանոցում: Պատճառը եղել էր գերլարվածությունը: Նրա կյանքին վտանգ չէր սպառնում:

Նրա հիվանդանոցից դուրս գրման օրը հայրս արդեն հասցրել էր վերանորոգման տեղից վերցնել հորեղբորս «նոր» մեքենան…

Տաթև Դերզյան, Երևան, թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան

 

 

 


13 Comments

  1. Մարկոս Պիզելի says:

    Հա, Հրազդանում դուք հաստատ կնստեիք Երևան-Սոչի գնացքը: Գոնե Հոկտեմբերյան ասեր տնաշենը….

    Like

  2. Anahit says:

    Պատմվածքի գլխավոր միտքը մեր ժողովրդի ազգային բարեկամական կամ հաչևանների միջև կապի արտահայտումն էր, որը ցավոք չի պահպանվում այսօր: Իսկ քաղաքի շփոթելը բնավ չի իջեցնում պատմվածքի հետաքրքիր կոլորիտը և անկանխատեսելի հանգուցալուծումը:
    Անահիտ
    Սյունիք

    Like

    • Tatev says:

      Շնորհակալ եմ
      Ինձ համար անակնկալ էր այսպիսի պատմությունը, քանի որ ես այդպիսի վերաբերմունքի դեռ չեմ հանդիպել:

      Like

      • Anahit says:

        Ափսոս Տաթև ջան, որ չես զգացել հարևանության այդ զգացումը: Չնայած մի ընկճվիր, ամեն ինչ դեռ առջևում է: Իսկ ինչ վերաբերում է պատմվածքիդ այն իմ մեջ հաչելի հուշեր արթնացրեց:

        Like

        • Tatev says:

          Ես ցանկանում էի պատմվածքում հնարավորինս տալ այն կոլորիտը, որը գերիշխող է եղել 20-րդ ադրի 70-80-ական թվականներում:
          Իմ կարծիքով ես դա կարողացա կատարել: Միայն ոնց որ տեղն էի շփոթել, բայց իմ կարծիքով դա ոչ մի կերպ չազդեց պատմվածքի սյուժեի վրա:

          Like

  3. Arpi says:

    Մի շնչով կարդացինք պատմվածքներդ, Տաթև ջան
    Բոլորը մեկը մեկից լավն են
    Ափսոս, որ մյուսները կարդում են, գնահատում, բայց մեկնաբանություն չեն թողնում: Չնայած ես գտնում եմ, որ դրա կարիքը չկա, անընդհատ գրել` ապրես, լավն է, կեցցես նման մեկնաբանություններ և ռետինգ ապահովել:
    Ես գրում եմ մեր դասարանի 12 հոգու անունից, ովքեր կարդացել են, և ինձ խնդրել այս տողերը գրել:
    Ապրես Տաթ ջանննննննննննննննննննննննն

    Արփի, Երևանի 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան

    Like

    • Tatev says:

      Զգացված եմ այս տողերի համար, Արփի ջան:
      Ես շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեռ կարդում են այս պատմվածքները, գնահատում են, միմյանց պատմում են: Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանություններ թողնելուն, ապա ես էլ եմ համամիտ այն կարծիքին, որ գրել լավն է, ապրես և նման այլ տողեր, արդեն իսկ կոցնում է հետաքրքրությունը թե մրցույթի հանդեպ և թե պատմվածքների հանդեպ, քանի որ ստացվում է այնպես, որ շատ անգամ ընթերցողները նպատակ ունեն անմիջապես գրել մի երկու բառ…………..

      Like

  4. Ruzan says:

    Ճիշտն ասած իմ հետ էլ էր նման դեպք պատահել. իմ հայրիկը մնացել էր Տբիլիսիի կայարանում …

    Like

  5. Aram Gevorgyan says:

    Մենք բոլորս ունենում ենք կյանքում նման անհեթեթ դեպքերի շարաններ, բայց ոչ բոլորս ենք գրում այդ մասին: Շատ անգամ մտածում ենք, որ մեզ կծաղրեն: Իսկ Տաթև, դու այնպես համով ես ներկայացրել այս միջադեպը, որ անգամ կայարանների շփոթվելը ամենևին չի խաբգարում հրաշալի պատմվածք լինելուն:

    Like

  6. Vahan says:

    Մերսի լավ հիշողությունների համար:

    Like

Leave a comment