Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Եվ Աստղը կշողա Արևի ու Լուսնի հանդիպմանը

Եվ Աստղը կշողա Արևի ու Լուսնի հանդիպմանը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

 -Տեսնես այս երկրի բնակիչներն ինչո՞ւ են մաքուր գետերն ու լճերը թողած` այս կեղտոտ առվի ափին այգիներ կառուցել,- քթի տակ փնթփնթաց պատանին` դուրս գալով կեղտոտ ջրանցքից:

Ճիշտ է, նա դեռ չգիտեր, թե որտեղ է գտնվում, բայց ջրի ու մոտակա աղբանոցի առկայությունը նրան ստիպում էր մտածել, որ այստեղ օրքեր, գոբլիններ կամ նման արարածներ են ապրում, քանի որ վերին դասի էակները հաստատ նման պայմանններում չէին բնակվի:

-Աղջի՛կ ջան, քայլելիս ոտքերիդ տակ նայիր: Քիչ մնաց կոտրեիր շշերը,- ձայնեց կեղտոտ հագուստով կինը, որը աղբակույտերի մեջ շշեր և մետաղե ջարդոններ էր փնտրում:

Աղջի՞կ: Երևի այս կինը կատակում է: Մի՞թե իր արքայական հագուստից չհասկացավ, որ ինքը Տրիստանիայի արքայազն Էլրոնդն է: Լա՜վ , ենթադրենք, թե իր հագուստն ու մազերը այնքան կեղտոտ ու թաց են, որ նույնիսկ իր սեռը չկարողացան որոշել, բայց միթե՞ լսված բան է, որ իր ժողովրդին  մեղադրեն ինչ-որ մի բան միամիտ կոտրելու մեջ: Ախր իրենք այքան զգույշ ու եթերային են քայլում, որ նույնիսկ ավազի կամ ձյան վրա հետքեր չեն թողում, էլ ուր մնաց ապակի կոտրեն:

-Իսկ դուք մա՞րդ եք,- ծեր կնոջը հարցրեց պատանին:

-Հը՞ն: Աղջի՛կ ջան, ինչպես հասկացա, դու արտասահմանից եկած փահլևան ես, ծաղրածու կամ էլ դերասան: Բայց, ցավոք, ես ուրիշ լեզվով չեմ խոսում:

-Ախր, այս կինն ամենևին չի հասկանում, թե ինչ եմ ասում: Լավ է գոնե ես հասկանում եմ նրա ասածները: Բայց տեսնես ծաղրածուն ի՞նչ արարած է:

Քաղաքի գորշ ու կեղտոտ փողոցներով քայլելիս տղան մի քանի անգամ էլ հանդիպեց ծաղրածու բառին.

-Վա՜յ, տեսնես էս ծաղրածուն ինչո՞ւ չի փոխել իր զգեստները ներկայացումից հետո,- ծաղրեց  մի երիտասարդ, որն իր սև հագուկապով, կքանստած դիրքով, դեմքի ու մարմնի մազերով և մեծ մաստակով ավելի շատ սարդի էր նման, քան մարդու:

Նրա մոտ գտնվող մյուս մարդասարդերը չհապաղեցին պիտակավորել պատանուն.

-Մի հատ մազերի երկարությանը նայե՛ք. հիմա սա աղջի՞կ է, թե՞ տղա:

-Մազերն ես ասում, բա ականջները: Ուրիշ ծաղրածուներ քիթ են կպցնում, իսկ սա ականջներ է դրել:

-Աաաա, բա նետն ու աղեղը: Էս երևի լրիվ մանկապարտեզից է եկել :

Պատիվն էլ է լավ բան: Ինքը` Տրիստանիայի թագաժառանգը իր կյանքում երբեք այսքան վիրավորանք չէր լսել:

-Հիմա կտեսնեք այս նետ ու աղեղով մանկապարտեզում են խաղում, թե` կռվի դաշտում:

* * *

-Վերքս, բարեբախտաբար, մահացու չէր, բայց էս երևույթին պետք է մեկուսացնել: Չե՜ք տեսնում ինչպիսի տեսքով է քայլում փողոցով,- մարդասարդը ոգևորված բողոքում էր պատանու դեմ:

-Դե՛, զենքն արդեն վերցրել եք, իրեն էլ մեկուսացրել ձեզ, ձեր ընկերներին և ոստիկաններին մարմնական թեթև վնասվածքներ հասցնելու համար,- պատասխանեց ոստիկանապետը:

-Դուք ասում եք թե՞թև: Այդ ծաղրածուի նման տղան կատաղի գազանի նման էր կռվում: Բարեբախտաբար, կարողացանք փրկվել:

-Եթե պատանին լուրջ տրամադրված լիներ, դուք հաստատ ողջ չէիք մնա մինչև ոստիկանության  ժամանումը:

-Հիմա ի՞նչ, շնորհակալություն հայտնե՞նք, որ մեզ չսպանեց,- հարցրեց մյուս սարդակերպ մարդը: Ի դեպ, սարդակերպերը ոստիկանատանը իրենց բնորոշ դիրքով նստելու փոխարեն, սովորական մարդկանց նման էին նստել աթոռներին:

-Չէ՛, հանցագործներին շնորհակալությունչեն հայտնում, ուղղակի ստորագրեք ձեր հայցը և գնացեք:

Սարդակերպ մարդկանց հեռանալուց հետո քննիչը հարցաքննության կանչեց մեղադրյալին:

-Անուն, ազգանուն, հայրանուն:

-Տրիստանիայի թագաժառանգ Էլրոնդ Իզիլ:

-Գրի՛ր:

Էլրոնդը վերցրեց թուղթն ու ինքնահոսը, որն առաջին անգամ էր տեսնում և գրեց իր անունը, ազգանունը և, իհարկե, չմոռացավ մատի թեթև հպումով դնել իրենց տոհմական նշանը:

-Արտասահմանցի ե՞ս,- շարունակեց քննիչը` բնականաբար, ոչինչ չհասկանալով Էլրոնդի խոսքերից:

-Բարեբախտաբար, այստեղից չեմ:

-Ալո, խնդրում եմ թարգմանիչ ուղարկել: Ինչքան շատ լեզուներ իմանա, այնքան լավ:

-Շուտով թարգմանիչը կգա և վերջապես կհասկանանք, թե դու ով ես: Բայց մեկ վայրկյան: Դու ինձ հասկանու՞մ ես: Եթե հասկանում ես գլխով արա:

Էլրոնդը մեղմ թափահարեց սևահեր գլուխը և ժպտաց:

-Կա՛մ դու արտասահմանցի ես, կամ էլ այսպես խույս ես տալիս հարցաքննությունից: Բայց հավատացնեմ, որ չի ստացվի: Ի դեպ, մտադիր չե՞ս հանել ծիծաղելի ականջներդ և կտրել երկար մազերդ:

Տրիստանիայի թագաժառանգը իր ձեռքը մեխանիկորեն դեպի գոտին տարավ, սակայն սթափվելով հիշեց, որ վերցրել են ոչ միայն աղեղն ու նետերը, այլև դաշույնը:

-Ահա և թարգմանիչը:

Կարծես արև ծագեց այդ կիսախավար սենյակում: Ոսկեգույն երկար գանգուրներով, խիտ արտևանունքներով, բաց դարչնագույն աչքերով և եթերային ճերմակ զգեստով այդ գեղեցկուհին իրոք արեգակի էր նման: Էլրոնդը քիչ էր մնում կուրանար նրա պայծառ աչքերի հայացքից, որոնք ,ի դեպ, զարմանքով դիտում էին Էլրոնդին:

-Կարող եմ նստե՞լ,- հարցրեց աղջիկը:

-Իհարկե՛,- պատասխանեց քննիչը` մատնացույց անելով Էլրոնդի կողքի աթոռը:

-Շնորհակալություն:

-Իսկ հիմա, խնդրում եմ ասա, թե ինչ լեզվով է գրված,- ասաց քննիչը` թարգմանչուհուն մեկնելով Էլրոնդի գրածը:

-Կարծես թե ծանոթ տառեր են:

-Մելոու, մելոու, Վալոյա ա մելոու: Ես քո ընկերն եմ, բարեկամս:

-Ի՞նչ, դու խոսում ես քուենյայով:

-Ի՞նչ, դու իրական ե՞ս: Չեմ հավատում, երևի թաքնված տեսախցիկ կա այստեղ:

-Հե՜յ, գեղեցկուհի՛, հասկացա՞ր, թե ով է այս պատանյակը:

-Ճիշտն ասած, նա մի ազգի  ներկայացուցիչ է, որը վաղուց պետություն չունի,-  ստեց աղջիկը` վախենալով, որ ոստիկանապետը կծիծաղի ակնհայտ ճշմարտության վրա:

-Իսկ ո՞ր ազգին է պատկանում:

-Չգիտե՛մ:

-Բայց դու խոսում էիր նրա հետ:

-Դե, բոլոր հնագույն լեզուններն էլ նույնն են էլի,- կրկին ստեց թարգանչուհին` այս անգամ էլ հուսալով, որ քննիչը պատմությամբ և լեզվաբանությամբ չի հետաքրքրվում:

-Իսկ ի՞նչ է գրված թղթի վրա:

-Էլրոնդ Իզիլ:

-Տարօրինակ անուն է: Իսկ նա հասկանու՞մ է մեզ:

-Կարծես թե`այո՛,- պատասխանեց թարգմանչուհին:- Ի դեպ, ո՞վ է նրա դատապաշտպանը:

-Դեռ չկա, կարծում եմ չի էլ լինի: Ախր ակնհայտ է, որ նա զինված հարձակում է գործել մարդկանց վրա:

-Մենք դա դեռ կտեսնենք,- շարունակեց արևային գեղեցկուհին` քննիչին մեկնելով իր աշխատանքի վկայականը:

-Փաստորեն, փաստաբա՞ն էլ ես, հա՞:

-Հա՛, լեզուներն ուղղակի հոբբի են:

-Փաստորեն, ուզում ես վարե՞լ այս գործը:

-Այո՛:

-Մա՛րկ, մեր բանտարկյալին իր խցիկ տար:

***

-Բա՛րև, Էլրոնդ:

-Բա՛րև ձեզ:

-Ես եկել եմ գործի մանրամասներն իմանալու, որովհետև դատապաշտպանդ եմ լինելու: Բայց նախ և առաջ կխնդրեմ պատմել, թե ով ես և որտեղից ես եկել:

-Իմ մաքուր քուենյայից պիտի հասկանայիր, որ ես վերին դասի էլֆ եմ: Ավելի կոնկրետ ` Տրիստանիայի արքայազն Էլրոնդ Իզիլն եմ:

-Ենթադրենք, դու էլֆ ես ու թագաժառանգ, բայց ասա խնդրեմ, թե ինչպես ես հայտնվել 21-րդ դարի Երևանում:

-Ես ոչ միայն արքայազն եմ, այլ լինելով ծնողներիս ավագ որդին, ես պետք է ժառանգեի գահը:

Սակայն եղբայրս` Դայրոնդ Ամրունը, գտնում էր, որ ես բավականին ուժեղ չեմ կառավարելու համար և ուզում էր էլֆերի արքան դառնալ իմ փոխարեն:

Մի օր էլ ինձ հրավիրում է խնջույքի, որը պետք է տեղի ունենար անտառի խորքում` Այրեգ լճակի ափին: Դե, ես էլ գնացի, չնայած համոզված էի, որ ինձ դուր չի գալու: Ախր, ինչ տեսակի կախարդ ու վհուկ ասես կար.  չգիտեի, որ եղբայրս նման շրջապատ ունի: Ինչևէ, խնջույքը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Վերադառնալ չէի կարող, որովհետև ծանոթ չէի տեղանքին, կախարդելուց էլ այնքան էլ լավ չեմ, ուստի մնացի մինչև վերջ: Երբ բոլորը գնացին, եղբորս հետ սկսեցինք զբոսնել լճափին: Նա ինձ համոզում էր, որ իմ կամքով գահն իրեն տամ, սակայն իր շրջապատին ծանոթանալուց հետո`էլ ավելի քիչ էի ուզում վստահել նրան: Իմ վերջնական մերժումը լսելուց հետո, նա կապեց իմ ոտքերն ու ձեռքերը ու սկսեց տանջել ամենասարսափելի կախարդանքներով: Բայց չկարողանալով կոտրել իմ երկաթե կամքը, ինձ նետեց ջուրը` հուսալով որ ընդմիշտ կհանգրվանեմ լճի հատակում:

Բայց արի ու տես… Չգիտեմ ինչու և ինչպես ես հայտնվեցի այս քաղաքի կեղտոտ գետում, ու որքան էլ զարմանալի է` առանց պարանների ու կապանքների:

-Եթե ես այս պատմությունը իմ փոքրիկ եղբորը պատմեի, ապա նա ինձ չէր հավատա, սակայն ես հավատում եմ քեզ:

-Աղբանոցով անցնելուց հետո էլ  հայտնվեցի ոչ պակաս կեղտոտ փողոցում, որտեղ էդ սարդակերպերը սկսեցին ինձ ամեն տեսակ զզվելի անուններ կպցնել ու վիրավորել արժանապատվությունս: Ես էլ չկարողանալով խոսքով պատասխանել, մի քանիսին նետահարեցի, մյուսներին էլ դաշունահարեցի: Ավելի ճիշտ` թեթև քերծեցի:

-Հասկանալի է, որ կռվել ես նրանց հետ, բայց մի հարց ինձ համար մութ է մնում: Ինչու՞ դու չես խեղդվել:

-Իսկ ինձ համար երեք բան է անհայտ` ինչ  է ծաղրածուն, որտեղից ես սովորել քուենյա և վերջապես ինչ է անունդ:

-Ծաղրածուն այն դերասանն է, որը ծիծաղեցնում է մարդկանց, հատկապես երեխաներին: Իսկ ինչ վերաբերվում է էլֆերի լեզվին, ապա կպատմեմ.

Երբ փոքր էի`ամենաշատը տատիկիս էի սիրում, քանի որ նա իմ ճանաչած լավագույն մարդն էր: Նա միշտ ինձ հեքիաթներ էր պատմում, հեքիաթներ, որոնք նման չէին բոլոր հեքիաթներին: Տատիկիս պատմած հեքիաթները ինձ տանում էին դեպի առասպելական ու չքնաղ աշխարհներ: Ու որքան էլ զարմանալի է, ես միշտ իմ երազում տատիկիս պատմած հեքիաթներն էի տեսնում: Իսկ երբ պատմում էի տատիկիս, նա լուռ ժպտում էր և մեկ այլ պատմություն անում: Բայց տատիկս մահացավ, երբ ես 5 տարեկան էի: Այդ գիշեր նա իմ երազում եկավ  ու ինձ իր սենյակ տարավ, որտեղ էլ պատի գաղտնարանի միջից մի ոսկե տուփ հանեց և ինձ մեկնեց: Վաղ առավոտյան ևս  վազեցի տատիկիս սենյակ ու ամենևին էլ չզարմացա, որ նրա մատնանշած տեղում գտա մի ոսկեգույն արկղիկ, որը արագորեն տարա իմ սենյակ և պահեցի: Հետո հաջորդ գիշեր տատիկս ինձ բառեր ասաց, որոնցով բացվում էր արկղիկը: Առավոտյան արթնացա ու փորձեցի. այն բացվեց: Ու, ի զարմանս ինձ, անսովոր առարկաներ գտնելու փոխարեն, մի քանի տետր ու գիրք գտա, նաև մի արև պատկերող ոսկե մեդալիոն, որը այդ օրվանից չեմ հանում իմ վզից: Չնայած փոքր էի, սակայն տատիկիս կարոտից սկսեցի ուսումնասիրել գրքերը, տետրերն ու նկարները: Եվ այդպես էլ սովորեցի էլֆերի լեզուն: Առավոտյան կարդում էի, գրում, նկարում խորհրդանշաններն ու պատկերները, իսկ գիշերը` քննարկում տատիկիս հետ: Արդեն 15 տարի է, որ էլֆերեն գիտեմ:

-Ու ոչ թե պարզ էլֆերեն` սինդարին, այլ բարձրագույն քուենյա: Իսկ անունդ կասե՞ս:

-Արևիկ, տատիկիս անունն է, որովհետև շատ նման եմ տատիկիս:

-Արևիկ- Անորա, քեզ անունդ շատ է սազում: Երբ մտար ոստիկանատուն` ինձ թվաց, թե արևը ծագեց:

-Էլրոնդ Իզիլ, քո մազերն ու աչքերը այնքան մութ են, կարծես գիշեր լինեն, բայց միևնույն ժամանակ փայլում են լուսնի խորհրդավոր փայլով:

-Մնում է պարզել, թե ինչու ես չմեռա:

-Ես քեզ վաղը կասեմ: Կփնտրեմ տատիկիս գրքերում: Իսկ հիմա գնացի: Մինչ տեսություն, Է՛լ:

-Ցտեսությու՛ն, Ա՛րև:

***

– Է՜լ , երկու նորություն ունեմ, մեկը` լավ, մյուսն` ավելի լավ: Որի՞ց սկսեմ:

-Դե, լավն ասա:

-Պարզել եմ, որ էլֆերի թագաժառանգը իր ծննդյան օրը անտեսանելի պաշտպանություն է ստանում իր ծնողներից և Մեծ Ճերմակ Մոգ Հենդալֆից: Եվ քանի դեռ թագաժառանգը բարի է ու լավը, այդ պաշտպանությունը գործում է: Սակայն եղբորդ սև մոգությունը չափազանց  հզոր է եղել, ուստի դու դուրս ես եկել ոչ թե այնտեղից, որտեղ քեզ նետել, են  այլ լրիվ ուրիշ ժամանակի ու տարածության մեջ ես հայտնվել:

-Իսկ ինչպե՞ս պիտի վերադառնամ հայրենիք:

-Դու կարող ես վերադառնալ, երբ իրականանան քո ծննդյան օրն արված մարգարեությունը:

– Elen sila lumenn omentilmo isil a anor.  Եվ աստղը կշողա արևի և լուսնի հանդիպմանը:

-Մյուս նորությունն էլ ասե՞մ:

-Ասա՛:

-Քանի որ փողոցի տղաները քո արժանապատվությանը վիրավորանք են հասցրել, իսկ դու` լինելով օտարերկրացի, քո երկրի օրենքների համաձայն, զենքով ես պատասխանել, իսկ նրանք էլ ետ չեն մնացել, հանել են իրենց դանակները, ստացվում է, որ հանգամանքներն բավականին մեղմանում են:

-Անորա՜… Ի՜նչ լավն ես դու: Սիրում եմ քեզ, իմ պայծառ Արև: Ես քեզ սիրեցի հենց առաջին հայացքից:

-Ես էլ քեզ եմ սիրում, ի՛մ երազանքների սևաչյա էլֆ:

***

 -Շնորհավո՜ր, աղջիկ եք ունեցել,- ժպտաց բժիշկը` դիմելով արդեն մի քիչ հայերեն հասկացող Էլրոնդին:

-Ուռա՜, փոքրիկ Արևս ծնվեց,-  երջանկությունից բղավեց Էլրոնդը և նետվեց մի քանի հարկ վերև գտնվող ծննդասենյակ:

Բժիշկն ապշած նայում էր երջանիկ հորը: Իր աշխատանքի ընթացքում երբեք ոչ մի հոր չէր տեսել, որ այդքան ուրախանար աղջկա ծննդով:

-Բայց սպասե՛ք, հիմա չի՛ կարելի գնալ:

Բայց ի՞նչը կարող է կանգնեցնել էլֆին, այն էլ երջանիկ էլֆին:

-Գեղեցկուհի՛ս, ավելի ճիշտ գեղեցկուհինե՛րս,- ժպտաց Էլրոնդը` գրկելով փոքրիկին:

-Ի՜նչ նման է մայրիկիս… Ոչ քեզ նման արևային է, ոչ էլ ինձ պես  լուսնային … Աստղային էլֆիկ է:

-Դե անունը կդնենք Աստղիկ:

-Արի չմոռանանք մեր բարի ու բարձրագույն էլֆերենը` քուենյան: Արի անունը Էլեն դնենք:

-Է՛լ, հիշո՞ւմ ես մարգարեությունը:

-Դա հիմա կարևոր չէ, ես ձեզ հետ եմ, ես երջանիկ եմ:

-Էլրո՛նդ, «Elen sila lumenn omentilmo isil a anor. Աստղը կշողա Արևի և Լուսնի հանդիպմանը»:

Այս բառերի հետ Էլրոնդը բռնեց Անորայի ձեռքը, և քաղցր ժպտաց փոքրիկ Էլենը…

***

-Հե՜յ, դո՛ւրս այստեղից, անհամբե՛ր հայր,- շնչակտուր բղավեց բժիշկը` բացելով հիվանդասենյակի դուռը:

Սակայն սենյակում միայն չարաճճի քամին էր մնացել…

Դավթյան Ռուբինա, Երևան, թիվ 105 ավագ դպրոց, 16 տարեկան

Advertisements

2 Comments

  1. […] Եվ Աստղը կշողա Արևի ու Լուսնի հանդիպմանը, Ռուբինա Դավթյան, Երևան […]

    Like

  2. Elen says:

    Shat sirun heqiat er…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: