Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Պատմվածքի մրցույթի մասին

Պատմվածքի մրցույթի մասին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

ժյուրիի անդամներից Գրիգոր Սարգսյանը գրավոր ներկայացրել է իր կարծիքը մրցույթին մասնակցած բոլոր պատմվածքների մասին: Սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Իսկ պատմվածքի մրցույթի քվեարկությունը շարունակվում է: Բոլոր մրցանակակիրները հայտնի կլինեն միայն ավարտական միջոցառման օրը:

Ամփոփիչ խոսք

Շնորհավորում եմ մրցույթի մասնակիցներին և կազմակերպիչներին. այն կարելի է համարել կայացած: Դատում եմ ոչ միայն ներկայացված գործերի քանակից, այլև` որակական ու բովանդակային կողմից ելնելով:

Հատկապես կարևորում եմ մեզանում արձակի զարգացման խթանմանը ուղղված ցանկացած քայլ` ի նկատի ունենալով այն ոչ միանշանակ ու շփոթված վիճակը, որ կա ժամանակակից հայ գրականության մեջ: Դրա ախտանիշներից է գրող-ընթերցող կապի խզումը` մասամբ արտահայտված փակվող կամ կիսադատարկ գրախանութների փաստով, մասամբ գրականության ինքնափակ վիճակով (հիվանդագին ակադեմիականացմամբ, երբ ստեղծագործությունն ասես գրականագետին հասցեագրված լինի), մասամբ էլ, երևի, պոեզիայի գերիշխանությամբ: Ինձ թվում է, որ այսօր բանաստեղծն ու բանաստեղծությունը մի տեսակ ավելի հնչեղություն ու լայն ասպարեզ ունեն` որպես կարճագույն, իսկ հաճախ էլ` ամենադյուրին ճանապարհը դեպի ընթերցողը, ով կարծես վերջին տարիներին որոշակի ճաշակ է ձեռք բերել ժուռնալիստական «ֆասթ-ֆուդի» հանդեպ: Եվ դա արվում է ի հաշիվ արձակի, որի ընկալումն ավելի տևական, աշխատատար ու պահանջկոտ կարող է լինել:

Միտք չունեմ նսեմացնելու բանաստեղծությունը, սակայն չեմ կարող նաև հավասարության նշան դնել պոեզիայի ու արձակի միջև: Բանաստեղծին ես նմանեցնում եմ լեռնագնացի, ով մագլցելով լեռան գագաթը` ձեռք է բերում բարձունքից լայնասփյուռ ու վեհ տեսարաններ դիտելու մենաշնորհը և ով արձանագրում է իր տեսածը կարճ ու դիպուկ տողերով (այլաբանության մեջ թող լինի ի հիշատակ արված մի լուսանկար): Սակայն ամենահաջող լուսանկարն իսկ չի կարող ստիպել ամբողջությամբ վերապրել ներշնչման կարճ պահերին ապրված փորձն` իր ողջ եզակիության մեջ: Արձակագրին, ի հակադրություն, ես նմանեցնում եմ մեկին, ով համառ ու անձնուրաց ջանքերի գնով լայն ու բանուկ ճանապարհ է բացում դեպի լեռան գագաթը` բոլոր նրանց համար, ովքեր կուզենան անձամբ բարձրանալ և տեսնել… Արդ, եթե բանաստեղծության գնահատման մեջ սխալվելը բավականին հեշտ է` քանզի միշտ կասկածանքի ենթակա են այն բարձունքները, որոնց մասին մեզ պատմում են և դրանց նվաճման իրական ճիգն ու արժեքը, ապա արձակ ստեղծագործությունը խուսանավելու տեղ չունի` այն է, ինչ կա: Դրանով արձակը նաև ստեղծագործողի որոշակի բարեխղճություն ու կարգապահություն է թելադրում, որից ցանկության դեպքում հեշտ է փախչել պոեզիայի դաշտում (ինչպես նաև պոեզիան որպես արձակ մատուցող բոլոր նենգափոխություններում):

Այսքանը` գնահատման հեշտության մասին: Իսկ բարդությունը գալիս է մրցույթի տարիքային սահմանափակումից, քանզի տվյալ դեպքում, բացի առկա գործի արժանիքներից, պարտավորվում ես նկատի ունենալ նաև հեղինակի հեռանկարային հնարավորությունները: Եվ ուզում եմ դիմել բոլոր մասնակից հեղինակներին մի կոչով կամ խնդրանքով. եթե զգում եք ձեր մեջ խորունկ, իսկական հակում դեպի գրականությունը, շարունակե՛ք գրել` անկախ մրցույթի արդյունքներից, հաղթողներից ու մրցանակներից, ի հեճուկս ամեն ինչի:

Երբ կարդում էի ներկայացված պատմվածքները, որսացի ինձ այն մտքի վրա, որ դրանց մեծ մասը հեշտությամբ կարելի է ենթարկել թեմատիկ դասակարգման: Ընդ որում` քանակապես գերիշխում են երկու թեմա` սիրայինը և բարոյախրատաբանականը: Դա միանգամայն հասկանալի է տարիքային առանձնահատկությունների տեսանկյունից:

Հետաքրքիր է նկատել, որ երկրորդ խմբի գործերում նկատվում է կեղծ մեծականությունը: Գուցե մասամբ դա պայմանավորված է այն մնացորդային մանկականությամբ, որ դեռ ուզում է, որ իր գլուխը շոյեն` «ճիշտ», ավանդական արժեքները գովելու համար («Փողի մոլուցք», «Պատուհանից այն կողմ», «Երազիս խորհուրդը»)… Իսկ առջևում մեծ կյանքն է, որը ոչ միայն հաշվի չի նստում մեր «խելոք» ու «ճիշտ» մտքերի հետ, այլև հաճախ խորտակում է դրանք ու մեն-մենակ կանգնեցնում այնպիսի անդունդների առջև, ուր ստիպված ես ինքնուրույն ելք գտնել` զանց առնելով պապիկների ու տատիկների սովորեցրած փափուկ իմաստությունները: Բայց, ըստ իս, այստեղ ավելի խորը հոգեբանական ֆենոմեն կա թաքնված: Ինքնուրույն կյանքի ու անորոշության նախաշեմին մարդկային փխրուն հոգին ենթագիտակցաբար իր համար ապավեններ է կերտում` ամրագրելով աշխարհի պարզ ու հուսալի պատկերը. այն հեռացող մանկական աշխարհի, որում տատիկներն ու պապիկները միշտ բարի, կյանքի փորձով բոլոր հարցերի պատասխանները յուրացրած, համակ անձնուրաց ու հանդարտ, գրեթե առասպելական էակներ են: Սրանով է բացատրվում նաև այն թոթովախոս փիլիսոփայությունը, որ մեծավարի բարբառում է կյանքի, ճակատագրի իմաստնության ու արդարության մասին («Ճակատագրի խաղը») կամ հրամայականի ձևով ամրագրում աշխարհի լավատեսական պատկերը («Կյանքը հրաշք է` իր թերություններով հանդերձ», «Կյանքը դեռ առջևում է»… հիրավի` վերնագրերն իսկ դեկլարատիվ բնույթ ունեն):

Պատանի հեղինակները նոր պիտի սովորեն, որ գրականության արժեքը ոչ թե ավանդականի հաստատումն է, այլ` ավանդույթին, ինչպես նաև գոյության բոլոր կարծրացած ձևերին նետված մարտահրավերը: Այս առումով ուզում եմ շեշտել «Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը» պատմվածքը, որն իրոք մի դժբախտ սիրո պատմությունն է անում, սակայն ընկնում է ոչ թե սիրային, այլ միևնույն բարոյախրատական կատեգորիայի տակ: Քանզի հեղինակը կարծես քննադատում է հերոսուհու ընտրությունը` այն համարելով սխալմունք` ելնելով ստեղծված դժբախտ կացությունից և ինչ-որ տեղ շփոթելով «սխալի» պրակտիկ և բարոյական սահմանումները: Մարդ կարող է նաև գիտակցաբար գնալ «սխալների» ու նույնիսկ դժբախտության` անգոսնելով մյուսների կարծիքը… արդյոք այստե՞ղ չէր թաքնված գրականության համար կարևոր այն եզակին, որը բացահայտելու փոխարեն հեղինակն ուզում է, կարծես, պաշտպանվել կամ փախչել դրա ճանաչումից:

Բարոյախրատական բնույթի գործերի մեջ առանձնանում է նաև մի որոշակի ենթախումբ, որը ես կանվանեի պատմահայրենասիրական («Անցյալից մի փոքրիկ ակորդ», «Շուշի», «Անհայտ հերոսներ»). գործեր, որոնցում, բացի ավանդական արժեքների ու պատկերացումների կրկնությունից, կա նաև պատմական փաստերի կապակցված ու ջանասեր համակցում և կռահվում է պատմավիպական որոշակի հմտություն, իսկ «Շուշի» պատմվածքում` նաև զուտ գրողական հմտություն:

Սիրային պատմվածքների մեծ մասն իրար նման են. այն աստիճան, որ հաճախ նույնիսկ ամբողջական վերընթերցումը չի օգնում հստակ տարբերակել:

Համեմատական կարգով առանձնանում է, թերևս, «Սպասված հանդիպում» ստեղծագործությունը, որում ապրումների որոշակի շարունակականություն ու դրամատիզմ կա ու, միաժամանակ, ինչ-որ անտրամաբանականություն, որի մեղավորը, գուցե, երիտասարդներին կաշկանդող ավանդական ծնողական խնամքն ու վերահսկողությունն են (մի հանգամանք, որ մյուս գործերում էլ հաճախ դրամատիզմի աղբյուր է դառնում): Ցավոք գեղարվեստական խտացում համարվելու համար այդքանը դեռ քիչ է:

Սիրային պատմվածքներում կա նաև աշխարհայացքի ինչ-որ փակվածություն, տեսանկյան նեղացում, կենտրոնացում կամ անվանենք դա էգոիզմ, որը հասկանալի լինելով հանդերձ` զրկում է դրանք հնարավոր խորությունից ու հմայքից: Ու ակամա մոտս հարց է առաջանում` այս հեղինակներից քանի՞սը, ամուսնանալուց և բարեհաջող ընտանիք կազմելուց հետո, կշարունակեն գրչի փորձերը. կամ, եթե մոտենանք հակառակ ծայրից` քանիսի՞ համար է գրականությունը լուրջ զբաղմունք, այլ ոչ թե ժամանակավոր խնդիրների հոգեբանական պարտակման մի սոսկական միջոց, սուբլիմացիա: Գիտեմ, որ իրավասու չեմ այդ սարսափելի բառն արտասանելու… մյուս կողմից հնարավոր չէ չնկատել, որ մրցույթի գրեթե բոլոր մասնակիցները իգական սեռին են պատկանում: Խորհելու առիթ է, չէ՞: Այս փաստը տարբեր պատճառներ կարող է ունենալ. թույլ կտամ ենթադրել, որ դրանցից մեկը գրականության այսօրվա ժխտումն է որպես լուրջ (հարգված, մասնավորապես` շահութաբեր) զբաղմունք, այդու` սազական գործ տղաների համար: Տխուր է, շատ տխուր: Եթե կռահումս ճիշտ է, ապա սեռային այս բևեռացումը գրականության մեջ ի վերջո կարող է նմանվել բարձրագույն կրթության այն անիմաստ դիպլոմներին, որ մտնում են «շնորհքով», «տնարար» աղջկա օժիտի մեջ: Ասել կուզեմ, որ միգուցե ունենք ոչ պակաս շնորհալի տղա-դպրոցականներ, որ վախենում կամ չեն ուզում իրենց շնորհքն ի հայտ բերել ու զարգացնել` շրջապատի կողմից ծաղրի չենթարկվելու համար:

Սիրային թեմայից ինչ-որ կերպ առանձնանում էր պատմվածքների մի փոքրիկ ենթախումբ, որ պայմանականորեն կարելի է անվանել հովվերգական-բանաստեղծական: Նկատի ունեմ հետևյալ գործերը` «Եվ խոսեց աշխարհը», «Անձրև որոնողը», «Վերադարձ», «Վարդագույն կյանք»: Դրանցից երկուսում` «Անձրև որոնողը» և «Վերադարձ» պատմվածքներում, հայտնաբերվում է ևս մի հետաքրքիր հոգեբանական ֆենոմեն` փախուստ իրականությունից: Երկու հեղինակներն էլ սյուժետային հնարքի միջոցով ստեղծում են պատկերը մարդկանցից թափուր քաղաքի, որում շրջում է միայնակ հերոսը: Ռոմանտիզմի հանդեպ այս հակումը ենթադրում եմ, որ միայն տարիքային չէ. կան, անկասկած, նաև օբյեկտիվ պատճառներ` խույս տալու փնթի ու անհրապույր, կոպիտ իրականությունից, պաշտպանվելու դրանից:

Այս տրամաբանությունը հետաքրքիր զարգացում է ապրում «Եվ խոսեց աշխարհը» պատմվածքում, որի հեղինակը դեմքով շուռ է գալիս դեպի այդ փնթի ու անտարբեր իրականությունը, դեպի քաղքենիական բթությունն ու բնության անունից դատավճիռ կարդում դրան:

Սակայն իրականության իսկապես սթափ իմաստավորում կա Տաթև Դերզյանի «Հրեշտակներն անուն չունեն» պատմվածքում, որն ինձ անսպասելի ուրախացրեց: Այս գործը մեկն է այն քչերից, որ թեմատիկ դասակարգումից դուրս են և գրողական լուրջ հայտ են ներկայացնում: Պատմվածքն ինչ-որ տեղ հիշեցրեց դպրոցական թեմայով սովետական ֆիլմերը: Ըստ էության` նույն խնդիրներն են, նույն բախումը, դեռահասի մեջ մարդկայինը արթնացնելու, խղճի և բարության առաջին լուրջ դասերը տալու դժվարին գործը, որ տվյալ դեպքում ստանձնում է տարօրինակ հերոսը:

Այստեղ առկա է հենց քրիստոնեական արժեքների ինքնուրույն իմաստավորում ժամանակակից դպրոցական կյանքի բովում. «հրեշտակն» էլ միանգամայն ճանաչելի կերպար է` Աստծու խենթը (юродивый), իշխան Միշկինը, ում բարեհոգի պարզության ու հեզության առջև պիտի նահանջի սովորական դարձած չարությունը: Պարզ, բայց մոռացված ճշմարտություններ, որ 1700-ամյա քրիստոնյաներին, ավաղ, հարկ է նորից հայտնաբերել…

Զուտ գրողական հմտության, գեղարվեստական տեքստ ստեղծելու հմտության տեսակետից թերևս առաջին տեղում է Մանե Գևորգյանի «Բաց դուռը» պատմվածքը: Ընդհանրապես գրականության մեջ և կինոյում հայելային նմանակների ու կրկնօրինակների թեման բավական տարածված է, բայց այս գործն ինձ միանշանակ կերպով հիշեցրեց Էդգար Պոյի «Վիլյամ Վիլսոն» պատմվածքը: Սակայն եթե Պոյի մոտ ակնհայտ է հերոսի բարոյական ուղու և խղճմտանքի դրաման` սեփական խիղճը հանձինս հայելային նմանակի, սպանելու այլաբանության և այդպիսով գործված բարոյական ինքնասպանության մեջ, ապա «Բաց դուռը» պատմվածքում հեղինակային ասելիքն այդպես էլ չի ուրվագծվում` փոխարենը դատարկ տեղերը լցնելով կենցաղի սրամիտ մանրապատկերներով: Ակամայից հիշեցի նաև նույն «Վիլյամ Վիլսոն»-ի մոտիվներով նկարահանված մի սարսափ ֆիլմ` «The Broken» անունը կրող (ռեժիսոր` Շոն Էլիս, 2008 թ., Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա), որում հերոսների հայելային արտացոլումները փշրում-դուրս են գալիս հայելային աշխարհից և, սպանելով իրենց «բնօրինակներին», գրավում նրանց տեղը: Պատմվածքի արժանիքներին պետք է վերագրել օպտիկական խաղի փոխանցման այն վարպետությունը, որ մի պահ նմանատիպ մի սարսափ է ներշնչում:

Սարսափի ու միստիկայի թեման առիթ է դառնում խորհելու ժանրային բազմազանության մասին: Իսկապես` ո՞ւր են մեր քինգերն ու բրեդբերիները, քրիստիներն ու թոլքիենները, սայմակներն ու ստրուգացկիները… Վերն արդեն ակնարկեցի գրականության ակադեմիականացման մասին, որի արդյունքում արհամարհվում են «բուլվառային» ուղղությունները. գրվում են հույժ պրոֆեսիոնալ տեքստեր, որոնք հաճախ որքան «պրոֆեսիոնալ», նույնքան էլ իրար նման ու ձանձրալի են: Սակայն սա առանձին խոսակցության թեմա է:

Տվյալ դեպքում պարզապես ուրախությամբ նշում եմ, որ մրցույթի մասնակիցները, գրականության հանդեպ իրենց մոտեցման մեջ դեռ չեն կորցրել այն մանկական անմիջականությունը, նախասիրությունների այն ինքնատիպությունն ու անկեղծությունը, առանց որոնց չկա նաև մեծ, իսկական գրականություն:

Ակնարկս, իհարկե, Ռուբինա Դավթյանի մասին է, ով մրցույթում ներկայացել է երեք պատմվածքներով: Հեղինակի գործերում արդեն կա որոշակի գրողական ընտրություն և ճաշակ: Ակնհայտ է, որ գործ ունենք հեքիաթի ու միստիկայի` ֆենթըսիի աշխարհի հետ: Այստեղ և՛ հին հունական առասպելների մոտիվներն ու պատումներն են («Ծեր ձիու պատմությունը»), և՛ թոլքիենյան Միջերկրի ու սկանդինավյան ասքերի հերոսները («Եվ Աստղը կշողա Արևի ու Լուսնի հանդիպմանը»), և՛ ինքնատիպ քինգյան սարսափի հետաքրքիր մի պարաֆրազ («Յուրահատուկ նվերը»): Չգիտեմ, թե հեղինակն ինչ ճանապարհով կգնա, սակայն այսօր արդեն նկատելի է մանկական ու պատանեկան գրականություն ստեղծելու նրա տաղանդը:

Ուշագրավ է նաև «Երեք հրացանակիրներն ու առաջին անարդարությունը» պատմվածքը, որի հեղինակին հաջողվել է ընդամենի երկու էջի սահմաններում կերտել այնպիսի դինամիկ մանրապատում, որ հերոսի ապրումներն ամբողջապես համակում ու գրավում են նաև ընթերցողին: Ի միջի այլոց ասեմ, որ եթե գրքի հանդեպ պատմվածքի հերոսի ունեցած կրքոտ սերը չմնա եզակի օրինակ, եթե այն ինչ-որ հրաշքով վերածնվի այս նոր սերնդի մեջ, ապա մեր գրականությանը, անկասկած, փայլուն ապագա է սպասվում:

Գրիգոր Սարգսյան

Advertisements

5 Comments

  1. Arpine says:

    Շատ շնորհակալություն Պարոն Սարգսյանին կարծիքի համար, բայց ես հենց սկզբից շնչակտուր ուզում էի արագ-արագ կարդալ, որպեսզի իմանամ, թե ինչ կարծիք ունեն իմ պատմվածքի մասին` զուտ պրոֆեսիոնալ տեսանկյունից, բայց ոչ բոլոր պատմվածքների մենկաբանությունը կար, չնայած որ մեծամասամբ պատմվածքները մեկնաբանվել էին: Իսկ դա ինչի հետ էր կապված?

    Like

  2. Գրիգոր says:

    Արփինե, ես անվանական նշել եմ վերջում միայն այն պատմվածքները, որոնք, ըստ իս, բոլորից հաջողն էին: Իսկ մինչ այդ բոլոր պատմվածքները ավելի շուտ ամփոփել եմ թեմատիկ դասակարգման միջոցով` հիշատակելով միայն այս կամ այն կերպ առանձնացողները (ոչ պարտադիր իրենց գեղարվեստական արժանիքներով): Երևի մոռացա անդրադառնալ միայն արկածային ժանրի գործերին. դրանք մի երկուսն էին ընդամենը` “Անսպասելի արկած” և “Վրեժը”, ուղղակի էստեղ էլ աչքի զարնվող ինչ-որ նվաճումներ չտեսա:

    Like

  3. Svetlana says:

    Shat shnorhakal em dzer karciki hamar, sakayn gtnum em,vor im patmvacqi imast@ sxal e haskacvel:Kuzenayi nshel,vor es chem hamarum irakanutyun@ փնթի ու անտարբեր,@st is ays gcer@ karox e krel miayn mayd@.Patmvacqi imastn ays e. chnayac narn,vor mardik chen nkatum u chen haskanum ashxarhi gexeckutyunn u nranc kap@ bnutyan het,chen cankanum gnahatel bnutyan @ncaner@,bnutyn@ erbeq chi charanum nranc nkatmamb,ayl hakarak@,<> e lcnum nranc kyanq@.

    Like

  4. avast says:

    Պարոն Սարգսյան Ձեզ ծանոթ չէ Աղասի Այվազյանի Գրախանութ պատմվածքը? : Ուշագրավ է նաև «Երեք հրացանակիրներն ու առաջին անարդարությունը» պատմվածքը, որի հեղինակին հաջողվել է ընդամենի երկու էջի սահմաններում կերտել այնպիսի դինամիկ մանրապատում, որ հերոսի ապրումներն ամբողջապես համակում ու գրավում են նաև ընթերցողին:

    Like

  5. Չաուշ says:

    The goods are judge , and of our pleasant dreems make instruments to plague us .

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: