Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Գիյոմ Ապոլիներ. «Ստվերը»

Գիյոմ Ապոլիներ. «Ստվերը»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,059 կտտոց

Դա կեսօրից քիչ առաջ էր: Առջևումս մի ստվեր տեսա: Բայց ի զարմանս ինձ` ստվերը տեր չուներ, այն քայլում էր ինքն իրեն: Սահում էր առաջ, շեղ փռվում` գետնին: Հասնելով մայթին, անսպասելի կոտրտվում էր, բաժանվում երկու մասի, ապա անցնելով պատի մոտով, ուղղվում էր հասակով մեկ, ասես մարտահրավեր էր նետում մեկին, հավանաբար արեգակին, քանի որ աշխարհը ոչինչ չէր ծածկում նրանից: Ես հետևեցի նրան և ճիշտ այն պահին, երբ մտնում էր մի ամայի, նեղ փողոց, ինձ թվաց, թե նա այդ կողմ գնաց առանց տատանվելու:

Բայց արդյո՞ք ժամանակը չէ նկարագրելու այդ ստվերը, ավելի ճիշտ` նրա ուրվագիծը: Հայտնի է, որ յուրաքանչյուր ստվեր անդադար փոխում է իր ուրվագիծը. մեկ ասես նիհարում է, անհամաչափ երկարաձգվում, մեկ, ընդհակառակն, այնքան է լայնանում, որ նմանվում է տակառի: Միայնակ ստվերը, որի մասին պատմում եմ, իր համեմատաբար կայուն վիճակով բացահայտում էր բարեկազմ մի երիտասարդի ուրվապատկեր. երբեմն խուսափուկ գծագրվում էին բեղի ծայրը, նուրբ կիսադեմը:

Փոքրիկ փողոցի վերջում հայտնվեց մի աղջիկ: Նա գալիս էր դիմացից, և ստվերը, հավասարվելով աղջկան, սահեց նրա մարմնի վրայով, ասես ուզում էր համբուրել: Աղջիկը ցնցվեց, արագ շրջվեց նրա կողմը, բայց ստվերը մի պահ ցոլաց ու անցավ` սուրալով անհարթ սալահատակի վրայով: Աղջիկը, որ ուներ տխուր ու համակերպված դեմք, բոլոր նրանց նման, ովքեր պատերազմում մարդ են կորցրել, դժվարությամբ զսպեց ճիչը, և ինձ թվաց, թե դեմքին բոցավառվեց ափսոսանքին խառնված ուրախություն… Հետո դեմքը նորից դարձավ թախծոտ, բայց աչքերը ագահորեն հետևում էին կապտավուն ստվերի սահուն շարժմանը:

– Ուրեմն ճանաչու՞մ եք նրան, – հարցրի աղջկան,- ճանաչու՞մ եք այդ միայնակ, կապույտ ստվերին:

– Դուք նույնպե՞ս տեսաք,- բացականչեց նա:- Ուրեմն դու՞ք էլ տեսաք:- Այո՛, այո՛, երկուսս էլ տեսանք մարդկային մարմնի ձև ունեցող այդ շարժուն, հոսուն չգոյությունը: Ինձ թվում է` ճանաչեցի: Օ՜հ, ո՛չ, չի թվում, այլ իսկապես ճանաչեցի, տեսա կիսադեմը, բեղերը, թեև չտեսա հայացքը… Ճանաչեցի: Չի փոխվել այն օրից, ինչ վերջին անգամ արձակուրդ է եկել այստեղ: Մենք նշանված էինք և պիտի ամուսնանայինք, եթե նրան մեկ էլ թողնեին տուն: Բայց արկի բեկորը դիպել էր սրտին, սպանել էր: Եվ այնուամենայնիվ տեսնում եք նրան: Ողջ է նրա ստվերը: Եվ ավելի նյութական է, քան նրա հուշը և, միաժամանակ` ավելի անցողիկ…

Աղջիկը հեռացավ: Նրա աչքերում փայլում էր ջահել, կրակոտ սերը: Նրան հրաժեշտ տալուց հետո շարունակեցի քայլել ստվերի ետևից: Ուրվապատկերը սահում, ծալվում էր սալահատակի անհարթությունների վրա: Մեկ անգամ էլ նրան տեսա եկեղեցու մոտ, հետո գլխավոր փողոցում, հայտնվում ու կորչում էր անցորդների մեջ, որոնք չէին նկատում իրենց կողքից սահող հարափոփոխ, կապտավուն ստվերը:

Ստվերը թափառում էր փողոցներում, կանգ առնում խանութների ցուցափեղկերի առջև, ակներևաբար այդ զբոսանքը հարազատ վայրերով անսահման բավականություն էր պատճառում նրան: Ժամանակ առ ժամանակ նա չքանում էր, խառնվում ուրիշ ստվերների, քայլող մարդկանց ստվերներին, կարծես բնավ չէր տարբերվում նրանցից:

Քաղաքային զբոսայգում, ուր հետևում էի նրան, ստվերն աշխատում էր մոտ գտնվել վարդի ծաղկած թփերին: Թվում էր` ըմբոշխնում է վարդերի աննման բուրմունքը և թվում էր` ցնցվում է հեկեկանքներից:

Ես շունչս պահած դիտում էի, թե ինչպես էր մորմոքվում խեղճ ստվերը: Ուզում էի մի կերպ սփոփել, եղբոր նման համբուրել նրան, ինչպես ժամանակին համբուրվում էին առաջին քրիստոնյաները: Բայց նրա առեղծվածն ինձ համար անլուծելի էր, և միակ բանը, որ կարող էի անել, իմ ստվերը նրա աննյութ մարմնին միախառնելն էր:

Ես խոնարհվեցի նրա վրա և անմիջապես ընկրկեցի. վախեցա տրորեմ, ցավ պատճառեմ նրան: Ստվերի մենակությունը հոգումս խոր կարեկցանք էր առաջացնում: Բայց հանկարծ, ինչ-որ անմեկնելի ձևով, ստվերն ինձ հասկացրեց, թե ինքը երջանիկ է և իր արտասուքը ուրախության արտասուք է, քանզի իրեն անմահություն է ընծայվել. հաշտվելով մարմնի անհետացմանը, նա հաղորդակից է մնացել այն ամենին, ինչ թանկ և հարազատ է եղել իրեն` մահացածին… Եվ ինքը երջանիկ է, որ կարող է հաճախել երբեմնի ծանոթ վայրերը:

Այո, այդ այդպես էր: Ինձ համակեց հանդարտ ուրախություն, և ես արդեն ժպիտով դիտում էի, թե ինչպես է ստվերը խայտում կանաչ խոտերի ու ծաղկած թփերի մեջ: Այնուհետև տեսա, որ ստվերը հեռանում է քաղաքային զբոսայգուց, նորից հետևեցի նրան: Ինձ տարավ-հասցրեց գերեզմանոց, այն տեղը, որ նախատեսված էր այն մարդու համար, ում ինքն էր պատկանում մի ժամանակ, բայց որի մարմինը այնտեղ չի թաղվելու: Հետո ստվերը վերադարձավ մթնշաղի մեջ սուզվող քաղաքը, և այստեղ իջավ գիշերը:

Հետզհետե ստվերը ավելի դժվար էր զանազանվում, մինչև որ ի վերջո առհասարակ կորավ թանձրացող խավարում: Բայց ես հասկացա, որ մահն անզոր է և հազիվ թե կարողանա մահացածներին խանգարել ապրել մեր մեջ: Մահացածները չեն անհետանում: Այն միայնակ, հավերժական ստվերը, որ թափառում է փոքրիկ քաղաքի փողոցներում, պակաս իրական չէր, քան մեր հիշողության մեջ դրոշմված, մեզնից հեռացածների դեմքերը, մեզ երբեք չլքող կապույտ ուրվականները:

Թարգմ. Ս. Ավագյան

Գիյոմ Ապոլիներ(1880-1918)- ֆրանսիացի պոետ, 20-րդ դարասկզբի եվրոպական ավանգարդ ուղղության ամենաազդեցիկ ֆիգուրաներից մեկը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: