Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Հոգևոր ինքնակենսագրություն կամ մի քրիստոնյա ընտանիքի ժամանակագրություն

Հոգևոր ինքնակենսագրություն կամ մի քրիստոնյա ընտանիքի ժամանակագրություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,299 կտտոց

մանկական հուշերԵս ծնվել եմ այն ժամանակ, երբ պատմական հեգեմոնիաներից մեկն ընկավ` իր ժողովրդին թողնելով ոչ այլ ինչ, քան հետագա կյանքի անհայտությունը:

Դրան նախորդած մեծ երկրաշարժն էլ ծնողներիս ու իմ տունը փոխարինել էր ժամանակավոր մի հյուղակով. մանկությանս վաղ տարիներն էլ անցան էներգիայի բացակայության ու խավարի մեջ, որ պատուհասեց Հայաստանին ղարաբաղյան պատերազմի պատճառով: Ծնողներս էլ աշխատում էին, ու հայրիկիս հորաքույրը, ով երկրաշարժի ժամանակ նույնպես կորցրել էր իր տունը` դարձել էր դայակս:

Ես լավ եմ հիշում մեր երեք սենյականոց «պալատներում» վերուվար անող նրա լղար ուրվապատկերը, որ ինձ համար կտրտած սոխ ու աղ էր պատրաստում, ինչն ըստ նրա` ծայրահեղ առողջարար պիտի լիներ: Նա միշտ հագնում էր բաց գույնի շրջազգեստներ, որոնք սովորաբար քսվում էին հատակին, ու միշտ ոսկեգույն էր ներկում մազերը` փաթաթելով դրանք հին լրագրերից կտրտված բիգուդիներով: Եվ քանի որ բավարար հասակ չունեի նրա ձեռքին հասնելու համար` միշտ ճանկում էի նրա շրջազգեստի փեշն, ու երբ միասին այդպես զբոսնում էինք փողոցներով` երկու գնչուհիներ էինք հիշեցնում մշտապես:

Չնայած իր բոլոր տարօրինակություններին ու սնահավատ բնույթին` հորաքույրս խիստ հավատավոր քրիստոնյա էր: Հայերն առաքելական քրիստոնյաներ են, ու թեև Խորհրդային Միությունը փորձում էր բոլորին ծածկել իր աթեիզմ կոչվող վերմակով, սակայն դրա փլուզումից հետո բոլորն էլի հետ գնացին դեպի կրոնը, թեև նրանցից շատերը կյանքում Աստվածաշունչն ձեռքերն անգամ առած չկային:

Իմ մեծ հորաքույր Քնարն այդ վերադարձողներից չէր: Նա երբեք բաց չէր թողել ոչ մի ուխտագնացություն, եկեղեցական հարցերում միշտ առաջինն էր, սակայն նրա քրիստոնեական հավատի մակարդակը չափազանց տարրական էր: Նա ուներ Աստվածաշնչի իր սեփական մեկնաբանությունները, որ գալիս էր արտաեկեղեցական բազմազան քարոզիչներից կամ իր նման այլ հավատացյալների զրույցներից: Բայց երբ թերթում եմ մանկությանս էջերը` հասկանում եմ, որ իմ առաջին քրիստոնեական փորձառության համար ես հենց նրան եմ պարտական:

Նա անզուգական էր պատմություններ պատմելիս, և յուրաքանչյուր պատմությունից հետո միշտ պատվիրում էր ինձ գրել դրանք` երբ մեծանամ: Դրանցից ամենասիրածս այն մասին էր, թե ինչպես էր մեծ պապիս ընտանիքը վերադարձել քրիստոնեական հավատքին: Կարծում եմ, որ բոլորից շատ դա է դուրս գալիս, քանի որ այն, թերևս, միակն է, որ իր մեջ իրականության գոնե մի կտոր էր պարունակում:

Պատմությունը տեղի է ունեցել վաղ 1900-ականներին, երբ մեծ պապիկս ու նրա կինը` Մարիամն ունեցան նրանց առաջին որդուն` Գրիգորին: Երկուսն էլ` տատս ու պապս գրեթե կրթություն չունեին, և այնպիսի գաղափարախոսություն ինչպես քրիստոնեությունն էր նրանց կյանքում դրսևորվում էր ավանդույթների տեսքով միայն:

Եվ մի օր, երբ Գրիգորն արդեն այնքան մեծ էր, որ կարող էր հաց գնելու ուղարկվել` վերադարձավ տուն ձեռքերում մի նրբակազմ գրքույկ, որ գտել էր մի լքված կառքում:

Քանի որ Մարիամն անգրագետ էր, ուստի վերցրեց գիրքն ու դրեց սնդուկի ամենախորքը, որտեղ ընտանիքի ողջ հագուստեղենն էր պահվում: Երբ Հաբեթը` պապիկս, եկավ տուն` Մարիամը մոռացավ պատմել նրան Գրիգորի գտածոյի մասին:

Տան ամենօրյա գործերից հետո մեծ տատս ու պապս գնացին քնելու: Հաբեթը մի երազ տեսավ, որ փոխեց նրա կյանքը: Ըստ մեծ հորաքրոջս` նրա երազում շատ բարձրահասակ ու վայելուչ մի երիտասարդ` ձիավորի սև ծածկոցն ուսերին թակում է նրանց դուռը: Երբ Հաբեթը բացում է դուռը, նա այնպես ուժգին է ապտակում Հաբեթի դեմքին, որ Հաբեթը վեր է ցատկում աջ այտի կատաղի ցավից: Նա անմիջապես պատմում է կնոջը երազի ու ապտակի մասին: Մարիամը դիակի պես գունատ վազում է դեպի սնդուկն ու հանում է գիրքը, որն ընկած էր կեղտոտ հագուստի կույտի տակ: Պարզվում է, որ գիրքը «Սուրբ Կիպրիանոսն» էր: Այդ իսկ գիշերվանից գիրքը դարձավ Մուրադյան ընտանիքի առավելագույն կարևոր անդամն ու նրանց հավատի լուսավորիչը:

Այդ գիրքն հիմա հանգչում է մեր ամառանոցում: Մեծ տատիս ու պապիս նման ես դա կախարդական չեմ համարում, բայց մտածում եմ, որ պատմությունը շատ կարևոր է ընտանիքիս համար և հոգևոր կենսագրությանս Այբը դարձավ:

Հաջորդ մեծագույն իրադարձությունն իմ կնունքն է: Ես միշտ փորձել եմ միացնել այդ օրվա հիշողությանս կտորները մի ամբողջական պատկեր ստանալու համար, բայց առավելագույնը մնում է դարձյալ ծնողներիս պատմածը: Պատճառներից մեկն այն է, որ այդ օրը վատառողջ էի: Ես միայն հիշում եմ անձրևն ու իմ վարդագույն ու մանուշակագույն շերտերով գորշ ձմեռային վերարկուն, շերտ-շերտ նարինջները, որոնց ինձ արգելում էին ձեռք տալ, քանի որ շարունակ սիրտս խառնում էր և իհարկե` եկեղեցին:

Իմ Շուշանիկ տատը, ում ողջ կյանքում նույն «աթեիզմի վերմակն էր տաքացրել», որոշեց մկրտվել ինձ հետ: Մեր կնունքը կայացավ հենց նույն եկեղեցում, ուր ծնողներս էին ամուսնացել: Ես շատ եմ ճամփորդել ու այցել եմ բազմաթիվ եկեղեցիներ, բայց կարծում եմ, որ հենց դա է իմ սիրելի եկեղեցին, չնայած հատուկ ու նշանակալի որևէ բան կարծես չունի: Երբ մտածում եմ, թե քրիստոնյա եմ, ապա ինքնաբերաբար սկսում եմ մտածել հենց այդ եկեղեցու մասին: Կառուցվել է դեռ XVIII դարում: Հրապուրիչ բուրմունքը խնկի, մոռացված ու ժանգոտ մի կրպակ, որտեղ մի կին մոմեր է վաճառում ու խորհրդավոր խցեր: Եկեղեցին վերապրել է մի-քանի երկրաշարժ, սակայն դեռևս մնում է քաղաքացիների այցելության ամենասիրելի տեղը: Ես հիշում եմ, թե ինչպես մեծ հորաքրոջս հետ միասին մենք ժամերով ծնկում էինք զոհասեղանի առջև, որտեղ եկեղեցականը երգում էր, ու չնայած ոչ մեկս չէինք կարող հասկանալ նրա արտասանած բառերը` մենք լսում էինք ու պիտի լսեինք:

Ինձանից բացի բոլոր կանայք դահլիճում գլխաշորեր ունեին, ես սիրում էի դրանք, քանի որ այդ գլխաշորերը բուրում էին այդ տարեց տիկնանց բույրով: Այնուհետև, իբրև մեր ամենօրյա արարողակարգի մի կարևոր մաս, մենք գնում էինք խորհրդավոր խուցը, որտեղ իմ մեծ հորաքույրը նախընտրում էր վառել իր մոմերը: Մոմերից բարձրացող ծուխը ծածկում էր հայացքս մինչև որ րոպեներ անց, այդ մառախուղը տարրալուծվում էր օդի մեջ: Միայն այդ ժամանակ կարելի էր տեսնել արձանը: Դա Ամենափրկիչն էր: Անգամ մի հպանցիկ հայացք բավական էր մաշկի վրա սարսուռ զգալու և խոնարհվելու համար: Արձանի աչքերը փակ էին, բայց միշտ թվում էր, թե այն հետևում էր քո ամեն մի քայլափոխին ու անգամ` յուրաքանչյուր մտքին:

Բազուկները տարածված էին ու ոտքերը խաչված, թվում էր, թե այն իր ուսերին է պահում եկեղեցու ողջ ծանրությունն` ասես երկինքը պահող հունական տիտան` Ատլասը: Մոմեր վառելու և աղոթքի ծեսից հետո մենք մոտենում էինք արձանին: Քնարը մեղմորեն համբուրում էր արձանի ոտքերը, ապա ինձ ևս բարձրացնում էր համբուրելու: Այդ պահերին մի սառը դող էր անցնում մարմնովս` գլխիցս մինչև ներբաններս, բայց ես խոնարհաբար համբուրում էի նրա ոտքերն ու խաչակնքվում, ապա նոր իջեցվում գետնին: Մինչև հիմա զգում եմ նույն դողն երբ մտնում եմ այդ խուցը, կամ երբ մտածում եմ այդ արձանի մասին: Զգում էի, որ վախենում էի նրանից ավելի շատ քան որևէ այլ բանից: Նա ամեն ինչ էր. բաշխողը, կործանարարը, փրկիչը, պահպանիչն ու հույսը: Մարդիկ միշտ խուսափում էին զրուցել կամ անդրադառնալ այդ հարթ վինիլային արձանին:

Հետո հիշում եմ իմ մեծ հորաքրոջ լավագույն ընկերուհուն, նա քրիստոնեությունը մեկնաբանում էր ճիշտ նույն կերպ: Գալիս էր միշտ, երբ ծնողներս տանը չէին լինում` այդ այցելությունները կոչվում էին մի գավաթ սուրճի այցեր, կամ թեթև ճաշ: Նրանք խմում էին իրենց սև սուրճն ու շրջում գավաթները սպասելով, որ սուրճը չորանա, որ կարողանային բախտերը նայել: Ապա մեծ հորաքույրս հանում էր գուշակության քարտերն ու նրանք բացում էին ոչ միայն իրենց բախտերը, այլ նաև բոլոր նրանց, ում կարևորում էին: Մի օր, հիշում եմ, ձանձրանալով` քանի որ մշտապես արգելվում էր մասնակցել իրենց սուրճին ու ճաշին, նրանց ուշադրությունը վրաս հրավիրելու համար, ձևացրեցի թե եկեղեցու արձանն եմ` ձեռքերս լայն բացած: Երկուսն էլ շրջվեցին ու վախեցնող ձայնով բղավեցին` ՉԻ ԿԱՐԵԼԻ: Ես լուռ անցա իմ սենյակն ու սկսեցի առաջվանից ավելի շատ վախենալ այդ արձանից:

Մեծ հորաքույրս միշտ ասում էր, որ մարդ պետք է վախենա Աստծուց, քանի որ փրկության միակ ուղին դա է:

Քնարն անկրկնելի էր և իր սնահավատությունների մեջ: Նա ուսուցանում էր ինձ իր սեփական խորամանկություններից մի քանիսը, որոնց պարտավոր էի հետևել Չարի գրոհի ժամանակ: Դրանցից առաջինն, իհարկե, խաչակնքվելն էր. անմիջապես երբ տեսնեի Սատանային` խաչն անպայման դևին ավազ կդարձներ: Նա նաև մշակել էր իր սեփական անվտանգության միջոցառումերը` որոշ հատուկ լույսերի նկատմամբ: Հիշում եմ, որ մի կտոր զուգարանի թղթով ծածկում էր մեր հեռուստացույցի պարապ-ընթացի կարմիր լույսը, ասելով բոլորին, որ գիշերները դա Սատանի լույսն է դառնում: Նա նաև միակն էր, ով ինձ սովորեցնում էր աղոթել (սովորական գրաբար աղոթք) չնայած` ինքն էլ բառերի մեծ մասը սխալ էր արտասանում:

Նրա ուսմունքն ավարտվեց այն ժամանակ, երբ մեծացա այնքան, որ դպրոց գնացի ու էլ չէի սարսափում Սատանայից ու արձանից: Ավելի ուշ ես սկսեցի ինքնուրույն կարդալ Աստվածաշունչն ու մշակեցի քրիստոնեության սեփական ընկալումս: Ես կարդում եմ շատ գրքեր, պոեզիա, ու փորձում եմ գտնել հարցերիս պատասխանները, և յուրաքանչյուր անգամ գալիս եմ այն եզրակացությանը, որ ավելի շատ նախընտրում եմ մանկությանս դասերը` ծղրիդային, սնահավատ ու ինչ որ չափով պարադոքսալ բայց` հենց իմը: Քրիստոնեությունն իմ մանկության մի փոքր մասն է, որ հիմա ետ նայելով, հիշում եմ ժպիտով ու ջերմությամբ:

Օկլահոմայում, երբ իմ հյուրընկալ ընտանիքի հետ պետք էր գնալ բապտիստական եկեղեցի, ես սկսեցի հասկանալ, թե ինչ արժեր հայ եկեղեցին ինձ համար: Ես շշնջում էի այն աղոթքը, որ իմ մեծ հորաքույրն էր սովորեցրել, բայց հիմա դրա իրական արտասանությամբ և հպարտ էի զգում:

Եվա Մուրադյան


1 Comment

  1. Hripsime says:

    Du nuyn erazkot u parz, qo mankutyan husheri nman maqur u jinj axjikn es, du shat aveli qristonya es qan nranq, ovqer an@ndhat xosum en qrisoneutyan masin.erani shater@ @nkalein ashxarh@ aynpes inchpes du. Es hpartanum em qezanov

    Like

Leave a comment