Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Ծեր նկարիչը

Ծեր նկարիչը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Ոչ ոքի համար զարմանալի չէր այդ ծեր նկարչին օրվա մեջ մի քանի անգամ իր փոստարկղը ստուգելիս տեսնելը: Իսկ պատճառը կարելի էր միայն գուշակել, քանի որ նա խուսափում էր մարդկանց իր գաղտնիքները պատմելուց. բնավորության մի գիծ, որը բնորոշ է գրեթե բոլոր արվեստագետներին: Նման էր մի մոլորակի, որի մասին կարելի էր լսել, տեսնել, բայց շատ դժվար կլինի նրան մոտենալ:

Բոլորի համար առեղծվածային տխրությամբ համակված այդ ծերունին յոթանասունվեց տարեկան էր: Շատերը նրան նմանեցնում էին Վան Գոգին` նույն թախծալի աչքերով, երկար քթով ու հետ սանրած մազերով: Իսկ քայլվածքը նման էր այն մարդկանց քայլվածքին, որոնք անընդհատ ինչ-որ բանի են սպասում:

 Այս ծերունին արդեն երկար տարիներ սպասում էր նամակի ժամանելուն, բայց ի տարբերություն Վան Գոգի` դրանք երբեք չէր ստանում: Չնայած համոզված էր, որ փոստարկղը դատարկ է լինելու, օրվա մեջ մի քանի անգամ անվստահ քայլերով մոտենում էր, նայում և կրկին հեռանում: Ինքն էլ չգտեր` կստանա՞ արդյոք այդքան երկար սպասված նամակը իր միակ որդուց, որի կյանքում կարևորել էր կրթությունը և ցանկացել, որ նա կյանքում կարողանա հասնել մեծ բարձունքների: Ձգտել էր որդու մեջ սերմանել մարդկային այնպիսի հատկանիշներ, որոնք ձեռք են բերվում դժվար, բայց չեն լքում մեզ մեր ամբողջ կյանքի ընթացում: Նրա որդին, իրոք, հասավ սպասված արդյունքի` դառնալով իրավաբան: Իհարկե, այդ մասնագիտության տեր մարդիկ շատ են, բայց նա բոլորովին նման չէր այն արգահատելի իրավաբաններին, ովքեր իրենց գործը կատարում են կեղծավորությունը խրախուսելով: Ազնվությունն էր, որ օգնեց այս ներհուն երիտասարդին լինել սիրված և գնահատված բոլորի կողմից: Շուտով ստացավ աշխատանքի շահավետ առաջարկ. ստիպված էր մեկնել: Նա հասկանում էր, որ այդ որոշումը իր կյանքի ամենակարևոր որոշումներից է:

– Ես հավատացած եմ, որ սա շատ մեծ հնարավորություն է քեզ համար, տղա՛ս: Դու պետք է օգտագործես այն:

– Բայց ես չեմ ցանկանում քեզ մենակ թողնել: Ես կկարողանամ լավ աշխատանք գտնել նաև այստեղ:

Հայրը, այնուամենայնիվ, կարողացավ համոզել որդուն, որ նա ընդունի առաջարկը: Մի քանի օր անց հայրը տեղեկացավ որդու նամակից, որ նրա մոտ ամեն ինչ հրաշալի է: Դա էլ հենց եղավ առաջին և վերջին նամակը: Հայրը տարիներ շարունակ փորձում էր արդարացնել որդուն` համոզված լինելով, որ նա իրեն չէր կարող մոռանալ: Նրա համար ցավալի էր մտածել, թե իր միակ զավակը, որին սիրել էր այն սիրով, որին ընդունակ է միայն ծնողը, կարող էր այդքան շուտ մոռանալ իրեն:

 ***

Տեղատարափ անձրև էր տեղում: Ամպերը կախվել էին քաղաքի վրա և թվում էր` ցանկանում են ավելի մեծ ուժով կլանել քաղաքը, բայց ինչ-որ բան ստիպում էր նրանց նահանջել: Ծերունին իջավ պարտեզ: Ծաղիկների և տերևների վրա զինվորների նման շարվել էին անձրևի կաթիլները, և եթե փորձեիր նրանց ձեռք տալ, անմիջապես փոխարինելու էին գալիս մյուսները: Նկարիչը այս առավոտը ևս սկսեց փոստարկղը ստուգելով: Բացեց այն և քարացավ` տեսնելով սպիտակ մի ծրար: Այդ պահին նա նման էր մի մանկան, որին, երկար տարիներ մի բանից զրկելուց հետո, վերջապես թույլ էին տվել վայելել դրանից օգտվելու հաճույքը: Ծրարը ավելի մոտեցրեեց արդեն թաց աչքերին. ցանկանում էր համոզվել, որ որդուց է: Երբ որդու անունը տեսավ ծրարի վրա, մի պահ ժպտաց, ապա մի աննկարագրելի դող անցավ մարմնով:

 Կարդալ սկսեց հենց անձրևի տակ. չէր ցանկանում կորցնել անգամ մեկ վայրկյան: Ձեռքերը նամակը պահել չկարողանալու չափ դողում էին, բայց անհնար էր չկռահել, որ նամակի բովանդակությունը հենց այն էր, ինչի մասին երազել էր այս տարիների ընթացքում: Մի քանի անգամ վերընթերցեց նամակը, ապա հայացքը դեպի երկինք և շշնջաց. «Շնորհակալ եմ»:

 Անձրևն արդեն տեղի էր տալիս, իսկ ամպերը իրենց դիրքը կամաց-կամաց զիջում էին արևին: Հավանաբար ծերունու ուրախությունը անգամ եղանակը փոխելու չափ անկեղծ էր: Այդպես էլ կանգնեց մինչև երեկո` նամակը ձեռքին: Մի քանի անգամ փորձեց հաշվել, թե քանի տարի է, ինչ չի տեսել որդուն, բայց այդպես էլ չգտավ հստակ պատասխան:

 Շուտով հեռվում հայտնվեց մի կերպարանք: Ինչքան մոտենում էր, այնքան ընդգծվում էին ոսկրոտ երեսը, անոսր թիկունքը, խիտ մազերը և դեմքի` երեխային բնորոշ պարզ ու միամիտ արտահայտությունը: Նա արդեն կանգնած էր հոր առջև:

 Երկուսն էլ մի պահ կարծես կոցրած լինեին խոսելու ունակությունը, քանի որ ամեն մեկը սպասում էր մյուսի խոսելուն:

 Որդին, հայացքը բարձրացնելով, նայեց հորը` ասելով.

– Ների՛ր ինձ, եթե, իհարկե, դա հնարավոր է:

 Հայրը վերջապես մոտեցավ որդուն:

 -Միգուցե զարմանաս, բայց շնորհակալ եմ նույնիսկ այդ բառի համար:

 – Բայց մի՞թե պատրաստ ես ներել ինձ` առանց իմանալու իմ այսքան տարիների լռության իրական պատճառը:

 Մի թույլ ժպիտ հայտնվեց հոր դեմքին և անմիջապես անհետացավ:

– Եթե այդ պատճառները իրոք ի զորու էին ստիպելու քեզ, որ հորդ ոչ մի նամակ չուղարկես, ապա ես հանգիստ կլինեմ` չմտածելով, որ դու ուղղակի մոռացել էիր ինձ:

 Հայրը մոտեցավ և որդուն իր գիրկն առավ. որքա՜ն էր նա պատկերացրել, թե ինչպես է գրկում և  համբուրում որդուն. հիմա դա իրականություն էր:

 Նրանք նստեցին պարտեզի միակ նստարանին: Թեթև քամուց մի քանի թերթեր ընկան ծառից, որ անմիջապես նրանց գլխավերևում էր: Եղրևանու ծանր, կարծես աստղերից հյուսած ողկույզները մեղմորեն օրորվեցին շոգից քնքշացած քնաբեր օդում: Նրանց խոսակցությունը շատ երկար տևեց: Այնքա՜ն բան կար պատմելու: Ամեն մի թեմա իր հետ բերում էր մեկ այլ խոսակցություն, և այդ ամենը նման էր ուղեծրի. եզրն ու սկիզբը գտնելն անհնար էր:

Սակայն հայրը չէր կարող չզգալ, որ որդին անընդհատ ինչ-որ բան է ցանկանում ասել, բայց վախենում է արձագանքից:

– Ինչո՞ւ ես այդքան անհանգիստ, տղա՛ս: Ինձ թվում է, թե ինչ-որ բան ես ցանկանում ասել, այդպես չէ՞:

Որդին ուշադիր նայեց հորը: «Իսկ եթե նա ինձ չհասկանա և մտածի, թե կրկին կհեռանամ և  այլևս չեմ վերադառնա»,- մտածում էր տղան:

 Վերջապես խոսեց:

 -Ճիշտ ես, կա մի բան, որ պետք է ասեմ, բայց չեմ ցանկանում, որ դու սխալ եզրակացություններ անես: Ես այսօր պետք է մեկնեմ, բայց կվերադառնամ հինգ օրից: Իմացիր, որ այլևս չեմ թողնի, որ այստեղ մենակ մնաս: Հուսով եմ, որ գործած սխալս քեզ չի ստիպի մտածել, թե այս անգամ ևս կհեռանամ և չեմ հիշի քեզ:

Երբ ծերունին լսեց այդ ամենը, կնճիռները մի ցանց հյուսեցին նրա դեմքին.  «Ինչպե՞ս կարելի է երկրորդ անգամ հավատալ քեզ ցավ պատճառած սուտ խոսքերին»:

 -Այսինքն, եթե չլիներ մեկնելու առիթը, դու այդպես էլ չէիր գա` ինձ տեսնելու:

-Դու սխալվում ես: Այդ դատական նիստին մասնակցելու լուրը ստացել եմ քեզ այցելելու որոշումն ընդունելուց հետո: Ես չեմ կարող չգնալ:

Այդ խոսքերը ծերունուն թվացին պարզ երկնքում փայլատակող կայծակ: Նա մտածեց, որ որևէ բան ասելն այլևս անիմաստ է: Ոչինչ չասվեց նաև որդուն ճանապարհելիս: Նա հայացքով ճանապարհեց որդուն, և նա շուտով ձուլվեց հորիզոնի կապույտ մշուշներին:

«Մի՞թե որդիս էլ է ձուլվել այն մարդկանց, որոնք ոտքից գլուխ համակված են կեղծավորությամբ». այդ միտքը երկար տանջում էր ծերունուն:

Չնայած այս խոհերին` նա շարունակում էր հուսալ, բայց այդ հույսը օրեցօր նմանվում էր քամու ալիքների ներքո դրված մի մոմի, որը վերջին ջանքերն էր գործադրում, որ չհանգչի, բայց անիմաստ…

Որդին արդեն պատրաստվում էր վերադառնալ: Նրա համար շատ մեծ ուրախություն էր, որ ինքը հնարավորություն ուներ ուղղել իր կատարած մեծ սխալը և հորը շրջապատել այն հոգատարությամբ, որից զրկված էր եղել երկար տարիներ: Այդ մտածությունների մեջ էր, երբ նրան հայտնեցին, որ ինքը ստիպված կլինի նախատեսվածից երկար մնալ:

-Մի՞թե չի կարելի գտնել մեկին, որը կկարողանա փոխարինել ինձ,- ասաց նա` հազիվ լսելի ու անվստահ ձայնով:

-Դուք ինքներդ շատ լավ գիտեք, որ այդպիսի բան անելն անհնար է,- այսպիսին եղավ պատասխանը:

«Իսկ հայրս ինձ այժմ սպասում է այնպես, ինչպես ծնողը սպասում է իր մանկան ծնվելուն: Իսկ եթե նա այս անգամ այլևս չսպասի ինձ… »:

Ծերունին նստած էր պատշգամբում: Որդու գնալուց հետո նա աչքը չէր կտրել ճանապարհից: Արդեն վեցերորդ օրն էր: Լեռնագագաթներին հանդարտ մարմրում էր ծիրանաշաղախ մայրամուտը: Բայց դա նման չէր սովորական մի մայրամուտի:

Արևի ճառագայթները կարծես շոյում էին նկարչի` անմեղությամբ ու բարությամբ շաղախված դեմքը` ցանկանալով վերջին անգամ ջերմացնել նրա հոգին: Թվում էր` նրանք չէին ցանկանում հեռանալ` ծերունուն մենակ թողնելով լուսնի` սառնություն սփռող ճրագի ներքո: Ծառերն ու ծաղիկները կարծես խոնարհվել էին ծերունու առջև. երևի ցանկանում էին իրենց շնորհակալությունը հայտնել այն ջերմության համար, որ տարիներ շարունակ ստացել էին նրա կողմից: Այդ արևի հետ նկարչին լքեց նաև իր հույսը:

Մութը ցրվել էր. մեղմ առկայծող կրակներով ընդելուզված երկինքը նման էր հրաշագեղ մարգարտահատիկի: Ահարկու սառնամանիքը խոտը կարծես աղով ծածկած լիներ: Լուսինը, որ կիսով չափ ծածկվել էր ամպերով, նման էր սևազգեստ մի հարսնացուի: Իսկ լռությունը անսպասելի հյուրի նման եկել և չէր ցանկանում հեռանալ:

Առավոտյան նկարչի որդին կանգնած էր տան սեմին: Նա անմիջապես նկատեց փոստարկղի մեջ դրված նամակը: «Ուրեմն նա չի կարդացել նամակը և չգիտեր, որ ուշանալու եմ»,- մտածեց որդին, և նրա դեմքը խոժոռվեց:

Այդ տունը նրան երբեք այդքան մռայլ չէր թվացել: Մի քանի րոպե չկարողացավ առաջ քայլել, բայց հենց մեկ քայլ արեց, տեսավ հոր մարմինը: Նա նման էր մի հերոսի. նստած էր հպարտ և ժպիտով, որն այդպես էլ չլքեց նրան: Նա, իրոք, հերոս էր, և ընդհանրապես նշանակություն չունի` արդյոք հերոս ես դառնում զոհվելով պատերազմում, թե կյանքի անվերջ պայքարի ճիրաններն ընկնելով:

 Ծերունու որդին երկար կանգնեց նույն դիրքում: Արցունքները չէին կարող դուրս հանել իր հոգու ցավը. չէին կարող նաև մեղմացնել այն: Հանկարծ նա շշնջաց.

-Ես մտածում էի, թե անցյալը կարելի է ջնջել զղջումով, հրաժարումով կամ մոռացումով: Ցավոք, անցյալի սխալները ունենում են իրենց ազդեցությունը նաև ապագայի վրա:

Կարինե Նանյան, ք. Չարենցավան, 17 տարեկան, Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոց


4 Comments

  1. Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն!

    Like

  2. Arpine says:

    Երանի կյանքը մեզ ընձեռներ հնարավորություն հետ գնալու ու մեր սխալները ուղղելու 😦 Ապրե´ս պատմվածքդ լավն է

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: