Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հարաբերականության հատուկ տեսություն

Հարաբերականության հատուկ տեսություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Քիչ էր մնում ուշաթափվեր: Ժյուրին հենց իրեն էր ամենաբարձրը գնահատել, բազմահազար ներկաները հենց իրեն էին ծափահարում, հեռուստաէկրանների դիմաց նստած կանայք հենց իրեն էին նախանձում, իսկ տղամարդիկ՝ հենց իրենով հիանում… Երջանկության հարվածն ավելի ուժգին է, քան տառապանքինը… Ծնկները ծալվում էին, ձեռքերը՝ դողում, արցունքները՝ խոստանում փչացնել գեղեցիկ շպարը, իսկ բառերը այդպես էլ չէին ուզում դուրս պրծնել բերանից:  Տենդագին դողում էր՝ հազիվհազ գիտակցելով , որ արժանացել է Տիեզերքի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին: Ու ոչ թե երկրի, մայրցամաքի կամ աշխարհի, այլ հենց Տիեզերքի… Ափսոս, որ լոկ մի տարով է թագադրվել: Չնայած երջանկության հարվածների ուժգնությանը, դրանք անկայուն են ու անցողիկ, քանզի ոգևորությունն իր դիրքերը շուտ է զիջում՝ տեղի տալով մարդկային անվերջ դժգոհությանը: Երևի դա նույնիսկ լավ է, քանի որ երջանկությունը բթացնում է մարդու ուղեղն ու զգայարանները, և երջանկության գագաթնակետում երկար մնալը մարդուն «երջանիկ ապուշի», ավելի ճիշտ՝ ուղղակի ապուշի կվերածեր:

Ժպիտը դեմքին մոտենում է նախորդ տարվա գեղեցկուհին՝ Լուիզան, սակայն այդ գեղեցիկ ժպիտն էլ անկարող էր թաքցնել, թե ինչպիսի դժգոհությամբ է իր գանձը, իր թագավորության խորհրդանիշը ուրիշին հանձնում: Շուտով, մի քանի վայրկյանից արդեն իր՝ տիեզերքի նոր թագուհու վարսերին կպսպղա ադամանդակուռ թագը: Վայրկյաններն էր հաշվում… Մեկ, երկու…

Եվ պայթյուն, սակայն ոչ մարդկային ծափերի, փոթորիկ, սակայն ոչ հույզերի, կրակ, սակայն ոչ սիրո… Ինչ-որ բան հեռացրեց իր թագադրման բաղձալի ակնթարթը, և նա չէր կարողանում հասկանալ թե ինչ է դա: Նրա աչքերը փոշու միջից միայն  խուճապահար այս ու այն կողմ անող մարդկանց էին նշմարում:

–  Այս անգամ կազմակերպիչները  չափն անցել են,- զայրացած նկատեց մի պատկառելի մարդ, հավանաբար՝ ժյուրիի անդամներից մեկը:

Կլարան մի ֆիլմ էր դիտել. երբ նախորդ տարվա գեղեցկուհին թագը պետք է դներ այդ տարվա հաղթողի գլխին, պայթյուն կլիներ, և այդ թագն այդպես էլ չէր հանձնվի նոր գեղեցկուհուն: Երևի թե իրեն էլ ուզում են այդպես սպանել և խլել իր թագը: Այդ մտքից վախեցած ու զայրացած Կլարան սկսեց փնտրել Լուիզային, սակայն վերջինս ապուշ կտրած նստել էր հաղորդավարի կողքին:

Բախտ…  Ինչո՞ւ ես միշտ դաժան անակնկալներ մատուցում այն պահին, երբ սիրտն  ուրախության համար է բացված: Տառապանքից խուսափելու համար պետք է փակել սիրտը՝ ազատվելով զգացմունքերի կապանքներից: Չնայած այդ պահին սուր ձայներից ազատվելու համար ականջներն էր պետք փակել: Նաև աչքերը…

Հաստատ աշխարհի վերջն էր մոտենում և նա որպես էպիկենտրոն ընտրել էր այն տեղը, որտեղ հավաքվել էին Տիեզերքի գեղեցկուհիները:  Երևի նա լսել է, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, ուստի իր գործը հանգիստ կատարելու համար եկել է աշխարհի փրկչին վերացնելու, որպեսզի աշխարհն առանց խոչընդոտների կործանի:

Մինչ Կլարան նահատակի կոչման հետ էր հաշտվում, դժոխային ձայները հետզհետե մարում էին, դղրդյունները՝ վերանում:  Ի~նչ հաճելի է կրկին տեսնել, լսել և զգալ ամուր հողը:

Փաստորեն, այդ աշխարհի վերջը գնաց… Իր գեղեցկությունը փրկեց երկիրը անխուսափելի կործանումից: Դրա մասին Հոլիվուդն, անշուշտ, պետք է ֆիլմ նկարահանի, իսկ ինքն էլ, անխոս, մարմնավորված Գեղեցկությունը կլինի …

–  Գեղեցկություն մարմնավորելը վեր է հասարակ մարդուկի, հատկապես քեզ պես անխելք թռչնակի ուժերից:

Կլարան դիվահարի նման սկսեց այս ու այն կողմ անել: Հաղորդավարները չկային, ոչ էլ գեղեցկուհի Լուիզան էր երևում: Ո՞ւր է թագը … Քիչ մնաց կրկին ուշաթափվեր: Բայց, ո՛չ, այն ոչ ոք չի տարել. Ընկած էր ոտքեր մոտ: Կռացավ , որ վերցնի, սակայն հիշեց, որ կարգն այդպես չէ: Գրողը տանի այդ կարգերն ու բարքերը. նույնիսկ հանդիսատեսներն արդեն դահլիճում չէին: Ասես նրանք գետնի տակ էին անցել, ո՛չ, ո՛չ, սպասե՛ք, ոչ թե գետնի, այլ աթոռների տակ էին:

– Հե~յ, վերջապես կբացատրե՞ք , թե ինչ է կատարվում այստեղ,- իր ամբողջ ձայնով բարձրախոսի մեջ գոռաց Կլարան:

– Սիրելի՛ս, ի՞նչ կարիք կա գոռալու: Առանց այդ էլ չափազանց բարձր ես մտածում:

Իր հետևում… Այնտեղ նրբաճաշակ հաղորդավարները չէին, ոչ էլ Լուիզան  ու ոչ էլ որևէ ծանոթ կամ անծանոթ մարդ: Այնտեղ բազմաթիվ ու բազմապիսի էակների մի բազմություն էր:

–   Դուք…

–   Այո՛, մենք այլմոլորակայիններ ենք:

–   Ո՞ր մոլորակից եք եկել:

–   Որ ասենք, իմանալու՞ ես: Պոչս կտրեմ, թե դու արեգակնային համակարգի մոլորակները գիտես:

–    Արուսիկ, Հրանտ, Լուսնյակ, Փայլակ… Ու~ֆ, բայց դա ի՞նչ կարևոր է:  Հոլիվուդից եք, այնպես չէ՞:

–    Այնտեղից, որտեղից եկել ենք, ֆիլմեր արտադրող սուրբ անտառներ չկան: Մենք տարբեր մոլորակների, համակարգերի ու գալակտիկաների ներկայացուցիչներ ենք: Մենք եկել ենք երկրագնդի կառավարությունից պահանջելու,  որ դադարեցնի այս մրցույթը կամ գոնե ընդլայնի դրա անցկացման շրջանակները:

–   Իսկ ինչու՞ պիտի դադարի «Միսս Տիեզերքը»:

–   Որովհետև այն ՀԱ-ԿԱ-ՕՐԻՆԱԿԱՆ է: Քո փոքրիկ ուղեղում տեղավորվու՞մ է Տիեզերք հասկացողությունը: Ինչքան էլ հիմարիկ լինես, միևնույն է անհնար է չհասկանալ, որ այն լոկ այս փոքր ու կիսավեր մոլորակը չէ: Այսքան տարի լռել ենք, բայց հիմա եկել է մեր ժամը:

–  Բայց դուք չե՛ք համապատասխանում ստանդարտներին,- բացականչեց Կլարան՝ հակակրանքով դիտելով բազմապիսի ու իրարից անչափ տարբերվող արարածների բազմությանը:

–  Ստանդարտնե՞ր: Ո՞վ է մտածել դրանք: Homo Sapiens մարդատեսակը, չէ՞: Բայց հաշվի առեք, որ այն չափանիշները, որոնք գործում են ձեր խղճուկ 7 միլիարդի համար, ոչինչ են ահռելի տիեզերքում: Ուստի, մենք պահանջում ենք դադարեցնել այս մրցույթը կամ գոնե մասնակցել դրան:

Արդեն ավելի շատ մարդկային գլուխներ էին հայտնվում, և հիացական բացականչյություններով Տիեզերական շոու էին դիտում:

–  Խնդրում եմ նայեք ինձ և այս խայտաբղետ բազմությանը: Միթե՞ մենք կարող ենք կանգնել նույն բեմի վրա և «Միսս Տիեզերք»  կոչումը փափագել,- բացականչեց Կլարան:

Այս հարցադրումը մարդկանց ստիպեց Կլարային անունը վանկարկել, իսկ այլմոլորակայիններին՝ զայրացած բեմը չափչփել՝ հետ ու առաջ, աջ ու ձախ, վերև ու ներքև անելով;

–  Գեղեցկությունը հարաբերական է,- լսվեց ծերունական, սակայն  զվարթ մի  ձայն:

Եթե Կլարան չիմանար, որ իր միացած միակ՝ E = m  հեղինակը վաղուց արդեն այն աշխարհում է, ապա համոզված կասեր, որ այդ ձայնը պատկանում է աշխարհի միակ հետաքրքիր գիտնականին:

–  Հարաբերական է,- արձագանքեցին այլմոլորակայինները:

–  Օրինակ մեզ մոտ, դու բոլորի ծաղրի առարկան կդառնաս քո բաց մաշկի, փոքր աչքերի և երկար ոտքերի ու ձեռքերի պատճառով: Դրան գումարած, նույնիսկ պոչ էլ չունես,- քմծիծաղեց մեկը:

–  Փոխի՛ր հաշվարկման համակարգդ ու տես, թե ինչ կմնա քո գեղեցկությունից: Ամեն ինչ հարաբերական է, այդ թվում նաև դու՝ քո «գեղեցկությամբ» հանդերձ,- չէր հանգստանում Էյնշտեյնը՝ համառորեն պաշտպանելով պնդաճակատ օտարականներին:

–  Ալբե՛րտ, մի՛ հերքիր ինքդ քեզ: Դու շատ լավ գիտես այն, ինչը հարաբերական չէ, – լսվեց մի վճիտ, զրնգուն ու արտասովոր գեղեցիկ մի ձայն:

–  Կյանք, մահ, ֆիզիկայի օրենքներ… Ամեն ինչ անէանում են քո առաջ: Դու միակն ես, որ հաստատուն ես բոլոր հաշվարկման համակարգերում,- ասաց ֆիզիկոսը դողդոջուն ու մեղավոր ձայնով:

Կուրացուցիչ լույս, որ սկսեց հետզհետե մեղմանալ: Ապշած հայացքների ներքո իջնում էր նա, և բոլորը՝ թե՛ մարդ , թե ՛այլմոլորակային հիացմունքով, զարմանքով ու ակնածանքով դիտում էին նրա մեղմօրոր  ու լուսաշող վայրէջքը:

Կլարան ակամայից ձեռքից գցեց ադամանդակուռ թագը, քանի որ մոտենում էր Նա… Նա՝ լույսը, գեղեցկությունը, միակը, որ հարաբերական չէր: Անհնար էր ծնկի չգալ այն դեպքում, երբ զգում ես քո ունայնությունը… Ի՞նչ կարող է անել ոչինչը Ամեն Ինչի դիմաց…

Եվ ինքն իրեն դեռ  Տիեզերքի ամենագեղեցիկն էր համարում … Որքան անափ ես, մարդկային հիմարություն…

Ադամանդները պոկվեցին թագից և սկսեցին պար գալ օդում, ապա հավաքվեցին Նրա գլխավերևում, ինչպես թիթեռները մոմի լույսի շուրջ… Նա ժպտաց …

Կլարան ժպտաց. հիմա բազմահազար ներկաները հենց իրեն են ծափահարում, միլիոնավոր կանայք իրեն նախանձում և տղամարդիկ հիանում, իսկ ինքը… Իսկ ինքն իրեն դատարկ ու խաբված էր զգում ինչ-որ տեսիլքների ու երևակայական իրադարձությունների պատճառով: Ախր իրականում, բոլոր մարդիկ նստած են իրենց տեղերում, հաղորդավարներն ու Լուիզան բեմում են,  դահլիճն անվնաս է, իսկ թագն արդեն իր գլխին է:

– Կլարա՛, դու արդեն պաշտոնապես արժանացար «Միսս Երկիր» տիտղոսին:  Դե,  ի՞նչ կասես, որպես  երկրագնդի ամենագեղեցիկ աղջիկ,- հարցրեց հաղորդավարը:

Կլարան սարսափելիորեն գունատվեց՝ կորցնելով խոսելու ունակությունը: Այլմոլորակայինները շահել էին դատը: Փաստորեն դա երազ չէր, ոչ էլ երևակայության արդյունք: Տեսիլք չէր նաև մանկան ժպիտով այն ծերունին, որ աչքով էր անում իրեն և համարձակություն ներշնչում:

–  Շնորհակալություն ինձ ամենագեղեցիկ երկրացու կոչմանը արժանացնելու համար, սակայն իմ գեղեցկությունը հարաբերական է: Այս ամբողջ անծայրածիր Տիեզերքում կա միայն Մի Բան, որը չի ենթարկվում ոչ մի օրենքի, ոչ մի տեսության ու համեմատության: Նրա առաջ խոնարհվում են բոլոր մահկանացուները՝ այդ թվում նաև մենք ՝ գեղեցիկ անվանվող շպարված տիկնիկներս… Այս թագը, այս կոչումը, այս բեմը և ես ունայնություն ենք նրա առաջ…. Նա միակն է, որը հարաբերական չէ…

Մարդիկ ապշած էին ու լուռ, միայն մի ալեհեր էր ուժգին ծափահարում,  և հսկայական դահլիճում լսվում էր միայն նրա ծերունական, բայց մանկան ձայնի պես պարզ ու առույգ բրավոն…

Դավթյան Ռուբինա , 12րդ դասարան, Երևան, թիվ 105 դպրոց

Advertisements

10 Comments

  1. Կոմիսար says:

    էս աղջիկն, անշուշտ, գրելու շնորհք ունի, հրաշալի է հաղթահարում իր տիրապետած նյութը, դե իսկ մնացած վայրիվերումները` միանգամից շատ “կարևորագույն” նյութերի անդրադառնալն ու թեմաներ շոշափելը տարիքին կարելի է վերագրել, ամենակարևորը` խոսքի ակնհայտ կուլտուրան ու համաչափությունն էր մեկ էլ ինքնատիպ անցումները…

    Like

    • rubyrue says:

      Շնորհակալություն: Ու ես հուսով եմ իմ “կարևորագույն“ նյութերը չեմ մոռանա ոչ մի տարիքում, քանի որ այդ ժանրում միշտ նոր ասելիք կա:Ճ

      Like

  2. Ինձ Ծեր ձիու պատմությունն ավելի էր դուր եկել, բայց անխոս Ռուբինան գրելու ձիրք ունի, եթե ճիշտ ձևի մեջ շարունակի, երևիթե մի բան դուրս կգա:

    Like

  3. Susanna says:

    Գեղեցիկ ես գրել:Շատ հաջող էր,հավանեցի:ՃՃ :Գրածդ միանգամից իր մեջ է քաշում ու մինչև վերջ էլ հետաքրքիր կարդացվում է :Ճ…Շարունակիր նույն կերպ:

    Like

  4. Loreta says:

    Իրոք, շատ հետաքրքիր պատմվածք էր:Որոշեցի միայն սկիզբը կարդամ ու անգամ չնկատեցի, թե ինչպես ամբողջը կարդացի:Ինձ մի հարց է հետաքրքրում՝ դու հավատում ես այլմորորակայինների գոյությանը?

    Like

    • Քանի որ ժամանակակից ֆիզիկան չի հերքել այլմոլորակային քաղաքակրթությունների գոյությունը, ոչ մի հիմք չունեմ չհավատալու:

      Like

  5. […] Ռուբինա Դավթյան. Հարաբերականության հատուկ տեսություն […]

    Like

  6. MooN says:

    E= mc^2 banadzev@ yerevi tpagrakan terutyunneri patjarov sxal e trvac, bai de da chi xangarum vor patmvacq@ hetaqrqir u klanox lini. Apres hexinak

    Like

    • Դե E= mc^2 էստեղ ոչ մի էական նշանակություն չունի, ուղղակի մի փոքր շեշտել եմ, որ ֆիզիկայի ամենահայտնի բանաձևն է;
      Շնորհակալություն կարծիքի համար

      Like

  7. […] «Հարաբերականության հատուկ տեսություն». Ռուբինա Դավթյան, Երևան […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: