Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հանուն ընկերության

Հանուն ընկերության

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,191 կտտոց

                              Նվիրում եմ իմ մտերիմ ընկերուհուն՝ Մելինեին

-Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների,- համաձա՞յն եք այս մտքի հետ,- հարցրեց հասարակագիտության ուսուցչուհին:

-Այո,- անմիջապես պատասխանեց ընկերուհիս`  Մարիամը, մի վայրկյան անգամ չմտածելով:

-Կարո՞ղ ես կրկնել այդ խոսքերը,- հարցրեց ուսուցչուհին:

Ինչպես միշտ Մարիամը չէր լսել և չէր կարող կրկնել: Նա միշտ շտապում է կտրուկ պատասխաններ տալ` առանց մի վայրկյան մտածելու:
Ուսուցիչը հարցրեց, թե արդյոք կա մեկը, որ կարող է  կրկնել և մեկնաբանել իր ասածը:

Ես կանգնեցի, նայեցի Մարիամին և խոսքս ուղղեցի նրան. «Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների»: Ընկերությունն այս կյանքի մեծագույն ուրախություններից է և ընկերության մեծագույն ուրախություններից է այն, որ կա մեկը ում կարելի է վստահել: Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի:

Ես ու Մարիամը մտերիմ ընկերուհիներ ենք և օրվա մեծ մասն իրար հետ ենք անցկացնում: Չնայած մեր մտերմությանը, մենք իրար ընդհանրապես նման չենք: Բայց  մենք ունենք որոշ նախասիրություններ, որոնք երկուսիս էլ բնորոշ են:

Ամառային մի օր, երբ քայլում էինք մեր սիրելի  այգում,  նա ինձ ասաց, որ ծնողների հետ գնում է գյուղ: Ես շատ տխրեցի և զգացի, որ նա նույնպես տխուր է:

-Խնդրիր ծնողներիդ առանց քեզ գնան, իսկ դու մնա մեր տանը:

-Շնորհակալ եմ  Մելինե, բայց չեմ կարծում, որ ծնողներս կհամաձայնեն, բացի այդ ինչ կասեն  քո ծնողները:

Համառությանս շնորհիվ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես ես էի ծրագրել:

Հաջորդ օրը հաջողություն մաղթեցինք Մարիամի ծնողներին  և  ամբողջ օրը մեր սիրելի այգում անցկացրինք:

Առավոտյան ուրախ տրամադրությունս մի վայրկյանում փշրվեց: Մարիամն անդադար արտասվում էր, իսկ ծնողներս նրան մխիթարում էին: Անմիջապես սթափվեցի, երբ խոհանոցից լսեցի Մարիամի ճիչը.

-Ծնողնե՜րս:

Շտապեցի մի բան իմանալ: Ցավալի էր. Մարիամի ծնողները  գյուղ գնալիս ավտովթարի էին ենթարկվել և …

Անցան ամիսներ: Առաջվա աշխույժ Մարիամից ոչինչ չի մնացել: Այժմ նա միշտ տխուր է,  ինքնամփոփ  և նրա աչքերի մեջ միշտ թախիծ կա: Մենք այժմ էլ մտերիմ ընկերուհիներ ենք: Ամեն ինչ անում եմ նրա երեսին  ժպիտ տեսնելու համար:

Մի օր, երբ պուրակում նստած  էինք,  հանկարծ մի տղա եկավ և առանց որևէ բան ասելու նստեց  կողքիս: Գեղեցիկ արտաքինով, միջին հասակի տղա էր: Նրա աչքերը սև էին ու շատ խորհրդավոր: Սկսեց հաճախ գալ պուրակ: Անկեղծ ասած նա ինձ սկսեց դուր գալ  և մի օր ես հասկացա, որ նրան սիրում եմ: Նրա անունը Վարդան էր:

Մի քանի օր անց ես ու Մարիամը գնացինք ճամբար: Չնայած ճամբարում մենք հիանալի օրեր էինք անցկացնում, Մարիամը շարունակում էր լինել տխուր և ինքնամփոփ:

Ճամբարի օրերն ավելի հետաքրքիր դարձան, երբ մի օր արշավի ժամանակ տեսա Վարդանին: Հաճախակի կրկնվող արշավների շնորհիվ մենք ընկերացանք:

***

Ճամբարում մեռյալ ժամ էր: Ես իմ սիրելի գիրքն էի կարդում,  երբ Վարդանը մոտեցավ ինձ և հարցրեց.

-Ի՞նչ ես կարդում:

-Ռոմեն Ռոլանի “Հմայված հոգին”:

-Այդքան էլ չեմ սիրում կարդալ, բայց, որ ավարտես, կտա՞ս կարդամ:

-Չեմ հավատում, որ  կկարդաս, բայց կտամ:

Ես և նա սկսեցինք հաճախ հանդիպել` դառնալով մտերիմ ընկերներ: Մեր ընկերության մասին դեռ չէի պատմել Մարիամին, որովհետև  կարծում էի ճիշտ չի  լինի նրա հետ նման թեմաներով խոսել. նա նոր  էր կորցրել իր ծնողներին:

Ամեն անգամ Վարդանը ինձ ծաղիկներ էր նվիրում. դրանք սովորաբար բնական վարդեր էին, որոնց մեջ նա միշտ արհեստական վարդ էր դնում, ասելով.

-Ես քեզ կսիրեմ այնքան ժամանակ, մինչև վերջին վարդը կթառամի:

Ճամբարի օրերն իմ հիշողությունից երբեք չեն ջնջվի: Ափսոս եկավ հրաժեշտի օրը: Այդ օրը  մեծ խարույկ վառեցինք և շուրջը հավաքվեցինք: Ես այդ երեկո պետք է երգեի ու Վարդանին խնդրել էի, որ անպայման ներկա լիներ: Բայց նա այդպես էլ չեկավ: Ես չերգեցի և շատ տխրեցի: Չէի սպասում, որ վերջին օրն այդքան տխուր կանցնի: Վերջապես հայտնվեց Վարդանը և բացատրեց ամեն ինչ: Մենք վերջին անգամ զրուցեցինք  մեր ընկերների հետ և հրաժեշտ տվեցինք  նրանց:

***

Մի օր Մարիամը զանգեց և ասաց, որ ուզում է խոսել ինձ հետ: Ես որոշեցի այդ հանդիպման ժամանակ նրան պատմել  Վարդանի մասին:
Պուրակում սպասում եմ Մարիամին, բայց նա չի երևում: Վերջապես հայտնվեց: Զարմանալի է. վաղուց  Մարիամին չէի տեսել այդպես ուրախ: Հասկացա, որ  ինչ-որ լավ բան է կատարվել նրա կյանքում:

-Մարիամ, ի՞նչ է պատահել:

-Ես սիրահարվել եմ:

-Իսկապե՞ս, շատ ուրախ  եմ: Ինչ զարմանալի է, երկու ընկերուհիներ միաժամանակ սիրահարվել  են:

-Ուրեմն դու է՞լ ես սիրահարվել:

-Այո, հուսով եմ, որ այդ տղան քեզ չի թողնի այլևս տխրել: Լավ, իսկ ո՞վ է այդ երջանիկը:

-Վարդանը:

-Ի՞նչ, ո՞վ է այդ Վարդանը:

-Այն տղան, որ մեզ  հետ միշտ պուրակում է լինում: Լավ, իսկ  ինձ չե՞ս ուզում ասել, թե դու ում ես սիրահարվել:

Չգիտեմ ինչ ասեմ, ինչ անեմ…թողեցի  և  հեռացա:

Մի՞թե  ճակատագիրն ինձ հետ այսքան դաժան կվարվի: Երկու մտերիմ ընկերուհիներ սիրահարվել են միևնույն տղային: Բայց ինչու՞: Հիմա եմ հասկանում, թե ինչու էր Մարիամն ինձ ամեն անգամ խնդրում  Վարդանի մասին պատմել: Ես կարծում էի, թե նա պարզապես հետաքրքրված է  Վարդանով, բայց երբեք մտքովս չէր անցել, որ նա Վարդանի նկատմամբ այլ հայացքներ ունի: Հիմա հասկանում եմ, թե նա ինչու էր հաճախ գնում պուրակ: Ես նրան երբեք չէի պատմում իմ ու Վարդանի հանդիպումների մասին: Մարիամը  նոր էր կորցրել իր ծնողներին և ճիշտ չէր լինի նրա հետ խոսել  իմ ու  Վարդանի մասին:

Մտածում եմ, անդադար  մտածում եմ, բայց ու՞մ մասին. Մարիամի՞, թե՞  Վարդանի: Մտածում եմ ինչ է լինելու հետո: Չնայած խենթի պես սիրում եմ Վարդանին, չեմ կարող մոռանալ իմ ու Մարիամի ընկերությունը: Ընկերություն, որը գալիս է մանկությունից և երբեք չի կոտրվել անգամ ամենասաստիկ  քամու պոռթկումից: Եվ այժմ, ես չեմ կարող կոտրել  այդ ընկերությունը, ինչքան էլ, որ դժվար լինի ինձ համար: Մարիամը կրկին կլինի ուրախ, երջանիկ: Այսքան տխրությունից հետո Վարդանը կարողացավ նրա երեսին ժպիտ պատկերել: Մի՞թե ես սա չէի ուզում: Բայց ի՞նչ եմ ասելու Վարդանին:

Վարդանին զանգեցի և խնդրեցի գալ այգի: Ինչպե՞ս եմ նայելու նրա աչքերին և ասելու այն, ինչ ես ինքս չեմ ուզում լսել: Բայց ես այդ արեցի, ինչքան էլ, որ այն ցավալի էր: Երբ մարդիկ բաժանվում են միմյանցից, նրանք չափից շատ են խոսում…Հազվադեպ, երբ բաժանումը լինի այսպես.

-Արի  մոռանանք իրար…Մենք չենք կարող միասին լինել:

-Բայց ինչու՞…

Նույնիսկ նրան խոսելու հնարավորություն չտվեցի: Այդպես կարճ և անհասկանալի…Ոչ մի ուրիշ բան…Ոչ մի ծեծված արտահայտություններ, ավելորդ արցունքներ, դատարկ խոստումներ…ոչինչ… Անմիջապես թեքվեցի, որ չարտասվեմ և հեռացա արագ քայլերով, որ չվերադառնամ:
Երեկ ամեն ինչ վերջին անգամ էր. վերջին գրկախառնություն, վերջին հայացք, վերջին ժպիտ… Իսկ այսօր ամեն ինչ առաջին անգամ է. առաջին արցունքներ, առաջին  անքուն գիշերներ, առաջին բուռն ապրումներ…

Որոշ ժամանակ անց Մարիամը եկավ:

-Մելինե, ի՞նչ է պատահել:

-Ոչինչ, պարզապես վիճել եմ ընկերոջս հետ:

-Կարո՞ղ ես փակագծերը բացել, ո՞վ է նա:

-Կարևոր չէ, նա էլ իմ ընկերը չէ, մեր միջև ամեն ինչ վերջացած է:

-Բայց ինչու՞:

-Մարիամ, ես նրան սիրում եմ, բայց չեմ կարող նրա հետ լինել,  իմ ընկերուհիներից մեկը նույնպես նրան սիրում է:

-Մելինե, ես քո փոխարեն այդքան ընկերասիրություն չէի ցուցաբերի: Ընկերությունը շատ լավ բան է, բայց հանուն դրա պետք չէ զոհաբերել սիրած  էակին: Եթե նրան այդքան սիրում ես պայքարիր նրա համար, երբեք մի հանձնվիր:

-Եթե  նույնիսկ այդ քայլով  ցա՞վ  պատճառեմ ընկերուհուս:

-Այո, եթե նույնիսկ ցավ պատճառես նրան:

“Երանի ես էլ քո պես մտածեի”,-անցավ մտքովս,-”ցավոք չեմ կարող…”:

-Լավ, Մարիամ, դու Վարդանի մասին պատմիր:

-Վարդանը երեկ առաջին անգամ զանգեց ինձ և  կանչեց այգի: Ես շատ զարմացա, բայց հաճույքով համաձայնվեցի նրա հետ ժամանակս անցկացնել:

-Ես շատ ուրախ եմ, հուսով եմ ձեր մոտ ամեն ինչ կստացվի:

-Լավ, Մելինե, ես գնամ, վաղը կհանդիպենք:

Մի՞թե Վարդանն այդքան հեշտությամբ  համակերպվեց ինձ կորցնելու փաստի հետ: Ի՞նչ հիմար էի: Բայց այլ կերպ չէր էլ կարող լինել: Եղավ այնպես, ինչպես ես էի ցանկացել: Մարիամն ուրախ է,  և հուսով եմ, որ Վարդանն էլ ուրախ կլինի նրա հետ:

Ինձ այնքա՜ն մենակ եմ զգում: Առաջին անգամ հասկանում եմ ինչ է իրականում մենակությունը…Երբ քեզ  շրջապատում են հազարավորները, իսկ դու քեզ բացարձակապես մենակ ես զգում, երբ քեզ շրջապատում են բազմաթիվ աչքեր, ժպիտներ, բայց ոչ ոք չի տեսնում քեզ…Երբ հասկանում ես, որ քո ընկերները կողքիդ են, բայց էլի դու մենակ ես…ինքդ էլ չես հասկանում, թե ում ես սպասում, ով կարող է քեզ հանել այդ սարսափելի մենությունից…

Իսկ ինձ ի՞նչ է մնում անել. մնալ Մարիամի հետ և մասնակից լինել նրա ու Վարդանի սիրավեպի գործողությունների՞ն, թե՞  գնալ հեռու, շատ հեռու`  մոռանալով բոլորին ու ամեն ինչ…

Առավոտյան գնացի Մարիամի մոտ նրան հրաժեշտ տալու: Չնայած ինձ համար շատ դժվար էր, բայց ես նախընտրեցի  գնալ, քան մնալ և տառապել:

-Մի գնա Մելինե, խնդրում եմ:

Եթե իմանար ինչու եմ գնում, մի գուցե ինձ խնդրեր, որ գնամ:

-Բայց ինչու՞ ես գնում:

-Գնում եմ հորաքրոջս մոտ, նրան վաղուց չեմ տեսել,- արցունքներս զսպելով ասացի ու նրան փաթաթվեցի:

Բոլոր ընկերներիս, հարազատներիս հաջողություն արեցի և պատրաստվեցի հեռանալուն: Անընդհատ մտածում էի .”մի՞թե բոլորին հաջող եմ արել, արդյոք ինչ որ մեկին  չե՞մ մոռացել”,-և անմիջապես համոզում ինձ, որ բոլորին էլ հրաժեշտ եմ տվել: Բայց չեմ կարող հեռանալ առանց նրան տեսնելու:

Շտապեցի Վարդանենց տուն: Վերջին անգամ նայեցի նրան`  հազիվ զսպելով արցունքներս:

-Ի՞նչ է պատահել:

Պայուսակիցս հանեցի մի գիրք և տվեցի նրան:

– Այս ի՞նչ գիրք է:

-Ռոմեն Ռոլան”Հմայված հոգին”: Վարդան, ես հեռանում եմ երկրից:

-Ինչու՞ ես գնում: Մելինե, քեզ ի՞նչ է պատահել:

-Ոչինչ էլ չի պատահել: Ուրախ եմ, որ Մարիամի կողքին ես հիմա: Նա քո կարիքը շատ ունի:

-Մելինե, ես նրա հետ ընկերություն եմ անում, որովհետև  դու…

-Հաջողություն եմ մաղթում ձեզ: Ես միայն ուրախ եմ:

Սպասում էի մի խոսքի, մի արձագանքի, բայց նա ոչինչ չասաց: Մի գուցե նրա մի խոսքն էլ ամեն ինչ փոխեր:

“Դե ասա, որ սիրում ես ինձ, ու ես չեմ գնա: Ով սերդ կպահպանի, եթե սիրտդ անվերջ լռում է, ու չի թողնում, որ դու ասես “Ես սիրում եմ քեզ”…Մի՞թե  հետո կողքիդ  լինելու է քո մենությունը, կամ գուցե ուրիշին ես տեսնում կողքիդ:

***

Արդեն կարող եմ գնալ: Արդեն “բոլորին”  հրաժեշտ եմ տվել:

Մի օր ուղակի պետք է հասկանալ, որ նույնիսկ ամենահարազատ մարդկանց միջև կարող է անդունդ առաջանալ, և այն հիանալի կյանքից  չմնա ոչինչ…

Տարօրինակ է…լինում է այնպես, որ սիրտդ կոտրել են, բայց այն դեռ զարկում է…Հաճախ այն ցավը, որ պատճառում են քեզ, քեզ ավելի ուժեղ է դարձնում, կամ էլ դու ամեն կերպ փորձում ես ուժեղ երևալ, որպեսզի նա ով ցավ է պատճառել քեզ, չճաշակի իր հաղթանակը, կամ էլ չուրախանա, որ դու ` տխրել ես…Ամեն վայրկյան, որ մեզ տրված է, դա մեր կյանքը փոխելու հնարավորություն է, իկարկե ամեն ինչ հնարավոր չէ փոխել, բայց  ամեն ինչ նորից սկսել հնարավոր է: Չեմ մեղադրում Վարդանին: Ես եմ մեղավոր, որ նրան թողեցի: Նա ինձ երբեք չի ասի “մի գնա”: Նա իր ինքնասիրությունը ամեն ինչից բարձր է դասում: Վերջապես հեռացա:

Հիմա, երբ  նրանից շատ հեռու եմ` զգում եմ, թե ինչքան շատ եմ սիրում նրան:

Նորից իմ մեջ արթնացան հիշողություններ…նորից սկսեցի մտածել Վարդանի մասին…

“Մի՞թե այդքան հեշտությամբ հրաժարվեցիր ինձնից: Հիշեցի ինձ, երբ կողքիդ էի, հիշեցի քեզ, երբ  կողքիս էիր: Ես համոզված եմ, որ մենք երկուսս էլ երջանիկ էինք, երբ միասին էինք: Ու ես կարոտում եմ այն ամենը ինչ կապված է քեզ հետ: Երբ կողքիս էիր գոնե գիտեի, որ կա մեկը, ով դժվար պահերին կողքիս կլինի…Բայց այս ամենը մեզ չափազանց քիչ տրվեց մեզ: Պետք էր ուղակի պահպանել այն ինչ կար… Բայց մի կողմից Վարդանի հպարտությունը, մյուս կողմից` իմ ընկերասիրությունը, իրենց դերը խաղացին:”

Կարծես, թե այսքանով կյանքիս տխուր պատմությունը պետք է ավարտվեր: Բայց ոչ:

Իմ գնալուց հետո անցան ամիսներ: Մարիամը գնացել էր մեր նախկին տուն, որտեղ այժմ  տատս է ապրում: Նա գնացել էր` ինձնից մի լուր իմանալու :Սենյակումս նկատել էր  օրագիրս և սկսել կարդալ: Այդ օրագրում ես գրել էի իմ ու Մարիամի ընկերության մասին, իսկ վերջին էջերում `իմ ու Վարդանի սիրո պատմությունը:

Մարիամը հուզվեց, երբ կարդաց այս տողերը. ”Ես հեռանում եմ, հեռանում եմ, որ ամեն անգամ Մարիամին ու Վարդանին միասին տեսնելով ինձ հրեշտակ չձևացնեմ, ամեն անգամ նրանց կեղծավոր ժպիտ չշռայլեմ, ամեն անգամ  ինձ անձնազոհ ընկեր չհամարեմ …”:

-Բայց ինչու՞ նա ինձ չէր ասում: Ինչ հիմար եմ եղել: Նա ինձ փորձում էր ասել, բայց ես չէի հասկանում: Մի՞թե այդ “ընկերուհին” ես էի, որ նա ինձ բացատրում էր:Մի՞թե նա  ինձ էր ուզում ցավ չպատճառել, իսկ ես խոսում էի ինքս ինձ դեմ: Ես կարծում էի, որ նրա մտերիմ ընկերուհին եմ: Բայց ինչպե՞ս կարող եմ ինձ մտերիմ ընկերուհի համարել, երբ այսքան մոտ լինելով նրան, չեմ հասկացել ինչ է կատարվում նրա հոգում: Ոչ, ես նրա  համար երբեք էլ ընկերուհի չեմ եղել:Չէ՞ որ իսկական  ընկերը  նա է, ով տեսնելով ընկերոջ  ժպիտը, զգում է, թե ինչպես է լացում հոգին…

Անմիջապես գնաց այգի` խոսելու Վարդանի հետ: Մարիամը ամեն ինչ պատմեց Վարդանին և նրան տվեց  օրագիրս: Վարդանն իրեն այնքա՜ն մեղավոր էր զգում:

-Մարիամ, ես չգիտեի, որ նա քո պատճառով է ինձ թողել: Ես այսքան ժամանակ քեզ հետ ընկերություն էի անում նրան նեղացնելու համար: Բայց երբեք չեմ մտածել, որ նա ընկերությունը սիրո հետ կփոխի:

Վարդանի երեսի ժպիտն էլ կորցրեց իր փայլը: Նա դարձավ ինքնամփոփ և իրեն չկարողացավ ներել  իմ և Մարիամի հետ այդպես վարվելու համար, չնայած որ Մարիամը վաղուց ներել էր նրան:Մարիամն այժմ փորձում էր ինձ գտնել, խոսել ինձ հետ:

Եկավ նոյեմբերի 23-ը: Ծնողներս որոշեցին ծննդյանս տարեդարձը Հայաստանում նշել: Չնայած ամեն ինչին, ես կարոտել էի բոլորին և շատ ուրախացա:

Կարծես թե ամեն ինչ լավ է: Բոլորը ուրախ են: Ծննդյանս տարեդարձը ծնողներս միշտ շատ լավ են նշել: Այս ծնունդս էլ բացառություն չեղավ: Բայց ինչ-որ բան չի հերիքում: Երևի ընկերական միջավայրի պակասն էր ինձ տխրեցնում: Այսպես էի մտածում մինչև Մարիամի գալը: Շատ ուրախացա նրան տեսնելով: Մենք վաղուց իրար չէինք տեսել  և իրար հետ խոսելու շատ բան ունեինք:

Արդեն երեկո էր: Ես և Մարիամը զբոսնում էինք դրսում: Նա ինձ խնդրեց սպասել իրեն և անհետացավ մթության մեջ: Որոշ ժամանակ անց ոտնաձայներ լսեցի, մեկն իր ձեռքերով փակեց աչքերս:

-Մարիամ դու՞ ես: Վերջապես ցույց տուր ինձ այդ անակնկալը:

-Այդ անակնկալը քո սրտում է:

Անմիջապես շրջվեցի և …

-Վարդա՞ն, բայց…Որտե՞ղ է Մարիամը:

-Ես այստեղ եմ: Զարմացա՞ր,-ասաց Մարիամը քմծիծաղ տալով:

Մի պահ լռություն: Հետո Մարիամը մոտեցավ ինձ և ականջիս շշնջաց.”կարծում ես չգիտե՞մ”:

-Մելինե, ես կարծես թե ունեի ամեն ինչ`ծնողներ, մտերիմ ընկերուհի, նույնիսկ “սեր” էի գտել: Բայց այժմ, երբ նրանցից միայն դու ես ինձ մնացել, ես չեմ ուզում քեզ էլ կորցնել:

Ամեն ինչ պարզ դարձավ  բոլորիս համար:

-Մելինե, դու արդեն մի անգամ զոհաբերել ես սերդ ընկերության համար, չե՞ս կարծում, որ հիմա իմ հերթն է: Միայն ընկերոջ  ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը: Այժմ ես հանեցի այդ փշերը: Մոռացիր ամեն ինչ և հետ վերցրու քո անմեղ “զոհին”: Նա մեղավոր չէ:

Ես գրակախառնվեցի նրանց երկուսի հետ:Երբեք այսքան ուրախ չէի եղել ծննդյանս տարեդարձին:

Անցան ամիսներ: Ես և Մարիամը շարունակեցինք իրար հետ ընկերություն անել, իսկ Վարդանը շարունակեց մնալ իմ ընկերը` առաջվա նման:

Իսկ այն հարցին, թե ինչու Մարիամն այդքան հեշտությամբ հրաժարվեց Վարդանից, նա պատասխանեց.

-Դու  ինքդ էիր ասում, որ չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների:

Ինեսա Ուդումյան, քաղաք Չարենցավան  Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոց


1 Comment

Leave a comment