Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հնազանդ աստվածները

Հնազանդ աստվածները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Դու չես կարող պարտվել, այն էլ ինձ:

Դու երիտասարդ ես, գեղեցիկ, խելացի: Ամեն ինչ հասկանում ես կայծակնային արագությամբ:

Ունես հավատարիմ ընկերներ, սիրող ամուսին և զվարճալի փոքրիկ:

Բոլորը քեզ հարգում են:

Դու վայելում ես բոլորի սերը:

Դա քեզ ուժ է տալիս:

Դու միշտ մտնում ես հաղթական քայլվածքով:

Դու գիտես, որ արդեն հաղթել ես, որովհետև նա, ով գիտի արժանավայել կերպով ընդունել իր պարտությունը, արդեն հաղթել է:
Թերևս դու դա արել ես միայն մի անգամ, երբ եկեղեցում քահանան հարցրեց քեզ, «Հնազա՞նդ ես»: Ամուսինդ քնքուշ հայացքով նայեց քեզ, կարծես համոզելով, որ գոնե այս անգամ հնազանդ լինես. չէ՞ որ դու միշտ “տեր” ես: Դու զիջեցիր նրան: Զիջեցիր գլուխդ բարձր, հպարտ ձայնով: “Հնազանդ եմ”: Ընդունեցիր քո պարտությունը ու հաղթող դուրս եկար: Դուրս եկար ամուսնուդ ձեռքերի վրա:

Դու սիրում ես ու սիրված ես:

Բայց նաև կարողանում ես դաժան լինել, երբ պետք է ինչ-որ մեկին իր տեղը ցույց տալ:

Դու ցույց տվեցիր ինձ իմ տեղը:

Ես արդեն հիսուն տարեկան եմ:

Ցածրահասակ եմ, գեր ու ճաղատ. թերևս վերջինից ամենաշատն եմ տառապում:

Ես ծիծաղելի ձայն ունեմ:

Անճոռնի եմ, ինչպես Անդերսենի ճուտիկը:

Իմ միակ որդին միշտ զբաղված է, և ես նրան չեմ տեսնում նույնիսկ տոն օրերին:

Կին չունեմ, ու երբեք էլ չեմ ունեցել: Իսկ իմ երեխայի մայրը ունի ամուսին, ավելին` սիրող ամուսին:

Ես ամենասկզբից պարտված էի, ու դու դա գիտեիր:

Բայց դու դաժան ես:

Դու ուզում էիր, որ ես ինքս հասկանամ իմ պարտությունը: Կարծես ես այն չէի հասկանում:

Այս բաժնում դու շրջապատված ես ընկերուհիներով: Իսկ ես նորեկ եմ:

Բացի այդ, ես միակ տղամարդն եմ բաժնում ու նաև մեկը, ով սուրճ է եփում բոլորի համար. թերևս դա ինձ մոտ լավ է ստացվում:

Ես գիտեմ, որ ոչնչություն եմ, բայց դու դա ինձ ևս մեկ անգամ ապացուցեցիր, ապացուցեցիր գիտականորեն, երբ ցույց տվեցիր, որ ամեն ինչում ինձնից առավել ես:

Իմ գրասեղանը տեղադրեցին պատուհանի մոտ` հեռու բոլորից: Ես այնքան տհաճ էի ձեզ, որ ինձ աքսորեցիր այնտեղ:

Դուք ինձ բանի տեղ չէիք դնում: Առանց ամաչելու խոսում էիք ինձ մոտ նորաձև ներքնազգեստից, սիրո խենթ գիշերներից, ձեր տղամարդկանց բարեմասնություններից: Հակառակը, երբ պետք էր բաժնով մի կարևոր հարցի պատասխան տալ, ինչը սովորաբար արվում էր քվեարկության միջոցով, դուք ինձ ուղարկում էիք լվանալու սրճոտված բաժակները: Այ քեզ տղամա՛րդ:

Մոռացա ասել ամենակարևորը:

Դու բաժնի վարիչն ես, հետևաբար իմ անմիջական ղեկավարը: Դու իրավունք ունես որոշումներ կայացնել, իսկ ես պարտավոր եմ հնազանդվել քո հրամաններին:

Ես իրավունք չունեմ նույնիսկ զուգարան գնալ առանց քո թույլատվության, իսկ դու պարտավոր ես ինձ մերժել: Դու դա անում ես մեծ հաճույքով:

Դու սիրում ես խաղալ ինձ հետ, ինչպես կատուն մկան հետ է խաղում: Տալիս ես ինձ հույսեր, որ թույլ կտաս ինձ վերջապես ազատվել քո մատրիարխատիկ դաժանությունից, իսկ հետո հուսախաբ ես անում:

Դու սիրում ես ստորացնել ինձ ու սիրում ես, որ ես երբեք չեմ պատասխանում: Ես իրավունք չունեմ պատասխանել, իսկ եթե ունենայի, առավելևս չէի պատասխանի. կարևորը իրավունքը չէ, այլ համարձակությունը:

Դու վրեժ ես լուծում ինձանից ինքդ էլ չգիտես ինչի համար: Բայց ես գիտեմ…

…Դու ինչպես միշտ հաղթական քայլվածքով մտնում ես բաժին և ուղղվում դեպի քո սեղանը: Ինչպես միշտ լսվում է քո կրունկների հաղթական “կըտ-կըտ-կըտ”-ը: Դու էլի հաղթող ես: Բայց այսօր ինչ-որ բան այն չէ: Դու կարծես ծերացել ես: Երեկ միայն երիտասարդ էիր, գեղեցիկ ու խելացի: Իսկ այսօր արդեն ոչ գեղեցկությունդ է մնացել, ոչ էլ խելքը: Միայն այդ հաղթական քայլվածքը, որն արդեն երբեք չի փոխվի ստրկական անձայն քայլվածքի, ինչպիսին իմն է:

Ես լավ գիտեմ, ինչ է պատահել, բայց ինձ հիմարի տեղ եմ դնում: Առանց քո թույլատվության ես իրավունք չունեմ նույնիսկ ինչ-որ բան նկատել: Իսկ դու իհարկե չես տա ինձ այդ իրավունքը:

Ես շարունակում եմ ինչ-որ տեքստ հավաքել համակարգչով, ինչպես միշտ կլանված, որովհետև այդ գործը չափազանց դժվար է տրվում ինձ:
Իսկ քեզ արդեն շրջապատել են քո ընկերուհիները:

-Ի՞նչ է պատահել:

-Մամային այսօր տեղափոխեցին վերակենդանացման բաժամունք:

Դու երկար, բարակ մատներով տրորում ես հոգնած աչքերդ:

-Ի՞նչ են ասում բժիշկները:

-Ի՞նչ կարող են ասել:

Դու ուզում ես հեգնորեն ծիծաղել, բայց նույնիսկ ծիծաղելու համար ուժ չունես:

-Ասում են, որ այսօր ամեն ինչ կորոշվի: Այս գիշերն որոշիչ է լինելու:

-Ամեն ինչ լավ է լինելու, այ կտեսնես:

Աշխատանքային օրը շարունակվում է: Նույնիսկ այս “ծերացած” վիճակում դու աշխատում ես արագ ու արդյունավետ: Պատկերացնում եմ, ինչ է կատարվում ձեր տանը, երբ դու տոների ես նախապատրաստվում: Երևի տունը եռում է թեյնիկի պես:

Օրվա վերջում բոորը սուս ու փուս տուն են գնում: Ոչ ոք չի համարձակվում մխիթարել քեզ, բայց դու լավ գիտես, որ նրանք բոլորը քեզ հետ են:

Բաժնում մնում ենք ես ու դու:

Դու հագնում ես վերարկուդ:

Ես դեռ աշխատում եմ տեքստի վրա:

Դու նայում ես պատուհանից դուրս` աստիճանաբար լուսավորվող քաղաքին:

-Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի:

Դու դա ինձ չես ասում: Ես քեզ համար գոյություն չունեմ: Դու դա ասում ես իր լույսերը վառող հսկա քաղաքին և նրա անողոք աստծուն:

Ու գնում ես:

Ես վայրկենապես ավարտում եմ աշխատանքս և անջատում համակարգիչս: Հետո նորից եմ այն միացնում: Այս անգամ էկրանին չեն հայտնվում իմ անթիվ-անհամար Word փաստաթղթերը, որոնք ես ոչ մի կերպ չեմ կարողանում մի թղթապանակի մեջ գցել` Desktop-ը չաղտոտելու համար:

Տեսնենք, ինչ են ասում թվերը:

Դու իհարկե չգիտես դա, բայց թվերը աստվածներից զորավոր են:

“…դեկտեմբերի 1-ին…”:

Նայում եմ օրացույցին: Դեկտեմբերի 1-ն է: Ուրեմն նույնիսկ մինչև կեսգիշեր չի սպասի:

Ներիր, սիրելիս, այս անգամ ամեն ինչ լավ չի լինի:

…Այսօր դու պարտված ես մտնում բաժին: Դու դա չգիտես, բայց ես գիտեմ: Դու ամբողջ գիշեր աղոթում էիր:

Լսիր, դու ուզում էիր, որ ամեն ինչ լավ լինի: Այդպես էլ եղավ: Քո մայրիկի համար դա ամենալավ տարբերակն էր: Ի վերջո ինքն էր միշտ երազել մահանալ դեկտեմբերին, երբ ձյուն է գալու: Երեկ գիշերը եկավ առաջին ձյունը: Իսկ դու աղոթում էիր…

…Քեզ ժամանակ է պետք վերականգնվելու համար: Ցավոք քեզ ոչ ոք չի տա այդ ժամանակը: Ղեկավարությունը չափազանց հարգում է քեզ, որ խղճա և արձակուրդ տա: Իսկ դու չես խնդրում:

Քո վշտի մեջ դու ավելի գեղեցիկ ես, քան առաջ. հետո՞ ինչ, որ կարծես հարյուր տարի ծերացել ես:

Չկարծես, որ սիրահարվել եմ քեզ: Ոչ, ամենևին: Այս աշխարհում արդեն կա մեկը, ով խենթի պես սիրում է քեզ: Ու նաև հարգում: Չափազանց հարգում, որ խղճա:

-Ի՞նչ է պատահել:

Դու իհարկե լաց չես լինում, բայց կանայք աչքերի կարիքը չունեն` հասկանալու համար, որ կողքինը հոգում լաց է լինում: Իսկ ես… Ես իրավունք չունեմ որևէ բան նկատել, չնայած ամեն ինչ գիտեմ քեզնից էլ լավ:

-Ամուսնուս հետ եմ վիճել: Նա ուզում է բաժանվել:

-Ինչո՞ւ:

-Դուք այնքան լավ զույգ էիք:

-Նա պետք է հասկանա, որքան ծանր է հիմա քեզ համար:

-Նա պետք է քո կողքին լինի:

-Ես եմ մեղավոր… Ես վիրավորեցի նրան… Չգիտեմ, հիմա ի՞նչ եմ անելու…

Դու լավ գիտես, որ այսպիսի իրավիճակներից դուրս գալու համար մի կախարդական բառ կա` ներիր ինձ: Բայց դու նախընտրում ես բաժանվել, քան ընտրել այդ տարբերակը, որվհետև ներողություն է խնդրում պարտվողը:

Դու լավ գիտես, որ վերջում միևնույն է հաղթող ես դուրս գալու: Ընտանիքը մեծ հաղթանակ է: Բայց երկրորդ անգամ ասել “Հնազանդ եմ”, դա վեր է քո ուժերից:

…Մի քանի օր դու վրեժ ես լուծում ինձնից: Վրեժ ես լուծում բոլոր վիրավորված ամուսինների ու լքված կանանց համար: Իսկ ես, որ երբեք ոչ կին եմ ունեցել, ոչ էլ եղել եմ ամուսին, պատժվում եմ բոլորի ընտանեկան երջանկության հանցանքի համար:

Դու այլևս չես դիմանում: Այսօր արդեն ամուսինդ հավաքել է ճամպրուկները, իսկ վաղը կգնա ձեր փաստաբանի մոտ` ապահարզանի համար: Դրա մասին դու նույնիսկ ընկերուհիներիդ չես պատմել. դա կնշանակեր մեկընդմիշտ ընդունել պարտությունը:

-Ի՞նչ անեմ:

Այս անգամ դու ինձ ես ուղղում քո հարցը: Այն հնչում է որպես “Ներողություն” քո բոլոր չարությունների համար:

Ես չեմ պատասխանում քեզ: Դա իմ վրեժն է:

Դու ջղայնանում ես: Որոշում ես ինձ իմ տեղը ցույց տալ, առանց մի պահ մտածելու, որ ես գիտեմ իմ տեղը:

-Դուք երբևէ ամուսնացած եղե՞լ եք: – Դու սկսում ես գրոհը:

-Ոչ: – Ես ինքնակամ ընկնում եմ քո լարած թակարդը:

-Հասկանում եմ: – Դու անցնում ես հարձակման երկրորդ փուլին:

-Ո՞ւմ եք հասկանում: – Ես ինքնակամ ստորագրում եմ իմ մահավճիռը:

-Այն բոլոր կանանց, ովքեր չեն համաձայնել Ձեր կինը լինել: – Ահա և վերջ:

Դու վերցնում ես պայուսակդ ու հաղթական հեռանում:

Եթե միայն իմանայիր, ի~նչ ցավ դու ինձ պատճառեցիր:

Դու քայլում ես մութ փողոցով ու նայում քաղաքի հազարավոր լույսերին:

Ներքևից վերև ես նայում:

Դու հավատում ես, որ այդ լույսերը քաղաքի ամենազոր աստծո հազարավոր աչքերն են:

Իսկ ես մնում եմ մութ գրասենյակում: Ես տառապում եմ:

Հետո հանկարծ գցվում եմ համակարգչի մոտ ու միացնում այն:

Այսօր դու ներողություն կխնդրես նրանից, վերջնականապես կընդունես քո պարտությունը և հսկայական ռազմատուգանք կվճարես անկողնում: Իսկ առավոտյան հաղթական կմտնես գրասենյակ` իմ ռազմատուգանքն ընդունելու համար: Իսկ ես ինչպես միշտ հնազանդ կլինեմ: Ինչպես դու այս գիշեր…

Արսենյան Սոնա, 16 տարեկան, Երևան, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Դու այդպես էլ չհասկացար, որ ես եմ մեծ քաղաքի այն ամենազոր Աստվածը, որին դու հավատում ես:

Դու քայլում ես փողոցով ու մտքում աղոթում: Ու չգիտես, որ ինձ ես աղոթում:

Գիտե՞ս, դու բարի ես: Ես եմ քեզ այդպիսին ստեղծել: Բայց երբեմն դու դաժան ես լինում: Դա արդեն քո ընտրությունն է: Դու ցավ պատճառեցիր ինձ, և դա էլ էր քո ընտրությունը:

Գիտե՞ս, ես կարող էի քեզ պատասխանել և հաղթող դուրս գալ այս մենամարտում: Բայց ես չարեցի այդ: Ես ընդունեցի տառապանքը, որպեսզի հետո իրավունք ունենամ ցավ պատճատռել մարդկանց: Ու նաև քեզ:

Դու չհասկացար, ինչու եմ ես այսքան հնազանդ քեզ:

Որ հետո հնազանդություն պահանջեմ քեզանից:

Գիտե՞ս, ես էլ եմ դաժան, բայց երբեմն բարի եմ լինում, ու դա իմ ընտրությունն է: Եվ այդ բարության օրենքով ես իրավունք չունեմ ոտնահարել մեկին, մինչև ինքս դեռ չեմ եղել ոտնահարված:

Երեկ դու ինձնից լուծեցիր բոլոր “հնազանդ” կանանց վրեժը, իսկ ես քեզնից` բոլոր հնազանդ աստվածների:

Այսօր դու արդեն հաղթող ես, իսկ ես դեռ ռազմատուգանք ունեմ վճարելու:

Դա անարդար է, որովհետև իրականում ես եմ հաղթել, և ոչ թե դու:

Բայց ես ինչպես միշտ հնազանդ եմ:

Դրա համար էլ ես միշտ հաղթող եմ դուրս գալիս մետրոյի 777 կայարան այն կողմ: Այնտեղ, ուր մարդիկ չեն եղել, և իմ որդին հավերժ տառապում է մարդկանց մեղքերի համար, իսկ ես հնազանդ եմ նրան:

 

Advertisements

3 Comments

  1. Nara says:

    indz shat dur ekav , bayc ays patmvacqy es urish tex em tesel.
    http://sona-ari.blogspot.com/2011/11/blog-post_25.html

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: