Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Վաղն արդեն ուշ էր

Վաղն արդեն ուշ էր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Փողոցում մի մարդ էր ընկած: Նա մարդկանց միայն զզվանք էր պատճառում: Շատերը նույնիսկ հայհոյանքով էին արձագանքում նրա՝ երբեմն-երբեմն լսվող անգիտակից արտահայտություններին: Նա այնքան էր հարբել, որ նույնիսկ գետնից վեր բարձրանալ չէր կարող: Ամեն օր էլ այդ վիճակում էր, և հարակից թաղամասերում նրան արդեն ճանաչում էին: Իսկական թափառական, անտեր, հարբեցող մարդկանցից էր, որոնք, ցավոք, մեր քաղաքում հիմա շա˜տ-շա˜տ են…

Նրա անունը ոչ ոք չգիտեր: Երբեմն նրան մեռած համարելով՝ ցանկանում էին բարեկամներին ու հարազատներին գտնել, ոմանք էլ խղճում ու ցանկանում էին բժիշկ կանչել: Բայց երբ նա մի կերպ ոտքի էր կանգնում ու «քայլում», չգիտես ինչու` բոլորի մոտ կրկին նողկանք էր առաջանում դեպի այդ մարդը:

Բայց ո՞վ էր նա: Ի՞նչն էր նրան ստիպել դառնալ այդպիսին: Երևի այս նկարագիրը Ձեզ ծանոթ թվաց. անբախտ մի մարդ, ով, դաժան ճակատագրի զոհը դառնալով և չկարողանալով իրեն չկորցնել,  թուլամորթի նման դարձել է հասարակության համար անպիտան ու զազրելի:

Մի օր, երբ նա հերթական անգամ հարբած, գլորվելով անցնում էր փողոցով, այդ ժամանակ մի նվերների խանութ էին թալանում: Լսելով հարևանների աղաղակները` գողերը թողեցին ավարը և մի «նվեր» էլ՝ նրան: Ոստիկանությունը տեղ հասնելով՝ բռնեց միակ կասկածյալին ու մեղավորին…

Մինչև նա ուշքի եկավ, արդեն ոստիկանական տեղամասում էր հայտնվել: Ոստիկանները սկսեցին հարցաքննել, բայց նա ոչ մի հարցի չէր պատասխանում, միայն անդադար կրկնում էր. “Ես գող չեմ”:

– Իհարկե: Ոչ մեկդ էլ գող չեք: Միայն քեզ ու քեզ նմաններին հրեշտակի թևերն են պակասում:

-Հիմա՛ր, ասա, որ դու ես արել: Միևնույնն է  դու ես, և ապացույցներ էլ կան,- այս ասելով` ոստիկանը հարվածեց նրան: Երկրորդը նույնպես միացավ: Նրան անդադար ծեծի ենթարկելով` չկարողացան ստիպել, որ խոստովանի: Իսկ նա՝ կուչ եկած, լալագին հազիվ կրկնում էր. «Ես մեղավոր չեմ…»:

-Ի՞նչ է կատարվում այստեղ,-հանկարծ այս կիսամութ աշխատասենյակ մտավ մի հաղթանդամ, խիստ դիմագծերով մի տղամարդ: Նրա ձայնից երկու ոստիկաներն էլ զգաստացան ու հանգիստ թողեցին խեղճ  մարդուն:-Ի՞նչ եք անում: Ինչու՞ եք այս  մարդուն ծեծում:

-Պարո՛ն կապիտան, սա Ձեր ընկերոջ նվերների խանութն է թալանել:

-Դա կապ չունի: Դուք իրավունք չունեք մարդուն ծեծելու: Չե՞ք տեսնում, որ առանց այդ էլ կյանքը նրան լա˜վ պատժել է:

-Ախր, պարո՛ն կապիտան, ոչ մի հարցի չի պատասխանում:

-Ինձ չի հետաքրքրում: Երկուսդ էլ դու՛րս գնացեք:

Կապիտանը եկավ, նստեց նրա առջև և սկսեց հարցաքննել.

-Դու՞ ես թալանել նվերների խանութը:

Նա վախից ոչ մի բառ չարտաբերեց: Իսկ կապիտանը, ուշադրություն չդարձնելով, որ պատասխան չստացավ, շարունակեց խոսքը.

-Դու չէիր կարող անել. ուղղակի ի վիճակի չէիր: Բայց եթե չխոսես, ապա կբանտարկվես, քանի որ բոլոր ապացույցները քո դեմ են:…Հը՞, կխոսե՞ս,- սակայն նա ոչ մի բառ չասաց, կարծես լեզուն կուլ տված լիներ:-Լավ: Ուրեմն մի քանի օր բանտարկյալների հետ կմնաս, հետո ամեն ինչն էլ խելոք կասես: Հիշի’ր, որ դա իմ մտերիմ ընկերոջ խանութն էր, ու եթե չասես, թե ովքեր են թալանել, քեզ համար լավ չի լինի:

                                                                        ***

Մանր-մունր հանցագործների կողքին նա չէր կարող երկար դիմանալ: Մի քանի օր անց  նա արդեն դալկահար պառկած էր բանտախցի խոնավ ու կոշտ անկողնում, որը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր անկողնուց` այգիների նստարաններից ու փողոցի մայթերից…

Մի քանի օր անց` առավոտյան, նրան  տարան  կապիտանի մոտ: Եվ հարցաքննության ժամանակ նա կրկին պնդեց, որ գող չէ, և որ ինքը չի արել գողությունը: Նրան կրկին տարան բանտախուց, իսկ այնտեղից միայն  ու միայն մահվան շունչ էր փչում…

Եվս մի քանի օր, մի քանի բանտախցային ծեծկռտուք, և նա շատ ծանր վիճակում հայտնվեց հիվանդանոցում: Հիվանդանոցի գլխավոր բժիշկը նման հիվանդների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք էր ցուցաբերում: Հետաքրքրվելով նաև այս հիվանդով` ոչ մի բան չկարողացավ պարզել` նույնիսկ անունը:

Մի քանի օր անց, երբ  վիճակը մի քիչ  արդեն  կայուն էր, նա բացեց աչքերը: Բժիշկն անմիջապես եկավ  մոտը և սկսեց հարցնել,  թե ինչպես է իրեն զգում, անունն ինչ է և այլն: Բայց նա միայն ցավից տնքում էր: Իհարկե, բժիշկը հասկանում էր, որ նրան չի կարելի խոսել, բայց ուզում էր պարզել, այդ մարդու գոնե  անունը:

                                                                        ***

Երբ արդեն նրա վիճակը բարելավվել էր և լողացել, սափրվել էր, բժիշկը, նրան տեսնելով, կարծես մի ծանոթ մարդու տեսավ, բայց չհիշեց, թե ում էր հիշեցնում: Այդ օրվանից  ավելի  ուշադիր էր այդ մարդու նկատմամբ: Շուտով պարզվեց, որ նա լյարդի ցիրիոզով էր տառապում, և հիվանդությունն էլ հասել էր իր վերջին փուլին…

Խեղճ մարդն այնքա՜ն էր տանջվում: Կյանքի ու մահվան կռիվ էր տալիս, բայց նա արդեն կյանքի ու ճակատագրի հետ պայքարում վաղուց էր տանուլ տվել և վճարել` մնացյալ կյանքի տառապանքով: Բժիշկը նույնպես տանջվում էր, ցանկանում էր ինչ-որ բանով օգնել, բայց էլ ոչինչ չէր կարող անել. հիվանդությունն իր չար գործն արդեն արել էր: Նրա մասին պատմել էր նույնիսկ կնոջը՝ ասելով, որ նա իրեն ինչ-որ մեկին է հիշեցնում…

                                                                        ***

Առավոտյան հիվանդանոցում թոհուբոհ էր: Հիվանդի վիճակը վատ էր ու կարծես թե…

Երբ բժիշկը մտավ հիվանդասենյակ, նա ամուր բռնեց բժշկի ձեռքն ու մեծ ճիգեր գործադրելով` շշնջաց.

-Գո՛ռ, Արմանն եմ…,- դրանք նրա վերջին խոսքերն էին: Նա ուժասպառ եղավ ու աչքերը փակվեցին:  Բայց  մինչ  մահվան հրեշտակին տրվելը, նա հասցրեց  բժշկի հետաքրքրասիրությունը փարատել` բացահայտելով իր ով լինելը: Բժիշկը տեղում քարացավ ու սփրթնեց: Նրա աչքերից ակամայից արցունքներ հորդեցին, ու կարծես ողջ շենքը փուլ եկավ  իր գլխին: Նա այլևս չէր լսում, թե ինչ էին ասում բժիշկները: Բժիշկը չգիտեր` ուր գնալ,  ինչ անել,  ինչպես  ետ  բերել Արմանին: Ինչպե՞ս  կարողացավ  մեկ  վայրկյանում  կորցնել  նրան, երբ թեև ապրում էին նույն քաղաքում, բայց տասներկու տարի էր, ինչ լուր չուներ հարազատ եղբորից… Հանկարծ նրա աչքերը շաղվեցին ու այլևս չհասկացավ, թե շուրջբոլորն ինչ էր կատարվում: Գոռը կորցրել էր գիտակցությունը…

                                                                        ***

Գյումրի 1988թվ. դեկտեմբերի 5:

-Գո՜ռ, ու՞ր ես:

-Արմ ջա՛ն, սենյակում եմ, արի՛:

-Գո՛ռ, կգա՞ս այսօր գնանք կինո: Ընկերուհուդ էլ կբերես: Ես էլ Աննային եմ հրավիրել:

-Լա՛վ: Ես համաձայն եմ: Միայն զանգեմ Անիին էլ ասեմ, հետո նոր գնանք, հա՞:

-Դե լավ: Ես էլ գնամ: Մի քիչ գործեր ունեմ:

-Արմա՛ն, բայց ես քեզ հետ խոսելու բան ունեմ:

-Ի՞նչ է պատահել:

-Գիտես… Չէ՛, ախր ասելու բան էլ չէ…

-Դե լավ, Գո՜ռ, ասա՛:

-Գիտես…ըըը՜… երեկ լսում էի, թե ինչպես են հայրիկն ու մայրիկը խոսում, որ քեզ արգելելու են…

Դե՜, արգելելու են քեզ Աննայի հետ ընկերություն անել:

– Ի՞նչ, ի՞նչ ես ասում, գժվե՞լ ես:

-Չէ՛, Արմա՛ն, երդվում եմ: Ճիշտ եմ ասում:

-Բայց ինչու՞: Հո երեխա չեմ, որ իմ փոխարեն որոշումներ են կայացնում կամ ընդհանրապես ի՞նչն է պատճառը: Ախր մենք դեռ մանկուց ենք իրար հետ ընկերություն անում: Մենք իրար համար ենք ստեղծված:

-Լա՛վ, մի րոպե հանգստացի՛ր  ու ինձ լսի՛ր: Պատճառը ո՛չ դու ես, ո՛չ Աննան: Բանն այն է, որ նրա ծնողները մեր ծնողներին` հատկապես մայրիկին, դուր չեն գալիս:

-Ինչու՞:

-Չգիտեմ, խոսում են, որ լավ մարդիկ չեն:

-Գո՛ռ, դրանք միայն բամբասանքներ են: Չէ՞ որ մայրիկը նրա մորաքրոջը վաղուց է ճանաչում: Ի՞նչ եղավ նրանց:

-Արմա՛ն, ինչ նրա ծնողները եկել են, ես շատերից եմ լսել, որ նրանց մեր քաղաքում չեն հարգում:

-Իսկ ինչու՞:

-Ասում են, որ շատ ազատ են իրենց պահում ու ԱՄՆ-ի բարքերն այստեղ են բերել:

-Իսկ ո՞վ է այդ ամենը գլուխդ  լցրել,-Արմանն այնքան էր բարկացել, որ արդեն ավագ եղբոր հետ բարձր տոնով էր խոսում:

-Նրանց հարևանններից եմ իմացել, որ ուզում են թերթի խմբագրություն բացել ու ժողովրդի մեջ  հակաքարոզչություն տարածել:

-Գո՛ռ, դա նրանց գործն է: Ինչ ուզում են թող անեն: Իրենց անվալելուչ բաներ թույլ չեն տալիս, ու որ կարևորն է, շատ բարի մարդիկ են:

-Իսկ ինչու՞ մինչև հիմա աղջկան տեսնելու չէին գալիս: Ու հիմա նոր հայտնվել են:

-Գնալ-գալը շատ դժվար է, ինքդ էլ գիտես, բայց նրանք միշտ էլ խոսել, գումարով աջակցել են Աննային: Հիմա եկել են, որովհետև Աննան իմ մասին պատմել ու ասել է, որ մենք ուզում ենք ամուսնանալ:

-Չգիտե՜մ Արման, դու պաշտպանում ես նրանց, որովհետև Աննայի ծնողներն են:

-Չէ՛, Գո՛ռ, ես ճշմարտությունն եմ ասում. կապ չունի, թե նրանք ովքեր են: Ու եթե հայրիկն ու մայրիկն էլ ինձ արգելեն նրա հետ շփվել, ես միևնույնն է Աննայից չեմ հրաժարվի: Եվ լա՛վ իմացի՛ր՝ մենք ամուսնանալու ենք, այդ ամենը ձեզ դուր գա, թե ոչ,-Արմանը բղավեց եղբոր վրա և դուրս գնաց:

                                                                        ***

Երեկոյան նա Աննայի հետ հանդիպեց, զբոսնեցին, զրուցեցին, բայց Արմանի մտքում անընդհատ եղբոր հետ ունեցած խոսակցությունն էր: Աննան, իհարկե, նկատեց Արմանի տխրությունն ու մտահոգությունը, բայց ոչինչ չհարցրեց: Իսկ Արմանն էլ նկատել էր, որ Աննայի հետ է ինչ-որ բան կատարվում: Նա էլ մի տեսակ անհանգիստ էր: Ցանկանալով ժամանակը ձգձգել` նա Աննային առաջարկեց նստել:

-Ա՛րմ, ի՞նչ է պատահել: Զգում եմ, որ տխուր ես:

-Է՜…,- գլուխը թեքում է,- ոչինչ էլ չի եղել:

-Բայց դու անհանգիստ ես երևում, ինչ-որ բա՞ն է պատահել:

-Ա՛ն, նույնը քեզ էի ուզում հարցնել: Ինչ-որ բա՞ն է եղել, որ ես տեղյակ չեմ:

-Արմա՛ն, գիտե՞ս ես ուզում էի քեզ հետ խոսել:

-Ես էլ: Իսկ լու՞րջ բան է:

-Այո՛, իսկ քեզ մո՞տ:

-Նույնը: Դե լավ, ասա՛,  ի՞նչ էիր ուզում ասել, ես հետո կասեմ:

-Ո՛չ, սկզբում դու ասա:

-Լա՛վ: Բայց չգիտեմ էլ որտեղից սկսեմ…

-Ի՞նչ է եղել: Մենք մինչև հիմա ամեն ինչ միասին քննարկել ու խոսել ենք` առանց մտածելու, թե որտեղից սկսենք:

«Թեև ես էլ չգիտեմ, թե ծնողներիս որոշումն ինչպես ասեմ»,- մտածում էր Աննան:

-Ախր, սա շատ լուրջ հարց է:

-Դե Արմա՜ն, ասա´ վերջապես:

-Գիտե՞ս Ա՛ն, Գոռն ասում է… Դե լսել է, որ…Մի խոսքով ծնողներիս խոսակցությունն է լսել:

-Եվ ի՞նչ:

Վերջապես  Արմանը  որոշում է ասել: Դեմքը Աննայից փախցնելով՝ շունչը պահած ասում է.

-Լսել է, որ ծնողներս դեմ  են մեր ընկերությանը:

Աննան, խոսքերին չհավատալով, կանգնում է, գլուխը կախում. նա շատ լավ հասկացել էր, որ պատճառն իր ծնողներն էին:

-Ա՛ն, խնդրում եմ, արի փախչենք: Հա՞:

-Արմա՜ն…

-Ան, մի՛ տխրիր, խնդրում եմ: Ես միևնույնն է նրանց հետ համամիտ չեմ  և ինձ չի հետաքրքրում հասարակության կարծիքը: Ինձ համար միայն կարևոր է, որ կողքիս լինես: Եվ ես  թույլ չեմ տա, որ իմ կյանքին խառնվեն:

-Չէ՛, Արմա՛ն, նրանք իրավունք ունեն: Ես հասկանում եմ,-կիսաթաց աչքերով պատասխանում է Աննան:

-Բայց չէ՞ որ ոչ թե մեր ծնողները, այլ մենք պիտի ամուսնանանք իրար հետ:

-Նրանք էլ բարեկամանալու են: Քիչ բան չէ, խնամիներ են դառնալու:

-Այսի՞նքն, ի՞նչ ես առաջարկում:

-Արմա՛ն, գիտե՞ս, ես էլ քեզ վատ լուր ունեմ հայտնելու:

-Սրանից էլ վա՞տ:

-Այո՛:

-Սրանից վատ միայն աշխարհի կործանումը կարող է լինել,- տխուր քմծիծաղ է տալիս:

-Ավելի վատ բաներ էլ կան:

-Ե՞վ…

-Ծնողներս ուզում են ինձ իրենց հետ տանել:

-Ի՞նչ:

-Ասում եմ…

-Չկրկնե՛ս: Գժվե՞լ են ինչ է: Ես թույլ չեմ տա:

Աննայի աչքերը կրկին լցվեցին արցունքներով.

-Իսկ ի՞նչ ենք անելու: Հիմա մենակ ենք, նույնիսկ Գոռը` եղբայրդ, մեր կողմից չէ:

-Ինչ արած, մենք էլ կփախչենք:

-Արմա՜ն, դու լրիվ գժվել ես: Ինչո՞վ, ու՞ր ենք գնալու:

-Ես գումար ունեմ: Կգնանք առաջին իսկ պատահած տեղը:

-Չէ՛…հնարավոր չէ: Ես չեմ կարող ծնողներիս թողնել:

-Աննա՛, ո՞ր ծնողներին: Այն ծնողների՞ն, որ քեզ հաշվի չեն առնում:

-Բայց Արմա՛ն, նրանք իմ ծնողներն են, նրանք են  ինձ մեծացրել, պահել:

-Դու երևի մորաքրոջդ մասի՞ն ես ախոսում:

-Արմա՛ն: Կարո՞ղ ես գոնե մի անգամ ծնողներիս մասին արհամարհական չխոսել: Ի վերջո նրանք իմ ծնողներն են:

-Լա՛վ, կներես Ան ջան, չէի ուզում քեզ նեղացնել: Ես քեզ հասկանում եմ, բայց դու էլ ինձ հասկացի՛ր: Ես ուզում եմ, որ մեզ համար էլ լավ լինի:

-Չգիտեմ Արման, չգիտե~մ…

-Ես վաղն ևեթ կպայմանավորվեմ, ուղեգրեր կգնեմ ու կգնանք:

-Ու՞ր:

-Չգիտեմ, թեկուզ Վոլգոգրադ: Այնտեղ բարեկամներ, ընկերներ շատ ունեմ: Ի վերջո թող մեր ծնողները հասկանան, որ արդեն մեծ ենք և մեր փոխարեն թող որոշումներ չկայացնեն: Աննա՛, հասկացի՛ր վերջապես, նրանց համար նպատակ է դարձել մեզ բաժանելը:

-Արմա՛ն, դու ինչ-որ չափով ճիշտ ես, համաձայն եմ, բայց միևնույն ժամանակ խղճում եմ նրանց:

-Գիտեմ, ես էլ եմ խղճում, որովհետև շատ կտաանջվեն, բայց տեղ հասնելուն պես կտեղեկացնենք, որ մենք լավ ենք, ու որ մեզ չփնտրեն…

                                                                        ***

Երեկոյան Աննան շատ տխուր գնաց տուն: Ծնողներն էլ տեղեկացրին, որ երկու օրից մեկնելու են: Եթե Արմանի հետ հանդիպումից հետո նա մի քիչ կասկածում էր գնա՞լ թե՞ ոչ, ապա տուն վերադառնալուն պես միանգամայն համոզվեց, որ պետք է Արմանի հետ մեկնի: Այլապես նրանց ճանապարհներն ընդմիշտ կբաժանվեին: Նա տխուր փակվեց սենյակում և այլևս չէր ուզում խոսել ծնողների հետ: Նրան միայն հասկանում էր մորաքույրը, ով այդ տարիների ընթացքում Աննայի կողքին է եղել: Միայն Լիզա մորաքույրն էր տեսել նրա ողջ մանկությունը` Արմանի հետ միասին, նա էր տեսել փոքրիկ Աննայի առաջին սիրո արցունքները: Եվ երբ Աննան սենյակում անձայն լալիս էր, միայն նա եկավ և խոսեց հետը: Լիզան նույնպես լացակումած էր խոսում.

-Մորաքո՛ւյր, ինչու՞ են ծնողներս  հանկարծ որոշել մեկնել և դեռ ինձ էլ իրենց հետ տանել:

-Աննա՛ ջան, նրանք քո ծնողներն են և ուզում են, որ քո ապագան լավ դասավորվի: Մի՛ մտածիր, այնտեղ շատ ավելի լավ կլինի:

-Մորաքո՛ւյր, դու քո ասածներին հավատու՞մ ես:  Իմ ապագան այստեղ է լինելու: Ես ամբողջ կյանքում կողքիդ եմ եղել: Եվ հիմա ինչպե՞ս եմ առանց քեզ մնալու: Իսկ Արմա՞նը: Մեզ հետ ի՞նչ կլինի:

-Ես հասկանում եմ քեզ անուշի՛կս, բայց…

-Մորաքու՛յր, ի՞նչ բայց, ի՞նչ բայց: Ես առանց Արմանի չեմ կարող:

-Սիրելի՛ս, այդպես մի՛ խոսիր: Նրանք քո ծնողներն են, և քո կյանքը պետք է նրանց հետ կապված լինի:

-Մորաքո՛ւյր, վերջացրո՜ւ, նրանք ինձ համար միայն անձնագրով են ծնողներ:

-Աննա՛:

-Հա՛, իհարկե մոռացա. ինձ մեծացնելու համար նրանք քեզ վճարել են:

-Աննա՛:

-Ի՞նչ Աննա հա Աննա, մորաքու՛յր,-նա հուզմունքից անընդհատ լալիս էր:

Լիզան նույնպես սկսեց լաց լինել:

-Դու ինձ համար եղել ես և՛ մայր, և՛ հայր: Դու ինձ համար օրորոցային ես երգել, ինձ առաջին դասարան տարել, դու ես ամեն տարի առաջինը ծնունդս շնորհավորել: Դու, հենց դու ես կողքիս եղել, երբ հասկացել եմ, որ սիրում եմ Արմանին: Իսկ հիմա հայտնվում են, խոսում ծնողական իրավունքներից և ուզում են ինձ քեզանից և Արմանից բաժանել: Ես թույլ չեմ տա: Լավ է մեռնեմ, քան նրանց հետ մեկնեմ:

Մորաքույր Լիզան գրկեց Աննային և փորձեց հանգստացնել.

-Աղջի՛կս, մի՛ մտածիր, ամեն ինչ լավ կլինի:

-Լավ կլինի միայն նրանց գնալուց հետո:

-Աննա՛, ծնողներիդ մասին այդ տոնով մի՛ խոսիր:

-Մորաքու՛յր, ճիշտ եմ ասում, ինչ նրանք եկել են, մեզ հետ անընդհատ անհաջողություններ են լինում: Հիմա էլ Արմանի ծնողները նրանց պատճառով մեզ արգելել են իրար հետ շփվել:

-Ի՞նչ: Ի՞նչ ես ասում:

-Այո՛, նրանց թեթևամտությունը կործանում է մեր կյանքը:

-Սիրելի՜ս…

-Ես նրանց այլևս տանել չեմ կարողանում:

-Բայց նրանք քեզ իրենց հետ տանելու պատճառ  ունեն:

-Ի՞նչ պատճառ կարող է լինել: Այդտեղ միայն իրենց եսասիրությունն է խոսում,- արցունքները սրբելով պատասխանում է Աննան:

-Ո՛չ, աղջի՛կս, հասկանու՞մ ես, բանն այն է, որ… Դե, դու գիտես չէ՞, որ ծնողներդ թերթի խմբագրություն էին ուզում բացել:

-Անիծյալ լինի նրանց խմբագրությունը:

-Լսի՛ր: Այդ մասին իմացել են նրանց հակառակորդները և սպառնացել են, որ ընտանիքին վնաս կպատճառեն:

-Իսկ դու՞:

-Ես ի՞նչ:

-Ինչու՞  հենց  ինձ: Միթե՞ դա սուտ չէ` ձեր կողմից հորինված:

-Աղջի՛կս, ես քեզ երբևիցե խաբե՞լ եմ: Նրանք իսկապես սպառնացել են: Եվ հետո չգիտե՞ս մեր երկրի այսօրվա վարքն ու բարքը: Մեկը մի սխալ խոսք ասի՝ վերջը կգա:

-Տեսնու՞մ ես մորաքու՛յր, նրանք մեզ միայն վնաս են պատճառում: Ինչու՞  եկան, որ հիմա էլ ինձ համար վտանգ հանդիսանան:

-Չգիտեմ, աղջի՛կս, բայց դու պետք է անպայման նրանց հետ մեկնես, այլապես…

-Մորաքու՛յր Լիզա դու՞ էլ ես նրանց պաշտպանում:

-Ո՜չ, պարզապես հիմա քեզ համար այստեղ ապահով չէ:

-Իսկապես ամեն ինչ այդքան լու՞րջ է:

-Չես էլ կարող պատկերացնել, թե ինչքան…

-Ես նորից նրանց պատճառով տանջվելու՞ եմ:

-Ո՛չ, քաղցրի՛կս, համբերի՛ր, շուտով ամեն ինչ կփոխվի:

-Ոչինչ էլ չի փոխվի:

-Լա՛վ, հիմա հանգստացիր ու քնիր: Լույսը կգա` բարին հետը:

***

Արմանը տուն մտնելուն պես տեսավ, որ ծնողները շատ լուրջ նստած են: Նրանք Գոռի հետ միասին սպասում էին Արմանի վերադարձին: Նրանց բոլորի տրամադրությունից զգացվում էր, որ ուզում էին Արմանի հետ խոսել և իհարկե Աննայի մասին: Արմանն էլ ձևացրեց, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում: Նա հանեց բաճկոնը և ուզում էր գնալ իր սենյակ, երբ լսեց հոր ձայնը.

-Արմա՛ն, սպասի՛ր տղա ջան, արի՛, նստի՛ր: Քեզ հետ խոսելու բան ունենք:

-Լավ էլի, պա՛պ, տրամադրություն չունեմ:

-Տղա՛ ջան, արի՛ նստիր,-խիստ տոնով կրկնեց մայրը:

-Կարող եք չասել, արդեն տեղյակ եմ:

-Արմա՛ն, լրիվ անկառավարելի ես դարձել,-բարկացավ հայրը:

-Ձեր ձեռքին ամեն ինչ էլ կդառնամ: Կարծիքի համար էլ շնորհակալություն, հաշվի կառնեմ: Էլի նորություններ կա՞ն:

-Արմա՛ն, չհամարձակվես հայրիկի հետ այդպես խոսել,-տեղից վեր ելնելով զայրացած ասաց Գոռը:

-Դու ընդհանրապես գործ չունես: Քեզ չվերաբերող հարցերում էլ քիթդ մի մտցրու,-այս ասելով Արմանը հրեց եղբորը: Գոռն էլ պատասխանեց նրան, և սկսեցին կռվել: Հայրն ու մայրը հազիվ իրարից բաժանեցին: Եվ Արման բաճկոնը վերցրեց ու դուրս գնաց:

Ծնողները հետ կանչեցին, բայց նա դուռը շրխկացնելով հեռացավ: Արմանն ամբողջ գիշեր դրսում չափչփեց, գնաց Աննայենց թաղամաս և երկար Աննայի պատուհանին նայեց: Երբ ներսում լույսը մարեց, նա էլ պառկեց շենքի դիմացի նստարանին ու քնեց:

                                                                        ***

Առավոտյան արթնանալով` Արմանը տեսավ, որ Աննայի ծնողները ավտոմեքենայով իրեր են տեղափոխում: Այս ամենը տեսնելով` ավելի շատ տխրեց: Եթե մինչ այդ նրա հույսն այն էր, որ կհասցնեն փախչել, այժմ կարծես այդ դուռն էլ փակվեց: Արմանի ծնկներն ասես ծալվում էին: Նա շնչահեղձ էր լինում: Այլևս չէր դիմանում բաժանման մտքին ու…Այնպես էր ուղեղն արգելակվել, որ թողեց ու հեռացավ: Աննան էլ տանը լուռ լալիս էր: Նրա ծնողները որոշել էին մեկ օր շուտ մեկնել: Իսկ Աննան հույս ուներ, որ կհասցնեին փախչել: Առավոտ շուտ, երբ արթնացել էր, ծնողները ստիպել էին վեր կենալ ու պատրաստվել: “Աստվա՜ծ իմ, ավելի լավ է հոգիս վերցրու: Լավ է մեռնեմ, քան ծնողներիս հետ մեկնեմ: Խնդրում եմ, ազատի՛ր ինձ այս տանջանքներից”,-մտածում էր Աննան: Իսկ երբ Արմանին էլ տեսավ իրենց բակում, ավելի  ուժգնորեն սկսեց լաց լինել: Քիչ անց նրա մոտ եկավ Լիզա մորաքույրը: Սենյակ մտնելով` տեսավ, թե ինչպես է աղիողորմ լալիս ու տառապում խեղճ աղջնակը: Նա չկարողացավ նույնիսկ Աննայի հետ խոսել, միայն անձայն սենյակից դուրս եկավ:

-Լսե՛ք,- դիմեց նա Աննայի ծնողներին,- միգուցե Աննային ձեզ հետ չտանե՞ք:

-Լիզա՛ ջան, հասկանում ենք, որ այս տարիների ընթացքում Աննայի կողքին ես եղել ու հիմա էլ դժվար է բաժանումը, բայց նա մեր աղջիկն է, և մենք իրավունք ունենք նրան մեզ հետ տանելու,-ասաց Աննայի հայրը:

-Գիտեմ, ճիշտ եք, բայց չե՞ք տեսնում, թե ինչքան է տառապում:

-Ոչինչ, կսովորի: Ի վերջո վաղ թե ուշ մեզ հետ մտերմանալու էր, չէ՞,-ավելացրեց մայրը:

-Բայց ոչ իր երջանկության հաշվին, հասկացե՛ք վերջապես:

-Լիզա՛, քույրի՛կս, խնդրում եմ հանգստացի՛ր: Մենք բոլորս էլ երիտասարդության տարիներին սիրահարվել ենք, բայց այդ սերն անցողիկ է:

-Այդ սերն անցողիկ չէ, նրանք իրար մանկուց ճանաչում են: Խնդրում եմ ձեզ, մի՛ տարեք Աննային:

-Եթե նրա հանդեպ ավելի լավ վերահսկողություն սահմանեիր, ապա տղաների հետ ընկերություն չէր անի, իսկ հիմա էլ դժվար չէր լինի բաժանումը,-հեգնաբար պատասխանեց Աննայի  հայրը:

-Եվ սա՞ էր  ձեր շնորհակալությունը: Շա~տ հետաքրքիր էր: Մի՞թե ես այսքան տարի ձեզ չեմ ճանաչել: Մերի՛, գոնե դու խոսիր,-ապշած խոսեց Լիզան:

Աննայի մայրն իրականում համամիտ էր ամուսնու հետ:

-Ախր, Լիզա՛, հասկացի՛ր, մենք ուզում ենք մեր աղջկա կողքին լինել: Մի՞թե իրավունք չունենք:

-Իհարկե, դուք միշտ իրավունքներից եք խոսում: Այնինչ ձեր պարտականությունների մասին երբեք չեք հիշում: Կարծում եք ես էլ միշտ լռելու՞ եմ: Եթե դուք միայն որպես ծնող իրավունքներ ունեք, ապա ես  ավելի շատ իրավունքներ ունեմ, ես եմ նրան պահել ու մեծացրել և այժմ թույլ չեմ տա մեզ բաժանել:

-Հիմա էլ երեսո՞վ ես տալիս,-հարցրեց հայրը` Աշոտը:

-Գիտե՞ք ինչ, ընդունեք ինչպես ուզում եք: Դուք ինձ նույնիսկ դրան հասցրիք: Ի՞նչ է նշանակում. “Նրան լավ դաստիարակեիր, տղաների հետ ընկերություն չէր անի…”: Ես տասնինը տարի Աննային պահել, մեծացրել եմ ու դեռ ոչ ոք, լսու՞մ եք, ոչ ոք այս քաղաքում նրա մասին չի համարձակվել վատ բան խոսել: Իսկ եթե իմ դաստիարակությունից էլ գոհ չեք, ինչու՞ դուք չեք մեծացրել ձեր հարազատ աղջկան: Թեև ավելի լավ է, որ ձեր կողքին չի եղել, այլապես ձեզ նման կմեծանար,-նրա բարկությանը չափ ու սահման չկար ու իրեն էլ չէր կարողանում վերահսկել:

-Ես այլևս չեմ ուզում լսել քո վիրավորանքները, մենք ուշանում ենք,-շփոթմունքից ասաց Աշոտը:

-Ստիպված կլինեք լսել, որովհետև Աննան ձեզ հետ ոչ մի տեղ էլ չի գա:

-Գժվե՞լ ես ինչ է: Նա մեզ հետ է գալիս:

-Ես կրկնում եմ, Աննան երկրից ոչ մի տեղ էլ չի գնալու:

-Կգա, կգա:

-Համոզվա՞ծ եք, եկեք նրան հարցնենք՝ կուզենա՞ գնալ, թե՞ ոչ: Եթե համաձայնի ես այլևս չեմ առարկի: Իսկ եթե ոչ` դուք գնում եք այսօր ու առանց Աննայի:

Աննայի ծնողները տարակուսանքով իրար նայեցին, քանզի համոզված էին, որ նա հնարավորության դեպքում անկասկած կընտրեր մորաքրոջը: Եվ կրկին փորձեցին իրենց նպատակին հասնել.

-Ես համոզված եմ,-ասաց Աննայի մայրը,-որ Աննան կորոշի մնալ քաղաքում, բայց մենք ուզում ենք, որ նա մեզ էլ ընտելանա, իսկ եթե նրան ԱՄՆ-ն դուր չգա, մենք հաստատ նրան ետ կբերենք, խոստանում ենք:

-Չեմ հավատում, պարզից էլ պարզ է, որ ստում ես: Մերի՛, հաշվի՛ առ, որ ինչքան էլ ամուսնուդ պատճառով փոխված լինես, քույրս ես, ու ես քեզ շա՜տ լավ եմ ճանաչում: Եվ հետո ինչու՞ հենց հիմա հայտնվեցիք:   Ինչու՞ ավելի շուտ չէիք գալիս: Միգուցե նրա համար այնքան ծանր չլիներ, ինչքան որ հիմա:

-Մեր աշխատանքային գրաֆիկն այնքան հագեցած էր, որ մենք չէինք կարող ազատ ժամանակ գտնել  ու վերադառնալ:

-Իսկ ինչու՞ հենց հիմա ձեր գրաֆիկն ազատվեց,- հեգնեց Լիզան:

-Հիմա այսպես ստացվեց: Մի՞թե ուրախ չես մեզ համար:

-Չեք տեսնո՞ւմ՝ ցնծության մեջ եմ:

-Դե բավակա՛ն է հեգնես: Մեր նպատակն է միայն Աննային երջանկացնել:

-Աննան առանց ձեզ ավելի երջանիկ էր, իսկ ձեր գալուց հետո նա միայն լալիս է: Միգուցե նրա համար նույնիսկ փեսացու՞ եք գտել,-այս վերջին խոսքերը Լիզան արտասանեց անմտածված. զայրույթից արդեն չէր էլ հասկանում, թե ինչ էր խոսում: Բայց Աննայի հայրը, այս խոսքերը լսելով, խառնվեց: Ու նայեց կնոջը, կարծես ուզում էր հարցնել. «Դու՞ ես ասել»:

-Դե, դա արդեն մեր գործն է,-ասաց Աշոտը:

-Ի՜նչ: Ուրեմն նրա փոխարեն նույնիսկ փեսացու՞ եք ընտրել: Դուք պարզապես խելագարներ եք ոչ թե ծնողներ: Ես ձեզ ասում եմ, որ նա գրեթե նշանված է, իսկ դուք փեսացու՞ եք ընտրում:

Այս ընթացքում Աննան թաքուն լսում էր մորաքրոջ և ծնողների խոսակցությունը: Ծնողների որոշման մասին լսելով` այլևս չկարողացավ ոչինչ լսել և անմիջապես վազեց իր սենյակ: Ինքնաբերաբար արագ պատրաստեց պայուսակը: Նա այնքան էր ապշել, որ նույնիսկ լաց չեղավ: Այժմ նա միայն մտածում էր որքան հնարավոր էր շուտ հեռանալ տնից: Այդ սարսափելի նորությունն այնպիսի ծանր ազդեցություն թողեց նրա վրա, որ առանց մտածելու, մի քանի վայրկյանում հասցրեց պատրաստվել տանից դուրս գալու: Նա բացեց պատուհանը, մի հաստ պարան  գցեց ներքև ու դրանից բռնած իջավ ներքև: Իջնելուն պես հենվեց պատին ու սկսեց հեկեկալ. «Աստվա՜ծ իմ,  հիմա ի՞նչ եմ անելու: Ու՞ր գնամ: Արմա՜ն, ինչքան եմ ուզում քեզ տեսնել: Չէ՜, ես կգժվեմ, կխելագարվեմ…»: Աննան վերցրեց պայուսակն ու արագ հեռացավ: Իսկ ծնողների ու մորաքրոջ վեճն այնքան էր թեժացել, որ չլսեցին էլ, թե ինչպես Աննան փախավ…

Աննայի ու Արմանի մեջ կապն այնքան մեծ էր, որ երկուսն էլ անգիտակցաբար  միշտ անում էին նույն բանը  ու միշտ գնում էին նույն տեղը: Այս անգամ էլ, ի հեճուկս այն իրադարձությունների, որոնք իրենց դեմ էին ուղղված, նրանք նույնն արեցին. գնացին այնտեղ, որտեղ մարդիկ Աստծուց ողորմություն են խնդրում: Հաճախ շատերը չեն հավատում ճակատագրին, բայց այն ավելի ուժեղ է, քան մեր զգացմունքները: Միգուցե այդ հանգամանքը նույնիսկ ճակատագրի բերումով էլ չէր, ու երևի պատճառն այն էր, որ նրանք էությամբ իրար շատ նման  էին: Այնուամենայնիվ, Աննան ու Արմանը իրար հանդիպեցին: Նրանք հանդիպեցին Յոթ Վերք եկեղեցում: Առաջինն Արմանն էր Աննային տեսել: Նա լուռ աղոթում էր Աստծուն և նրա աղոթքը շատ շուտ տեղ հասավ: Արմանը կամաց նրան մոտեցավ, որ չվախեցնի, բայց Աննան միևնույն է վախեցավ, որովհետև Արմանը մեկ օրում շատ էր փոխվել: Արմանի` երբեմնի ուրախ ու վառվռուն աչքերը խամրել ու կարմրել էին: Աչքերի տակ փոսեր էին հայտնվել, իսկ ինքն էլ ասես դիվահար լիներ: Աննան էլ էր փոխվել, բայց ոչ Արմանի նման: Արմանն անճանաչելի էր դարձել, և Աննան նրան առաջին  հայացքից տեսնելով՝ վախից ուզում էր ճչալ, բայց Արմանը նրան հանգստացրեց ու բոլորից թաքուն սկսեցին խոսել.

-Աննա՛, այդ ես եմ:

-Արմա՜ն,-Աննան փաթաթվեց Արմանին ու սկսեց նորից հեկեկալ:

-Հանգստացի՛ր, Ա՛ն,-նա ցանկանում էր ինչ-որ կերպ Աննային հանգստացնել:

-Արմա՜ն, չես պատկերացնի, թե ինչքան ուրախ եմ, որ քեզ գտա: Եթե մի քիչ էլ ուշանայիր, ես կգժվեի:

-Լա՛վ, հանգստացի՛ր, ամեն ինչ վերջացած է, այժմ իրար հետ ենք ու մեզ այլևս ոչ ոք, լսու՞մ ես, ոչ ոք չի բաժանի:

-Արմա՛ն, ծնողներս արդեն իմ նշանադրությունն են ծրագրում:

-Ի՞նչ:

-Այո՛: Այսօր եմ լսել, դրա համար էլ մի կերպ փախել եմ,-Աննան շարունակում էր հեկեկալ, իսկ Արմանն էլ իրեն հազիվ էր զսպում:

-Ես թույլ չեմ տա: Մենք վաղն ևեթ քաղաքից կհեռանանք:

-Արմա՛ն, խնդրում եմ, արի այսօր գնանք:

-Ա՛ն ջան, հանգստացի՛ր, վաղը կգնանք: Ես նույնիսկ տոմսերի համար եմ գնացել ու իմացել ժամերը: Վաղը կմեկնենք Վոլգոգրադ: Այնտեղ շատ ընկերներ ունեմ: Մեզ կօգնեն, հենց այնտեղ էլ կամուսնանանք  ու կաշխատենք, կապրենք:

Աննան, ամուսնության անունը լսելով, դառը ժպտաց.

-Կամուսնանա՜նք…

-Այո՛, մի՞թե դա չի եղել մեր երազանքը:

-Լա՛վ, հետո կխոսենք այս մասին: Ա՛րմ, իսկ այսօր ի՞նչ ենք անելու:

-Կմնանք ընկերոջս` Վարդանենց տանը: Նրա ծնողները հիմա քաղաքում չեն, տանը քրոջ հետ է: Հիշում ես չէ՞ նրանց:

-Հա՛, հիշում եմ: Բայց, Արմա՛ն, խնդրում եմ էլի, արի այսօր գնանք: Ես վախենում եմ, որ վաղն արդեն ուշ կլինի:

-Ինչու՞:

-Չգիտեմ, հնարավոր է, որ վաղը գնացքը չմեկնի, մեզ գտնեն կամ էլ չգիտեմ մի ուրիշ դեպք պատահի: Ես արդեն այդ մտածմունքներից գժվում եմ:

-Լա՜վ, հանգստացի՛ր, խնդրում եմ: Ես քո կողքին եմ և երդվում եմ, որ միշտ էլ քո կողքին կլինեմ:

-Ի՜նչ էի անելու առանց քեզ:

-Ա՛ն, արի ժամանակ չկորցնենք ու արագ հեռանանք:

Աննան ու Արմանը եկեղեցուց աննկատ դուրս եկան ու արագ հեռացան՝ փորձելով աչքի չընկնել:

Վարդանը նրանց շատ ջերմ ընդունեց: Իսկ նրա քույրը` Աստղիկը, Աննային մի քանի անգամ տեսել էր և հասցրել էին մտերմանալ իրար հետ: Հետո Աննան պառկեց մի փոքր հանգստանալու: Մինչ այդ Վարդանն  ու Արմանը  զանգեցին Վոլգոգրադ ու ընկերներից մեկի հետ պայմանավորվեցին, որ արդեն Վոլգոգրադում ժամանակավոր նրանց տանն ապրեն: Արմանը շատ հանգիստ էր, կարծես հասնում էր իր երազանքին, մտածում էր, որ շուտով կազատվեն և՛ իր, և՛ Աննայի ծնողներից, ու կյանքը կդառնար կատարյալ: Բայց  մի՞թե նրա ծնողները այդ րոպեին խղճահարություն չէին առաջացնում իր մոտ: Նրանք էլ էին ցանկանում, որ իրենց ընտանիքը բարեկեցիկ ապրեր՝ բանբասանքներից, չար աչքերից հեռու: Բայց Արմանի տեսանկյունից ինքն էր ճիշտ, որովհետև Աննային սիրում էր, ոչ թե բարեկեցիկ կյանքով ապրելու, այլ լոկ մի պարզ պատճառով. նա Աննային սիրում էր: Ինչևէ: Երևի միայն իրենք երկուսն էին հասկանում այդ ամենը…

Արմանի դեմքին նույնիսկ ժպիտ էր եկել: Սակայն Աննան շատ տխուր ու անհանգիստ էր: Թեև Աստղիկը նրան զբաղեցնում էր, զրուցում հետը, բայց Աննան նրան գրեթե չէր էլ լսում: Նա իր մտքերով էր տարված: Շատ վատ էր զգում իրեն, որ թաքուն փախել էր տնից, բայց միևնույն ժամանակ հիշում ու սարսափում էր այն մտքից, որ մեկնելու էր ծնողների հետ: Մյուս կողմից էլ նա խղճում էր մորաքրոջը: Մեկ այլ կողմից էլ վախենում էր, որ նրանց կգտնեն ու կստիպեն տուն վերադառնալ: Թերևս այս միտքը նրա համար ամենասարսափելին էր: Նա ասես փշերի վրա լիներ ու տեղը չէր գտնում: Գլխում իսկական խառնաշփոթ էր տիրում: Իսկ ի՞նչ էր կատարվում նրանց ընտանիքներում: Արմանի մայրն անդադար լալիս էր, Գոռն ու հայրն էլ ողջ քաղաքով նրանց էին փնտրում: Աննայի ծնողները, աղջկա փախուստի մասին իմանալուն պես, մեղադրել էին Լիզային`ցանկանալով դիմել ոստիկանություն, բայց Լիզան թույլ չէր տվել.

-Ձեզ համար խայտառությունը երբեք քիչ չէ, այնպես չէ՞: Ուզում եք, որ Աննա՞ն էլ ձեր ուղին բռնի: Նա ձեր պատճառով է տանից հեռացել, դուք էլ գնացեք և փնտրեք նրան: Ո՜չ, ներեցե՛ք, դուք միշտ սովոր եք ձեր խնդիրներն ուրիշների օգնությամբ լուծել: Եվ մի բան էլ իմացեք. ես ուրախ եմ, որ Աննան հեռացել է: Եվ համոզված եմ, որ հիմա նա Արմանի կողքին է, ու նրանց ոչ մի վտանգ էլ չի սպառնում: Աննայի համար միակ վտանգը դուք եք…

Այս խոսքերից հետո Աննայի ծնողներն անձայն հեռացել էին իրենց սենյակը: Նրանք արդեն զգում էին իրենց մեղքը, բայց միևնույնն է, Աննայի հայրը չէր հանձնվում: Աղջկա նկարը ձեռքին` ողջ քաղաքով նրան էր փնտրում: Իսկ Արմանի եղբայրն ու հայրը գնացել էին նրա բոլոր ընկերների տները, բացի Վարդանից, որովհետև նրանք գիտեին, որ Վարդանն իր ծնողների հետ Մոսկվա էր մեկնել:

Հետզհետե օրը մթնում էր, և երկուսի ծնողներն էլ, համոզվելով, որ չեն գտնելու իրենց երեխաներին, տուն էին  վերադարձել:

                                                                        ***

Երեկոյան Աննան, Աստղիկը, Վարդանը և Արմանը, միասին պատշգամբում նստած, զրուցում էին: Աննան  շատ անհանգիստ էր, նա համոզված էր, որ այլևս իրենց չեն փնտրում, բայց նրա հոգում մի տարօրինակ խառնաշփոթ էր տիրում: Աննան այժմ և՛ զղջում էր, և՛ վախենում, և՛ խղճում ծնողներին, և՛ կարոտում նրանց: Այո՛, չգիտես ինչու նա կարոտում էր ծնողներին: Մի պահ, մտքերով տարվելով,  նա չէր լսում, թե  ինչ են խոսում.

-Ա՛րմ ջան, ձեր իրերը պատրաստե՞լ եք,-հարցրեց Վարդանը:

-Դե, ոչինչ էլ չունենք վերցնելու: Կարևորը փողն է, որը երկուսս էլ վերցրել ենք:

-Արմա՛ն, իսկ պայմանավորվե՞լ եք, թե ովքեր են ձեզ դիմավորելու, որտե՞ղ եք մնալու,-հետաքրքրվեց Աստղիկը:

-Հա՛, ես ու Վարդանը զանգել, պայմանավորվել ենք: Պարզապես չգիտեմ ինքնաթիռով գնա՞նք, թե՞ գնացքով: Այսօր երկուսի համար էլ զանգել, իմացել ենք, երկուսից էլ տոմսեր կան:

-Ինքնաթիռով գնացեք, ավելի շուտ տեղ կհասնեք:

-Չգիտեմ Աստղիկ ջան: Աննան մի քիչ ինքնաթիռից վախենում է: Չէ՞ Ա՛ն:

Աննան չպատասխանեց.

-Աննա՜,- ձայն տվեցին նրան: Եվ Աննան, կարծես սթափվելով, հարցրեց.

-Ի՞նչ:

-Ա՛ն, չե՞ս լսում:

-Չէ՜, լսում եմ, պարզապես ինձ մի քիչ լավ չեմ զգում:

-Աննա՛, մի՞թե ուրախ չես:

-Արմա՛ն, վրա մի՛ տուր բնական է,-և դառնալով Աննային` Վարդանն ասաց,- Ա՛ն ջան, ուզու՞մ ես գնա ներս, մի քիչ հանգստացիր:

-Ճիշտ է, ես երևի գնամ քնեմ: Ինձ կներեք:

-Ես էլ կգամ քեզ հետ,-Աստղիկն էլ Աննայի հետ մտավ ներս:

Երբ Աննան ու Աստղիկը ներս մտան, Վարդանը սկսեց Արմանին հանգստացնել.

-Ախր հասկացի՛ր, նրա համար շատ դժվար է համակերպվել: Նա այսօր տնից է փախել: Արմա՛ն, նա նոր էր գտել ծնողներին ու միանգամից կորցնելու է: Իսկ մորաքրոջից բաժանվելն էլ ավելի ցավալի է նրա համար:

-Վարդա՛ն, ինձ համար էլ է շատ դժվար: Ես էլ պիտի ծնողներիս թողնեմ, բայց նրանք էլ պիտի հասկանան, որ ես սիրում եմ միայն Աննային: Մի՞թե Աննան ինձ հետ համամիտ չէ:

-Դու չես ուզում հասկանալ նրան: Իհարկե նրա համար ավելի կարևոր ես, բայց հարազատներն էլ իրենց տեղն ունեն:

Նրանց խոսակցության ընթացքում Աստղիկն էլ սենյակում հանգստացնում էր Աննային: Նա նստել էր անկողնում և լալիս էր.

-Ա՛ն ջան, լա՜վ, խնդրում եմ, հանգստացի՛ր, ոչինչ: Մինչև կյանքիդ վերջը չես մնալու Վոլգոգրադում:

Երբ ձեր ծնողները զղջան իրենց արարքների համար, կհաշտվեն, դուք էլ կվերադառնաք:

-Չգիտեմ, պարզապես վատ զգացողություններ ունեմ, հասկանու՞մ ես: Երևի հիմա մեր ծնողները մեզ են փնտրում: Իսկ եթե չստացվի, որ գնանք, պատկերացնու՞մ ես ինչ կլինի: Ի վերջո մեր ծնողներն են, և ուզենք թե չուզենք, նրանց կամքն ենք կատարելու: Իսկ հետո արդեն զղջալու համար ուշ կլինի: Իսկ եթե նրանք երբեք էլ չհամակերպվե՞ն այն մտքի հետ, որ ես ու Արմանն իրար հետ ենք:

-Աննա՛ ջան, դու պարզապես չափազանցնում ես: Ուղղակի քեզ համար հիմա դժվար է այս քայլին դիմել: Հավատա՛, եթե ես էլ քեզ նման իմ սիրուն գտնեի, հաստատ չէի զղջա այդ արարքի համար: Իսկ ծնողներդ վաղ թե ուշ կհաշտվեն այն մտքի հետ, որ դուք միասին պիտի լինեք:

-Աստղի՛կ, ես արդեն վախենում եմ նրանցից: Գիտե՞ս, սարսափում եմ այն մտքից, որ նրանք կարող են մեզ գտնել: Ինձ մորաքույրս փոքր տարիքից դաստիարակել է, որ ես պիտի ընտրության հնարավորություն ունենամ: Նա ինձ երբեք չի ստիպել, որ անեմ այն, ինչ նա է ցանկացել: Բայց ես երբեք դրանից չեմ օգտվել: Իսկ այժմ ես ինձ ստրուկի կարգավիճակում եմ զգում: Ես պիտի անեմ այն, ինչ ուզում են իմ ծնողները, որն ինձ ընդհանրապես դուր չի գալիս:

-Վաղն ամեն ինչ կավարտվի, այ կտեսնես, ամեն ինչ լավ է լինելու: Ինձ կզանգես ու կասես, որ շատ լավ եք, լսու՞մ ես:

-Իսկ եթե վաղն արդեն ուշ լինի՞:

-Աննա՛, իսկապես դու քեզ շատ ես ներշնչում, պառկի՛ր ու մի փոքր հանգստացի՛ր:

-Ուղղակի չես պատկերացնում, թե ինչքան վատ զգացողություններ ունեմ: Ես զգում եմ, որ վաղը հաստատ շատ վատ բան է լինելու:

-Դու հիմա հանգստացի՛ր, ես խոհանոցում կլինեմ, եթե ինչ-որ բան պետք լինի, ինձ կասես, լա՞վ:

-Լա՛վ, Աստղի՛կ ջան:

-Դե ես գնամ:

-Շատ շնորհակալ եմ:

-Ինչի՞ համար:

-Ամեն ինչի:

-Խնդրեմ Ա՛ն ջան, ես համոզված եմ, որ մի օր էլ մենք ձեզ հյուր կգանք: Ու այդ ժամանակ արդեն ձեր սեփական տանը կլինեք:

Աննան, մի պահ այդ ամենը իսկապես պատկերացնելով, երազկոտ հայացքով ժպտաց: Աստղիկն էլ դուրս եկավ սենյակից, բայց նա շատ մտահոգ էր: Երբ մտավ խոհանոց, Արմանն ու Վարդանը հարցրին Աննայից.

-Աստղի՛կ ջան, Աննան ինչպե՞ս է:

-Շատ վատ է: Ներշնչում է իրեն, անընդհատ կրկնում է, որ վախենում է, թե վաղը չեք հասցնի հեռանալ: Անընդհատ ասում է, որ վաղն  ուշ կլինի:

-Աստվա՜ծ իմ: Ես ի՞նչ եմ անելու: Եթե որոշի չգալ, ես կխելագարվեմ: Ախր  նա իրեն այսպես տանջելով նույնիսկ հոգեկան խանգարում կստանա:

-Լավ Արմա՛ն, հիմա էլ դու սկսեցի՞ր:

-Ամեն ինչում ես եմ մեղավոր: Վախկոտի նման չկարողացա նրանց հետ կռվել ու մեզ փրկել և այժմ էլ վախկոտի նման պիտի փախչենք, որ կարողանանք երջանիկ լինել: Բայց ինչի՞ս է պետք այդ երջանկությունը, երբ Աննան իրեն կես մարդ կզգա այնտեղ: Ո՛չ, երջանկությունն այսպես չեն ստեղծում:

-Մի գիշեր էլ համբերի՛ր: Մի քանի ժամ էլ դիմացեք և վերջ: Այլևս ձեր առջև ոչ ոք արգելք չի դնի: Այժմ` ավելի քան երբևէ, պետք է միասին լինեք: Պետք է իրար աջակցեք ու օգնեք` դիմակայելու այս դժվարություններին:

-Երևի ճիշտ ես Վարդա՛ն: Ես ամեն ինչին կդիմանամ, միայն ոչ Աննային տանջվելով տեսնելուն: Ես կխելագարվեմ, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի:

-Արմա՞ն, քեզ հավաքի՛ր: Տղամարդ ես ի վերջո: Ավելի լավ է եկեք գնանք քնելու: Հանգստանալ է պետք, վաղը շատ լարված օր կլինի:

-Լա՛վ, բարի գիշեր,-ասաց Աստղիկն ու հեռացավ իր սենյակը:

-Բարի գիշեր Աստղի՛կ ջան:

                                                                        ***

Աննայենց ու Արմանենց տանն անխոս արտակարգ իրավիճակ էր: Նրանց ծնողները նույնիսկ իրար հետ շատ թեժ վեճ էին ունեցել: Յուրաքանչյուրն իր հերթին մյուսին էր մեղադրում կատարվածի համար: Գիշերն էլ ասես դիտավորյալ ձգձգվում էր:

Արմանը հանգիստ քնած էր: Ավելի ճիշտ` քնաբեր էր ընդունել, որ կարողանար քնել: Իսկ այժմ երազում տեսնում էր, թե ինչպես է Աննայի հետ միասին գնացք նստում` Վոլգոգրադ մեկնելու: Միայն Աննան էր, որ քնել չէր կարողանում: Նա այնքան էր լաց եղել, որ բարձի կեսը թրջվել էր: Երբ մի պահ նրա աչքերը փակվեցին, նա մի երազ տեսավ. շատ բարձր տեղից ներքև էր ընկնում: Ողջ մարմնով սկսեց դողալ ու քնից վեր թռավ:

Արմանենց տանն ամեն ինչ տակնուվրա էր եղել: Մայրը լալիս էր ու անընդհատ կրկնում. “Ամբողջ աշխարհով խայտառակվեցինք: Ես գիտեի, որ այդ մարդիկ մեր ընտանիքին մի փորձանք պիտի բերեն…”:  Իսկ հայրն անընդհատ գնում-գալիս էր: Գոռն էլ, զայրույթից փակված իր սենյակում, քրքրում էր Արմանի ու իր հեռախոսագրքերը: Նա ուզում էր ինչ-որ մեկի համարը գտնել, ով կօգներ նրան գտնել «փախստական եղբորը»:

Աննայենց տանը հակառակ իրավիճակն էր: Եթե Արմանի ընտանիքի անդամները փորձում էին ինչ-որ ելքեր գտնել, ապա Աննայի ծնողները միայն վիճում էին Լիզայի հետ: Նրանց համար, ասես կարևորը ոչ թե Աննային գտնելն էր, այլ իրենց ճանապարհորդությունը դեպի ԱՄՆ:

Երբ Աննայի ծնողները տեսել էին, որ Աննան չկա, նրանք մեղադրել էին Արմանի ծնողներին` ասելով, որ Արմանը փախցրել է իրենց աղջկան: Հեռախոսազրույցը գնալով թեժացել էր, և Արմանի ծնողները որոշել էին գնալ Աննայենց տուն ու ամեն ինչ պարզել: Սակայն ապարդյուն էր, որովհետև Աննայի ծնողները կռվել էին նրանց հետ ու տանից դուրս արել: Այնուհետև յուրաքանչյուրն առանձին էր սկսել իր որոնումները: Սակայն ոչ մեկին էլ, ամբողջ օր փնտրելով, չգտան: Երեկոյան և՛ Արմանի, և՛ Աննայի ծնողները ձեռնունայն տուն վերադարձան, որովհետև երեխաները չկային…

«Հետաքրքիր է, որ յուրաքանչյուրը մտածում է միայն իր երեխայի մասին: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կլինի ընկերոջ հետ: Միանգամից թշնամացան: Ի՜նչ մարդիկ են: Մայրիկի ու Լիզայի ընկերությունը մի վայրկյանում չքացավ…»,-մտածում էր Գոռը:

Աննայի ծնողները որոշեցին հաջորդ օրը դիմել ոստիկանություն:

Ինչքա՜ն գործեր մնացին վաղվան: Բայց ինչպես ասաց Աննան. «Միգուցե վաղն ու՞շ կլինի…»:

                                                                        ***

Օրն արդեն բացվում էր: Անսովոր, հիվանդ մի առավոտ էր բացվել քաղաքի վրա: Ճերմակ մշուշով էր պատված ամեն ինչ, ու մշուշի մեջ խրված արև էր` անփայլ ու դժգույն: Եվ խրված էր ոչ թե վերևից, ինչպես լինում է, ինչպես պետք է լինի, այլ կարծես ներքևից: Սա պատրանք-խաբկանք չէր, և ոչ էլ տեսիլք, այլ սարսռեցնող իրական պատկեր: Եվ արևի ճառագայթախուրձը ասես ճիգ էր գործադրում`բացահայտելու մշուշի իսկական նպատակը, և դրա մեջ թաքնված ամբողջ վտանգը:

…1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր:

Նախորդ օրվա չավարտված կրքերը, վեճերը, երազներն ու հոգսերը շարունակվելու էին` չարածը անելու, կորցրածը գտնելու, անիմանալին իմանալու, և սերը շարունակելու հույսով: Բայց…

Առավոտյան ժամը տասն անց երեսուն էր: Աննան անցած գիշերը մի կերպ լուսացրել էր ու վաղ առավոտվանից անկողնում նստած էր: Նրա հայացքն անթարթ էր, ու եթե երբեմն-երբեմն նրա աչքերից արցունքներ չհոսեին, կարելի էր ենթադրել, որ նա արձան է: Արմանը եկավ նրա սենյակ: Դուռը թակեց ու ներս մտավ.

-Կարելի՞ է,-սակայն Աննան տեղից չշարժվեց, ասես չլսեց.- Աննա՛, ինչպե՞ս ես:

Վերջապես Աննան շարժվեց: Ասես նոր ուշքի եկավ ու հարցրեց.

-Ի՞նչ:

-Լա՞վ ես:

-Լավ եմ, իսկ դու՞:

-Մտահո՞գ ես: Ա՛ն, կարծում ես ես չե՞մ մտածում: Ի վերջո ծնողներս են ու նրանց շատ էի սիրում: Գիտես չէ՞, մորս հատկապես ավելի շատ էի սիրում: Բայց ինձ արդեն հոգնեցրել է նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ:

-Ասում ես սիրու՞մ էիր: Արմա՛ն, արդեն «էի՞ր»:

-Աննա՛:

-Արմա՜ն, հասկանու՞մ ես, ես չեմ ուզում, որ իմ պատճառով ծնողներիցդ հրաժարվես: Եվ հետո, եթե դու նրանց` քո հարազատներին այլևս չես սիրում, ինձ ինչպե՞ս կարող ես սիրել: Ինձ, որ հարազատ էլ չեմ, ընդամենը մի օտար աղջիկ եմ:

-Ա՛ն, դու ուրիշ ես:

-Արմա՜ն, ծնողներիցդ թանկ բան այս աշխարհում չկա: Ի տարբերություն ինձ, դու ծնողներիդ քնքշանքը զգացել ես: Ու քեզ համար նրանցից առավել ոչ ոք չպետք է լինի:

-Կա ու այդ մեկը դու ես: Ա՛ն, բայց գիտե՞ս չեմ հասկանում, թե քեզ հետ ինչ է կատարվում:

– Արմա՜ն:

-Ի՞նչ Արման: Աննա՛, դու չես ուզում հասկանալ, որ սա մեր միակ հնարավորությունն է միասին լինելու համար: Մի՞թե դու չես ուզում:

-Բայց մենք միայն մեր մասին չէ, որ պիտի մտածենք: Ինչպե՞ս թողնենք մեր ծնողներին ու հենց այնպես գնանք:

-Դու զղջում ես, ճի՞շտ եմ:

-Դե՜… չգիտեմ Արման, չգիտեմ:

-Արդեն ուշ է զղջալու համար: Թեև գիտե՞ս ինչ, եթե ուզում ես մենք հենց հիմա կգնանք տուն, դու կմեկնես ծնողներիդ հետ, ու մենք այլևս կմոռանանք մեկս մյուսիս գոյության մասին: Ուզու՞մ ես: Եթե այո, ասա՛, մի՛ լռիր,-Արմանն արդեն զայրույթից ձայնը բարձրացնում էր:

– Արմա՛ն:

-Նորից Արմա՞ն: Ի՞նչ: Ի՞նչ Արման: Չէ՛, դու ասա: Հենց հիմա էլ կվերադառնանք: Ես մի քանի շաբաթ ծնողներիս, հարազատներիս ու բարեկամներիս հոխորտանքները կլսեմ, իսկ հետո շատ արագ ինձ համար հարսնացու կգտնեն, ես կամուսնանամ ու ըստ ծնողներիս կազմած սցենարի՝ երջանիկ կլինեմ: Իսկ քո գործն ավելի հեշտ կլինի, չէ՞ որ քեզ համար ծնողներդ արդեն փեսացու էլ են գտել:

-Չե՞ս հասկանում, որ արդեն ցինիզմն է քո մեջ գլուխ բարձրացրել: Դու ինձ վիրավորում ես:

-Իմ խոսելու տոնը քեզ հետաքրքրեց, իսկ թե ինչ կլինի մեր ապագայի հետ քեզ չի հետաքրքրում:

-Իհարկե հետաքրքրում է:

-Ե՞վ… ո՞րն է քո որոշումը:

-Արմա՜ն, ախր դու չես հասկանում, թե հիմա ներսումս ինչ է կատարվում: Խնդրում եմ, գոնե եկ զանգենք ու տեղեկացնենք:

-Ի՞նչը տեղեկացնես. “Մամ ջան, պապ ջան, մենք ժամը տասներկուսին գնացքով մեկնում ենք: Հա՜, մոռացա ասեի, հիմա մենք Վարդանենց տանն ենք, բայց մեզ չփնտրեք”:

-Ես այլևս ոչ մի բառ չեմ ասի, կգամ միայն ապացուցելու համար, որ քեզ սիրում եմ,-այս ասելով Աննան, հուզմունքն այլևս չկարողանալով զսպել, սկսեց բարձր ձայնով լաց լինել: Արմանի սիրտը նույնպես լցվեց: Նա երբեք այդպես չէր խոսել Աննայի հետ: Եվ հասկանալով իր սխալը` մեղմ տոնով ասաց.

-Լա՛վ, թող քո ասածը լինի: Միայն խնդրում եմ լաց չլինես: Գիտես չէ՞, որ սիրտս չի դիմանում քեզ այսպես տեսնելիս: Խնդրում եմ ների՛ր ինձ. ես այնքան շփոթված եմ, որ բոլորովին չեմ հասկանում, թե ինչ եմ խոսում: Ների՛ր, խնդրում եմ, ների՛ր ինձ:

Արցունքները սրբելով` Աննան ասաց.

-Արմա՛ն:

-Ոչինչ մի՛ ասա: Պարզապես ների՛ր: Շատ եմ սիրում քեզ:

-Ո՛չ, թող ասեմ: Արմա՛ն, շնորհակալ եմ, որ կողքիս ես:

-Ես էլ քեզ եմ շնորհակալ եմ, որ իմ կյանքում կաս արևս:

Տիրեց մի քանի րոպե լռություն, որից հետո նրանք կրկին խոսեցին, հաշտվեցին ու զգացին  իրենց ամենաերջանիկն այս աշխարհում, որովհետև նրանց համար երջանկությունը միմյանց անուն ուներ:

                                                                        ***

Ժամը տասնմեկն անց երեսուն էր: Աննան ու Արմանը հագնված, պատրաստված էին: Քիչ անց նրանք արդեն պիտի տանից դուրս գային: Աննայի ծնողները որոշել էին ոստիկանություն դիմել, իսկ Արմանի ծնողները` ոտքի հանել բարեկամներին, որպեսզի գտնեին Արմանին ու Աննային:

-Ա՛ն, արագ խոսիր, այլապես կուշանանք:

Աննան զանգեց իրենց տուն հենց այն ժամանակ, երբ ծնողները որոշել էին ոստիկանություն զանգահարել: Հեռախոսը վերցրեց հայրը: Եվ խոսեց խիստ բարկացած ձայնով.

-Լսում եմ:

-Ալո՛: Պա՞պ, ես եմ:

-Աննա՞, որտե՞ղ ես: Շուտ տո՛ւն արի. աղջի՛կ ջան, կոտորվեցինք քեզ փնտրելով:

-Փնտրելու կարիք չկա: Ես լավ եմ, մենք երկրից հեռանում ենք,-Աննան այս խոսքերը մեկ շնչով արտասանեց ու հեռախոսն անջատեց: Նա այլևս չէր ուզում լսել հոր ձայնը, որովհետև հույս ուներ, որ ներողություն են խնդրելու կամ զղջալու են իրենց արարքների համար, սակայն այժմ` ավելի քան երբևէ, համաձայնեց հեռանալու մտքին: Նա անջատեց հեռախոսն ու սկսեց հեկեկալ:

-Ալո՛, Աննա՛, խոսի՛ր, ալո՛: Անջատեց հեռախոսը: Անխելք աղջիկ: Քրոջդ դաստիարակությունն է, տեսնու՞մ ես,-դառնալով Լիզայի կողմը` այնպես է խոսում, որպեսզի Լիզան լսի,-շնորհակալ ենք քեզ Լիզա՛ ջան, որ մեր աղջկան այսպես հիանալի դաստիարակություն ես տվել:

Լիզան, այլևս չդիմանալով նրանց հանդիմանություններին, տանից դուրս եկավ, գնաց ընկերուհու տուն:

Արմանն էլ իր հերթին որոշեց զանգել իր ծնողներին: Բայց կապը, չգիտես ինչու, ընդհատվեց:

-Արմա՛ն, դու իջիր ներքև` այնտեղ բակում հեռախոսի խցիկ կա, դրանով զանգիր ծնողներիդ մենք էլ քիչ անց կիջնենք,-ասաց Վարդանը:

-Դե չուշանաք, լա՞վ,- նա մոտեցավ Աննային, փաթաթվեց, համբուրեց, սրբեց արցունքները և ասաց,-շուտով կգնանք, մի՛ անհանգստացիր: Ես ձեզ ներքևում կսպասեմ:

-Սիրում եմ քեզ,-կամաց շշնջաց Աննան: Այնքան կամաց ասաց, որ ոչ միայն Արմանը, այլև Վարդանն ու Աստղիկը, նրա կողքին կանգնած, չլսեցին: Բայց ափսոս, որ Արմանը չլսեց, որովհետև… Որովհետև այլևս չէր էլ կարողանա լսել:

Անցավ մի քանի րոպե:

Տասնմեկն անց քառասուն. տեղի ունեցավ աղետալի երկրաշարժը:

Շատ մի սովորական օր, որը կարող էր անցնել ու բոլորի համար դառնալ օրացույցի սովորական օրերից մեկը, սակայն ճակատագրի անիվը շեղվեց իր ուղղությունից և այս սովորական օրը սերունդների համար դարձրեց սգո օր: Մինչդեռ այդ օրը կարող էր դառնալ նրանց միավորման ու հարատև երջանկության սկիզբը: Եվ նորից չէր լինի սովորական օր. կլիներ տոն, մի իսկական տոն, բայց ճակատագի՜րը…Նա նվիրում է ու երբեմն նաև իր կամոք խլում նվիրածը: Ու այդ “երբեմնը” այս անգամ էր: Նա երջանկությունը խլեց ոչ միայն Արմանից ու Աննայից, այլև նրանց նման հազարավոր մարդկանցից «Ընդհանուր առմամբ աղետալի երկրաշարժց զոհ է գնացել քսանհինգ հազար մարդ, որոնցից միայն տասնյոթ հազարը՝ Գյումրիում, իսկ ընդհանուր առմամբ փլատակներից հանվել է կենդանի քառասունհինգ հազար մարդ, հոսպիտալացվել են տասներկու հազար հինգ հարյուրը։ Աղետի գոտուց տարահանվել է հարյուր քսան հազար մարդ (կանայք‚ ծերեր և երեխաներ)‚ որոնցից յոթանասունհինգ հազարը՝ Հայաստանից դուրս, ԽՍՀՄ առողջարաններ», որոնց յուրաքանչյուրի պատմությունը յուրովի ապրած մի ողբերգություն է:

***

Քիչ անց Արմանը ոչինչ չէր լսում: Ոչինչ չէր տեսնում: Շարժապատկերների արագացված կադրերի պես թռչում էին տեսարանները, փլատակներ, մարդիկ` ձեռքերը ծնկներին, գլուխները բռնած, գրկախառնված, ծնկած…Փլատակներ, մարդիկ ու…

Սթափվեց հեծկլտոցից: Նրա կողքից մի կին էր վազում, որը հրաշքով էր փրկվել: Այդ կնոջ աչքերը թաց էին: Արմանը նոր հասկացավ, թե ինչ էր կատարվում: Իհարկե բոլորը ներսում էին: Եթե ոչ շենքում, տանը, ապա աշխատավայրում, եթե ոչ աշխատավայրում, ապա խանութում, դպրոցում, մանկապարտեզում, փողոցում… Բայց նույնիսկ փողոցում եղած ոչ բոլորը կարող էին փրկվել: Քիչ հետո փլատակների վրա մարդիկ հայտնվեցին: Շարժվում էին, ինչ-որ բան ասում, քանդում-հեռացնում: Ի՞նչն էին քանդում-հեռացնում մարդու փոքրիկ ու նուրբ ձեռքերը:

Արմանը չգիտեր, թե ինչ է անում: Ուզում էր մտնել շենք, բայց ինչպե՞ս. շենքն այլևս չկար:

Նա խելագարվում էր: Նույնիսկ չկարողացավ մի բառ արտասանել, բայց ուզում էր այնպես գոռալ, որ Աննան, այդ փլատակների տակից իր ձայնը լսելով, դուրս գար: Ինքնախաբեության ճիգե՜ր…

Թվում էր, թե դեռ երեկ էր: Այսօր չէր: Այսօր չկար: Դաժան մի փորձ, տանջալի լարում` վերադարձնելու երեկը: Չէր ստացվում: Ինչու՞ չստացվեց: Մնացել էր մի քանի րոպե, և նրանք միասին կլինեին, բայց…

Իրիկուն էր: Ցուրտ խավար էր իջել քաղաքի վրա: Չկար լույս, ջուր, ժպիտ: Փողոցները լուսավորված էին տասնյակ հազարավոր ավտոմեքենաների լույսերով ու խարույկներով, որոնց շուրջ նստած էին անօթևան մարդիկ: Փլատակների տակ բազմաթիվ կենդանի մարդիկ կային, որոնց հետ խոսում էին  վերևից: Փրկել կարելի էր միայն տեխնիկայով, իսկ տեխնիկա դեռ չկար..:

Շատերս սիրում ենք օրվա հատկապես երեկոյան ժամերը, երբ հաճախ դուրս ենք գալիս զբոսնելու, արևը մայր է մտնում, երևում են առաջին աստղերը: Բայց այսօր, ոչ միայն օրն էր մարդկանց համար դարձել չարագույժ, այլև` երեկոն: Ահասարսուռ մի տեսարան էր բացվում. ծաղկուն ու բարետես, ծիծղուն ոստանի փոխարեն ամենուր փլատակներ էին, փլատակներ…

Անհավատալի էր, սահմռկեցնող: Փլատակների միջից լսվում էին ծանր տնքոցներ, օգնություն աղերսող կանչեր: Գիշերային խավարի մեջ` փլված շենքերի կույտերի մոտ, խարույկներ էին կայծկլտում, որոնց շուրջ մարդիկ էին խմբված, հրաշքով փրկված մարդիկ, անել հայացքներ` հառած դեպի փլատակները, վերջին հույսով օգնություն էին կանչում:

…Արմանին չհաջողվեց փրկել իր սերը: Նա իր վերջին ուժերը գործադրեց, որպեսզի գտնի Աննային, բայց ոչինչ չստացվեց…

Ինչպես մարդն է անցնում ծաղկած դաշտով և կոխոտում երփներանգ, անուշահոտ ծաղիկներն ու բույսերը, այնպես էլ այդ ահասարսուռ աղետը: Այն անկոչ հյուրի նման ներխուժեց քաղաք և ահարկու վիշապի նման տարավ այն, ինչ պատահեց ճանապարհին…

Փրկարար ուժերը մինչ երեկո Վարդանենց տասհարկանի շենքից կարողացան փրկել միայն մի քանի հոգու: Արմանը ոչ մի ջանք չէր խնայում նրանց գտնելու համար: Անընդհատ գոռում էր, որ ձայն հանեին: Սակայն ոչինչ չէր ստացվում: Այդ ընթացքում Արմանն անընդհատ հիշում էր Աննայի խոսքերը. «Միգուցե վաղն ու՞շ կլինի…»: Հիմա նա ինքն իրեն էր մեղադրում կատարվածի և ուշացումի համար:

***

Անցել էր արդեն չորս օր: Արմանի ծնողները գտել էին նրան ու տուն տարել: Ո՛չ, ոչ թե տուն, այլ իրենց մոտ, որովհետև տուն չկար: Բոլորն իրենց հանգուցյալ բարեկամների կողքին լալիս էին ու չէին հավատում, որ այս մղձավանջը երբևէ կավարտվի: Մեկը մյուսին հարցնում էին. “Ձերոնք կա՞ն”, բայց չէին էլ սպասում պատասխանի, որովհետև մարդկանց հույսը կտրվել էր: Հրաշքի սպասելն էլ անիմաստ էր: Եվ հետո կորուստի վիշտը բոլորին խելագարության էր հասցրել…

Երկրաշարժից հետո հինգերորդ օրն Աննային գտան: Արդեն ուշ էր ինչ-որ բան ձեռնարկել: Գտնելն ու կորցնելը միանգամից, Արմանի համար շատ ցավալի էր: Նա անընդհատ խելակորույս ծնողների հետ վիճում էր: Եվ ամեն օր ինչ-որ տեղ էր թափառում, ուզում էր ինչ-որ մեկին գտնել: Եվ այդպես էլ չկարողացավ գտնել այդ Մեկին…

***

Աղետալի երկրաշարժից անցել է արդեն քսանչորս տարի, բայց մարդկանց հոգիներում ու սրտերում չեն ամոքվել հին վերքերը:

“Սուտ է, երբ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը: Ոչ մի ժամանակ չի ստիպի ինձ մոռանալ իմ սերն ու քեզ…”,- ամեն անգամ մտահոգ ասում է Արմանը, երբ գլխիկոր այցելում է Աննայի գերեզմանին: Նա ժամերով նստում է Աննայի շիրիմի առաջ, խոսում` ինքն իրեն հույս ունենալով, որ Աննան լսում է: Ներողություն է խնդրում, որ չկարողացավ հասկանալ Աննայի ներքին անհանգստությունը և ոչինչ չարեց իրենց սերը փրկելու համար:

Արդեն երկու տասնամյակ է անցել, բայց ի՞նչ դարձրեց կյանքը մարդուն: Արմանը, ով շատ խելացի, գեղեցիկ ու բարի մի երիտասարդ էր, կարող էր փայլուն ապագա ունենալ, այսօր նրանից ոչինչ չի մնացել: Նա դարձել է սովորական հարբեցող և իր վիշտը, ինչպես ինքն է ասում. “Խեղդում է խմիչքի մեջ”: Սակայն այսպես կարող է վարվել միայն թույլ մարդը: Նրա ծնողները, որոնք նույնպես շատ հարազատների էին կորցրել, այժմ ոտքի են կանգնել, թոթափել իրենց սրտերից ահեղ վիշտը: Այսօր նույնիսկ մեր քաղաքն է ոտքի կանգնել ու հավատով լի հայացքով նայում է առաջ, իսկ Արմանը…

Արմանը ի՞նչ: Նրա համար այս կյանքը վերջացել է: Այժմ նա կարծում է, թե իր հոգին է թևածում երկրում, իսկ ինքն այնտեղ է` Աննայի մոտ: Արմանի ծնողներն էլ իրենց հերթին չեն կարող ներել որդուն, ով իր թուլամորթության պատճառով կործանեց իր ողջ կյանքը:

“Փոխարենը, Աննայի հիշատակը վառ պահելու համար, կարող էր լավ մարդ դառնալ, շարունակել ուսումը և իր հաջողությունները նվիրել Աննային: Եվ ոչ թե ինքն իրեն հանձներ ճակատագրի քմահաճույքին…”,-այսպես են բացատրում իրենց վերաբերմունքը որդու հանդեպ Արմանի ծնողները:

Իսկ ի՞նչ եղավ Աննայի ծնողների հետ. ցավոք սոսկալի երկրաշարժը խլեց նաև Աննայի մորաքրոջ` Լիզայի կյանքը: Իսկ աղջկա ծնոնղները, կես տարի էլ չանցած, կրկին մեկնեցին ԱՄՆ: Երևի Արմանի ու Աննայի պատմությունն այսպիսի ավարտ չունենար, եթե նրանք երբեք էլ չվերադառնային ԱՄՆ-ից:

***

Ահա, թե ով էր պատմության սկզբում այն թշվառ ու թափառական մարդը, իսկ բժիշկը, ինչպես արդեն պարզ դարձավ, նրա եղբայրն էր` Գոռը: Արմանը անձամբ հրաժարվեց իր ընտանիքից, հեռացավ տնից ու տանջում էր ծնողներին, եղբորը: Նրա մասին էլ ոչ ոք ոչինչ չէր լսում: Եվ Գոռը, երբ նրան կրկին  գտել էր, շատ շուտ կորցրեց: Ինչու՞ ենք մենք կորցնում այն մարդկանց, ում սիրում և որոնց համար պատրաստ ենք մեր կյանքը զոհել: Ինչու՞ ենք գտնում այն պահին, երբ արդեն կորցնում ենք: Միգուցե ժամանա՞կն է խանգարում: Եվ Արմանի նման հաճախ գործը, ասելիքը թողնում ենք վաղվան՝ հուսալով, որ կանենք կիսատ թողածը և կասենք մեր կիսատ թողած խոսքը, բայց ժամանակը միշտ գործում է ի վնաս մեզ, և միշտ չէ, որ գալիս է վաղվա օրը: Վաղվան պետք չէ սպասել, միգուցե և այն չգա: Արթնանաս, բայց առավոտը չգա ու հաջորդ օրը՝ դեռևս չսկսված ավարտվի: Եվ չկրկնենք Արմանի ու Աննայի անգիտակցված սխալը, որ երբեք ու ոչ մեկի համար այլևս վաղն ուշ չլինի…

Վերջաբան

Պատմությունը հիմնված է իրական փաստերի հիման վրա:

Հաճախ այն ամենը, ինչ ուզում ենք ասել, գրավոր ներկայացնելն ավելի հեշտ է ստացվում: Այս վիպակի գլխավոր հերոսն իրականում գոյություն ունի, իսկ պատմության հետագա ընթացքը նույնպես նրա կյանքից վերցված դրվագներ են: Այժմ նա դեռ ապրում է՝ անցյալի ցավերը սրտում ամուր սեղմած: Նրա սիրտը չարությամբ է լցվել` նույնիսկ հարազատ մարդկանց նկատմամբ:

Ի դեպ, երկրաշարժի տվյալները ճշգրտորեն նկարագրելու համար օգտվել եմ նաև “Հիշողություններ” շաբաթաթերթից, որը հրատարակվել է երկրաշարժի օրերին՝ հանրությանը ներկայանցնելու հայերի աղետալի վիճակը:

Այս պատմությունը շարադրելով` իմ խոսքն եմ ցանկացել ուղղել բոլոր այն մարդկանց, ովքեր ոչ միայն  սոսկալի երկրաշարժին, այլև իրենց ընտանիքներում զոհեր են ունեցել. նրանք պետք է հասկանան, որ կյանքը շարունակվում է: Կորցրած մարդուն արցունքներով ետ չես բերի, առավելագույնը կարող ես միայն թրջել նրա գերեզմանաքարը, որը լոկ քար է և ուրիշ ոչինչ: Պետք չէ մահացած մարդու հետ թաղեք նաև Ձեզ: Դրանով ցավ եք պատճառում այն մարդկանց, ովքեր Ձեզ շատ են սիրում ու միշտ պատրաստ են Ձեր կողքին լինել: Դուք պարզապես իրավունք չունեք այդ մարդկանց Ձեզ հետ տանջելու և ցավ պատճառելու:

Իսկ վերջում կրկին կավելացնեմ. Ձեր գործերը երբեք վաղվան մի թողեք, այլապես հնարավոր է, որ վաղն արդեն ուշ է լինելու:

Լիլիթ Հարությունյան, Գյումրի, Ֆոտոն վարժարան, 17 տարեկան

 


14 Comments

  1. Stexcagorcox@,,,,, miayn dxti vra ejer lracnox che., qani vor na ayd ejrein mi voxj patmutyun e amragrum….erb arajin angam kardaci ays patmvacq@ haskaca ,vor mer mecerin sharnunakox ka ,,, ev darer, guce tariner heto mer serundner@ arden haytni mecerin koxqin kimanan naev nranc, ovqer aysor mer nerkan en hamarvum….. isk mez` @ntercoxneris parzapes harkavor e vogshchel nranc.Miguce Hayastanum aprox shat eritasardneri hamar hogeharazat chline ays teman,,,,, bayc indz ev im hamaqaxaqacineri srtin ayn anshusht motik e,,,, chisht e es inqs chem tesel ayd averich erkrasharj@,,,, bayc kardalov ays stexcagorcutyun@ shat ban haskca u @nkaleci,,, Ev aystex el henc hexinaki karox linelu ujn er,na karoxacel er aypes grel, vor angam ayd amen@ chtesac u chzgacac mard@ kardalov mi pah qarana u verapri ayd amen@ herosneri het miasin,,, txri,uraxana , guce zayrana,,,,, Es iroq uzum em, vor inch vor mi or vorpes grox hnchi Lilit Harutyunyan anun-azganun@.. shnorhavurum em shaaaat lav patvacqid hamar ,,,,,,,,,

    Like

  2. LiL says:

    Sireli @ntercoxner, xndrum em nerel inc tpagrakan sxalneri hamar. Mi poqr anpuyt em stugel gracs,..De inch, husov em, vor cez dur kga))))

    Like

  3. Hasmik Hokhanyan says:

    Lilit jan ,ankexc shat shnorhakal em patmutyan hamar,zarmacac em vor es tariqum,tenc lav es karoxacel netkayacnes patmutyun@’poxances hogebanakan nrbutyunner@,voronc shnorhiv shat irakan er patmutyund u shat huzich.mi shnchov kardacvec u da qo dzerqberumna,abres….

    Like

  4. Lilit says:

    Հիանալի էր ամեն ինչ շարադրված, մեկ շնչով կարդացի ու չկարողացա զսպել արցունքներս: Ես ինքս չափազանց լավ գիտեմ երկրաշարժի պատմությունն ու աղետալի հետևանքները, ես Սպիտակի թոռնիկեմ ու ինքսել կորցրել եմ հարազատներ, որոնց երբևէ չեմ ճանաչել, բայց կարող էի…………

    Like

  5. LiL says:

    Anchaaaap shnorhakal em govesti xosqeri hamar. Havataceq, inc hamar amenakarevor@ cer koxmic haskacvac ev @Nkalvac linelne,..
    Es nuynpes chem tesel averich erkrasharj@ ev ta Astvac vor voch meks el` mer galiq serundneri het miasin, chimananq, te inch bane erkrasharj@, inch bane xelagarutyan hascnox visht@ ev mi akntartum amen inch korcnel@…Sakayn meceric misht lsel em ayd ahex arhavirqi masin u amen angam lselis azdvel em. Amen dektemberi 7-in tesnum em harazatneris achqerum visht u karot` xarnvac vaxi het, vor noric chkrknvi ayd char eraz@… Husov em, vor stexcagorcutyuns voch te cez krkin cer vshter@ khishecni, ayl uj kta misht depi araj nayelu, erbeq chhusahatvelu. Hargeq cer harazatneri hishatak@, bayc miajamanak cez el nranc het mi darcreq sar@ qari mi masnik…

    Like

  6. Lily says:

    hiiihiii lavn er

    Like

  7. mari says:

    shat huzich patmutyun er……uxaki pshaqaxveci.apres Lilit jan vor karoxacar txtin hancnel ays txur patmutyun@……..erkrasharj@ boloris vishtn e.da iskakan axet er hay joxovurdi hamar………Astvac ta da el erbeq chkatarvi

    Like

  8. Tatev says:

    uxaki apshac em,apres! shaaaat lavner,arcunqners mi kerp em zspel!

    Like

  9. LiL says:

    shaaaaaaaat shnorhakalutyun,.,.anchap zgacvac em)))))))

    Like

  10. AnusH says:

    vaaay,,,shaat huzic patmutyun er…..(((( 4eq patkeracni,bayc es hima lacum em..((((

    Like

  11. Astxik says:

    Hianali e bravoooooooooooooooooo, qez stexcagorcakan mec hajoxutyuner em cankanum. <>- asel meceric mek@. u es hamamit em,. Apres Lilit jan, uxaki xosqer chka, hianali patmutyuner….. knkin angam bravoooooooo…

    Like

  12. LiL says:

    shaaaaat shnorhakal em. urax em vor karoxacel em im huyzer@ chisht poxancel,..

    Like

  13. […] Լիլիթ Հարությունյան.Վաղն արդեն ուշ էր […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: