Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Restart

Restart

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

-Իսկ դու ո՞վ ես,- կապտականաչ ջինջ աչքերը` հարցական և, միևնույն ժամանակ, փոքր-ինչ մեղավոր արտահայտությամբ ոտքից գլուխ զննում են ինձ:

Պատուհանից ներթափանցող արևի տաք շողերի լույսն ընկել է դեմքիդ` ընդգծելով պեպեններդ, մազերիդ ոսկեգույնը և ծովագույն աչքերդ:
Նկատեցի. աչքերդ փոխվել են: Աչքերիդ արտահայտությունն է փոխվել: Այն ժամանակ նրանք ուրիշ էին` դաժան և մեղադրող, յուրահատուկ մետաղային փայլով: Այդ հայացքով էլ չափում էիր մարդկանց: Այդ հայացքն էլ նրանք ստիպված էին կրել իրենց վրա քո հետ շփվելիս:
Մեղադրում էիր մարդկանց քեզ սիրելու, չսիրելու, ատելու, չատելու համար: Մեղադրում էիր անտարբեր լինելու համար: Մեղադրում էիր հաճախ, և, մեծամասամբ բոլորին: Իսկապես, անտանելի, մեծամիտ և ինքնասիրահարված տիպ էիր` նորօրյա Նարգիզի կերպարի մեջ: Բայց ես գիտեմ, որ այդ կերպարը ֆեյք էր` շինծու, կեղծավոր և ծայր աստիճան անհեթեթ: Այն քեզ չէր սազում, հավատա:

Դու իրականում այդպիսին չէիր, այլ ընդհակառակը` անվստահ, թուլակամ, ծայր աստիճան խոցելի: Միայն ես էի տեսել քո իրական կերպարը. քո թուլությունը տեսնելն ու շահարկելն իմ մենաշնորհն էր:

Չնայած, այսօր, ինչպես տեսնում եմ, ես կորցրել եմ իմ մենաշնորհը: Դու առատաձեռնությամբ շռայլում ես քո անկեղծությունը ուրիշների առջև` ընկերներիդ, որոնց առաջ վերևից էիր նայում, տարեց բուժքրոջ` որ վիրակապերդ փոխելիս ուժեղ սեղմում և ցավեցնում էր ոտքդ և անգամ ինձ, որ այսօր քեզ համար ոչինչ եմ` լրիվ անծանոթ ու մոռացված մեկը, որն աներես մուրացկանի նման թակում է դուռդ` աղաչելով, խնդրելով, անգամ պահանջելով գեթ մի բուռ ուշադրություն և ճանաչում:

Տարեց բուժքույրը` փորձելով ինչ-որ կերպ վարձատրել անկեղծությունդ և վստահությունդ (որն, իմիջայլոց, բացարձակապես անտեղի է` հաշվի առնելով քո առողջական ոչ այնքան մխիթարիչ վիճակը) ժպտում է քեզ, ժպտում այն տաք և բարի ժպիտով, որոնցից միայն կեղծ բարեպաշտ միանձնուհիներն իրենց արսենալում ունեն: Միշտ չեմ սիրել նրանց, քանի որ իրենցից արհեստականությունից բացի ոչինչ չեն ներկայացնում: Խաբում են բոլորին, ամենավատը` խաբում են իրենք իրենց, համոզելով, որ վանք մտած երիտասարդ քահանայի հանդեպ ոչինչ չեն զգում բացի « քույրական մաքուր սիրուց»: Քույրական մաքուր սեր` գեղեցկադեմ երիտասարդ քահանայի հանդեպ: Հահահա. ես չեմ կարող զսպել իմ թունոտ ծիծաղը: Բայց թողնենք մի կողմ միանձնուհիներին էլ, քահանաներին էլ, բոլոր բոլորին էլ. ես ուրիշ բանի համար եմ ինձ քարշ տվել այստեղ:
Փորձիր գուշակել:

Չէ, չես գուշակում, շփոթված հայացքդ շարունակում է թափառել իմ կերպարանքի վրա:

Իսկ ես եկել եմ քեզ հասկանալու համար: Հասկանում եմ, հիմարություն է կարծել, իբր ես ռենտգեն եմ և կկարողանամ տեսնել քեզ մինչև հոգուդ խորքը: Երբեք էլ չեմ կարծել, որ կկարողանամ, անկեղծ ասած` չեմ էլ ուզել: Չէ որ այդպես հաճախ է լինում. հանդիպում ես մարդուն, սկսում սիրել, հիանալ, վստահել` չճանաչելով հանդերձ: Իսկ հետո մի օր քեզ բախտ է վիճակվում տեսնել նրան` իսկականին, այլ ոչ թե քո պատկերացրածին: Զզվելի, զազրելի րոպե: Ի՞նչը կարող է ավելի ատելի լինել, քան սիրած մարդու զգացմունքների, ուղղեմ ինձ, բնազդների մերկությունը: Ինչը կարող է ավելի ահավոր լինել, քան այն ընկալումը, որ դու խաբվել ես, բայց, ավաղ, քեզ չեն խաբել:

Այնպես որ ինձ չի հետաքրքրում քո հոգու խորքը, ինձ ուրիշ պատասխան է պետք. ես քեզ պե՞տք եմ:

Քո հիմար բարեհոգի հայացքը, մի քիչ մեղավոր կապտականաչ աչքերը ինձ համար բավական չեն կողքիդ լինելու համար, հասկանո՞ւմ ես: Պետք չէ վերակենդանացնել հոգևարք ապրած և բարեհաջող կերպով սատկած անցյալը, անգթորեն հույս տալ ինձ: Մեկ է ` չես հիշի. ես դա գիտեմ, դու էլ գիտես, բայց չես ուզում ընդունել և հասկանալ, որ այն անցյալը, որում դու ապրել ես և որը պատկանել է քեզ, հիմա ի չիք է դարձել, կորել է, անհետացել: Բայց, իհարկե, դու չափից դուրս թույլ ես այդ պարզունակ ճշմարտությունը միայնակ ընդունելու համար: Ես քեզ պետք եմ: Ախր տեսնում եմ, ինչպես ես դու հիմա իմ մեջ փորձում գտնել քո անցյալի ոչուփուչ մոհիկանները: Իսկ ես քո մեջ միամտաբար փորձում եմ տեսնել ապագան…

Ինչի՞ համար էր տրված այդ թունոտ հարցը` « Իսկ դու ո՞վ ես »: Մտածիր, վերլուծիր: Մի՞թե քեզ անցյալի ևս մի փոքրիկ հատորը վերադարձնելու աղոտ հույսը չէր ստիպում նման անտակտ հարց տալ: Ես ավելի խելացի դուրս եկա. ես արդեն հասկացել եմ այս ամենի անդարձելիությունը: Սակայն հարցը նույնիսկ դա չէ, այլ այն, որ ես ուղղակի համոզված եմ, որ մարդ էակը, ինչքան էլ ավտովթարների ենթարկվի, ինչքան էլ կորցնի հիշողությունը, ինչքան էլ վիրահատություն տանի ու ինչքան էլ այլ փորձանք թափվի նրա գլխին, չի փոխվելու: Դա բավական է քեզ սիրելու համար: Կամ գոնե կարծելու, որ սիրում եմ:

Քո բնույթով դու հիմա էլ նույնն ես, չնայած փշերդ փափկել են: Քեզ հիմա էլ հասկացվածություն և ջերմություն են պետք:
Իսկ հիմա խորհուրդ տուր, թե ինչ պատասխանեմ հարցիդ: Ո՞վ եմ ես: Ակնհայտ է, որ քեզ իմ անձը չի հետաքրքրում: Դու ուզում ես իմանալ, թե ով եմ եղել ես քո կյանքում:

Խնդիր չկա, կպատասխանեմ, իզուր չէ որ ես այնտեղ գլխավոր դերերից մեկն եմ խաղացել : Իհարկե, հիմա ես կարող եմ ասել, որ հանդիպում էինք, որ սիրում եմ քեզ, կարող եմ անգամ հավաստիացնել, որ դու էլ ինձ ես սիրում` դժվար բան չկա: Բայց մեկ է դու երբեք չես հիշի այն ամենը, ինչ եղել է այնպես, ինչպես դու ես դա ընկալել: Գիտեմ, ուզում ես իմ սեփական հիշողությունները սաղացնեմ վրադ: Բայց իմ հիշողությունները, տպավորությունները, զգացմունքները զգալիորեն տարբերվում են քոնից, մեկ է իմ հիշողությունները քոնը չեն դառնա, իմ պատմածը պարզապես անհաջող իմպլանտ կլինի:

“Ах, обмануть меня не сложно, я сам обманываться рад” – հանրահայտ տողեր են: Պետք է որ լսած լինես, իսկը քո դեպքն է. դու ուզում ես խաբվել, ուզում ես խաբեմ քեզ, կեղծ , անիրական, անմարմին հիշողություններ լցնեմ գլուխդ, ինչպես դա արեցին ծնողներդ, ընկերներդ, գործընկերներդ` բոլորը: Իսկ դու դրանից կերջանկանաս:

– Օհ, ինչպիսի անտաշություն` հարցնել մեկին, ով այսօր քո համար ոչինչ է, թե ինչ դերակատարություն է ունեցել քո կյանքում,- փռթկացնում եմ ես և տեղավորվում հիվանդանոցային մռայլ մահճակալի կողքին գտնվող փայտյա աթոռին:

Դու գունատվեցիր: Չարժի սրտիդ այդքան մոտ ընդունել իմ ցինիզմը: Այն ընդամենը ինքնապաշտպանության պես մի բան է: Քո թունոտ հարցը վիրավորեց ինձ, երևի դու էլ չհասկացար, թե ինչքան: Լավ, մի նայիր ինձ այդ շփոթված հայացքով, ես հատուկ չասացի:

– Կներես… ուղղակի, գիտես… ավտովթարի եմ ենթարկ… ,- շառագունած փորձում ես ինչ-որ կերպ արդարանալ: Դու չես ցանկանում ցավ պատճառել ինձ:

– Գիտեմ, գիտեմ ,- երբեք չեմ հասկացել, թե ինչպես է ձայնս միշտ այդքան հանգիստ և անդողդողջ մնում` նույնիսկ նման դեպքերում ,- գիտեմ, որ անցած շաբաթ ավտովթարի ես ենթարկվել և ջինը թռցրել է բոլոր հիշողություններդ,- քմծիծաղ է գոյանում դեմքիս:
Կոպիտ հնչեց, դաժան, բայց մի՞թե կարելի էր ինձնից ուրիշ բան սպասել: Սա ես եմ` հիշաչար, թունոտ, մեկ-մեկ ուղղակի անտանելի` նույնիսկ քո համար: Ես սովոր եմ ճշմարտությունը երեսիդ շշպռել, միշտ էլ այդպես եմ արել, չբողոքես:

Ինչևէ, թեթև դաժան ակնարկից հետո կարելի է անցնել մեր գլխավոր նպատակին (այսպես խոսում են քննիչները և բժիշկները, մեկ էլ ես, չնայած ուսանողուհի եմ): Իսկ հիմա, կներես, բայց ես քեզ պետք է խաբեմ: Խոստանում եմ, ցավոտ չի լինի: Հիշիր, մենք սիրում ենք իրար, միշտ ենք սիրել` խենթ, կրքոտ և զգացմունքային սիրով: Իհարկե, ես քեզ չեմ պատմի մեր ամենօրյա վեճերի մասին, դավաճանությունների և միմյանց վրա կիրառվող անողոք հոգեբանական խաղերի մասին: Քեզ պետք չի հիշել այդ ամենը` հանուն քո իսկ հանգստության: Իհարկե, ես քեզ չեմ պատմի, որ վթարի նախօրյակին վիճել, չէ, գրեթե բաժանվել էինք լրագրության ֆակուլտետի այն շիկահերի պատճառով. ինչ իմաստ ունի պատմելը, չէ որ հիմա ես եմ այստեղ` քո կողքին և ոչ թե նա: Եվ էլի շատ-շատ բաների մասին չեմ պատմի: Մեր սերը եղել է անամպ և երջանիկ` հիշիր միայն սա:

Դու կհավատաս, չէ՞:

Չէ ո՞ր դու սիրում ես ինձ:

Մերի Շարոյան, Երևան, Մխիթար Սեբաստացի  կրթահամալիր


2 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: