Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Հիկիկիմորի*

Հիկիկիմորի*

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Եվ ամեն օր` առավոտյան ժամը 6.00-ին աշխարհը դադարում էր պտտվել: Այն ամենը, ինչ գոյություն ուներ, շնչում էր, մտածում, ապրում, անհետանում էր զարթուցիչի առավոտյան անդուր ճռվողյունի հետ, որը` հակառակ իր առաքելության, չէր արթնացնում, այլ ազդարարում էր քնելու ժամը: Մեկ վայրկյանում անհետանում էին բոլոր էլեոնորները, մաշաները, աուրելիաները, էլիզաբեթները և մնացած-մնացածը` գեղեցիկ և բարյացակամ աղջիկներ երկրագնդի բոլոր անկյուններից: Անհետանում էին նաև բոլոր խոսեները, վոլոդյաները, ֆրիցները և մնացած-մնացածները, որոնց հետ ժամերով բիլյարդ կամ շախմատ էր խաղում: Մոնիտորի լույսի հետ մարմանդ անհետանում էր այն ամենը, ինչ արժեք ուներ: Մոնիտորն անջատելուց հետո զգում էր թեթև տխրություն: Մի վայրկյան էր պետք` հասկանալու համար, թե, այնուամենայնիվ, ինչքան անհեթեթ է աշխարհը, որն անհետանում է մկնիկի մի շարժումով:

Երկար, անշտապ քայլերով ուղևորվում էր դեպի փոքրիկ խոհանոց: Այնպիսի առավոտ չէր լինում, որ իր աչքին չերևար վարդագույն հեռախոսը: Մի քանի տարի առաջ էր Ալիսը գնել այդ «գլամուրային» հեռախոսը: Այն ժամանակ ինքը բարկացավ` ծիծաղելի, երեխայական հեռախոսը տեսնելիս: Չնայած` հիմա նյարդայնանալու կարիք չկա. ոչ ոք չի էլ զանգում: Հեռախոսն էլ պետք չէ: Բայց երբ ուզում էր գցել աղբը, չկարողացավ: Չափից դուրս ընտելացել էր ամեն առավոտ աչք ծակող վարդագույն հեռախոսին: Ընտելացել էր այդ հեռախոսին այնպես, ինչպես ընտելացել էր մնացած ամեն ինչին` թավաներին և կաթսաներին, որոնք չէր օգտագործում խոհարարական տարրական գիտելիքների պակասի պատճառով, առավոտյան 6.00-ին համակարգիչն անջատելուն, ընտլացել էր իր անշտապ ուղևորությանը դեպի խոհանոց, ընտելացել էր ծուլորեն թեյնիկը միացնելուն, հորանջելով սպասելուն ջրի եռմանը, ընտելացել էր դեղին բաժակի մեջ լուծվող սուրճ լցնելուն և դեպի պատշգամբ քարշ գալուն: Ուրիշ կերպ չէր կարող լինել. չափից դուրս շատ էր ընտելացել իր օրվա սկզբին ` փոխելու համար: Մի ժամանակ հենց այդպես էլ սովորել էր վաղ արթնանալուն, ապա նախաճաշելուն, կոստյում հագնելուն և տնից դուրս գալուց առաջ դեռևս նիրհող Ալիսին համբուրելուն:

Հետո ամեն ինչ փոխվեց. ինքն անգամ չհասկացավ ինչպես: Ամեն ինչ շրջվեց գլխիվայր` այ, հիմա ինքը աշխատանքի շտապելու փոխարեն շտապում է պատշգամբ` դեղին բաժակը ձեռքին: Պատշգամբում անցկացրած մի քանի րոպեն օրվա ընթացքում նրա ամենասիրած պահն էր. նույնիսկ ամառվա տապին այստեղ զով էր. կում-կում խմելով թունդ սուրճը` երկար զննում էր դատարկ փողոցը: Այնպիսի տպավորություն էր, որ այդ ամենը իրենն էր, միայն իրենը. իրեն էին պատկանում անձրևից թրջված ասֆալտը, թարմ օդը, լուռ փողոցը, ոսկեգույն լուսաբացը: Ադ ամենը իրենն էր` մինչև առաջին մարդկային ոտնաձայները:

Սուրճը խմում էր դանդաղ` հատուկ երկարաձգելով այն պահը, երբ ստիպված պիտի լիներ վերադառնալ սենյակ և պառկել քնելու: Չէր սիրում քնել, բայց շատ էր քնում. քնելն իրականությունը ժամանակավորապես սպանելու ևս մի եղանակ էր: Առաջ քիչ էր քնում: Դպրոցական և համալսարանական տարիներին այնքան էր կարդում և թուղթ մրոտում (ասել է թե` գրում), որ նույնիսկ քնելու ժամանակ չէր մնում: Աչքերի տակ գորշ պարկերը` անքնության անբաժանելի ուղեկիցները, իր անբաժանելի ուղեկիցն էին դարձել: Բայց հիմա իրեն նման շռայլություն, ինչպիսին անկողնում թավալ գալն է, կարող է թույլ տալ. ազատ է: Կքներ մի քանի ժամ, կարթնանար երեկոյան կողմ, և այդ նույն պահին աշխարհը կվերականգներ իր սառած ռիթմը և կվերսկսեր պտույտը: Այնպես վայրկենական, որ նույնիսկ զարմանում էր մտածելիս, որ ընդամենը մի քանի րոպե առաջ իր աշխարհը ջախջախված էր: Ժամանակն էր միացնելու համակարգիչը, ինտերնետ կապը, ժամանակն էր Վոլոդյայի կամ մեկ ուրիշի հետ շախմատ խաղալու կամ էլ նույնիսկ նարդի` եթե ստացվեր համոզել: Սիրում էր հայկական նարդին: Ժամանակն էր սկսել սիրային նամակագրությունը սիրունիկ Ժակլինի հետ` ֆրանսիական այդ դշխուհու, որ հակառակ իր ազնվական ծագմանը (եթե, իհարկե, չէր ստում)` բարում մատուցողուհի էր աշխատում, ժամանակն էր կարդալու 89-ամյա ծերուկ Ջոշի գրառումները: Ջոշը շատ բան էր տեսել` Երկրորդ Համաշխարհային պատերազմ, հետո սառը պատերազմ, բանվորական գործադուլներ, սեքս-հեղափոխություն, ԽՍՀՄ-ի փլուզումը. նրան հետաքրքիր էր լսել և պատմածը համեմատել պատմական գրքերում զետեղված ցնդաբանության հետ: Այդպես` ժամեր, րոպեներ, վայրկյաններ, որոնք չէր էլ զգում: Ամեն ինչ անցնում էր մի վայրկյանի պես: Չնայած, առավոտյան ժամը 6-ը, մեկ է, միշտ էլ վրա էր հասնում:

Ե՞րբ սկսվեց այս ամենը: Չէ, հաստատ իր աշխարհը մի ժամանակ չկար, մի ժամանակ ինքն ապրում էր ոչ թե այստեղ, այլ այն աշխարհում, որ հորինում են մարդիկ ու փաթաթում վզիդ` չհարցնելով նույնիսկ քո ցանկությունը: Հիշում էր խիստ կարգուկանոն ունեցող տղաների գիշերօթիկ դպրոցում անցկացրած ժամանակը, ուրախ համալսարանը, աշխատանքը մեծ և հարգված գործընկերությունում: Իսկ ինչ եղավ հետո` չէր ուզում հիշել, չնայած ուզած-չուզած հիշում էր. նման բաները չեն մոռացվում: Չեն մոռացվում քո հասցեին հրապարակավ հնչեցված ծաղրուծանակը, տարրական հարգանքի բացակայությունը և թերահավատությունը քո և մասնագիտական կարողություններիդհանդեպ: Աստիճանաբար սկսեց զզվել այդ մարդկանցից, որոնց միակ երազանքը իր հաշվին ինքնահաստատվելն էր: Գիտեր, որ բոլորն էլ անցնում են դրա միջով, ինքը միակը չէ և մեղադրելու իրավունք էլ չունի: Բայց մեղադրելու ցանկություն չուներ: Սկզբից էլ գիտեր, որ թույլ է, գիտեր, որ կկոտրվի: Դա վատ չէ, իհարկե, ուղղակի այդպես է` չես փոխի: Առաջացավ ցանկություն` փախչելու իր վզին փաթաթված իրականությունից, պարտականություններից և իրավունքներից: Ժամերով փակվում էր սենյակում, ինտերնետում ծանոթանում իր նման այլ մարդկանց հետ, ժամանակ էր սպանում խաղեր խաղալով և զրուցելով: Սկսեց բաց թողնել աշխատանքային օրերը. իր ստեղծած կամ գտած աշխարհն ավելի հետաքրքիր, գրավիչ էր, քան անտաշ «կոլեգաների» և թղթերի աշխարհը: Ինչպես և սպասվում էր, իրեն հեռացրին: Թարսի պես, հեռացրին այն առավոտյան, երբ արթնանալով` հագել էր իր լավագույն կոստյումը, ուզում էր նոր կյանք սկսել` կարիերա անել, ամուսնանալ… սակայն ոտքը չդրած գործընկերության շեմքից ներս` նրան մեկնեցին աշխատանքից ազատման թղթիկը:

Վիրտուալ կյանքը սկսվեց նոր թափով: Իր աշխարհն ավելի ու ավելի էր կլանում, հեռացնում արտաքին աշխարհից, որն ատում էր. նույնիսկ չնկատեց, թե ինչպես իր անկողնուց աստիճանաբար սկսեց ցնդել Ալիսի ֆրանսիական օծանելիքի թունդ բույրը: Ալիսն իրենն էր` իր ընկերուհին , սիրուհին, իր մասնիկը, քանի դեռ չէր հավաքել իրերը մի մեծ, հնաոճ ճամպրուկի մեջ և քացով խփելով դռանը` հեռացել: Այդ օրվանից հետո Ալիսն իր տեղը զբաղեցրեց հուշերի շարքում` դադարելով մատերիա լինել: Միակ բանը, որ նրանից հետո մնացել էր` երջանիկ հուշերի փոքրիկ շարանն էր և վարդագույն հեռախոսը: Ինքը չէր էլ պատրաստվում տառապել. ինչո՞ւ փորձել վերադարձնել կամ հիշել Ալիսին, երբ ինքն ունի իր ուրույն աշխարհը, որտեղ իշխում է: Ամեն ինչ չափից դուրս հրաշալի էր. առանց պարտականությունների ապրելը` շփվելով բազմազան մարդկանց հետ: Սննդի և ինտերնետի վճարման գումարն ուղարկում էր քույրը, որն այն աշխարհում` մարդկանց հասարակությունում, որոշակի դիրքի էր հասել: Առաջ ծնողներն էին գումար ուղարկում` մտածելով, որ ինքը պարզապես հույժ ծանր դեպրեսիայի զոհն է, իսկ միզանթրոպիայի և սոցիոֆոբիայի հակումները ժամանակավոր են: Բայց հետագայում հաշվի վրա դադարեց փող փոխանցվել. երևի Ջեք և Ջենիս Սոյերներն հասկացել էին իրենց ենթադրությունների ծայր աստիճան սխալականությունը և իրենից ձեռ քաշել: Այդ ժամանակ էլ օգնության հասավ քույրը` իր փոքրիկ, անուշիկ Մեմեն, որի ուղարկած ամսեկան 80 դոլլարով էլ ինքը հաջողացնում էր սովից չսատկել և չկտրվել վիրտուալ իրականությունից: Շնորհակալություն, փոքրիկ Մեմե:

Զարթուցիչը զնգաց` աշխարհը կրկին դադարեց պտտվել:

*Հիկիկիմորի – Ճապոնական տերմին, որն օգտագործվում է այն երիտասարդների և դեռահասների հանդեպ, որոնք հրաժարվում են հասարակական կյանքից և ձգտում արտաքին աշխարհից ինքնամեկուսացման: Հիկիկիմորիները տնից դուրս չեն գալիս ամիսներով, տարիներով, հազվադեպ դեպքերում` տասնամյակներով: Նորօրյա ճգնավորներ, գործազուրկներ, մեդիայի սեփական աշխարհի և շրջապատ ստեղծող երիտասարդներ` դիմավորեք` հիկիկիմորիներ:

Մերի Շարոյան, Երևան, Մխիթար Սեբաստացի  կրթահամալիր

Advertisements

3 Comments

  1. կեցցես Մերի ջան…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: