Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Ուրվականների քաղաքը

Ուրվականների քաղաքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Քաղաք, որտեղ ոչ ոք չկա, ինչպե՞ս կկոչվի այդ քաղաքը։ Երևի մեռած քաղա՞ք, կամ ուղղակի, չհայտնաբերված քաղաք, որտեղ հանգրվանել են ուրվականները։ Եթե հայտնաբերված լիներ՝  մի քանիսը ապրելիս  կլինեին, բայց ոչ ոք չկա, չկա ոչ մի շարժվող երևույթ, ոչ մի կենդանի շունչ։ Ոչ․․․ ես վրիպեցի, կա մի շարժվող բան, որն ինձ անընդհատ հետևում է՝ վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ, օր ու գիշեր։ Այն իմ  ստվերն է, որն իմ անբաժան մասնիկն է, իմ վկան, այն միակ երևույթը, որն ինձ օգնում է դուրս գալ դատարկությունից։ Նա ուղղակի անում է այն, ինչ ես եմ անում, ուրիշ ոչինչ չգիտի՝ ոչ խոսում է, ոչ էլ ձայն հանում։ Ես նրան այդպես էլ չկարողացա խոսել սովորեցնել։ Երևի նա էլ խոսել գիտի, ուղղակի ես  չեմ կարողանում լսել նրան։ Հիմա երկուսով քայլում ենք քարակտորների վրայով և  նայում ենք բացվող տեսարաններին։ Ավերակնե՜ր, ավերակնե՜ր ու դարձյալ ավերակներ։ Քանդված ու ավերված շինություններ, որ ճառագայթների պես ունեն սկիզբ, բայց չունեն վերջ, և այսքան ավերակների հետ մեկտեղ չկա և ոչ մի փոշու հատիկ, երևի ժամանակի հետ իջել է այդ փոշին և դարձել խորդուբորդ քարերի մի մասնիկը։ Իսկ լռությունն այնքան ուժեղ է, որ քեզ ստիպում է կասկածել, արդյոք հիմա կենդանի՞ ես, թե՞ մեռած։ Միայն երբեմն լռությունը խախտում են քաղաքի ուրվականները, որոնք տեսիլքի նման երևում են շենքերի մութ ու խավար լուսամուտներից, այնուհետև անէանում, և այնքան արագ, որ չեմ կարողանում հարցնել նրանցից, թե վերջապես ո՞վ եմ ես, ինչպե՞ս եմ հայտնվել այս մեռած քաղաքում, ու՞ր են քաղաքի բնակիչները, ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այս քաղաքից, ինչու՞ է այն վերածվել ավերակի․․․Այս հարցերը երևի թե վերջ չունեն։  Հարցերիս ծարավը հագեցնելու համար  ես անդադար քայլում եմ քաղաքի խավար ու անգույն փողոցներով, որոնց ծայրը  անվերջ է և ամեն տեղից նույն մեռելահոտն է փչում։ Կարծես մի հսկայական գերեզմանատուն լինի։ Օդը նոսր է, քարացած, ինչպես լուսնի վրա, իսկ երկինքը մռայլ է, մոխրագույն ու պղտոր, որից քաղաքը մթնել ու գորշ գույն է ստացել, բայց ոչ մի անգամ չի կաթում գոնե մեկ անձրևի կաթիլ, նույնիսկ մաքուր ու պաղ քամի չկա, որով կարելի էր հագեցնել թթվածնի ծարավը։  Չգիտեմ, քայլում եմ առաջ, թե հետ եմ գնում, ամեն տեղ նույն ավերակներն են, նույն քարերը և շաղված դեմքերով թափանցիկ ուրվականները, որոնք տեսիլքի նման հաճախ դուրս են գալիս քանդված շենքերից և այլանդակված դեմքերով նայում վրաս ու սարսուռ պատճառում։  Այս ամենն անեծքի է նման, բայց չգիտեմ ի՞նձ են անիծել, թե՞ քաղաքը։ Կամ միգուցե ոչ մի անեծք էլ չկա՞, պարզապես ես մահացել եմ և հայտնվել դժոխքում։ Այդ դեպքում ու՞ր է սատանան, ու՞ր են մյուսները, ովքեր դժոխքում են հայտնվել, ինչու՞ ես էլ ուրվականի նման չեմ։ Այս հարցերն ինձ խելագարության են հասցնում, անորոշությունից ուզում եմ գոռալ, բայց վախենում եմ, որ աղմուկս կխանգարի ուրվականների անդորրը և նրանք կպատժեն ինձ։ Այս մղձավանջում կարծես կանգ է առել ժամանակը։ Նույնիսկ չեմ զգում այստեղ նո՞ր եմ հայտնվել, թե՞ տարիներ առաջ։ Երբեմն չեմ զգում ցու՞րտ է, թե՞ տաք, մու՞թ է, թե՞ լույս։ Ամեն ինչ անորոշ է։ Նման հարցերն ինձ խեղդամահ էին անում, երբ հանկարծ պատի ետևում  թեթև շշուկ լսեցի, որ մարդու քայլվածքի ձայներ էին հիշեցնում,  շրջվեցի ոչ ոք չկար, հավանաբար ուրվական էր, ուշադրություն չդարձրի ու գլուխս նորից թեքեցի և աչքիս  առջև նշմարվեց մի խելագար ուրվականի սարսափազդու հայացք և այնքան մոտ, որ չորացած մազերը քսվում էին ճակատիս, իսկ տհաճ հայացքը  մեռելի պես սառել էր վրաս, կարծես մարդկային կերպարանքի կարոտն էր առնում ։ Կապտավուն այլանդակված դեմքը և  աննկարագրելի սարսափ առաջացնող աչքերը ստիպում էին ինձ վախենալ և միևնույն ժամանակ խղճալ նրան։ Կողքից տեսնողն էլ գլխի կընկներ, որ ես սարսափում եմ ուրվականներից, որովհետև այնքան էի լարվել ու կծկվել, որ մի փոքրիկ շան բնի մեջ էլ կտեղավորվեի։ Ջանս անբացատրելի դողում էր և մի քիչ հանգստացա այն ժամանակ, երբ նա ինձնից հեռացավ ու նստեց դիմացի քարին։ Պատառոտված ու կեղտոտ էր սպիտակ հագուստը և երեսը ծածկված էր գզգզված մազերով։ Աչքերը միակ բանն էին, որ  պարզ էին ու հասկանալի։ Երևում էր, որ ժամանակին գեղեցիկ է եղել և այստեղ է սկսել կենդանի-կենդանի հոտել ու այլանդակվել։ Շարժվում էր արագ և պարզ լսվում էին ոսկորների ձայները, որոնք հպվում էին միմյանց ու ժանգոտած ժամացույցի ձայն հանում։ Նկատելով իմ վախեցած վիճակը , հայացքը կախեց գետնին և սկսեց կնճռոտած մատներով  նկարել կուտակված փոշու մեջ։ Նա ծառ էր նկարել, որը զուրկ էր տերևներից, իսկ ճյուղերը ծռմռված էին։ Ներքևում ուրվական էր պատկերված, որն իրեն պարանով կախել էր բարձր ճյուղից։ Չգիտեմ, դա ինչ-որ բա՞ն էր նշանակում, թե պարզապես խեղկատակություն էր։ Ոչինչ չեմ հասկանում, այն երևի հիմար կատակ էր կամ ուղղակի անմտություն։ Նա հիմար ու մեռելային շարժումներից բացի ուրիշ ոչինչ չգիտեր և այդպես մեռելային ձևով էլ աներևութացավ չսպասելով իմ հարցերին։ Շարունակում եմ ճանապարհս, գուցե ինձ հաջողվի գտնել ելքը։ Երբ փորձում եմ հեռուն նայել, կարծես ոչինչ չեմ տեսնում։ Այս ավերակները կուտակվել են հեռվում գորշ ամպերի նման և պատվել մշուշով։ Չկա կենդանի ոչ մի շունչ՝ ծառ, դաշտ, անտառ, գոնե մի չորացած տերև։  Այսպես անվերջ կարող էի պտտվել այս հիմար լաբիրինթոսով, եթե հեռվում՝ պոկված քարերից առաջացած տձև շինության արանքում չնկատեի մի տարօրինակ երևույթի՝ կանգնած մառախուղի մեջ, որն ընդգծում էր նրա պատկերը։ Այն  կենդանու ուրվական էր հիշեցնում։ Կանգնած էր չորս թաթերի վրա ու մշուշի մեջ եզրագծվում էր նրա  բրդոտ վեր տնկած պոչը, որ այս ու այն կողմ էր տանում իբրև անհանգստության նշան։ Աչքերս կկոցելով մինչև փորձեցի հասկանալ նրա ինչ լինելը՝ մխրճվեց մշուշի մեջ ու կորավ։ Վազեցի դեպի այդ մշուշը՝ նրան հասնելու ակնկալիքով, բայց նա բավականին արագ էր վազում։ Նա նկատելով, որ մոտենում եմ իրեն, սկսեց ավելի արագ վազել։ Այն, կարծես, ինչ-որ ճանապարհ էր ցույց տալիս։ Ես փորձում էի չկորցնել նրան և անդադար վազում էի նրա ետևից։ Այն ինձ տանում էր ոլորապտույտ ճանապարհների միջով, երբեմն մտնում էր քանդված շենքերի մեջ ու դուրս գալիս առաջացած ճաքերի միջից։ Իսկ ես փորձում էի փնտրել ավելի մեծ անցքեր, որ կարողանայի դուրս գալ այնտեղից։ Երբեմն պատերի ետևից լսելի էին դառնում նրա ուժեղ հևոցները և ձայնից կարելի էր ենթադրել, որ նա վազում է լեզուն կախ գցած։ Շրջելով այս շենքում ինձ չէր հաջողվում գտնել ելքը՝ մի փլված պատ, որտեղով կարող էի դուրս գալ այստեղից, իսկ դուռն էլ ծածկվել էր քարերով։ Սակայն քիչ այն կողմ լույս նկատեցի, հավանաբար ելք կար այդտեղից։ Վազում էի դեպի լույսը և ինձ հաջողվում է դուրս գալ  քանդված պատից ու  աչքերիս առջև բացվեց մի անհավատալի տեսարան։ Հսկայական բարձրությամբ մի ժայռ, որի վրա չկար և ոչ մի բույս, այն նման էր քարե բուրգի, որի վրա ժամանակն իր փորագրությունն էր արել՝ դարձնելով կլոր ու խորդուբորդ։ Իսկ նրա ամենածայրին վեր էր խոյանում մի հսկայական ծառ, որն ամբողջովին չէր երևում։ Այս խորհրդավոր տեսարանը այնքան ցնցեց ուղեղս, որ չնկատեցի, թե ինչպես է շագանակագույն մորթիով շունը հոտոտում ծակված կոշիկներս, կարծես ճանաչում էր ինձ, և  փաստորեն նա էր ինձ այստեղ ուղեկցողը։ Ես գրկեցի նրան։ Նայելով փայլող աչքերին տարօրինակ զգացում ապրեցի, կարծես ինձ ծանոթ էր նրա կերպարը։ Նա ցած իջավ գրկիցս և փորձեց ժայռը բարձրանալ։ Ես հետևեցի նրա օրինակին և մագլցեցի սրածայր քարերի վրայով, որոնց ծայրերը քերում էին մատներս։ Մի քիչ տառապելուց հետո մի կերպ հասա ժայռի գագաթը։ Գլուխս բարձրացրի և տեսա ամենաանհավանականը․ խորհրդավոր մի ծառ, մինչև երկինք ձգված ճյուղերով, ծռմռված հաստ բնով, մի քանի փունջ տերևներով, ահռելի մեծ արմատներով, որոնց կեսը դուրս էին ցցվել քարերի արանքներից։ Ծառի գրեթե կեսը չորացած էր, բայց նրա վրա տարօրինակ կերպով շարունակում էին գոյատևել սակավախիտ տերևները, որոնց թիվը կարելի էր հաշվել։ Բայց, ինչպե՞ս է նա բուսել այստեղ՝ այս անկենդան դժոխքում, քարերի մեջ։ Երևի սի՞րտն է անկենդան քաղաքի։ Բայց այն, կարծես, վերացած կենդանական աշխարհի վերջին բջիջը լինի։ Սա հենց այն ծառն է, որի մասին ինձ տեղեկացրեց այն ուրվականը։ Բայց միայն ծառը չէր, որ խորհրդավոր էր, այլ նրա կողքին գտնվող հսկայական գերեզմանատունը, որը նույնպես անծայրածիր էր, որքան քաղաքի ավերակները։ Այստեղ դագաղները հողի տակ չէին, այլ հողի երեսին։ Չլինի՞ այս քաղաքի բոլոր մարդիկ մահացել են․․․Այդ դեպքում ե՞ս ով եմ, ինչու՞ եմ ողջ ու մենակ այս անիծված վայրում։ Վերջապես ե՞րբ եմ իմանալու այս բոլոր հարցերի պատասխանները։ Անորոշությունը գնալով ավելի է տանջում։ Եվ փորձում եմ հերթով բացել դագաղները, տեսնելու ովքեր են ննջեցյալները, բայց բոլորը կողպված են շատ ամուր։ Հուսահատված նստում եմ արդեն իսկ քսանհինգերորդ դագաղի կողքին, երբ քիչ այն կողմ աչքս ընկավ ինձ ուղեկցող շանը, որը հանգիստ նստել էր շիրիմներից մեկի կողքին և ուշադիր հայացքով ինձ էր նայում՝ կարծես, ինձ կանչում էր աչքերով և ուզում էր ինչ-որ բան հասկացնել։ Այդ շիրիմը բաց էր։ Անհամբեր մոտեցա տեսնելու, թե ով է պառկած այնտեղ, բայց դագաղը դատարկ էր։ Չկար ոչ մի հետք, միայն դատարկ ու չոր տախտակն էր։ Իսկ ու՞ր է նրա մեջ գտնվող հանգուցյալը։ Մինչև ուզում էի հասկանալ այս հարցի պատասխանը,  հանկարծ նկատեցի շիրիմներից մեկի վրա նստած  աղջնակի ուրվականը, որը նստած իմ քայլերին էր հետևում։ Ի տարբերություն մյուս ուրվականների, նա առավել նման էր սովորական մարդու, ուղղակի այտերից մեկն էր կիսաքայքայված վիճակում, և աջ ձեռքը բացակայում էր։ Աչքերի պարկերն այնքան էին սևացել, կարծես մի ամբոջ տարի լույս տեսած չլիներ։ Իսկ դեմքն այնքան էր սպիտակ, որ  աչքերս ծակում էր ճիշտ այնպես, ինչպես կծակեր առատ ձյունը արևոտ եղանակին։  Վազեցի նրա մոտ։ Ինձ հաջողվեց դեմ դիմաց կանգնել նրան։ Մինչ ուզում էի անսպառ հարցերս ուղղել , նա սկսեց մրմնջալ հազիվ լսելի ձայնով և ուրվականին բնորոշ անորոշությամբ․

-Մեղքերն ավերեցին այս քաղաքը, ոչնչացրին  ամենը, միայն մնացել է այն ծառը, որը ևս սկսել է չորանալ։ Իսկ երբ ամբոջովին չորանա, ամեն ինչ  կկործանվի։

-Ու՞մ մեղքերը։

-Մարդկանց

-Իսկ ու՞ր են մարդիկ։

Նա չպատասխանեց իմ հարցին, դրա փոխարեն սպիտակած երեսը կախ գցեց․ կարծես ինքն էր մեղավոր, որ մարդիկ կորել են։

-Իսկ ինչու՞ է այս շիրիմը բաց ու դատարկ։

-Բոլորն են դատարկ, բայց միայն քոնն է բաց․․․ Դու մեռած չես, դու այնտեղից դուրս եկար․․․Արագ պետք է հեռանաս այստեղից ու մարդկանց ետ պահես մեղքերից, քանի դեռ ծառն ամբողջությամբ չի չորացել։

Այս ասելով այնքան արագ աներևութացավ, որ նույնիսկ չհասցրի զարմանքս արտահայտել։ Եվ նրա կտրուկ պատասխանն ինձ ավելի մոլորեցրեց։ Ինչպե՞ս կարող էր, այս բաց դագաղն իմը լինել, եթե ես ողջ եմ։ Նշանակում է ինձ ողջ-ողջ թաղե՞լ են, թե՞․․․ չգիտեմ։ Արդեն չեմ հասկանում, հիմա ո՞ղջ եմ, թե՞ ոչ, և վերջապես այս ամենն իրակա՞ն է, թե՞  սովորական մղձավանջ։ Բայց այս քաղաքը հաստատ  մեռածների քաղաքն է, որը ոչնչանում է մարդկանց մեղքերի պատճառով։ Այո, ուրվականը հենց այդ էլ ուզում էր ասել։Մարդիկ անդադար մեղք են գործում, չիմանալով թե ինչ է կատարվում իրենցից հեռու այս քաղաքում։ Բայց ինչպե՞ս կարող էի հայտնվել այստեղ։ Ու եթե ողջ եմ, ինչպե՞ս կարող եմ դուրս գալ այստեղից։  Արդեն սկսում եմ գժվել, թե՞ արդեն գժվել եմ․ դա էլ չեմ կարողանում հասկանալ ․․Ոչ ոչ, գլխումս ամեն ինչ տակնուվրա է եղել։ Հիմա ամենից շատ ուզում եմ վերադառնալ այնտեղ, որտեղից, որ եկել եմ, բայց  երևի երբեք էլ չգտնեմ ելքը։ Եթե այդքան հեշտ է, ինչու՞ բոլորն էլ դուրս չեն գալիս այստեղից։ Բայց միայն իմ շիրիմն է բաց, նշանակում է, որ միայն ես կառող եմ դուրս գալ այստեղից։ Մնում է միայն գտնել այդ ելքը։

Մռայլ փողոցի եզերքին նստած խաղում էի արդեն հարազատ դարձած շանս հետ, որովհետև ուրիշ անելիք չունեի։ Այստեղ ոչ սովում ես, ոչ էլ ծարավում։ Միակ անելիքը անիմաստ թափառելն է։ Եթե չլիներ այս շունը, խելագարությունից գլուխս ավելի կկորցնեի։ Նա իր հետաքրքիր շարժումներով ու խաղերով մոռացնել էր տալիս իմ որտեղ լինելը ու իր փայլող աչքերով նույնիսկ զվարճացնում էր ինձ, և անդադար կշարունակեի խաղալ նրա հետ, եթե դարձյալ չհայտնվեր այն կապտած դեմքով, հոտած ուրվականը իր մեռելային շարժումներով։ Այլանդակված հայացքը թաղելով մազերի տակ, քայլում էր դեպի իմ կողմը, կարծես գալիս էր ինձ խեղդամահ անելու։ Բայց արդեն սովորել էի այս ուրվականներին և այլևս չէի վախենում նրանցից։  Նրանք այդքան էլ վատը չեն ու նույնիսկ սարսափելի չեն, ինչպես շատերն են մտածում։ Նա մոտեցավ, նստեց կողքիս ու սկսեց խոսել  մեղավորին բնորոշ ձայնով։ Իսկ մինչ այդ, շունս, որին անվանել էի Քոսոտ, առանց վախենալու ցատկեց ու մխրճվեց նրա սպիտակ զգեստի մեջ, կարծես տարիներ շարունակ ճանաչում էր նրան։ Երկար լռությունից հետո սկսեցի հարցախեղդ անել․

-Իսկ դու ո՞վ ես, ինչու՞ ես ինձ հետևում։ Ես ինչպե՞ս եմ հայտնվել այս անիծյալ քաղաքում։

-Դու ուրվական  չես, դու կփրկես մեր քաղաքը մեղքերից։

-Բայց ինչպես՞, ես ձեր միակ փրկի՞չն  եմ։

-Դու այն մարդն ես ով ողջ է, և դեռ կարող է մեզ փրկել։ Նրա ճյուղերն  էլ մի օր կվերջանան և այնժամ կգա ամենքիս վերջը։

Ես հիմար հայացքով հետևում էի նրան։ Նա այդպես էլ չպատասխանեց այն հարցերին, որոնց պատասխաններն ամենաշատն էի ուզում իմանալ։ Նա սկսեց պատմել իր մասին։

-Տասնհինգ  տարեկան էի, երբ մայրս ընկավ հոգեբուժարան  հորեղբորս պատճառով։ Նա անդադար ծեծում էր մորս, իսկ հետո նաև ինձ։ Հայրս անհետ կորել էր որսի ժամանակ և մենք մնացել էինք հորեղբորս հույսին։ Իսկ նա առիթից օգտվելով անդադար շահագործում էր մեզ։ Իմ տեղը ախոռում էր։ Իսկ երեկոյան մեզ մի կտոր հաց տալու փոխարեն՝ մահու չափ ծեծում էր ու նետում նկուղը,- խռպոտ ձայնը քիչ էր մնում կտրվեր, և հուզմունքը մի կերպ պահելով շարունակեց,- մի օր էլ մայրս որոշեց վերցնել ինձ ու փախչել այդտեղից, բայց այդ սատանան հաջողացրեց բռնել մեզ և այնպես ծեծել, որ մայրս հոգեկան խանգարում ստացավ ու գժվեց։ Ես շարունակեցի տառապել ևս երկու տարի,  երբ մի օր նա որոշեց գիշերը՝ քնած ժամանակ, ինձ խեղդամահ անել և․․․

-Եվ դու հայտնվեցիր այստեղ։

-Այո, հայտնվեցի այստեղ ու չեմ էլ հիշում դրանից հետո ինչքան ժամանակ է անցել, որովհետև այս քաղաքում ժամանակ գոյություն չունի։ Գուցե արդեն հարյուր տարեկան եմ, գուցե երեք հարյուր։ Իսկ հորեղբայրս իր մահից հետո, ընկավ մարդասպան ուրվականների քաղաքը, որտեղ նրան հոշոտեցին, կտրեցին նրա ձեռքը և այն  թաքցրին այս քաղաքում։ Դրանից հետո վերջացավ մեր խաղաղ ու հանգիստ կյանքը։ Ամեն ինչ փլվեց և քաղաքից հավետ վերացան կանաչ խոտերն ու փարթամ ծառերը։  Եվ մեզ տարիներ շարունակ չի հաջողվում գտնել այդ ձեռքը։Այդ անիծյալ քաղաքի բնակիչները  մեզ նախանձում էին, քանի որ մարդկանց բոլոր մեղքերն ավերում էին միայն իրենց քաղաքը։ Իսկ մենք ապրում էինք անհոգ ու  առանց  մեղքերի։

-Բայց․․․ ինչու՞  եք ձեր հույսը միայն ինձ վրա դնում, մի՞թե դուք այս քաղաքի բնակիչը չէք,-  հուզմունքից ու վրդովմունքից քիչ էր մնում աչքերս լցվեին և  ամոթից թեքվեցի այլ կողմ, որ ինձ չմատնեմ։ Փոքր-ինչ հանգստանալով  ցանկացա հաստատել իմ մտավախությունը։

-Ուրեմն ես է՞լ եմ մահացել, -իսկ երբ շրջվեցի պատասխանը  լսելու, նա արդեն չքացել էր․․․ Չորս կողմս փնտրեցի նրան, սակայն ապարդյուն։

Շանս վերցնելով ,դարձյալ գնացի այն ժայռի մոտ, որի վրա գտնվում էր  չորացող ծառը։ Արդեն ձանձրույթ եմ ապրում՝ քայլելով այս անիմաստ, ծուռումուռ ու իր մթությամբ հոգնեցնող փողոցներով և  անցնելով անվերջանալի թվացող ավերակների միջով։ Հիմա էլ ինչ-որ ապուշ մարդասպանի ձեռք, ու չգիտես ինչ անիմաստ հիմարություններ։ Արդեն զզվեցի իմ այս անորոշ ,նողկալի ու ծիծաղելի վիճակից։

Վերջապես հասա ժայռին։ Շունս այն տեսնելով փախավ գրկիցս ու ստեպ-ստեպ վազեց դեպի վեր։ Ես նույնպես փորձեցի բարձրանալ  ու մի կերպ հասնելով ծառին՝ շնչակտուր ընկա արմատներին ու մի քիչ շունչ քաշեցի։ Երբ շունչս տեղն ընկավ, նկատեցի Քոսոտին, ով լիզում էր ծառի ստորին հատվածը ու կարծես ինչ-որ տարօրինակ երևույթի հոտ էր առել։ Մոտեցա ծառին, պոկեցի կեղևը ու երեսիս փչեց հոտած կենդանու գարշահոտությունը, իսկ հետո նկատեցի, թե ինչպես է արյունը դանդաղ հոսում մատներիս վրայով։ Սարսափած մարմինս ետ շպրտեցի ծառից, ուղեղս մթագնեց և կորցնելով  գիտակցությունս՝ վայր ընկա։

Հանգիստ ու մեռելային լռություն է, աչքերս փակ են։ Շունչս տեղն է, գիտակցությունս նույնպես։ Մարմինս կարծես քարացած է, ոչինչ չեմ զգում։ Կարծես գիպսի մեջ լինեմ։ Անտարբեր ու հանգիստ լռության մեջ ուշադիր լսում եմ սրտիս զարկերաչափի միապաղաղ ձայնն ու ձանձրույթից փորձում եմ հաշվել դրանք։ Այս ամենի հետ խառնվում են թույլ մարդկային ձայները, բայց նրանցից փչում է սուր դեղահոտ ու ինչքան մոտենում են ինձ, այնքան ավելի է ուժեղանում այդ հոտը։ Բայց դժվարանում եմ հանգիստ շնչել, կարծես ինչ-որ բան դրված լինի քթիս վրա և ծանրություն պատճառելուց բացի, խաթարում է իմ հանգիստ շունչը։ Այս ամենը ստեղծում է հիվանդանոցային տրամադրություն։ Ինձ նյարդայնացնում է այն, որ ես չեմ կարողանում բացել աչքերս ու տեսնել, թե ինչ է կատարվում շուրջս։ Ամբողջ ուժով լարվում եմ, ճիգ եմ գործադրում, դարձյալ չեմ կարողանում բացել աչքերս։ Սկսում եմ անհանգստանալ։Ի՞նչ է կատարվում ինձ հետ։ Բայց կարծես մարդկային ձայներն ավելի են ուժեղանում և նույնիսկ սկսում եմ հասկանալ, թե ինչ են խոսում նրանք։

-Արդեն մեկ տարի է կոմայի մեջ է։ Մեկ տարի առաջ  վերցրել է իր շանն ու խելագարի պես նետվել անդունդը, պատճառը դեռ պարզ չէ, ասում են դեռ մանկուց հոգեկան շեղումներ է ունեցել սթրեսների պատճառով։ Այսպիսով շունը սատկել է, իսկ նա․․․ինչպես տեսնում եք․․․հույս էլ չկա։

-Իսկ մինչև ե՞րբ եք պահելու նրան։

-Երևի մոտ օրերս  կանջատենք սարքը։

Այս ամենը լսելով՝ մարմնովս մի աննկարագրելի սարսուռ անցավ։ Ուզում եմ  աչքերս բացել ու գոռալ, որ ես ողջ եմ, կենդանի եմ, բայց ոչինչ անել չեմ կարողանում, ասես կենդանի դիակ լինեմ։ Մի՞թե նրանք չեն տեսնում, թե ինչպես է քրտինքն աղբյուրի պես հոսում ճակատիցս։ Նրանց անտարբերությունն ինձ սպանում է։

Դարձյալ մութ, դարձյալ  անորոշություն, ու դարձյալ նույն մեռելահոտը, ու ինչ-որ մի բան թրջում էր երեսս։ Աչքերս բացեցի,  շունս լեզուն գցած երեսիս, այնպես էր լիզում, որ չոր տեղ չէր թողել։ Իսկ նրանից այն կողմ արդեն սովորական դարձած ուրվականներն էին, որոնք  չորս կողմս հավաքված սպասում էին իմ արթնանալուն։

-Քեզ ծառի մոտից գտանք, մեռածի պես հանգիստ պառկել էիր։

Երբ լսեցի, անմիջապես խելքս գլուխս եկավ և հիշեցի հիվանդանոցի խոսակցությունը, աչքերիցս կայծեր թռան։

-Ես կոմայի մեջ եմ ու ողջ եմ, բայց բժիշկները ցանկանում  են  մոտ օրերս անջատել այդ սարքը, հասկանու՞մ եք։ Ես պետք է արագ հեռանամ այստեղից, քանի դեռ ինձ ողջ-ողջ չեն թաղել։ Խնդրում եմ, ցույց տվեք ինձ ելքը։ Այստեղ ժամանակը շատ արագ է անցնում։ Պատկերացնու՞մ եք, այս ընթացքում այնտեղ արդեն իսկ մեկ տարի է անցել։ Սարսափելի է։ Հիմա եմ հասկանում, թե ինչու եմ տարբերվում ձեզանից, բայց եթե չհասցնեմ հեռանալ․․․Նրանք  կթաղեն ինձ․․․

Այս ամենը լսելով, շուրջս հավաքված բոլոր ուրվականները սկսեցին հեռանալ՝  հուսահատված ու անտարբեր։ Կարծես նրանց վիրավորեցին իմ խոսքերով։ Այդ քայլով նրանք ուզում էին ասել, որ ինձնից ոչ մի հույս չկա։ Բայց այն փոքր աղջնակի ուրվականը նորից վերադարձավ ու սկսեց մրմնջալ վիրավորված ձայնով․

-Միայն քո մասին ես մտածում, ուզում  ես գլուխդ ազատել մեզնից։ Իսկ մե՞նք։ Մտածում ես, թե մենք դատարկ ու անիմաստ ուրվականներ ենք, որոնք ոչ ոքի պետք չեն և ինչ լինում են թող լինեն։ Այո՞։ Դու միակն ես, ով կարող է մեզ՝ բոլորիս փրկել կործանումից, իսկ եթե չես ցանկանում ազատել մեզ մարդկանց մեղքերից, ուրեմն այստեղից դուրս գալու ելքն ինքդ գտիր։ Ծառն արդեն չորանում է։

Նա չսպասեց իմ պատասխանին։ Մի լավ վրդովվելուց հետո թողեց ու աներևութացավ մշուշի մեջ։ Այդ ժամանա ինձ շատ միայնակ էի զգում և սկսեցի զրուցել Քոսոտիս հետ։

-Եթե դու լինեիր իմ փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։  Ասա խնդրում  եմ, ինչպե՞ս փրկենք նրանց ու հեռանանք այս անիծյալ քաղաքից,- պատասխան տալու փոխարեն Քոսոտն այնպես էր վրաս նայում, կարծես ապուշություններ եմ դուրս տալիս, իսկ նրա պատասխանը եղավ մի քանի սովորական հաչոց։ Բայց հանկարծ հիշեցի այն ուրվականի պատմությունը, ով ինձ պատմում էր իր հորեղբոր մասին, Եթե այդ ձեռքը հեռացվի այստեղից, ապա մեղքերն այլևս չեն հասնի այստեղ։ Բայց չէ որ նրանք տարիներով չեն կարողանում գտնել այն։ Իսկ ես, մի քանի օրվա ընթացքում ինչպե՞ս եմ գտնելու․ դա անհնար է։ Ոչ, ես հաստատ կմեռնեմ․․․

Ժամերն անցնում են, ես անդադար քայլում եմ՝ոչինչ չեմ անում։ Հուսահատությունն այնքան է մեծացել, որ նույնիսկ մոռացնել է տվել սեփական մահվան մտավախությունը։ Իսկ այստեղի մի քանի ժամը, այնտեղի մի քանի օրերն են։ Ու այս գիտակցելով դարձյալ ոչինչ չեմ անում։ Ինչ լինելու է, թող լինի։ Եթե ուզում են, թող ողջ-ողջ թաղեն ինձ։ Բայց ես չեմ դիմանա այն հարվածին, որ այս անմեղ ուրվականներն  այրվեն իմ պատճառով կրակի փոթորիկների մեջ։ Երբ հասա  ժայռի մոտ, նկատեցի, թե ինչպես մի չորացած տերև խավար  օդում պարուրվելով, ընկավ ուղիղ շանս առջև և այնքան էր  չորացել, որ անմիջապես փոշու վերածվեց։ Շունս հոտոտեց այն, ու անհանգիստ կերպով վազեց դեպի ժայռը։ Ես հասկացա նրա մտավախությունը և զսպելով սեփական անհանգիստ վիճակը, վազեցի նրա ետևից։ Երբ հասա ժայռին, տեսա, թե ինչպես են հազարավոր ուրվականներ խառնվել այնտեղ, ու սարսափ-աղաղակի փոթորիկ բարձրացրել այնտեղ։ Վազեցի ու ճեղքելով անհամար ուրվականներին փորձեցի բարձրանալ ժայռը։ Այնքան էի շփոթված ու սարսափած, որ նույնիսկ չէի զգում քարերի հասցրած վնասները մարմնիս, ու մի ակնթարթում հասա ծառին, որը  անճանաչելի էր դարձել։ Վրան չկար և ոչ մի տերև, ամբողջությամբ չորացել էր և ստացել քարի գույն։ Քաղաքում, որ երբեք կայծակ չէր եղել, այնպիսի ուժգնությամբ շանթեց, որ  ամբողջությամբ լուսավորեց այն։ Քամիները սկսեցին փոթորիկի տեսքով ճեղքել օդը։  Լսվեցին ուժգին դղրդյուններ,  որոնք սովորաբար լինում են ուժեղ երկրաշարժերի ու փոթորիկների ժամանակ։ Ուրվականները, որ բարձր խոսել չգիտեին, այնքան ուժգին էին աղմկում, որ ծածկում էին ուժեղ քամիների սվվոցը։  Հողին էին հավասարվում առանց այն էլ ավերակ դարձած շենքերն ու շինությունները և նրանց փլված քարերով ծածկվում էին ամայի ու մութ ճանապարհները։ Իսկ  շենքերի փշռված պատուհաններից դուրս էին պրծնում հազարավոր ուրվականներ և մոլեգին փախչում էին այս ու այն կողմ։ Ոմանք կորչում էին շենքերի հետ, ոմանք նետվում բացվող ճեղքերի մեջ, ոմանք էլ խելակորույս գալիս ու փորձում էին բարձրանալ ժայռը, մեկը կարողանում էր բարձրանալ, մյուսը վայր էր ընկնում պոկվող քարերի հետ։ Նրանք վազում էին դեպի  իրենց շիրիմները, բայց փակված շիրիմներն ո՞վ կարող էր բացել։ Կործանվող ծառը, որն  այնքան էր փոխվել, քիչ էր մնում պայթեր ու հօդս ցնդեր։ Եվ ահա սկսեց ցնցվել գետնի տատանումների պատճառով։ Գարշահոտությունը գնալով անտանելի էր դառնում, իսկ լյարդացած արյունը շարունակ էր հոսել  ճեղքվող բնից։ Այս ամենը տեսնելով՝ գլուխս դարձյալ սկսվեց պտտվել, ճիշտ այնպես, ինչպես անցյալ անգամ, շնչառությունս սկսեց ծանրանալ։ Միայն թե շնչառական սարքն անջատած չլինեն։ Այս մտածելով գլուխս սկսեց ավելի պտտվել։ Ես ստիպում էի ինձ չվերադառնալ կյանք, որովհետև հիմա ուրվականների կյանքն ինձ համար առավել կարևոր էր, պետք էր փրկել նրանց։ Այդ պահին  իմ առջև բացվեց ամենաանհնարին տեսարանը, որը երբեք չէի կարող պատկերացնել։ Ծառի ճեղքը մեծանալուն զուգահեռ, ժայթքող արյան թափն ավելի էր մեծանում, ապառաժներից ժայթքող աղբյուրների նման, և հանկարծ միջից երևաց մի տարօրինակ երևույթ, որը մարդու օրգան էր հիշեցնում և այն առաջ գալով արյան հետ, սկսեց նմանվել մարդկային ձեռքի։   Ինձ հազիվ պահելով ոտքերիս վրա, առաջ նետվեցի՝ հանելու այդ անիծյալ ձեռքը, բայց երբ հասա ծառին՝ ժայռը ցնցվեց  վիթխարի ուժգնությամբ և այն մասը, որտեղ ես կանգնած էի, ճաքճքեց ու փլվելով հոսեց ներքև։ Չհասցրի վերցնել ձեռքը, որովհետև ինքս էլ սայթաքեցի ու   ընկա գահավիժող քարերի հետ, բայց ի տարբերություն քարերի, կարողացա բռնվել ժայռից դուրս ցցված ծառի արմատներից ու մնալ օդի մեջ կախված։  Գրեթե ձեռքերս բաց էի թողնում արմատներից, երբ Քոսոտս եկավ ինձ փրկության։ Նա ամեն գնով ջանում էր փրկել իր տիրոջը։ Քաշելով թևերիցս, նա ինձ օգնեց բռնել վերևի ճյուղն ու ի վերջո հասնել իրեն։ Այո, շանս հաջողվեց փրկել ինձ։ Ժամանակ չկորցնելով, համբուրեցի  Քոսոտիս ճակատն ու վազեցի այդ անիծյալ ձեռքը վերցնելու։ Վերջապես հասա ծառին ու նրա միջից հանեցի ձեռքը, որի պատճառով կործանվեց մի ամբողջ, առանց այն էլ ավերված քաղաքը։ Կայծակներն ու փոթորիկներն էլ ավելի էին սաստկանում։ Պատկերացնու՞մ եք այս ձեռքը, որ տարիներ շարունակ չէին կարողանում գտնել քաղաքի բնակիչները, այն ամփոփված էր այս ծառի բնում՝ քաղաքի վերջին կենդանի բջջի մեջ։ Ու ես գտա այն և հիմա իմ ձեռքերի մեջ է։ Հիմա արդեն վազում եմ դեպի բաց դագաղը, հիշելով ուրվականի խոսքերը։ Միգուցե այդպես որևէ ելք լինի։ Երբ վազում էի հալածված մարմնիս վերջին ճիգերը գործադրելով, հանկարծ  շան կլանչոցների ձայներ լսվեցին։ Երբ թեքվեցի, տեսա, թե ինչպես է շունս երկու թաթերով ամուր բռնել ժայռի ծայրից ու անմեղ, վախեցած աչքերով նայում է ինձ, հասկացնելով, որ օգնեմ իրեն։ Կյանքս կտայի, որպեսզի  չտեսնեի այդ անմեղ ու վախից մեծացած աչքերը, որ ինձ էին նայում ու ճմլում սիրտս։  Իսկ կլանչոցներն ավելի էին մաշեցնում սիրտս։ Զարզանդվելով ու  դողալով ինձ շպրտեցի դեպի այն կողմը՝ փրկելու իմ փրկչի կյանքը։ Բայց երբ հասա նրան, վիճակը դարձավ էլ ավելի սարսափելի։ Ժայռաբեկորը պոկվեց և նա էլ ավելի հեռացավ ինձնից ու  կախվեց ժայռից։ Ձեռքս լարելով, ինձ չհաջողվեց հասնել նրան։ Իսկ նրա կլանչոցներն էլ ավելի էին սաստկանում։ Ես անդադար  մեկնում էի ձեռքս, ձգվում  մինչև  վերջ, անում  ամեն հնարավորը, բայց նրան հասնել չկարողացա։ Նրա հայացքն ասում էր, որ ամեն գնով ցանկանում է փրկվել, շարունակել ապրել, իսկ ես  ոչինչ  չէի կարողանում անել։ Եվ ընդամնեը մեկ ցնցում ու․․․պոկվեց ժայռակտորը,  նա սահեց ու․․․ Աչքերիցս արցունքներ էին ուզում գլորվել, երբ  հանկարծ զգացի, թե ինչպես մի ուրվական ամուր բռնեց մեջքիցս ու հուժկու արագությամբ շպրտեց ինձ դեպի բաց դագաղն ու փակեց կափարիչը։ Այնժամ մթությունն ու անորոշությունը ստիպեցին ինձ մոլորվել բանականությանս մեջ, կորցնել ընկալելու ընդունակությունը։ Հիմա ամեն ինչ պտտվում էր գլխումս․ փլվող շենքեր, ավերակներ, փախչող ուրվականներ, գորշ ու ամպամած երկինք, կայծակնային շանթահարումներ, մշուշի մեջ անհետացող շունը, արյունաթաթախ ծառ, մարդկային կտրված ձեռք, ու․․․

***

Ու նորից մեռելային լռություն։ Աչքերս ջերմացնող  ոչ մի լույս։ Այնքան եմ հոգնած ու հյուծված, որ աչքերս բացել չեմ ցանկանում ու նաև վախենում եմ բացել, որովհետև չեմ ուզում նորից տեսնել այն ավերակներն ու ուրվականներին, որոնցից հիմա երևի ոչինչ չի մնացել։ Աչքերս բաց են, բայց սովորականից դժվար են կարողանում մնալ բացված, այնքան թույլ են, որ կիսաբաց վիճակում հազիվ եմ պահում, որ չփակվեն։ Իսկ ճնշող օդն ու տոթ մթնոլորտը ստիպում են ինձ նյարդայնանալ, շունչս կարծես կտրվում է։ Ձեռքիս վրա տարօրինակ ծանրություն եմ զգում, թաց ու կոշտ մի բան է, երբ շոշափեցի, այն ինձ հիշեցրեց մարդկային կիսաքայքայված ձեռքի՝ հաստ երկար մատներով,  որի ոսկորները տեղ-տեղ դուրս էին ցցվել։ Դա այն անիծված ձեռքն էր։ Երբ առավել սթափվեցի, ցանկացա միանգամից վեր թռչել, գլուխս այնքան ուժեղ հարվածեցի տախտակին, որ նույն արագությամբ ետ ընկա։ Ձեռքերս տարածեցի ու շոշափեցի շուրջս, բացի չոր տախտակներից ուրիշ ոչինչ չզգացի։ Ինձ սկսում են հասանելի դառնալ մարդկային թույլ ձայներ, որոնց միախառնումը հիշեցնում է երգի, որը երգում են թաղման արարողությունների ժամանակ։ Երգն ավարտվեց, դարձյալ մեռելային լռություն, միայն լսվում է, իմ ահավոր անհանգիստ շնչառությունը և քիչ է մնում սիրտս ճեղքի ու դուրս թռչի տեղից։ Սկսում եմ ագահաբար ծեծել տախտակները, գոռալ ձայնալարերիս ամբողջ հնարավորությամբ, բայց ինձ կարծես ոչ ոք չի լսում, և անտարբեր շարունակում են իրենց երգը երգել։ Եվ ահա, նրանք ավարտեցին իրենց երգն ու  կարկուտի նման հողն սկսեց ծեծել դագաղիս կափարիչը,  իսկ օդն էլ ավելի էր պակասում հողի լցվելուն զուգահեռ։

Ես ուշացա։ Չհասցրի հասնել ու բացել կյանքի դռներն ու կրկին անգամ ողջունել նրան։ Չհասցրի․․․ մնացի պառկած մահվան ճիրաններում։

Ես վերադառնում եմ, վերադառնում եմ այն քաղաք, որին, չգիտեմ էլ, փրկեցի՞ կործանումից, թե՞ կործանվեց այն։ Բայց հիմա դարձյալ այնտեղ եմ և նկատում եմ, թե ինչպես է լուսավոր ու պայծառ եղանակը ծակում աչքերս ու հաճելիորեն ջերմացնում սառած մարմինս, իսկ առատ խոտերը գրեթե ծնկներիս են հասնում։ Քիչ այնկողմ տեսնում եմ հսկա ծառի, որի տերևներն անթիվ ու անհամար են, իսկ ճյուղերը կարծես հասնում են մինչև երկինք։ Նրա խիտ տերևներից այն կողմ ձգվում են անվերջանալի շենքերը, որոնք փայլփլում են իրենց առողջ ու կանգուն տեսքով, և նրանց կտուրները միաձուլվելով երկնքի պայծառ կապույտի հետ, ստեղծում են յուրահատուկ կոլորիտ։ Ես տարված այս տեսարանով ու մոռացության տված ամեն ինչ, քայլում եմ դեպի այս խաղաղ ու կատարյալ քաղաքը, բայց այս անգամ ոչ թե մարդու, այլ ուրվականի տեսքով։ Եվ այնքան եմ տարված այս կատարելությամբ, որ չեմ էլ նկատում, թե ինչպես է ետևումս փակվում  դատարկ դագաղիս կափարիչն ու կողպվում ամուր ու հավիտյան։

Ռոբերտ Պետրոսյան, Դիլիջանի ավագ դպրոց

Advertisements

2 Comments

  1. […] Ռոբերտ Պետրոսյան.Ուրվականների քաղաքը […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: