Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Երբ բոլոր դռները փակ են

Երբ բոլոր դռները փակ են

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Բոլոր դռները միաժամանակ փակ չեն լինում…

Ամեն անհասկանալիի հետևում հաստատ մի պարզ բան կա…

Խոնավության հոտ է փչում… Լռություն, որը մերթ ընդ մերթ խախտվում է ինչ-որ բանի կաթելու ձայնից:

Տեղը, որն ամբողջովին մութ էր, նույնիսկ դժվար է վայր անվանել. մթությունը գրեթե աչք է ծակում: Մարդկային ոչ մի աչք չի կարող այստեղ լինելով ճանաչել ու զգալ նույնիսկ իրեն, կենդանի ոչ մի արարած չի կարող ապրել այստեղ: Չիմանալ` սա ինչ է. անվերջանալի, ինչպես տիեզե՞րքը, թե՞ փակ, ինչպես փոքրիկ տուփիկը:

Դե իհարկե հասկանալի է արդեն, որ սա անշունչ ու ոչինչ չպարունակող, անհայտ սահմաններով մի վայր է, որը, հարց է, ունի՞ տարածություն, գործու՞մ է այստեղ ժամանակը, թե՞ ոչ…

Բայց, արի ու տես, որ հենց այստեղ ինչ-որ ժամանակ եղել են օրգանիզմներ` ամենապարզից մինչև ամենաբարդը, իհարկե, անշնչացած: Այսքան ժամանակ ոչ ոքի շնչած օդը չէր զգացվել այստեղ, բայց ահա զարմանալի, տարօրինակ, սակայն բոլորի պես մի մարդ ընկած է կիսախոնավ այս միջավայրում…

* * *

Աչքերը բացեց, բայց թվում է, թե չի էլ բացել. ախր իր առջև ոչինչ չի տեսնում. խավարը տիրել է ամբողջ տարածությանը: Մի անորոշ վախ փակել է մտածելու ու հասկանալու բոլոր ճամփաները: Երա՞զ է սա, թե՞ իրականություն: Ինքն իրեն չի զգում: Փակեց աչքերն, ու գլուխը կարծես պոկվեց ուսերից ու ծանր-ծանր ընկավ գետնին…

Ժամե՞ր անցան, թե՞ վայրկյաններ (միգուցե նաև օրեր), երբ նա նորից բացեց աչքերն ու մի ճիչ արձակեց. ամեն ինչ նույնն էր. մութ, դատարկ, թերևս միայն օդ կար: Նա սկսեց զգալ սառն օդն իր թոքերում, որը կարծես պղտորում էր իրեն, զգաց մատները, հազիվ հասկացավ, որ ունի ձեռքեր ու նույնիսկ ոտքեր, որ ոչ այլ ոք է, եթե ոչ հենց ինքը… Շարժվե՞լ… Ո~չ, նա վախենում է անգամ ընկած տեղից բարձրանալ, վախենում է նույնիսկ մտածել… Ախր որտե՞ղ է, ինչպե՞ս, ինչու՞: Բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները ստանալու համար բավական չէ ունենալ հինգ զգայարան (այստեղ այդ զգայարաններից ոչ մեկը չի գործում): Իրեն ճնշված է զգում, ամեն ինչից հեռացած, միայնակ, անօգնական… Այստեղ օգնության ձեռքեր չեն հասնում, չեն լսվում մարդկային ձայներ: Մի՞թե միայն ինքն է մնացել շնչավոր արարած այս ամբողջ տիեզերքում…

Անորոշությունը խելագարության է հասցնում: Մտածելու կարողություն չունենալը գցում է մոլորության մեջ, ու նա էլի փակում է աչքերը` հույս ունենալով չարթնանալ այստեղ… Նրա միտքը միայն հասնում է այն բանին, որ սա երազ է այլ երկինքներում, այլ ժամանակներում: Նա համաձայն է` աչքերը թեկուզ ընդմիշտ փակ մնան, միայն թե չլինեն այս հոգեմաշ անորոշությունը, սևությունը, սառնությունը…

* * *

Տասնիննամյա այդ պատանին իր կյանքում շատ բաներ է փորձել հասկանալ այն պահից ի վեր, երբ բացահայտեց, որ աշխարհում գոյություն ունեն բազմաթիվ գալակտիկաներ, որոնք պարունակում են մեծ թվով տիեզերական մարմիններ: Դրանց մի չնչին կազմի մեջ են մտնում մոլորակները, իսկ այդ բազմաթիվ, հայտնի և անհայտ մոլորակներից մեկն էլ Երկիրն է: Բոլորն էլ գիտեն, որ Երկրում իրենց գոյությունն են պահպանում անշունչ և շնչավոր բազմաթիվ արարածներ, որոնց մի մասն էլ կենդանիներն են: Իսկ դրանց` «կաթնասուններ» կոչվող դասի մեջ ենք մտնում նաև մենք` մարդիկս: Այո՜, մոտավորապես յոթ միլիարդ այդպիսի մարդ: Իսկ երբ սկսում ես գիտակցել այս ամենը, երբ սկսում ես հասկանալ, որ դու այդ մարդկանցից ընդամենը մեկն ես, քեզ զգում ես չնչին ու անկարևոր մի արարած, մի փշուր, որի անհետանալն ու հայտնվելը ոչ ոք չի էլ նկատի… Բայց հանկարծ ակամա ժպտում ես այն մտքից, որ շատ քչերն են հասկացել` այդ աննկատ թվացող մարդկանցից յուրաքանչյուրը կարող է փոխել ամբողջ աշխարհի ընթացքը, նույնիսկ մոլորակների ու գալակտիկաների…

Տղան ապրում էր մի իրականության մեջ, որն ընդհանրապես իր պատկերացրածի նման չէր. չէ՞ որ դեռ մանկուց  նրան դաստիարակել էին կատարյալ ու մաքուր աշխարհում ապրելու համար: Այդ բոլոր հեքիաթները, գրքերը, որոնք կարդում էր, այն երազները, որոնք տեսնում էր, ստիպում էին նրան հասկանալ, որ աշխարհը փոխել է պետք, փոխել դեպի լավը: Ու եթե գոյություն ունեն հատկանիշներ, ինչպիսիք են անկեղծությունը, արդարությունը, ապա պետք է վերացնել դրանք խոչընդոտող բոլոր հանգամանքները: Նա ծիծաղում էր աշխարհի վրա, ծաղրում էր նրան. ինչո՞ւ չծիծաղել, երբ ակնհայտորեն երևում է, որ ամբողջ աշխարհը, փոխանակ պահպանի ու զարգացնի լավը, ցանկանում է վերացնել այն շուտափույթ կերպով: Լավ մտքերը երբեք չեն հասկացվում, այլ մնում են մի գաղտնի տեղ` ինչ-որ մեկի ձեղնահարկում, ու հիշվում են միայն այն պահին, երբ դանակը աշխարհի ոսկորին է հասնում: Վերացնում են ճիշտը… Եթե դա չլիներ այդքան տխուր, ապա զավեշտալի կլիներ: Վերացնում են, որ խաբեն, որ կեղծիքը ջրի երես դուրս չգա: Օրինակ, երեխաները խաբում են, որ մայրիկը չբարկանա ու իրեն վատ չզգա, իսկ մեծահասակները կարծես չարագործներ լինեն. նրանք խաբում են, որ ուրիշներին ցավ պատճառեն, որ իրենց կեղծ ժպիտների հետևում թաքնված հռհռոցները ոչ ոք չլսի… Իսկ Երկիր մոլորակը էլ ինչպե՞ս շարունակի պտտվել: Ինչու՞ չպետք է կանգնի ու գոռա, որ հոգնել է, հոգնել է ստից, կեղծիքից, խաբեությունից, խարդախությունից…

Անկեղծություն… Ահա միակ բանը, որը գնահատում էր տղան իր ամբողջ կյանքում: Իհարկե, հիմա` այս ժամանակներում, անկեղծ մարդիկ հազվադեպ են, իսկ եթե գտել ես մեկին, ում կարող ես վստահել, ուրեմն դու երջանիկ մարդ ես:

Նա երջանիկ է…

Այդ պատանին, նրա մտքերը, կարծես շատ ավելի հասուն լինեն, քան հենց ինքը: Ախր նրա տարիքի մարդիկ չեն մտածում ո’չ աշխարհի և ո’չ էլ դրա առեղծվածների մասին, այլ միայն զվարճանում են ու աշխարհից վերցնում այն, ինչ իրենց պետք է այդ պահին ուրախ լինելու համար: Իսկ տղան ուզում էր լինել նաև երջանիկ:

Ու երևի հենց դրա շնորհիվ էր, որ նա կարողանում էր սիրել, սիրել ոչ միայն աշխարհը, այլև նրա կամայական փոքր, չնչին մասնիկը: Կարողանում էր տեսնել գեղեցիկն ու հասարակը` թաքնված այս կեղծ իրականության պաճուճազարդ վարագույրների հետևում, կարողանում էր տարբերել շատերի կողմից չնկատվող ակնհայտ ճիշտը սխալից…

Կարելի է միայն զարմանալ, թե ինչպես կարողացավ մի սովորական աղջիկ տեղ գտնել այս տղայի խառնիճաղանջ մտքերի բազմության մեջ: Նա երբեմն ցանկանում էր վերցնել աղջկան ու տանել հեռու` ինչ-որ լուսավոր տեղ` միասին երջանիկ լինելու համար, ուզում էր տաքուկ ու փոքրիկ մի անկյուն` մոռացված մի տեղ, որը հեռու լիներ աշխարհի բոլոր կետերից, ուզում էր հեռանալ, բայց ո’չ միայնակ, ինչպես այստեղ, ո’չ այսքան մութ, ո’չ այսքան անօգնական…

Տխուր մտքերը նորից պաշարեցին նրա՝ արդեն իսկ շփոթահար գլուխը:

* * *

Մտքեր, որոնց ծայրը չի երևում. կարծես տողեր լինեն թղթի վրա գրված, որ գնալով սևանում են…

* * *

Տղան, հասկանալով, որ երբեք չի կարող գուշակել, թե որտեղ է և ինչպես է այդտեղ ընկել, որոշում է «խավարից» դուրս պրծնելու ելքեր փնտրել:

Ձեռքը տանում է գրպանը, հանում ինչ ունի-չունի` «լուսավոր աշխարհից» մնացուկներ` մանր-մունր կոպեկներ, փոքրիկ դանակ, աղջկա նվիրած փոքրիկ հուշանվերը, որը միշտ իր մոտ էր պահում մի քանի երկտողերի հետ միասին, որոնք մի փոքր թրջվել էին… Տղան տխրեց. որքա~ն է ուզում, որ լույսի մի փոքր շող ճեղքի մութը, որ մի դեղնավուն նշույլ թափանցի այս «չար բանտը», ու նա կարողանա կարդալ աղջկա մասին պատմող ու նրան հիշեցնող հուշերը…

…Ախր նույնիսկ բանտում լույս է լինում…

…Միգուցե ինքն է տեսողությունը կորցրել…

Այս մտքից մարմնով մի սարսուռ անցավ…

Հանկարծ ձեռքը դիպավ դրամներին. ու՞մ են պետք դրանք, ինչքան անզոր է այստեղ փողը, որին տենչում է մոլորակի ողջ բնակչությունը: Մարդիկ ասում են՝ փողով ամեն ինչ հնարավոր է գնել, նույնիսկ ազատություն, փողը քար է ծակում և էլի շատ բաներ…

-Դե’, փո’ղ, հիմա էլ ի’նձ օգնի՜ր,- ուժասպառ գոռաց տղան ու դրամները նետեց դեպի մութ հեռուն… Զարմանալի բան. կոպեկները զնգոցով չընկան գետնին (դա նա հետո հիշեց):

…Վերցրեց դանակը, մոտեցրեց իրեն, բայց իրեն վնասելու մտադրություն չուներ. չէ՞ որ հիմա հետաքրքություն ու առեղծվածային ինչ-որ բան կա այս ամենի մեջ, իսկ դա նշանակում է, որ պետք է ապրել ու էլի շատ բաներ հասկանալ: Տղան հանձնվել չի սիրում: Նա գիտի, որ կամայական պարզ ու բոլորին հասանելի բաները թվում են հասարակ, ձանձրացնող ու անհետաքրքիր, իսկ այն, ինչ բարդ է ու մտածելու տեղիք է տալիս, ոչ բոլորին է հասու. դե հո բոլորն ընդունակ չե՞ն երևույթները վերլուծելու, ենթադրություններ անելու ու որոշելու ճիշտն ու սխալը…

Այսպիսով, առաջին բանը, որ մտքով անցավ, դանակով հարվածելն էր այն փափուկ մակերևույթին, ինչի վրա կիսափռված է: Դանակահարեց… Ու ի՞նչ… Ինչ-որ նյութ սկսեց հոսել. ջու՞ր է, ո~չ, արյուն է, որի հոտը սկսեց արագորեն տարածվել: Անդադար հոսում էր արյունը, թափվում ոտքերին, ձեռքերին…

Բայց որտե՞ղ է վերջապես…

* * *

«Բժիշկները, դեղագործները, գիտնականները ստեղծում են բազմաթիվ դեղեր տարբեր հիվանդություններ բուժելու համար: Այնպիսի հիվանդություններ, որոնց ծագումն անհայտ է: Դե իհարկե, պետք է բուժել արդեն իսկ այդ հիվանդությունն իրենց մեջ կրող մարդկանց, բայց միաժամանակ պետք է նաև իմանալ, թե որտեղից և ինչից է առաջանում այդ հիվանդությունն ու վերացնել դրա առաջացման պատճառները, որ այլևս նոր դեղերի ու քիմիայի կարիք չլինի…»,- մտածեց տղան ու հասկացավ, որ սխալվել է. քանի դեռ չգիտի` որտեղ է, քանի դեռ չգիտի` ինչպես է հայտնվել, քանի դեռ չի գտել մնացած առեղծվածային հարցերի պատասխանները, չի կարող դուրս գալ ու թոքերը մաքրել արյամբ ներծծված այս օդից:

Բայց նախ պետք է փակել այն անցքը, որտեղից արյուն է գալիս: Հանեց շապիկն ու փորձեց փակել, ահա, կարծես հաջողվում է, միայն թե որքա~ն արյուն կա, որ ցավ է հիշեցնում, ցավ ու տառապանք:

Իրեն վատ զգաց. գլխացավ առաջացրեց հոտը: Մի նոր միտք անցավ նրա գլխով. կարո՞ղ է սա դժոխքն է, որի մասին ոչ ոք գաղափար չունի, դժոխքն ամեն մարդու համար առանձի՞ն է: Իսկ եթե հենց իր մե՞ջ է… Հա՜, հենց իր մեջ… Մի քիչ առաջ իր արյու՞նն էր հոսում: Սա՞ է դժոխքը: Բայց մի վայրկյան. չէ՞ որ ինքը շնչում է, զգում է, որ շնչում է: Իսկ մեռածները չեն շնչում, դա նույնիսկ փոքրիկ երեխան գիտի…

* * *

Արյու~ն… Այո’, դեռ հոտը մնացել է. ինչո՞ւ չի տարրալուծվել: Այստեղից հետևություն` այս վայրն ունի տարածություն, ընդ որում այն այնքան էլ ընդարձակ չէ, քանի որ արյան հոտը մնացել է: Ինչպիսի~ հայտնագործություն, կարծես տղան հենց նոր Ամերիկա հայտնաբերեց:

* * *

Տղան ձանձրանում էր անընդհատ կրկնվող գործողություններից, որոնք կատարվում էին աշխարհում, իսկ ավելի շուտ խելագարվում էր այն մտքից, որ իր արարքների մեծ մասն էլ են կրկնվող ու չտարբերվող: Իհարկե, մարդը մեղավոր չէ, որ հարկավոր է շնչել, ուտել, քայլել, որ ամեն օր առավոտյան պետք է արթնանալ, հետո հագնվել ու լվացվել: Բայց փոքրիկ փոփոխությունները երբեք էլ վնաս չեն. օրինակ, տղան ձանձրանում էր ամեն օր նույն կանգառում իջնելուց ու նույն ճանապարհով դեպի տուն քայլելուց: Նույն մարդկային հոգնած դեմքերը, նույն ծառերը, նույն տերևները… Իսկ նա չէր ծուլանում, իջնում էր հաջորդ կամ նախորդ կանգառում ու ուրիշ ճանապարհով քայլում։ Ու թեև ավելի երկար էր քայլում, բայց դրա փոխարեն անպայման մի նոր բան տեսնելու և դրանով հիանալու հնարավորություն էր ստեղծվում… Միգուցե այդ կողմից վերջալույսն ավելի գեղեցիկ էր, տերևներն ավելի դեղին էին… Բայց զարտուղի ճանապարհներն անվերջ թվով չեն` երեք, չորս, միգուցե նաև հինգ, ու տղան էլի հոգնում էր միօրինակությունից, բայց հասկանում էր, որ կյանքը չի կարող միշտ լինել հետաքրքրություններով լեցուն, այն երբեմն ցույց է տալիս իր դատարկ կողմը, սակայն լինում են պահեր, որ էլ չես դիմանում, որ կյանքը հետաքրքիր դարձնելու համար պահանջվում են գոնե այդ փոքրիկ փոփոխությունները:

Հիմա տղան ափսոսում է, որ այդքան շատ ձանձրացել է, քանզի էլ կյանքից դուրս է, բայց, միևնույնն է, այստեղ հոգնեցուցիչ է: Տղան նույնիսկ մտածելուց է հոգնել, բայց մի բանում նա լիովին համոզված է. սա դժոխքն է, որն իր կարծիքով մի վայր է, որը կառավարում են միայն ու միայն մտքերը, որտեղ մարդը պետք է անվերջ տանջվի` մտածելով, ափսոսալով շատ բաների համար` արած կամ չարած, պետք է տանջվի հավերժ, որովհետև այստեղ ժամանակը չկա, որովհետև այստեղ ոչ ոք չի կարող ժամանակի ընթացքը նկատել: Թերևս միայն…

* * *

Պատանին շատ անգամ էր մտածել, թե ինչպես կարելի է կանգնեցնել մի բան, որը սկիզբ ու վերջ չունի` Ժամանակը: Եթե կարողանա իր շարժման արագությունը մոտեցնել լույսի արագությանը, ապա իր համար ժամանակ էլ գոյություն չի ունենա: Բայց, ցավոք, դա երբեք չի կարող իրականանալ… Իսկ այ երազներում, այնպիսի վայրերում, որոնք հեռու են իրականությունից, որոնք չեն ստեղծվել ոչ ոքի կողմից, գուցե հնարավոր է:

Չէ’, պետք չէ մտածել. այս վայրը, որտեղ տղան է, չի պատկանում երազային վայրերի շարքին։ Նա դա հենց նոր հասկացավ, երբ մոտեցրեց ձեռքը զարկերակին. որոշել է րոպեները սրտի զարկերով չափել: Խենթությո՞ւն է: Միգուցե, բայց հո այդպես կարելի է իմանալ՝ ժամանակը կա՞, թե՞ ոչ, և թե քանի րոպե է անցել… Տղան, ինչպես յուրաքանչյուր մարդ, գիտի, որ մեկ րոպեի ընթացքում սրտի նորմալ զարկերի քանակը վաթսունից ութսուն է, և նա սկսեց չափել` տը՛կ, տը՛կ…

Լռության մեջ լավ զգացվում է. տասը, տասնմեկ, տասներկու…

Իրոք, ժամանակն առաջ է ընթանում:

Նա կարծես երկրորդ անգամ հայտնաբերեց Ամերիկան…

«Բացի դրանից` եթե սիրում ես, սիրտդ երբեք չի կարող կանգնել»:

Հիմա մեկ ուրիշ հարց. հասկացավ` տարածությունն ընդարձակ  չէ, իսկ թթվածինը կբավականացնի՞ մի փոքր էլ այստեղ գոյատևելու և ուրիշ ենթադրություններ անելու համար: Արյան հոտով պղտորված օդ…

Հե~յ, իսկ ու՞ր կորավ արյունը, ներծծվե՞ց մակերևույթի մեջ, ախր ոտքերի տակ էր, ջրափոսի նման…

Նա շատ ջրափոսեր է տեսել: Հիշեց, թե դրանց մեջ ինչպես էին երկինքն ու երկիրը միաձուլվում լուսնի ու բազմաթիվ աստղերի լույսի ներքո…

Իսկ հիմա աստղերը փայլում են տղայի մտքում, դառնում փողոցը լուսավորող կանթեղներ, որոնք իրենց գործը սկսում են այն պահին, երբ իրենց երկվորյակները նուրբ ու թափանցիկ լույսով շոյում են երկինքը: Այդպես գոնե գիշեր-ցերեկը լինում է տարբերել …

Հիմա տղան նույնիսկ չգիտի, թե երբ քնի, բայց… Հանկարծ ամեն ինչ սկսում է լողալ աչքերի առաջ. հայտնվում է մի այլ իրականություն կամ էլ գուցե անիրականություն. մարդիկ, դեմքեր, աչքեր, լո~ւյս…

Տղան քնեց այնպես անվրդով, որ եթե նրան ինչ-որ մեկը տեսներ, կմտածեր՝ մահացած է: Դեմքին ժպիտի նման բան էր գծագրվել. հայտնի չէ` ժպտում էր, որովհետև երա՞զն էր ուրախ, թե՞ իր մտքերը, թե՞ այն, որ պարզապես մոռացել է ամեն ինչ…

* * *

Տղան ամեն անգամ քնելուց առաջ նայում էր երկնքին` համոզվելու համար, թե արդյոք իր պահապան աստղը դեռ իրեն հսկում է: Նա գիտեր, որ ցանկացած երազանք` թեկուզ իր մեջ թաքուն մտապահված, պահվում է մի փոքրիկ աստղիկի մեջ ու իր տեղը գտնում տանիքի վերևում: Հենց այդ կերպ էր նա գիշերները «հսկում» այն աղջկան, որը նույնպես ամեն գիշեր նայում էր իր աստղիկին, իր սիրելիին…

* * *

Այսպես անշարժ մնաց անքան ժամանակ, մինչև հանկարծ արթնացավ ու ժպիտն անհետացավ. ձայն էր լսել. «Գալիս եմ , սպասի~ր»:

Սիրելիի ձայնն էր: Արդյոք նա այստե՞ղ է: Գոռաց… Համոզված էր, որ երազ չէ, ձայնն իրական էր: Ականջ դրեց… Ձայն չկար… Բայց նա գիտի, որ աղջիկը լուռ չէր մնա, եթե այստեղ լիներ, այլ կգար ու կշշնջար, որ սիրում է, հետո կգրկեր, ու էլ ոչ մի մթություն, ոչ մի առեղծված չէր մնա: Բայց… Ուրեմն ի՞նչ էր։ Կգժվի… Մեղմ ժպտաց, երբ հասկացավ, որ աղջիկն իր սրտում է, իսկ սրտերն այստեղ խոսել գիտե՞ն…

* * *

Ինչ-որ բան կաթեց քթին, հետո ձեռքին… Այստեղ անձրև է՞լ է գալիս: Անձրևները գեղեցիկ են, մանավանդ, երբ այդ պահին քաղաքի ամենաբարձր վայրում գրկում ես սիրելիիդ ու համբուրում…

Մեկ անգամ էլ կաթեց ձեռքին` կարծես հալեցնելով հիշողությունները: Տղան ձեռքը մոտեցրեց բերանին ու փորձեց համտեսել ջուրը… Հիանալի է, արյուն չէ, նույնիսկ թթվաշության համ է գալիս: Մի քանի անգամ էլ կաթի, տղայի ծարավը կհագենա: Ինչ լավ է, որ աղի չէ, թե չէ տղան կմտածեր, ինչ-որ մեկն է լալիս: Մարմնով սարսուռ անցավ։ Հիշեց, թե ինչպես էին աղջկա արցունքները թափվում իր այտին, հետո ձեռքին։ Այդ ժամանակ աղջիկը կարծես փշրվում էր իր ձեռքերում. երկուսն էլ դողում էին…

Իսկ այստեղ նա միայնակ է դողում: Հիմա լուռ հեծկլտում է մտքում, լուռ զսպում է արցունքները… Չէ՛, բայց ինչո՞ւ զսպել. թողնում է, որ հանգիստ թափվեն։ Մեկ թե երկու կաթիլ տղային տեղափոխեցին աղջկա գիրկը, հիշեց` երբ միասին ժպտում էին, նույնիսկ փողոցներում լուռ քայլելը նրանց չէր ձանձրացնում, երբ նրանցից որևէ մեկի տրտմությունն անհետանում էր մյուսի աչքերին նայելիս: Տղան այդ կատարյալ աչքերով հիանում էր, երբ գլուխը դնում էր աղջկա ծնկներին, աչքեր, որոնք նման էին խոր օվկիանոսի` կապտականաչ ու ինչքան մոտ կենտրոնին, այնքան մուգ էին, այնքան՝ խորը, որ այնտեղ սուզված բազում գաղտնիքները ոչ ոքի չէին կարող հասանելի լինել, իսկ այդ ոչ ոքի մեջ չէր մտնում ինքը… Էլի ուզում է հենվել ծնկներին…

* * *

Շատ հաճախ հարկավոր է ընդունել ամեն ինչ այնպես, ինչպես կա: Իհարկե, երևակայության հետ խաղալը չափազանց հետաքրքիր է, բայց երբ դա դառնում է սովորություն, ու մարդիկ դառնում են «խաղամոլ», իրականությունը տեսնելը դժվարանում է:

«Ես էլ չեմ ուզում օրինակներ բերել, մարդիկ դա ինքնուրույն պետք է հասկանան,- երբեմն մտածում էր տղան,- մեկ-մեկ երևակայության արդյունքում ստեղծվում են թյուր ենթադրություններ ու կազմվում են սխալ կարծիքներ, իսկ հետո կարող են տուժել նաև սիրելի մարդիկ»:

Տղան հոգոց հանեց. «Մեկ-մեկ էլ պարզապես չես կարող անել այն, ինչ ուզում ես, իսկ ազատությո՞ւնը…»:

* * *

Եթե կարողանար ժամանակը կանգնեցնել, տարածություն էլ գոյություն չէր ունենա: Հնարավոր կլիներ լույսի պես շարժվել, հայտնվել երբ ու որտեղ ուզում ես…

Ժամանակը կանգնեցնել ցանկանում էր նաև այն ժամանակ, երբ դանդաղ սկսվում էր տերևաթափը…

Հիմա տղան կարոտում է աշնան դեղին տերներին, որոնք խորհրդանշում էին երկու իրար սիրող արարածների հանդիպման վայրը…

* * *

Տղան նորից տխրում է: Նա արդեն սկսում է մտածել, որ ամեն ինչ կարգին է. պարզապես իր սենյակում պառկած է, միայն թե ոչինչ չի տեսնում:

Գոռում է…

Նա առաջ մտածում էր ի ծնե չտեսնողների, չխոսողների ու չլսողների մասին. արդյոք նրանք մտածո՞ւմ են, իսկ եթե այո, ապա ինչպե՞ս. չէ՞ որ ոչ մի լեզու չգիտեն, ոչ մի պատկեր չկա:

Եթե քեզ ասեն «փիղ», ապա դու կպատկերացնես մոխրագույն, մեծ ականջներով ու քո սենյակի կեսի չափն ունեցող մի կենդանու, օրինակ, ինչպես տեսել ես հեռուստացույցով կամ էլ կրկեսում: Իսկ նրա՞նք… Ուրեմն նրանք հզոր երևակայություն ունեն: Ու հենց նրանց կյանքն է, որ կարելի է հեքիաթ անվանել։ Ինչո՞ւ ոչ… Նրանք չեն տեսնում իրականը, իսկ դա արդեն իսկ հետաքրքիր է, միայն թե նրանց բոլորին «թերի» են անվանում: Միանգամից վատն են նկատում, այո’, բոլորն են այս աշխարհում սկզբից վատը մտածում… Դե, բայց այդ «թերի» մարդիկ էլ ինչ-որ բան կորցնում են… Կյանքի հրաշալի բաներից որոշ մասը նրանց հասու չէ: Օրինակ, չլսողները չգիտեն, թե ինչ է հնչյունը, նոտաներից կազմված հրաշալի երաժշտությունը, չտեսնողները չեն տարբերում գույները, իսկ դա արդեն շատ  վատ է…

Տղան հիմա իրեն հանկարծ զգաց գույն չճանաչող էակ, ու մի պահ սիրտը կանգ առավ։ Վախեցավ…

…Լույսն ասես ձուլվել է խավարին, այլևս չկա: Բայց չէ՞ որ ֆիզիկայում ասվում է, որ արևի լույսը դեռ մի քանի միլիարդ տարի կարելի է անսպառ աղբյուր համարել: Ուրեմն ի՞նչ, անցա՞ն այդքան տարիները: Նրա մտքով մի նոր բան անցավ, էլի մի նոր վարկած իր գտնվելու վայրի վերաբերյալ. շուրջը մութ չէ, այն պարզապես դատարկ է, փուչ: Ոչինչ չկա, վերջացել է…

Իսկ վերջ լինու՞մ է: Հետաքրքիր կլիներ տեսնել վերջը. ոչ թե ինչ-որ մեկի կյանքի վերջը` մահը, ոչ թե գիշերվա վերջը` առավոտը, այլ որ ոչինչ չշարունակվի, որ րոպեները չհերիքեն ժամանակը շարունակելու համար, բայց ո~չ, տղան հիշեց սրտի զարկերը. սա վերջը չէ…(իսկ եթե հարց առաջանա, թե ինչու էր ուզում տեսնել վերջը, ապա կպարզաբանի, որ դա ուղղակի անհնար է):

* * *

Դատարկություն… Տղան խելագարվում է այն մտքից, որ դատարկությանն է պատկանում, որ հիմա ամեն ինչ վատ է, որ այդ նույն դատարկությունը ստիպում է մոռանալ ամեն ինչ…

Բայց չէ՞որ տղան ուժեղ է. ինչպե՞ս կարելի է մոռանալ սիրելիին, մոռանալ երջանկությունը, ու, բացի դրանից, աշխարհը իրեն է սպասում` իր մտքերով ու մտահղացումներով: Իսկ ինչպե՞ս վերադառնալ մեծ ու լուսավոր աշխարհ, ախր հենց իր ուղիներն են բերել այստեղ, որոնք պետք է տանեին այնքա~ն լուսավոր, այնքա~ն վերև… Պետք է տանեին իրեն դեպի իր երազանքները:

Տղան հանկարծ ծիծաղեց. վայրի, անարձագանք քրքիջն ասես հետ դարձավ: Ծիծաղն ավարտվեց հեկեկոցով…

Բոլոր գույները դարձել են սև…

Հիմա մնում է ապրել միայն հուշերով…

Ապագա տանող կամ թեկուզ հետ տանող ոչ մի դուռ  չկա…

* * *

«Ախր էլ էսպես չի կարելի»,- բարձրաձայն մտածեց տղան:

Նա սկեսեց ձանձրանալ այս միօրինակ միջավայրից (իր սովորության համաձայն)…

Էլ չի վախենում. արդեն հարմարվել է: Ու սկզբի համար որոշեց նստել, հետո ստուգեց` արդյոք ոտքերն աշխատո՞ւմ են: «Հիանալի է»,- մտածեց ու հանկարծ ոտքի կանգնեց. որոշել էր քայլել…

Էլի մարմնով մի փոքր սարսուռ անցավ վախից:

«Չէ’, հիմա հաստատ պետք է քայլեմ»,- ասաց ու մի ոտքն առաջ դրեց, հետո մյուսը. նման էր անկանոն պարի: Եթե այդքան տխուր չլիներ, գուցե ծիծաղեր:

Չնայած մի փոքր դժվար էր քայլելը (հատակը փափուկ էր ու խոնավ), բայց, այնուամենայնիվ, տղան քայլում էր առաջ:

«Վերջապես կգնամ այստեղից, կքայլեմ ինչքան հարկավոր է, միայն թե հեռանամ այստեղից»,- մտածում էր նա:

Մի քանի քայլ ևս, ու տղան հանդիպեց արգելքի, մե~ծ արգելքի. շոշափելով պարզեց, որ փափուկ պատ է դիմացը: Տղան նորից դառնորեն և անուրախ ծիծաղեց. չկա ճանապարհ դեպի առաջ:

Ձեռքերով շոշափեց այն ամբողջ միջավայրը, որտեղ ինքն անհայտ ժամանակով անօգնական ընկած էր: Մոտավորապես պատկերացրեց այդ վայրի չափը. նրա հիմքը օվալաձև է, բարձրությունը՝ իր երկու հասակից մի փոքր պակաս, իսկ ծավալն իր սենյակից էլ փոքր է:

Տղան դեռ ծիծաղում է ու արդեն սկսում է համակերպվել այն մտքին, որ շուտով կմահանա, եթե, իհարկե, հիմա մահացած չէ կամ մահանալու կարողությունը դեռ չի կորցրել: Բայց դեպի լույսն ունեցած մի փոքր հույս նրան չի թողնում ինքնուրույն վերջ տալ իր կյանքին (շոշափում է դանակն իր գրպանում): Ախր նա ամբողջ կյանքում համոզված ասում էր, որ բոլոր դռները փակ չեն լինում միաժամանակ, որ այսքան անհասկանալիի հետևում հաստատ մի պարզ բան  կա…

* * *

Փոշի ու ծուխ է բարձրանում: Քարեր, խոտեր, էլի քարեր, բայց ոչ մի արգելք քեզ չի կարող պահել, երբ վազում ես սիրելիիդ օգնելու, երբ նրա մոտ ես վազում, որ մի անգամ էլ տեսնես, գրկես…

Ախր միայն ինքը գիտի, թե որտեղ է տղան (տանիքի աստղիկը հուշել էր)… Բանալին իր գրպանում է…

Օրեր ու գիշերներ առանց հանգստի վազում է աղջիկը: Ոտքի հարվածից կայծակներ են փայլատակում, իսկ անզուսպ արցունքներից անձրև է հորդում…

Վազքն արագացնում է. կարծես ինքն էլ է ցանկանում լույսի պես արագ թռչել րոպեների վրայով:

«Ես կգամ ու կսպանեմ այն դինոզավրին, որի ստամոքսում դու հիմա տխրում ես…»,- մտածում է աղջիկն ու գրպանից հանում դանակները …

Լիլիթ Խալափյան, 17 տարեկան, ք. Երևան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: