Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Բերմուդներ

Բերմուդներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Մարդիկ ամեն տարիքում էլ իրենց կյանքում ինչ-որ բաներ են կորցնում. լինի կորածը իր, թե անձնավորություն, կարևոր, թե անտարբերության արժանի։ Կորածների ցուցակը անսահման է` սկսած տան բանալիից, մազակալից, գրքից, վերջացրած հիշողություններով, մոտ ու հեռու մարդկանցով։ Ամեն անգամ, երբ հայրիկիս ասում էի, որ տան բանալիս կրկին կորցրել եմ, հայրս զայրանում էր, հիմա էլ կզայրանա, թե նորից կորցնեմ։

Հաճախ մարդիկ մարդկանց էլ են կորցնում` հիմնականում իրար չհասկանալու կամ էլ մահվան պատճառով։ Ի՞նչ արած, կյանքին ու նրա քմահաճույքներին դեմ չես գնա, ինչքան էլ ուզես, ուղղակի չես կարողանա։ Ի՞նչ օգուտ դիմակայելուց։ Միևնույնն է, պարտված ես այս խաղում, ու բոլորը, ովքեր խաղադրույք էին կատարել քո օգտին, կորցրին իրենց փողը, ժամանակն ու հույսերը։ Միշտ խուսափում եմ մարդկանց հուսախաբ անելուց։ Հիշում եմ, որ, միևնույնն է, հաղթել չեմ կարող, դրա համար էլ ձգտում եմ գոնե «ոչ-ոքիի»։

Մյուս կողմից էլ ատում եմ այն փաստը, որ իրականում իմ որոշումները ես չեմ ընդունում։ Երևի թե մեկը կա, ով իմ կյանքի սցենարն է գրում։ Հետաքրքիր է` կհանդիպե՞մ մի օր նրան։ Ուզում եմ հանդիպել ու ասել. «Եղբա՜յր, գրածդ բանի պետք չէ։ Վառի՜ր, քանի դեռ շատ մարդ չի տեսել, քանի դեռ քո միակ ընթերցողը ես եմ»։

Գիրք ես կորցնում, ու միանգամից միտքդ է ընկնում հաճախ հնչած, այդքան ծանոթ ու հարազատ, բայց նաև ատելի մի արտահայտություն. «Գլուխդ կորցնեիր…»։ Ու չես կարողանում ոչինչ ասել, ու երևի պետք էլ չէ։ «Գլուխս կորցնեի, գլուխս մոռանայի»,- հնչում է իմ ու քո գլխում, ու ես հիշում եմ, որ մարդիկ իրենց էլ են կորցնում։ Քանի՛-քանի՛ անգամ եմ ինքս ինձ կորցրել ու վերագտել։ Մարդիկ կան, որ դեռ փնտրում են իրենց կորցրած ես-ը շատ երկար ժամանակ։ Փնտրում են այն ես-ը, որը կորցրել են պատահաբար։ Օրինակ, թողել են մետրոյի վագոններից մեկում կամ գրպանից են անզուշաբար բաց թողել, կամ էլ ընկերներից մեկը, մոռանալով, որ իր եսը իր մոտ է, նրանց եսն էլ է վերցրել ու ամեն անգամ մոռանում է վերադարձնել։ Իսկ «անեսը» չափազանց «անես» է իր ապրանքը ետ պահանջելու համար։ Մարդ էլ կա իր ես-ը վաճառում է կամ գրավ է դնում` չհասկանալով, թե ինչից է զրկվում ու ինչքան է տանջվելու թանկագինը հետ բերելու համար։

Լրիվ ուրիշ պատմություն է, երբ ձգտում ես ինչ-որ բան կորցնել։ Կորցնես, որ մոռանաս։ Մոռանաս, որ չհիշես։ Չհիշես, որ կարծես, թե քո կյանքի սցենարից դուրս էր։ Ես ել եմ ուզում կորցնել որոշ բաներ, ոմանց։ Ուզում եմ կորցնել, որ չունենամ, որ «անպետքը» ժամանակս ու մտքերս չխլի։ Ագահ եմ, չեմ ուզում կիսել։

Մի սեփական Բերմուդյան եռանկյունի եմ ուզում։ Իմ Բերմուդյան եռանկյունին հաստատ չէր տխրի` հարուստ նավերի սպասելով։ Ես հաճույքով նրան կտայի իմ բոլոր անպետք նավերը։ Իսկ Եռանկյունիս կվերցներ բոլորն ու կմաքրեր հիշողությունս ավելորդ հուզումներից ու ալեկոծություններից։ Ալիքներն էլ են, չէ՞, կորչում ու մեռնում Բերմուդներում։ Ուզում եմ ունենալ իմ Եռանկյունին ու դրա հատակը բացող բանալին։ Երբեմն ուզում եմ կորցրածս հետ բերել, ջարդածս նորոգել ու նորից գործի դնել։ Առանց իմ Բերմուդների կորցնում եմ միակողմանի։ Լավ չէ, ինձ դուր չի գալիս։

Երևի կուզեմ` մի օր էլ ես կորչեմ իմ Եռանկյունում։ Ոչ թե ես եսս կորցնեմ, այլ ինքս կորչեմ, կորչեմ, ու ոչ ոք ինձ չգտնի։ Երևի թե միայն այդ ժամանակ հաղթած դուրս կգամ Կյանքի հետ մենամարտից։ Ուզում եմ հաղթել։

Կնվիրե՞ք ինձ Բերմուդներ…

Գոհար Ալեքսանյան, 17 տարեկան, ք. Երևան, Շիրակացու անվան ճեմարան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: