Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Երկու աշխարհների արանքում

Երկու աշխարհների արանքում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Ձմեռային մայրամուտը կախվել էր երկնքից: Կապույտի փոխարեն երկինքը մուգ դարչնագույն երանգ էր ստացել, աստղերն էլ ասես թխվածքաբլիթի փշրանքներ լինեին երկնքում ցվրված, որ բնությունը մոռացել էր հավաքել տիեզերքի անեզր սեղանից:

Սոլին պառկել էր պատուհանագոգին դրված ամպեղեն բարձերի վրա, աչքերը փակ էին, սակայն կոպերն ու թարթիչները մերթընդմերթ թրթռում էին, շրթունքները մեկ փակվում էին, մեկ մի փոքր բացվում՝ կարծես մի բուռ շունչ հավաքելու համար, մեկ էլ կծկվում, ինչպես արթուն ժամանակ, երբ մտքում ջղայնանում էր: Մարմինը այնպես էր կորացել ու ձուլվել բարձերին, կարծես մի բուռ դարձած լիներ՝ պատված դող ու սարսուռով, որ առաջանում էր խորը մրսածությունից. Սոլին քնած էր:

Պատուհանագոգի ծայրում մոռացության էր մատնվել կիտրոնե դեղին թեյը, որ վաղուց սառել էր ու կորցրել իր թմրեցնող բույրը: Թեյի բաժակի վրա դրված էր թղթե մի արև, որ ոչ սպիտակ էր, ոչ էլ դեղին, կարծես լրագրատներում վաճառվող հնամաշ հոտով թերթերից լիներ, որոնք իրենց գույնն ու հոտը ստանում են կամ հորդառատ անձրևից թրջվելուց, կամ խարույկի տաքությունից: Այս թղթե արևը այնքան էր մնացել թեյի բաժակի վրա, որ նախ իր մեջ էր ներծծել կիտրոնե թեյի բույրն ու գոլորշին, ապա չորացրել էր այդ ամբողջ ջրային զանգվածը իր մանր հյուսվածքների արանքում: Թղթե արևն արդեն վաղուց կորցրել էր իր արևությունը, իսկ Սոլին այդ ընթացքում մուշ-մուշ քնած էր, բայց քնի մեջ թեթևակի դողում էր ձմեռային ծակծկող ցրտից:

***

Աշնանային քամին մեղմորեն շոյում էր Սոլիի վարսերը, որ թևածում էին օդի մեջ՝ չենթարկվելով աղջկա մատներին: Սոլին նստել էր կարուսելի վրա, որ մերթընդմերթ աջ ու ձախ էր պտտվում, ու ձեռքերում սեղմել էր կիտրոնե տաք թեյի բաժակը: Աշնանային դեղնագույն արևը ջերմորեն հպվել էր Սոլիի մարմնին ու նրա հետ համընթաց օրորվում էր ասես կարուսելի մեջ:

Սոլին երջանիկ ժպտում էր ու վայելում իր իրականության «իրականությունը», սակայն ժամանակ առ ժամանակմի ցրտաշունչ ձմեռային քամի հանկարծ սողոսկում էր նրա ոսկորների մեջ, ու աղջիկը սկսում էր սարսափած ու ցրտահարված դողալ: Արևը դադարում էր իր ողջ եռանդով ջերմացնել, ու ամեն ինչ չափից ավելի մոխրագույն էր թվում:

Սոլին վախենում էր կորցնել իր արևը. աչքերը ցավեցնելու չափ փակում էր, ձեռքերով ճզմում ու իրենից որքան հնարավոր է հեռու էր վանում մոտակա իրականության սպառնալիքները:

Ամեն ինչ նորից իր տեղում է, աչքերը կրկին լայն բացված են, արևն էլ նույն ջերմությամբ գրկել է Սոլիին ու համբուրում է նրա՝ խանդավառությունից շիկացած այտերը:

Ու կրկին փոթորիկ, որ բախում է դռները, փորձում կոտրել դրանք, իսկ Սոլին խորացել է իր տաք թեյի հատակը, խցել ականջները, խլացրել մտքերն ու երազում է իր արևի, իր աշնանային լուսե շրջանակի մասին, որ միայն իր հոգունն է:

***

Դարչնագույն երկինքը վաղուց վերափոխվել էր մութ կապույտի, սակայն երկնքի անվերջության մեջ դեռ նկատվում էին թխվածքաբլիթից մնացած մանր փշրանքները: Լուսնի կտրած բլիթը դեռ հանդարտ քնած էր աստղաշող երկնքում: Սոլիի սենյակում խառնաշփոթ էր: Կիսաբաց պատուհանից աղջկա իրականություն էր թափանցում ձմեռային ցուրտ օդը: Բաժակի կիտրոնե թեյը ամբողջությամբ թափվել էր հատակին, բաժակը մանր կտորների էր վերածվել, իսկ թղթե արևը քամուց շպրտվել էր սենյակի անկյունը, ուր Սոլիի օրագիրը, հատակին ընկած, վեր ու վար էր անում իր հնամաշ թղթերը:

Օրագրի թերթերը խշխշալով մեկ աջ էին գնում, մեկ ձախ: Թղթերի արանքում նկատվում էին տասնյակ վառ դեղին ու նարնջագույն արևներ, ու դրանց մեջ՝ Սոլիի վերջին նոթերն ու գրառումները: Նրանք պատմում էին չհասկացված հույզերի, խաղը հորինողի ու խաղում պարտվածների, իրականության ու զուգահեռ իրականությունների մասին: Օրագրում Սոլիի ջերմ արևն էր, որ հետզհետե թուղթ էր դառնում ու իրականությունից սահում էր դեպի թվացյալ աշխարհ:

***

Քամին սուլելով բախում է հազարավոր դռներ,որոնք, թվում է, շուտով կջարդվեն: Սոլին պինդ փակել է ականջներն ու կողպել մտքերը, փորձում է խլացնել բախոցների ձայնը բարձրաձայն քրքիջով: Դեղին արևը կլոր գծված նկարի պես կանգնել է կապտագույն աշնանային երկնքում, սակայն նրա ներկայությունը Սոլին զգում է միայն երկնքին նայելիս, իսկ արևի ջերմությունը մարել է քամու սուլոցների մեջ:

Քրքիջը վերափոխվում է հեկեկոցի, ու Սոլին բաց է անում իր ականջները, միտքն ու սիրտը, ազատություն տալիս զսպված արցունքներին: Նա թողնում է, որ ձմեռային փոթորիկը ներխուժի ու սառցե էությամբ պատի իրեն: Սոլին լաց է լինում, արցունքները գլորվելով հոսում են նրա աչքերից, ու նա հասկանում է, որ կյանքը չի կարող միայն «աշուն» լինել, որ հնարավոր չէ միայն թեյով ջերմանալ, փարվել ոսկեշող արևին ու անէանալ երկնքի կապույտում: Սոլին հասկանում է, որ աշնանը փոխարինում է ձմեռը, իսկ իր մոլորակը մեկն է այն անիրական «իրականություններից», որ ինչքան էլ փորձեն, երբեք չեն կարող ապրել կողպված դռների ներսում:

Արևը դեղին թուղթ էր դարձել ու պար բռնելով օրորվում էր երկնքում: Այն ընկել էր Սոլիի դեմքին ու իր շողերի մեջ առել աղջկա թաց արցունքները: Արևն այլևս չէր ջերմացնում, աշունն էլ կորցրել էր իր գույներն ու սպիտակով էր պատվել: Սոլիի իրականության մեջ ձմեռ էր, խորը ձմեռ: Թեյը այլևս չէր տաքացնում Սոլիի ձեռքերը, ու աղջկա կծկված մարմինը լուռ դողում էր՝ տրվելով սոսափող քամուն:

***

Կապույտ գիշերը փոխել էր իր գույները ու հետզհետե լուսաբաց էր դառնում: Քամին հանդարտվել էր, բայց ցուրտը չէր դադարում իր օրենքները թելադրել: Կիսալուսնաձև թխվածքաբլիթը քիչ-քիչ անհետանում էր երկնքից՝ իր տեղը զիջելով անգույն ու սառը արևին:Բաց պատուհանից լսվում էր քամու մեղմ ձայնը, որը, սակայն չէր խաթարում Սոլիի քունը: Սենյակի անկյունում դեռ ընկած էին փշրված բաժակի կտորները, գրքերի թերթերի արանքում պահված չոր տերևները ցրված էին հատակին, իսկ օրագրի թերթերը վաղուց արդեն չէին թրթռում՝ իրենց.խորքում պահելով Սոլիի՝ սևով գրված ձեռագրերը: «Աշնանային արևը երբեմն խաբուսիկ է լինում: Երբ այն շողում է, բայց չի ջերմացնում, դու վախենում ես, սարսափում նրան կորցնելու մտքից ու քեզ համար թղթե արևներ ես պատրաստում: Դրանք չեն լքում քեզ ու ստեղծում են ջերմության պատրանք… Դու երջանիկ ես: Բայց քո մոլորակը, ինչքան էլ ուրիշ է ու միայն քոնը, չի կարող զերծ մնալ իրականությունից: Արևները մարում են, թղթերը սևանում կամ պատռվում, իսկ դու մնում ես մենակ անիրական ու իրական աշխարհների սարդոստայնում…»:

Աղջիկը մտքում կրկնում էր իր օրագրի վերջին տողերը…

Արևածագի վարդագույն շողերն արդեն թրթռում էին Սոլիի թարթիչների վրա, ու նա բացեց աչքերը:

 Լիա Շահնազարյան, 17 տարեկան, ք. Երևան, Անանիա Շիրակացու անվան ճեմարան

 

Advertisements

1 Comment

  1. Blog News says:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: