Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Չևիկներ

Չևիկներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,453 կտտոց

Մտածող Միլովիդան

Միլովիդան Չևաբայի թագուհին էր: Վառ գազարագույն աչքերով, սև ու լայն թևիկներով, նեղ կնճիթով մի արարած էր նա, որը ապրում և կառավարում էր իր մոլորակի չևիկներին: Չևիկները արարածներ էին, ովքեր հիմնականում ունեին մի ֆունկցիա` պտտվել իրենց մոլորակի շուրջ և այդ կերպ էներգիա ստանալ: Շատ քչերն էին, որոնք օժտված էին մտածելու կարողությամբ: Չևիկների և Չևաբայի միջև ձևավորված էր մի տարօրինակ դաշտ, որը սնում էր նրանց: Չևիկները անընդհատ թռչում էին, հանդիպում էին նշանին, պտտվում էին և շարունակում էին թռչել: Այդպես շարունակ: Հինգ պտույտից հետո նրանք մի փոքր էներգիա էին կուտակում իրենց պոչիկի մեջ: Այն չևիկը, ում պոչը ծանր էր ու հաստ, ծույլ էր: Նա շատ չէր շարժվում և հետևաբար կուտակած էներգիան ամբողջությամբ չէր սպառում: Եվ ամեն անգամ, երբ չևիկները հասնում էին նշանին (իսկ այդ կետում Չևաբան ամենաշատն էր ձգում նրանց), ում քաշը գերազանցում էր 6 բագոլը (չափման միավոր, որը հավասար է մոտավորապես 7,3 գրամ), գլորվում էին ձորը: Միլովիդայի պարտականությունը այդ ցիկլը հսկելն էր: Շատերը վախենում էին նրանից, քանի որ նրանց կարծիքով նա Վերին էակ էր, Վերին չևիկ, որովհետև կարողանում էր մտածել: Վախի պատճառով էր նաև, որ բոլորը նրա մասին շշուկով էին խոսում: Նրա մականունը «Միլովիդա Նեղակնճո» էր:

Միլովիդան ամեն օր ամենաշուտն էր արթնանում, ազդարարում օրվա սկիզբը և կանգնում -ի կողքը: Առաջինը ներկայացողի վրա նշան էր կպցնում և ստուգում, որ ամեն պտույտի բոլոր 5381 չևիկները ներկա լինեին և դուրս եկած չլինեին հատուկ դաշտից:

Մի օր Միլովիդայի մտքով անցավ, թե ինչու են չևիկները այդպես թռչում Չևաբայի շուրջը: Եվ արդյոք ինչն է ստիպում չևիկներին նշանը տեսնելիս պտտվել: Մի ամբողջ օր Միլովիդան մտածեց այդ հարցի շուրջ և որոշեց մի փորձ կատարել, որի շնորհիվ հույս ուներ ստանալ իր հարցի պատասխանը: Հաջորդ օրը արթնանալիս նա օրվա սկիզբը ազդարարելուց առաջ նշանի տակ կետիկ ավելացրեց և նոր միայն արթնացրեց բոլորին: Նա սնունդ ստանալու ժամանակ հասկացել էր, որ հիմա Չևաբայում կա 7 մտածող չևիկ: Մտածող չևինկերը ամեն հինգերորդ պտույտին ավելի արագ էին պտտվում, իսկ դրանից նրանց էներգիան ավելի հյութալի և համեղ էր դառնում: Առաջին մտածող չևիկը համար 27-րդն էր: Առաջին չևիկը, երբ տեսավ նշանը, հետ պտույտ կատարեց և նոր սկսեց շարժվել: Դրանից նա էներգիա կորցրեց, ինչը Միլովիդան միանգամից հասկացավ:

Հասկացավ նաև, որ եթե 3 շրջան չևիկները (չմտածող չևիկները) այդպես պտտվեն, ապա քաշը կկորցնեն և դուրս կմնան դաշտից: Դա կանխելու համար նա նշանի կողքին ավելացրեց , ինչը նշանակում էր «STOP»: Դա առաջինը հասկացավ 27-րդ չևիկը, և կանգնեց: Վերջապես Միլովիդան կարող էր ինչ-որ բան անել իր սխալը ուղղելու և աղետը կանխելու համար: Իր բարակ կնճիթով նա սոլյայի (հեղուկ, որը դեղին գույնի է և շատ նման է ջրի) օգնությամբ մաքրեց կետիկը և նշանը շրջեց: Քսանյոթերորդը խորհուրդ տվեց նաև նշանի սուր մասը փոփոխել և ավելի կլորացնել: Նա լավ էր հասկանում չմտածող չևիկներին, շփվում էր նրանց հետ, և մոտավորապես պատկերացնում էր, թե փոփոխությունը ինչ հետևանքների կբերի: Միլովիդան լսեց նրան, և վերջնական փոփոխությունից հետո նշանը դարձավ: Դրանից հետո բոլոր չևիկները սկսեցին ամեն հինգ շրջանը մեկ ավելի արագ պտտվել և կնճիթով սոլյա քաշել ձորից: Նրանք զգացին, որ էներգիան ավելի համեղ դարձավ, և վերացավ գիրանալու վտանգը: Մտածող չևիկները արդեն սկսեցին Միլովիդայի մասին բարձրաձայն խոսել: Մյուս չևիկներն էլ հասկացան, որ պետք չէ վախենալ Միլովիդայից: Հետևելով մտածողների օրինակին` նրանք ևս սկսեցին բարձրաձայն խոսել Միլովիդայի մասին. Չևիկները հասկացել էին, որ Վերինը մտածում է իրենց մասին:

Ամանորը Չևաբայում

Ինչպես ամբողջ տիեզերքում, Չևաբայում ևս տարին ավարտվելուց հետո սկսվում է հաջորդը: Սակայն այստեղ ոչ մեկը չի տոնում այն: Ոչ մեկը չի էլ գիտակցում, թե ինչ է Ամանորը: Չևիկները գիտեն միայն, որ երբ ինչ-ինչ պատճառներով սոլյան վերևից տարօրինակ ձևով է թափվում, դա նշան է ինչ-որ լավ բանի, ինչ-որ մի սկզբի: Մի քանի օր նրանք ուրախ տրամադրության մեջ են լինում, ավելի արագ են պտտվում Չևաբայի առանցքի շուրջ: Նրանց դեմքին կամա թե ակամա մեղմիկ ժպիտ է հայտվում: Ամանորին նաև փոխվում է օրվա ռեժիմը: Հանգստյան ժամը, որը տևում էր 57 կուսե (ժամանակի չափման միավոր Չևաբայում. մեկ կուսեն հավասար է կես րոպեի), դառնում է 71: Այդ երևույթը անվանում են Մեծ հանգիստ: Մի խոսքով, Ամանորին Չևաբայում հրաշքներն են սկսվում:

Մի ամանորյա օր՝ Մեծ հանգստի ժամանակ, շարքում կանգնած մի նրբիկ չևիկ փռշտաց: Նստած չևիկներից 26-րդը, տեսնելով այդ, չկարողացավ անտարբեր մնալ: Նա զգաց, որ 28-րդ չևիկին վտանգ է սպառնում: Եթե նա հիվանդանա, ապա կկորցնի իր քաշը, իսկ դրա հետևանքով էլ դուրս կգա սկզբից սնուցող դաշտից, ապա դուրս կմնա նաև Չևաբայի սահմաններից: Նա շրջվեց և իր կնճիթով փոխանցեց նրան 1 բագոլ էներգիա: 28-րդ չևիկը օրիորդավարի արհամարհեց նրան և մոտեցավ Միլովիդային, ում կողքին ցանկացած չևիկ իրեն ապահով է զգում: Այդ ամենին կողքից ուշիուշով հետևում էր 27-րդ չևիկը, որը, ինչպես հիշում եք, մտածող էր: Նա սկզբից էլ հասկացել էր՝ 26-ը ինչ-որ զգացմունքներ ունի 28-ի նկատմամբ: Նա առաջարկեց նեղացած 26-ին տեղերով փոխվել: 26-ը, վախենալով խախտել կանոնները, սկզբից տարօրինակ կերպով նայեց 27-ին, սակայն նրա սիրտը ստիպեց նրան տեղափոխվել:

Մեծ հանգիստը ավարտվեց: Միլովիդան ազդարարեց օրվա շարունակությունը: Չևիկները սկսեցին շարժվել: Մի շրջան հետո Միլովիդան նկատեց չևիկների դիրքի փոփոխությունը, սակայն նախապես տեղյակ լինելով այդ ամենին, փորձեց չնկատել դա: Նրան ամեն բան աչքով-ունքով հասկացրեց նաև 27-րդ չևիկը: Միլովիդան թեթև ժպտաց: Բոլոր մտածող չևիկները սկսեցին հետևել նրանց, սակայն այդ օրը իրադարձությունները նոր զարգացումներ չունեցան:

Հաջորդ օրը՝ առավոտյան վերկացի ժամանակ, երկու չևիկներ բացակայում էին: Միլովիդան շփոթվեց և խառնվեց իրար. իր հսկելու մեծ փորձի ընթացքում միայն մի դեպք էր պատահել, երբ առավոտյան հաշվարկը բացասական արդյունք էր տվել: Այդ ժամանակ Միլովիդան ուղղակի մոռացել էր, որ նախորդ օրը 57-րդ չևիկը չափից ծույլ և ծանր լինելու պատճառով գլորվել էր Չևաբայի անդունդը: Իսկ հիմա մի հոգի էլ չէ, միանգամից երկուսը: Լուրջ անհանգստանալու պատճառ էր: 27-րդ չևիկը նրան հասկացրեց, որ բացակայում են 26-ը և 28-ը: Միլովիդան բոլորին հսկող նշանակեց նրան և շտապեց փնտրելու կորածներին: 26-ի բույնը դատարկ էր: 28-ի բույն մտնելու պահին մի հուզիչ տեսարան բացվեց: Օրիորդ չևիկը հիվանդ և անշարժ պառկած էր, իսկ 26-ը նստած էր նրա կողքին` թարթիչներին մի քանի հուսահատ կաթիլ սոլյա: Երկուսն էլ հյուծված էին: Պարզվեց ամբողջ տեղի ունեցածը:

Գիշերը օրիորդը իրեն վատ էր զգացել և նրա մարմնի մաշկը սկսել էր սառել: 26-ը, զգալով դա, արթնացել էր: Զգայուն և սիրող սիրտը մղել էր նրան 28-ի մոտ: Տեսնելով սիրած էակին այդ վիճակում` նա հուզվել էր և իր կուտակած էներգիայի մեծ մասը փոխանցել էր 28-ին: Այդ էներգիայով օրիորդը մի փոքր տաքացել էլ: Իսկ հիմա 28-ը սառած և անգիտակից պառկած էր իր անկողնում, իսկ 26-ը հյուծված և հուսահատ նայում էր նրան և տառապում: Միլովիդան ևս հուզվեց, սակայն միանգամից հասկացավ իրավիճակի լրջությունը և հավաքվեց: Երկու չևիկի կորուստը նրան չէին ների: Իսկ եթե ներեին էլ, ինքն իրեն հաստատ չէր ների: Նա միանգամից դուրս եկավ և բոլորից հավաքեց 0.1 բագոլ էներգիա, և բերեց տվեց նրանց: Շատ դժվարությամբ փորձեց հասկացնել, այնուհետև նաև ստիպել 26-ին վերադառնալ իր բույնը: Սակայն սիրող սիրտը անկոտրում էր: Որոշվեց նրան պառկեցնել 28-ի կողքը:

Հանգստի ժամանակ Միլովիդան հայտարարեց մտածող չևիկներին լուրի մասին: Սակայն դրա կարիքը չկար էլ. բոլոր չևիկներն էլ, լինելով շատ զգայուն արարածներ, արդեն զգում էին, որ ինչ- որ բան այն չէ: Հանգստի կեսն էլ դեռ չանցած՝ նրանք միահամուռ սկսեցին նորից պտտվել Չևաբայի շուրջը: Միլովիդան փորձեց կանգնեցնել նրանց, բայց ապարդյուն: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Մի ներքին ուժ ստիպում էր նրանց անել դա, և նրանք, անտեսելով իրենց հոգնածությունը, առանց կաշկանդվելու անում էին դա: Ավելին, նրանց միացավ նաև Միլովիդան:Ամբողջ Չևաբան համախմբվել էր մի գործի շուրջ: Չորս պտույտ անելուց հետո չևիկները հերթով և շարքով սկսեցին մտնել 28-ի տուն և կուտակած էներգիայից մի փոքր մաս փոխանցել նախ օրիորդին, ապա նաև 26-ին:
Հաջորդ օրը բոլոր չևիկները շարքում էին: Ավելացել էր մի նրբիկ և փոքրիկ չևիկիկ …

Սպորտը Չևաբայում

Ինչպես ամենուրեք, այնպես էլ Չևաբայում կա սպորտ հասկացությունը: Ճիշտ է, այդ ամենը բխում է չևիկների հոգիներից և ստացվում է ակամա, սակայն հանգստի ժամանակ շարժելով իրենց մարմնի տարբեր մասեր, նրանք սկսում են խաղեր խաղալ: Անգամ այդ խաղերից մտածող չևիկները կազմակերպում են միջոցառումներ ու մրցույթներ:

Չևաբայում ամենատարածված և սիրված խաղը Կիսորտան է: Չևիկները շատ են սիրում այդ խաղը և համարյա ամեն մեծ ընդմիջման ժամանակ խաղում են: Իրականում այն այդքան էլ բարդ խաղ չէ և շատ բան չի պահանջվում չևիկներից: Նրանք իրենց պոզիկներից մեկով բռնվում են մեկմեկուց, իսկ մյուսով փորձում են խուտուտ տալ դիմացինին: Հաղթում է այն չևիկը, որը ավելի արագ է կարողանում խուտուտ տալ դիմացինին: Թվում է շատ պարզ, սակայն Չևաբայում շատ են հարգում և տեղ տալիս այս սպորտաձևին:

Կա նաև մեկ ուրիշ խաղ, որը կոչվում է Ապագենդի: Եթե համեմատենք այն Կիսորտայի հետ, ապա կհասկանանք, թե որքան բարդ է այս խաղը: Ամենաբարդ մասը այս խաղի ժամանակ երկու թիմի բաժանվելն է: Դեռևս հնում, երբ ստեղծվել է այս խաղը, թիմերի բաժանվել են ըստ գույների, ըստ չափսերի, ըստ քաշի … Սակայն ժամանակը ցույց է տվել ,որ ըստ այդ մեթոդների թիմերը այդքան էլ արդար չեն բաշխվում: Եվ հենց այդ պատճառով էլ խաղը գնալով մոռացվել է: Սակայն Միլովիդան, որը մանկուց շատ է սիրել այս խաղը, երբ դարձավ հսկող, նոր մեթոդ մտածեց խաղը վերակենդանացնելու և գտավ այն: Նա առաջարկեց, որպեսզի թիմերը կազմեն մտածող չևիկները, քանի որ նրանք կարող են կշռադատել և հասկանալ, թե ինչպես բաժանել թիմերը, որ խաղը հետաքրքրի և հավասար պայքարում անցնի: Եվ դրանից հետո խաղը վերակենդանացավ: Եվ քանի որ 5381 չևիկից միայն յոթն են մտածող, ապա պետք է սպասել, որ այդ յոթից մեկը ազատվի և թիմեր կազմի: Խաղի մնացած մասը համեմատաբար ավելի արագ և ավելի հետաքրքիր է ընթանում: Թիմերը փորձում են իրար հոտոտելով հասկանալ, թե ով է այդ օրը ավելի շատ աշխատել: Ամեն թիմ ունի հոտոտի մեկ հնարավորություն, որից հետո հերթը փոխանցվում է մյուս թիմին: Սակայն կարևորագույն պայմանը այն է, որ մեկմեկու նրանք իրենց կարծիքը չպիտի հայտնեն:

Վերջում թիմի ամեն մի խաղացող ցույց է տալիս հակառակորդ թիմից այն չևիկին, որն իր կարծիքով ավելի շատ է աշխատել: Եթե մեծամասնությունը ճիշտ է գուշակում, ապա այդ թիմը հաղթում է: Իսկ իրականում ամենաշատ աշխատողին որոշում է ….. մտածող չևիկներից մեկը: Թիմերի քվեարկությունից հետո նա հոտոտում է բոլորին և զգում. ով որ շատ է աշխատել, հետևաբար նա ավելի լավ է բուրում (այդպես է Չևաբայում: Անգամ մի ասացվածք կա` Ով շատ աշխատի, նա լավ կբուրի):

Մի անգամ Միլովիդան արթնացավ, և զգաց, որ վաղուց ապագենդի չի դատել: Առավոտը ազդարարելուց հետո նա բոլորին հավաքեց և հայտարարեց, որ այսօր խաղալու են ապագենտի և խաղը դատելու է ինքը: Բոլոր չևիկները ուրախացան: Միայն մտածող 541-րդ չևիկն էր մտախոհ կանգնած շարքում: Նրա մտքով մի բան անցավ, սակայն տեսնելով բոլոր չևիկների խանդավառությունը չուզեցավ բարձրաձայնել: Միլովիդան շարքից դուրս հրավիրեց ամենափորձառու ու ամենաուժեղ խաղացողներին և սկսեց թիմերի բաժանել: Որպեսզի խաղը էլ ավելի հետաքրքիր և երկար ստացվի, նա ամեն թիմում ընդգրկեց 12 խաղացողի: Ապա ազդարարեց խաղի սկիզբը: Չևիկները հերթով մոտենում էին և հոտոտում մեկմեկու:

Սակայն խաղը բնականոն ընթացքով չէր ընթանում. շատ անգամներ չևիկները իրար հոտոտելուց հետո “գգուվ” ձայն էին հանում, և վախեցած հետ-հետ գնալով` տմբտմբացնում գլուխները և թափ էին տալիս իրենց կնճիթները: Սկզբից Միլովիդան ուշադրություն չէր դարձնում այդ երևույթին և շարունակում էր վայելել խաղը: Սակայն ինչքան մեծ էր բոլորի զարմանքը այն ժամանակ, երբ խաղի վերջում ամեն մի խաղացող տարբեր չևիկների էին ցույց տալիս: 12 չևիկ – 12 տարբեր ձայն: Այսպիսի բան ամբողջ Չևաբայի պատմության մեջ առաջին անգամ էր պատահում: Ապշած կանգնած էր մնացել նաև Միլովիդան: Այդ պահին չդիմացավ և պոռթկաց 541-րդ չևիկը: Նա խախտելով բոլոր օրենքները, որոնք արգելում էին որևէ չևիկի ընդհատել ապագենդիի սուրբ միջոցառումը, մոտենում է Միլովիդային և շշնջում նրա ականջի մեջ ինչ-որ բան: Ապա իրենից գոհ հետ է քաշվում և կանգնում շարքում: Միլովիդան ճպճպացնում է աչուկները, նոր հասկանում է խաղի տապալման պատճառը, ընդունում իր սխալը, և բոլորին հայտարարում է, որ այս խաղը չեղյալ է հայտարարվում:

Խաղի ձախողման պատճառը չևիկների վիճակն էր: Նրանք առավոտյան միանգամից սկսել էին խաղալ և դեռ չէին աշխատել, դրա համար էլ բոլորից համարյա նույն հոտն էր գալիս:

Սակայն բոլորի համար առեղծված մնաց “գգուվը”: Օրվա ընթացքում ոչ մի չևիկ դեռևս այդ ձայնը չէր հանել …

ՆԶոր

Նորայր Զորյան, Երևան, Այբ ավագ դպրոց, 17 տարեկան


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: