Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Իմ փոքրիկ Հրաշք շնիկը

Իմ փոքրիկ Հրաշք շնիկը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Կիրակի էր:

Երևանյան մառախլապատ առավոտը ծանր նստեց սրտիս վրա:

Գոնե դպրոց գնայի. ընկերուհիներիս, ընկերներիս հետ ուրախ կանցներ:

-Աղջի՛կս,- լսվեց մորս ձայնը,- տաք շորերդ հագի՛ր, գյուղ ենք գնում:

Միանգամից օրը պայծառացավ: Չեք պատկերացնում, թե ինչ մեծ հաճույքով եմ տեղավորվում մեքենայում`գյուղ գնալուց առաջ:

Ինչ ասես վերցնում եմ հետս `տետրերս, օրագիրս, նկարներս, մայրիկիս և հայրիկիս գնած նոր շորերն ու նվերները…

Կհարցնեք` ինչո՞ւ…

Ասեմ: Շատ եմ սիրում տատիկիս ու պապիկիս, հարազատներիս: Նրանք էլ ինձ են սիրում: Ամեն ինչ ուզում եմ պատմել, ցույց տալ, վայելել նրանց հիացմունքը, գովեստները, քաջալերանքները և, վերջապես, անուշիկ պաչիկները`այտերիս վրա:

Անընդհատ պատուհանից դուրս եմ նայում: Սովոր տեսարանները հերթով սահում  են մեքենայի կողքով: Երևաց Արագածի ձյունածածկ քառագագաթը: Սարերում շատ արև կա:Ես ձեռքով արեցի արևին ու իմ հարազատ լեռանը:

Մի աշխույժ իրարանցում սկսվեց`գրկախառնություններ, ողջույններ: Մեզ միացել էին տատիկիս հարևանները, նաև իմ ընկերուհին`Սուսաննան: Ես նրան էլ էի շատ կարոտել:

Մինչ քեռիս թոնրատանը խորովածն էր շուռ ու մուռ տալիս, տատս մառանից քամած մածունն ու պանիրն էր հանում: Ես Սուսոյի հետ փսփսում էի նորությունների մասին:

Մեր հավաքույթը թեժացավ: Կերանք, խմեցինք տատիս փակած կոմպոտները, թան…

Մի լավ պարեցինք: Ես թույլտվություն խնդրեցի`երեխաների հետ խաղալու:

Սպիտակ, առատ, փափուկ ձյան սավանը շատ գրավիչ էր ու հարմար վազելու, սահելու, ընկնելու, թավալվելու համար: Ոչ կվնասվես, ոչ կկեղտոտվես: Իսկ ի՛նչ մեծ հաճույք է սպիտակ ձյան հետ շփվելը…

Զիլ հնչում էին մեր ուրախ կանչերն ու ծիծաղը:Որոշեցինք պահմտոցի խաղալ: Չզարմանաք.կարելի է թաքնվել ձյան բլրակների ետևում, անգամ մտնել ձյան մեջ:

Ինչ ասես ձնից պատրաստված կա`է՛լ ձնե մարդ, է՛լ ձնե տնակներ, է՛լ բլուրներ: Լսվեց հերթական հրահանգը: Որոշեցի այս անգամ թաքնվել տան ետևի ձնաբլրակների ետևում: Վազեցի.ձյունը սահում էր ոտքերիս տակից, քիչ էր մնում ընկնեի: Չորեքթաթ առաջ գնացի ու ինքս էլ չհասկացա`ինչպես ընկա մի փոսի մեջ, որի բերանը համարյա փակ էր:

Աստվա՛ծ իմ, ընկել եմ աղբափոսը:

Թվում էր`փոսը այնքան էլ խորը չէ, բայց արի ու տես, որ փափուկ ձյունը  ուղղակի քողարկել էր, ես մինչև թևատակերս մխրճվել էի ձյան մեջ:

Այս ու այն կողմ նայեցի, և հանկարծ աչքովս ընկավ մի կծկված շնիկ:

Շնիկը ետ-ետ գնաց ու սեղմվեց պատին: Աղերսագին,վախվորած նայեց աչքերիս մեջ և սկսեց դողալ:

Կոկորդս սեղմվեց, թուքս չորացավ:

-Ես քեզ չեմ վնասի,մի՛վախեցիր: Ես քեզ կազատեմ, միայն թե ձայն չհանես: Ձեռքերս երկարացրի, շնիկն ավելի փոքրացավ: Ձեռքս դիպավ շան դողդողացող գլխին: Ես կամաց շոյեցի շանը: Շունը հուսահատ, աղերսագին նվաց:

Ես նրան վերցրի գիրկս ու սեղմեցի կրծքիս: Շնիկը մի երկու րոպե համբերեց, հետո համարձակություն առավ ու լիզեց ձեռքերս: Նա վստահեց ինձ,նա ինձ հավատաց:

Ես փորձեցի փոսից դուրս գալ, բայց շուտով հասկացա,որ դա այնքան էլ հեշտ չէ:

Արդեն չարչարվելուց  քրտնել էի:

Խաղով տարված երեխաները իմ բացակայությունը չէին զգում: Շուտով պահմտածներին գտան մնացի ես: Փնտրում են, փնտրում,ու հանկարծ Վահեի կերպարանքը երևաց…

-Վահե՛,Վահե՛,-կանչեցի ես:

Վահեն շուտ լսեց ու մոտեցավ:

-Վա՛յ, բա չգիտեի՞ր,որ այստեղ մեծ աղբափոս կա:

-Չէ՛, չգիտեի…

-Այդ ի՞նչ է ձեռքիդ:

-Շնիկ է, ինձ նման ընկել է ու սառել,- կիսահումորով ասացի ես:

-Վա՛յ, գցի՛ր ձեռքիցդ,դրան գցել են,որ սատկի:

-Ինչո՞ւ:

-Էգ է, պահելու բան չէ:

Սիրտս ցավեց, կոկորդս սեղմվեց:

-Ո՞նց թե, թող սատկի:

-Հա՛, հա՛, դա արդեն չորրորդ օրն է, ինչ այդտեղ է: Երեք օր է`կաղկանձում էր, այսօր հազիվ ձենը կտրվեց: Մենք էլ մտածում էինք, թե արդեն սատկել է:

-Վահե՛, եթե դու այս շնիկին դուրս չհանես, ես այլևս քեզ հետ չեմ խոսի և միշտ կմտածեմ,որ դու աշխարհի ամենավատ տղան ես:

-Իմ սրտով էլ չէ, բայց մեծերը վրաս կխոսեն ու նորից ետ կգցեն փոսը: Միևնույնն է, օգուտ չկա:

-Ես խնդրում եմ, դու դու՛րս հանիր, ես մնացած հարցերը կլուծեմ:

Մի փոքր տանջվելուց հետո դեռ նոր էի դուրս եկել փոսից, երբ հարազատ, հարևան, ծանոթ ու անծանոթ շրջապատեցին ինձ:

-Վա՛յ,քոռանամ ես,- գոռաց տատս ու ինձ առավ գիրկը:

Չհասցրի տեսնել,թե ով շանը պոկեց գրկիցս, ու ինչ արեցին խեղճ, անօգնական ու փոքրիկ ձագուկին:

Ինձ տարան տուն: Ոտքերս էին տաք ջուր դնում, ձեռքերս ու երեսս էին լվանում:

Չգիտեմ` ինչեր էին անում:

Ակամայից արցունքներս գլորվում էին, ես այս ու այն կողմ էի նայում և տեսնում էի միայն իրար խառնված հարազատներիս:

Ինձ թեյ տվեցին: Ես արդեն տաքացել էի: Մայրս գրկել էր ուսերս ու հանգստացնում էր ինձ:

-Մայրի՛կ, ես շնիկ եմ գտել, ու՞ր է նա…

-Աղջի՛կս, դա անպետք, կեղտոտ շան ձագ էր: Դրանից հազար հիվանդություն կարող է տարածվել: Ո՞վ գիտի, թե որևէ ինֆեկցիա արդեն չես վերցրել:

-Մայրի՛կ, ու՞ր է իմ գտած շնիկը,- ինքնաբերաբար հարցրի ես:

-Չգիտեմ, գյուղի երեխաները տարան :Ինչ իմանամ, ի՞նչ արեցին:

Դու վե՛ր կաց, հագնվի՛ր, որ տուն ենք գնալու. ուշ է արդեն:

-Ձմեռվա ճամփա է,- վրա բերեցին մյուսները:

-Չէ՛, ես մինչև իմ շնիկին չտեսնեմ, ոչ մի տեղ էլ չեմ գա:

-Շնիկին գցեցինք պարկի մեջ, տվեցինք Սպիտակ գնացող մեր հարևանին, որ տանի, ճանապարհին բաց թողնի:

-Թող մի տեղ, գնա՛, բալի՛կ ջան,- ասաց հարևանը:

Հետո ես նկատեցի,որ նա թեթև աչքով արեց տատիկիս:

Ես հարցրի Սուսոյին: Նա ուսերը վեր քաշեց և ոչինչ չասաց: Բոլորը ցրվեցին: Ես ուզեցի դուրս գալ, մայրս չթողեց: Ձեռքը դրեց ճակատիս ու հայտարարեց, որ ես արդեն մի քիչ տաք եմ: Ես համառեցի: Խոսակցությանը խառնվեց հայրիկս ու…ու էլ ոչ ոք չհակաճառեց: Ինձ տաք-տաք հարգցրին, ոտքերս փաթաթեցին տաք ծածկոցով ու նստեցրին մեքենան:

-Որ օրը չփչացնեիր, չէր լինի, -փնթփնթաց եղբայրս:

Երբ դռներն էին փակում, ինձ թվաց,թե շնիկը աղեկտուր նվաց ու ինձ հրաժեշտ տվեց:

«Ների՛ր, ի՛մ շնիկ, ես չկարողացա քեզ փրկել,ե ս ինչ անզոր եմ ու խեղճ: Ես մարդ եմ կոչվում, բայց մի փոքրիկ շան մեծահոգությունը չունեմ: Դու զգացիր, որ քո պատճառով ինձ նախատում են, և քո այդ խղճուկ վիճակով ձայն չհանեցիր,որ ինձ խնայես»: Ես սկսեցի բարձրաձայն հեկեկալ:

-Ների՛ր ինձ, իմ սիրելի՛, իմ փոքրիկ, իմ շատ ուժեղ բարեկամ: Ես չկարողացա քեզ փրկել, ամբողջ հոգով հեկեկացի ես:

Հայրս արգելակեց մեքենան:

Մի քանի րոպե լռություն էր տիրում: Մայրս գրկեց ինձ:

Հայրս սկսեց համոզել ինձ, որ մենք շուն չենք կարող պահել, որ դա գյուղի շուն է, որ սարերի է սովոր, որ մենք ոչինչ անել չենք կարող:

-Հայրի՛կ,- խոսեց եղբայրս,- բայց ես տեսա`շանը նորից գցեցին աղբափոսը:

-Ես այդպես էլ գիտեի…

-Բայց մենք ի՞նչ կարող ենք անել, ճամփեքին էլ թողնենք, միևնույնն է,կսատկի, կամ վայրի կենդանիները կհոշոտեն:

-Ես գիտեմ`ինչ անենք,հայրիկ,- ոգևորված գոռաց եղբայրս: Եկեք շրջվենք, գնանք գյուղ, վերցնենք շնիկին և հանձնենք շների հավաքման տեղը: Ես կարդացել եմ.հարևան շենքի առաջին հարկի մուտքի մոտ գրված է` «Շների ընդունում»:

Ես ընկա հորս վզով…

-Ճիշտ է, հայրի՛կ,ճիշտ է ասում, շատ եմ խնդրում, արի շրջվենք…

Եվ շրջվեցինք…

Արևը արդեն թեքվում էր մայրամուտ:Արևն ինձ աչքով արեց ու ժպտաց:

Հասանք գյուղ:

Մեր տարօրինակ վերադարձը զարմացրեց բոլորին, եղան դժգոհություններ:

Մեքենան սլանում էր ճերմակ արևից փայլող ճանապարհով: Սիրտս ցնծում էր: Ես սավանի ծայրով ծածկել էի դողդողացող շնիկիս ու մոտիկից ուսումնասիրում էի նրան: Իմ փոքրիկ բարեկամի շագանակագույն աչքերը փայլում էին: Սպիտակ էր, տեղ-տեղ սև ու մոխրագույն պուտերով, փոքրիկ, փամփլիկ թաթիկներով: Շնչում էր շատ զգույշ,ո ր ոչ ոք իրեն չնկատի:

«Իմ թանկագի՛ն,փոքրի՛կ բարեկամ, ես քեզ շատ եմ սիրում, ես քո անունը Հրաշք կդնեմ և երբեք քեզ չեմ մոռանա»:

Մենք բարեկամացանք: Ես ու եղբայրս հերթով կերակրում էինք ու գուրգուրում շնիկին: Խաղում էինք հետը, ման էինք ածում բակում: Մի օր էլ, երբ մենք դպրոցում էինք, հայրս շանը հանձնել էր, ու որպեսզի ես  համոզվեմ, տեղեկանք էր բերել:

Ես հարցրի մոտակա գրասենյակում: Ինձ ասացին, որ ուրիշ տեղ են տարել իմ շնիկին:

Դու միշտ ինձ հետ կմնաս, իմ Հրա՛շք…

Ես սիրում եմ իմ ընտանիքը…Ինչ~ լավ է, որ դուք կաք: Դուք ինձ սիրում եք ու հասկանում:

Ոչինչ, ես կդիմանամ այդ բաժանմանը: Ես ունեմ իմ Հրաշքի նկարը և իմ հոգում դաջված նրա միամիտ, վախվորած,նվիրական հայացքը:

Երևանում արդեն արևը ժպտում է:

Արժե դուրս գալ, խաղալ բակում,և երբ ծնողներս տուն գան,ես կփաթաթվեմ ու կհամբուրեմ նրանց:

Իսկ ինչո՞ւ…Դա թող լինի իմ և Հրաշքիս գաղտնիքը…

Անահիտ Գաբրիելյան, 14տարեկան, Երևան, Վ. Թեքեյանի անվան համար 92 դպրոց

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: