Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-3 » Մայր հողի կանչով  

Մայր հողի կանչով  

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Մի հեռավոր, լքված, միայնակ ու անտառային տնակում ապրում էի պապիս հետ, ով մի քանի օր առաջ էր բոլորել 85-ամյակը: Նա ծառի բարակ շյուղի նման նիհար էր, դեմքի ոսկորները դուրս էին ցցվել, փոխարենը փոքրիկ ու սև աչքերը խորքում թողնելով: Ձեռքերի վրա էլ «հալ» չէր մնացել, ամբողջովին տանջվել ու մաշվել էին: Բայց հոգին՝ այ հոգին դեռ երիտասարդ էր, միշտ մաքուր, բարի, առանց ավելորդ ձևականությունների: Նա մի պարզ անգլիացի էր, ով ցավով էր հիշում, որ հայ է և նախկինում ապրել է Հայաստանում: Անունը Եփրեմ էր, իսկ անգլիացիները նրան՝ Էյփրի էին անվանում, իսկ ես՝ պապիկ, երբեմն Մեծն պապս (երբ մի հաճելի բան էր անում ինձ համար):

Իսկ իմ մասին էլ ասեմ, որ արդեն 12 տարի է, ինչ ծնողներս հեռացել են, ինձ թողնելով պապիս մոտ և հետո բախտի քմահաճույքին: 2 տարեկանից պապս ու տատս են ինձ մեծացրել, իսկ երբ 8 տարեկան էի, տատս մահացավ և ես մնացի պապիս խնամքին:

Պապս ու տատս երկար ժամանակ էր, ինչ ապրում էին այս «Մառախլապատ ամբիոնում», որտեղ էլ ես ծնվել եմ, մեծացել ու չորսամյա կրթություն ստացել:

Տատս էլ էր մի բարի կին, ում աշխարհում ամենաշատն էի սիրում, բայց նա հիվանդացավ անբուժելի ուռուցքով և մահացավ: Եվ նրա մահից հետո պապս ինձ սովորեցրել էր նապաստակներ բռնել , ծառ բարձրանալ և այլ նման բաներ, որոնք արդեն մեծ հմտությամբ էի անում:

Մեր նախաճաշը բաղկացած էր մի քանի լորի կամ ճնճղուկների եփված ձվից(որից երբեմն թունավորվում էի), նաև վիտամիններով հարուստ կանաչիներից, ճաշը բաղկացած էր տապակած նապաստակից կամ վայրի թռչուններից, իսկ երեկոյան միայն եփած ջուր էինք խմում մի քանի տուփ պաքսիմատի հետ:

Երևի դուք կխղճաք մեզ, բայց հավատացեք, որ դրանից լավ բան չկար աշխարհում, մանավանդ երբ պապս էր պատրաստում: Երբեմն գնում էինք ծով, այնտեղից տեսնում մայրամուտը, նաև ձուկ էինք որսում և ուրախ վերադառնում մեր անտառի ու ծովի միջև եղած ցամաքի՝ բարձր ծառերի ու վայրի կենդանիների հյուրընկալությամբ, անչափ երջանիկ տնակը: Հետո պապս գնումը էր իր սենյակ, ժամերով փակվում այնտեղ, իսկ ես շրջում էի մեր փոքրիկ հողամասով, որտեղ ամեն ինչ կար, բույսերից սկսած վերջացրած երկու աքլորով,երկու այծով ու մի քանի շնով:

Մենք էլ այդտեղ ապրում էինք ամեն ինչ խնայելով: Մեր փոքրիկ հողամասում կար մի թամբ, որի տակ մի մեծ նկուղ էր: Պապս էր շինել վայրի կենդանիներից պաշտպանվելու համար: Իսկ  դրա կողքին մի մեծ ծառ էր, որը երևի 1000 տարեկան կլիներ: Շատ մեծ բուն ուներ, իսկ արմատները երևի մի 10 կմ ձգվում էին: Դրա տակ էլ մի փոքրիկ դուռ կար, որի մեջ մեծ գաղտնիքներ կային, բայց պապս երբեք թույլ չէր տալիս այն բացել,պատճառաբանելով, որ հին իրեր է այդտեղ պահում: Թեպետ նա դա շատ համոզիչ էր ասում, սակայն կասկածի որդը անընդհատ կրծում էր սիրտս ու հոգիս:

Եվ մի անգամ, երբ պապս դուրս էր եկել հերթական որսի, ես հետաքրքրությունս չզսպելով վերցրի դրա բանալին ու կանգնեցի դռան առջև: Բանալին հնամաշ կողպեքի մեջ դնելիս ամբողջ մարմինս դողում էր և չէի կարողանում բացել: Հանկարծ լսվեց պապիս ձայնը.

– Ագապի՛, այդ ի՞նչ ես անում, չլինի՞ ուզում ես մի լավ ծեծվել, իսկ հետո բարձրանալ այս ծառն ու սոված մնալ:

Գիտեյի, որ նա նման բան չի անի, բայց նա ինձ բռնել էր մի շատ կարևոր”հանցագործության” վրա, և եթե նա ինձ այդ պահին կախաղան էլ հաներ, ես չէի զարմանա ու չէի նեղանա, քանի որ դա միայն ճիշտ կլիներ: Ու շարունակելով դողալ բանալին վերցրի ու մեջքով կանգնեցի դռան առջև, որ չհասկանա ու պատասխանեցի.

– Չէ՛, պապի ջան, ուղղակի ուզում էի աքլորների որպիսությունն իմանալ, նրանցից մեկն այսօր առավոտյան ձայն չհանեց և զարմացա:

– Պարզ է, լավ արի՛ աղջիկս, քեզ պետք է հանձնարարություն տամ:

Քիչ-քիչ ուժերս հավաքեցի և հետևեցի նրան:

– Ագապի տե՛ս, այսօր երկու նապաստակ եմ բերել, օրս շատ հաջող անցավ,- ածիծաղելով իրենից գոհ ասաց նա:

– Դե շատ լավ է, իսկ ի՞նչ հանձնարարություն պետք է տաս ”Մեծն պապս”:

– Հահահա, սիրում եմ, երբ ինձ այդպես ես դիմում,- նորից ծիծաղելով ասաց պապս ու ավելացրեց, որ գնամ իր ծանոթ գրագրի մոտ և կանչեմ նրան մեր տուն: Բայց ուժերս սպառվել էին, և հետո դեռ բանալին տեղը չէի դրել: Ասացի,  որ իր սենյակը պետք է մաքրեմ, դրանից հետո էլ կգնամ: Նա շատ ուրախացավ, այդ օրը չափազանց երջանիկ էր, կարծես մի լավ լուրի էր սպասում: Մտավ իր սենյակ, վերցրեց գրիչն ու թղթերը և դուրս գնաց, ոչինչ չկասկածելով:

Բանալին արագ կախեցի, մի փոքր պաքսիմատ կերա և վազեցի գրագրի ետևից: Նա հարուստ անգլիացի էր, ապրում էր ծովափնյա մի մեծ առանձնատան մեջ՝ իր կնոջ և երկու որդիների հետ: Երբ ինձ տեսավ, անմիջապես առաջ եկավ ու ասաց.

– Ի՞նչ է պատահել աղջիկս, ինչու՞ ես եկել:

– Պարո՛ն, պապիկս Ձեզ կանչում է, կարևոր բան ունի ասելու:

Նրա դեմքի արտահայտությունն անմիջապես փոխվեց և ինքն իրեն շշնջաց.”Չլինի՞, թե նրա համար է կանչում”…

– Ի՞նչ:

– Ոչինչ, սպասի՛ր, ես հիմա կգամ:

Մի փոքր սպասելուց հետո նա եկավ և մենք միասին գնացինք մեր տուն: Նա պապիս հետ փակվեց սենյակում և միայն մայրամուտին նոր դուռը բացվեց: Նա դուրս եկավ, ինձ հաջողություն մաղթեց, և դանդաղ ու գլխիկոր հեռացավ: Ես վազեցի պապիս մոտ , նա պառկել էր իր ձեռքով պատրաստած փայտե մահճակալին և ձեռքերը խաչել էր կրծքին:

– Պապիկ, ի՞նչ է եղել, խնդրում եմ ասա՛, ուզում եմ իմանալ:

– Էխ, Ագապի, ես արդեն 85 տարեկան եմ: Շատ եմ չարչարվել, և մի օր էլ պետք է միանամ երկրային հավերժության մեջ ապրողներին: Ուզում ե՞ս քեզ մի փոքրիկ պատմություն պատմեմ իմ կյանքից:

– Պապիկ ո՞նց չեմ ուզում, պատմիր,- փայտի աթոռի մեջ տեղավորվելով ասացի ես:

Պապս գլուխը կախեց, ապա նայեց ինձ ու սկսեց.

«1914թվականն էր, տատիդ ու հորդ հետ ապրում էինք Վանում՝Վանա ծովի մոտ մի հրաշք  պալատում: Ես վաճառական էի և անընդհատ թուրքերի հետ էի շփվում, իսկ տատդ՝ ուսուցչուհի էր մի հայկական ծպտված դպրոցում: Հայրդ այդ ժամանակ մի 10 տարեկան կլիներ:

Մի անգամ ծանոթ թուրքերիցս մեկն ասաց, որ ուզում են հայերի դեմ մի բան ձեռնարկել, քանի որ արդեն չեն ուզում մեզ հանդուրժել: Ես էլ բարկացա, մի մեծ ծառի տակ թաքցրած ոսկի մետաղադրամներ ունեի քո քաշին, վերցրի դրանք, մի կտորի մեջ հերթով շարելով կարեցի, վրան էլ մի ուրիշ կտոր գցեցի և տան դռան առջև դրեցի, որպես կոշիկներ մաքրելու հարմարանք: Դրանից մի քանի օր  հետո, երբ ես մեկնել էի Թիֆլիս՝ առևտրի, մի քանի թուրք մտել էին տունս ու ոսկիներիս ման եկել, հետո ոչինչ չգտնելով ոտքով հրել էին դռան առջև գցված”ոսկեփալասն” ու դուրս եկել: Երբ հասա Վան, անմիջապես վաճառեցի իմ առևտուրն ու եկա տուն: Տատդ շատ էր վախեցել: Փառք Աստծո, որ հայրդ այդտեղ չէր եղել: Հաջորդ օրը վերցրինք մեր ճամպրուկները և առաջին պատահած նավով փախանք Անգլիա: Այստեղ հայրդ 37տարեկան հասակում ամուսնացավ մորդ՝ Ջեյնի հետ, և 8 տարի հետո դու ծնվեցիր: Բայց նրանք շատ մեծ էին արդեն, հայրդ այնքան էր կարոտում մեր երկիրը, որ երբ դու դարձար 2 տարեկան, նա վերցրեց մորդ և գնաց Հայաստան, իսկ Արևմտյան Հայաստանի ճանապարհին նրան սպանեցին, մորդ հետ ուղղարկեցին Հայաստան, 5 տարի այնտեղ առանց քեզ ու հորդ մնալով նա ինքնասպան եղավ, և դու մնացիր մեր խնամքի տակ»:

– Պապիկ…իսկ ինչու՞ շուտ չէիր ասում, որ այդպես է եղել:

– Չեմ ասել, որովհետև այդքանը ես էլ չգիտեի: Քիչ առաջ հեռացող գրագիրը երեկ վերադարձավ Հայաստանից, ես էլ ուզում էի նրան հանձնեի իմ”Արևմտյան Հայաստանն ու ես” գիրքը, որպեսզի նա տպագրեր, բայց նա այս ամենն ինձ պատմեց:

– Պապիկ, իսկ ի՞նչ է պահվում այն փոքրիկ դռան ետևում, որն այդքան անհասանելի է ինձ:

– Աղջիկս, դա անքակտելի կապով է կապված ինձ հետ: Այդտեղ… այդտեղ հորդ աճյունն է, ու իմ ոսկիները, որոնք ես դռան շորի տեղ էի ծառայեցրել:

– Հորս աճյու՞նը: Ինչպե՞ս: Բայց դու ասացիր, որ նոր ես իմացել…

– Այո՛, Ագապի, այո՛, նոր եմ իմացել եղելությունը, բայց հորդ աճյունը շատ վաղուց է ինձ մոտ: Երբ հայրդ ու մայրդ երկար ժամանակ չէին գալիս, ես այդ գրագրին ուղղարկեցի Հայաստան, ով նույնպես հայ է, նա ինձ բերեց հորդ աճյունը, բայց նրա մասին ոչինչ չասաց, իսկ 8 տարի հետո նորից ես նրան ուղղարկեցի, և նա երկու ամիս այնտեղ պարզաբանումներ անելուց հետո եկավ այդ գույժով:

– Լա՛վ պապիկ, հասկացա ամեն բան, եկ գնանք հորս աճյունը հողին հանձնենք, իսկ քո ոսկիներով մի մեծ տուն կկառուցենք մեր ծովի ափին, ու այնտեղ կապրենք երջանիկ, չէ՞:

– Այո՛ սիրելիս, այո՛:

Եվ մենք սրբելով արցունքները դուրս եկանք տնից: Արդեն լուսինն էր փայլում երկնակամարում, ծովը կարծես երկնքի հայելին լիներ, լուսինը նրա մեջ ամփոփվել էր այնպես, ինչպես կար իրականում: Բյուրավոր աստղերի լույսը ողողում էր մեր փոքրիկ հողամասը, որը մեզ համար մի փոքրիկ աշխարհ էր: Պապիս էլ պատմեցի իմ այդ օրվա չարաճճիության մասին, իսկ նա ժպտաց, վերցրեց բանալին և սափորի մեջ պահված մոխիրը զգուշությամբ հանեց դուրս:Մենք մի մեծ փոս քանդեցինք հողի մեջ, այդ սափորը հանձնեցինք հողին, վրան էլ հալված մոմ լցրինք՝ պահպանվելու համար և փակեցինք հողով: Վրան մի մեծ ՝քրիտոնյաին վայել, փայտե փորագրված խաչ կանգնեցրինք, որը պապիկը շուտ էր պատրաստել:

Հաջորդ առավոտյան ես նորից գնացի գրագրին կանչելու: Նա, պապս ու ես նստեցինք կողք կողքի ու մտածեցինք ապագայի մասին:Ես ասացի, որ ուզում եմ հայրենիքս տեսնել, այդ պարոնն ասաց, որ պապիս պատմվածքները տպագրենք, իսկ պապս ասաց, որ ուզում է կտակ գրել և ամբողջ կարողությունը հանձնել ինձ: Մենք այդպես էլ արեցինք:

Երբ ես արդեն 19 տարեկան էի, այսինքն կտակ կազմելուց 5 տարի հետո Եփրեմ պապս կնքեց իր մահկանացուն, և գնաց միանալու այն հարազատներին, որոնք դեգերում են երկնային հավերժության մեջ: Այդ ամբողջ հինգ տարվա ընթացքում ես սովորեցի և՛ հայերեն, և՛ անգլերեն: Դրանից հետո էլ վերցրի պապիս գրքերը ու եկա Հայաստան, այստեղ դրանք տպագրեցի, և վաճառքից ստացված ամբողջ հասույթը բաժանեցի բոլոր գաղթական ընտանիքներին, ովքեր հանրակացարաններում էին բնակվում: Եվ մինչև պապիս, տատիս, հորս ու մորս հավերժության մեջ միանալը ես ապրեցի իմ հայրենիքում: Միայն մի կարևոր ցանկություն չիրականացրի, այդքան հարուստ լինելով՝ ես չկարողացա այդպես էլ ոտք դնել Արևմտյան Հայաստան…

Պատմվածքի հիմքում իրական պատմություն է:

Արփի Թամրազյան, 14 տարեկան, Տավուշի մարզ, Հաղարծին

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: